2020-08-02

Հերման Հեսսե «Փիկտորի կերպարանափոխությունը»

Հազիվ էր Փիկտորը դրախտ մտել, հայտնվեց մի ծառի առաջ, որը միաժամանակ և՛ կին էր, և՛ տղամարդ: Նա ակնածանքով բարևեց ծառին ու հարցրեց.

 -Դու կյանքի ծա՞ռն ես:

 Ծառի փոխարեն սակայն պատրաստվում էր պատասխան տալ օձը, այդ պահին Փիկտորը շրջվեց ու առաջ շարժվեց: Նա աչքերը լայն բացեց, նրան ամեն ինչ այնքան շատ էր դուր գալիս: Պարզ զգում էր, որ սա կյանքի հայրենիքն ու ակունքն է:

 Եվ նա նորից մի ծառ տեսավ, որ միաժամանակ և՛ արև էր, և՛ լուսին:

 Կրկին հարցրեց.

 — Դու կյանքի ծա՞ռն ես:

 Արևը գլխով արեց ու ժպտաց, լուսինը ևս գլխով արեց ու ժպտաց:

 Աննման ծաղիկները նայում էին նրան զանազան գույներով ու լույսերով, զանազան աչքերով ու դեմքերով: Մի քանիսը գլխով էին անում ու ծիծաղում, ուրիշներն էլ գլխով էին անում ու ժպտում, որոշները սակայն գլխով չէին անում ու չէին էլ ժպտում. նրանք, ուրախությունից արբեցած, լռում էին. ընկղմված էին իրենց մեջ, տարված էին սեփական անուշահոտությամբ: Նրանցից մեկը մի կապույտ երգ էր երգում, մեկ ուրիշը՝ մուգ կապույտ օրորոցային: Ծաղիկներից մեկը երկնագույն խոշոր աչքեր ուներ, մեկ ուրիշն էլ նրան հիշեցրեց իր առաջին սիրո մասին: Մեկը իր մանկության այգու հոտն էր բուրում, նրա քաղցր բուրմունքը մոր ձայնի նման էր հնչում: Մի ուրիշն էլ շարունակ ժպտում էր նրան՝ մեկնելով իր կարմիր թեք լեզուն: Նա լիզեց այն, այն թունդ ու վայրի համ ուներ՝ խեժի ու մեղրի, նաև՝ կնոջ համբույրի:

 Փիկտորը կանգնել էր ծաղիկների արանքում՝ կարոտագին ու անհամարձակ ուրախությամբ: Նրա սիրտը զանգի նման ծանր ու արագ էր բաբախում. նա բուռն ցանկությամբ այրվում էր անորոշության ու կախարդական երկմտանքի մեջ:

 Փիկտորը մի գույնզգույն թռչուն տեսավ, որ նստել էր խոտերի մեջ, ու թվում էր՝ թռչունը տերն է բոլոր գեղեցիկ գույների: Գույնզգույն չքնաղ թռչնակին նա հարցրեց.

 -Օ՜, թռչո՛ւն, ասա՛ ինձ՝ որտե՞ղ է երջանկությունը:

 -Երջանկությո՜ւնը,-արտաբերեց թռչունը իր ոսկեգույն կտուցով,-երջանկությունը, ընկե՛ր, ամենուր է՝ լեռներում ու սիզամարգերում, ծաղիկների ու բյուրեղների մեջ:

Վիկտորյա Տոկարևա «Չեղածի մասին»


Ահա մի օր, հայրը որդուն՝ Դիմային տարավ կենսաբանական այգի և վագր ցույց տվեց։ Վագրի աչքերը կանաչ էին, ուղղաձիգ բիբերով , կլորիկ կաշվե քթի շուրջը ցրված էին սև շրջանակներ, իսկ ականջները՝ երկու հավասարասրուն եռանկյունիների նման ցցվել էին գլխին։

-Հայրի՛կ , - ասաց Դիման , երբ հեռանում էին վանդակի մոտից, - ես վագր եմ ուզում։

Հայրը իր մտքերի մեջ սուզված քայլում էր։

-Հը՞, հայ-րիկ․․․ - վախվորած կմկմաց Դիման։

-Ի՞նչ , ի՛նչ , - բարկացած հարցրեց հայրը։

Եթե Դիման մեծ լիներ, նա կհասկանար , որ նման պահերին ինչ-որ բանի մասին խոսելը ճիշտ չէր։ Բայց Դիման ընդամենը վեց տարեկան էր , այդ պատճառով էլ ասաց․

-Ես ուզում եմ, որ վագրը ինձ հետ տանը ապրի։

-Տանը շներ ու կատուներ են ապրում, - պատասխանեց հայրը։ -Իսկ վագրերը տանը չեն ապրում։

Անցավ քսան տարի։ Դիման շտապօգնության բժիշկ էր ։Մարդիկ նրան կանչում էին, երբ իրենց վատ էին զգում և շատ էին ուրախանում Դիմայի այցելությունից։ Բայց, հենց իրենց լավ էին զգում և Դիման էլ գնում էր, նրանք լրիվ մոռանում էին նրա մասին։Այդպիսին է մարդկային էությունը։ Դիմայի աշխատանքը ստեղծագործական չէր, այլ միօրինակ, միապաղաղ։ Երբ մարդու ինչ-որ տեղը ցավում է, նա բժշկի հետ խոսում է միայն դրա մասին և շփումն անհետաքրքիր է դառնում։

Հերթական մի օր , Դիմային կանչել էր մի կին, որի ներքին օրգաններն էին ցավել։

-Կոնկրետ ո՞ր մասը,- ճշգրտում էր Դիման։

-Կոնկրետ ներսը,- կոնկրետացնում է հիվանդը։

Երբ Դիման  «ներսում» ոչինչ չգտավ, կինը վիրավորվեց և կարճ ու կոնկրետ արտահայտեց իր կարծիքը բժշկության մասին` առհասարակ և Դիմայի մասին՝ մասնավորապես։  Դիման, իհարկե, կարող էր ըստարժանավույն պատասխանել կնոջը, բայց այցելուների հետ վիճաբանելը արգելված էր։ Նա դասավորեց իր սև կաշվե ճամպրուկը և դուրս եկավ հիվանդի տնից։

Բորիս Ակունին «2000-ի խնդիրը»

1.

-Լու′ցկի, անմիջապես բացե՛ք: Ինչպիսի՜ երեխայություն,- միջանցքից թավ ձայնով բղավում էր Սոլոդովնիկովը՝ «Բարի սամարացի» վարկային ընկերության նախագահը:- Մենք կկոտրենք դուռը:

Կոտրե՛ք, ձերդ պատվարժանություն, քմծիծաղեց Կոնստանտին Լվովիչը՝ կանգնած բարձր հնամյա հայելու առաջ: Դուռը կաղնուց է, հեշտ չի հանձնվի: Իսկ կեսգիշերին ընդամենը երեք րոպե է մնացել: Եղած-չեղած երեք րոպե, և դարն ավարտված է: Դրա հետ միասին նաև թոշակի անցած շտաբ-ռոտմիստր Լուցկիի վերջը կգա՝ կործանված կրքերի ու մամոնայի[1] ձեռքից: Անիծվի այն օրն ու ժամը, երբ ինքը՝ մոսկովյան լրագրողների սիրելին՝ Աբիսսինյան ընկերության հերոսը, համաձայնեց դառնալ այդ ստոր չարչիական կրպակի ղեկավարը: Գայթակղվեց աշխատավարձով, եռահարկ առանձնատնով, հարմար ելքով: Լավ կլիներ մնար վաշտում, մեկ էլ տեսար՝ հիմա արդեն էսկադրոնի հրամանատար կլիներ...

2020-07-30

Վիկտորյա Տոկարևա «Երջանիկ ավարտ»


Սկզբից սառեցին ձեռքերս և ոտքերս, ոնց որ, թաց  գուլպաներ և ձեռնոցներ հագցնեին: Գնալով սառնությունը վեր բարձրացավ ու հասավ սրտիս: Սիրտս կանգ առավ, և ես, կարծես, միանգամից ընկա շատ խոր ջրհորի հատակը: Իհարկե, ես երբեք չեմ հայտնվել ջրհորի հատակին, բայց դե, մեռած էլ նախկինում երբեք չեմ եղել:

Դեմքս դիմակի նման ձգվել էր ու էլ ոչինչ չէի կարող փոխել: Ցավ չէի զգում և ոչնչի համար չէի ափսոսում: Ես իմ անկողնում պառկած էի ու անգամ չէի մտածում, թե ինչ տեսք ունեի:

Ժամը ութին միջանցքից քայլեր լսվեցին:Մանկական սենյակից տղաս՝ Յուրանյան էր դուրս եկել: «Բոբիկ է»,- մտածեցի ես:Նա միշտ բոբիկ էր քայլում, ասես, անտառում մեծացած կիսավայրի տղա լիներ,   իսկ ես նրան միշտ ասում էի՝ կոշիկ հագի՛ր:

Յուրանյան այս ու այն կողմ արեց միջանցքում և կանգ առավ հոր սենյակի դիմաց: Ամուսինս հազաց ու հակառակ կողմ թեքվեց:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...