2011 թվականից թռչունների մասսայական մահվան մի քանի դեպքեր են գրանցվել.
*Արկանզասում (ԱՄՆ)՝ Բիբ քաղաքում, հունվարի 1-ին 3000 կեռնեխներ սատկեցին ամանորի գիշերը։ Ավելի ուշ թռչնաբանները ճշտում մտցրին, որ կարմրուս կեռնեխներ են սատկել։ *Շվեյցարիայի արևմուտքում՝ Ֆալչյոպինգ քաղաքում, հունվարի 6-ին մի քանի տասնյակ ճայակներ սատկեցին։
*Իտալիայի հյուսիսում՝ Ֆաենցա քաղաքում, հունվարի 7-ին սատկեցին ավելի քան 400 տատրակներ։
*Կանադայում՝ Կվեբեկ նահանգում՝ Սենտ Օգյուստ Դը Դեմոր քաղաքի արվարձաններում հունվարի 8-ին, ինչպես հայտարարվել է, սատկած աղավնիների թիվը հասել է 80-ի։ Նույն ժամանակահատվածում լուրեր կային նաև Թայվանի Թայչժունի քաղաքում թռչունների մասսայական մահվան մասին։
*Մի քանի տասնյակ ճնճղուկների մահ է գրանցվել Թուրքիայի Բուրսա քաղաքում. թռչնաբանները սկսել են հետաքննությունը։
*Հունվարի 11-ին միաժամանակ 1000 թռչուն է սատկել Ավստրալիայի արևմուտքում գտնվող Էսպերանս քաղաքում և ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։
*Թռչունների մասսայական մահ Ռումինիայի արևելքում. Բուխարեստից 260 կմ հեռու տասնյակ սարյակներ են գտնվել սատկած։
*Թռչունների մասսայական մահ Սևաստոպոլի մերձակայքում. 2011 թվականի փետրվարի 29-ին Սևաստոպոլի մոտ՝ Կամշովսկի մայրուղու վրա, հայտնաբերվել են տասնյակ սատկած սև կեռնեխներ։ Փետրավորների մասսայական մահը Երկիր մոլորակի տարբեր շրջաններում տեղի է ունենում ցայսօր։ Մարդիկ այնքան տարօրինակ են։ Նրանք հակված են նկատելու միայն այն, ինչ տեղավորվում է իրենց գիտակցության մեջ, այն դեպքում, երբ աշխարհն իրականում շատ ավելի ընդարձակ ու հանելուկային է։
Ես ձեզ պատմություն կպատմեմ։ Իմ պատմությունը։ Իրականում մարդկանց աշխարհից բացի ուրիշ բազում աշխարհներ էլ կան։ Մի մասը մեռնում է, մյուսները վերածնվում են. այդ գործընթացն անդառնալի է։ Աշխարհները Տիեզերքի աստղերի պես են. ամեն մեկին իր ժամանակն է հատկացված։ Իմ աշխարհը մարդկանց աշխարհից վեր է գտնվում, երկնքում, ինչպես դուք՝մարդիկդ, կասեիք։ Այն կոչվում է Աէզար։ Ցավոք, իմ աշխարհը իր հասանելիքն արդեն ապրել է, և, մինչ ես կավարտվեմ այս պատմությունը գրելը, անգոյութան կմատնվի։
Մենք նման չենք մարդկանց. թևեր ունենք, մեր ոսկորները անսովոր թեթև են, մեր մաշկը զարդարում են վառ փետուրները։ Նաև՝ մենք կտուց ունենք։ Մարդկանց համար դա անճոռնիություն է, այդ պատճառով էլ մենք ձեզ երբեք չենք երևում մեր իրական կերպարանքով։ Այո՛, մենք կարողանում ենք փոխել այն։ Մենք բոլորս քաջ մարտիկներ ենք, և մեզ անծանոթ է մարդկային մտերմությունը։ Մեզ առանձին տուն հարկավոր չէ, քանի որ ամբողջ երկինքն է մեզ պատկանում, մեզ պետք չեն փող ու ճոխ իրեր։ Մեր գլխավոր խնդիրը մեր և մարդկանց աշխարհները թշնամի աշխարհներից պաշտպանելն է։ Երբեմն մարդիկ նկատում էին մեզ ճակատամարտի թունդ պահին, և այդպես ծնունդ էին առնում հրեշտակների մասին ձեր բոլոր լեգենդները։
Մենք էլի կշարունակեինք կատարել մեր գործը, բայց մեր աշխարհի ժամանակը հասել է իր ավարտին. նրան դժբախտություն է պատահել։ Եկավ Ժանտախտը։ Գուցե ես միակն եմ ողջերից։ Եվ հիմա գրում եմ այս տողերը ի հիշատակ իմ ժողովրդի։
Սկզբից հիվանդությունը հարձակվեց մեր երիտասարդության վրա։ Դա առանձնահատուկ անհանգստություն չառաջացրեց, քանի որ երիտասարդ աէզարցիները, դեռևս չկոփված կռիվներում, հաճախ են մեռնում։ Ամենաքիչը ձագերի մեկ քառորդը, լինում է նաև՝մեկ երրորդը, չի վերադառնում առաջին կռվից։ Տխուր է, բայց այդպիսին է մեր կյանքը։
Բացի այդ հիվանդության նշանները երկար ժամանակ թաքնված էին մեր տեսողությունից։ Միայն վերջին փուլը՝ խելագարության ակնթարթը, ինչպես անվանեցին այն մեր բուժակները, նկատելի դարձավ մեզ։ Հիվանդի աչքերը կուլ էին գնում, բերանից փրփուր էր հոսում։ Այդ վիճակում նա կարողացածի չափ բարձրանում էր, իսկ հետո, փակելով թևերը՝ ընկնում էր ներքև՝մահացու ջախջախվելով գետնին։ Մինչև այդ հիվանդության դեմ ինչ-որ ակտիվ քայլերի ձեռնարկումը մենք կորցրինք մեր ձագերի մոտավորապես կեսին։ Հետո հիվանդությունն անցավ ավագ սերնդին։ Մեր բուժակները, ինչպես կարող էին, փորձում էին կանխել հիվանդության տարածումը։ Բայց բոլոր փորձերն ապարդյուն էին։ Շուտով նրանք էլ խելագարված աչքերով սրընթաց վեր բարձրացան ու փակեցին թևերը։
Սուգը բուն դրեց մեր սրտերում։ Մի օր էլ չէր անցնում, որ մենք չողբայինք մեռածներին։ Բայց հանկարծ ժանտախտը նահանջեց։ Մնացյալից էլ ոչ մեկը չհիվանդացավ։ Մենք թեթևությամբ շունչ քաշեցինք, բայց ինչպես պարզվեց, դա ընդամենը խաղաղություն էր փոթորիկից առաջ...
Դա տեղի ունեցավ ընդամենը երեք օր առաջ։ Երեք օր առաջ դեռ կողքիս էին լիահույս ընկերներս։ Բայց Ժանտախտը տարավ նրանց բոլորին։ Ես լավ եմ հիշում՝ինչպես մեռավ իմ եղբայրը։ Այդ օրը երկուսով էինք պահակախմբում։ Մեկ էլ հանկարծ նա սկսեց շնչահեղձ լինել։ Ես նրան անձրևաջուր բերեցի, բայց ամենը, ինչ խմում էր, հետ էր տալիս։ Հետո վառ բոսորագույն փրփուր դուրս եկավ բերանից։ Աչքերը կուլ գնացին, նա կորցրեց տարածության մեջ կողմնորոշումը և գլուխը մի կողմից մյուսն սկսեց շարժել, ինչպես կույր ձագը։ Հետո նա վեր կացավ և օրորվելով՝ սկսեց արագություն հավաքել, որպեսզի վեր թռչի։ Ես փորձեցի բռնել նրան, թույլ չտալ՝ երկինք բարձրանա, կախվեցի նրա պարանոցից։ Բայց նրան կասեցնելու իմ բոլոր փորձերը անօգուտ էին։ Սարսափելի ուժով մի կողմ նետելով ինձ՝ եղբայրս բարձրություն հավաքեց՝ տարօրինակ կերպով թափահարելով թևերը։ Ես փորձեցի թռչել նրա հետևից, բայց չէի կարողանում հասնել նրան։ Երկնքում ես մեր ուրիշ ընկերներից էլ տեսա։ Նրանք բոլորն էլ արդեն ինձ համար անհասանելի բարձրության վրա էին։ Եվ հանկարծ, ասես հրամանով, նրանցից յուրաքանչյուրը փակեց թևերն ու քարի պես վար ընկավ։
Ես փորձեցի նրանցից գոնե մեկին բռնել։ Բայց նրանց մարմինները, ընկնելով նման բարձրությունից, շատ էին ծանրացել։ Ես կոտրեցի մի թևս ու իջա երկրի վրա։ Այդ օրը երկինքն ինքը ցնցվեց իմ լացից։ Եվ հիմա ես գրում եմ այս տողերը, իսկ բերանիս մեջ շատ չոր է։ Եվ թվում է, որ անգամ օդն ինձ չի հերիքում։ Հավանաբար՝ ժանտախտն է։ Եկել է իմ հետևից։ Հաջողություն, ի՛մ աշխարհ։ Հաջողությո՜ւն, ի՛մ ժողովուրդ։
* * *
-Պա՛պ, պա՛պ, նայի՜ր, երկնքից թռչուն ընկավ։
-Ձե՛ռք մի տուր նրան, չե՞ս տեսնում՝ հիվանդ է։
-Բայց նրա ճանկի մեջ ինչ-որ թղթի կտոր կա, կարո՞ղ եմ նայել։
-Ես քեզ ի՞նչ ասացի։ Հանգիստ թող նրան, ավելի լավ է՝ գնանք քեզ համար պաղպաղակ գնենք։
Комментариев нет:
Отправить комментарий