2020-06-29

Ռեյ Բրեդբըրի «Հին օրերի հացը»

Թարգմանեց Հռիփսիմե Սարգսյանը
Պատմվածքը «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուից է։
Պատմություն անցած տարիների, չմոռացված հիշողությունների և մանրուքների մասին, որ ամեն անգամ կերպարանք են առնում։



Ուշ երեկոյան թատրոնից վերադառնալիս պարոն և տիկին Ուելսները մտան մի ոչ մեծ խանութ, որն ընտրել էին տաք թխվածքաբլիթներ ունեցող մի խաղաղ սրճարանի համար: Նրանք նստեցին մի մեկուսի սեղանի շուրջը և տիկին Ուելսը պատվիրեց.

- Բուտերբրոդ գերմակահացով՝ կարմրած կեղևով:

Պարոն Ուելսը նայեց դեպի վաճառասեղանը. այնտեղ մի սև բոքոն էր դրված:

-Այ քեզ բան,- շշնջաց նա,- հին օրերի հացը... Դրյուս լիճ...


Գիշերային սեանս, ուշ ժամ, անմարդ սրճարան. իրերի բնականոն ընթացակարգն այդպիսին էր: Ցանկացած մանրուքից նա սուզվում էր հիշողության ալիքների մեջ: Աշնանային տերևների բույրը կամ գիշերային քամու պոռթկումը կարող էին վրդովել նրա հոգին և հուշերի տեղատարափ առաջ բերել: Հիմա՝ այս ուշ ժամին՝ ֆիլմից հետո, դատարկ խանութում նա տեսավ տարեկանից թխված այդ բոքոնը և, ինչպես արդեն հազար անգամ մինչ այդ, հիմա էլ մտքերով անցյալ տեղափոխվեց:
-Դրյուս լիճը,- կրկնեց նա:
-Ի՞նչ,- բարձրացնելով հայացքը՝ նրան նայեց կինը:
-Կիսամոռացված մի պատմություն է,- արտաբերեց պարոն Ուելսը:-1910 թվականին, երբ 20 տարեկան էի, ես այ հենց այսպիսի մի գերմակահաց էի մեխել իմ դարակի կողքից՝ ուղիղ հայելու վերևում:
Այդ բոքոնի կոշտ ու փայլուն կեղևին փորագրված էին Դրյուս լիճ եկած բոլոր տղաների անունները՝ Թոմ, Նիք, Բիլլ, Ալեք, Փոլ, Ջեկ:  Էդ անգամ պիկնիկը աստվածային էր: Նրանք անգամ հասցրին արևային լոգանք ընդունել, մինչ հարայ-հրոցով սլանում էին փոշոտ ճանապարհներով: Իսկ ճանապարհներն այդ ժամանակ իրոք որ փոշոտ էին. մեքենայի հետևից գորշ փոշու ամպեր էին բարձրանում: Եվ լճին հասնելը կրկնակի հաճելի էր, քան տարիներ անց, երբ հնարավորություն ընձեռվեց մեքենայից անթերի մաքուր և չգզգզված դուրս գալ:
-Այդ վերջին անգամն էր, որ հավաքվեցինք մեր խմբով,- ասաց պարոն Ուելսը:
Հետո մարդիկ բաժանվում են. քոլեջ, աշխատանք, ամուսնություն: Շուտով պարզվում է, որ ընկերներիդ շրջանակն էլ հիմա լրիվ այլ է: Բայց հնի թեթևությունն ու անհոգությունն այլևս երբեք չի լինի:
-Ահա թե ինչ մտածեցի,- ասաց պարոն Ուելսը:- Ինձ թվում է, մենք դեռ այն ժամանակ էինք հասկացել, որ դա, ամենայն հավանականությամբ, մեր վերջին խմբակային զբոսանքն է լինելու: Այդպիսի կարոտ առաջին անգամ զգում ես դպրոցի ավարտից հետո: Իհարկե շուտով համոզվում ես՝ ըներներդ ոչ մի տեղ էլ չեն կորել և կարելի է հանգիստ ապրել: Իսկ արդեն համարյա մի տարուց սկսում ես հասկանալ, որ աշխարհդ փոխվում է: Ու ցանկություն է առաջանում վերջին անգամ մի տարօրինակություն անելու, քանի դեռ ուշ չէ: Ընկերները դեռ չեն ցրվել, արձակուրդներին տուն են եկել, բոլորը չամուսնացած... Աստված ինքն է թելադրել քամու ուղեկցությամբ զբոսանքի ելնել և սուզվել սառը լճի մեջ:
Պարոն Ուելսը հիշում էր այն յուրահատուկ ամառային առավոտը, երբ նա վերցրեց հոր «ֆորդը». ինքն ու Թոմը մեքենայի տակ պառկած և ձեռքերը վերև պարզած մեկ այս էին սարքում, մեկ այն և զրուցում էին տեխնիկայի, կանանց և ապագայի պլանների մասին: Հետո շոգն ընկավ: Թոմը չդիմացավ ու առաջարկեց.
-Կարելի է լիճը պոկվել:
Միայն այդքանը:
Չնայած քառասուն տարի է անցել, մեկ է, բոլոր մանրամասներն են հիշվում. թե ինչպես գնացինք ընկերների հետևից, ինչպես գոռում-գոչյուններով սլանում էինք ծառերի կանաչ կատարների տակով:
-Ահա,- ծիծաղում էր Ալեքը՝ հարվածելով յուրաքանչյուրին ցորենի հացի բոքոնով:- Սա պահուստի համար է, եթե սենդվիչները չբավականացնեն:
Սենդվիչները դրված էին զամբյուղում. դրանք Նիքն էր պատրաստել՝ չափսոսալով սխտորը. հետո երբ սկսվեցին սիրաբանություններն աղջիկների հետ սխտորի հանդեպ սերը քիչ-քիչ մարեց:
Երեք-երեք խցկվելով առջևի և հետևի նստատեղերին և մեկմեկու ուսերին դնելով ձեռքերը՝ նրանք սուրացին շիկացած, փոշոտ գյուղական ճանապարհով: Երկաթե թասի մեջ շխկշխկում էին սառույցի կտորները՝ վերցված գարեջուրը սառեցնելու նպատակով, որը ենթադրվում էր, որ պետք է գնվի ճանապրհին:
Ինչո՞վ էր նշանավոր այդ օրը, որ քառասուն տարի հետո էլ այդքան կենդանի, վառ ու պարզ էր հիշվում: Հնարավոր է ընկերներից յուրաքանչյուրն էլ իրեն այդ հարցը տալիս էր: Պիկնիկից մի քանի օր առաջ նա գտավ հոր՝ քառորդ դար առաջ արված լուսանկարը՝ համալսարանական ընկերների շրջապատում: Այդ նկարը նրան ինչ-որ բանով հետաքրքրեց, սրեց ժամանակի արագահոսության նրա զգացողությունը մինչև վերջ, հիշեցրեց, թե որքան արագ են հետևում մնում երիտասարդության տարիները: Իսկ թե ինքն էլ այնժամ իր սեփական լուսանկարն աներ, իր երեխաները քառորորդ դար հետո չէին հավատա իրենց աչքերին. տես է՜, այսքան երիտասարդ, անճանաչելի, անվերադարձ ժամանակներից մի անծանոթ:
Գուցե նրանք հենց այդ պատճառով էլ գնացին այդ հրաժեշտի պիկնիկին. յուրաքանչյուրը կասկածում էր, որ որոշակի ժամանակ անց նրանք, իրար տեսնելիս, կանցնեն դիմացի փողոցը, իսկ թե ճակատ ճակատի հանդիպեն, կասեն՝ «Կարելի է մի անգամ հավաքվել» ՝ընդհանրապես դա նկատի չունենալով: Իսկ գուցե պատճառը այլ էր. պարոն Ուելսը նոր միայն հիշեց, թե ինչպիսի ալեծփյուն էր, երբ նրանք դեղին արևի տակ սուզվում էին նավակայանատեղից: Իսկ հետո ծառերի հովում նրանք գարեջուր խմեցին բուտերբրոդներով:
 ֊Գերմակահացին այդպես էլ չդիպանք,- հիշեց պարոն Ուելսը:- Հետաքրքիր է. մի քիչ ավելի քաղցած լինեինք, մեծ կտորներով կկտրեինք այն, և վաճառասեղանին դրված այս բոքոնը ոչ մի մտորումներ էլ չէր արթնացնի:
Մեկնվելով ծառերի տակ ինչ-որ ոսկե խոնջությամբ՝ծնված գարեջրից, արևից և տղամարդկային համերաշխությունից, նրանք ուխտ կապեցին՝ հանդիպել տասը տարի անց՝ նոր, 1920 թվականի առաջին օրը  դատարանի մոտ, որպեզի տեսնեն, թե ինչպես է դասավորվել յուրաքանչյուրի կյանքը: Առանց չարության ծաղրելով մեկմեկու՝ նրանք բոքոնի վրա փորագրեցին իրենց անունները:
-Իսկ հետադարձին,- ասաց պարոն Ուելսը բարձրաձայն,- մենք երգում էինք «Մունլայթ-Բեյ»-ը:
Նա հիշեց՝ ինչպես էին նրանք սուրում տապ ու չոր մթան միջով և նրանց լողազգեստներից ջուրը կաթում էր մեքենայի երերուն տախտակե հատակին: Ծուռումուռ ճանապարհներով էինք վարում՝ ուղղակի տխմարությունից ելնելով, ու դա ամենածանրակշիռ պատճառն էր այն ժամանակ:
-Բարի գիշեր:
-Հաջողություն:
-Դե, ցը՛:
Ուելսը տուն հասավ կեսգիշերն անց և տեղնուտեղը փռվեց մահճակալին:
Իսկ առավոտյան նա կոմոդին խփած մեխին ամրացրեց այն նույն գերմակահացի բոքոնը:
-Քիչ մնաց՝ լացեի, երբ երկու տարի անց քոլեջից տուն եկա, և իմացա, որ մայրս շպրտել է այն աղբարկղը:
-Իսկ 1920 թվականին ի՞նչ եղավ,- հիշեցրեց կինը:- Նոր տարուն:
-Ոչ մի առանձնակի բան,- պատասխանեց պարոն Ուելսը:- Կեսօրին ես պատահմամբ հայտնվեցի դատարանի շենքի մոտակայքում: Ձյուն էր տեղում: Հնչեց ժամացույցի ձայնը: Աստված իմ, մտածեցի ես, մենք չէ որ պայմանավորվել էինք հանդիպել հենց այսօր ու հենց այստեղ: Սպասեցի հինգ րոպե: Չէ, ոչ անմիջապես դատարանի շենքի առաջ, չէ՛: Դիմացի մայթն անցա:-Նա լռեց:- Ոչ ոք չհայտնվեց:
Նա վեր կացավ սեղանի կողքից և փակեց հաշիվը:
-Մեկ էլ, խնդրում եմ, այ այն չկտրած հացը՝խոշոր աղացած ալյուրից,- հավելեց նա:
Կնոջ հետ տուն գնալիս նա խոսեց.
-Խելահեղ միտք է ծագել գլխումս: Ես հաճախ եմ մտածում, թե ինչ եղան մեր տղաները:
-Նիքը դեռ քաղաքում է, իր սրճարանն է բացել:
-Իսկ մյուսնե՞րը:- Շիկնելով պարոն Ուելսը թեթևակի ժպտաց և սկսեց թափահարել ձեռքերը:- Ամեն մեկը մի տեղ տեղափոխվեց: Թոմը, ոնց որ թե, Ցինցինատի:- Նա խեթ-խեթ նայեց կնոջը,- ես այս հացը նրան կուղարեմ, ուղղակի  երեխայությունից դրդված։
- Բայց չէ որ...
-Որոշված է,- ծիծաղեց նա և արգացրեց քայլերը՝ ափով խփելով բոքոնին,- թող կեղևի վրա փորագրի իր անունը և ուղարկի մերոնց, ում հասցեն գիտի: Իսկ վերջում ինձ՝ ստորագրություններով:
-Լսիր,- ասաց կինը՝ բռնելով նրա ձեռքը,- ինչո՞ւ ես քեզ տխրեցնում: Դու արդեն նման բաներ մի քանի անգամ արել ես, բայց թե...
Նա չէր լսում. «Ինչո՞ւ նման մտքերը օրվա ընթացքում չեն գալիս,- մտածում էր նա,- ինչո՞ւ են նրանք թափանցում մեր մտքերը միայն արևամուտից հետո: Առավոտյան առաջին հերթին, աստված վկա, մտածում էր նա, կուղարկեմ այս հացը Թոմին, իսկ նա իր հերթին կուղարկի մյուսներին: Եվ ճիշտ այնպիսի մի բոքոն, որը նետել էին և այրել, կվերադառնա ինձ մոտ: Ի՞նչ  վատ է որ»:
-Կտեսնենք,- ասաց նա, երբ կինը բացեց մուտքի ցանցապատ դուռը և ներս թողեց նրան տոթ տուն, որ դիմավորեց նրանց լռությամբ ու ջերմ դատարկությամբ:- Կտեսնենք... Մենք նաև երգում էինք «Լողա՜, լողա՜, դու նավակ, լողա»: Էսօրվա պես հիշում եմ:
Առավոտյան նա (ածիլված, ատամի մածուկի թարմություն բուրող) աստիճաններով արևի ուղիղ ճառագայթներով լցված սրահ իջավ և մի պահ քարացավ։ Արևը բոլոր լուսամուտներից էր շողում։ Նա ճաշասենյակ անցավ, որտեղ արդեն մատուցված էր նախաճաշը։
Այնտեղ տնօրինում էր կինը։ Նա անշտապ և հանդարտ կտրում էր գերմակահացը։
Նստելով սեղանի շուրջը, որ լուսավորվել էր արևից, նա ձգվեց լրագրին։
Կինը վերցրեց հենց նոր կտրած հացի կտորը և համբուրեց ամուսնու այտը։ Նա շոյեց կնոջ ձեռքը։
-Քեզ մեկ, թե՞ երկու հատ տոստ տամ, թանկագի՛նս,- հոգատար հարցրեց նա։
-Երևի թե՝ երկու,- պատասխանեց նա։

Комментариев нет: