Դեվիդ Քոնելիին
Դորին տեղ հասավ երեք ավտոբուսով․ սկզբից մինչև Կինկարդին, այդտեղից
լոնդոնյանով և նաև Լոնդոնով[1]՝ քաղաքայինով։
Նա ճանապարհ ընկավ կիրակի առավոտյան՝ ժամը իննին, բայց ողջ ճանապարհը հաղթահարեց (հարյուր
մղոնից քիչ ավել) միայն ցերեկը երկուսին։ Նա երկար ժամանակ վատնեց սպասումներում և
հոգնելու աստիճան նստած մնաց ոչ միայն ավտոբուսներում, այլ նաև կանգառներում։ Չնայած,
ընդհանուր առմամբ, Դորին դեմ չէր դրան․ ամբողջ շաբաթ աշխատանքի տեղը նստել չէր ստացվում։
Նա մաքրուհի էր աշխատում
«Երկնագույն եղևնի» մոթելում։ Լվանում էր լոգասենյակները, փոխում սպիտակեղենը, փոշեծծում
էր գորգերը, փայլեցնում էր հայելիները։ Աշխատանքն այնքանով էր դուր գալիս նրան, որ
այն ցրում էր ավելորդ մտքերը և դրանից հետո կարելի էր արագ քնել։ Հավաքելով համարները՝
Դորին հազվադեպ էր բախվում ահավոր թափթփվածության, չնայած նա լսել էր այլ մաքրուհիներից
բավականին անդուր պատմություններ։ Մնացած մաքրուհիները ավելի տարիքով էին և միաձայն
պնդում էին, որ քանի դեռ նա երիտասարդ է և սիրունիկ, պետք է ինչ-որ բան սովորի և հետո
օֆիսում սեղանի շուրջ նստի։ Բայց Դորիին այդ տեղն էլ բավարարում էր։ Մարդկանց հետ շփվելու
ցանկություն չուներ։
Մոթելում ոչ մեկը չգիտեր,
թե ինչ է եղել։ Իսկ թե գիտեին էլ, չիմանալու էին տալիս։ Հնարավոր է իմանային, քանի
որ Դորիի նկարն այն ժամանակ լրագրում էր հայտնվել։ Դա հենց այն նույն նկարն էր, որ
նա էր արել՝ Դորին՝ երեք երեխաների հետ
միասին։ Նորածին Դեմիտրին նրա ձեռքին, իսկ Բարբարա Էնն ու Սաշան նայում էին մանկիկին։
Այն ժամանակ նա բնականից շագանակագույն, երկար, ծածանվող մազերով էր, ինչպես նրան էր դուր գալիս։ Դեմքի արտահայտությունը
նուրբ ու ամաչկոտ էր՝ ոչ այնքան հատուկ Դորիին, որքան ցանկալի նրա համար։
Պատահածից հետո Դորին բաց
գույն ներկեց մազերը և կարճ կտրեց դրանք։ Նա շատ նիհարեց։ Փոխեց անունը, ավելի ճիշտ,
սկսեց ներկայանալ իր երկրորդ անունով՝ Ֆլյոր։ Դե իսկ աշխատանք նրան օգնեցին գտնել հեռու
այնտեղից, որտեղ նա նախկինում էր ապրել ։
Նմանատիպ ճանապարհորդության
Դորին մեկնում էր արդեն երրորդ անգամ։ Առաջին
երկուսի ժամանակ նա հրաժարվել է հանդիպումից։
Եթե այս անգամ էլ հրաժարվեր, Դորին կդադարեր փորձել։ Եվ եթե անգամ նա համաձայնի հանդիպել, Դորին, հավանաբար,
երկար դադար կվերցնի մինչև հաջորդ հանդիպումը։ Այստեղ կարևորը չափը չանցնելն է։ Չնայած
ինքն էլ չգիտեր՝ ինչ անի։
Առաջին ավտոբուսում Դորին
հանգիստ էր։ Ուղղակի գնում էր և դիտում լուսամուտից այն կողմի բնապատկերները։ Նա մեծացել
է օվկիանոսի ափին, որտեղ ամեն անգամ գարունը փոխում է ձմռանը, իսկ այստեղ ձմեռվանից
գրեթե անմիջապես հետո ամառն է գալիս։ Դեռ մի ամիս առաջ ձյուն է նստած լինում, իսկ հետո
այնքան տաք է, որ կարելի է կարճաթև հագնել։ Կուրացնող փայլով ջրերը եզերում են դաշտերը,
և արևը մերթընդմերթ երևում է դեռևս մերկ ճյուղերի արանքից։
Միայն թե հատելով երկրորդ
ավտոբուսը՝ Դորին սկսեց նյարդայնանալ և ակամա մտածել, թե արդյոք ուղևորներից որևէ մեկը
նույնպես չի գնում այնտեղ, որտեղ ինքը։ Ավտոբուսում միայն կանայք էին՝ հիմնականում
բավականին պատշաճ հագնված․ նրանք նման էին եկեղեցի հաճախող կանանց, որտեղ
խիստ օրենք կա՝ գալ միայն շրջազգեստով, գուլպաներով և կոնկրետ ձևի գլխարկով։ Իսկ նրանք,
որ ավելի կրտսեր են, ասես պատկանում էին այն համայնքներին, որտեղ կնոջը թույլաատրվում
է եկեղեցում հագնել և՛ տաբատով կոստյում, և՛ ականջող կրել, և՛ սանրվածք անել։
Դորին նրանց ֆոնին տարբերվում
էր։ Մոթելում տարիուկես աշխատելու ընթացքում նա ոչ մի նոր բան չէր գնել իր համար։ Գործի
ժամանակ մոթելի համազգեսն էր կրում, իսկ մնացած ժամանակ՝ ջինս։ Դիմաքսուկներին նա այդպես
էլ չվարժվեց։ Նախկինում նա չէր թողնում,
իսկ այժմ կարիք էլ չկար։ Կարճ, խճճված, հասած եգիպտացորենի գույնի մազերը չէին սազում
նրա նիհարած դեմքին, բայց Դորիի համար մեկ էր։
Երրորդ ավտոբուսում նա լուսամուտի
մոտ նստեց և փորձեց հանգստանալ՝ կարդալով ցուցանակներն ու գովազդային պաստառները։ Նա
մի հնարք ուներ, որի շնորհիվ կարելի էր ոչնչի մասին չմտածել․ պետք է ցանկացած մի բառ ընտրել
և դրա տառերից նոր բառեր կազմել․ «սրճարանն», օրինակ, վերածվում է ճար-ի, ինչպես նաև սար-ի կամ սան-ի, «վաճառակետ»
բառում թաքնվել են կաճառ, ճավ և ևս․․․ մի վայրկյան․․․ նաև վառեկ բառերը։ Բառերը հատկապես ավելի էին շատանում քաղաքից դուրս գալիս․ ավտոբուսն անցնում էր բիլբորդների,
հսկայական խանութների, կայանատեղերի կողքով։
Հանդիպում էին անգամ գովազդային փուչիկներ՝ կապված տանիքներից։
Դորին չէր պատմել միսիս Սենդսին
նախորդ երկու ճամփորդությունների մասին։ Հավանաբար պետք չէ ասել նաև այս մեկի՝ վերջինի
մասին։ Նրանք զրուցում էին երկուշաբթի օրերին՝ օրվա երկրորդ կեսին, և վերջին ժամանակներս
միսիս Սենդսը ասում էր, որ գործերը բարեհաջողում են, չնայած սկզբում միայն կրկնում
էր, որ պետք է սպասել և իրադարձությունները չշտապեցնել։ Հիմա նա ասում էր, որ Դորին
հետզհետե սկսում է վերականգնել ուժերը։
-Ես հասկանում եմ, որ Ձեզ
համար մահացու ձանձրալի է ամեն անգամ նույնը լսելը,- նկատեց նա,- բայց ի՞նչ կարող եմ
անել ես, եթե ամեն ինչ հենց այդպես է։
Միսիս Սենդսի ականջն էլ ծակեց
«մահ» բառը, բայց նա որոշեց իր անփութությունը ավելի չբարդացնել ներողություններով։
Երբ լրացավ Դորիի տասնվեց
տարին, իսկ դա յոթ տարի առաջ էր, նա ամեն օր դպրոցից հետո գնում էր մոր մոտ՝ հիվանդանոց։
Մայրը վիրահատություն էր տարել (ինչպես ասում էին՝ լուրջ և վտանգավոր), և հիմա նրան
անկողնային ռեժիմ էր ցուցված։ Իսկ Լոյդը սանիտար էր բաժանմունքում։ Նա, պարզվեց, շատ
ընդհանրություններ ունի Դորիի մոր հետ։ Երկուսն էլ երիտասարդ տարիներին հիպպիացել են
(չնայած Լոյդը մայրիկից մի քիչ երիտասարդ է), և այդ պատճառով էլ ամեն անգամ, երբ ազատ
րոպե էր հայտնվում, Լոյդը նրա հիվանդասենյակ էր մտնում՝ խոսելու համերգներից, բողոքի
քայլերթերից, որոնց երկուսն էլ մասնակցել են, ծանոթ շշմեցուցիչ ջահելների, ԼՍԴ-ների
և նմանատիպ բաների մասին։
Լոյդը հիվանդների մոտ մեծ
ճանաչում ուներ, որովհետև միշտ կատակում էր և լավ էր մերսում։ Բարձրահասակ, բայց ամրակազմ,
թիկնեղ․ նա այնպիսի ներշնչանքով էր խոսում, որ նրան երբեմն բժշկի տեղ էին դնում (ընդ
որում՝ դժվար թե դա նրան դուր էր գալիս․ նա կարծում էր, որ դեղորայքների մեծամասնությունը
խաբեություն է, իսկ բժիշկները՝ ապուշներ)։ Բացի այդ նա ուներ նուրբ վարդագույն մաշկ,
շիկահեր էր և համարձակ հայացքի տեր։
Մի անգամ նա համբուրեց Դորիին,
երբ նրանք միասին բարձրանում էին վերելակով, և ասաց, որ նա նման է անապատում բացված
ծաղկի։ Հետո ծիծաղեց ու հարցրեց․
-Հըն, լա՞վ ասացի։
-Դու ուղղակի պոետ ես, չնայած
ինքդ էլ չգիտես այդ մասին[2],-
պատասխանեց Դորին, որպեսզի ցույց տա՝ որքան ջերմ է իր վերաբերմունքը նրա հանդեպ։
Շուտով մայրը վաղաժամ մահացավ
արյունատար անոթների խցանումից։ Նա շատ ընկերուհիներ ուներ, որոնք հաճույքով իրենց
մոտ կվերցնեին աղջկան, և նրանցից մեկի մոտ Դորին անգամ ապրեց մի կարճ ժամանակ, բայց
ի վերջո, գերադասեց նոր ընկերոջը՝ Լոյդին։
Իր հաջորդ տարեդարձին նա արդեն հղի էր, իսկ հետո նրանք ամուսնացան։ Պարզվեց Լոյդը նախկինում
երբեք ամուսնացած չի եղել՝ չնայած երկու երեխա ուներ, որոնց մասին նա գրեթե ոչինչ չգիտեր։
Իմիջայլոց, այդ ժամանակ նրա երեխաները պիտի որ վաղուց արդեն մեծ լինեին։ Տարիների հետ
Լոյդի կյանքի փիլիսոփայությունը փոխվեց․ այժմ
նա ամուր ամուսնական կապեր էր քարոզում, կայունություն և հանդես էր գալիս հղիության
ընդհատման դեմ։ Նա որոշեց Սեչելտ թերակղզուց Բրիտանական Կոլումբիա մեկնել, որտեղ նրանք
ապրում էին, քանի որ նրա հին կյանքից այստեղ լիքը մարդ կար՝ և՛ ընկերներ, և՛ սիրուհիներ։
Եվ նա Դորիի հետ տեղափոխվեց երկրի մյուս ծայրը՝ փոքրիկ քաղաք, որ ընտրել էին քարտեզի
վրա՝ ելնելով ուղղակի անունից՝ Մայլդմեդ։ Բայց որոշեցին, որ ոչ թե հենց քաղաքում, այլ
մոտակա գյուղում տուն վարձեն։ Լոյդը պաղպաղակի գործարանում աշխատանքի ընդունվեց։ Տան
շուրջը այգի տնկեցին։ Պարզվեց՝ Լոյդը հրաշալի գլուխ էր հանում այգեգործությունից, ինչպես
նաև՝ հյուսնությունից, փայտե վառարաններից, և կարողանում էր ոտքի վրա պահել հին մեքենան։
Ծնվեց Սաշան։
-Դա միանգամային բնական է,- ասաց միսիս Սենդսը։
-Իսկապե՞ս,- հարցրեց Դորին։
Դորին միշտ նստում էր սեղանի
մոտ դրված ուղիղ թիկնակով աթոռին, ոչ թե բարձիկներով
ու ծաղկավոր ծածկոցով բազմոցին։ Իսկ միսիս Սենդսը իր աթոռով հնարավորինս մոտենում էր․ այնքան, որ նրանց
ոչինչ չբաժանի։
-Ես այդպես էլ մտածում էի,
որ Դուք այնտեղ կգնաք։ Հավանաբար, Ձեր փոխարեն ես էլ նույնը կանեի։
Մի տարի առաջ, երբ նրանք ծանոթացան,
միսիս Սենդսը այդպես չէր ասի։ Այն ժամանակ նա ավելի զգուշավոր էր՝ իմանալով, թե որքան
հեշտ է վրդովվում Դորին միայն այն մտքից, որ ինչ-որ մեկը՝ ցանկացած կենդանի էակ, կարող
է հայտնվել իր փոխարեն։ Բայց այժմ միսիս Սենդսը գիտեր, որ Դորին փոքր-ինչ հանդարտվել
է և նման խոսքերը ընդունում է միայն որպես իրեն հասկանալու փորձ։
Միսիս Սենդսը նման չէր Դորիի
ծանոթներին։ Առանձնապես բարեկազմ ու սիրունատես չէր, չնայած այնքան էլ տարիքով չէր։
Մոտավորապես նույնքան կլիներ հիմա Դորիի մայրը, միայն թե միսիս Սենդսը հիպպիական ոչինչ
չուներ բնականաբար։ Կարճ, ալեխառն սանրվածք, խալ՝ այտոսկրի վրա, հարթ ներբաններով կոշիկներ,
նեղ տաբատ ու ծաղկավոր բլուզ։ Եթե անգամ այդ բլուզները ելակի կամ փիրուզի գույնի էին,
նա դրանցում այնպիսի տեսք չէր ունենում, ասես միտումնավոր է պչրվել։ Ավելի շուտ տպավորություն
էր ստեղծվում, որ ինչ-որ մեկը նրան հուշել է․ «Քեզ, սիրելի՛ս, հարկավոր
է մի փոքր զարդարվել»։ Եվ նա հնազանդ գնացել է խանութ՝ ինչ-որ յուրահատուկ բանի համար։
Նրա ողջ տեսքը՝ զուսպ, հեռավորություն պահող, կամեցող, ինչ-որ տեղ հավասարակշռում էր
նրա հագուստի ագրեսիվ կենսախնդությունը, և Դորիի համար դա տհաճ չէր։
-Առաջին երկու անգամները ես
նրան ընդհանրապես չեմ տեսել,- ասաց Դորին։-Նա ուղղակի դուրս չեկավ։
-Բայց այս անգամ դո՞ւրս եկավ։
-Այո՛։ Բայց ես նրան հազիվ
ճանաչեցի։
-Ծերացե՞լ էր։
-Այո, իհարկե՛։ Եվ հետո շատ
էր նիհարել։ Եվ հետո այդ հագո՜ւստը։ Համազգեստը։ Ես երբեք նրան նման ինչ-որ հագուստով
չեմ տեսել։
-Այսինքն, նա Ձեզ ուրի՞շ թվաց։
-Դե չէ՛։
Դորին կծեց վերին շրթունքը՝
փորձելով գտնել այն բառերը, որ կհաղորդեին տարբերությունը։ Լոյդը չափազանց լուռ էր։
Նախկինում ինքը Լոյդին այդքան լուռ երբեք չէր տեսել։ Չէր համարձակվում իր դիմաց նստել։
Ինքն ամենասկզբում անգամ հարցրեց․ «Դե՜ ինչ, այդպես էլ կանգնելո՞ւ ես»։ Իսկ նա
պատասխանեց․ «Իսկ կարելի՞ է նստել»։
-Նա մի տեսակ․․․ անկենդան
էր,- վերջապես ասաց Դորին։- Մի՞գուցե նրան ինչ-որ բան են ներարկում։
-Գուցե և ներարկում են, որպեսզի
իրեն հանգիստ պահի։ Դժվար է ասել։ Եվ դուք զրուցեցի՞ք։
Դե՜, ինչպե՞ս ասեմ։ Կարելի՞
է ընդհանրապես դա զրույց անվանել։ Դորին նրան ինչ-որ հիմար հարցեր էր տալիս, ամենասովորական
հարցերը․ «Ինչպե՞ս ես քեզ զգում»- «Լավ», «Ինչպե՞ս են այնտեղ կերակրում»-
«Նորմալ», «Իսկ դուրս գալ, զբոսնել կարելի՞ է»- «Կարելի է, միայն հսկողությամբ։ Միայն
թե դա զբոսա՞նք է»։
-Քեզ մաքուր օդ է հարկավոր
շնչել,- ասաց Դորին։
-Այո՛, իսկապես,- պատասխանեց
նա։
Դորին, քիչ էր մնում, հարցնի,
թե նա այստեղ ինչ-որ մեկի հետ չի ընկերացել։ Այդպես հարցուփորձ անում են երեխային դպրոցի
մասին։ Եթե ձեր երեխաները դպրոց են հաճախել, դուք անպայման նման հարցեր տվել եք նրանց։
-Այո՜, այո,- գլխով արեց միսիս
Սենդսը՝ նրա կողմ հրելով նախապես պատրաստած անձեռոցիկի տուփը։
Դորին չվերցրեց։ Նրա աչքերը
շարունակում էին չոր մնալ, բայց ինչ-որ տեղ ներսում՝ փորի մեջ, ցավում էր։ Փսխոցի նման
ինչ-որ ցավ էր։
Միսիս Սենդսը լուռ սպասում
էր։ Նա գիտեր, որ պետք չէ հիմա մեջ ընկնել։
Հետո Լոյդը, ասես գուշակելով,
թե նա ինչ է պատրաստվում հարցնել, ասաց․ «Այստեղ հոգեբույժ կա, ժամանակ առ ժամանակ
գալիս է զրուցելու»։
-Բայց ես նրան զգուշացրել
եմ, որ նա ժամանակ չկորցնի,- ասաց Լոյդը։- Ես առանց նրա էլ ամեն ինչ գիտեմ։
Դա միակ ակնթարթն էր, երբ
Լոյդը նրան նախկինը թվաց։
Տեսակցության ժամանակ Դորիի
սիրտն ուժեղ բաբախում էր։ Նրան թվում էր, որ ինքը ուր որ է կուշաթափվի կամ անգամ կմեռնի։ Որպեսզի նրան նայի, հարկ էր հաղթահարել ինքն իրեն, ջանք գործադրել, որպեսզի իր տեսադաշտում
հայտնվի այդ նիհար, սպիտակամազ, իր ուժերին ոչ վստահ, անփույթ, բնազդաբար շարժվող մարդը։
Միսիս Սենդսին նա այդ ամենից
ոչինչ չպատմեց։ Նա, իր հերթին, կարող էր հարցնել (բնականաբար, նրբանկատորեն), թե ո՞ւմից
էր վախենում Դորին՝ նրանի՞ց, թե՞ ինքն իրենից։
Բայց Դորին ընդհանրապես չէր վախենում։
Երբ Սաշան մեկուկես տարեկան
էր, ծնվեց Բարբարա Էննը։ Իսկ երբ լրացավ Բարբարա Էննի երկու տարին, ծնվեց Դեմիտրին։
Սաշայի անունը նրանք միասին էին ընտրել և դրանից հետո պայմանավորվել էին, որ հետագայում
Լոյդը պետք է անվանադրի տղաներին, իսկ Դորին՝ աղջիկներին։
Դեմիտրին, ի տարբերություն
մեծերի, փորիկի ծակոցներով էր տառապում։ Դորին սկզբում մտածում էր, որ միգուցե կաթը
նրան չի բավարարում կամ էլ իր կաթը բավականին կալորիականություն չունի։ Կամ էլ՝ չափազանց
կալորիական է։ Մի խոսքով՝ կաթի հետ ինչ-որ բան այն չէր։ Լոյդը կին գտավ La Leche
League[3]-ից
և խոսեց նրա հետ։ «Ինչ էլ լինի,- ասել էր այդ կինը,- չի կարելի կերակրել երեխային շշիկից։
Դա քայլ է վտանգավոր ուղղությամբ, այդ դեպքում երեխան շատ շուտով ընդհանրապես կհրաժարվի
կրծքից»։
Այդ կինը չգիտեր, որ Դորին
արդեն լրացուցիչ սնում է երեխային։ Եվ դա նրան, երևում է, դուր էր գալիս։ Դեմիտրին
ավելի ու ավելի հաճախ էր աղմկում, երբ փորձում էին նրան կուրծք տալ։ Երեք ամիս հետո
նա ամբողջովին անցավ արհեստական կերակրման,
և այդ ժամանակ անհնար դարձավ դա Լոյդից թաքցնելը։
Դորին ասաց ամուսնուն, որ
իր կաթը վերջացել էր, և այդ պատճառով էլ ստիպված էր շիշ տալ։ Լոյդը կատաղի նետվեց դեմի
Դորին ու սեղմեց նրա կրծքերը։ Մի քանի կաթիլ կաթեց։ Նա Դորիին ստախոս անվանեց։ Նրանք
կռվեցին։ Լոյդն ասաց, որ Դորին նույնպիսի պոռնիկ է, ինչպիսին և նրա մայրն էր։
-Այդ բոլոր հիպպիները պոռնիկներ
էին։
Շուտով նրանք հաշտվեցին։ Բայց
ամեն անգամ, երբ Դեմիտրին քմահաճություն էր անում կամ հիվանդանում էր, կամ վախենում
էր Սաշայի նապաստակից, կամ բռնվում էր աթոռից այն դեպքում, երբ նրա քույրն ու եղբայրը
նույն տարիքում քայլում էին առանց օգնության, ամեն անգամ հիշվում էր արհեստական կերակրումը։
Երբ Դորին առաջին անգամ միսիս
Սենդսի մոտ եկավ, ինչ-որ հաճախորդ ընդունարանում նրան բուկլետ տվեց։ Կազմի վրա ոսկեգույն
խաչ էր և հետևյալ խոսքերը՝ տպված բաց մանուշակագույն ֆոնին կրկին ոսկեգույն տառերով․ «ԵՐԲ ՔՈ ԿՈՐՈՒՍՏԸ
ԱՆՏԱՆԵԼԻ ԹՎԱ․․․»։ Ներսում Հիսուսի
նկարն էր՝ նուրբ գույներով նկարված, և ինչ-որ մանր տառաչափով տեքստ, որը Դորին չկարդաց։
Դորիի ձեռքերն ամուր բռնել
էին այդ գրքույկն ու բաց չէին թողնում այն։ Նա նստեց աշխատասենյակի աթոռին և հանկարծ
ցնցվեց ողջ մարմնով։ Միսիս Սենդսը ինքը վերցրեց բուկլետը նրա ձեռքերից։
-Ո՞վ տվեց սա Ձեզ,- հարցրեց
նա։
-Այնտեղ,- պատասխանեց Դորին՝
գլխով ցույց տալով փակ դռան կողմը։
-Դուք այն չհավանեցի՞ք։
-Երբ քեզ լավ չես զգում, ամեն
ինչը սկսում է ազդել վրադ,- ասաց Դորին և անմիջապես հասկացավ, որ հենց այդպես էր ասում
իր մայրը, երբ նմանատիպ գրքույկներով կանայք էին գալիս նրա մոտ՝ հիվանդանոց։-Նրանք
կարծում են, որ պետք է միայն ծնկել, և ամեն ինչ կկարգավորվի։
Միսիս Սենդսը հոգոց հանեց։
-Այո՛, իհարկե,- ասաց նա։-Ամեն
ինչ այդքան հեշտ չէ։
-Ավելի լավ է ասեք՝ «անհնարին»
է,-հավելեց Դորին։
-Դե՜, հնարավոր է, որ՝ ոչ։
Առաջին հանդիպումների ժամանակ
նրանք երբեք չխոսեցին Լոյդի մասին։ Դորին փորձում էր անգամ չմտածել նրա մասին, իսկ
թե այնուամենայնիվ հիշում էր, ապա ինչպես ինչ-որ սարսափելի բնական տարերքի։
-Անգամ եթե ես այդ ամենին
հավատայի,- ասաց նա՝ ցույց տալով բուկլետը,- ապա միայն այն պատճառով․․․
Նա ուզում էր ասել, որ նմանատիպ
հավատը տեղին կլիներ։ Հնարավոր կլիներ Լոյդին գեհենի կրակներում այրվելիս տեսնել կամ
ինչ-որ նման ոգով բան։ Բայց նա չշարունակեց, որովհետև դրա մասին խոսելը հիմարություն
էր։ Բացի այդ, նրան արդեն որերորդ անգամ թվաց, որ իր փորի մեջ ինչ-որ մեկը թակում է
մուրճով։
Լոյդը կարծում էր, որ երեխաներին
պետք է տանը ուսուցանել։ Դա կրոնական հայացքներով չէր պայմանավորված։ Նա դեմ չէր դինոզավրերին,
քարանձավային մարդկանց, կապիկներին և նման բաներն ուսումնասիրելուն։ Ուղղակի ուզում
էր, որ երեխաները ծնողներին մոտ լինեն, և նրանց հնարավոր լինի զգուշորեն և մերթընդմերթ
հասուն կյանքին նախապատրաստելը, ոչ թե անմիջապես աշխարհ նետել, ինչպես ջրի մեջ։ «Ես
ուղղակի մտածում եմ այն մասին, որ նրանք իմ երեխաներն են,- հայտարարեց նա,- այսինքն՝
իմ սեփականն են, ոչ թե կրթական բաժնինը»։
Դորին, ամենայն հավանականությամբ,
միայնակ չէր կարողանա կրթել նրանց, բայց պարզվեց, որ կրթության բաժինը նման դեպքերի
համար պատրաստել է և՛ հրահանգ, և՛ դասացուցակ, և այդ ամենը ծնողները կարող էին վերցնել
տեղի դպրոցից։ Սաշան խելացի տղա էր, նա գրեթե առանց կողմնակի օգնության սովորեց կարդալը,
իսկ մյուս երկուսը դեռ չափազանց փոքր էին, որ նրանց լրջորեն սովորեցնեին։ Երեկոյան
և շաբաթ-կիրակի օրերին Լոյդը Սաշային աշխարհագրություն էր սովորեցնում, պատմում էր
Արևային համակարգի կառուցվածքի մասին, կենդանիների՝ ձմեռները քուն մտնելու կամ այն
մասին, թե ինչպես է մեքենան ընթանում։ Երեխայի յուրաքանչյուր հարցին հետևում էր առանձին
մի պատմություն։ Շատ շուտով Սաշան առաջ անցավ դպրոցական պլաններից, բայց Դորին շարունակում
էր ստանալ դրանք դպրոցում և նշված ժամերին տալիս էր նրան լուծել որևէ վարժություն,
որպեսզի խնդիր չառաջանա։
Նրանցից ոչ հեռու ևս մի կին
էր ապրում, որի երեխաներն էլ տանն էին ուսուցանվում։ Նրան Մեգի էին կոչում, և նա «մինիվեն»
ուներ։ Լոյդն ամեն առավոտ գործի էր գնում իր մեքենայով, իսկ Դորին այդպես էլ չսովորեց
վարելը։ Այդ պատճառով նա շատ գոհ էր, որ Մեգին շաբաթը մեկ տանում էր նրան դպրոց, այնտեղ
նրանք հանձնում էին կատարած հանձնարարությունները և ստանում էին նորերը։ Իհարկե, նրանք
իրենց հետ վերցնում էին երեխաներին։ Մեգին երկու տղա ուներ։ Ավագը ալերգիա ուներ, և
մայրն ստիպված էր ուշադիր հետևել նրա սննդակարգին, այդ պատճառով էլ նա տանն էր սովորում։
Իսկ հետո Մեգին որոշեց տնային ուսուցման տեղափոխել նաև կրտսերին։ Վերջինս ուզում էր
խաղալ եղբոր հետ, բացի այդ նա ևս ասթմա ուներ։
Ինչքա՜ն էր ուրախանում Դորին,
որ իր երեք երեխաներն էլ առողջ են։ Լոյդի կարծիքով՝ դրա պատճառը նրա երիտասարդ տարիքում
ծնելն էր, իսկ Մեգին սպասել է, կարելի է ասել,
դաշտանադադարին։ Լոյդն, իհարկե, չի չափազանցնում Մեգիի տարիքը, բայց նա իսկապես
երկար է սպասել։ Նա աշխատել է որպես օպտոմետրիստ[4],
մարդկանց համար ակնոց է ընտրել։ Ինչ-որ ժամանակ ամուսնու հետ նրանք բիզնես-գործընկերներ
էին և ընտանեկան կյանքն այնքան էին հետ գցում, մինչև տուն չգնեցին գյուղում, որպեսզի
Մեգին կարողանա թողնել աշխատանքը։
Մեգիի մազերը կարճ կտրած,
ալեխառն էին։ Լոյդը բարձրահասակ, հարթակուրծք, չվհատվող և ինքնավստահ Մեգիին անվանում
էր «մեր լեսբի», բայց միայն նրա բացակայության ժամանակ իհարկե։ Պատահում էր, նրա հետ
հեռախոսով կատակում էր, իսկ հետո, փակելով խոսափողը ձեռքով՝ ասում էր՝ մեր լեսբին է։ Դորին դրան հանգիստ էր վերաբերվում։
Նա գիտեր, որ Լոյդը շատ կանանց է այդպես անվանում։ Բայց նա անհանգստանում էր, որ Մեգին
նրա կատակները չափազանց մտերմիկ կկարծի և ուղղակի չի ուզենա նրա վրա ժամանակ վատնել։
-Քաֆթառի՞ հետ ես ուզում խոսել։
Այո՛։ Նա այստեղ է։ Լվացքի տախտակով[5]
է զբաղված։ Այո՛, ես այդպիսի շահագործողն եմ։ Դա ի՞նքն է քեզ ասել։
Վերցնելով թղթերը դպրոցից՝
Դորին ու Մեգին սովորաբար գնում էին մթերային խանութ՝ գնումների։ Հետո երբեմն Թիմ Հորթընի
սրճարան էին մտնում և երեխաներին գետի ափին գտնվող այգի էին տանում։ Այնտեղ մայրիկները
նստում էին նստարաններին, իսկ Սաշան ու Մեգիի տղաները վազում էին խաղահրապարակում և
բարձրանում էին աստիճաններով, Բարբարա Էննը ճոճվում էր ճոճանակով, Դեմիտրին խաղում
էր ավազով։ Եթե սառն էր լինում, կանայք մնում էին մեքենայում։ Նրանք հիմնականում զրուցում
էին երեխաներից և բաղադրատոմսերից, բայց երբեմն Դորին հանկարծ ինչ-որ հետաքրքիր բան
էր իմանում, օրինակ, որ Մեգին, նախքան օպտոմետրիստ դառնալը, շրջել է ողջ Եվրոպայով։
Մեգին իր հերթին զարմանքով իմանում էր, թե որքան վաղ է ամուսնացել Դորին և որքան հեշտ
է նա առաջին անգամ հղիացել։ Իսկ հետո, որ երկար ժամանակ չէր ստացվում, և Լոյդն սկսել
էր կասկածել նրա վրա։ Քրքրում էր նրա արկղերը՝ հակաբեղմնավորիչ հաբեր փնտրելով, մտածում
էր, որ Դորին ընդունում է դրանք իրենից գաղտնի։
-Իսկ դու չէի՞ր ընդունում,-հարցրեց
Մեգին։
Դորին անգամ չգիտեր, թե ինչ
պատասխանի։ Ասաց, որ երբեք չէր համարձակվի նման բան անել։
-Դե, այսինքն դա սարսափելի
է․ խմել դեղեր՝ առանց նրան ասելու։ Ես ուղղակի կատակեցի, իսկ նա
նետվեց դրանք փնտրելու։
-Օ՜յ,- հոգոց հանեց Մեգին։
Մի անգամ Մեգին հարցրեց․
-Լսի՛ր, քո մոտ ամեն ինչ կարգի՞ն
է։ Նկատի ունեմ՝ ամուսնուդ հետ։ Դու երջանի՞կ ես։
Դորին առանց երկմտանքի պատասխանեց՝
այո՛։ Բայց հետո մտածեց, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Իր ընտանեկան կյանքում այնքան
բան է եղել, որոնց ինքը հարմարվել է, իսկ ուրիշները չէին հասկանա դա։ Լոյդն ամեն հարցի
շուրջ իր կարծիքն ուներ․ այդպիսի մարդ էր նա։ Եվ ամենասկզբում, երբ Դորին ծանոթացավ
նրա հետ հիվանդանոցում, նա արդեն այդպիսին էր։ Ավագ բուժքույրն իրեն շատ գոռոզ էր պահում,
և Լոյդը նրան «միսիս Մեծչելլ» էր կանչում «միսիս Միտչելլի»[6] փոխարեն։
Այնքան արագ էր արտասանում բառերը, որ տարբերությունը հազիվ որսալի էր։ Նրան թվում
էր, որ ավագ բուժքույրը սիրելիներ ունի, և որ ինքը դրանց թվին չի պատկանում։ Եվ պաղպաղակի
գործարանում կար մեկը, որին Լոյդն ատում էր, մեկը, որին նա կոչում էր «Լուիս-ծծան»։
Դորին այդպես էլ չիմացավ այդ տղայի իսկական անունը։ Բայց դա փաստում էր, որ գոնե միայն
կանայք չէին ազդում նրա վրա։
Դորիի կարծքիով, այդ բոլոր
մարդիկ բնավ այնքան էլ վատը չէին, ինչպես Լոյդն էր կարծում, բայց նրա հետ վիճելն անիմաստ
էր։ Հավանաբար տղամարդիկ ուղղակի չեն կարողանում ապրել առանց թշնամիների, ինչպես չեն
կարողանում ապրել առանց կատակների։ Երբեմն Լոյդը ծաղրում էր իր թշնամիներին ճիշտ այնպես,
ինչպես երբեմն ծաղրում էր ինքն իրեն։ Եվ Դորիին թույլատրված էր ծիծաղել նրա հետ միասին,
միայն այն պայմանով, որ Դորին չէր առաջինը սկսելու։
Դորին հույս ուներ, որ Լոյդը
ներողամիտ կլինի Մեգիի հանդեպ։ Բայց ժամանակ առ ժամանակ արդեն զգում էր, թե ինչպես
են փլվում իր հույսերը։ Իսկ եթե նա արգելի իրեն Մեգիի հետ դպրոց և խանութ գնալ, ապա
դա ծայրահեղ անհարմար կլինի։ Բայց ավելի վատն այն է, որ խայտառակ կլինի։ Ինչ-որ հիմարություններ
հորինել, ինչ-որ կերպ բացատրել նրա հետ հանդիպելու առաջարկները մերժելը։ Իսկ Մեգին
ամեն ինչ կհասկանար։ Վատագույն դեպքում՝ կընկալեր սուտը և կորոշեր, որ Դորիի ընտանիքում
ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարծում էր։ Մեգին նույնպես յուրովի կտրուկ էր իր գնահատականների
մեջ։
Այդժամ Դորին հարցնում էր
իրեն․ իսկ իրեն ինչո՞ւ է մտահոգում այն, թե ինչ կմտածի ընկերուհին։ Մեգին գրեթե օտար
է, նրա հետ շփվելը անգամ փոքր ինչ անհարմար է։ Լոյդն է այդպես ասել, և նա ճիշտ է։ Իրական
կապը իրենց միջև է՝ կնոջ և ամուսնու․ դա այն է, որ անհասանելի է ուրիշներին, և ընդհանրապես,
դա ոչ ոքի չի վերաբերում։ Եթե Դորին սկսի հոգածությամբ վերաբերվել իր ընտանիքին, ապա
իրենց մոտ ամեն ինչ կարգին կլինի։
Միայն թե ամեն ինչ գնալով
վատացավ։ Ընկերուհու հետ շփվել նա դեռ չէր արգելել, բայց ավելի հաճախ էր քննադատաբար
արտահայտվում։ Ասում էր, որ Մեգին ինքն է մեղավոր իր որդիների հիվանդությունների համար։
Նա ընդհանրապես կարծում էր, որ մայրն է միշտ մեղավոր։ Նա, պատահել է, հիվանդանոցում
այնպիսի մայրեր է տեսել, որ փորձում են երեխաներին բացարձակ հսկողության տակ պահել։
Սովորաբար այդպես վարվում են ամենից խելացիները։
-Բայց, լսի՛ր, երբեմն երեխաներն
ուղղակի հիվանդ են ծնվում,- առանց մտածելու հակաճառեց Դորին։- Չի կարելի ամեն դեպքում
մեղադրել մորը։
-Իսկապե՞ս։ Ու էդ ինչո՞ւ ինձ
չի կարելի։
-Ես քո մասին չեմ ասում։ Ես
չեմ ասում՝ քեզ չի կարելի։ Ասում եմ՝ մի՞թե երեխաները չեն կարող հիվանդ ծնվել։
-Իսկ երբվանի՞ց ես դու սկսել
գլուխ հանել բժշկությունից։
-Իսկ ես չեմ էլ ասում, որ
գլուխ եմ հանում։
-Ճիշտ է, գլուխ չես հանում։
Վատը փոխվեց սարսափելի վատով։
Նա ցանկացավ իմանալ, թե ինչի մասին են խոսում ինքն ու Մեգին։
-Չգիտեմ։ Էնպես, ոչնչի մասին։
-Զվարճալի է։ Երկու կին գնում
են մեքենայով․․․ Առաջին անգամ եմ նման բան լսում։ Երկու կին գնում են ու ոչնչի
մասին չեն խոսում։ Նա որոշել է մեր միջև սեպ խփել։
-Ո՞վ, Մեգի՞ն։
-Ես նման կնիկներին գիտեմ։
-Նմա՞ն։ Այսի՞նքն։
-Այսինքն՝ նրա նման։
-Հիմարություններ դո՛ւրս մի
տուր։
-Հե՜յ, կամաց։ Դու ասացիր,
որ ես հիմա՞ր եմ։
-Ասա՛, խնդրեմ, նրա ինչի՞ն
է դա պետք։
-Որտեղի՞ց իմանամ։ Ուզում
է, ու վերջ։ Դե, սպասիր ու կտեսնես դեռ։ Նա դեռ ականջներդ կլցնի, թե ինչ ստորն եմ ես։
Մի փոքր սպասիր։
Եվ իսկապես․ ամեն ինչ եղավ
այնպես, ինչպես նա ասաց։ Դե, համենայն դեպս, հենց Լոյդի աչքերում ամեն ինչ այդպես էլ
երևում էր։ Մի անգամ երեկոյան տասի կողմերը Դորին Մեգիի խոհանոցում հայտնվեց։ Նստել
էր՝ քիթը վեր քաշելով, լղոզելով արցունքներն
ու ֆռթացնելով խոտաբույսերով թեյից։ Երբ նա թակեց դուռը, Մեգիի ամուսինը բացեց ու հարցրեց․ «Ի՞նչ ցավս եք
ուզում»։ Վերջինս գաղափար անգամ չուներ, թե ով է նա։ Դորին հազիվ կարողացավ ասել․ «Ներեցեք, որ
անհանգստացնում եմ․․․», իսկ նա նայում էր Դորիին չռված աչքերով։ Հետո եկավ Մեգին։
Դորին մինչև նրա տուն ողջ
ճանապարհը ոտքով էր եկել, մթության մեջ։ Սկզբում քայլել էր գյուղական ճանապարհով, որի
կողքին էր ապրում Լոյդի հետ, հետո ավտոճանապարհով։
Այդտեղ ստիպված էր թաքնվել ջրատար փոսերի մեջ ամեն անգամ, երբ մեքենա էր մոտենում,
այդ իսկ պատճառով նա շատ դանդաղ էր գնում։ Նա հայացքով ճանապարհում էր մեքենաները՝
վախենալով, որ Լոյդը իր հետևից եկած կլինի։
Նա չէր ուզում, որ Լոյդն իրեն հիմա գտներ, համենայն դեպս մինչև ամուսինն ինքն
իր խելագարությունից չվախենար։ Դեպքեր էին լինում, որ Դորիին հաջողվում էր նման կերպ
վախեցնել նրան։ Նա լացում էր, ոռնում և անգամ գլխով հատակին էր հարվածում՝ ասելով․ «Ճի՛շտ չէ, ճի՛շտ
չէ, ճի՛շտ չէ․․․»։ Ի վերջո նա նահանջում էր ու ասում․ «Դե՛ լավ, լա՛վ։ Ես քեզ հավատում
եմ։ Դե վերջ, սիրելի՛ս, հանգստացիր։ Մտածի՛ր երեխաների մասին։ Դե վերջ, ես քեզ հավատում
եմ, սիրելի՛ս։ Միա՛յն լռիր»։
Բայց այսօր երեկոյան Դորին
իրեն հավաքեց արդեն ներկայացման սկզբում։ Հագավ վերարկուն ու դուրս եկավ դռնից, իսկ
նա գոռում էր հետևից․ «Հե՜յ, խելքիդ չփչի, ես քեզ զգուշացրի»։
Մեգիի ամուսինը գնաց քնելու՝
առաջվա պես դժգոհ, չնայած Դորին անընդհատ կրկնում էր․ «Կներե՛ք ինձ։ Ներեցեք, որ
այսքան ուշ ներխուժում եմ Ձեր տուն»։
-Դե լռի՛ր,-գոռաց նրա վրա
Մեգին։ Նրա դեմքը չնայած մտահոգ, բայց կամեցող էր։- Գինի ուզո՞ւմ ես։
-Ես չեմ խմում։
-Ուրեմն ավելի լավ է հիմա
չսկսես։ Ես քեզ համար թեյ կպատրաստեմ։ Դա հանգստացնում է։ Ելակով ու երիցուկով։ Երեխաների
հետ ամեն ինչ կարգի՞ն է։
-Այո՛։
Մեգին հանեց նրա հագից վերարկուն
ու նրան մեկնեց անձեռոցիկի տուփը քիթն ու աչքերը սրբելու համար։
-Դեռ ոչինչ մի՛ խոսիր։ Շուտով
ուշքի կգաս։
Բայց անգամ փոքր-ինչ հանգստանալով՝
Դորին չպատմեց, թե ինչ վիճակ է իրենց մոտ, այլապես Մեգին կորոշեր, որ ընկերուհին ինքն
է ամեն ինչում մեղավոր։ Բացի այդ, նա չէր ուզում պատմել Լոյդի մասին։ Կարևոր չէ, որ
նա իրեն տանջել է։ Միևնույն է, նրանից մոտիկ մարդ ինքը չունի և եթե սկսի նրանից բողոքել,
ամեն ինչ միանգամից կփլվի․ դա դավաճանության նման կլինի։
Դորին բացատրեց, որ ինքն ու
Լոյդը նորից վիճել են, և որ ինքը այնքան է այդ ամենից հոգնել, որ ցանկացավ զբոսնել։
Բայց այդ ամեն ինչը անկարևոր ու անցողիկ է։ Իրենք կհաշտվեն։
-Դե ոչինչ, բոլոր ամուսինների
հետ էլ պատահում է,- նկատեց Մեգին:
Այդ պահին զանգեց հեռախոսը,
և Մեգին վերցրեց խոսափողը։
-Այո՛։ Նա լավ է։ Ուղղակի
ուզեցել է զբոսնել, փոխել միջավայրը։ Հրաշալի է։ Լավ, այդ դեպքում ես նրան առավոտյան
տուն կտանեմ։ Սարսափելի բան չկա։ Լավ։ Բարի գիշեր։
-Նա էր,- ասաց Մեգին։-Դե դու
հասկացել էիր։
-Ինչպե՞ս էր հնչում նրա ձայնը։
Հանգի՞ստ էր։
Մեգին ժպտաց։
-Դե, ես չգիտեմ, թե նա ինչպես
է խոսում նորմալ իրավիճակում։ Համենայն դեպս, նա հարբած չէր։
-Նա նույնպես չի խմում։ Մեր
տանն անգամ սուրճ չկա։
-Ուզո՞ւմ ես՝ տոստ սարքեմ։
Վաղ առավոտյան Մեգին նրան
տուն տարավ։ Մեգիի ամուսինը աշխատանքի չգնաց ու մնաց տղաների հետ։
Մեգին շտապում էր վերադառնալ
տուն։ Նրանց բակում շրջելով իր «մինիվենը»՝ նա հաջողության փոխարեն միայն ասաց․
-Լա՛վ, հաջողություն։ Զանգիր,
եթե կուզես բլբլացնել։
Սառը գարնանային առավոտ էր,
գետնին դեռ ձյուն կար, բայց Լոյդը առանց վերարկուի նստած էր սանդղամուտի աստիճաններին։
-Բարի՛ լույս,- բաձրաձայն
ասաց նա սիրալիր և հեգնանքով լի երանգով։
Նա նույնպես բարևեց՝ ձև տալով,
թե չնկատեց դա։
Լոյդը շարունակում էր նստած
մնալ աստիճաններին՝ չթողնելով նրան ներս։
-Մի՛ մտիր,- ասաց նա։
Դորին որոշեց ամեն ինչ կատակի
տալ։
-Չե՞ս թողնում։ Անգամ եթե
շա՞տ խնդրեմ։ Դե, խնդրո՜ւմ եմ։
Նա նայեց Դորիին, բայց ոչինչ
չպատասխանեց։ Միայն ժպտաց՝ առանց շրթունքները բաժանելու։
-Լո՛յդ,- ձայնեց Դորին։- Լսիր,
Լո՛յդ։
-Ավելի լավ է՝ չմտնես։
-Լսի՛ր, Լո՛յդ, ես Մեգիին
ոչինչ չեմ պատմել։ Ների՛ր, խնդրում եմ, որ փախա։ Ուղղակի օդը չէր հերիքում ինձ։
-Ասում եմ՝ չմտնես։
-Ախր ի՞նչ է քեզ հետ կատարվում։
Ո՞ւր են երեխաները։
Նա շարժեց գլուխն այնպես,
ինչպես անում էր այն դեպքում, երբ նրան դուր չէր գալիս Դորիի ասածը։ Այդ շարժումը փոխարինում
էր միջին աստիճանի հայհոյանքին՝ «ես քո․․․»-ի նման մի բան։
-Լո՛յդ, որտե՞ղ են երեխաները։
Նա փոքր-ինչ կողքի քաշվեց,
որպեսզի Դորին կարողանա անցնել, եթե ուզենա։
Դեմիտրին պառկած էր իր օրորոցում,
բայց կողքի վրա, Բարբարա Էննը՝ իր մահճակալի կողքին՝ գետնի վրա, ասես ընկել էր այնտեղից,
կամ էլ դուրս էին քաշել։ Սաշան պառկած էր խոհանոցի դռան մոտ․ նա փորձել էր փախչել։ Միայն
Սաշայի պարանոցին արյան զեղումներ կային։ Մնացածին նա խեղդել էր բարձերով։
-Երեկ քանիսի՞ն եմ ես զանգել,-
հարցրեց Լոյդը։- Երբ զանգել եմ, ամեն ինչ արդեն տեղի էր ունեցել։
Նա ասաց․ «Այդ դու ես
ամեն ինչում մեղավոր»։
Ատենակալները վճռեցին, որ
նրա գիտակցությունը մթագնած է եղել, և նա չպետք է պատժվի։ Լոյդը անմեղսունակ ճանաչվեց
հանցագործության մեջ և տեղակայվեց հատուկ հաստատությունում։
Դորին դուրս վազեց տնից ու
թափառում էր բակով մեկ՝ սայթաքելով ու երկու ձեռքով բռնելով փորից, ասես այն պատռած
էր, և նա փորձում էր պահել փորոտիքը։ Այդպիսին տեսավ նրան Մեգին, երբ վերադարձավ։ Նա
վատ կանխազգացում ուներ, դրա համար էլ որոշել էր հետ շրջվել ու վերադառնալ։ Սկզբում
Մեգին մտածեց, որ ամուսինը ծեծել է Դորիին, հարվածել է նրա փորին։ Դորիի տնքոցներից
անհնար էր որևէ բան հասկանալ։
Լոյդը՝նախկինի պես նստած աստիճաններին,
սիրալիր կողքի քաշվեց՝ բառ անգամ չասելով, և նրան ներս թողեց։ Ներս մտնելով՝ Մեգին
տեսավ այն, ինչ ակնկալում էր տեսնել։ Նա ոստիկանություն զանգեց։
Որոշակի ժամանակ Դորին ամեն
ինչ, ինչ պատահում էր ձեռքի տակ, բերանն էր խցկում՝ հող, խոտ, հետո թաշկինակ, սրբիչ
և իր սեփական հագուստը։ Թվում էր՝ նա ուզում է ոչ միայն ոռնոցները խեղդել, որ դուրս
էին գալիս իր կոկորդից, այլ հենց այն տեսարանը, որ անընդհատ պտտվում էր գիտակցության
մեջ։ Նրան ինչ-որ դեղ ներարկեցին, և դա օգնեց։ Նա բացարձակ լուռ դարձավ, չնայած կատատոնիայի[7]
մեջ ընկավ։ Բժիշկներն ասում էին, որ նրա վիճակը կայուն է։ Երբ Դորին դուրս գրվեց հիվանդանոցից,
և սոցաշխատակիցը նրան նոր բնակության վայրը բերեց, նրան իր խնամքի տակ առավ միսիս Սենդսը։
Նրա համար տուն գտավ, աշխատանք ճարեց և ամեն շաբաթ նրա հետ զրուցում էր։ Մեգին ուզում էր այցելել, բայց պարզվեց՝ նա միակ
մարդն էր, որին Դորին չէր կարող տեսնել։ Միսիս Սենդսը բացատրեց, որ դա բնական է։ Անցանկալի
ասոցիացիա է առաջանում, և Մեգին նրան պետք է հասկանա ու ների։
Միսիս Սենդսը ասաց, որ Լոյդին
այցելել-չայցելելը պիտի որոշի միայն Դորին։
-Հասկանո՞ւմ եք, ես այստեղ
նրա համար չեմ, որ թույլատրեմ կամ արգելեմ։ Ի՞նչ եք մտածում ինքներդ, Ձեզ լավ կզգա՞ք՝
նրան տեսնելով, թե՞ ավելի վատ։
-Չգիտեմ։
Դորին չէր կարողանում բացատրել, որ ինքը, հենց էն է, նրա՛ հետ չի հանդիպել։ Դա նույնն
էր, թե ուրվականի տեսներ։ Ե՛վ հագուստն էր նրա վրա լայն ու նույնպես դժգույն, և՛ կոշիկներն
էին այնպիսին, որ քայլերը բացարձակ չէին լսվում։ Նրան թվաց, որ Լոյդի մազերը թափվում
են։ Իսկ առաջ այնքա՜ն խիտ էին, ալիքվող, պղնձի գույնի։ Այժմ չկար ո՛չ լայն թիկունքը,
ո՛չ անրակների մեջտեղի փոսիկը, որտեղ պատահել է՝ Դորին հակել է իր գլուխը։
Այն ժամանակ նա ոստիկաններին
ասել էր, և դա հայտնվել էր բոլոր լրագրերում․ «Ես դա արել եմ, որ ազատեմ
նրանց տանջանքներից»։
Ի՞նչ տանջանքներից։
«Այն տանջանքներից, որ մայրը
նրանց լքել է»։
Այդ բառերը ծխում էին Դորիի
գլխում, և հավանաբար նա որոշել էր հանդիպել Լոյդին միայն այն բանի համար, որ ստիպի
նրան հետ վերցնել դրանք։ Ստիպի նրան հասկանալ ու ընդունել իրադարձություններն այնպես,
ինչպես դրանք տեղի են ունեցել իրականում։
«Դու ասացիր՝ վերջացրու վիճելը
կամ գնա՛ տնից։ Ահա ես էլ գնացի»։
«Ես ընդամենը գնացի՝ գիշերելու
Մեգիի մոտ։ Բնականաբար, ես պատրաստվում էի վերադառնալ։ Ես ոչ ոքի չէի լքել»։
Դորին շատ լավ էր հիշում՝
ինչից սկսեց վիճաբանությունը։ Ինքը մի բանկա սպագետի էր գնել, և այդ բանկայի վրա փոս
կար, շատ փոքրիկ։ Այդ փոսիկի պատճառով բանկան զեղչով էր վաճառվում, և Դորին ուրախացավ, որ կարելի է մի փոքր գումար խնայել, որ ինքը խելամիտ
է վարվում։ Բայց ամուսնուն, երբ նա սկսեց հարցեր տալ, զեղչի մասին չասաց։ Չգիտես ինչու
որոշեց ձև տալ, թե ուղղակի չի նկատել փոսիկը։ Լոյդը հայտարարեց, որ այն անհնար է չնկատելը։
Մենք բոլորս կարող ենք թունավորվել։ Ի՞նչ
է նրա հետ կատարվում։ Թե՞ նա դա միտումնավոր է արել։ Միգուցե Դորին ուզում էր տեսնել,
թե ի՞նչ կլինի երեխաների ու իր հետ։
Դորին ասաց՝ մի՛ ցնորվիր։
Նա պատասխանեց. «Դու ինքդ
ես ցնորվել։ Բացի խելագարից ո՞վ իր ընտանիքի համար թույն կգնի»։
Երեխները հետևում էին նրանց՝
կանգնած հյուրասենյակի դռան անցումում։ Դա վերջին անգամ էր, երբ Դորին նրանց կենդանի
տեսավ։
Ահա ինչ էր նա մտածում, երբ
գնում էր Լոյդի մոտ։ Պետք է վերջապես ստիպել նրան հասկանալ՝ ով էր այն ժամանակ ցնորվել։
Երբ Դորին հասկացավ, թե ինչ
նպատակով է գնում նրա մոտ, նա պետք է դուրս գար ավտոբուսից, թեկուզ վերջին կանգառում
մյուս կանանց հետ, բայց ոչ թե հետևեր նրանց մինչև բանտի դարպասները, այլ անցներ ճանապարհի
հակառակ կողմը և նստեր հետ՝ դեպի քաղաք գնացող ավտոբուսը։ Հավանաբար, այստեղ երբևէ
եկած որևէ մեկն արդեն վարվել է այդպես։ Եկել է հանդիպման, բայց վերջին պահին մտափոխվել
է։ Հնարավոր է անգամ, որ այստեղ դա հաճախ է պատահում։
Իսկ միգուցե ավելի լավ է,
որ նա չգնաց այնուամենայնիվ և տեսավ նրան այդպես տարօրինակ, ասես քամված։ Այժմ չկար
մեկը, որին կարելի է անիծել ու մեղադրել։ Ոչ մեկը։ Այդ մարդուն նա կարծես երազում է
տեսել։
Դորին երազներ էր տեսնում։
Մի անգամ տեսավ, որ ինքը դուրս է վազում տնից՝ տեսնելով նրանց այնտեղ, իսկ Լոյդը հանկարծ
սկսում է քրքջալ, այն էլ այնպես ուրախ, ինչպես առաջ, իսկ հետո Դորին լսում է, թե ինչպես
իր թիկունքում ծիծաղում է Սաշան, և այդ պահին նա հասկանում է (թեթևության անասելի զգացողությամբ),
որ նրանք ուղղակի խաղ են խաղացել իր գլխին։
-Ահա Դուք հարցնում էիք՝ նրան
տեսնելուց հետո ինձ համար ավելի թեթև՞, թե՞ դժվար է։ Անցած անգամ էիք հարցնում։
-Այո՛, այո՛,- ասաց միսիս
Սենդսը,- և՞...
-Ես կարիք ունեի այդ մասին
մտածելու։
-Բնականաբար։
-Մի խոսքով, ես որոշեցի, որ
ավելի ծանրացավ ամեն ինչ։ Եվ այլևս չեմ գնացել։
Միսիս Սենդսին դա ասելը նրա
համար հեշտ չէր։ Ի պատասխան՝ վերջինս միայն շարժեց գլուխը։
Այդ պատճառով էլ, երբ Դորին
որոշեց, որ կա-չկա, մի անգամ էլ է գնալու, նա չուզեց հիշատակել այդ մասին միսիս Սենդսի
հետ զրույցում։ Իսկ քանի որ նրա համար դժվար էր թաքցնել իր կյանքի իրադարձությունները,
անգամ ամենաանշանները, Դորին զանգեց ու չեղարկեց հանդիպումը։ Ասաց, որ պատրաստվում
է արձակուրդ գնալ։ Ամառն սկսվում էր, և նշանակում է, արձակուրդը սովորական էր դառնում։
«Մեկնում եմ ընկերուհուս հետ»,- ասաց նա։
-Իսկ դու այսօր ուրիշ վերարկուով
ես։ Նրանով չես, ինչ մեկ շաբաթ առաջ։
-Ո՛չ մի շաբաթ։
-Է՜, քանի՞։
-Դա երեք շաբաթ առաջ էր։ Իսկ
հիմա շոգ է։ Այս վերարկուն ավելի թեթև է, չնայած անգամ սա հիմա պետք չէ։ Հիմա կարելի
է առանց վերարկուի զբոսնել։
Նա հարցրեց, թե ինչպես Դորին
տեղ հասավ, որ ավտոբուսներով եկավ Մայլդմեյից։
Դորին պատասխանեց, որ այլևս
այնտեղ չի ապրում։ Ասաց քաղաքը, ուր տեղափոխվել է, և թվարկեց ավտոբուսները։
-Հա՜, մոտիկ չէ։ Եվ... քեզ
դո՞ւր է գալիս ավելի մեծ քաղաքում ապրելը։
-Այնտեղ հեշտ է աշխատանք գտնելը։
-Ուրեմն՝ դու աշխատում ես։
Վերջին հանդիպման ժամանակ
Դորին արդեն պատմել է նրան և՛ այն մասին, թե որտեղ է ապրում, և՛ ավտոբուսների, և՛ իր
աշխատանքի մասին։
-Ես մոթելում համարներ եմ
մաքրում։ Ես քեզ արդեն ասել եմ։
-Հա՛, ճիշտ է։ Մոռացել եմ։
Ների՛ր։ Իսկ չե՞ս պատրաստվում դպրոց գնալ, այսինքն՝ ավարտել երեկոյան դպրոցը։
Դորին ասաց, որ մտածել է այդ
մասին, բայց այնպես, ոչ լրջորեն։ Իրեն մաքրուհու աշխատանքն էլ է ձեռք տալիս։
Դրանից հետո նրանք, երևում
է, այլևս խոսելու բան չունեին։
Լոյդը հոգոց հանեց։ Հետո ասաց.
-Կներե՛ս։ Այստեղ ես ընդհանրապես
հետ եմ վարժվել զրուցելուց։
-Իսկ ամբողջ օրն ինչո՞վ ես
զբաղվում։
-Դե՜, ես բավականին շատ եմ
կարդում։ Եվ իբր թե... մեդիտացիա եմ անում։
-Ահա թե ինչ։
-Ես շատ շնորհակալ եմ, որ
եկար։ Սա ինձ համար շատ կարևոր է։ Բայց միայն թե դա անընդհատ անել պետք չէ։ Այսինքն՝
դու արի, բայց միայն, երբ իսկապես ուզում ես։ Եթե կզգաս, որ պետք է։ Մի խոսքով, ուզում
եմ ասել, որ միայն այն, որ դու կարող ես գալ, որ մի անգամ գոնե եկել ես, ինձ համար
դա մեծ բան է, հասկանո՞ւմ ես։
Նա ասաց, որ հավանաբար հասկանում
է։
Լոյդը նաև հավելեց, որ չի
ուզում խառնվել նրա կյանքին։
-Իսկ դու չես էլ խառնվում,-
պատասխանեց Դորին։
-Դու իսկապես դա՞ էիր ուզում
պատասխանել։ Ինձ թվաց՝ դու պատրաստվում ես միանգամայն ուրիշ բան ասել։
Այո՛, իսկապես։ Դորին, քիչ
էր մնում, հարցներ. «Էլ ի՞նչ կյանք»։
Բայց պատասխանեց՝ ոչ, ոչինչ
էլ չէր պատրաստվում հարցնել։
-Ավելի լավ։
Երեք շաբաթից զանգեց հեռախոսը։
Միսիս Սենդսն էր. անձամբ նա էր, ոչ թե իր օգնականներից մեկը։
-Օ՜, Դորի՛։ Իսկ ես մտածում
էի՝ դեռ չեք վերադարձել արձակուրդից։ Նշանակում է՝ վերադարձե՞լ եք։
-Այո՛,- պատասխանեց Դորին՝
փորձելով պատասխան հորինել այն հարցին, թե որտեղ է եղել։
-Բայց Դուք դեռ չեք պայմանավորվել
մեր հաջորդ հանդիպման համար։
-Դեռ ոչ։ Չեմ հասցրել։
-Սարսափելի բան չկա։ Ես ուղղակի
ուզում էի իմանալ՝ ինչպես եք։ Լա՞վ եք։
-Այո՛, լավ եմ։
-Հրաշալի է։ Հրաշալի։ Դուք
գիտեք՝ որտեղ գտնել ինձ, եթե իմ կարիքն ունենաք։ Միշտ ուրախ եմ Ձեզ հետ զրուցել։
-Լա՛վ։
-Դե՜, ամենայն բարիք։
Նա չհիշատակեց Լոյդին և չհարցրեց՝
տեսե՞լ է Դորին նրան նորից։ Բայց չէ որ Դորին նրան ասել է, որ այլևս չի պատրաստվում
այնտեղ գնալ։ Միայն թե միսիս Սենդսը սովորաբար արտասովոր ինտուիցիա էր ցուցադրում,
զգում էր՝ ինչ է կատարվում։ Եվ միշտ կարողանում էր նրան սանձել՝ հասկանալով, որ կարող
է դա անել միայն մի հարցով։ Դորին անգամ չէր մտածում այն մասին, թե ինչ կպատասխաներ,
եթե իրեն ուղիղ հարց հղեին։ Կփորձե՞ր շրջանցել, ստել, թե՞ անմիջապես կասեր ճշմարտությունը։
Նա կրկին գնաց Լոյդի մոտ հաջորդ կիրակի օրը, այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ
նա կարող է և չգալ։
Լոյդը մրսել էր։ Ինքն էլ չգիտեր՝
ինչպես է եղել։
Ամենայն հավանականությամբ՝
դեռ անցած հանդիպմանը արդեն հիվանդ էր, դրանից էլ այդպես քրթմնջկան էր։
«Քրթմնջկան»։ Դորին արդեն
վաղուց չէր շփվել մեկի հետ, ով նմանատիպ բառեր էր գործածում։ Այդ բառը նրան տարօրինակ
թվաց։ Նա նախկինում էլ սովորություն ուներ այդպես խոսել, բայց այն ժամանակ նմանատիպ
արտահայտությունները Դորիին չէին զարմացնում։
-Ես քեզ օտա՞ր եմ թվում,-
հարցրեց Լոյդը։
-Դե, ընդհանուր առմամբ, դու
փոխվել ես,- զգուշորեն ասաց Դորին։-Իսկ ե՞ս։
-Դու շատ գեղեցիկ ես,- պատասխանեց
նա տխրությամբ։
Դորիի կրծքավանդակի հատվածը
ջերմացավ, բայց նա անմիջապես ճնշեց այդ զգացողությունը։
-Իսկ ինքդ ինչպե՞ս ես,- հարցրեց Լոյդը,- ինքդ քեզ ուրի՞շ ես զգում։
Նա պատասխանեց, որ չգիտի։
-Իսկ դո՞ւ։
-Ես էլ,- պատասխանեց Լոյդը։
Նույն շաբաթ նրան մեծ ծրար
հանձնեցին աշխատավայրում, որը հյուրանոցի հասցեով էր եկել։ Ներսում մի քանի թուղթ էր՝
գրված երկու կողմից էլ։ Սկզբում Դորին չմտածեց էլ, որ դա Լոյդից է։ Նրան, չգիտես ինչու,
թվում էր, որ բանտարկյալներին չեն թույլատրում նամակ գրել։ Բայց նա այնքան էլ բանտարկյալ
չէր։ Նա ընդհանրապես հանցագործ չէր, այլ անմեղսունակ։
Ո՛չ ամսաթիվ կար, ո՛չ անգամ
«Թանկագի՛ն Դորի» դիմելաձև։ Նա անմիջապես այնպիսի տոնով էր գրել, որ Դորին մտածեց՝
սա ինչ-որ կրոնական բան է։
Մարդիկ ամեն ինչի համար որոշում են փնտրում։ Նրանց ուղեղները
խոցոտվել են փնտրտուքներից։ Որքան շատ բան է խռնվում շուրջբոլորը և վնասում նրանց։
Դա երևում է նրանց դեմքերից նրանց սպիներից ու ցավերից։ Նրանց համար դժվար է։ Նրանք
պատեպատ են խփվում։ Նրանք պետք է և խանութ գնան և լվացքատուն և մազերը կտրեն և ապրուստ
վաստակեն կամ նպաստ ստանան։ Խեղճերը պետք է այդ ամենը անեն իսկ հարուստները տարբերակ
են փնտրում լավագույնս վատնելու իրենց փողերը։ Իսկ դա նույնպես աշխատանք է։ Նրանք պետք
է կառուցեն ամենալավ տները ոսկե ծորակներով տաք ու սառը ջրերի համար։ Ահա նրանք «աուդի»
ունեն և ատամի կախարդական խոզանակներ և ամենայն հնարավոր խորամանկ ու խելացի հայտնգործությունները
և նաև ազդանշաններ պաշտպանվելու համար սպանվելուց, բայց և (ընկե) մյուսները
հարուստներն ու աղքատները չունենան խաղաղություն հոգիներում իրենց։ Համարյա «ընկերներ»
էի գրում «մյուսների» փոխարեն տեսնես ինչի՞ց է։ Այստեղ ոչ մի ընկեր չունեմ։ Այնտեղ
ուր ես նստած եմ մարդիկ ծայրահեղ դեպքում անցել են փորձություններով։ Նրանք այստեղ
գիտեն ինչ ունեն և ինչ են միշտ ունենալու նրանք կարիք չունեն անգամ ինչ-որ բան ոչ առնելու
ոչ ասելու։ Եվ ընտրելու կարիք էլ չկա։ Նրանք ընտրություն չունեն։
Մենք բոլոր այստեղ նստածներս ոչինչ չունենք բացի մեր ուղեղներից։
Սկզբում գլխումս ամեն ինչ պերտուրբացիայի[8] (ճի՞շտ
եմ գրել) մեջ էր։ Այնտեղ անընդհատ փոթորիկ էր փոթորկում և գլուխս բետոնին էի խփում
հուսալով ազատվել դրանից։ Որպեսզի դադարեցնեմ հոգեվարքը և դադարեմ ապրել։ Այդ ժամանակ
ինձ համեստ պատիժ նշանակեցին։ Ջրեցին խողովակից և կապեցին ու դեղեր ներարկեցին արյանս մեջ։ Ես չեմ բողոքում քանի որ
հասկացա, որ այստեղ բողոքելն ապարդյուն է։ Եվ ոչ մի տարբերություն չկա այսպես կոչված
իրական աշխարհի հետ որում մարդիկ խմում են ու հիմարություններ են անում և հանցանքներ
են գործում որպեսզի ազատվեն սեփական ցավոտ մտքերից։ Եվ նրանց հաճախ ծեծում են ու բանտ
են նստեցնում բայց նրանք շուտով դուրս են գալիս ուրիշը դարձած։ Եվ ո՞րն է դա։ Կամ ամբողջովին
խելագարված կամ հանգստացած։
Հանգիստ։ Ես այստեղ եկա հանգիստ և դեռ խելքը գլխիս։ Ես պատկերացնում
եմ ինքան ծանր է սա կարդալ։ Դու մտածում ես որ ես կպատմեմ ինչ-որ բան Աստված Հիսուսի
կամ գոնե Բուդդայի մասին ասես ես կրոնական դարձի եմ եկել։ Ոչ։ Ես չեմ փակում աչքերս
և ինձ վեր չի հառնում ինչ-որ Բարձրագույն Ուժ։ Ես այդ հարցերում գաղափար չունեմ։ Ինչ
որ Գիտեմ Ես եմ։ Իսկ Ճանաչիր Ինքդ Քեզ[9]
դա ինչ-որ հրաման է ինչ-որ տեղից գուցե Աստվածաշնչից այնպես որ ծայրահեղ դեպքում այդ
կողմով ես Քրիստոնյա եմ։ Ինչպես նաև Ամենից Առաջ Հավատարիմ Եղիր Ինքդ Քեզ[10]- ես փորձեցի
քանզի դա նույնպես Աստվածաշնչից է։ Միայն թե չի ասվում, որ ես-իդ հավատարիմ մնա բարի
թե չար այնպես որ սա բարոյական խրատ չէ։ Եվ Ճանաչիր Ինքդ Քեզը ոչ մի կապ չունի բարոյականության
հետ քանի որ մենք այն ճանաչում ենք Վարքի մեջ։ Միայն թե Վարքը ինձ չի մտահոգում քանի
որ ինձ ճիշտ են դատապարտել ինչպես մարդու որին չարժի վստահել, դատել թե ինչպես պետք
է նա իրեն պահի այդ պատճառով էլ ես այստեղ եմ։
Վերադառնամ Ճանաչիր-ին Ճանաչիր Ինքդ Քեզ-ից։ Միանգամայն սթափ
եմ ասում որ ես ճանաչում եմ ինձ ու գիտեմ ամենավատը ինչին ընդունակ եմ և գիտեմ ինչ
եմ արել։ Ինձ Աշխարհը Հրեշ է համարում և ես դրա դեմ չեմ բողոքում չնայած ուզում եմ
նկատել որ մարդիկ որ ռումբեր են շաղ տալիս ինչպես տարափ կամ այրում են քաղաքներ կամ
ստիպում են քաղցած մնալ կամ սպանում են հարյուրհազարներով նրանց սովորաբար Հրեշ չեն
համարում այլ ողողում են մեդալներով ու պատվով[11]
իսկ ով միայն որոշակի թվով մարդկանց դեմ է գնացել համարում են սարսափելի ու հանցագործ։
Այս ամենն ասում եմ ոչ իբրև արդարացում ինձ այլ ուղղակի որպես նկատառում։
Թե Ինչ եմ ես Ճանաչել Իմ մեջ դա իմ Չար կողմ է։ Դա է իմ հանգստի
գաղտնիքը։ Այսինքն ես գիտեմ իմ միջի Վատագույնը։ Այն կարող է ավելի վատը լինել ուրիշների
վատագույններից բայց իրականում ես կարիք չունեմ դրա մասին մտածել կամ անհանգստանալ։
Ոչ մի ներողության խոսքեր։ Ես հանգիստ եմ։ Հրե՞շ եմ ես։ Աշխարհը կարծում է որ այո և
քանի որ այդպես է ես կհամաձայնվեմ։ Բայց ես ասում եմ որ Աշխարհն ինձ համար ոչ մի նշանակություն
չունի։ Ես Հավատարիմ եմ Ինքս Ինձ և երբեք Ուրիշը չեմ լինի։ Ես կարող եմ խոստովանել
որ այն ժամանակ խելքս գլխիս չէր բայց ի՞նչ է դա նշանակում։ Խելքը գլխին լինել։ Ես չէի
կարող փոխել իմ Եսը այն ժամանակ և չեմ կարող փոխել այն հիմա։
Դորի եթե դու կարդացել ես մինչև այստեղ ես ուզում էի քեզ ասել
ինչ-որ կարևոր բան բայց չեմ կարող թղթին գրել։ Եթե դու որոշես մի անգամ էլ գալ միգուցե
ես ասեմ քեզ։ Մի մտածիր որ ես անսիրտ եմ։ Եթե ես կարողանայի ինչ-որ բան փոխել կփոխեի
բայց ես չեմ կարող։
Այս նամակը աշխատանքիդ վայրն եմ ուղարկում քանի որ հիշում եմ
հյուրանոցի անունն ու քաղաքը այնպես որ ուղեղս ինչ-որ հարցում հրաշալի է աշխատում։
Դորին մտածեց, որ պետք է խոսել
նրա հետ այս նամակի մասին հաջորդ հանդիպման ժամանակ։ Վերընթերցեց այն մի քանի անգամ,
բայց այդպես էլ չիմացավ՝ ինչպես դրան վերաբերվի։ Խոսել ուզում էր միայն մի բանի մասին,
ինչը նա կարծում էր անհնար էր նամակում արտահայտել։ Բայց երբ նրանք հանդիպեցին հաջորդ
անգամ, նա իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ էլ չէր գրել։ Դորին զրույցի համար չէր
կարողանում թեմաներ գտնել և սկսեց պատմել մի ազգային երգեր երգող երգչուհու մասին՝
երբեմնի շատ հայտնի, որը մի ամբողջ շաբաթ մնացել էր իրենց մոթելում։ Ի զարմանս Դորիի՝
պարզվեց, նա գիտեր այդ երգչուհու մասին ավելին, քան Դորին։ Պարզվեց, որ նա հեռուստացույց
ուներ (կամ էլ նրան ընդհանուր հեռուստացույցի մոտ էին թողնում) և նա անընդհատ տարբեր
ծրագրեր էր նայում ու նորությունները, դե իհարկե։ Դա նրանց զրույցին փոքր-ինչ հավելյալ
թեմա տվեց, բայց հետո Դորին չհամբերեց.
-Ուրեմն ինչի՞ մասին էիր ուզում
ինձ ասել անձամբ, ոչ նամակով։
Նա պատասխանեց. «Ավելի լավ
է՝ չհարցնեիր»։ Ասաց, որ իրենք դեռ պատրաստ չեն նման խոսակցության համար։
Դորին վախեցավ։ Իսկ եթե խոսք
գնա այնպիսի մի բանի մասին, որն ինքը չի կարող լսել, ինչ-որ անտանելի բանի մասին, օրինակ,
այն մասին, որ նա դեռ սիրում է իրեն։ Դորին ընդհանրապես չէր կարող այժմ լսել «սեր»
բառը։
-Լա՛վ,- համաձայնեց նա։-Միգուցե
իսկապես պատրաստ չենք։
Բայց հետո մտափոխվեց։
-Բայց, ամեն դեպքում, լավ
է՝ ասես։ Իսկ եթե ես դուրս գամ այստեղից ու մեքենայի տակ ընկենեմ։ Այդ դեպքում ես երբեք
ոչինչ չեմ իմանա, և դու արդեն չես կարող ինձ ոչինչ ասել։
-Ճիշտ է,-գլխով արեց Լոյդը։
-Դե ուրեմն՝ ինչի՞ մասին է
խոսքը։
-Հաջորդ անգամ։ Հաջորդ անգամ։
Ես երբեմն ընդհանրապես չեմ կարողանում խոսել։ Ուզում եմ ասել, բայց բառերը կոկորդիցս
դուրս չեն գալիս։
Ես անընդհատ մտածում էի քո մասին Դորի այն պահից երբ դու գնացիր
կներես որ հիասթափեցրի քեզ։ Երբ դու նստած ես դիմացս ես ավելի շատ եմ հուզվում քան
հավանաբար երևում է արտաքուստ։ Իսկ ես իրավունք չունեմ հուզվելու երբ դու այստեղ ես
քանի որ դու ավելի շատ իրավունք ունես հուզվելու քան ես իսկ դու այնքան լավ ես տիրապետում
քեզ։ Մի խոսքով նահանջում եմ վերադառնում նրան ինչ ասում էի նախկինում քանի որ եկա
այս եզրահանգմանը որ քեզ գրելը ավելի լավ կլինի քան ասելը։
Հիմա կգրեմ։
Երկինք գոյություն ունի։
Գեղեցիկ է հնչում բայց իմ շուրթերից ճիշտ չէ քանի որ ես երբեք
չեմ հավատացել Երկնայինին, Դժոխքին և նման բաների։ Միշտ կարծել եմ դրանց մասին զրույցները
աղբ են։ Այդ պատճառով էլ պետք է որ անսովոր հնչի որ ես հիմա խոսում եմ դրա մասին։
Անմիջապես ասեմ ես տեսել եմ երեխաներին։
Ես տեսել եմ նրանց ու խոսել նրանց հետ։
Այնտեղ։ Ի՞նչ ես հիմա դու մտածում։ Դու իհարկե մտածում ես ահա
նա վերջնականապես ցնդել է։ Կամ էլ երազ է տեսել ու չի հասկացել որ երազ է չի կարողանում
տարբերել երազն ու իրականությունն իրարից տարբերում եմ և այն ինչ տեսել եմ իրական էր
նրանք գոյություն ունեն։ Հասկանո՞ւմ ես կան։ Ես չեմ ասում որ նրանք կենդանի են քանի
որ ապրել հնարավոր է միայն այն Իրականության մեջ որում մենք ենք ապրում իսկ ես չեմ
ասում որ նրանք մեր Իրականության մեջ են։ Նրանք այստեղ չեն։ Բայց նրանք կան և ուրեմն
նշանակում է կա նաև այլ Իրականություն բայց ես գիտեմ միայն որ ես թափանցել եմ դրանցից
մեկը հենց այնտեղ որտեղ նրանք են։ Հավանաբար ես հայտնվեցի այնտեղ քանի որ այսքան ժամանակ
միայնության մեջ էի և ամբողջ ժամանակ մտածում ու մտածում ու մտածում էի միայն մի բանի
մասին։ Այդ պատճառով էլ մեծագույն չարչարանքներից ու միայնությունից հետո Վերին օգնությունն
իջավ ինձ վրա ու նվիրեց մտածածս որպես պարգև։ Ինձ որ աշխարհում ամենաքիչն է արժանի
ընդհանուր կարծիքի համաձայն։
Եթե դու մինչև այժմ կարդացել ու չես պատռել նամակը նշանակում
է դու ուզում ես իմանալ ինչ-որ բան։ Այսինքն ինչպես են նրանք այնտեղ։
Նրանք լավ են։ Նրանք շատ զարգացած են ու երջանիկ։ Եվ ընդհանրապես
ոչ մի վատ բան չեն հիշում։ Միգուցե փոքր-ինչ մեծացել են քան եղել են բայց այդ մասին
դժվար է դատողություն անել։ Երևում է նրանք տարբեր մակարդակի են խելացի։ Այո։ Այնտեղ
երևում է Դեմիտրին սովորել է խոսել իսկ մինչ այդ չէր կարողանում։ Եվ նրանք այնտեղ սենյակ
ունեն որը ես մասամբ ճանաչեցի։ Այն նման է մեր տան սենյակին բայց ավելի լավն է ավելի
ընդարձակ։ Ես հարցրի նրանց ով է նրանց հետևում իսկ նրանք ծիծաղեցին ու պատասխանեցին
մոտավորապես այսպես մենք ինքներս այժմ կարող ենք մեր մասին հոգալ։ Ինձ թվաց դա Սաշան
պատասխանեց։ Երբեմն նրանք մեկ-մեկ են խոսում իսկ երբեմն ինձ չէր հաջողվում տարանջատել
նրանց ձայները բայց ով որտեղ է ես հասկանում էի հստակ ու ասեմ նրանց համար այնտեղ ուրախ
է։
Միայն չմտածես որ ես խելագար եմ։ Ես այնպես եմ վախենում դրանից
որ քեզ ոչինչ չասացի։ Ես իսկապես ինչ-որ ժամանակ խելագար էի բայց հավատա ինձ ես ինձնից
թոթափեցի իմ ողջ խելագարությունը ինչպես արջն է փոխում իր բուրդը։ Ոչ հավանաբար պետք
է ասել օձն է փոխում կաշին։ Ես գիտեմ որ եթե
ես դա չանեի ինձ չէր հաջողվի երբեք միավորվել Սաշայի ու Բարբարա Էննի ու Դեմիտրիի հետ։
Եվ ես կուզեի որ քո մոտ էլ ստացվի քանի որ եթե դա կախված է արժանիքներից ապա դու ավելի
շատ ես արժանի։ Քեզ համար ավելի դժվար կլինի քանի որ դու աշխարհում ավելի շատ ես ապրում
քան ես բայց համենայն դեպս ես քեզ ամեն ինչ Իրողությունը պատմեցի ու պատմելով որ տեսել
եմ նրանց հույս ունեմ որ դու թեթևություն կզգաս։
Դորին փորձեց պատկերացնել՝
ինչ կասեր կամ կմտածեր միսիս Սենդսը՝ կարդալով այս նամակը։ Նա, իհարկե, շատ զգուշորեն
կարտահայտվեր։ Վերջնական վճիռ չէր կայացնի՝ խելագարություն, բայց կամաց, աստիճանաբար
կմոտեցներ Դորիին այդ եզրահանգմանը։
Կամ ավելի լավ է այսպես ասել՝
չէր մոտեցնի եզրահանգմանը, այլ կստիպեր Դորիին ինքնուրույն հանգել դրան։ Եվ կներշնչեր,
որ այդ ամբողջ վտանգավոր հիմարությունը (միսիս Սենդսի արտահայտությունն է) պետք է դուրս
նետել գլխից։
Ահա թե ինչու Դորին սկսեց
խուսափել միսիս Սենդսից։
Ո՛չ, իրականում Դորին նրան
խելագար էր համարում։ Եվ նաև այն, ինչ նա գրել էր, մի փոքր սնապարծ երանգ ուներ, որ
հատուկ էր նրան նաև նախկինում։ Նամակին Դորին չպատասխանեց։ Օրեր անցան։ Շաբաթներ։ Դորին
չէր փոխում իր կարծիքը, բայց միևնույն ժամանակ իր համար պահում էր նաև այն, ինչ նա
գրել էր, ինչպես գաղտնիքն են պահում։ Եվ երբեմն հանկարծակի, երբ ցանում էր լվալու հեղուկը
լոգարանի հայելու վրա կամ ուղղում էր սավանը մահճակալի վրա, հանկարծակի նրան տարօրինակ
զգացում էր այցելում։ Գրեթե երկու տարի նա դույզն-ինչ ուշադրություն չի դարձրել այն
բաներին, ինչն ուրախացնում է մարդկանց՝ լավ օր, ծաղիկներ կամ թարմ հացի հոտը՝ հացաբուլկեղենի
խանութից։ Ընդհանուր առմամբ նման հանկարծահաս բուռն ուրախություն այժմ էլ նրա մոտ չէր
ծնվում, բայց նա հենց այնպե՜ս, աղոտ հիշում էր՝ թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում։
Ընդ որում այդ ամենը ընդհանուր ոչինչ չուներ ո՛չ եղանակի, ո՛չ ծաղիկների հետ։ Նա անընդհատ
մտածում էր այն մասին, որ երեխաները գտնվում են, նրա բառերով ասած, «այլ Իրականությունում»։
Այդ միտքը հետապնդում էր Դորիին իր կամքից անկախ, և երկար տարիների ընթացքում առաջին
անգամ նա սկսում է ոչ թե ցավ, այլ թեթևություն զգալ։
Այն պահից, երբ ամեն ինչ տեղի
ունեցավ, Դորին փորձում էր անմիջապես վանել ցանկացած հիշողություն երեխաների մասին,
այն շտապ դուրս քաշել, ինչպես դանակը կոկորդից։ Նա անգամ մտովի չէր կարողանում արտաբերել
նրանց անունները և եթե լսում էր նրանցից մեկի անունը, ապա այն նույնպես շուտափույթ
դեն էր նետում։ Անգամ երեխաների ձայները, աղմուկը, ոտքերի թփթփոցը մոթելի լողավազանի
մոտ մերժվում էին նրա գիտակցության կողմից և հնչում էին ասես դարպասից այն կողմ, որով
նա փակում էր իր լսողությունը։ Այժմ նա ապաստան ունի, որտեղ կարող է թաքնվել ամեն անգամ,
երբ շուրջը նմանատիպ վտանգներ էին ծագում։
Եվ ո՞վ է նվիրել նրան այդ
ապաստանը։ Միայն ոչ միսիս Սենդսը, սա որ հաստատ է։ Ո՛չ սեղանի կողքին երկար նստելը,
որի վրա նախատեսված-դրված է անձեռոցիկի տուփը։
Նրան դա Լոյդն է պարգևել։
Լոյդը՝ այդ քայլող մղձավանջը, այդ հասարակությունից առանձնացրած անմեղսունակը։
Լավ, անվանեք նրան անմեղսունակ,
եթե կուզեք։ Բայց չէ՞ որ հնարավոր է, որ նա ճշմարտությունն է ասել, որ նա իսկապես եղել
է այն ափին։ Եվ հետո մի՞թե մարդու երևակայականը, որը նման բան է արել և նման ճանապարհ
է անցել, հեչ բան է։
Նման մտքերը կամաց-կամաց թափանցում
էին նրա գլուխ և մնում էին այնտեղ։
Նա նաև մտածում էր, որ բոլոր
մարդկանցից, որ ապրում են աշխարհում, Լոյդը միակն է, ում հետ ինքը պիտի լինի։ «Ուրիշ
ինչի՞ համար եմ ես պետք այս աշխարհում,- հարցնում էր Դորին երևակայական զրուցընկերոջը՝
միգուցե միսիս Սենդսին,- ուրիշ ինչի՞ եմ ես պիտանի, բացի նրա ասածը լսելուց»։
«Ես, ա՜խր, չասացի «ներում
եմ»,-շարունակեց նա մտովի բացատրել միսիս Սենդսին։-Եվ երբեք դա չեմ ասի։ Երբե՛ք։
Բայց լսեք. մի՞թե ես էլ ճիշտ
նրա պես կտրված չեմ աշխարհից։ Իմ պատմությունն իմացող մարդկանցից ոչ մեկը չի ուզենա
հանդուրժել ինձ իր կողքին։ Ես մարդկանց հիշեցնում եմ այն մասին, ինչի մասին նրանք ուզում
են մոռանալ, որովհետև ի զորու չեն դիմանալ այդպիսի հիշողություններին։
Եվ անօգուտ է թաքնվել օտար
դիմակների տակ։ Չենթարկվող ոսկեգույն մազերից այս թագը իմ գլխին ուղղակի խղճուկ է երևում»։
Դորին ուշքի եկավ և նկատեց,
որ նորից ավտոբուսում է։ Հիշեց՝ ինչպես մոր մահից շատ չանցած գաղտնի վազում էր Լոյդի
հետ հանդիպման։ Ստիպված էր ստել այն կնոջը, ում մոտ նա այն ժամանակ ապրում էր։ Անգամ
հիշեց մոր այդ ընկերուհու անունը՝ Լորի։
Իսկ ո՞վ է բացի Լոյդից հիմա
հիշում նրա երեխաների անունները, ո՞վ կարող է հիշել՝ ինչ գույնի էին նրանց աչքերը։
Միսիս Սենդսը, երբ պետք էր նրանց մասին խոսել, չէր արտաբերում անգամ «երեխաներ» բառը,
ասում էր «Ձեր ընտանիքը»՝ ասես սոսնձելով մի ընդհանուր գնդիկի մեջ։
Երբ նա վազում էր Լոյդի մոտ
ու ստում էր Լորիին, նա չէր ամաչում։ Նա ենթարկվում էր վերին ուժերին՝ ճակատագրին։ Նրան թվում էր, որ ինքը աշխարհիս երեսին ապրում
է միայն Լոյդի համար, որ նրա հետ լինի ու փորձի հասկանալ նրան։
Դե, հիմա որ ամեն ինչ այդպես
չէ։ Դա նույնը չէ։
Դորին նստել էր առջևում՝ վարորդի
հակառակ կողմում և դիմապակու միջով նայում էր ճանապարհին։ Այդ պատճառով էլ նա միակն
էր ուղևորներից, չհաշված վարորդը, որ տեսավ, թե ինչպես փոքրիկ բեռնատարը, անգամ չարգելակելով,
հանկարծ դուրս ցցվեց կողքի ճանապարհից, հատեց դատարկ կիրակնօրյա ավտոմայրուղին հենց
ավտոբուսի քթի տակով և թռավ ճանապարհամերձ փոսի մեջ։ Հետո տեղի ունեցավ ավելի զարմանալի
մի բան. բեռնատարի ղեկին նստած մարդը թռավ ու անցավ օդի միջով՝ նպատակաուղղված ու,
ասես թե, դանդաղեցված, անփութորեն ու նրբագեղ, և տապալվեց ճամփեզրի մանրախճին։
Մյուս ուղևորները սկզբում
չհասկացան, թե ինչու ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակեց՝ ստիպելով նրանց բոլորին առաջ
հակվել։ Իսկ Դորին առաջին վայրկյանին միայն զարմացավ. «Ինչպե՞ս նա դուրս թռավ այնտեղից»։
Բավականին երիտասարդ տղամարդ... պատանի։ Հավանաբար քնել է ղեկին։ Բայց ինչպե՜ս նա դուրս
թռավ մեքենայից, այդպե՜ս գեցեցիկ դուրս նետվեց։
-Տղան այնտեղ առջևում...-
հայտարարեց վարորդը ռադիոյով։ Նա փորձում էր խոսել բարձր ու հանգիստ, բայց ձայնում
զգացվում էր զարմանքի, անգամ սարսափի դող։- Թռավ ճանապարհի վրայով և ուղիղ փոսի մեջ։
Մենք կշարունակենք մեր երթևեկությունը, հենց կարողանանք։ Բոլորին խնդրում եմ չլքել
ավտոբուսը։
Դորին, ասես չլսելով նրան
կամ էլ հենց հիմա իրեն պիտանի զգալով, դուրս եկավ ավտաբուսից առաջինը, անգամ վարորդից
շուտ։ Վերջինս նրան ոչ մի դիտողություն չարեց։
-Գրողի տարած հիմար,- հայհոյում
էր նա, մինչև նրանք անցնում էին ճանապարհը, և հիմա նրա ձայնի մեջ միայն բարկություն
ու դժգոհություն էր հնչում։- Գրողի տարած հիմար, կաթնակեր, ի՞նչ արեցիր, հը՞ն։
Տղան պառկած էր մեջքի վրա՝
լայն բացած ձեռքերն ու ոտքերը՝ նման ձնից սարքած հրեշտակի, միայն թե նրա կողքին մանրախիճ
էր, ոչ թե ձյուն։
Աչքերը մինչև վերջ չէին փակված։
Շատ երիտասարդ էր։ Հասակով ավելի տարեցի էր նմանվում, և նաև, պետք է որ, դեռ ոչ մի
անգամ չէր էլ սափրվել։ Եվ հավանաբար վարորդական իրավունք էլ չուներ։
Վարորդը խոսում էր հեռախոսով.
-Մոտավորապես մեկ մղոն Բեյֆիլդից,
21-րդ մայրուղու վրա։ Ճանապարհի արևմտյան կողմում։
Բարակ վարդագույն վտակ հայտնվեց
տղայի գլխի տակից՝ ականջի կողքից։ Այն բոլորովին արյան նման չէր։ Ավելի շուտ փրփուրի
էր նման, որ ստացվում է ելակի մուրաբան եփելիս։
Դորին ծնկի եկավ նրա կողքին
և ձեռքը նրա կրծքավանդակին դրեց։ Շարժում չկա։ Նա հակվեց ու մոտեցրեց ականջը։ Ինչ-որ
մեկը ոչ այնքան առաջ արդուկել է նրա վերնաշապիկը, զգացվում էր արդուկի բույրը։
Շնչառություն չկար։
Այնինչ նրա մատները կարողացան
տղայի հարթ պարանոցի վրա զարկ շոշափել։
Դորին հիշեց՝ ինչպես են իրեն
սովորեցրել ցուցաբերել առաջին օգնություն։ Լոյդն էր սովորեցրել։ Նա ասում էր՝ ինչ պետք
է անել, եթե երեխաները վթարի ենթարկվեն, և ինքը մոտակայքում չլինի։ Լեզուն։ Եթե լեզուն
կոկորդն ընկնի, այն կարող է փակել շնչուղիները։ Դորին մի ձեռքը տղայի ճակատին դրեց,
իսկ մյուսի երկու մատներով բռնեց նրա կզակից։ Բռնել գլուխը ճակատից ու ուժ գործադրել
կզակին, որպեսզի բացվի օդի ճանապարհը։ Ո՛չ ուժեղ, բայց կտրուկ թեքել գլուխը։
Եթե չսկսի շնչել՝ արհեստական
շնչառություն անել։ Դորին սեղմեց քթանցքերը, խորը շունչ քաշեց և հետո բերանով հպվեց
տղայի շրթունքներին և սկսեց շնչել։ Երկու արտաշունչ,
ապա դադար, երկու արտաշունչ, դադար։
Եվս մի տղամարդու ձայն լսվեց,
ո՛չ վարորդի։ Երևում է, ինչ-որ մեքենա է կանգնել։
-Միգուցե գլխի տակ ծածկո՞ց
դնենք։
Դորին թեթևակի շարժեց գլուխը։
Նա ևս մի կանոն հիշեց։ Չի կարելի շարժել տուժածին, որպեսզի չվնասվի ողնուղեղը։ Նորից
հակվեց տղայի բերանին։ Սեղմեց նրա կրծքավանդակին՝ զգալով տաք, հարթ մաշկը։ Արտաշունչ,
դադար։ Արտաշունչ, դադար։ Դորիի դեմքը թեթևակի քրտինքով պատվեց։
Վարորդն ինչ-որ բան էր ասում,
բայց Դորին չէր կարողանում անգամ նրան նայել։ Եվ այդ պահին նա հաստատ զգաց. տղան շնչեց։
Դորին բացեց մատները տղայի կրծքին։ Սկզբից դժվար էր ասելը՝ ինչից էր բարձրանում կրծքավանդակը,
միգուցե դա նրա սեփական մատների դողից էր։
Այո՛, այո՛։
Սա անկասակած իսկական շնչառություն
էր։ Օդի համար մուտքը բաց էր։ Տղան ինքնուրույն էր շնչում։ Շնչում էր։
-Ավելի լավ է ծածկեք նրա վերևի
հատվածը,- ասաց նա ծածկոցը ձեռքին պահած տղամարդուն, որպեսզի տաքանա։
-Կենդանի՞ է,- հարցրեց վարորդը՝
կռանալով նրա կողմը։
Դորին շարժեց գլուխը։ Նրա
մատները կրկին զգացին զարկը։ Սարսափելի վարդագույն փրփուրն այլևս չէր հոսում։ Միգուցե
դրա մեջ սարսափելի բան չկար էլ։ Միգուցե դա գլխուղեղից էլ չէր։
-Ես Ձեր պատճառով չեմ կարող
այլևս սպասեցնել ավտոբուսը,- ասաց նրան վարորդը։- Մենք արդեն առանց այդ էլ շատ ենք
ուշանում։
-Ոչինչ, գնացեք,-մեջ ընկավ
երկրորդ տղամարդը,-կմնամ այստեղ։
«Լռե՛ք, լռե՛ք»,- մտովի նրանց
էր դիմում Դորին։ Նրան թվում էր, որ լռությունը հիմա չափազանց կարևոր է, որ տղայի մարմնից
դուրս աշխարհում ամեն ինչ պետք է կենտրոնանա, միասնական ջանքով պետք է փորձի օգնել
այս մարմնին չշեղվել, կատարել պարտադիրը՝ շնչել։
Թույլ, բայց հավասարաչափ նրա
կոկորդից սկսեց դուրս գալ խռռոցը։ Կուրծքը հնազանդորեն բարձրանում էր։ Պի՛նդ կաց, դիմացի՛ր։
-Հե՜յ, լսո՞ւմ եք։ Այս տղան
կմնա այստեղ և կօգնի ինչ-որ բանի դեպքում,- խոսում էր վարորդը,- «Շտապն» արդեն ճանապարհին
է։
-Գնացե՛ք,- պատասխանեց Դորին։-
Ես «Շտապով» քաղաք կհասնեմ, իսկ Ձեր ավտոբուս երեկոյան կնստեմ, երբ վերադառնալիս կլինեք։
Վարորդն ստիպված էր կռանալ՝
նրան լսելու համար։ Նա հազիվ լսելի էր խոսում՝ չբարձրացնելով գլուխը, ասես փորձելով
թանկարժեք շնչառությունից որքան հնարավոր է քիչ վատնել ։
-Հաստա՞տ եք որոշել,- հարցրեց
վարորդը։
Հաստա՛տ։
-Ուրեմն, նշանակում է, Լոնդոն
գնալու կարիք չունե՞ք։
Ո՛չ, չունեմ։
Թարգմանությունը՝ Արման Վերանյանի, 2020 թ․
Այլ աղբյուրներում ամբողջովին կամ մասնակի հրապարակելու դեպքում պարտադիր է նշել սկզբնաղբյուրը (Arman Veranyan's Blog)։
[1]Նկատի ունի Կանադայի
Օնտարիո մարզի կազմում գտնվող Լոնդոն քաղաքը։
[2]You are
Poet, and don’t know it…- «CBC-ի երիտասարդական
արվեստի փառատոնի» 12-րդ էպիզոդի անվանումը։
[3] La Leche League-միջազգային աշխարհիկ կազմակերպություն
է, որն աջակցում է կրծքով կերակրող կանանց խորհրդատվություններով ու տեղեկատվություն
տրամադրելով։ Հիմնադրվել է ԱՄՆ-ի Իլինոյս քաղաքում 1956 թվականին։
[4]Օպտոմետրիստ-Աչքերի
բժիշկ, տեսողության չափող։
[5]Ձեռքի լվացի համար
շերտավոր մակերևույթով տախտակներ։
[6]Բառախաղ, որ ընդգծում
է հերոսի մեծամտությունը։
[7]Կատատոնիա- Կատատոնիկ
սինդրոմ, հոգեկան խանգարման վիճակ՝ շարժողության ֆունկցիայի խանգարման գերակշռությամբ
[8]Պերտուրբացիա-վայրիվերո
փոփոխություններ, խանգարմունք։
[9]Ճանաչիր ինքդ քեզ-Ապոլլոնի
տաճարի վրայի գրությունն է, սոկրատյան փիլիսոփայության նշանաբանն է։
[10]Ամենից առաջ հավատարիմ
եղիր ինքդ քեզ- Շեքսպիրի «Համլետից» է, Պոլոնիուսի խոսքերը որդուն՝ Լաերտին։
[11]Վերաձևակերպված
է ԱՄՆ-ի ռազմական պարգևի՝ «Պատվի մեդալի» (Medal of Honor) անունը։
Комментариев нет:
Отправить комментарий