Ծնողներն անմիջապես երեխային դրեցին դագաղի մեջ և դուրս բերեցին: Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց:
Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել: Նա հասցրեց արթնանալ մինչև փոսի մեջ հայտնվելը: Ամեն ինչ սկսվեց մահանման կյանքից և ավարտվեց մահանման կյանքով: Երկու հիվանդություն՝ սկզբում սև ծաղիկը, ապա հոգեկան խանգարումը, փորձեցին Մուրացանից խլել կյանքը: Առաջինին չհաջողվեց, երկրորդի մոտ ստացվեց: Մուրացանի ցեղում կային հոգեկան խանգարում ունեցողներ: Հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը նոպաներ էր ունենում և ուշաթափվում...
***
Ոսկեհատ Թավրիզյան: Ուսյալ, կրթյալ, հասարակական կյանքում բավական ակտիվ շուշեցի այս կինը դարձավ Մուրացանի ճակատագիրը: Նա մտավ Մուրացանի կյանք կարծես թե դժկամորեն, իսկ հեռանալով՝ ավերեց մի կյանք, որ ամբողջությամբ նվիրված էր իրեն:
Մուրացանը սիրահարվել էր վաղուց՝ դեռ պատանի եղած ժամանակ, հետո տեղափոխվել էր Թիֆլիս: Նամակ նամակի ետևից, խոստովանություն խոստովանության ետևից: Եվ անփոխադարձություն անփոխադարձության ետևից: Մուրացանի առաջարկով ուսման պատրվակով Ոսկին գալիս է Թիֆլիս, ընդունվում մանկավարժական կուրսեր և հաջողությամբ ավարտում դրանք: Այդ ընթացքում Մուրացանը սկսում է դարպասել նրան, հաճախ օրվա ընթացքում 2-3 նամակ էր գրում: Դա մի աննկարագրելի սեր էր տղամարդու կողմից:
Մուրացանը ինտուիտիվ զգացողություն ուներ, կանխազգալու ունակություն: Ի սկզբանե նա ինչ-որ բան էր զգում իր և Ոսկեհատի հետ կապված, օդի մեջ որսում հեռակա վտանգ, բայց չէր հասկանում, թե դա ինչ է: Չոր թվերի մեջ խճճված, ուրիշների նյութական գործերը անթերի կատարող այս հաշվապահը գիտեր լինել պոետիկ և վեհ, բարի և մաքուր, լինել անհաշվենկատ և անշահախնդիր իր զգացմունքների և դրանց խոստովանման մեջ:
1885թ. նրանք ամուսնացան: Մուրացանի համար սկսվեց կյանքի մի նոր փուլ, երբ Ոսկեհատ Թավրիզյանը արդեն իր կողքին էր, ում կարող էր անվերջ տեսնել, գուրգուրել, ծառայել, հերոսացնել: «Ես սիրում եմ, որ դու միշտ հրամայես ինձ, և ես հնազանդվեմ: Ես կամենում եմ, որ դու կին չլինես, այլ հերոսուհի»:
Նա միաժամանակ մի քանի տեղ էր աշխատում որպես հաշվապահ: Այդ լարված աշխատանքը նրա համար անցնում էր բերկրանքով, քանի որ գործից հետո ուներ տեղ շտապելու՝ իր տուն, որտեղ սպասում էր սիրելի կինը՝ Ոսկի անունով, և իրար ետևից լույս աշխարհ եկած զավակները: Նրանք միշտ միասին էին, բացառությամբ ամռան ամիսների, երբ ընտանիքը մեկնում էր Շուշի հանգստանալու, իսկ ինքը մնում էր Թիֆլիսում՝ փող վաստակելու: Բայց ինչպես և մինչ ամուսնանալը, այնպես էլ հիմա, նամակագրությունը գրեթե միակողմանի էր: Դա ընկճում էր Մուրացանին: Այս ամենին գումարվում էին նրա երազները: Տագնապ՝ դավաճանության թեմաներով...
Մուրացանի զգացողությունն աննկարագրելի սուր էր, և այն երբեք նրան չէր խաբում: Համատեղ կյանքի 12-րդ տարում հանգուցալուծվեց այն, ինչի գործընթացը սկսվել էր ամուսնությունից մեկ տարի անց: Ոսկի անունով կինը ամենևին էլ ոսկի սիրտ չուներ, այլ մի քիչ գոռոզ, մի քիչ շփացած կնոջ սովորական սիրտ: Եվ Մուրացանը հանուն այդ սրտի վճարեց ամենաթանկ գինը: Նա իրեն թույլ չէր տալիս կասկածել կնոջը, նաև ընկերոջը, ում տանը հաճախակի էր հյուրընկալվում և հաց կիսում նրա հետ: Նաև՝ սրտային գաղտնիքները:
***
Սպանդար Սպանդարյան: Նա աշխատակցել էր «Մշակին», հրատարակել «Մեղու Հայաստանի», ապա «Նոր դար» թերթերը: Այս մարդը ավելի շատ հայտնի է որպես բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի հայր: Ոսկիին հարազատ էր Սպանդարը: Միակ անհարմարությունն այն էր, որ այս մարդն իր ամուսնու մտերիմ ընկերն էր, իսկ նրա կինը դարձել էր նաև ի՛ր ընկերուհին: Բայց այդ ամենը չխանգարեց, որ Ոսկին կայացնի իր որոշումը հօգուտ Սպանդարյանի: Թիֆլիում արդեն խոսում էին Մուրացան-Ոսկի-Սպանդար եռանկյան մասին: Առաջին և միակ քայլը, որին դիմեց Մուրացանը, հարաբերությունների խզումն էր... Սպանդարի հետ: Նա այլևս որևէ գործ չառաջարկեց «Նոր դարին»: Մուրացանի ստեղծագործությունները սկսեցին տպագրել «Արձագանքում»՝ գցելով Սպանդարյանի հրատարակած թերթի վարկանիշը: Սա՛ էր Մուրացանի վրեժխնդրության տեսակը: Իսկ կնոջ նկատմամբ չձեռնարկեց ոչ մի ակնհայտ քայլ:
Ընտանիքի շուրջ ծավալված հետաքրքրությունը անտանելի էր Ոսկիի համար, և նա պարտադրում է ամուսնուն իրեն երեխաների հետ Գերմանիա ուղարկել: 1898-ին երկու երեխաների եհտ մեկնում է Բեռլին: Գուրգենը՝ ավագ որդին, մնում է հոր հետ:
***
Նա շատ ժամանակ չուներ Գուրգենի դաստիարակությամբ զբաղվելու և վարձում է մի վարժուհի՝ Սոֆյա Մալիտսկայա անունով: Ազնիվ, բարի, հոգատար, խելացի Սոֆյան Մուրացանի համար ստեղծեց ընտանեկան տաքուկ, հաճելի մթնոլորտ: Բայց երեխան կարոտում էր մորը, քրոջն ու եղբորը: Հայրը նրան նույնպես ուղարկեց Բեռլին: Դա կատարյալ ճգնաժամ էր: Միայն Սոֆյան էր, որ համառորեն փորձում էր կյանք ներարկել Մուրացանին և ուժ տալ ապրելու համար: Մոտ տասը տարի նրանք միասին էին: Գուրգենին Բեռլին ուղարկելուց հետո քաղաքին բամբասանքի սնունդ չտալու համար Սոֆյան ստիպված եղավ տեղափոխվել առանձին բնակարան, ամուսնացավ, և հիմա էլ ամուսիններով շարունակեցին հոգ տանել Մուրացանի մասին: Բայց նրա առողջությունը վատանում էր, հաճախակի դարձած գլխացավը, ուշաթափությունները վկայում էին, որ գենետիկ հիվանդությունը սրվում էր: Մուրացանը հիմնավորապես ընկնելու էր անցյալի գիրկը: Անձնական ողբերգություններին 1906-ին գումարվեց թուրքերի կողմից Շուշիի կոտորածը, իրենց տան ավելումն իր աչքի առջև, տուն, որտեղ թանկ հուշերից զատ այրվեց նաև «Գևորգ Մարզպետունի» վեպի ձեռագիրը: Մուրացանը մեռավ Թիֆլիսի հոգեբուժարանում բացարձակ միայնության մեջ: Դա 1908-ի օգոստոսի 30-ն էր: Սակայն մահը վերջակետ չդրեց ծավալվող պատմություններին: Հիվանդությունից առաջ նա ձեռնարկել էր իր երկերի լիակաար ժողովածուի հրատարակումը և այդ նպատակով 400 ռուբլի կանխավճար էր տվել: Մի խումբ հայ մտավորականներ որոշում են այդ ծրագիրը գլուխ բերել: Բայց հայտնվում է Ոսկիի նամակը, որով նա ընդդիմանում է այս ձեռնարկին՝ մեկնաբանելով, որ ինքը նպատակահարմար է գտնում տպագրությանը հատկացվելիք գումարը ծախսել դստեր նկարչական ձիրքը կատարելագործելու համար: Կար մեկը, ով հրահանգներ էր ուղարկում և անգամ Մուրացանի մահից հետո կնոջ միջոցով փորձում վրեժխնդիր լինել «Նոր դարին» հասցրած վնասի համար: Սպանդար Սպանդարյան: 1910թ. այս մարդը մեկնում է Փարիզ: Ոսկեհատը տարերքի մեջ էր: Լենինը նրան հանձնարարել էր հոգ տանել և խնամել հիվանդացած Սպանդարյանին:
Ինչ մնաց Մուրացանի և Ոսկիի սիրավեպից: Նրա վերջին նամակի վերջին տողերն են. «Ե՛կ, իմ կյանք, իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ երկինք և արքայություն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճաշակեմ»:
(Ն. Թուխիկյան «Խոստովանություն»)
1 комментарий:
Ինչպիսի դաժան ճակատագիր․․․ Գենետիկ հիվանդություն և չափազանց նուրբ հոգու տեր Մուրացանի համար շուշեցի չորսիրտ կնոջը սիրահարվելը ճակատագրական անթույլատրելի շռայլություն էր․․
Отправить комментарий