2016-05-22

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ "ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ" մաս 2

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Չարենցի ստեղծագործական ուղին տեւել է 25 տարի: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1912-ին, վերջինները գրվել են 1937-ին: Քառորդ դարը երկար ճանապարհ չէ, բայց, հաշվի առնելով գրողի գաղափարագեղագիտական գարգացման առանձնահատկությունները, կարելի է բաժանել փուլերի: Չարենցի մեջ, մեկը մյուսին շարունակելով ու ամբողջացնելով, երբեմն նաեւ հերքելով, ասես ապրում էին մի քանի ստեղծագործող՝ հայրենիքի ողբերգության ու մարդու ողբերգության բանաստեղծը, խորհրդավոր երազանքների ճամփորդը (1912-1917), կյանքի վերափոխման պայքարի մունետիկն ու իր ժողովրդի փորձության ժամի ողջակեզը (1918-1921), նոր արվեստի պատգամախոսն ու նոր օրերի երգիչը (1922-1924), ժամանակի վիպական պատմության տարեգիրը (1925-1930), պատմության երթի ու ժողովրդի բախտի փիլիսոփան (1931-1934), ողբերգական մաքառումի ու սխրանքի ճշմարտախոս վկան (1935-1937): Չարենցի պես ստեղծագործ անհատը պատմության առջեւ կանգնում է ժամանակի ամբողջ ընդգրկումով: Իսկ ժամանակը նրա համար ե՛ւ իր կյանքի ժամանակն էր, ե՛ւ պատմության ժամանակը: Այդ լայնությամբ էլ նա ի մի է բերում հայ եւ համաշխարհային գեղարվեստական զարգացման հարուստ փորձը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: Մարդկային ապրումների անսահման աշխարհում՝ սիրո, կարոտի, երազանքների ու կյանքի իմաստի որոնման բարդ հանգույցներում, Չարենցն սկզբից եւեթ հաստատեց իր անմնացորդ նվիրումը հայրենիքին: Ազգային ցավի ողբերգությունն ու վերածնության հույսը դարձան նրա ապրումների առանցքը, նրա ինքնարտահայտման ու ինքնաճանաչման հիմքը: «Կապուտաչյա հայրենիք» (1915) անավարտ պոեմը 18-ամյա բանաստեղծի հարազատության հավաստումն էր հայրենիքին եւ հայրենիքի հանդեպ տածած իր զգացմունքների քնարական վերապրումը: Օգտագործելով դիմառնության ձեւը՝ Չարենցը մարդկայնորեն անձնավորում Է հայրենիքը՝ դիմելով նրան «Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիսՕ՜, հեռու իմ քույր…» արտահայտություններով: Զգացմունքի անմիջական տարերքը շատ շուտով բախվում է իրականությանը: Կամավորական զորքերի հետ հայրենիքի փրկության հույսով հասնելով մինչեւ Վան՝ բանաստեղծը տեսնում է իրական հայրենիքի վիճակը եւ տեսածի ու զգացածի անմիջական տպավորությամբ 1915-1916 թթ. գրում եւ առանձին գրքով հրատարակում է «Դանթեական առասպել» պոեմը: Պատումը Չարենցն սկսում է սովորական, առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիճանաբար հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը եւ դա ներկայացնում երբեմն լուսանկարչական ճշգրտության հասցված պատկերներով: Ինքն ականատես էր Մեռյալ Քաղաքի՝ Վանի ողբերգությանը: Հոգեբանական լարվածությունը հատկապես ակնառու է պոեմի հինգերորդ գլխում, որտեղ նկարագրությունը, քնարական ապրումը, զգացմունքային բռնկումն ու զեղումը հասնում են ծայրահեղ շիկացման եւ բառացիորեն դառնում մահվան տեսիլ ու զառանցանք.

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
Մեռած Քաղաքի ավեր շենքերում:
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ
Խեղերի նման ցատկում ու պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում:
Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի եսահավոր, անքուն:
Ու դեմս, կարմիր կրակներ վառած,
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զվարթ ու բազմատարազ:

Ահա ազգային այս սահմռկեցուցիչ ողբերգության մեջ էր ձեւավորվում պատանի հանճարի հոգեբանությունը: Բայց եւ, անգամ դժոխքի այդ պարունակներից, նա ազգին հոգեպես փրկելու ուղիներ է որոնում, որովհետեւ, հակառակ դեպքում, ամեն ինչ կդատապարտվեր վերջնական կործանման.

Ու պետք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,–
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարելու վառել աստղերը մարած,
Որտիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնաերազ

Ազգային կեցության ուղիների որոնման ճանապարհին Չարենցը գրում է նաեւ «Վահագն» (1916) երկը, որը, չնայած իր փոքր ծավալին (16 տող), զետեղել է պոեմների մեջ: Ազգային կյանքի պատկերը ճիշտ արժեքներով տեսնելու եւ գնահատելու զգացողությամբ բանաստեղծը ներքին զայրույթով բռնկվում է բոլոր այն սին խոստումների ու թերացումների դեմ, որ նախկինում կատարվել էին հայրենիքի գաղափարախոսության հարցում: Ազգային ողբերգության մղձավանջը տեսած բանաստեղծը, խաբված որդու նման, ընդվզում է բոլոր նրանց դեմ, ովքեր իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան էին տեսնում եւ իրական ուժերի փոխարեն պանծացնում առասպելական հերոսներին: Սակայն նախնիներն էլ մեղք չունեին. ազգային ոգու հարությունը հիմքեր էր որոնում, որոնցից մեկն էլ անցյալի փառքն էր, ինչը, սակայն, մնաց որպես ռոմանտիկական մի մտահայեցում՝ ամենեւին սատար չլինելով իրական Հայաստանի իրական վիճակին: «Վահագնը» հենց այդպես խաբված որդու դիմադարձ ընդվզումն է նախորդների դեմ, ովքեր անցյալ ժամանակների պատմություններով թմրեցրել էին միտքը, իսկ արդյունքը երբեւէ չեղած ամոթալի ծանր պարտությունն էր ու պատմական հայրենիքի կորուստը.
Հրդեհի աստված. հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի:– Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դուԵկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ

«
Փրկության արեւ Վահագնիդ տեսար» տողի մտայնության ժխտմամբ՝ Չարենցի «Վահագնը», հակադրվելով Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը» բանաստեղծությանը, միաժամանակ անկասելի բողոքի ձայն էր ընդհանրապես հայրենասիրության այս բնույթի ըմբռնումների դեմ: Չարենցն իրական կյանքով ապրող հայրենիք էր երազում եւ ջանում մաքրել 19-րդ դարի պատմական դրամաներից, պոեմներից ու վեպերից պահպանված եւ 20-րդ դար հասած ռոմանտիկական պատրանքները: Այս առումով «Վահագնը» շրջադարձային ստեղծագործություն է:
Համատարած անհուսության եւ անելանելիության արտահայտություն են «Հատված» վերնագրված պոեմը, «Ողջակիզվող կրակ» շարքի մի քանի գործեր:
«
Հատվածը» անորոշության դատապարտված հայրենասերի տառապագին ու հոգետանջ մի ինքնաբացահայտում է՝ անչափ բնորոշ 1918 թ. ազգային կյանքին, երբ արդեն վերջնականապես դատարկվել էր ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ նույն աղետն էր սպասվում նաեւ Արեւելյան Հայաստանին. «Մենք, լուռ, շվարե՜լ ենք, // Լույսերս // Մարել ենք — // Հույսերս էն ո՞ւմ ենք տվել… // Եվ ո՞վ մեզ, // Էլ ո՞վ մեզ, //Էն ո՞վ պիտի տա — // Երկի՛ր իմ, թռիչք ու թեւեր…»: Այս պայմաններում հայրենիքի կորստի տագնապներն սկսում են որոշակիությունից հեռանալ եւ հույսի ու սպասումի ակնկալիքներով կառչել հեղափոխության բերած նոր տրամադրություններին: Դա ոգեւորում է բանաստեղծին, սակայն սոսկ որպես ռոմանտիկական տարերք, որ ուժգնացել էր անելանելի կացության մեջ փրկության ելք որոնելու ճանապարհին: Դա նաեւ հայրենիքի իրական վիճակը եւ փրկության երազանքը համատեղելու անհնարին թվացող փորձ էր, ինչը եւ դառնում է նոր կասկածանքների ու ողբերգական ապրումների արտահայտություն: Ասվածի վկայությունն է «Ինչպես երկիրս անսփոփ…» բանաստեղծությունը.

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ
Այնպես էլ սիրտսանսփոփ, այնպես էլ սիրտսանուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ
Ախ, սի՜րտ իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ

Այս տրամադրությունները տարածվում են «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաբաժնի բանաստեղծությունների մեջ: Ներքին հակադրության մեջ լինելով նույն շարքի «Իրիկուն» ենթաբաժնի գործերի հետ՝ դրանք բերում են նաեւ ոգու հարություն եւ փորձանքներին դիմագրավելու տոկունություն: Կարմիր նժույգների ու կարմիր երգերի, հուր ու կրակի, բրոնզի ու վառվող ապագայի պատկերներով, առույգ տրամադրությամբ Չարենցը ողջունում է սպասումը. «Հողմի պես հնչեղ երգեր // Հնչում են սրտում իմ ջինջ, // Տեսնում եմմի նոր երկիր // Բացվում է իմ դեմ քիչ-քիչ…»:
Այս սպասումն ու դրան հաջորդող խանդավառ տրամադրությունները հիմք են դառնում «Սոմա» (1918) եւ «Ամբոխները խելագարված» (1919) պոեմների համար:
«
Սոման» տրամադրությունների ներքին որոշակի զարգացմամբ ընթացող քնարական բռնկումների շղթա է: Նախ՝ ի՞նչ է Սոման: «Սոմա» բառն առաջացել է հին հնդկերեն «քամել» բառից: Սոման Ինդրայից ու Ագնիից հետո երրորդ աստվածությունն է: Սոման՝ որպես խմիչք, ունի բուսական ծագում: Խմողին գցում է զմայլվածության վիճակի մեջ: Սոման կենսական ուժի ակունք է, որ բերում է երջանկություն ու բարիք: Պոեմը Չարենցը հրատարակել է «Նոր վեդյան պոեմ» ծանուցումով եւ «Ռիգվեդայից» հղած
«
Սո՛մա, դու վերջին ազատություն» բնաբանով: «Սոմա» պոեմն ամբողջությամբ պաշտամունքային ծիսակատարություն է: Սոման կերպավորվում է ե՛ւ որպես Աստված, ե՛ւ որպես պաշտամունքային խմիչք: Բանաստեղծն այստեղ հանդես է գալիս Գանգեսի քուրմի երեւույթով, իր սերն է խոստովանում Սոմային եւ, նրանով արբած, կյանքն ընծայում «վառվող աշխարհին»: Նախերգանքի բնույթ ունեցող առաջին մասում բանաստեղծը ներկայացնում է իր երգի առարկան: Անմիջապես դրանից հետո երգի առարկան վերածվում է դարեր շարունակ որոնված ազատության խորհրդանշանի, որն անհուսության պահերին փրկության վերջին երաշխիք է: Հաջորդում է Սոմայի՝ որպես սրբազան խմիչքի նկարագրությունը եւ դրա փոխաբերական իմաստի բացահայտումը. «Օ, սրբազան հա՜րս դու
ազատության, // Դուազատություն»: Արբեցման տարերքը նախ վերածվում է երգի, ապա՝ պարի, այնուհետեւ՝ ամեն ինչ հիմնահատակ կործանելու մոլուցքի եւ պայքարի ոգու. «Ամբոխները զրահապատ // Ծափ են զարկում ու պարում, // Ջա՜հ է դարձել ամեն մի մարդ // Կրակապատ աշխարհում»: Պայքարի ոգին ընդլայնվում է եւ վերածվում հրավերի կոչի՝ ուղղված բոլորին: Այդ հրավերը համախմբում է ամբոխներին, նրանց տանում պայքարի ու հաղթանակի, որի խորհրդանիշը հին աշխարհի կործանումն է: Պոեմի իններորդ մասը, ինչը, ըստ էության, խոսքի իններորդ ալիքն է, դառնում է ասելիքի բարձրաթռիչ վերջաբանը:
Վերափոխված կյանքի պատկերը դառնում է մի նոր «ոսկի տեսիլ», իսկ այդ վերափոխման ուժը՝ սերունդների կյանքի ուղին իմաստավորող գրավական: Քնարական առանձին բռնկումները ներքին կապով ձուլվում են մեկ ամբողջության մեջ եւ ի հայտ բերում տրամադրության զգացական վերարտադրման մի յուրահատուկ ձեւ, որը պոեմի միանգամայն նոր տարատեսակ է:
«Ամբոխները խելագարված» պոեմում Սոմայի ռոմանտիկական-հուզական կերպարն ի հայտ է բերում նոր առանձնահատկություններ: Որպես հերոս՝ կերպավորվում է ժողովրդի հավաքական ուժը: Կերպավորման նախկին ձեւերը, որոնք բնութագրում էին մեկ անհատի, կորցնում են իրենց արժեքը: Ժամանակն ստեղծում է իր խորհրդանշանները՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող ատելի քաղաք, որը պետք է գրավել, հավերժական արեւ, որն ուժի եւ ազատության երկվորյակն է: Դրանք դառնում են պոեմի նյութը, եւ պոեմն ինքնին վերածվում է մի խորհրդանշական ասքի, որն իր մեջ ամփոփում է նոր ժամանակների դյուցազներգության պատումի, ոճի ու կերպավորման յուրահատկությունները: Պոեմն առանձնանում է ոճական տարբեր սկզբունքների համատեղմամբ: Ընդհանուր բռնկուն տարերքի հենքի վրա Չարենցն ի մի է բերել ասքի հերոսական, հուզական-քնարական, վիպական-պատմողական դրսեւորման նրբերանգները՝ ստեղծելով նյութի պատկերման համադրական ձեւ:
Պոեմն ունի կառուցվածքի եւ գործողությունների ներքին զարգացման որոշակի օրինաչափություններ, որոնք զգալիորեն նման են «Սոմային»: Երկն սկսվում է նախերգանք-ուղերձով, որը ե՛ւ հրովարտակ է, ե՛ւ կոչ, ե՛ւ բարձրաձայն ողջույնի հղում բոլոր ողջակիզվող հոգիներին: Այնուհետեւ ներկայացվում-նկարագրվում են գործողության կատարման ժամանակը՝ մայրամուտ, իրիկուն, եւ տեղը՝ քաղաքամերձ դաշտ: Ասպարեզ է գալիս գործողությունը կատարող ուժը. շարժման մեջ է դրվում խելագարված ամբոխների հզոր երթը: Նկարագրվում է նաեւ հակառակ ուժը՝ հին քաղաքը, որի վրա գրոհում են ամբոխները: Դրան հաջորդում է երկաթուղային կայարանի պատկերը, որն ըմբռնվում է իբրեւ աշխարհի տարբեր ուղիներն ի մի բերող խորհրդանշան: Գալիս է կռվի նկարագրության ու պայքարի ուղղության ճշտման պահը: Պայքարը վերածվում է ոգեղեն մի տարերքի, այնուհետեւ՝ ոգեղեն տարերքից փոխակերպվում երգի: Իններորդ մասը, դարձյալ որպես խոսքի իններորդ ալիք, պայքարողներից մեկի երգն է: Երգչի կերպարն ու նրա երգի համատեղումը կռվի դաշտի պատկերներին՝ հիշեցնում են հին դյուցազներգությունները, որոնցում անպայման առկա է երգիչը: Երգին հաջորդում է ոգեղեն տարերքի անզուսպ բռնկումը, եւ խելագարված ամբոխները գրավում են կայարանը: 11-14-րդ մասերում սպասման գիշերվա նկարագրությունն է: Կայարանը գրավելուց հետո ամբոխները հանգստանում են եւ նախապատրաստվում առավոտյան գրոհելու քաղաքի վրա: Այս մասերում սպասման եւ առաջիկա մարտի մոլուցքի մեջ պանծացվում է խելագարված ամբոխների ուժը: Բացվում Է առավոտը, եւ պոեմի վերջին՝ 17-րդ մասում նկարագրվում է գրոհող ամբոխների ամենակործան երթը դեպի քաղաք, դեպի Արեւը, այսինքն՝ դեպի վերջնական ազատություն ու փրկություն.

Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արեւավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արե՜ւն էին գնում ամբոխները խելագարված
Հեղափոխության համաշխարհային փոթորիկը, աշխարհը վերափոխող ուժի տարերքը նոր հորիզոններ է բացում բանաստեղծի առջեւ եւ նրան տանում դեպի փողոց, հրապարակ, դեպի խմբված մարդկանց դիրքերը: Այս երկու պոեմների գրությունը հաջորդել է անմիջապես 1918 թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում ապացուցեց ապրելու իր իրավունքը եւ դարավոր ընդմիջումից հետո վերականգնեց կորցրած պետականությունը: Նաեւ այստեղից է գալիս այն խանդավառ, բռնկուն, տոնական տրամադրությունը, որն առկա է երկու գործերում: Թեեւ անմիջական կապ չկա ազգային կյանքի այդ բախտորոշ իրադարձությունների հետ, թեեւ իշխում է աշխարհը վերափոխելու հեղափոխական հզոր տարերքը, եւ անմիջական ներշնչման աղբյուր են Ռուսաստանում ծավալվող հեղափոխական իրադարձությունները, բայց եւ այնպես այդ պոեմների ամբողջ հոգեբանական մթնոլորտը հագեցած է ազգային վերածննդի եւ նոր կյանքի տրամադրություններով:
Եվ պատահական չէ, որ «Ամբոխները խելագարված» պոեմն ասես սերված լինի «Սասնա ծռեր» դյուցազներգությունից, որտեղից էլ գալիս են խոսքի հուզական-զգացմունքային լիցքավորման հզոր ուժը, անձնազոհ տարերքն ու ազատաբաղձ շունչը:
Դասական բանարվեստի օրինաչափությունների հիմքի վրա Չարենցն ստեղծում է գեղարվեստական նոր համակարգ, որը վերաբերում է պատկերավորման սկզբունքներին, արագաշարժ, բայց վեհ ու հիմներգային կշռույթին: Հրապարակային ուղերձը նրա համար նախ՝ դառնում է հռետորական կոչ, որն աստիճանաբար ձուլվում է գործողություններին ու նկարագրություններին եւ խանդավառ տրամադրությամբ փոխարկվում երգի: Այդ երգն իր հերթին պայմանավորում է ասքի կշռույթն ու տաղաչափությունը եւ կառուցվածքն ու արտահայտչամիջոցների կազմը:
«
Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմների խանդավառ տրամադրությունն է իշխում «Նաիրի երկրից», «Դեպի ապագան» եւ «Բրոնզե թեւերը կարմիր գալիքի» պոեմներում, որոնք 1920-ին առանձին գրքով հրատարակվել են «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմվերնագրով: Լայն ընդգրկում եւ որոշակի նպատակաուղղվածություն ունեցող ասք-պոեմի այս ձեւը նորություն էր հայ գրականության մեջ եւ արդյունք ժամանակի իրական ապրումների ու կենդանի տրամադրությունների: Պոեմներն ունեն բարձրաձայն մենախոսության բնույթ: Այդ մենախոսությանը ներկա են ու մասնակցում են ժողովրդական զանգվածները: Այստեղից էլ պոեմի նոր բնութագիրը՝ ռադիոպոեմ, այնուհետեւ՝ ամենապոեմ:
«
Նաիրի երկրից» պոեմն սկսվում է շատ բնորոշ մուտքով՝ «Եկելերկաթե երգ եմ ձեզ ասում», որ միանգամից գործողության մեջ է ներքաշում երկու գլխավոր ուժերին՝ ասողին եւ լսողին, բանաստեղծ-հեղինակին եւ ժողովրդին: Բնորոշ է նաեւ պոեմի տրամադրությունը՝ «երկաթե երգ»: Բանաստեղծը ներկայանում է դարերի մշուշից եկած, այսինքն՝ պատմությունից ծնված եւ հիմա նոր օրերի մեջ ամուր ու հաստատակամ կանգնած պատգամախոսի կերպարով, որը խոսում է ոչ այնքան ներկայի մասին, որքան՝ պայծառ ու հրաշալի գալիքի.
Ե՛սես եմ նորից.-
Դարերից եկած անհո՜ւն մի պոետ
Եղիշե Չարենց
Նաիրի երկի՛ր, քո երգիչը վառ,
Օրհներգուն պայծառ,
Ու զավակը մեծ
Ե՛սե՛ս եմ նորից.-
Ոսկի երակը հնամյա ցեղիս,
Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
Օղակը վերջին,
Տվել եմ սիրտս գալիք օրերի
Երկաթե երգին.
Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ
Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում
Մի երկաթակուռ, նո՜ր, հզո՜ր աշխարհ:
Այստեղ ի մի բերված ժամանակային փուլերը՝ անվերջ խորացող անցյալը եւ բացվող գալիքը, համընկնում են մի կետում, որը ներկան է եւ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահը: Ներկան կործանման եւ հարության ժամանակն է: Բանաստեղծը դեմքով կանգնած է դեպի ապագան եւ իր ողջույնը հղում է այնպես, որ ողջույնը դառնում է բարեմաղթանքի խոսք՝ Նաիրի երկրից՝ համայն աշխարհին.

Ու կանգնել եմ ես
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ, արի
Եվ ասում եմ ես.
Եկե՜լ եմ ահա.
Եկե՜լ, հասել եմ դարերի մուժից,
Անբոց մշուշից հեռու դարերի
Եվ բերել եմ ձեզ
Սի՛րտը Նաիրի:

«Մահվան տեսիլ»: Չարենցն օր առ օր ապրում էր իր երկրի քաղաքական բախտով: Խանդավառ ողջույնները չեն ապաքինում հոգեմաշ կսկիծը: Կործանման տագնապը 1920 թ. հոկտեմբերի 6-ին ծնունդ է տալիս «Մահվան տեսիլ» բանաստեղծությանը:
1920
թ. աշնանը քեմալական Թուրքիան նորից հարձակվում է Հայաստանի վրա: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընկնում են Օլթին, Սարիղամիշը, Իգդիրը եւ բանաստեղծի հայրենի քաղաքը՝ Կարսը: Նոյեմբերի սկզբին դարավոր ոսոխը մտնում է Գյումրի: Թվում էր՝ եկել է Հայաստանի գոյության վերջին օրը:
Ահա քաղաքական այս ծանրագույն կացության արտահայտությունն է «Մահվան տեսիլը», որը միաժամանակ խտացումն է կործանված բոլոր հույսերի ու կորցրած
հայրենիքի: Երկրի լարվածությունն ու տագնապներն անմնացորդ փոխանցվում են բանաստեղծին. նրա՛ն, ով իր ճակատագիրն արյան կանչով ձուլել էր ժողովրդի պատմությանը եւ իրավունք նվաճել ստացական հոդով խոսելու հայրենիքի մասին, ասելու՝ երկի՛րս, սիրուհի՛ս, Հայաստան-յա՛ր: Եվ այդ ճգնաժամային պահին, երբ այլեւս ուժ չկար դիմագրավելու թշնամուն, նա՝ երկրի բախտով այրվող բանաստեղծը, ոտքի է կանգնում՝ դառնալու վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը: «Մահվան տեսիլը» հայոց դժոխային պատմության վերջին արյունոտ էջն է, միջնադարյան մագաղաթների վրա արձանագրված անվերջ պարտությունների ու անկումների վերջին ուժասպառ ճիգը, փայփայած բոլոր երազանքների ու հույսերի վախճանը, ողբերի ու եղերերգությունների վերջին, ամենավերջին ճիչը
Մեծ հայրենասերի համար կարոտը փոխարինվում է մի վերջին հնարավորության, որը մահվան տեսիլն է: Մինչ այդ հուր ու կրակի ժայթքումներով ահագնացող բանաստեղծի տարերքը դառնում է «անբոց մորմոք» ու «անկրակ իրիկնաժամ»: Միակ մխիթարությունը մնում է դառնալ երկրի վերջին զոհը, այսինքն՝ ողջակեզ լինել երկրի համար կամ մատաղ անել ինքն իրեն.
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգաԳեղարվեստական խտացման եւ կատարելության տեսանկյունից «Մահվան տեսիլը» անթերի եւ բացառիկ ստեղծագործություն է՝ ներշնչված դարերի կորուստների, դարերի տագնապների ու դարերի լարվածության մի ինքնախոշտանգող ուժով, որը սերնդեսերունդ ավելի ահագնացել ու եկել հասել էր իր վերջին սահմանին: «Մահվան տեսիլը» Հայաստանի առաջին բաժանումից՝ 387-ից մինչեւ 1920-ի վերջին ավերածություններն ընդգրկող ազգային անընդմեջ ողբերգությունների խտացումն է եւ ծնունդ է անսպառ կորուստների ցավով, խելագարության հասցնող տագնապներով ու դրամատիզմով բնութագրվող ազգային պատմության: Այս ընդգրկումով «Մահվան տեսիլն» ունի ոչ միայն պատմաքաղաքական, այլեւ անձնական կյանքի ու ճակատագրի հավաստիություն: Այստեղ է, ահա, ժառանգորդական հատկանիշների միասնությունը, երբ անհատն իրենով հայրենիք է խորհրդանշում: Այդպիսին էին Խորենացին ու Եղիշեն, Աբովյանն ու Րաֆֆին, Թումանյանն ու Տերյանը: Այդպիսին էր նաեւ Չարենցը: «Մահվան տեսիլ» վերնագրով Չարենցը գրել է եւս երկու ստեղծագործություն, որոնց դեռ կանդրադառնանք:

Աղբյուրը՝ Քրիստոնյա Հայաստան

Комментариев нет: