2014-03-01

Գողացված ժամացույցի վրեժը


Մի օր ամառնանալուն պես,այն ժամանակ երբ օձերն սկսում են վխտալ,երբ ասֆալտն արևից ճաքում է և քեզ թվում է` ուր որ է կհալվի,հենց այդ նույն շրջանում մեր գյուղում սկսվում է սարը բարձրանալու նախապատրաստությունը:Դա իր տիպով ավելի շուտ նախապատրաստություն չէ,ավելի կոնկրետ ու դիպուկ կլինի այն կոչել ընտանեկան ծես,այն էլ ՝ սրբազան:Հավաքվում է ողջ ընտանիքը,հավաքում է իր կապոցները ու պատրաստվում բարձրանալ լեռների,սարերի շենշող բարձունքները՝հանգիստ առնելու ձմռան պատճառած հոգսերից ու տհաճությունից:Հետևյալ տարին էլ բացառություն չեղավ:Ավելի ճիշտ բացառությունը կայացավ նրանում որ այդ տարի մեր ընտանիքում ծագած ինչ- ինչ խնդիրների պատճառով մերոնք որոշեցին չբարձրանալ սարը:Բայց քանի որ ես համառ էի/ցանկությունս մեծ էր/,մերոնք խնդրեցին մեր դրացի Օհանի ընտանիքին ինձ իրենց հետ վերցնել:

Արշավի՝ շքախումբ հիշեցնող շարքը բարձրանում էր ոտքով անհաս թվցող սարի բարձունքը,այնտեղ,ուր գտնվում էր Օհան պապի բինան /փայտե տնակ սարերում եղանակային վատ պայմաններից և գել-գազաններից խուսափելու համար/:Առաջնորդի դերն իր վրա էր վերցրել ընտանիքի գլխավորը ,նույն արդեն ընթերցողին ծանոթ Օհան պապը:Նրա կողքից զուգահեռ քայլում էի ես՝մտածելով ,թե ի վերջո հասնելու՞ ենք տեղ:

Օհան պապը շատ լավ մարդ էր ի դեպ:Չնայած իր ոչ այդքան երիտասրդ տարիքին/66տ./՝նա բավականին առույգ էր,ու երիտասրդական ավյունով լի:Մեր հարևանական շրջապատում նա լավ պատմողի համբավ ուներ՝իբրև իմաստուն մեկը,որից կարելի է շատ բան սովորել:Նրան հաճույքով էին լսում ինչպես մեծերը այնպես էլ ես ու իմ հասկակիցները/այն ժամանակ ես կլինեի մոտավորապես 8-9 տ./:Հոգնեցուցիչ ճանապարհին ևս միակ հետաքրքիր գործը նրան լսելն էր,նրա միշտ թարմ ու չկրկնվող պատմություններին ունկնդիր լինելը:Նա պատմում էր ոգևորված՝անտեսելով շոգն ու հոգնածությունը՝այդպիսով կենդանություն հաղորդելով նաև մեզ՝<կիսահանգուցյալներիս>:Երբ նա վերջացրեց իր հերթական պատմությունը,ես հաջորդը լսելու ակնկալիքով նայեցի նրան,իսկ նա գրպանից հանդարտ մի բան հանեց,բացեց ինչ որ բան նայեց ու նորից դրեց գրպանը:

Ժամացույց էր,հին ոսկե մի ժամացույց,գեղեցիկ հյուսվածքներով ու նուրբ հորինվածքով:Ժամացույցն այն աստիճան ինձ գրավեց ու հմայեց,որ ես մոռացա ամեն պատմություն և խնդրեցի Օհան պապին ասել, թե դա ինչ ժամացույց է,որտեղից,ինչքան հին է և նման բազմաթիվ ինձ հետաքրքրող հարցեր ,որոնց առանցքը նույն ժամացույցն էր:Մի քանի հարցի պատասխանելուց հետո,ես զգացի, որ մի բան այն չէ և որ Օհան պապն ինչ- որ բան մինչև վերջ չի ասում:Երբ երեխայորեն իմ մտածածի մասին ասացի նրան,նա հայրաբար/հայրս է հաճախ այդպես ինձ նայում խրատելիս/նայեց վրաս և ասաց.<Համբերիր բարձրանանք սարը,տեղավորվենք ,ընթրիքին քեզ կպատմեմ այս ժամացույցի մասին ամենաանհավանական պատմությունը>:Այլևս ոչ մի հարց չտվեցի նրան ու էլ չէի էլ լսում ,թե նա ուրիշ ինչ է պատմում մնացածին:Ինձ այլևս հետաքրքրում էր միայն ժամացույցը ու նրա հետ կապված այն պատմությունը,որը դեռ չլսած հոգիս ու միտքս իրենով էր արել:Այդպես լուռ ու համր հասնք վերջապես բաղձալի վերջնակետին:Մի կողմ դրեցինք մեզ հետ բարձրացված իրերը և պառկեցինք խոտերին ՝այդպիսով հողի կենարար ուժը փորձելով խլել նրանից:Անցավ որոշ ժամանակ և բոլորս արդեն ուշքի էիք եկել և արդեն ժամանակն էր տեղավորվելու ,ընթրիքին պատրաստվելու ու ջուր կրելու,ինչը մեծերը մեծ հոժարությոմբ զիջեցին մեզ՝կրտսերներիս:Չանցած մեկ ժամ արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ջուրը կրված,փայտը անտառից բերված,ճաշը եփված:Խարույկի համար նախատեսված փայտը դասվորելուց հետո/բայց դեռ այն չվառելով ,քանի որ դեռ լույս էր,այն պահը երբ մութն ու լույսը խառնվում են իրար/ նստեցինք հացի:Քանի որ բոլորս էլ քաղցած էինք և թմրած կերանք անաղմուկ,ապա վերջացնելուն պես կանայք հավաքեցին ամանեղենը,իսկ տղամարդիք վառեցին խարույկը:Ապա բոլորս խմբվեցինք խարույկի շուրջ:Իրոք որ դա արդեն ամբողջովին նման էր ընտանեկան ինչ որ ծեսի:Հանկարծ գլխիցս թռած պատմությունը վերհիշելով խնդրեցի Օհան պապին, որ պատմի խոստացված պատմությունը:Բոլորը մի ականջ դարձած ունկն դրեցին նրա պատմածին:Եվ նա սկսեց.

-Տարիներ առաջ էր,նորից այս ժամանակներն էին՝սարը բարձրանալու ժամանակները:Մեզ հետ այդ անգամ ևս այլ մարդիք բարձրացան սարը,մեր բինայում <հյուրընկալվելու>:Բարձրացողների մեջ էր նաև մի երիտասարդ/ու նորից ափսոսանքի մի հառաչ արձակեց սրտից/:Երիտասարդն էլ ինչպես դու,-դիմելով ինձ՝ասաց նա,-խոր հետաքրքրություն տածեց այս ժամացույցի հանդեպ ու ստիպեց գրեթե պատմել այս ժամացույցի մասին ամեն ինչ:Ես սիրով կիսվեցի նրա հետ իմ տեղեկություններով ,ըստ որի,ժամացույցը պապենական է և տոհմի համար սուրբ է համարվում,այն փոխանցվում է սերնդից սերունդ ընտանիքի արու ժառանգներին:Ասացի նաև որ այն մոգական հատկանիշ ունի/այդպես կարծել են մեր պապերը,և այդպես կարծում եմ այժմ նաև ես/ և որ այդ մոգականությունը կայանում էր ժամանակի զգացողության երկարացման ու կարճացման հետ:-Նայելով մեր դեմքերին և տեսնելով անորոշությունից իրեն ուղղված և նոր մանրամասների ծարավ մեր հայցքները նա շարունակեց.-Այդքանը պատմելուց հետո նա խնդրեց ինձից նայել ժամացույցը և ես սիրով այն տվեցի նրան:Վերցնելուց հետո երիտասրդը նկատեց անմիջապես ,որ ժամացույցը մաքուր ոսկուց էր պատրաստված,և պետք է որ շատ հմայված լիներ ժամացույցով, որ հենց նույն գիշերը ևեթ գողանար այն իմ պինջակի/վերարկու/ գրպանից:Իհարկե նա ինքը սկզբից չխոստովանեց իր մեղքը,բայց ես համոզված էի, որ դա նրա ձեռքի գործն է, ինչպես և համոզված էի ,որ չի անցնի շատ երկար ժամանակ և այն գողացողը ինքն իրեն կմատնի:Այդպես էլ եղավ:Չանցած 2 օր, երբ երեկոյան խարույկի համար գնացել էինք փայտ բերելու,նա/երիտասարդը/ պատահաբար ընկավ մի մեծ հորի մեջ/ժամանակին այդտեղ ջրամբար է եղել/ ու գրեթե ողջ մարմնով ջարդուխուրդ եղավ:Հասցնելով նրան հիվանդանոց՝ մենք հույսներս արդեն դրել էինք միայն հրաշքի վրա:Նրա տանջանքն օր օրի շատանում էր և մի օր նա խնդրեց, որ ինձ հետ առանձին խոսի:Չառարկեցի,մանավանդ որ հետաքրքիր էր ,թե ինչ է ասելու:Երկար ժամանակ հիվանդասենյակում լուռ նստած էի նրա կողքին, մեկ էլ նա, շատ դժվարությամբ շարժելով ձեռքը ,ցույց տվեց իր վերարկուն, որ կախված էր սենյակում,խնդրեց վերցնել այն,ու ձեռքս տանել գրպանը:Լուռ հետևեցի ամեն ասածին և գրպանից հանեցի ժամացույցը,այն որ գողացվել էր ինձանից:Երևի թե ամոթն էր պատճառը, որ շրջելով երեսը մյուս կողմ նա արտաբերեց հետևյալը.<<Դու ճիշտ էիր,այս ժամացույցը մոգական է:Այն կարճացրեց իմ կյանքը,և ես շուտով կմեռնեմ և դրան հակառակ երկարացրեց իմ տանջանքները,ցավի զգացողությունները>>:Նորից հևալով ու շունչը տեղը բերելով մի վերջին անգամ ասաց՝ներեցեք,և այլևս ոչ ոք նրանից ոչ մի բառ չլսեց:Նա մահացավ՝գիտակցելով և իր վրա կրելով այս ժամացույցի մոգական ուժը,նրա ցասումը,նրա վրեժը:


Օհան պապը ավարտեց իր պատմությունը:Դեռ երկար ժամանակ ոչ ոք չկարողացավ ինչ- որ բան խոսել,ու բոլորը թմրած ու ծանր տպավորություններով գնացին քնելու:

Комментариев нет: