2017-06-17

Ռեյ Բրեդբըրի «Հաջողություն, ամա՛ռ»


Ռեյ Բրեդբըրի «Հաջողություն, ամա՛ռ»
Հետգրություն

Այն մասին, թե որքան կարևոր է զարմանալը

Իմ վեպի վրա աշխատելը կարելի է  նկարագրել հետևյալ համեմատությամբ. գնում եմ խոհանոց` մտածելով ձվածեղ սարքել, բայց ինչ-որ պատճառով պատրաստվում եմ տոնական ընթրիքի սեղան գցել: Սկսում եմ ամենահեշտից, բայց հենց այդ պահին բառային զուգորդումներ են ի հայտ գալիս, որոնք հեռու են տանում, և վերջ ի վերջո ինձ պաշարում է իմանալու անհագ ցանկությունը, թե ինչ պատահականություններ տեղի կունենան հաջորդ շրջադարձի ժամանակ, մոտակա ժամվա ընթացքում, հաջորդ օրը, մեկ շաբաթից:
«Հաջողություն, ամա՛ռ» վեպի մտահղացումը ինձ մոտ ի հայտ է եկել 55 տարի առաջ, երբ դեռ ես շատ երիտասարդ էի և դեռ բավարար չէի ընթերցել, որպեսզի ինչ-որ արժեքավոր երկ ստեղծեմ: Նյութը տարիներով կուտակվում էր, բայց մի անգամ այն անմնացորդ ինձ իրենով արեց և ապա չդադարեց զարմացնել. այդժամ էլ հենց ես նստեցի գրամեքենայի դիմաց, որպեսզի գրեմ պատմվածքներ ու վիպակներ, որոնք արդյունքում դարձան մեկ ամբողջություն:
Վեպում գործողությունների հիմնական վայրը ձորակն է. այդ կերպարը իմ ողջ կյանքի ընթացքում ինձ հետ է: Մեր տունը գտնվում էր  Ուոքիգըն քաղաքի փոքրիկ փողոցի վրա, Իլինոյիս նահանգում. տնից դեպի արևելք ձորակն էր, որը մի քանի մղոն ձգվում էր դեպի հյուսիս ու հարավ, ապա, թեքվելով դեպի արևմուտք, հանգույց էր ձևավորում: Փաստորեն ես ապրում էի մի կղզու վրա, որտեղից ցանկցած պահի կարող էի սուզվել ձորը՝ ամենատարբեր արկածներին հանդիման:
Այնտեղ կարող էիր երևակայել քեզ, թե  Աֆրիկայում կամ էլ Մարսում ես: Դա էլ դեռ ամենը չէր. ձորակով ես ամեն օր վազում էի դպրոց, իսկ ձմեռ ժամանակ այստեղ դահուկ ու սահնակ էի քշում, այդ պատճառով էլ ձորակն իմ կյանքում կարևոր մի տեղ էր: Բնական է, որ արդյունքում այն այս վեպի կենտրոնը դարձավ, որի եզրերին տեղակայվեցին իմ բոլոր ընկերները, իսկ նրանց կողքին նաև ծերերը՝ զարմանալիորեն կենդանի այս ժամանակաչափերը:
Ինձ միշտ ձգել են ծերերը: Նրանք իմ կյանք էին մտնում ու առաջ գնում, իսկ ես պոչկապվում էի նրանց, հարցատարափ անում և խելք սովորում, ինչպես երևում է այս վեպից, որում գլխավոր հերոսներն են երեխաներն ու ծերերը՝ յուրօրինակ Ժամանակի Մեքենաները:
Ավելի հաճախ ամենամամուր ընկերական հարաբերություններն ինձ մոտ հաստատվում էին ութսունն անց մարդկանց հետ կամ էլ իննսունն անց: Ամեն պատեհ առիթի ես նրանց հոգին հանում էի աշխարհում եղած ամեն ինչի մասին իմ հարցերով, իսկ ինքս լուռ լսում էի ու ականջիս օղ անում:
Որոշ իմաստով «Հաջողություն, ամա՛ռ» վեպը այն մասին է, թե ինչքան շատ բան կարելի է իմանալ ծերերից, եթե քաջություն հավաքես ու նրանց ինչ-ինչ հարցեր տաս, իսկ հետո չընդհատելով լսես, թե նրանք ինչ կասեն: Հարցերը, որ տալիս է Դագը, և պատասխանները, որ տալիս է պարոն Քվոթերմեյնը, առանցք են առանձին գլուխների և վեպի հանգուցալուծման համար:
Ի՞նչ եմ ուզում ասել. իրադարձությունների ընթացքը ես չեմ որոշում: Փոխանակ իմ կերպարներին կառավարելու՝ ես նրանց իրենց սեփական կյանքն ապրելու և անարգել իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն եմ տալիս: Իսկ ես միայն լսում եմ ու գրառում:
Իրականում «Հաջողություն, ամա՛ռ»-ը «Խատուտիկի գինի» վեպի շարունակությունն է՝ լույս տեսած կես դար առաջ: Ես այն ժամանակ ձեռագիրը բերեցի հրատարակչություն ու լսեցի. «Դե չէ, էս ծավալը ոչնչի պետք չի: Բերեք տպենք առաջին իննսուն հազար բառն առանձին հրատարակությամբ, իսկ ինչ կմնա, կթողնենք լավագույն ժամանակների համար, թող հասունանա հրատարակության համար»: Ամբողջական տեքստի բավականին հում, անմշակ տարբերակը ի սկզբանե վերնագրել էի «Անմոռանալի կապույտ բլուրներ»: Այն հատվածի սկզբնական խորագիրը, որ հետագայում դարձավ «Խատուտիկի գինի», «Ամառվա առավոտ, ամառային երեկո» էր: Սակայն հրատարակիչների կողմից մերժված այս գրքի անվանումը ծագեց իսկույն՝ «Հաջողություն, ամա՛ռ»:
Այսպիսով, այսքան տարիներ «Խատուտիկի գինու» երկրորդ մասը հասունանում էր մինչ այն աստիճանը, երբ իմ կարծիքով ամոթ չէր լինի ներկայացնել այն աշխարհին: Ես համբերատար սպասում էի, որ վեպի այդ գլուխները նոր մտքերով ու կերպարներով ճյուղավորվեն, որ կենդանություն կհաղորդեն ամբողջ տեքստին:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ չդադարես զարմանալ: Քնելուց առաջ ես ինձ անպայման հրահանգում եմ առավոտ վաղ ինչ-որ զարմանալի բան հայտնաբերել: Դրանում էլ հենց թաքնված է այս վեպի կազմավորման հետաքրքրաշարժ կողմերից մեկը. քնից առաջ տված իմ հրահանգները և զարմանալի բացահայտումները առավոտյան նմանվում են մտքի փայլատակման:
Ամբողջ պատմության վրա իրենց հետքն են թողել իմ պապն ու տատը, ինչպես և հորաքույրս՝ Նեյվա Բրեդբըրին: Պապս աչքի էր ընկնում իր իմաստությամբ և անսահման համբերությամբ: Նա կարողանում էր ոչ միայն բացատրել, այլ նաև ցույց տալ: Տատս իսկական հրաշք էր. նա բնածին խելքով հասկանում էր տղաների ներքին աշխարհը: Իսկ հորաքույր Նեյվան մերձեցնում ու հետաքրքրություն էր առաջ բերում դեպի այն փոխաբերությունները, որոնք իմ մսի ու արյան մեջ մտան: Նրա հոգածությամբ ես դաստիարակվում էի լավագույն հեքիաթների, բանաստեղծությունների, ֆիլմերի ու ներկայացումներ հիման վրա, տենդագին որսում կատարվող ամեն ինչ և ոգևորությամբ գրի առնում դրանք: Անգամ հիմա՝ շատ տարիներ անց, ինձ հանգիստ չի թողնում այն զգացումը, թե նա աչք է ածում իմ ձեռագրին և փայլում հպարտությունից:
Ասվածին մնում է հավելել միայն մի բան. ես ուրախ եմ այս գրքույկի վրա կատարած երկարամյա աշխատանքը ավարտելու կապակցությամբ և հույս ունեմ, որ յուրաքանչյուրը կգտնի դրա մեջ ինչ-որ բան իր համար: Ինձ համար անասելի հաճույք էր կրկին հայտնվելը հարազատ Գրինթաուն քաղաքում, հայացք գցել ուրվականներով տան վրա, լսել քաղաքային ժամացույցի թնդացող ձայնը, կտրել-անցնել ձորակը, առաջին անգամ ճանաչել աղջկա համբույրը և խելք սովորել նրանցից, ովքեր վաղուց մեզ հետ չեն:

Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը

2017-06-15

Եվ իմ արձակ թևերով ես պարապը գրկեցի…

«Վերի թաղում» մի տատ էլ ունեի: Ճակատագրի բերումով երկու տատս էլ նույն անունն ունեին: Անու՞նն էր, թե՞՝ մի այլ բան, որ նրանց այդքան լավն էր դարձնում, թե՞ իրենք էին, որ փորձում էին արժանի դառնալ աստվածատուր այս կյանքին… Հարցեր, որոնց ավա՜ղ մահկանացուներից և ոչ ոք չի պատասխանի:
Հազիվ առաջին տասնյակս գլորած կլինեի, երբ  «վերի թաղում» ապրող տատիս հյուր գնացած ժամանակ ինձ վիճակվեց առաջին անգամ ձի հեծնել: «Ձի հեծնել» արտահայտությունը, թերևս, կաշկանդում է իմ այն ողջ զգացածը, այն ողջ ապրածը և այն ամենը, ինչ կատարվեց ինձ հետ այդ օրը: Ես այդ օրը իմ տասնամյա ձեռքերով գրկեցի պարապը, որ մեր բանաստեղծներից մեկը կոչել է «ազատություն». ես այդ օրը զգացի, թե ինչպես է լինում, որ մարդու հոգին ու մարմինը միաձույլ ու ներդաշնակ են դառնում, թե ինչպես հոգին խանդավառված երբեք չի ուզում լքել այն մարմինը, որը նրա, քիչ ասել է թե, տունն է: Առաջին անգամ  (գուցե և վերջին)  ես սիրեցի կյանքը՝ իր ողջ պարապով,  իր դատարկության ողջ բուրմունքով, իր լիքը  դատարկությամբ:

Մենակ չէի ձիու վրա, բայց այդ պահին այնպես էր ինձ թվում, թե մենակ եմ ես աշխարհի դիմաց,  որ Շականակագույնը սլանում էր դեպի աշխարհի բացված գիրկը,  որ ուր որ է՝ դիմացը բացվող հորիզոնում կհայտնվի ինքը՝ Բարձյալը` մեր հավատից ու վախերից ծնված Հրեացին, կպարզի իր ձեռքերը, կառնի ինձ նրանց վրա ու մանկան պես կօրորի, և մարդը ( կամ գոնե ես այդ պահին) կրկին թողություն կստանա իր մեղքերի համար, ու դրախտի հազարամյակներ առաջ գոցված դռները նորից կրկնկի վրա կբացվեն նրա առաջ:
 Անսահման վերընթաց հորիզոնը,  գյուղի արոտատեղի կանաչը,  որ կարծես մոլախոտի պես կպել էր երկնքի ոտքերին ու երդում էր արել՝ բաց չթողնել նրան, անամպ երկինքը,  որը մերթընդմերթ կնճռոտվում էր հարավից  փչող քամիներից, շրջակայքը, ամեն-ամենը  հայելվել էր աչքերիս վրա ու սրտիս մեջ: Կուպրի պես դրանք հալվել ու կպել էին մարմնիս, և թվում էր՝ էլ ոչինչ չի կարող տարանջատել մեզ: Բայց ձիու սլացքի դանդաղեցման հետ կորան և բոլոր միրաժները, օդը նորից լցվեց տաղտուկով, անսահման հորիզոնը գծավորվեց ու չակերտների մեջ մտավ, անհետ չքացան մտատեսիլներս ու դրախտի՝ հազիվ ծիլեր տված հույսերս:
Ընդահատվեց Շականակագույնիս ընթցքը... Եվ կարծես կյանքը ընդհատվեց նրա հետ: Ամեն ինչ իր հին հունը ընկավ:
Եվ այդ օրվանից իմ հոգին դադարեց ընդունել իրականությունը, և առ այսօր երազում է նա հեղաշրջել աշխարհն ու մարդկությունը: Բայց հեղափոխվում են միայն կայսրություները, միապետություններն ու երկրները, այն էլ միայն անձնական շահերից դրդված:
Ու իմ խռովյալ հոգին պիտի ապրի՝ հավերժ ձգտելով այն լուսավոր օրորոցը, որ նախախնամել էր ինձ համար Աստված սլացքիս պահին: 

Հատված «Մանկություն» անավարտ ինքնակենսագրական վիպակից
Նկարները ք. Շամլուղ, թաղամաս Բենդիկ (բայց ինձ համար՝ գյուղ Բադենք), նկարների հեղինակ՝ Անի Վերանյան

2017-06-04

Վազգեն Սարգսյան «Ամենաթանկ պարգևը»

Պողոս Սահակյանը հիվանդացել է։ Ինքն է մեղավոր՝ յոթանասունհինգ տարեկանում իրեն քսանհինգ տարեկանի նման է պահում. այգին փորելիս սառը ջուրը խմել է քրտնած, ասել են կհիվանդանաս՝ խնդացել է. «49 թվականին, Սիբիրում, գետն անցնելիս սառույցը կոտրվեց, ջուրն ընկա։ Մի կերպ դուրս եկա, ուրիշ բան չէ՝ սապոգներիս միջի ջուրը թափեցի ու գնացի իմ ճամփով։ Ի՞նչ եղավ…»։
Տղամարդու քիչ մնացած՝ որձաքարե տեսակից է Պողոս Սահակյանը։ Քոքով մայր հողին ձուլված, զարմանալի կամքի, զարմանալի ուժի տեր, փշոտ, իրասածի, նույնքան էլ՝ զարմանալի նրբանկատ ու լավատես։ Այդ լավատեսությունը հատկապես է զարմացնում. ախր, շատ դժվար կյանք է ապրել։ Եղել են սարսափելի ժամանակներ, երբ սևին սև ասելու համար մարդը կյանքով է վարձահատույց եղել։ Պողոս Սահակյանն այդ սարսափելի ժամանակների զոհերից է։ Կյանքի լավագույն տարիները բանտերում ու աքսորում են անցել։ Ինչե՞ր միայն չի քաշել։ Մեկ է, էլի սևին սպիտակ ասել չի սովորել։ Ու իր դժվար կյանքի համար չի փոշմանել։ Չի տրտնջում։ Միայն հայրաբար մեզ՝ հիմիկվաններիս, մի քիչ նախանձում է. «Լավ ժամանակներում եք ապրում»։ Հանդիմանում է նաև. «Շատ եք առաջ գնացել՝ լավ եք արել։ Մենակ թե բարձրացել, հողից կտրվել եք, հողին չեք ուզում տիրություն անել»։ Կյանքի մասին իր պատկերացումը մոտավորապես այսպիսին է. «Եկեղեցին, որով էսօր աշխարհով մեկ հպարտանում ենք, պայթեցնում էին։ Ոտքներս մեր տաք թոնիրների մեջ՝ եկեղեցին պայթեցնողներին քթներիս տակ անիծում էինք՝ Ղազարյան Ցոլակը մեջքը դեմ տվեց եկեղեցուն, կանգնեց՝ ով տղամարդ է, թող եկեղեցուն մատով դիպչի։ Եկեղեցին կանգուն մնաց։ Որոշ ժամանակ անց Ցոլակին տարան։ Երբ մեջքը դեմ էր տալիս եկեղեցուն, Ցոլակը գիտեր, որ իրեն կտանեն։ Ցոլակը աշխարհ եկավ, ճաք տվեց, անցավ, իսկ եկեղեցին կանգուն է։ Կարող էր հակառակը լինել…»։
Հաճելի է լսել Պողոս Սահակյանին։ Լավ է պատմում, առանց գույները թանձրացնելու, առանց մանրացնելու, խորհուրդներ չի տալիս, ինքը պատմում է, դու ինչպես կուզես՝
հասկացիր։ Հիմի հիվանդ է, անկողնում պառկած։ Բժիշկն արգելել է ծխել։ Ծխում է ու մանր-մանր պատմում։
— … Ասես, գետնի տակից բուսնեցին։ Քսան֊քսանմեկ տարեկան տղա էի։ Սով էր։ Լամպի շուշա էի տարել վերևի գյուղերը, փոխանակել ցորենի հետ, տուն էի դառնում։ Գայլերի ոհմակի նման շրջապատեցին։ Ղաչաղներ էին։ Իրենց մասին շատ էի լսել, մարդն ու հավի ճուտը իրենց համար մի հաշիվ էին, գիտեի։ Մի րոպեի մեջ տկլորացրին՝ զենք, հագուստ, սապոգ… Հիմի իրար մեջ որոշում են՝ ինձ սպանեն, թե՞ չէ։ Ձմեռ, սառնամանիք, մի տակ շապիկով, ոտաշորով տնկվել եմ ձյուների մեջ ու սպասում եմ։ Մտքումս մահն արդեն ընդունել եմ, էլ վախ չկա։ Որ չսպանեն էլ, գիտեմ, գելերի բաժին եմ դառնալու։ «Սպանեք, պրծնեմ,— ասացի,— էլ ի՞նչ եք սպասում»։ Կատվի խաղը՝ մկան մահը, հրացանը դեմ են արել ճակատիս՝ «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»,— հարցուփորձ են անում։ «Արծվանիստցի եմ, Տիգրանի տղեն եմ,— ասացի,— հայ եմ, գյավուր եմ, սպանեք պրծնեմ»։ Էս պահին իրենցից մեկը, թե՝ «Օհանի՞ Տիգրանի»։ Մեջս ինչ֊որ հույս շողաց։ Հետո հույսս փոխվեց վախի։ «Հա, — կմկմացի,— Օհանի թոռն եմ»։ Էս իմացա։ «Սրա շորերն ու ձին ետ տվեք»,— դառավ ղաչաղը ընկերներին։ Իրենց մեջ ղալաբալա սկսվեց։ «Իմ» ղաչաղը պինդ էր։ Իրենց միջի գլխավորը չէր, բայց պինդ էր։ Իրերս ու ձին ետ տվին։ «Պապդ թե կենդանի է,— ասաց ղաչաղը,— կասես՝ Նաբին քո լավությունը չի մոռացել»։ Ու ոնց որ երազի նման հայտնվել էին, երազի նման էլ անհետացան։ Նաբու դեմքն էլ երազի նման եմ հիշում, հոգնած֊ անհաղորդ դեմք ուներ, բայց երբ ղալաբալան սկսվեց, դեմքը սրվեց ու աչքերը փայլեցին։ Հաստատ արունք կլիներ, թե ընկերները չզիջեին…
Պապս էդ դեպքից երեք տարի առաջ էր մահացել, ու էդպես էլ ինձ համար մութ մնաց, թե ի՞նչ լավություն կարող էր արած լինել իմ ռանչպար պապը ղաչաղ Նաբուն, որ Նաբին չէր մոռացել… Միակ բանը, որ հաստատ էր, որ մինչև գերեզման ապրելու պայմանով մեջս մտավ էն օրը, էս միտքն էր. ոչ մի բան աշխարհում հենց այնպես չի կորչում, ո՛չ մի բան։ Էս խելքով էլ կյանքս ապրեցի։ Հետո, էն օրից երեսուն տարի անց, մի դեպք պատահեց, ու ես համոզվեցի, որ ճիշտ եմ ապրել…
Պողոս քեռին նոր պապիրոս է կպցնում։ Չի սպասում հարցնենք՝ ի՞նչ դեպք։ Գիտի, որ մեզ հետաքրքիր է, շարունակում է.
— … 36 թվականից էդ որոշմանը սպասում էի։ Սպասում էինք։ Ի՜նչ մարդիկ էին սպասում։ Ո՜նց էինք սպասում։ Աչքներս սառեց սպասելով։ Սրտներս սառեց։ Հոգիներս սառեց։ Սպասում էինք… Պատերազմը սկսվելու վրա ուրախացա, կհավատա՞ք, ուրախացա։ Պատերազմում կամ մարդավարի զոհվելու էի, կամ հերոսի կոչումով տուն էի դառնալու։ Հաստատ։ Պատերազմ չտարան՝ չվստահեցին։ 1947-ին շատերի հետ ինձ էլ ազատեցին, մտածեցի՝ էս է… 48-ին նորից տարան. դեռ «անվստահելի» էի։ Էլ սիրտ չէր մնացել սպասելու՝ սպասում էի։ Ի՜նչ մարդիկ մեռան սպասելով… Հետո, արդեն ազատության մեջ էլ սպասում էի։ Ու հիմի, գերագույն դատարանի որոշումը ձեռքիս, իջնում եմ աստիճաններով ու հավատս չի գալիս. ես արդարացված եմ։ 36-ից մինչև 55 թվականը ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ արդար եմ, բայց հիմի, էս թղթի կտորի վրա լացս գալիս է… Ես, ուրեմն, արդար եմ, տասնինը տարի շարունակ արդար եմ եղել, արդար եմ տառապել… Երնեկ չարդարացնեին, մտածում եմ, երնեկ էսպիսի որոշում կայացնեին՝ Պողոս Սահակյան, դու քո պատիժը արդարացի ես կրել, հիմի, Աստված քեզ հետ, ապրիր ոնց ուզում ես։ Թե չէ հիմի էս թուղթն ի՞նչ անեմ, տանեմ-դնեմ մորս շիրմաքարի՞ն… Վերջին անգամ, մտածում եմ, վերջին անգամ շտապում եմ դուրս գալ դատարանի դռներից։ Ի՞նչ իմանամ, թե ճակատագիրը ինչ հանդիպում է նախապատրաստել…
Դատարանի շենքի առաջ, վիզը ծուռ, օգնություն խնդրող հայացքով մի մարդ
է կանգնած, որ շատ նման է… Չէ, մտածում եմ, նա էսքան խեղճացա՞ծ, հնարավոր չէ։
Բայց, դե, նույն աչքերն են, նույն շուրթերը, շատ է նիհարել, բայց դիմագծերը հո նո՞ւյնն են։ Մտքումս հազար անգամ էս դեմքը ջարդուխուրդ եմ արել, ո՞նց կարող եմ շփոթել։ «Գալուկյա՞ն»,— ասացի, ու սիրտս թպրտաց։ Հայացքը բարձրացրեց ու միանգամից ճանաչեց. «Պողո՞ս, բարև, Պողոս…»։ Որ տաք-տաք երկաթը քուրայից հանես ու կոխես սառը ջրի մեջ՝ ի՞նչ թշշոց կբարձրանա՝ մեջս էդպիսի թշշոց է ընկել։ Դեմս, ախր, Գալուկյանն էր կանգնած ու քաղցր ժպտալով՝ ձեռքը ինձ էր մեկնել։ Արմունկից բռնած՝ կողքի գարեջրատունը տարա։ Գարեջրատանը մարդ չկար։ Նստեցինք դեմ-դիմաց։ Գարեջուր պատվիրեցի։ Մինչև գարեջուրը կբերեն, ձեզ պատմեմ, թե ով էր Գալուկյանը…
Գալուկյանին առաջին անգամ հանդիպեցի 1947 թվականին, աքսորից վերադառնալուս երկրորդ թե երրորդ օրը, շրջկենտրոնի հատուկ բաժնում։ Երեսունհինգ-քառասուն տարեկան, ցածրահասակ, էն ժամանակների համար ամենասովորական տիպ էր։ Ինկուբատորից դուրս եկած ճտերի պես իրար նման էին շան որդիները։ Դու կասեիր՝ երեխաս մահամերձ է, իրենք կասեին՝ կեցցե մայիսյան ապստամբությունը։ Ես իր համար գոյություն չունեի։ Գործս ծերից ծեր կարդաց ու որոշեց, որ՝ «Այս գործի տերը ժողովրդի մեջ ապրելու իրավունք չունի…»։ Այդպես ես հայտնվեցի աշխարհից կտրված մի անանուն, որ իրականում գյուղ էլ չէր. չորս տուն քրդեր էին ապրում։ Ասես երկնքից իջել ու տիրացել էին անտեր ավերակներին։ Երկրում կատարվածից այնքանով էին տեղյակ, որքանով ես՝ լուսնից։ Էդ չորս տնով, ես էլ հետները՝ հինգ, հազար չորս հարյուր գլուխ ոչխար էինք պահում։ Պլան կար, մթերում կար, խուզ ու ծին կար՝ գլուխ քորելու ժամանակ չունեինք։ Աքսորի նման մի բան էր։ Միակ մխիթարանքս էն էր, որ ամիսը մեկ-երկու անգամ գիշերով իջնում, մորս տեսնում ու բարձրանում էի։ Աստված չաներ, թե Գալուկյանն իմանար։ Մանավանդ որ մեր կողմերում շուտ-շուտ էր երևում։ Իմ կարոտությունը չէր քաշում. սարերում լավ որս կար, ես էլ իր սեփական որսորդն էի։ Հրացանն ինձ էր տալիս ու ինքը քնում։ Զարթնում էր, փնչացնում, որսն առնում ու գնում։ Մի օր էլ եկավ, թե՝ «Պատրաստվիր, Պողոս, քեզ քաղաք եմ տանում»։ «Ի՞նչ կա»,— հարցրի։ «Էնտեղ կիմանաս, — ասաց,— ինչ ունես-֊չունես հավաքիր»։ Հավաքեցի։ Իջանք։ Ինքը՝ ձիով ետևից, ես՝ ոտքով, ունեցած֊չունեցածս շալակած՝ առջևից։ Ինձ էլի տանում էին՝ թե ինչի՞ համար, ինչքա՞ն ժամանակով, ո՞ւր, վերադարձ կա՞ր, չկա՞ր՝ պարզ չէր։ Տանում էին։ Երկաթուղու կայարանը մեր գյուղին կպած էր։ «Գալուկյան,— ասացի,— գիտես, մի ծեր մայր ունեմ, մի րոպեով մտնենք, տեսնեմ ու գնանք»։ «Շատ կլինի, կթթվի վրեդ»,— ասաց։ «Գալուկյան,— խնդրեցի,— ընդամենը մի րոպեով, ով գիտի, էլ մորս տեսնե՞մ-չտեսնե՞մ… Մարդ ես վերջիվերջո, խիղճ ունեցիր, միասին մտնենք ու դուրս գանք»։ «Չէ,— ասաց,— պարոն Պողոս։ Էնտեղ էդպես եք, չէ՞, իրար դիմում»։ Ձեռ էր առնում շան որդին, ոնց էր ձեռ առնում։ Համբերում էի։ Ոտքերս, դու մի ասա, չէին համբերել, ոտքերս ինձ գյուղի ուղղությամբ էին տարել։ Գալուկյանը կատաղեց։ Ձին քշեց վրաս ու ատրճանակը դեմ արեց ճակատիս։ Նայեցի աչքերին. ոչինչ չէին ասում, սառը արճճի կտորներ էին։ Հասկացա՝ կկրակեր, ինքը առիթ էր փնտրում։ «Փախուստը կանխելու համար» հեչ որ չէ՝ աստիճանի բարձրացում կստանար։ Խաչն էլ էր իր ձեռքին, Ավետարանն էլ, ինչ ուզեր՝ կաներ։ Մեջս դեռ պստիկ մի հույս կար։ Քաղաքում, մտածում էի, քաղաքում, ո՞վ գիտի… Քաղաքում ասացին. «Ասում ես՝ աշխատավոր չոբանների հետ խոսելու բան չունես, հա՞, աշխատավոր չոբանները տգետնե՞ր են… Դե, գնա խելոքների մոտ…»։ Առաջին անգամ խոսելու համար էին տարել, հիմա էլ չխոսելու համար տարան։ 1955 թվականին, երբ աքսորից վերադարձա, ջրերն արդեն զուլալվել էին, բայց հին սովորության համաձայն՝ գյուղում ինձանից խուսափում էին։ Ես, որ երկար ժամանակ իրենց մեջ չէի ապրել, շատ պարզ ու սուր էի զգում. մարդիկ ի՜նչ վախկոտ, ստրկամիտ էին դառել։ Անտանելի էր։ Որքա՞ն ժամանակ էր պետք, որ էդ ստրկամտությունը ժողովրդի հոգուց վերանար… Արդարացումն ինձ, չէ՛, իմ արդարացումն իրենց՝ թղթի վրա գրված ձևով էր պետք։ Մարդիկ ի՜նչ թղթամոլ էին դարձել… Ու հիմա, 1958 թվականի աշնանը, Գերագույն դատարանի որոշումը գրպանումս՝ նստած եմ գարեջրատանը՝ էն էլ ում՝ Գալուկյանի հետ աչք աչքի, շունչ շնչի. հիմի եկել է ժամանակը, որ թուղթը Գալուկյանի աչքը կոխեմ, խփեմ, ատամները փորը լցնեմ. Նստել ու սառել եմ։ Ախր, էնքան բան ունեմ ասելու, որ մեջս եղածը եկել, դեմ է առել կոկորդիս, խցանվել է ու ոչ մի կերպ չի պայթում։ Շունչս կտրվում է։ Գալուկյանն ինքը սկսեց. «Հետո՞, Պողոս, ի՞նչ կա, ի՞նչ չկա»։ «Արդարացվել եմ, Գալուկյան,— ասացի,— էս Գերագույն դատարանի որոշումը, էս էլ ծանուցագիր՝ փող եմ ստանալու, օգնելու են նաև, որ տուն շինեմ»։ Որոշումը կարդաց-չկարդաց, ետ տվեց։ Տնքաց։ «Դա՜,— արեց,— դա՜… Իսկ ես, Պողոս, կործանվում եմ։ Աշխատանքից էլ հեռացրին, կուսակցությունից էլ։ Հիմա էլ դատի են տվել։ Օգնիր, հա՞, Պողոս, Աստծո սիրույն…»։ «Արդեն Աստծո՞ւն ես հավատում, Գալուկյան,— ասացի»։ «Դե, խոսք է, ասում ենք, Պողոս ջան, շողոքորթեց,— խնդրում եմ, աղաչում եմ, օգնիր, ցուցմունք տուր, որ էն տարիներին ես ձեզ հետ լավ եմ վարվել…»։
Աչքերիս մեջ նայելով՝ անամոթաբար էնպես էր խնդրում, ասես էդպես էլ եղել էր, ասես չօգնելն իմ կողմից մեծ ստորություն կլիներ։ Հենց էդ պահին խոսակցության հարմար տոն գտա։ «Դա՜,— արեցի,— դա՜… Լավ չեն գործերը։ Գալուկյան, հիշո՞ւմ ես՝ մեր սարերում ինչ լավ որս կար»։ Զարմացավ, փուշը թողեց։ «Հիշում եմ,— ասաց,— Պողոս, դու էլ աննման որսորդ էիր»։ «Դա՜,— արեցի,— դա՜… Որսի մսից խորոված էինք անում, ուտում-խմում֊-ուրախանում էինք, հիշո՞ւմ ես, Գալուկյան։ Էն, էն աշխատավոր չոբաններն էլ ի՜նչ զարգացած, ի՜նչ տաղանդավոր մարդիկ էին, այ մարդ, շան որդիները։ Չե՞ս հիշում… Որտեղի՞ց հիշես, Գալուկյան, հազար մարդու ես լավություն արել, ո՞ր մեկին հիշես…»։
Չէր խոսում։ Ձեռքը բաժակին գցեց։ Ձեռքը բռնեցի։ «Սպասիր,— ասացի,— մի վռազիր, դեռ կխմես։ Մի հարց եմ ուզում քեզ տալ, Գալուկյան, դու կիմանաս՝ բոզ ծնվո՞ւմ են, թե՞դառնում…»։ Չպատասխանեց, բայց մտքում, գիտեմ, անիծում էր էն օրը, որ ատրճանակի յոթ գնդակն էլ գլխիս մեջ չդատարկեց։ Թող անիծեր, նույն Գալուկյանն էր, հիմի մուկ էր դառել, բայց ջուրը տեսներ թե չէ, էլի ձուկ կդառնար։
Գարեջուրը խմեցի։ «Գալուկյան,— ասացի,— մեկ էլ էն օրն եմ հիշում, որ ինձ քաղաք էիր տանում, ասացիր՝ հիվանդ մայր ունես, Պողոս, մի րոպեով մտնենք, տես, նոր գնանք»։ «Ես չասացի, Պողոս,— մռթմռթաց,— դու ասացիր։ Ես քեզ չէի կարող թողնել, ծառայություն էր, հասկանում ես…»։
Միջիս ռումբը պայթեց։ Տարիներ շարունակ կուտակված մաղձը Գալուկյանի գլխին թափեցի։ Ներսս, սակայն, չզուլալվեց, դեռ ինչ֊որ բան ղլդբլդում էր։ Գալուկյանը լուռ էր։ Թե էս պատից ձեն դուրս եկավ՝ իրենից էլ դուրս եկավ։ Չէր էլ վեր կենում՝ գնար։ Ասենք՝ ո՞ւր գնար, բաժակն էլ թե գլխովը տայի՝ չէր գնա. խնդիրք ուներ, դեռ հույսը չէր կորցրել։ Նստեց, նստեց ու թե՝ «Պողոս, մոռանանք էդ մասին, անցած-գնացած պատմություններ են»։
Ոնց որ բզեզի բույնը փայտով խառնես։ «Ի՞նչը մոռանանք, Գալուկյան,— պայթեցի։ Որ Արամ Վաչյանը երկու օր էր՝ մեռած էր ու թաղված չէր՝ մոռանա՞նք։ Դագաղագործը ռիսկ չէր անում դագաղ շինել, գերեզման փորող չկար։ Երկու օր հանգուցյալի տան դուռը բացող չեղավ՝ ո՞վ կհամարձակվեր։ Արամ Վաչյանին «ազգի դավաճան» էիր սարքել։ Իհարկե, դուք ազգի փրկիչ էիք, քիչ էր մնացել, հա՜, մեզ ազգովի Սիբիր էիք քշում՝ հողը շատ, ջուրը շատ, դուք փրկիչ էիք ու Արամ Վաչյանը՝ դավաճան։ Գիշերվա կեսին տանելու էիք, մարդը որոշեց իր տան մեջ մեռնել՝ կախվեց թոնրատան օճորքից։ Մոռանա՞նք, Գալուկյան… Էս փողոցը գիտե՞ս ում անունով է… Դուրս գնա, գնա, կարդա։ Գիտե՞ս… Ախր, նրան էլ էիք դավաճան սարքել, մոռանա՞նք, Գալուկյան…»։ Ինչ, ի՞նչ պատասխանի, որ լավ լինի. «Է՜, Պողոս,— ասաց,— իզուր հոգիդ մի փորփրի։ Անցավ, գնաց։ Ո՞ւմ են պետք քո հիշողությունները։ Եղունգ ունես՝ գլուխդ քորի, Պողոս…»։ Էլ չդիմացա։ «Դուրս,— գոռացի,— կորիր աչքիցս, շան որդի, դուրս…»։
Գլուխն ուսերի մեջ թաղած՝ Գալուկյանը դուրս եկավ գարեջրատնից։ Նույն պահին գարեջրավաճառ աղջիկը երկու բաժակ գարեջուր բերեց, դրեց դեմս ու գնաց։ Ես գարեջուր չէի ուզել, ի՞նչ իմացավ, որ ներսս վառվում էր։ Խմեցի ու մոտեցա իրեն՝ վճարելու։ Զարմացա։ Լաց էր լինում։ Արցունքների միջից ժպտաց։ Փողը չվերցրեց։ «Խնդրում եմ,—ասաց,— հայրիկ, մեծ բան չի, էդ էլ իմ կողմից պատիվ տալ համարեք, չգիտեմ, ինչ ուզում եք՝ համարեք»։ Զարմացած իրեն էի նայում։ Հանկարծ հեկեկաց. «Հենց իմանամ՝ հայրս է խմել… Կներեք, բայց ձեր խոսակցությանը ականջ էի դրել։ Լավ արեցիք, էն մարդն արժանի չէր ձեզ հետ սեղան նստելու… Հորս էլ ախր, էդպես տարան, ու հետ չեկավ հայրս…»։
Աղջիկը չկարողացավ շարունակել… Տասնինը տարվա աքսորի ընթացքում աչք թացած չկայի։ Դուրս եկա գարեջրատնից, ու արցունքները գլորվեցին աչքերիցս։ Ու հոգիս էնպես թեթևացավ։ Կյանքիս ամենատխուր ու ամենաուրախ օրն էր միաժամանակ։ Էն երկու բաժակ գարեջուրը կյանքումս ստացած ամենամեծ պարգևն է…
Չորս օր անց նամակ ստացա։ Բաց արեցի ու զարմացա, արդարացման որոշումն էր ուվփողի ծանուցագիրը. մոռացել, թողել էի գարեջրատան սեղանի վրա…
Հաճելի է լսել Պողոս Սահակյանին։ Լավ է պատմում, առանց գույները թանձրացնելու։ Խորհուրդներ չի տալիս, ինքը պատմում է, դու, ինչպես ուզում ես, հասկացիր։

2017-05-27

Երգիծանքի դրսևորումները «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսում

Մեր իրականության մեջ տարբեր երկեր, կապված դրանց երգիծական բնույթի հետ, բազմիցս ուսումնասիրության են ենթարկվել: Սակայն անտեսված ու չուսումնասիրված է մնացել այս առումով հայ ժողովրդական էպոսը: Երգիծանքի ուրույն տեղն ու դերը էպոսում որոշելու համար արվել է միայն մեկ փորձ, որը այնուամենայնիվ բավարար կերպով չի խորացել հարցի էության մեջ: Հետաքրքիր է, որ մեր ազգային էպոսը, լինելով այսքան ուսումնասիրված գրականագետնետրի կողմից, երբեք չի արժանացել երգիծականի տեսանկյունից կատարվող քննության, այնինչ այնտեղ տեղ են գտել ազգային մտածողությանը, սուր մտքին և լեզվին համապատասխանող բազում դրվագներ, որոնք եթե ոչ ողջ հայ գրականության, ապա գոնե բանահյուսական գրականության լավագույն օրինակներից են:
Այժմ փոքր-ինչ խոսենք երգիծանքի, դրա արտահայտման ձևերի, գործածման նպատակների մասին, ապա փորձենք օրինակներով ցույց տալ, թե ինչ գործնական կիրառում են գտել դրանք էպոսում:
Դեռ անտիկ ժամանակներից մարդկանց հետաքրքրել է ծիծաղը, երգիծանքը: Դրանում հնուց տեսել են կյանքի ալաբականական արտացոլումը: Այն եղել է մեղմասական յուրօրինակ ձև՝ խարազանելու ամենայն չարիքն ու անբարոն: Սակայն երգիծանքը չի բավարարվել իր ամենօրյա կիրառությամբ, այն նոր ոլորտներ ու «հորիզոններ է նվաճել», մասնավորապես՝ գրականություն, թատրոն, ֆիլմարտադրության, քանդակագործություն ևն: Զարմանալի չէ, գրական-բանահյուսական ամբողջական ժանրեր ստեղծվել են հենց երգիծական միջոցներով: Ի՞նչ է գրականությունը, եթե ոչ մարդկային փոխհարաբերությունները թղթային արտացոլում: Գրականությունը կոչված է մարդուն (ընթերցողին) ծանոթացնել իր նմանի հոգեբանությանը, նրա սխալով սովորեցնել կյանքի ընկալումը: Բայց կյանքը մենք ընկալում ենք տարբեր կերպ: Այդ ընկալումներից մեկն էլ երգիծանքն է (ծիծաղը, հումորը): Այն հասարակական կոնկրետ հանգամանքների վերաբերյալ մարդկային գնահատականի ձև է: Երգիծանքի մյուս կարևոր հատկանիշը դրա սուբյեկտիվությունն է, որ բխում է հենց երգիծողի ընկալումից: Բացարձակ երգիծելի ոչինչ չկա: Փաստը, երևույթը երգիծելի են միայն այնքանով, որքանով ներկայացնողը կկարողանա իմաստավորել դրանք: Նույն երևույթի երկու տարբեր անձ կարող են տարեր գնահատական տալ՝ դրամատիկ կամ երգիծական՝ կախված իրենց սուբյեկտիվ մոտեցումից և աշխարհընկալումից (կարելի է պնդել նաև հակառակը. ճշտելով, թե տվյալ հեղինակն ինչն է համարում ծիծաղելի՝ մենք ճանաչում և թափանցում ենք նրա աշխարհայացք): Ի վերջո, յուրաքանչյուրը որևէ կենսական իրողությունը ընկալում և արտահայտում է անհատական: Այս մասին ռուս գրականագետ Դ. Նիկոլաևը մասնավորապես գրում է. «Եթե էպոսում կամ դրամայում հեղինակը ձգտում է արտացոլման առավելագույն «օբյեկտիվության», ապա սատիրայում ակնհայտորեն տեսանելի է նրա սուբյեկտիվությունը: Գրող-երգիծաբանը չի էլ մտածում իր զգացմունքները թաքցնելու մասին: Ընդհակառակը, նա անմիջապես և միանգամայն պարզ արտահայտում է գաղափարական-զգացմունքային, մերժողական գնահատական արտացոլվող տիպի նկատմամբ»[1]:  Սակայն այս անհատականությունը բացարձակ չէ: Երգիծողի գլխավոր նպատակն է իր խոսքը ձևակերպել այնպես, որ չնայած այլաբանությանը և հումորին, խոսակիցը (կամ ընթերցողը) ևս այն հասկանա, այլապես, ինչպես ճշմարտացիրորեն նկատել է Վ. Պրոպը, երգիծողը կարող է ընկնել ծանր կացության մեջ. եթե նա չկարողանա համոզել իր երգիծանքով, ապա ասածը կշրջվի հենց իր դեմ[2]: Այլ կերպ ասած՝ երգիծանքը անհատականության հետ մեկտեղ պետք է նաև համոզիչ լինի:
Մեր ուսումնասիրությանը անցնելուց առաջ հարկ ենք համարում խոսել նաև մի կարևոր հանգամանքի մասին: Ի՞նչ է երգիծանքը, և ի՞նչ է ծիծաղը. արդյոք մի՞շտ է ծիծաղը երգիծանքի արդյունք: Այս հարցին իր հոդվածում փորձել է պատասխանել Ս. Աղաջանյանը. «Թեև երգիծանքը հաճախ (բայց ոչ միշտ) հանգեցնում է ծիծաղի, բայց ծիծաղի ամեն դեպք չէ, որ երգիծանքի հետևանք է: Երգիծանքը մարդկային արժևորման, գնահատման ձև է»[3]:
Այժմ անդրադառնանք երգիծանքի դրսևորմանը «Սասունցի Դավիթ» էպոսում[4]:
«Սասունցի Դավիթը» այն էպոսներից էորոնց մեջ մեծ տեղ է տրվում երգիծանքին: Երգիծանքը սաստկության իր տարբեր աստիճաններով ուղեկցում է ողջ էպոսը: Այն հիանալի միջոց է դառնում էպիկական կերպարներ ու իրադարձություններ կերտելիս: Երգիծանքի նուրբ ու տեղին կիրառությունները ոչ միայն խոսքը էպոսում դարձնում են ոճականորեն հարուստ, այլև ամողջացնում են հեղինակ-պատմող-ասացողի վերաբերմունքը: Էպոսում երգիծողը ոչ թե ասացողն է (չնայած երբեմն ասացողն էլ կարող է հավելումներ անել), այլ ժողովուրդը: Սրանով արդեն մենք բնորոշում ենք էպոսի սուբյեկտիվ լինելը: Հետևապես այն ամենը, ինչ ներկայացվում է էպոսում, մեզ համար կարող է ուրախ կամ երգիծական լինել, սակայն նույն կերպ ու նույն խանդավառությամբ չէին ընկալի այն Սասնա հերոսների հակառակորդները: Պարզ է, որ ամենից առաջ և ամենից շատ երգիծվում են հենց «հակառակորդ ուժերը», բայց ասացող-ժողովուրդը հազվադեպ է բացահայտ երգիծում հակառակորդներին. նա գերադասում է դա անել մեր քաջերի առավելության առաջ նրանց տկարությունը ցուցադրելով: Հիշենք Սասունցի Դավթի ճյուղից այն դրվագը, երբ Սասնա ծուռը խաղում է երեխաների հետ: Էպոսում չի խոսվում այն մասին, թե այդ երեխաները թուլակազմ էին կամ բազկի ուժով տկար, սակայն միայն այն, որ Դավիթը միամտությամբ նրանց իր ուժին հավասար դասելով սկսում է վնասել, կոմիկական իրավիճակ է ստեղծում: Մանուկ Դավթի քաջությունը ստվերում է Մսըրա երեխաներին, սակայն հազվադեպ (մեր դիտարկումներով 2-3 անգամ) հանդիպում ենք բացահայտ ծաղրի հակառակորդների նկատմամբ: Հիշենք  Կոզբադինի անհաջող հարկահանությունից հետո նրա Մսըր վերադառնալու դրվագը, երբ Մսրա կանայք սկսում են հեգնել նրա մեծաբերանությունը.
Կնկտիքըն ասին. -Տեսե՛ք մի, տեսեք,
Մեր Կոզբադին ինչպես կը գա լերան-լերան,
Բերնից կը թափե չորթընե թան:
....Այ, Կոզբադին, մեծաբերան...
Սակայն ժողովուրդը  օբյեկտիվ է. նա երգիծում է նաև իր հերոսներին: Գրեթե յուրաքանչյուր Սասնա հերոս գոնե մեկ անգամ երգիծվում է իր միամտության կամ էլ վախկոտության (Վերգո) համար, սակայն ժողովուրդն այստեղ բարեհոգի ծիծաղով է վերաբերվում դրան: «Ծուռ սասուցիները» ևս հայտնվում են կոմիկական տարբեր իրավիճակներում: Բայց եթե մեր ծռերի դեպքում հումորն ընդգծում է նրանց որևէ դրական հատկանիշը (բացառությամբ Վերգոյի), ապա թշնամու դեպքում հումորը սաստկանում է, երբեմն վերածվում բացահայտ ծաղրի, ինչը հակառակորդին վերջնականապես ոչնչացնելու միտում ունի:
Հետաքրքիր է, որ էպոսում ժողովուրդը փորձել է զերծ մնալ իշխանավորներին, թագավորներին երգիծելուց: Սա միջնադարյան տաբուի հետևանք է, որը, սակայն, ավելի ուշ շրջանի պատումներում ի չիք է դարձել: Բայց չնայած դրան՝ ժողովուրդ-հեղինակը ավելի քիչ է հեգնում պաշտոնյաներին, քան մյուս հերոսներին (սասնա հերոսներին չպետք է համարենք իշխանավոր. չնայած նրանք Սասունի տերուտիրականն են, այնուամենայնիվ ժողովուրդը նրանց նայում է որպես իրեն հավասարի. «Դավիթն ու մյուս ծռերն ներկայացուցիչներն են այն նույն միջավայրի, որին պատկանում են ոչ միայն Սասնա քաղաքի բնակիչներն էպոսում, այլև ասացողներն ու ունկնդիրները»[5]): Այս ընդհանուր կանոնից շեղում է Մսրա Մելիքը, ում կերպարը նույնքան կենտրոանական ու հավաքական է բոլոր չարագործների մեջ, որքան Դավթինը՝ բոլոր ծռերի մեջ: Եվ հետաքրիր է, որ էպոսում ամենից շատ երգիծվող մեր հերոսը հենց Դավիթն է, իսկ թշնամի ուժերից՝ Մելիքը:
Երգիծանքը էպոսում մի քանի գործնական կիրառություն ու նպատակադրում ունի: Դրանց մենք կանդրադառնանք առանձին-առանձին: Այդ կիրառություններից առաջինը, որը նաև ստեղծում է պատկերավոր խոսք, երգիծական մականունն է: Այս մականունների առաջացումը մի քանի պատճառ ունի 1/Անուններ, որոնք արտաքին ինչ-ինչ հատկանիշ են մատնանշում՝ Թուխմորուս Դավիթ, Թառլան Դավիթ ևն 2/Անուններ, որոնք հերոսների բնավորության գծերից տիպականն են մատնանշում՝ Ձենով Հովան, Ծուռ Դավիթ (Բաղդասար, Մհեր), Չարբահար Քամի (և՛ անունը, և՛ մակնունը երգիծական են), Ցռան Վերգո ևն 3/ Մականուններ, որոնց ծագումը տրվում է ժողովրրդկան որևէ ստուգաբանությամբ՝ Թլոլ Դավիթ, Շաղգամակեր Դավիթ, Խոր Դավիթ: Այս մականուններից յուրաքանչյուրն ունի իր նախապատմությունը, որոնցից յուրաքանչյուրը առանձին մի երգիծական դրվագ է: Այպես. Արտատեր Պառավի արտերում թափառող, նրա ցանքսը փչացնող և միաժամանակ նրա շաղգամներն ուտող Դավթին պառավը Շաղկամակեր մականունն է տալիս: Թլոլ և Խոր մականունները նույն իրադարձության արդյունքն են՝ բերված տաբեր պատումներում: Այսպես պատումներից մեկում Դավթին ոսկով ու կրակով փորձելիս, երբ հրեշտակը Դավթի ձեռքը դեպի կրակն է տանում, Դավիթն այրում է մատը, և տանում է բերանը այրոցը հանդարտեցնելու: Սակայն նա այրում է իր լեզուն, ու այդ օրվանից Թլոլ են սկսում կոչել նրան: Մանուկ Թորոյանի պատումում նույն փորձությանը ենթարկելով և մատը այրելով՝
Գնաց ձեռ զարգեց կրագի մեչ,
 Կրագ կպավ, մատ վառավ.
Մատ որ վառավ, մատ զարգեց բերան:
Կրագ կպուկ էր մատին,
Իդոր մռութն էլ վառավ
Հարի հընցուցին, մռութ վառավ, խոռվավ:
Էտեխ մնաց Խոր Մանուկ իդոր անուն» [6]:
Սասնա ծռերի տարբեր պատումներում հանդիպում ենք ամենատարբեր երգիծական իրավիճակների: Սակայն ամենից հաճախ այս երգիծանքը միջոց է ընդգծելու մեր հերոսների միամտությունը, նրանց հոգու մաքրությունը, երբեմն էլ սրանք արդյունք են մանկական չարաճճիությունների: Այսպես. Պատումներից մեկում Ծովինարը փորձում է ապացուցել Խալիֆային, որ նրանից է հղիացել, ասում է.
-Ես քեզնից հըղացիր իմ.
Տու ուժեղ մարդ էր, կըգեր, էն կող կըկայներ՝
Ես քեզնից հըղացիր եմ[7]:
Դեղձուն-Ծամը նամակ է գրում Սանասարին, որտեղ երկու անգամ բարևում է Սանասարին և մեկ անգամ Բաղդասարին: Բաղդասարը սրանից նեղանում է ու կարծում է, թե եղբայրը վաղուց մտադիր էր Դեղձուն-Ծամի հետ ամուսնանալ, սակայն իրեն չէր ասում: Բայց ամեն շատ նա նեղանում է, որ իրեն մի բարև է ուղարկվել, եղբորը՝ երկու.
Ասաց. «Էս ի՛նչ բան է, էրկու դիր՝
Բարև գրե Սանասարին, մեկ դիր՝ ինձի»:
Մի ուրիշ անգամ Սանասարի ու Համտոլի դևի երգիծական զրույցը, ի տարբերություն մյուս դրվագների, ցույց է տալիս Սանասարի հնարամտությունը:
Համտոլ դև էն դեհեն ձեն էտու, ասաց.
— Դու ո՞վ ես, դուռ բանամ վեր քեզ։
Սանասար ասաց.— Իմ անուն չե՞ս լսե։
Համտու հարցուց.— Քո անուն ի՞նչ է։
Սանասար ասաց.— Դու իմ անուն չես գի՞տի։
Համտոլ ասաց.— Չէ՛, չեմ գիտի։
Սանասար ասաց.— Ես էլ չեմ գիտի,
Թե իմ անուն ինչ է.
Իմ մոր մոտեն լսեր եմ...
 

Համտոլ հարցուց.— Ի՞նչ ես լսեր։
Սանասար ասաց.— Ինչ եմ լսե՞ր։
Ճիժ էի, իմ մեր ինձ վեր կը թալեր
Ու կասեր՝ Համտոլի գրող։
Համտոլ ասաց.— Որ դու իմ գրողն ես,
Մի քո մատ դռան ճղուն վե տուր դե՛ս...

Պատումներից մեկում, երբ Սասունում սով է, հաց չկա, եղածն էլ թանկացած է, Մհերը հարցնում է հորը՝ Սանասարին.
Թե.-Հորի՞ թանգուտեն կ՛ընկնի:
Հեր լե ըսեց թե.- Առուծ մի փարդա եղի ճամփու վրեն,
Ճամփորդ կտրեց, երթցող-գալացող չկա,
Ըսեց.- Իմա՞լ առուծ. առուծն ի՞նչ ա, ըսեց:
Ըսեց.-Ջանավար է, մարդ կ՛ուտե:
Ըսեց.-Հեռվա՛նց մարդ կուտե, չէ՞ մոտենաս՝ նոր[8]
:
Մի ուրիշ անգամ (ուրիշ պատումում) մենք տեսնում ենք Մհերի և՛ ծռությունը, և՛ միամտությունը: Նա Գորկիկ իշխանի ախոռում փորձում է իր համար ձի ջոկել, բայց այդպես էլ հարմար ձի չի գտնում: Վերջում մի փրչոտ քուռակ է տեսնում.
Ըսեց. «Համին ընձի պետքական ձի մի չի կա,
Կայնի գոմփ մի զարկիմ իդա քուռկին,
Քուռակ լե փիդնա, յելնիմ, էրթամ»[9]:
Աամենից շատ, սակայն, էպոսում Սասնա տան հերոսներից երգիծվում է Դավիթը: Հումորի տեղիք է տալիս ինչպես նրա չիմացությունը, այնպես էլ ուժը: Առայժմ օրինակներ բերենք միայն միամտության դրսևորումից: Մի անգամ, երբ Դավիթը փակված էր սենյակում, նրան հաց տանողը որոշում է չհանել մսի միջի ոսկորը, որպեսզի Դավիթը խեղդվի: Նա էլ միսն ուտելիս, երբ տեսնում է, որ չի կարողանում  ոսկորն ուտել, ջղայնությունից ոսկորը նետում է լուսամուտի կողմը, կոտրում է այն: Անցքից արևի շող է նոր ընկնում.

Ասաց.— Էս ի՞նչ ընկավ մեջ սենեկին։
Դավիթ էլավ, ընկա՛վ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էլ ետ էլավ, ընկավ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էնպե՜ս էլավ, որ քրտինք է՛ս կողմեն,
Էն կողմեն թափավ։
Վարպետ, որ էդոր դաս կը տար,
Դռնով մտավ,
Տեսավ՝ Դավիթ կ՛ էլնի ու կը տփվի գետին.
Ասաց.— Դավիթ, մեռնե՛մ քեզի,
Ինչի՞ էդպես կը տփես դու էդա գետին։
Ասաց.— Էսիկ մտել է իմ սենեկ, չի՛ էլնի դուրս։
Ասաց.— Մեկ աչքերդ խփիր։ Աչքեր խփեց։
վարպետ թաշկինակով բռնեց էն շողի ծակ կալավ,
Շող կտրավ։ Դավիթ ասաց.
— Յա՛, ես էսքան կը չարչարվեմ.
Չե՛մ կարնա դուրս հանի։—
Ասաց.— Ինձնեն զոռբա՞ էիր։
Ինչպե՞ս դու զէն հանեցիր դուրս։
Վարպետն ասաց.— Ղո՜ւրբան, հե՛յրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևու շո՛ղքն էր։
Դավիթ ասաց.— Յա, էդ արև որ կա՝
Բա ինչի՞ եք ինձի նստեցուցե էս բանտ։
                   
«Սասնա Ծռեր» էպոսում երգիծանքի կիրառության երրորդ ոլորտը ուժի չափազանցությունն է՝ գրոտեսկը, որը բարեհոգի հումորի ներքին շղթայումով բնութագրում է կերպարներից որևէ մեկին: Էպոսում գտնում ենք չափազանցության այնպիսի հատվածներ, որոնք վերաբերում են կերարներից մեկի ուժին կամ արտաքին նկարագրությանը: Ստորև կբերենք մի քանի օրինակ, որտեղ երգիծվում են հենց այդ հատկանիշները: Այսպես. դեռ փոքրահասակ Սանասարը մի անգամ խաղի ժամանակ վնասում է խաղընկերներին.
Ճժեր էղան յոթ տարեկան:
Օր մի կխաղային հետ էն մեկէլ ճժերուն.
Սիլա մի զարկեց Սանասար վազրի լաճուն,
Վիզըն ծռվեց, մնաց ծուռ:
Այս տեսարանում մանուկ Սանասարի ուժը ժողովուրդը տալիս է չափազանցության միջոցով, իսկ որպես ապացույց բերում է մի դեպք, որը ընթերցող-ունկնդիրների կողմից ընկալվում է իբրև երգիծանք: Նման մի տեսարանի ականատես ենք լինում Դավթի մանկության տարիներին: Այգում խաղացող հասակակաիցներին ուրախացնելու համար նա.
Դավիթ բարձր բարդի ծա՛ռ մի բռնեց,
Կորե՛ց, բերեց տակ,
Ինքն բռնեց ծառի կառարեն, ասաց.
-Էկեք, հեծեք, ձի՛ խաղացեք:
Սակայն շուտով այս զբաղմունքից ձանձրացած և ձեռքն «արդեն դադրած» Դավիթը խնդրում է, որ երեխաներն իջնեն, սակայն նրանք անտեսում են նրա խնդրանքը, և «էդ վախտ Դավիթ ծառի կատար էթող://Տղեկներ թափվան գետին.//Որ մեռավ, որի գլուխ կոտրվավ»:
Արտաքինի չափազանցված պատկերների էպոսում շատ ենք հանդիպում: Երբեմն այն սպանիչ ծաղր է՝ ուղղված մեկի դեմ, երբեմն էլ կերպարի նկարագրման լավագույն տարբերակ: Վերևում արդեն խոսել ենք Կոզբադինի՝ անհաջող հարկահանությունից հետո Մըսր վերադառնալու մասին: Այստեղ ժողովուրդը ջանք չի խնայում (բոլոր պատումներում, որտեղ կա այս դրվագը) նկարագրելու Կոզբադինի այլանդակված արտաքինի: Պատումներից մեկում անգամ Կոզբադինին տեսնում ենք ատամները ճակատին շարած: Սա մի կողմից սարսափեցնում է ընթերցողին, մյուս կողմից՝ հարուցում է նրա ծիծաղը. չէ՞ որ ի վերջո մեծաբերան Կոզբադինը ստացել է իր համարժեք պատիժը.
Դավիթ լե խերսոտեց, կայնավ...
Կոզբադնի պոկտեր կոտրեց,
Ատամներ լե քաշեց, բվռնեց ճակատ...[10]
Մի ուրիշ դրվագում, երբ Դավիթը հրամայում է Մսրա Մելիքի ծառաներին արթնացնել նրան, նրանք ստիպված են լինում դա անել մի շարք միջոցներով, որոնք ընթերցող-ունկնդիրն իբրև երգիծանք է ընկալում.
Էլան՝ շամփուր կարմրցուցին,
Դրին Մելքի ոտների տակ։
Ասաց.— Օ՜ֆ, աղջիկներ,
Ինչի՞ իմ տեղ լավ չեք շինե.
Լու կա իմ տեղ, ինձ կը խածե։
Ասաց, էլի մնաց քնուկ։
Բերին՝ գութնի խո՛փ մի կարմրցուցին,
Դրին էնոր ոտների տակ։
Ասաց.— Օ՜ֆ, մեջ իմ տեղաց ինչքա՜ն լու կա։
Ինձ կը խածեն, չեն թողնի՝ ես քնեմ։
Այժմ անդրադառնանք էպոսում հանդիպող խոսքի և դրության կոմիզներին: Պետք է նշենք, որ խոսքի կոզմիզմի և դրության կոզմիզմի բացարձակ տարանջատում անցկացնել գրեթե անհանար է: Երգիծանքի ցանկացած տեսակ կապված է խոսքի կոմիզմի հետ: Սակայն մենք կփորձենք տալ օրինակներ, որոնցում երգիծանքը մեծամասամբ հիմնվում է կոնկրետ խոսքի վրա: Ուսումնասիրության սկզբում, երբ խոսում էինք երգիծանքի սուբյեկտիվության մասին, նշեցինք, որ ցանկացած երգիծանք էլ սուբյեկտիվ է և պայմանավորված է ինչպես ժողովուրդ-ասացողի, այնպես էլ ընթերցող-ունկնդիրի անհատական վերաբերմունքից: Սակայն եթե փորձենք համեմատության մեջ դնել խոսքի և դրության կոմիզմները, ապա պետք է ընգծենք հետևյալը. խոսքի կոմիզմը իր էությամբ բացարձակ սուբյեկտիվ է, այնինչ դրության կոմիզը դրա համեմատությամբ ավելի օբյեկտիվ է: Սա պայմանավորված է նրանով, որ դրության կոմիզմի ժամանակ մեզ ներկայացվում են իրավիճակներ, որոնք մենք, մեր աշխարհընկալումից ելնենլով, կարող ենք համարել երգիծական կամ ոչ: Հարկավ, այս դրվագներում ժողովուրդ-ասացողը երկը հորինելիս իսկապես իր սեփական վերաբերմունքից ելնելով դրանք համարում է երգիծական, սակայն ընթերցող-ունկնդիրը պարտադրված չէ ընկալել դրանք որպես այդպիսին: Այնինչ խոսքի կոմիզմի դեպքում երգիծանքն այնքան ակնհայտ ու շեշտված է լինում, որ գործընթացի մասնակից երկու կողմերն էլ, իրենց կամքից անկախ, ընդունում են ասածի երգիծելի լինելը: Մինչ այժմ մեր բերած բոլոր օրինակները  դրության կոմիզմ էին, ուստի ստորև կներկայացնենք միայն խոսքի կոզմիզմի մի քանի օրինակ (վերևում տրված խոսուն անունները նույնպես համարում ենք խոսքի կոմիզմի օրինակներ): Այսպես, առաջին ճյուղում, երբ Սանասարն ու Բաղդասարը փախչում են խալիֆայությունից և փորձում իրենց համար ապաստան գտնել այլ թագավորությունում, Արզրումում նստող ամիրային ասում են իրենց ով լինելը, իսկ վերջինս պատասխանում է.
Մենք էդոնց մեռելներուց կը փախնինք,
Էդոնց կենդանո՜ւն ռաստ կը գանք...
Իրեն դեգերումների հաջորդ կանգառում՝ Մանձկերտի բերդում, նրանք կռվում են Թևաթորոս արքայի զորքի փոխարեն թշնամիների դեմ ապացուցելու համար իրենց նվիրվածությունը: Երբ երկու եղբայրներով գործն ավարտին են հասցնում, զարմացած թագավորն ասում է իր վեզիրին.
Մինչի հիմի էդոնք գիտեին,
Թե մեր մեջ որձ մարդ կա.
Հիմիկս իրենք մարդ են, մենք՝ կնիկ:
Մյուս դրվագում տեսնում ենք Դավթին, ով ստիպված է հեռվից հետևել Մելիքի և մյուսների գուրով խաղին, և ով ձանձրույթից սկսում է բրդյա գլխարկով հողը չափել, բայց քանի որ հաշվել չգիտի, ամեն անգամ ասում է՝ «էսա՛ մեկ...»
Դավիթ նըստած էնտեղ, հող կը չափեր իր քոլոզով.
Կասեր.— Էսա՛ մե՜կ...
Քանի չափեր, կ’ասեր.— «Էսա՛ մե՛կ...»,
Էլ չէր կարնա ասի «էրկո՛ւ»։
Երգիծական դրվագների մի ամբողջ շղթա է Դավթի հովիվ լինելու ժամանակահատվածը: Առաջին անգամ իրեն վստահած գառներին ու ուլերին աչքաթող անելուց հետո նա ընկնում է նապաստակների ու աղվեսների հետևից՝ դրանց ուլեր կարծելով, և վերջում էլ դժգոհում է, թե ինչու են այդ ուլերը փախչում իրենից.
Ընկավ հետև նապաստակին, էն չալ ուլ էր։
Կուզ, մ’էլ գընաց, աղվե՛ս մ’էլ փախավ,
Դավիթ է՛լ ասաց.
— Օ՜հ, էն ուլեր ինչպե՞ս կը փախնեն։

Այսպիսով. ուսումնասիրելով «Սասնա ծռերի» խոսքարվեստը երգիծանքի խոշորացույցի ներքո՝ կարող ենք փաստել, որ այն յուրօրինակ աշխարհ է՝ համեմված երգիծանքի տարբեր աստիճաններով: Ժողովուրդը իր հերոսներին կերտելիս չէր կարող հաշվի չառնել մի փաստ. եթե ուզում ես, որ կերպարը հոգեհարազատ լինի ունկնդիրներին, պետք է նշես նրա և՛ առավելությունները, և՛ թերությունները: Իսկ դրա լավագույն տարբերակը, որի դեպքում մենք չենք հիասթափի հերոսներից, երգիծանքն է, որը մեղմում է վերաբերմունքը, ստիպում ընթերցող-ունկնդրին նայել հերոսներին՝ որպես հավասարը հավասարին:





Օգտագործած գրականության ցանկ

1.    Աղաջանյան Ա., Երգիծանքև ծիծաղ. նկատառումներ (http://hpj.asj-oa.am/2498/1/2008-1(105).pdf)
2.    Եղիազարյան Ա., «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան, Երևան, Անտարես հրատ., 2013:
3.    «Սասնա ծռեր», հատոր Ա(1936), Բ(ա-1944), Գ(1979), Երևան, Պետհրատ:
4.    «Սասունցի Դավիթ», համահավաք բնագիր, Երևան, Հայպետհրատ,1961 :
5.    Николаев Д., Смех-оружие сатиры, Москва, 1962:
6.    Пропп В., Проблемы комизма и смеха, Москва, 1976:
Նկարի աղբյուր՝ http://eduardisabekyan.com/?page_id=1799 



[1] Д. Николаев, Смех-оружие сатиры, М., 1962, ст. 38:
[2] В. Пропп. Проблемы комизма и смеха. М., 1976, с. 17:
[3] Ս. Աղաջանյան, Երգիծանք և ծիծաղ. նկատառումներ (էլեկտրոնային տարբերակ):
[4] Օրիակները հիմնականում քաղել ենք համահավաք բնագրից, սակայն այլ պատումներից լինելու դեպքում մենք դրանք կնշենք հղումներով:
[5] Ա.Եղիազարյան, «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան, Ե., 2013,  164:
[6] «Սասնա ծռեր. ընտիր պատումներ», էջ 166:
[7] Սասնա Ծռեր, հատոր Գ. էջ 26:
[8] Սասնա Ծռեր, հ. 2, էջ 58:
[9] Նույն տեղում, էջ 265:
[10] Սասնա ծռեր, հատ. Ա, էջ 16:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...