«Վերի թաղում» մի
տատ էլ ունեի: Ճակատագրի բերումով երկու տատս էլ նույն անունն ունեին: Անու՞նն էր,
թե՞՝ մի այլ բան, որ նրանց այդքան լավն էր դարձնում, թե՞ իրենք էին, որ փորձում էին
արժանի դառնալ աստվածատուր այս կյանքին… Հարցեր, որոնց ավա՜ղ մահկանացուներից և ոչ
ոք չի պատասխանի:
Հազիվ առաջին տասնյակս
գլորած կլինեի, երբ «վերի թաղում» ապրող տատիս
հյուր գնացած ժամանակ ինձ վիճակվեց առաջին անգամ ձի հեծնել: «Ձի հեծնել» արտահայտությունը,
թերևս, կաշկանդում է իմ այն ողջ զգացածը, այն ողջ ապրածը և այն ամենը, ինչ կատարվեց
ինձ հետ այդ օրը: Ես այդ օրը իմ տասնամյա ձեռքերով գրկեցի պարապը, որ մեր բանաստեղծներից
մեկը կոչել է «ազատություն». ես այդ օրը զգացի, թե ինչպես է լինում, որ մարդու հոգին
ու մարմինը միաձույլ ու ներդաշնակ են դառնում, թե ինչպես հոգին խանդավառված երբեք չի
ուզում լքել այն մարմինը, որը նրա, քիչ ասել է թե, տունն է: Առաջին անգամ (գուցե և վերջին) ես սիրեցի կյանքը՝ իր ողջ պարապով, իր դատարկության ողջ բուրմունքով, իր լիքը դատարկությամբ:
Մենակ չէի ձիու վրա,
բայց այդ պահին այնպես էր ինձ թվում, թե մենակ եմ ես աշխարհի դիմաց, որ Շականակագույնը սլանում էր դեպի աշխարհի բացված
գիրկը, որ ուր որ է՝ դիմացը բացվող հորիզոնում
կհայտնվի ինքը՝ Բարձյալը` մեր հավատից ու վախերից ծնված Հրեացին, կպարզի իր ձեռքերը,
կառնի ինձ նրանց վրա ու մանկան պես կօրորի, և մարդը ( կամ գոնե ես այդ պահին) կրկին
թողություն կստանա իր մեղքերի համար, ու դրախտի հազարամյակներ առաջ գոցված դռները նորից
կրկնկի վրա կբացվեն նրա առաջ:
Ընդահատվեց Շականակագույնիս
ընթցքը... Եվ կարծես կյանքը ընդհատվեց նրա հետ: Ամեն ինչ իր հին հունը ընկավ:
Եվ այդ օրվանից իմ
հոգին դադարեց ընդունել իրականությունը, և առ այսօր երազում
է նա հեղաշրջել աշխարհն ու մարդկությունը: Բայց հեղափոխվում են միայն կայսրություները,
միապետություններն ու երկրները, այն էլ միայն անձնական շահերից դրդված:
Ու իմ խռովյալ հոգին
պիտի ապրի՝ հավերժ ձգտելով այն լուսավոր օրորոցը, որ նախախնամել էր ինձ համար Աստված
սլացքիս պահին:
Նկարները ք. Շամլուղ, թաղամաս Բենդիկ (բայց ինձ համար՝ գյուղ Բադենք), նկարների հեղինակ՝ Անի Վերանյան
Комментариев нет:
Отправить комментарий