2020-03-21

Նադեյա Յասմինսկա «Մաշված սանդալները»


Մասն առաջին
Ավտոբուսն ուժեղ թափահարվեց դարուփոսի վրա, և Ադրիանան արթնացավ: Դեռ քնաթաթախ` նա տրորեց վնասված քունքը, հետո պատուհանից դուրս նայեց: Կրկին անտառ էր:
Նրանք արդեն երկրորդ օրն էին գնում, և դա շատ հոգնեցուցիչ էր, բայց ոչ նեղ, անհարմար նստատեղերի պատճառով (Գենադիպալիչը կատակում էր, որ մարմնամարզուհիները կարող են հարմար տեղավորվել անգամ կոնֆետի տուփի մեջ): Իսկ այ բնապատկերը լուսամուտից այն կողմ տխրեցնում էր` ծառերի անեզր կանաչ կտավ, որ երբեմն ընդհատվում էր գյուղակներով:
Կողքին`միջնանցումից այն կողմ, պառկած էր Իլոնան` ոտքերը նստատեղի հենակին, գլուխը ներքև կախ գցած: Տեսնելով, որ հարևանուհին արթնացել ,  նա ցածրաձայն ասաց.
-Ես այնքան եմ հոգնել, որ ուղղակի ուզում եմ տուն գնալ: Թող կորչի էդ դղյակը:
-Երեք ժամից դու կմոռանաս այս խոսքերդ,- քմծիծաղ տվեց Ադրիանան:
-Երեք ժամից ողջ արյունս կհոսի դեպի գլուխս, և ես կամ կմեռնեմ, կամ կվերածվեմ չղջիկի: Ես, հավանաբար, կնախընտրեի չղջիկ դառնալ:Դուք աղջիկների հետ կքնեք դղյակում, իսկ ես կթռչեմ ձեզ մոտ և կսկսեմ թևերով ծեծել լուսամուտները: Պատկերացնո՞ւմ ես` ինչ ծղրտոց կլինի: Իսկ ես չարագուժորեն կխնդամ: Հետաքրքիր է, չղջիկները կարողանո՞ւմ են ծիծաղել:
-Դժվար թե:
Այդ ժամանակ սկսեցին թեյ բաժանել, և Իլոնան վարկենաբար շրջվեց` մոռանալով կերպարանափոխության մասին իր պլանները: Թեյն էժանանոց էր, խղճուկ ճմռթված փաթեթիկներով, բայց բոլորը վերակենդանացան, քանի որ դա ինչ-որ փոփոխություն բերեց:
Հետո աղջիկները որոշեցին մոտավորապես հարյուրերեսունհինգերորդ անգամ մաֆիա խաղալ, հետո՝ «դուռակ»: Անաշխույժ ու ձանձրալի անցավ. «կոզրներն» անընդհատ խառնվում էին, իսկ նենգ մաֆիոզները ամեն անգամ մոռանում էին արթնանալ, որպեսզի սարսափ տարածեն քաղաքի վրա: Դաշենկան`պեպենոտ շիկահերը, ռոմանտիկ պատմությունների սիրահարը, ցույց տվեց «Կալանավոր» կոչվող պասյանսը[1]: Այն իբրև թե մի կալանավոր է հորինել, ով տասը տարի շարունակ ապարդյուն փորձել է դասավորել այդ պասյանսը: Բայց քանի որ երիտասարդ մարմնամարզուհիների մոտ «Կալանավորը» խելոք-խելոք արդեն երկրորդ անգամից ստացվեց, նրա հանդեպ հետաքրքրությունն անմիջապես կորսվեց: Ավտոբուսում Էդիթ Պիաֆ[2] հնչեց, և Ադրիանան նորից զգաց, թե ինչպես են ծանրանում կոպերը...
-Ադրիաշկա´, արթնացի´ր, քնկո´տ սկյուռիկ,- ուղիղ նրա ականջի մոտ լսվեց մեկի ճչոցը:
Վախեցած աղջիկն այնպիսի արագությամբ վեր կացավ, որ, թվաց, հենց էն է ավտոբուսի տանիքը կկոտրի գլխով:
-Իլկա´, գժվե՞լ ես, ինչո՞ւ ես գոռում:
-Դե լավ հա՜,- ձեռքը թափ տվեց Իլոնան,- լուսամուտից դուրս նայի՛ր:
Ադրիանան շրջեց գլուխը և տեսավ Անգալդը:
Նա միշտ հիշեց իր առաջին հանդիպումը նրա հետ:
Որովհետև, չգիտես որտեղից, զգացողություն առաջացավ, որ ինքը փոքրիկ աղջիկ է, որ մոլորվել է անտառում և հանկարծ հանդիպել է հսկայի: Բարի՞, թե՞ չար: Հավանաբար, բարի: Իսկ հսկան, կանթելով ձեռքերը, առանց առանձնահատուկ հետաքրքրության, բայց, միևնույն է, սիրալիր, ասաց. «Եվ ահա, դու ինձ հյուր ես եկել: Նե´րս մտիր, քանի որ եկել ես»:
Անգալդի դղյակը գրեթե յոթ հարյուր տարեկան է: Բայց նրան ոչ մի կերպ չէին թողնում թոշակի անցնել: Սկզբում նրան տիրում էին արքաները, հետո` բարձրաստիճան քաղաքական գործիչները, իսկ հիմա այն վերածել են թանգարանի, իսկ արևմտյան աշտարակում հյուրանոց են բացել: Եվ այն գեղեցիկ էր, բայց ոչ թե արքունական պճնամոլի, այլ թոշակի անցած խստասիրտ գեներալի պես: Բաց մոխրագույն պատերը ձգվում են վեր (այո´, իսկական զինվորական կեցվածք), աշտարակներն ավարտվում էին մուգ կապույտ կոներով (տեսանելի է, որ տանիքը վաղուց էր վերանորոգվել), իսկ ամենամեծ լուսամուտներում կարելի էր տեսնել հին խամրած վիտրաժներ:
-Գժվել կարելի է,- շշնջաց հետևում նստած Կատերինան` նրանց խմբի լավագույն մարմնամարզուհին:- Չեմ կարող հավատալ, որ այն իրական է:
Ավտոբուսը շրջանցեց հին արքայական այգին և կանգ առավ կամրջակի առաջ, որ չորացած խրամատի միջով տանում էր դեպի դղյակը:
-Հասա՛նք,- հայտատարեց մարզիչ Գենադիպալիչը ( իրականում` Գենադի Պավլովիչ Սկակուն) այնպիսի տոնով, ասես առանց իր ասելու այդ մասին ոչ ոք գլխի չէր ընկնի:- Բեռնաթափեք պայուսակները, և ոչ ոք, լսո՞ւմ եք, ո´չ ոք այստեղից ոչ մի տեղ չի գնում, քանի դեռ չենք տեղավորվել:
Իրերի հետ կապված իրարանցումը տասը րոպե տևեց, և ահա՛ նրանք բոլորը շարքով ուղղվեցին ներքին բակ:
«Ես այստեղ եմ»,- մտածեց Ադրիանան: Այո´, նա այստեղ է. Անգալդը խոշորանում էր յուրաքանչյուր քայլին զուգահեռ:
Չորս օր միջնադարյան դղյակում. այսպիսին էր նրանց գեղարվեստական մարմնամարզության խմբի պարգևը միջազգային մրցումներին հաջող ելույթի համար: Ադրիանան վաղուց երազում էր լինել այստեղ և մինչև մրցումներն իրեն ասաց, որ լավագույնն է լինելու: Իհարկե, նա լավագույնը չդարձավ` ելույթի ժամանակ մի քանի հիմար սխալ թույլ տալով: Բայց նրանց խումբն, այնուամենայնիվ, հաղթեց: Պարգևատրման արարողությունից հետո Գենադիպալիչը կանչեց նրան ու ասաց. «Ադրիշա´, դու հաղթեցիր ոչ թե որ ուժեղ էիր, այլ որովհետև ուրիշներն էին թույլ»: Ադրիանան հիշում էր, որ ինքը հենց այնտեղ` նրա աշխատասենյակում լաց եղավ ու մտածեց. «Ինչպիսի՜ ստորացում: Թքած դղյակի վրա, ոչ մի տեղ էլ չեմ գնա, եթե չեմ արժանացել դրան»: Բայց հիմա, բնականաբար, աղջիկն այդպես չէր մտածում: Որովհետև հասկացավ, որ Անգալդ մեկնելը ոչնչի հետ չէր փոխի այս աշխարհում:
-Ինչո՞ւ ես հևում,- հարցրեց նրան Իլոնան: Նա աշխույժ քայլում էր կողքին` հսկայական ուսապարկը ուսերին:
-Չեմ հևում, շնչում եմ: Իսկ ես չգիտեի էլ, որ դղյակներն իրենց հատուկ բույրն ունեն:
Ընկերուհին հոտոտեց:
-Ես ոչ մի նման բան չեմ զգում: Ի՞նչ հոտ է որ:
-Դե, եթե չես զգում, ինչպե՞ս կարող եմ բացատրել: Դղյակի բույրը: Գիտե՞ս, ասում են, որ փոքր երեխաներն իրենց բույրն ունեն: Պարզվում է, դղյակները նույնպես:
Փոքր-ինչ լռելով` նա հավելեց.
-Արևից տաքացած քարի, հի՜ն քարի բույրը: Խոնավ հողի մի մասնիկը, որ տհաճ չէ, այլ հենց ինքն է, որ կա: Լուսամուտի ճաղերի մետաղի և դրանց վրայի բաղեղի բույրը: Եվ էլի ինչ-որ քաղցր բանի:
-Համա թե ասացիր,- ծիծաղեց Իլոնան,- իսկական պարֆյումեր, որ նկարագրում է թանկարժեք օծանելիքի բաղադրությունը. «Մի գիշեր հին դղյակում»: Ինչ կա որ, ես որ մի սրվակ ձեռք կբերեի:
Արևմտյան աշտարակի մոտ նրանց դիմավորեց կառավարիչը`պանի[3] Նատալյան, և ուղեկցեց նեղ, խճճված միջանցքներով դեպի սենյակները:
Հավանաբար, պանի Նատալյան երիտասարդ տարիներին բավականին լավիկն է եղել: Գեղեցիկ չէ, այլ հենց լավիկը: Նրա աչքերն անգամ վաղաժամ կնճիռների սարդոստայնում թվում էին ստեղծված ավելի երիտասարդ, թարմ դեմքի համար: Բայց ամեն մի տպավորություն փչացնում էր բերանը: Ամեն ասած արտահայտությունից հետո,  ինչպես «Բարի´ լույս» կամ « Այսօր հրաշալի՜ եղանակ է», այն դժգոհաբար սեղմվում էր: Ասես դրա տիրուհին մեծագույն հիասթափություն է ապրել երբեմնի և այլևս չի հավատում այն բանին, որ առավոտը կարող է բարի լինել, իսկ եղանակը` հրաշալի:
-Ասես արքայազնն իր սպիտակ ձիու վրա ժամանակին չի կարողացել թռչել հասնել նրա լուսամուտին,- ասաց Դաշենկան հետճաշյա զբոսանքի ժամանակ:
-Չափավորի´ր երևակայությունդ,- խորհուրդ տվեց նրան Իլոնան:
-Դե, արքայազնը փոխաբերական իմաստով էի ասում: Չնայած լավ էլ համընկնում է` դղյակ և... արքայազն: Ես ուզում էի ասել, որ պանի Նատալյային երիտասարդ տարիքում մե՜ծ սեր չի հանդիպել:
-Դաշա´, բոլորին զզվեցրիր քո անվերջանալի ռոմանտիկայով: Միգուցե, տատիկը նրան ժառանգություն չի թողել: Կամ էլ կարիերան չի հաջողվել` երազել է դառնալ նախարար, իսկ հիմա ընդամենը հյուրանոցի կառավարիչ է:
-Բայց դե ինչպիսի՜  հյուրանոցի,- հոգոց հանեց Ադրիանան` հայացքով մեղմորեն շոյելով Անգալդի պատերը:- Ես դեմ չեմ զբաղեցնել նրա պաշտոնը և ապրել այստեղ մի քանի տարի:
-Դու հիմա ես այդպես խոսում, քանի որ քո համար այստեղ ամեն ինչ նոր է: Իսկ հետո, երբ յուրաքանչյուր աստիճանի յուրաքանչյուր ճաքն իմանաս, յուրաքանչյուր կղմինդրի կտորը, յուրաքանչյուր բույնը ճեղքերի մեջ, այդ ժամանակ կսկսես ոռնալ ձանձրույթից: Ավելի լավ է ճանապարհորդել: Եկե՛ք տեսնենք` ի՞նչ կա գետակից այն կողմ:
Շրջակայքում զբոսնելուց հետո աղջիկները վերադարձան իրենց աշտարակը:Դղյակի մյուս կողմերը տեսնել այսօր չհաջողվեց: Թանգարանը չէր աշխատում: Բայց վաղվա օրը խոստանում էր հետաքրքիր լինել:
Երեկոյան ընթրիքի ժամանակ պանի Նատալյան մեծ կաթսայով հատապտուղներից և բույսերից սարքած տաք ըմպելիք բերեց:
-Իմ տատիկի բաղադրատոմսն է,- հայտարարեց նա` ինչպես միշտ սեղմելով շրթունքները,- լավ տարբերակ է այս պատերի ներսում չմրսելու համար: Գիշերներն այստեղ բավականին խոնավ է... Խմե՛ք, այլապես ես պատասխանատու չեմ ձեր առողջության համար:
Բոլորը հաճույքով խմեցին: Խմիչքը համեղ էր և գլինտվեյն[4] էր հիշեցնում, իսկ Գենադիպալիչը դրանում բուրգունդյան գինու նոտաներ որսաց:
-Ա՜յ որ խորոված վարազ էլ լիներ,- հոգոց հանեց Իլոնան,- չէ´, ես քաղցած չեմ: Անտուրաժի[5] համար:
Հետո երիտասարդ մարմնամարզուհիները սկսեցին դանդաղ ցրվել սենյակներով: Ադրիանային, Իլոնային և Կատերինային տեղավորել էին գրեթե հենց տանիքի տակ: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես էր ողջ խումբն սկզբում բարձրանում խոշոր աստիճաններով, ապա յուրաքանչյուր հարկից հետո մարդկանց թիվը պակասում էր ու պակասում, ասես հետ մնացողները կորչում էին խորհրդավոր քարայրներում: Եվ վերջապես աղջիկները մնացին երեքով:
Սենյակում ամեն ինչ ճիշտ այնպիսին էր, ինչպես և հարյուրավոր տարիներ առաջ, եթե հաշվի չառնենք կահույքը, որին միայն հին ոճավորում էր տրված: Պատերն այստեղ չէին սպիտակեցրել, դուրս ցցված քարերը չէին հարթել, փայլարե[6] լուսամուտները չէին փոխարինել սովորականներով: Եվ անգամ բարձր անկյունում եղած սարդոստայնը այնքան բնական էր թվում, որ Ադրիանան չէր կարողանում հասկանալ. կա´մ մաքրուհին էր աչքաթող արել, կա´մ դա ինտերիերի մտածված մասն է:
Անկողինը, պարզվեց, փափուկ է ու զարմանալիորեն հարմարավետ, ասես ի հակակշիռ խիստ մթնոլորտի: Եվ Ադրիանան քնեց, բավական էր միայն տպավարություններով լիքը գլուխը բարձին դներ:
Որոտացող շղթաներով ուրվականներն այդպես էլ չհայտնվեցին: Գիշերն Անգալդը նույնպես նախընտրում էր քնել:


Մասն երկրորդ
Չհասցնելով անգամ կարգին արթնանալ` առաջին բանը, որ զգաց Ադրիանան, առավոտյան դղյակի հոտն էր` ձմերուկի նրբերանգով: Որտեղի՞ց հայտնվեց ձմերուկն այստեղ: Բայց հետո նրան հասավ ջրի աղմուկը, և նա հասկացավ, որ հարևանուհիներից մեկը լոգանք է ընդունում անուշահոտ գելով:
Աղջիկը բացեց աչքերը. մոխրագույն կիսակլոր կամար, հնաձև ջահ` մոմերով: Ուրեմն, ճի՜շտ է: Ինքն ապրում է դղյակում:
Կատերինան դեռ քնած էր, նշանակում է, հին դղյակին ոչ հատուկ ձմերուկի հոտի մեղավորը Իլոնան էր: Ադրիանան վեր կացավ, շուրջը նայեց և ինքնաբերաբար ժպտաց: Որքա՜ն ծիծաղելի են նայվում իրենց վառ շապիկներն ու շորտերը, որ ցրված են այստեղ ու այնտեղ` այս միջնադարյան սենյակում: Ասես այստեղ փեյնթբոլ[7] են խաղացել` անկոփ պատերին գունավոր հետքեր թողնելով: Այո՜, նրանք բոլորը «հյուրեր էին ապագայից»: Նրանք Անգալդին չէին պատկանում:
«Օտարածին մարմիններ,- մտածեց Ադրիանան,- ինչպես փուշը, որ շուտով կհանեն մատից, և ամեն ինչ կրկին նույն կերպ կլինի»:
Բայց,չգիտես ինչու, երեկվանից նրան մի միտք էր հետապնդում, որ Անգալդն իր կյանքում ինչ-որ կարևոր դեր է խաղալու: Որ ինքը իզուր չէ սպասել նրա հետ հանդիպմանը: Բայց ո՞ւմ պատմել այդ մասին: Իլոնան ծիծաղի առարկա կդարձնի, Դաշենկան հերթական պատմությունը կհորինի նախորդ կյանքերի մասին, իսկ Կատերինան... նա ոչինչ չի ասի, նա սովոր չէ խոսել մեկ այլ մարդու մասին, բացի իրենից:
-Արդեն տասնմեկն անց երեսուն է,- հնչեց Իլոնայի խեղդված ձայնը լավ քողարկված լոգարանից:
-Ինչպե՞ս թե,- խառնվեց Ադրիանան, որ սովոր չէր իննից  ուշ արթնանալ:
-Ոչի´նչ, աշտարակը դեռ քնած է:- Ընկերուհին նրբագեղորեն ներս սահեց սենյակ` գլխին վարդագույն խավոտ սրբիչ: -Նայի´ր: Լուսամուտները նեղ են, ապակիները` մուգ, արևը սենյակ թափանցել չի կարող: Այստեղ դժվար է քնով չանցնելը: Առավոտվա ոչ մի զգացողություն:
-Պետք է արթնացնենք Կատյային:
Բայց Կատերինան չէր ուզում արթնանալ: Նա թեթևակի ֆսֆսացնում էր` քնի մեջ ինչ-որ բանի վրա երանավետ ժպտալով: Իլոնան թափահարեց նրա ուսերը, բայց վերջինս միայն ծածկոցը քաշեց մինչև ականջները և շրջվեց մյուս կողմի վրա:
-Դե ոչինչ,- ուսերը թոթվեց Իլոնան,- նախավարժանքը մի անգամ բաց թողնելով թագը չի կորցնի: Արագ լոգարան գնա, թե չէ տաք ջուրը կկորչի: Այստեղ տաքացվող կաթսա է:
Ադրիանան նստեց մահճակալին և ոտքով շոշափեց հատակը` հողաթափերի փնտրտուքով (հատակը սառն էր, բոկոտն հեռու չես գնա):  Այդ պահին նրա աչքն ընկավ Կատերինայի կոշիկներին: Ժամանակակից սանդալներ էին` կոճի մոտ մետաքսե ժապավեններով: Դրանք Կատյան երեք օր առաջ էր գնել, բայց այնպիսի տեսք ունեին, ասես դրանցով Էվերեստն էին բարձրացել: Ներբանները մաշված էին` համարյա պատռվելու աստիճանի:
-Մեյդ ին Չայնա[8],- ուրախ մեկնաբանեց Իլոնան:
-Բայց վաճառվում էին իտալականի անվան տակ,- տարակուսանքով թափահարեց գլուխն Ադրիանան:- Մի՞թե աշխարհում ոչ մեկին  չի կարելի հավատալ:
-Հավատա Գենադիպալիչին: Եթե նա ասել է, որ առանց առավոտյան նախավարժանքի հետույքդ Ջենիֆեր Լոպեսի հետույքի պես կդառնա, այդպես էլ կլինի: Արա´գ լողանալու, իսկ հետո կանցնենք գործի` մարմնին:
Տասնհինգ րոպեից աղջիկներն արդեն ներքև էին վազում ջարդոտված աստիճաններով: Այդ երգչուհիներին է թույլատրվում «ջենիֆերլոպեսյան» հինգերորդ կետ ունենալը, իսկ մարմնամարզուհիների համար այդպիսի չափսեր ունենալը վստահաբար մահ է:
Կատերինան քնած մնաց մինչև ճաշ: Նրան առանձնապես չփնտրեցին էլ. արձակուրդների «օրհնված» պահերին նա կարող էր դա իրեն թույլ տալ:
* * *
Նախաճաշից ու նախավարժանքից հետո խմբի մեծ մասը գնաց գետը` լողնալու և վոլեյբոլ խաղալու, իսկ Ադրիանան որոշեց շրջել դղյակով: Նա ուզում էր դա միայնակ անել:
Թանգարանի մուտքի մոտ նրան դիմավորեց ժպտերես կառավարչուհին` միջին տարիքի, կարճահասակ և լիքոտ մի կին, ում մոխրագույն մազերը հազիվ նշմարելի կապույտ երանգ ունեին: Նա ներս ուղեկցեց աղջկան` զուգահեռ պատմելով Անգալդի պատմությունը:
Իսկ ներսում... ներսում քարի և կիսակլոր կառույցների թագավորություն էր: Եվ առաջին ակնթարթում այդ թագավորությունը թվաց անկենդան և դատարկ: Այնտեղ ոչինչ չկար, բացի ժամանակակից նկարներից` միջնադարյան թեմայով նկարված: Բայց հետո Ադրիանան հասկացավ. այստեղ ամեն ինչ շնչում է ու ապրում: Ահա´ փոքրիկ խորը լուսամուտը: Այդտեղ մոմ էր դրված: Իսկ այս մյուս անկյունում դռնապանն էր քնած: Իսկ ա՛յ այս մեխից շա՜տ վաղուց մի տիկին պատռել է իր գեղեցիկ զգեստի փեշը և շատ է բարկացել: Զարմանալի է, որ մեխը բազում տասնյակների ընթացքում չեն հանել այնտեղից:
«Աստվա՜ծ իմ,- ինքն իրեն ժպտաց Ադրիանան,- այս ի՞նչ զարմանալի մտքեր են գլխիս մեջ: Ես, ախր, երբեք չէի կարող գլուխ գովել վառ երևակայություն ունենալու հարցում»:
Կառավարչուհին, տեսնելով, որ աղջկան ոչինչ չեն ասում թագավորների և դուքսերի անունները, որ երբևէ ապրել են այստեղ, հոգոց հանեց (ա՜խ այս երիտասարդ սերունդը) և հորդորով ասաց.
-Այն նույնիսկ Յակոբ Գրիմն է այցելել:
-Գրի՞մը,- հարցրեց Ադրիանան` կտրվելով իր մտքերից:- Դուք ասացիք Գրի՞մը:
-Այո´, հայտնի եղբայրներից ավագը: Այստեղից բանահյուսություն էր գրի առնում: ԱՆգամ չհաստատված տեսակետ կա (չնայած շատ հետազոտողներ պնդում են, որ դա այդպես է), իբրև մի հեքիաթի գործողությունները տեղի են ունեցել հենց Անգալդում:
-Ո՞ր հեքիաթի:
-Արքայի մասին, որ տասներկու դուստր ուներ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ուր են գնում ամեն գիշեր արքայադուստրերը, այն դեպքում, երբ աշտարակը ապահովաբար փակ է: Պարզվեց, որ նրանք քարայր էին իջնում կախարդված արքայազնների մոտ և պարում էին այնտեղ ողջ գիշեր, և դա պարզում է մի զինվոր:
-Այո´, ես ինչ-որ բան եմ հիշում…
-Դե՜, այդ հեքիաթն այնքան ճանաչված չէ, ինչքան «Սպիտակաձյունիկը» կամ «Բրեմենյան երաժիշտները», բայց մեր քաղաքում այն սիրված է: Ի դեպ, քաղաքն ինքը բավականին հին է, առաջին հիշատակումները վերագրվում են տասներկուերորդ դարին…
Թանգարանային հատվածի կառավարչուհին խոսում էր խանդավառությամբ` ճիշտ ընտրված տոնով: Նրան դուր էր գալիս իր աշխատանքը: Բայց Ադրիանան հանկարծ հասկացավ, որ անգամ այս կոկիկ և խնամված կինը նույնպես, որ ինչ-որ բանով հիշեցնում էր այրիացած դքսուհու, այստեղ օտար էր: Թվում էր` նա պետք է լի լիներ Անգալդի ոգով, բայց՝ ո՛չ: Նա, ինչպես և եկվոր աղջիկները` մարմնամարզուհիները, և նրանց փնթփնթան մարզիչը, չէր պատկանում դղյակին:
Իսկ ո՞վ էր պատկանում:
Պատասխանն անմիջապես ծնվեց` պանի Նատալյան:
Այո´, պանի Նատալյան. անդուր, նիհարակազմ, մշտապես սեղմած բերանով. նա այս դղյակի մի մասն էր: Անհասկանալի էր, թե ինչն է նրանց կապում: Արդյո՞ք պանին իրական կառավարչուհի էր, թե ինչ-որ գաղտնիք էր պահում... Ո՞վ իմանա: Մերօրյա ևս մի հեքիաթ…
-Իսկ ի՞նչ էր թագավորի և նրա աղջիկների մասին լեգենդի անունը:
-Ա՞յն, որ պատմեցի: Կարող եք ելքի մոտ գտնել ժողովածուն: Հեքիաթն այնտեղ կա: «Մաշված կոշիկներ»:
Ադրիանան ուշքի եկավ միայն ելքի մոտ: Արևը թաքնվել էր թանձրախիտ ամպերի հետևում. միանգամից ցրտեց:
«Մաշված կոշիկներ»:
Ա՜յ քեզ զուգադիպություն: Կատերինայի սանդալները այս առավոտյան միանգամային կարելի էր բնութագրել «մաշված» բառով: Բայց նա, հո՞, գիշերով չի իջնում քարայր` կախարդված արքայազնների մոտ:
-Հիմարությամբ մի´ զբաղվիր,- խոստորեն ասաց իրեն աղջիկը,- ի վերջո, միշտ էլ կարելի է ուղղակի հարցնել…
Բայց ընթրիքի ժամանակ Կատերինան քչախոս էր: Նա պատառաքաղով երազկոտ խաղում էր աղցանի հետ և ժպտում էր ինչ-որ բանի վրա:
-Սանդալնե՞րը: Այո´, նրանք, կարծես, այլևս պիտանի չեն,- ասաց նա անփութորեն, ինչը ընդհանրապես նրան հատուկ չէր: Դեռ մի շաբաթ առաջ Կատյան զզվեցրեց ողջ խմբին իր նվվնվոցով հինգդոլլարանոց խոտանված իրի պատճառով: Իսկ կոշիկին նա իննսուն դոլլոր էր տվել:
-Հուսամ, գիշերը տանիքով չե՞ս մագլցել,- կատակով հարցրեց Ադրիանան,- և քարայր չե՞ս իջել գոբլինների[9] մոտ:
-Ըհ՜նց, բա չէ: Այս ի՞նչ խմիչք է: Համով նման է գլինտվեյնի, հ՜մ...
«Ես ուղղակի խենթ եմ,- մտածեց Ադրիանան` թիկնելով աթոռին,- չգիտես` ինչ եմ հորինել»:
Միտք ծագեց ամեն ինչ Դաշենկային պատմել. նա այնքան էլ խելամիտ չէ, բայց երբեմն հանճարեղության փայլատակումներ է ունենում: Բայց Դաշենկան չկար ընթրիքին: Նա տեղացի թռչնագետների խմբի հետ գնացել էր երեկոյան թռչուններին դիտելու:
Դե՜ ինչ, վաղը կորոշենք: Լույսը կբացվի, բարին հետը… Այդպես էր չէ՞ ասվում հեքիաթներում: Ա՜խ, այդ հեքիաթները:
Այդ գիշեր Ադրիանան կրկին այնքան խորը քնեց, որ քիչ էր մնում նախաճաշը բաց թողներ: Իսկ արթնանալով` առաջին հերթին Կատերինայի կոշիկներին նայեց:
Մաշված սանդալներն արդեն չկային: Մահճակալի մոտ դրված էին կիսակոշիկներ, որոնք բոլորովին կարգին էին` առանց որևէ պատռվածքների և մաշված տեղերի:
«Սա, վստահաբար, ապացուցում է`որքան հիմարն ես դու,- ինքն իրեն ասաց աղջիկը.- Դաշայից էլ ավելի երևակայողն ես»:
Այդ պահին դուռը թակեցին, և գրեթե անմիջապես երևաց Դաշենկայի պեպենոտ դեմքը (անունը տուր, փա´յտը վերցրու):
-Ադրի-իշկ՜,- թնկթնկացրեց նա,-պատահաբար ավելորդ մի զույգ կեդ չե՞ս ունենա: Ես գիտեմ, որ նույն համարն ենք հագնում:
-Հներն են, ի՞նչ է եղել:
-Իմոնք ամբողջովին քրքրվել են, իսկ ես լրացուցիչ չեմ վերցրել ինձ հետ:
Նայելով Դաշայի ոտքերին` Ադրիանան քար կտրեց: Ամուր սպորտային կեդերը ամբողջովին մաշվել էին, իսկ ներբանները  ընդհանրապես «թքով» էին կպած:
Գրեթե ինքնաբերաբար հանելով կեդերի տոպրակը պահարանից` նա հանկարծ խիստ տոնով հարցրեց:
-Որտե՞ղ էիր գիշերը:
-Գիշե՞րը,- մի վայրկյան իրեն կորցրեց ընկերուհին,- գիշերը ես քնած էի... Սա... ես երեկոյան ազգային զբոսայգի եմ գնացել, իսկ այնտեղ զառիվեր լանջեր են:
-Պարզ է,- հոգոց հանեց Ադրիանան,- վերցրո´ւ:
Դաշենկան վատ էր ստում: Հորինելու գործում նա վարպետ էր, բայց հորինելն ու ստելը նույնը չեն:
Նախաճաշին ամեն ինչ, պարզվեց, ավելի հետաքրքիր էր: Կատերինան մռայլ էր ու ջղագրգիռ, իսկ Դաշենկան, ընդհակառակը, երկնքում էր: Թվում էր` առաջինը զրկվել է նրանից, ինչ բաժին է հասել երկրորդին: Ադրիանան իրեն արդեն երրորդ բաժակ թեյն էր լցրել: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ փոխադարձ կապը:
-Խելքդ գցե՞լ ես,- կողքին նստած Իլոնան վերցրեց նրանից բաժակը,- այսպես դու ողջ գիշեր չես քնի և մյուսներին էլ չես թողնի:
-Այստեղ, երևում է, ոչ մեկը քնելու հետ խնդիր չունի, աձագանքեց Ադրիանան:- Այստեղ բոլորն անգամ չափից դուրս խորն են քնում... Իլկա´, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Կատյայի ու Դաշկայի միջև:
-Ոչ մի բան, եթե չհաշվենք, որ երկուսն էլ երկու աչք ու մեկ քիթ ունեն:
-Չէ´, ես նկատի ունեի, թե ի՞նչ նմանատիպ բան է պատահել նրանց հետ այս երկու օրվա ընթացքում` այն պահից, ինչ մենք դղյակում ենք:
-Տարօրինակ ես: Այսօր մենք քաղաք ենք գնում: Շտապի´ր, թե չէ ուշ կշարժվենք և չենք հասցնի պանի Նատալյայի երեկոյան գլինտվեյնին:
Ադրիանան հանկարծակիությունից վայր գցեց բուլկին:
-Իլկա´, դու հանճար ես: Իհարկե´, գլինտվեյնը:
Միտքը խելացնոր է թվում, բայց՝ ինչո՞ւ ոչ: Երեկ Դաշենկան չկար ընթրիքին, իսկ Կատերինան առաջին գիշերը գլխացավի հաբեր էր խմել, այդ պատճառով էլ միայն ջուր էր խմում: Ինչ էլ որ լինի, Ադրիանան այսօր չի ընդունի տատիկի բաղադրատոմսով սարքած այդ դեղամիջոցը: Եթե աղջկա երևակայությունն իրոք հիվանդագին է, ապա նա վտանգում է միայն հարբուխով արթնանալ առավոտյան: Ինչպես մի մեծանուն խուզարկու է ասել. «Ստուգե՜նք մեր տեսությունը, պարոնա´յք»:

Մասն երրորդ
Գիշերը կամացուկ ղողանջեց զնագակը: Դրա արձագանքը հնչեց դղյակի հայտնի ու անհայտ սողանցնքերում, ասես ինչ-որ մեկն անվերջանալի աստիճաններից արծաթե գնդիկ գլորեց:
Դա արթնացրեց Ադրիանային: Եվ նա անմիջապես գլխի ընկավ. ինչ-որ բան այն չէ: Մինչ այդ նրան չի անհանգստացրել ո´չ քամու գվվոցը, ո´չ հողմացույցի ճռռոցը, ո´չ Իլոնան, որ առավոտյան սպասքի կրպակ մտած փղի էր նման: Իսկ հիմա՜... հազիվ լսելի զնգոցից նա արթնացավ:
Պետք է վար իջնել: Առանց պատճառի: Ուղղակի պետք է: Ադրիանան հագավ ամառային զգեստը, սանդալները և դուրս եկավ աստիճանների մոտ:
Ավելի ուշ նա փորձում էր հիշել, թե ինչու վախ չէր զգում: Բայց դա դժվար էր բացատրելը: Ինչպես տաք վերարկուով մարդը չի զգում ցուրտը, ահա՛, նա էլ փաթաթված էր վստահելիության, անվտանգության և վստահության ծածկոցով: Ո´չ մի վախ, միայն հետաքրքրասիրություն և տարօրինակ ձգողականություն: Աղջիկը գիտեր, որ ներքևում ինչ-որ կարևոր բան է:
Եվ իրականում, դղյակի ներքին բակ տանող դռան հանդիման միջանցք հայտնաբերվեց, որը նախկինում չկար: Այն ինչ-որ կերպ հայտնվեց դատարկ պատի փոխարեն: Չնայած Ադրիանային հիմա այդպիսի մանրուքները չէին հետաքրքրում: Նա անցավ միջանցքով, բացեց փայտե դռնակը և դուրս եկավ արևով ողողված ծառուղի:
Արծաթե տերևներով ծառերը խշշում էին քամուց: Դրանց ճյուղերը հյուսվում էին ճանապարհի վերևում, որը դեպի լիճ էր տանում: Այնտեղ արդեն նավակ էր սպասում:
Ադրիանան անմիջապես հասկացավ, որ նավակը հենց «սպասում էր»: Մի՞թե հենց ինքը չպետք է նստեր նավակը և ճանապարհվեր մյուս ափ: Աղջիկը ուժ տվեց թիերին, բայց երկար լողալու կարիք չեղավ: Ցամաքն այնքան շուտ հայտնվեց, ասես Ադրիանան մարտկոցով նավակով էր լողում:
Ինչ-որ մեկը ճարպկորեն բռնեց նավակի քթային մասից և դուրս քաշեց ափ:
Դա մի երիտասարդ էր` բավականին հաճելի արտաքինով, բարձր սապոգներով և երկար թիկնոց-վերարկուով: Նրա պարանոցի փոքր վանդակներով շարֆ էր փաթաթված: Նա գործնական կապեց նավակը ծառից, իսկ հետո մեկնեց ձեռքն Ադրիանային:
-Դրագոմի´ր,- ներկայացավ նա,- կարելի է ուղղակի Դրագու:
-Դու ընդհանրապես նման չես կախարդված արքայազնի,- արտաբերեց աղջիկը:- Այսինքն, ես ուզում էի ասել` անունս Ադրիանա է:
-Հավանաբար ավելի վաղ նման եմ եղել,- ժպտաց Դրագուն` հավաքելով դեմքից երկար խոպոպները:- Բայց արքայազններն ուզում են արքա դառնալ, իսկ արքաները ձգտում են կառավարել: Իսկ այստեղ մարդ չկա, որին կառավարես: Անգամ քեզ ես դժվարանում: Ի՞նչ իմաստ ունի արքայազնի նմանվել: Գնանք, Ադրիանա´, պարելու ժամանակն է:
-Ես չեմ կարողանում:
-Այստեղ կարողանալու կարիք չկա, բավական է միայն լսես: Ես ցավ եմ ապրում, երբ չեմ պարում. ահա այդպիսի ցավով ենք տառապում ես ու եղբայրներս:
-Իսկ քանի՞ եղբայր ունես:
-Չորս:
-Օ՜: Ես մտածում էի տասնմեկ:
-Ծերուկ Գրի՞մն է քեզ ասել: Նա միշտ հակում ուներ չափազանցնելու: Փա´ռք Աստծու, նրան քչերն են հավատում: Ինչպե՞ս է նա հիմա:
Ադրիանան մի պահ կանգ առավ նախքան պատասխանելը:
-Նա վաղուց է մահացել: Շա՜տ վաղուց:
Դրագուն մռայլվեց:
-Ես անընդհատ մոռանում եմ, որ մեզ մոտ ժամանակն այլ կերպ է գնում: Շա՜տ ափսոս... – Նա կանգ առավ կանաչ մարգագետնում: - Դե՛ ինչ, այստեղ կարելի է պարել: Հիմա կհարցնես, թե ուր է իմ դղյակը: Այն մեր վերևում է: Նրա ամենից գեղեցիկ հատվածը` աշտարակներով և վիտրաժներով: Իսկ այստեղ, կարելի է ասել, նկուղն է: Այո´, ես արդեն երկար տարիներ է դուրս չեմ եկել նկուղից: Իսկ դու ասում ես արքայազն...
Աղջիկը նկատեց, որ իրենք արդեն ինչ-որ ժամանակ է պարում են: Հանդարտ երաշտություն էր հնչում, բայց շուրջը ոչ ոք չկար:
-Իսկ ո՞ւր են երաժիշտները,- հարցրեց նա:
-Նրանք շատ համեստ են, այդ իսկ պատճառով անտեսանելի են:
-Այնքա՜ն զարմանալի է: Պարը չի խանգարում զրույցին, իսկ զրույցը` պարին:
-Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է զրուցել և չպարել,- պատասխանեց Դրագուն:
Նրանք պավանա և գալյարդա  էին պարում, իսկ հետո` պասսա-մեցցո, արքայական վոլտա[10]... Ադրիանան չէր էլ կարող մտածել, որ իր մարմինն այդքան շուտ կյուրացնի այդ շարժումները: Դրագուն նրան զվարճալի պատմություններ էր պատմում պալատական կյանքից, և աղջիկն ուրախ ծիծաղում էր: Նա արդեն այն Ադրիանան չէր` մարմնամարզուհին, որ ժապավենով ելույթներն ավելի էր սիրում, քան գնդակովը: Նա նույնպիսի կախարդված արքայադուստր էր, բայց... ոչ երկար:
-Ժամանակն է, որ գնաս,- հանկարծ ասաց Դրագուն:
-Ես ուզում եմ մնալ:
-Չի´ կարելի: Դու չես հասկանում: Այստեղ ամեն ինչ այնքան պարզ չէ: Եվ հետո, քո տեղն այնտեղ է: Մի´ բարկացրու քո աշխարհին, Ադրիանա´: Ես արդեն մեկ անգամ բարկացրել եմ իմին:
-Դու գոնե կուղեկցե՞ս ինձ:
-Իհարկե´: Եվ նավակ էլ կնստեցնեմ: Եվ կհրեմ այն ափից: Մյուս անգա՞մ էլ կգաս: Ո´չ, ո´չ, մի´ խոստացիր: Այնտեղ` վերևում, միշտ ինչ-որ մեկն է որոշում քո փոխարեն:
Արդեն նավակում Ադրիանան մեկնեց բռունցքված ափը Դրագուին:
-Վերցրո´ւ:- Նա բացեց ափը,-թո´ղ քեզ մոտ ինձնից հիշատակ մի բան լինի:
Դա բալի տեսքով կուլոն էր` երկու կլոր նռնաքարերով:
-Քո հասկացությամբ, սա հավանաբար, գերբ է,- բացատրեց աղջիկը:- Իմ ազգանունը... իմ տոհմանունը Վիշնևսկայա է:
-Բալը հարսնացու է նշանակում[11],- ասաց Դրագուն: Նա զգուշորեն վերցրեց թալիսմանն ու համբուրեց Ադրիանայի բացված ափը:
Ժամանակ կար վերջին հարցի համար. Ադրիանան դա զգում էր: Նա կարող էր հարցնել, թե սա ի՞նչ աշխարհ է, և հնարավորություն կա՞ այն ապակախարդելու: Կարող էր իմանալ, թե ինչ է թաքնված կյանքի մյուս կողմում, և թե որքանով է ճշմարիտ յուրաքանչյուր հեքիաթ: Բայց դրա փոխարեն նա հարցրեց.
-Իսկ ո՞ւր է քո զարդարուն բաճկոնն ու գլխարկը:
-Ա՜հ, հա´,- ծիծաղեց Դրագուն,- մի՞թե մտածում ես, որ մեզ մոտ յոթ հարյուր տարի առաջվա նորաձևությունն է:
Նավակը հեռացավ ափից, և աղջիկն սկսեց ընկղմվել հաճելի մոռացության գիրկը: Իսկ ափին դանդաղ հալվում էր կախարդված արքայազնի միայնակ ստվերը:
* * *
Ադրիանան հազիվ բացեց աչքերը: Սենյակում ոչ ոք չկար, միայն մահճակալի մոտ դրված պահարանիկին երկտող կար Իլոնայից. «Չկարողացա արթնացնել, կհանդիպենք այգում կամ էլ գետակի մոտ»:
Այդ զարմանալի՜ երազը... քարայրը... նավակը... և արքայազնը: Այդ ի՞նչ տեսիլք էր: Եվ հետո...
Աղջիկը մի վայրկյան կախվեց մահճակալից:
Մաշված սանդալներ: Սանդալները, որոնցով նա պարել էր երազում: Դրանք, ա՜խր, չեն կարող շարքից դուրս գալ միայն տեսիլքի պատճառով: Ադրիանայի ձեռքը սահեց պարանոցի վրայով. կուլոնը չկար:
«Մնում է վերջին խելահեղ քայլն անել»,- մտածեց նա:
Նա հագնվեց, ցած իջավ և թակեց պանի Նատալյայի դուռը:
-Ի՞նչ եք ուզում,- հարցրեց կառավարչուհին և ինչպես միշտ սեղմեց շրթունքները:- Ա՜, Դուք այն աղջիկն եք, որը քնած էր մնացել նախաճաշին: Ես կարող եմ խնդրել, որ Ձեզ համար թեյ պատրաստեն` բուտերբրոդներով:
-Իսկ գլխացավի դեմ դեղ չե՞ք ունենա,- հարցրեց Ադրիանան: Նա ուզում էր սենյակ մտնել:
-Հիմա կփնտրեմ: Ներս եկեք:- Պանի Նատալյան ներս թողեց նրան և սկսեց փնտրել փոքրիկ սպիտակ պայուսակում: Աղջիկը պինդ փակեց դուռը և մոտեցավ նրան:
-Խոստովանե´ք` ի՞նչ եք լցնում երեկոյան ըմպելիքի մեջ: Այդպես մի´ նայեք ինձ, ես երեկ չեմ խմել այն: Ես եղել եմ այնտեղ: Նկուղում:
Ադրիանան գրեթե համոզված էր, որ կառավարչուհին նրան անչափահաս ալկոհոլիկ կանվանի և դուրս կշպրտի, իսկ միգուցե նա կբողոքի Գենադիպալիչին: Որովհետև նման խոսքերից հետո դժվար է մարդուն նորմալ համարելը: Բայց պանի Նատալյան նստեց մահճակալի ծայրին և հաբի փոխարեն պայուսակից ծխախոտ հանեց:
-Իսկ դու համարձակ ես,- հավանություն տալու տոնով ասաց նա` ծխելով, և խելամիտ: Ա՜յ էսպես գալ ինձ մոտ և հարցնել: Ո՞ւմ հետ ես պարել դու: Լուսիանի՞:
-Նա ասաց, որ իր անունը Դրագու է:
-Դրագու... կրտսեր եղբայրներից մեկը: Նստի´ր: Միայն հաշվի առ, եթե փորձես մեկին պատմել, ես կհայտարարեմ, որ ինքս եմ տեսել, թե ինչպես կասկածելի տղաներից մեկը քեզ «խոտ» է վաճառել:
-Ես չեմ ուզում ոչ ոքի պատմել: Նրանք, ով եղել են այնտեղ, այսպես թե այնպես ամեն ինչ գիտեն, իսկ նրանք, ով չեն եղել, երբեք չեն հասկանա:
-Դա էլ է ճիշտ: Ես այնտեղ եղել եմ քսանվեց տարի առաջ: Քսանվեց տարի և երեք ամիս առաջ: Ես մտածում էի, որ յուրահատուկ եմ, բայց հետո հասկացա, որ դա տեղի է ունենում տասնյոթից ցածր բոլոր աղջիկների հետ, ով գիշերում է  Անգալդի դղյակում: Եվ նաև հեքիաթագիրների հետ, քանի որ նրանց հոգին ինչ-որ կերպ տարբերվում է մյուսներից:
Դու ուզո՞ւմ ես իմանալ` ինչպես է դա տեղի ունենում: Ես քեզ համար գիտնական չեմ, որպեսզի նման պատասխաններ տամ: Մեզ չէ՞ որ չի զարմացնում էլեկտրամագնիսական ճառագայթման գոյությունը: Այդ դեպքում ինչո՞ւ դղյակի նկուղում եղած իրականությունը ինչ-որ ավելի տարօրինակ է թվում: Ես ամեն ինչ հրաշալի հիշում եմ: Ես պարում էի Լուսիանի հետ, երբեմն մենք քայլում էինք այգով և ծաղիկ քաղում: Քանի՜ զույգ կոշիկ ես այն ժամանակ շարքից հանեցի. մայրս քիչ էր մնում գլուխս թռցներ:
Այնտեղ դու նրանց աշխարհի մի մասն ես դառնում: Ոչնչի վրա չես զարմանում, չես վախենում, ավել հարցեր չես տալիս: Բայց ես այնքան երկար էի այնտեղ լինում, որ վերջապես հարցրի: Հարցրի, թե ինչու է Լուսիանը այնտեղ և կարո՞ղ է արդյոք վերադառնալ դղյակ:
Նա ինձ պատասխանեց, որ դա դժվար է բացատրել և հավանաբար ինձ համար ամենից հասկանալին նմանատիպ պատասխանը կլինի. նրանց բոլորի վրա հմայություն կա: Այդպես էլ ասաց. «Քեզ համար հեշտ կլինի դա հմայություն կոչել»: Երբ աղջիկները հայտնվում են նրանց մոտ, և տղաները խոսում են նրանց հետ մի լեզվով, որ մենք պար ենք անվանում, հմայությունը պակասում է: Այդպիսի մի գիշեր ազատության տանող մի աստիճան է: Ես այնպես էի ուզում ինձ հետ դուրս բերել Լուսիանին: Բայց ուշացա:
-Ինչո՞ւ:
-Տը´կ-տը´կ, աղջի´կ ջան:- Պանի Նատալյան դեպի առաստաղ ուղղեց ծխի քուլան:- Ժամացույցը, որ անընդհատ տկտկացնում է: Լրացավ իմ տասնութ տարին, և դռնակը, որ տանում էր դեպի մարգագետին, փակվեց ինձ համար: Ընդմի´շտ:
-Իսկ ըմպելի՞քը: Ինչո՞ւ եք Դուք դա անում:
-Այդ ըմպելիքի բաղադրատոմսը հիշատակվում է դեռ ծերուկ Գրիմի հեքիաթում: Իհարկե, ընդարձակ տարբերակում, որի մասին քչերը գիտեն: Իր էությամբ այն քնաբեր է: Այն այնպիսի խորը քնի մեջ է ընկղմում, որ աղջիկները չեն զգում ստորերկրյա աշխարհի կանչը: Իսկ թե ինչու եմ ես դա անում... Ինչպ՞ես քեզ ասեմ... Սկզբում մտածում էի, որ փորձում եմ հեռու պահել երիտասարդ աղջիկներին հիասթափություններից: «Արքայազնները», ինչպես նրանց կոչել է Յակոբ Գրիմը, հավանաբար մի սիրտ չէ միայն, որ կոտրել են: Ես, ահա´. ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ... Բայց հետո ձանձրացա ինքս ինձ ստելուց: Ես խանդում էի: Տեսնում ես, աղջի´կս, ինչպես ծեր կինը` մռայլադեմ և անժպիտ, խանդում է երիտասարդ աղջիկներին և հեքիաթային արքայազններին: Բայց ես ոչինչ չեմ կարողանում անել: Չեմ ուզում, որ նրա հետ ինչ-որ մեկը պարի: Չեմ ուզում, որ հանկարծ նա հայտնվի այստեղ և տեսնի ինձ այսպիսին: Չէ՞  որ նա չի փոխվել... Բայց դժվար թե Լուսիանը ինձ հիշելիս լինի: Ժամանակ է անցել, այնքա՜ն դեմքեր են փոխվել...
-Երեկոյան ես գնում եմ,- հանկարծ ասաց Ադրիանան:
-Գիտեմ,- գլխով արեց պանի Նատալյան և նետեց ծխախոտի մնացորդը քարե հատակին:- Ի՞նչ կարող եմ ասել: Փորձի´ր մոռանալ, թե կարող ես:

Վերջաբանի փոխարեն
Արձակուրդներն ավարտվեցին: Առջևում նոր ելույթների հեռանկարներն էին և, հնարավոր է, նոր դղյակների: Բայց ինչ-որ մեկի համար ԱՆգալդը միակն էր: Եվ այդ երեք աղջիկները հիմա լուռ էին` ճակատով հենված սառը ապակուն:
Ադրիանան մտածում էր այն մասին, որ անգամ եթե ինքը դրամ հավաքի, որպեսզի կրկին այստեղ գա, մեկ է, ինքն արդեն տասնութ տարեկան կլինի: Տը´կ-տը´կ: Դրագուի, թե՞ նրա եղբայրներից մեկի հետ: Չնայած ի՞նչ նշանակություն ուներ հիմա դա:
«Ահա այսպես էլ մեծանում ես,- հանկարծ հասկացավ նա,- ոչ թե այն ժամանակ, երբ լրանում է քո որոշակի տարիքը, այլ այն ժամանակ, երբ ինչ-որ տեղ` ներքուստ, ի հայտ է գալիս փոքրիկ տխրությունը, և դու գիտես, որ այն քո հետ կլինի ընդմիշտ: Կամ էլ մինչև մահ, կամ էլ ծերունական մարազմի տարիքը: Իսկ քանի դեռ չկա այդ փոքրիկ տխրությունը, դու դեռևս երեխա ես...»:
Իլոնան ուրախ չաչանակում էր` փորձելով ցույց տալ նրան նոր նկարները, բայց Ադրիանան ուղղակի ուզում էր նայել լուսամուտից, հետևել, թե ինչպես է փոքրանում Անգալդը:
«Հաջողությո՜ւն, բարի´ հսկա»:
«Հաջողությո՜ւն: Եվ ներիր ամեն դեպքում»:
«Իսկ ես չեմ ափսոսում: Ինձ դուր է գալիս այն, ինչ կա: Այժմ ես էլ քո մի մասնիկն եմ, լսո՞ւմ ես: Ինչպես պանի Նատալյան: Ինչպես մեզնից ոմանք: Եվ ես չեմ ուզում մոռանալ»:
«Այդ դեպքում վերադարձիր: Ես կսպա...»:
Անգալդը, վերածվելով մոխրագույն կետի, ամբողջովին կորավ ծառերի հետևում: Առջևում նորից օրեր տևող ճանապարհն էր, իսկ հետո` մի ամբողջ կյանք, և յուրաքանյուրն ինքը կորոշի` ինչպես ապրի:
Առաջին իսկ կանգառում Ադրիանային մոտեցավ վարորդը` փոքրամարմին ծերունի`եղջյուրե ակնոցների տակից նայող խորամանկ հայացքով:
-Օրիո´րդ... Դուք եք Վիշնևսկայան, այնպե՞ս չէ: Չէի ուզում մոտենալ Ձեր մարզչի ներկայությամբ, մտածեցի` կարող է խիստ լինել: Ձեր երկրպագուն խնդրել է Ձեզ բան փոխանցել:
-Երկրպագո՞ւ: Ի՞նչ երկրպագու,- զարմացավ Ադրիանան:
-Դե՜, մի սևահեր երիտասարդ` թիկնոց-վերարկուով: Ինձ հարցուփորձ էր անում, թե ո՞ւր եք Դուք գնում: Իսկ հետո խնդրեց փոխանցել, որ կսպասի Ձեզ Ձեր քաղաքում: Եթե կցանկանաք: Մեկ էլ, ահա´, սա:
Վարորդը աղջկան ինչ-որ փաթեթ մեկնեց:
-Ես ավտոբուս եմ մտնում,- դողացող ձայնով ասաց Ադրիանան:
Այնտեղ` իր նստատեղին, երկուտակ ծալված` նա կամացուկ բացեց մանր վանդականերով շարֆը: Ներսում արծաթե կուլոն էր` երկու մուգ կարմիր նռնաքարերով:



[1] Պասյանս- խաղաթղթերով բախտ բացելը՝ գուշակելը:
[2] Էդիթ Պիաֆ- ֆր.՝ Édith Piaf, իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, Ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի։
[3] Պանի- 1. Լեհական (նաև մինչհեղափոխական շրջանի ուկրաինական ու բելոռուսական) ազնվական: 2. Հարգական հորջորջում ազնվականի, պարոն(աղջիկ պարոն):
[4] Գլինտվեյն- խաղողի գինու, շաքարավազի, մեխակի, դարչինի համապատասխան խառնուրդով եռացրած քամած խմիչք:
[5] Անտուրաժ- թատրոնում` բեմական միջավայր իր բոլոր պարագաներով, այստեղ` միջավայրին համահունչ:
[6] Փայլար- ռուս.` Слюда
[7] Փեյնթբոլ- թիմային խաղ է, որի ժամանակ թիմերը պայքարում են տարածքում տեղակայված դրոշը գրավելու համար, զենքերը լիցքավորված են գունավոր հեղուկով լցված գնդակներով:
[8] Made in China- թարգմ.`  արտադրված է Չինաստանում:
[9] Գոբլիններ- ֆր.՝ gobelin, համաձայն արևմտաեվրոպական դիցաբանության գերբնական մարդանման արարածներ են, որոնք ապրում են քարանձավներում և տանել չեն կարողանում արևի լույսը։
[10] Պավանա-իսպ.՝ Pavana, հնագույն իսպանական պարահանդեսային պար։ Գալյարդա-իտալ.` gagliarda, հնագույն իտալական պար` տարածված ողջ Եվրոպայում: Պասսա-մեցցո- Պավանայի տարատեսակ: Վոլտա- Վերածննդի դարաշրջանի իտալական զուգապար:
[11] Հին սլավոնական հավատամքներում ծաղկած բալենին խորհրդանշում է աղջկա, հարսնացուի:


2020-02-02

Գիլբերտ Կիտ Չեստերթոն «Հայր Բրաունի գաղտնիքը»

Անգլիական դետեկտիվում անցած դարի սկզբներին նոր էջ և ուղղություն բացեց Գ. Կ. Չեստերթոնը, ում դետեկտիվ պատմվածքների խուզարկուն՝ մեծագույն դետեկտիվը, կաթոլիկ հոգևորական էր, ով իր առջև նպատակ էր դնում հայտնաբերելուց հետո ոչ թե պատժել հանցագործին, այլ դարձի բերել նրան (առաջին ժողովածուն՝ «Հայր Բրաունի անմեղությունը», 1911թ.): Ի տարբերություն Հոլմսի կերպարի, ով իր խարիզմատիկության չափ հեռու էր բարոյական նորմերից, Չեստերթոնն օժտեց իր Հայր Բրաունին դեդուկտիվ մտածելակերպով, խղճով ու գթասրտությամբ: «Ես չեմ ուսումնասիրում մարդուն դրսից: Ես փորձում եմ թափանցել նրա ներսը»,- գրում է Չեստերթոնը:

Պատմվածքը «Հայր Բրաունի գաղտնիքը» ժողովածուից է (1927):
Ֆլամբոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի հանցագործներից մեկը, իսկ ապա մասնավոր խուզարկու Անգլիայում, վաղուց արդեն թողել է այդ երկու մասնագիտություններն էլ: Ասում էին, որ հանցավոր անցյալը թույլ չէր տալիս նրան խիստ վարվել հանցագործների հետ: Ինչևէ, լքելով ռոմանտիկ փախուստների և շշմեցուցիչ արկածների ուղին՝ նա հաստատվեց, ինչպես և հարիր էր նրան, Իսպանիայում՝ իր սեփական դղյակում: Դղյակը, չնայած որ մեծ չէր, այնուամենայնիվ, հաստատուն էր, իսկ գորշ բլուրին սևին էր տալիս խաղողի քառակուսաձև այգին ու կանաչում էին մարգերը:
Չնայած իր բուռն արկածներին՝ Ֆլամբոն մի հատկություն ուներ, որը հարիր էր շատ լատինացիներին և անծանոթ, օրինակ, ամերիկացիներին. նա կարողանում էր խույս տալ ունայնությունից: Նույն կերպ խոշոր հյուրանոցի տնօրենը երազում է ծեր հասակում փոքրիկ ֆերմա հիմնարկել, իսկ ֆրանսիաբնակ խանութպանը կանգ է առնում այն նույն պահին, երբ  կարող էր դառնալ սրիկա միլիոնատեր և գնել մինչև վերջին կրպակը, ու մնացած օրերն անց է կացնում տանը՝ դոմինո խաղալով:
Հանկարծակի և գրեթե անսպասելի Ֆլամբոն սիրահարվեց մի իսպանուհու, ամուսնացավ նրա հետ, կալվածք ձեռք բերեց և ապրեց ընտանեկան կյանքով՝ փոքր-ինչ ցանկություն անգամ չհայտնաբերելով իր մեջ կրկին երկարատև թափառումների տրվելու: Բայց մի գեղեցիկ առավոտ նրա ընտանիքը նկատեց, որ նա ուժեղ գրգռված ու անհանգստացած է: Նա դուրս եկավ զբոսնելու տղաների հետ, բայց շուտով անցավ նրանց և բլուրով դեպի վար իջավ՝ ընդառաջ ինչ-որ մեկին, որ հատում էր հովիտը և որը սև կետից մեծ չէր թվում:
Կետը հետզհետե մեծացավ՝ գրեթե չփոխելով ուրվագծերը, ավելի պարզ ասած,  այն նույն սև ու կլոր կետն էր մնում: Սև փարաջան այս կողմերում արտասովոր բան չէր, բայց մոտեցողի փարաջան ինչ-որ առանձնահատուկ կերպով առօրեական էր և միաժամանակ բարեհամբույր՝ ի տարբերություն տեղացի հոգևորականների հագուստների՝ մատնելով նորեկի՝ բրիտանական կղզիների բնակիչ լինելը:
Ձեռքին նա բռնած ուներ կարճ, ուռած մի անձրևանոց՝ կլոր, ծանր բռնիկով, որի տեսքից Ֆլամբոն, քիչ էր մնում, խանդաղատանքից լաց լինի, քանի որ այդ անձրևանոցը անցած ժամանակների իրենց շատ համատեղ արկածներին է մասնակից եղել: Հոգևորականը Ֆլամբոյի անգլիացի ընկերն էր՝ Հայր Բրաունը, որ վաղուց էր պատրաստվում գալ, բայց այդպես էլ չէր հարմարեցնում: Նրանք մշտապես նամակագրության մեջ էին, բայց չէին տեսել իրար մի քանի տարի:
Շուտով Հայր Բրաունը շրջապատվեց ընտանիքով,  որն այնքան մեծ էր, որ, թվում էր, մի ամբողջ ցեղ է: Նրան ծանոթացրին փայտե ոսկեզօծ դյութակների[1] հետ, որ նվիրում են երեխաներին Սուրբ ծննդյան տոներին, ծանոթացրին շան, կատվի և անասնաֆերմայի բնակիչների հետ, ծանոթացրին հարևանի հետ, որն ինչպես և Բրաունը, տարբերվում էր այստեղի բնակիչներից և՛ շարժուձևով, և՛ հագուստով:
Հյուրի՝ փոքրիկ դղյակում բնակվելու երրորդ օրն այնտեղ մի այցելու հայտնվեց և սկսեց իսպանական ընտանիքին խոնարհ գլուխ տալ այնպես, որին կնախանձեր անգամ իսպանական գրանդը[2]: Այցելուն բարձրահասակ էր, ճերմակահեր, շատ գեղեցիկ ջենտլմեն՝ կուրացուցիչ փայլով եղունգներով, թևքածալով և թևքաճարմանդով: Բայց նրա երկար դեմքի վրա չկար անգամ հետքն այն քնքշության, որ մեր ծաղրանկարիչները կապում են ձյունաճերմակ  թևքածալերի և մանիկյուրի հետ:
Նրա դեմքը զարմանալիորեն  կենդանի էր ու շարժուն, իսկ աչքերը նայում էին հեռուն և ուղիղ, ինչը շատ հազվադեպ է զուգադրվում սպիտակ մազերի հետ: Դա արդեն իսկ բավական էր այցելուի ազգությունը որոշելու համար, ինչպես նաև նրա պաճուճազարդ խոսքը փչացնող որոշակի ռնգախոսությունն ու եվրոպական տեսարժան վայրերին քաջատեղյակ լինելը: Այո՛, այցելուն ինքը Գրենդիսըն Չեյզն էր Բոսթոնից՝ ամերիկացի ճանապարհորդ, որ հանգստանում էր ճանապարհորդություններից հար և նման մի դղյակում, հար և նման մի բլրի վրա:
Այստեղ՝ իր կալվածքում, նա վայելում էր կյանքը և իր սիրալիր հարևանին համարում էր այստեղի հնություններից մեկը, քանի որ Ֆլամբոյին, ինչպես արդեն ասել ենք, հաջողվել էր հողի մեջ խորն արմատներ գցել, և թվում էր, որ նա դարեր է ապրել իր խաղողի այգիների ու թզենիների հետ: Նա կրկին կոչվում էր իր իրական անունով՝ Դյուրկ, քանզի «Ֆլամբոն», այսինքն՝ «ջահ», միայն կեղծանուն էր, որով իր նմանները կռիվ են մղում հասարակության հետ:
Նա պաշտում էր կնոջն ու երեխաներին, տնից դուրս էր գալիս միայն որսորդության համար և ամերիկացի ճանապարհորդին երևանում էր պատկառելի կենսախնդության, բարեկեցության հանդեպ այն խելամիտ սիրո մարմնացումը, որը ընդունում են ամերիկացիները և   մեծարում են միջերկրածովային ժողովուրդները: Քարը, գլորվելով Արևմուտքից, ուրախ էր հանգստանալ հարավի քարի մոտ, որ հասցրել էր ծածկվել փարթամ խավով:
Միստր Չեյզը լսել էր Բրաունի մասին և նա խոսեց նրա հետ առանձնահատուկ տոնով, որով նա խոսում էր հայտնիներին հանդիպելու ժամանակ: Հարցազրույց վարողի բնազդը՝ զուսպ, բայց անսանձ, զարթնեց նրա մեջ: Նա բռնեց Բրաունին, ինչպես ունելին ատամը. պետք է խոստովանել՝ բնավ առանց ցավի և ամբողջ ճարպկությամբ՝ ինչպես ամերիկացի ատամնաբույժները:
Նրանք նստած էին ծածկի տակ՝ փոքրիկ բակում. Իսպանիայում հաճախ են տուն մտնում արտաքին կողմից սարքած կիսածածկ բակերով: Մթնում էր: Մայրամուտից հետո սարերում անմիջապես սառչում է, և այդ պատճառով էլ այստեղ մի փոքրիկ վառարան էր դրված, որ թարթում էր կարմիր աչքը, ասես մի թզուկ, և նկարում հարթ սալաքարերին բոսոր նախշեր: Կրակի ոչ մի ցոլք չէր հասնում բարձր, մերկ, դեպի մուգ կապույտ երկինքը ձգվող պատի անգամ ստորին աղյուսներին:
Մթնշաղում աղոտ կերպով ուրվագծվում էին Ֆլամբոյի լայն ուսերն ու սուսերի պես մեծ բեղերը. Ֆլամբոն անընդհատ վեր էր կենում, քամում տակառից մուգ գինին և լցնում այն բաժակները: Հոգևորականը, որ կռացած էր վառարանի վրա, շատ փոքր էր երևում նրա ստվերում: Ամերիկացին ճարպկորեն առաջ կռացավ՝ արմունկով հենվելով ծնկանը. նրա նրբին, սուր դեմքը լուսավորված էր, աչքերը առաջվա պես փայլում էին խելքից ու հետաքրքրասիրությունից:
-Համարձակվում եմ Ձեզ վստահեցնել, սը՛ր,- ասում էր նա,- որ Ձեր մասնակցությունը երկու մորուքների սպանության հետաքննությանը գիտական հետախուզության մեծագույն ձեռքբերումներից մեկն է:
Հայր Բրաունը ինչ-որ անհասկանալի բան քրթմնջաց,  իսկ, միգուցե, հառաչեց:
-Մենք ծանոթ ենք,- շարունակեց ամերիկացին,- Դյուպենի, Լեկոկի, Շերլոք Հոլմսի[3], Նիք Քարտերի[4] և այլ մտացածին խուզարկուների ձեռքբերումներին: Բայց մենք տեսնում ենք, որ Ձեր մեթոդը շատ է տարբերվում այլ խուզարկուների մեթոդներից՝ ինչպես մտացածին, այնպես էլ իրական: Ինչ-որ մեկն անգամ կարծիք հայտնեց, թե Դուք ուղղակի որոշակի մեթոդ չունեք:
Հայր Բրաունը լռեց, հետո թեթևակի շարժվեց (կամ էլ ուղղակի մոտեցավ վառարանին) և ասաց.
-Ներեցե՛ք… Այո՛… Մեթոդ չունեմ… Վախենամ, որ նրանք ուղեղ չունեն…
-Ես նկատի ունեի զուտ գիտական մեթոդը,- շարունակեց նրա զրուցակիցը,- Էդգար Պոն հիանալի երկխոսություններով բացատրել է Դյուպենի մեթոդը, նրա կուռ տրամաբանության ողջ հմայքը: Բժիշկ Ուոթսընն ստիպված էր ունկնդրել Հոլմսի՝ բավականին ստույգ բացատրությունները ամենայն մանրամասներով: Բայց Դուք, Հա՛յր Բրաուն, թվում է, չեք բացել ոչ մեկին Ձեր գաղտնիքը: Ինձ ասել են, որ Դուք Ամերիկայում հրաժարվել եք դասախոսություն կարդալ այդ թեմայով:
-Այո՛,- պատասխանեց հոգևորականը՝ մռայլ նայելով վառարանին,-հրաժարվեցի:
-Ձեր հրաժարականը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց,- շարունակեց Չեյզը,- մեզ մոտ մեկն ասում էր, որ Ձեր մեթոդը անհնար է բացատրել, քանի որ այն ավելին է, քան սովորական մեթոդը: Ասում էին, որ Ձեր գաղտնիքն անհնարին է պարզել, քանի որ այն գաղտնախորհուրդ է:
-Ինչպիսի՞ն է այն,- հարցրեց Հայր Բրաունը բավականին մռայլ:
-Դե՛, անհասկանալի է անհաղորդների համար,- բացատրեց Չեյզը,- պետք է Ձեզ ասեմ, որ մեզ մոտ՝ Նահանգներում, կարգին գլուխ են կոտրել Գալլուպի և Շթեյնի, ծերուկ Մերթոնի սպանությունների ու Դելմընի կրկնակի հանցագործության վրա: Իսկ Դուք միշտ հայտնվում էիք ամենակենտրոնում և բացահայտում էիք գաղտնիքը, բայց ոչ մեկին չէիք ասում՝ որտեղից է դա Ձեզ հայտնի:
Բնականաբար, շատերը որոշեցին, որ Դուք, այսպես ասած, ամեն ինչ գիտեք առանց նայելու: Կարլոտա Բրաունսընը իր մտածողության ձևերի մասին դասախոսությունը նկարազարդել է Ձեր գործունեության դրվագներով: Իսկ Ինդիանապոլսի «Հոգետես քույրերի կազմակերպությունը» …
Հայր Բրաունը դեռ նայում էր վառարանին. վերջապես նա խոսեց բարձր, բայց այնպես, ասես նրան ոչ ոք չէր լսում.
-Օ՜հ, ինչի՞ համար է դա:
-Դրանով ոչ մեկի չես փարատի,- բարեհոգաբար ժպտաց միստր Չեյզը,- մեր Հոգետես քույրերը պինդ են կպչում: Ըստ իս, եթե ուզում եք վերջ դնել դատարկախոսությանը, պետք է բացեք Ձեր գաղտնիքը:
Հայր Բրաունը աղմուկով արտաշնչեց: Նա հակեց գլուխը ձեռքերին, ասես նրա համար դժվար էր մտածելը: Հետո բարձրացնելով գլուխը՝ կամաց ասաց.
-Լա՛վ, ես կբացեմ իմ գաղտնիքը:
Նա խավարած աչքերով աչքի անցկացրեց մթնող փոքրիկ բակը՝ վառարանի բոսոր աչքերից մինչև հին պատը, որի վերևում ավելի պայծառ էին փայլում շլացնող հարավային աստղերը:
-Գաղտնիքը…-սկսեց նա և լռեց, ասես չէր կարողանում շարունակել: Հետո հավաքեց ուժերն ու ասաց,- հասկանո՞ւմ եք, այդ բոլոր մարդկանց ես եմ սպանել:
-Ի՞նչ,- խեղդված ձայնով հարցրեց Չեյզը:
-Ես ինքս եմ սպանել այդ բոլոր մարդկանց,- կարճ կրկնեց Հայր Բրաունը:- Այդ պատճառով էլ գիտեի՝ ինչպես է ամեն ինչ եղել:
Գրենդիսըն Չեյզը ուղղեց իր ողջ հսկա հասակը՝ ասես դանդաղ պայթյունից մի կողմ շպրտված: Հայացքը չկտրելով զրուցակցից՝ նա մի անգամ էլ հարցրեց անվստահաբար.
-Ի՞նչ:
-Ես հանգամանորեն պատրաստել եմ յուրաքանչյուր հանցագործությունը,- շարունակեց Հայր Բրաունը,- ես համառորեն մտածում էի այն ուղղությամբ, թե ինչպես կարող եմ ի կատար ածել այն, ինչ իրավիճակում պետք է լինի մարդը, որ գործի այն: Եվ երբ ես հասկանում էի, որ զգում եմ նույնը, ինչ զգացել է մարդասպանը, ինձ համար պարզ էր դառնում՝ ով է նա:
Չեյզը ընդհատուն արտաշնչեց:
-Համա թե վախեցրիք ինձ,- ասաց նա,- ես մի վայրկյան հավատացի, որ Դուք իսկապես սպանել եք նրանց բոլորին: Ես, հենց այն է, պատկերացրի մեր բոլոր լրագրերի խորագրերը. «Սևասքեմ խուզարկուն՝մարդասպան. Հայր Բրաունի հարյուրավոր զոհերը»: Դե ինչ, դա լավ կերպար է... Դուք ուզում եք ասել, որ ամեն անգամ փորձում էիք վերականգնել հոգեբանությունը...
Հայր Բրաունը վառարանին հարվածեց իր կարճ ծխամարճով, որը հենց նոր փորձում էր լցնել: Նրա դեմքը ծամածռվեց, իսկ այդպիսի բան նրա հետ հազվադեպ էր լինում:
-Ո՛չ, էլի ու էլի, ո՛չ,- ասաց նա գրեթե բարկացած:-Դա ոչ մի կերպար էլ չի: Ահա՛ թե ինչ է լինում, երբ փորձում ես խոսել լուրջ բաների մասին... Ավելի լավ է ընդհանրապես չխոսել: Բավական է խոսք բացել ինչ-որ բարոյական ճշմարտության մասին, և ձեզ նույնժամ կասեն, որ դուք պատկերավոր եք արտահայտվում: Մի մարդ՝ իրական, երկոտանի, ինձ մի բան ասաց. «Ես Սուրբ հոգուն հավատում եմ միայն հոգևոր իմաստով»: Ես, իհարկե, հարցրի նրան. «Էլ ինչպե՞ս հավատալ նրան»: Իսկ նա որոշեց, թե ես նրան ասացի, որ պետք է հավատալ միայն էվոլյուցիային կամ  էթնիկական համախոհությանը կամ էլ մի ուրիշ հիմարության: Մի անգամ էլ եմ կրկնում. ես տեսնում էի, թե ինչպես ինքս, ինչպես իմ «ես»-ը գործում էր այդ սպանությունները: Բնականաբար, ես իմ զոհերին ֆիզիկապես չէի սպանում, բայց հարցը դա չէ. նրանց կարող էր սպանել և աղյուսը: Ես մտածում էի ու մտածում, թե ինչպես է մարդը այդ վիճակին հասնում, մինչև չէի զգում, որ ինքս եմ հասել այդ վիճակին, և չի բավարարում միայն վերջին շարժառիթը: Դա ինձ մի ընկեր է խորհուրդ տվել. լավ հոգեվարժանք է: Կարծես թե, նա այն գտել է Լիոն 13-րդի մոտ, որին ես միշտ մեծարել եմ:
-Վախենամ,- անվստահ ասաց ամերիկացին՝ նայելով հոգևորականին ինչպես վայրի գազանին,- որ ստիպված եք լինելու շատ բան ինձ բացատրել, մինչև ես կհասկանամ՝ ինչի մասին եք խոսում: Խուզարկության գիտությունը...
Հայր Բրաունն անհամբեր ճտացրեց մատներով:
-Ահա՛,- բացականչեց նա:- Ահա թե որտեղ են մեր ճանապարհները բաժանվում: Գիտությունը մեծ բան է, եթե իսկապես գիտություն է: Իրական գիտությունը աշխարհի մեծագայուն բաներից մեկն է: Բայց ի՞նչ իմաստ են վերագրում այդ բառին տասից իննի դեպքում, երբ ասում են՝ խուզարկությունը գիտություն է կամ քրեաբանությունը գիտություն է: Նրանք ուզում են ասել, որ մարդուն հնարավոր է քննել արտաքին կողմից, ինչպես մեծ միջատի: Նրանց կարծիքով՝ դա անաչառ է, իսկ դա ընդամենը անմարդկային է: Նրանք մարդուն հեռվից են նայում, ինչպես բրածոյի, նրանք ուսումնասիրում են «հանցավոր գանգը», ինչպես ռնգեղջյուրի եղջյուրը: Երբ նման գիտնականը խոսում է «տիպի» մասին, նա նկատի ունի ոչ իրեն, այլ իր դրացուն՝ սովորաբար չունևոր: Իհարկե, երբեմն օգտակար է կողքից նայելը, բայց դա գիտություն չէ. վերջինիս համար, հենց այն է, պետք է մոռանալ այն քիչը, որ մենք գիտենք: Ընկերոջ մեջ պետք է անծանոթի տեսնենք և զարմանանք քաջածանոթ առարկաներին: Կարելի է ասել, որ մարդկանց դեմքի կենտրոնում փոքրիկ ելուստ կա, կամ էլ որ մենք ուշագնաց ենք լինում օրվա մեջ մեկ անգամ:
Բայց այն, որ Դուք անվանեցիք իմ գաղտնիքը, ամբողջովին, ամբողջովին այլ է: Ես մարդուն արտաքին կողմից չեմ ուսումնասիրում: Ես փորձում եմ թափանցել ներսը: Դա շատ ավելին է, ճի՞շտ է: Ես՝ մարդու ներաշխարհում: Ես նրա մեջ եմ, նրա ձեռքերը, նրա ոտքերն իմն են, բայց ես սպասում եմ այնքան, մինչև չեմ սկսում մտածել նրա խոհերով, տանջվել նրա կրքերից, այրվել նրա ատելությամբ, մինչև չեմ նայում աշխարհին նրա՝ արյունով լցված աչքերով և չեմ գտնում, ինչպես և ինքը, ամենից կարճ և ուղիղ ճանապարհը դեպի արյան լիճը: Ես սպասում եմ, մինչև ինքս մարդասպան չեմ դառնում:
-Օ՜,- արտաբերեց միստր Չեյզը՝ մռայլ նայելով նրան:- Եվ դա Դուք հոգևոր վարժա՞նք եք անվանում:
-Այո՛,- պատասխանեց Բրաունը,- հենց դա:- Նա լռեց, ապա կրկին խոսեց.- Դա այնպիսի վարժանք է, որ ավելի լավ է, ես դրա մասին չպատմեմ: Բայց հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող Ձեզ հենց այսպես թողնել: Հետո Դուք Ձեզ մոտ կասեք, թե ես կարողանում եմ կախարդել կամ էլ տելեպատ եմ: Ես վատ բացատրեցի, բայց այդ ամենը զուտ ճշմարտություն է:
Մարդը երբեք լավը չի լինի, մինչև չհասկանա՝ որքան վատն է կամ որքան լավը կարող էր լինել, մինչև չհասկանա՝ ինչքան քիչ իրավունք ունի քմծիծաղել և պարզաբանումներ տալ «հանցագործների» մասին, ասես նրանք ինչ-որ հեռավոր անտառի կապիկներ են, մինչև նա չդադարի այդպես նողկալիորեն ստել ինքն իրեն, այդքան հիմարաբար դատարկախոսել «ստորին տիպերի» և «արատավոր գանգի» մասին, մինչև իր հոգուց չքամի մինչև վերջին կաթիլը երեսպաշտական մխիթարանքի, մինչև հույս ունի հալածել հանցագործին և բռնել իր ցանցով, ինչես միջատի:
Ֆլամբոն մոտեցավ, լցրեց մեծ գավաթը իսպանական գինով և դրեց այն իր ընկերոջ դիմաց. նույն գավաթից դրված էր նաև ամերիկացու դիմաց: Հետո Ֆլամբոն խոսեց՝ ողջ երեկոյի ընթացքում առաջին անգամ.
-Հայր Բրաունը, երևում է, իր հետ ավելի շատ գաղտնիքներ բերեց: Մենք երեկ հենց դրանց մասին էինք խոսում: Այն ժամանակահատվածում, ինչ մենք չենք հանդիպել իրար, նրան վիճակվել է հետաքրքրական մարդկանց տեսնել:
-Այո՛, ես լսել եմ այդ պատմությունների մասին,- ասաց Չեյզը՝ մտածկոտ բարձրացնելով գավաթը,- բայց ես դրանք հասկանալու համար բանալի չունեմ: Միգուցե, Դուք ինձ ինչ-որ բաներ կբացատրե՞ք: Միգուցե պատմե՞ք, թե ինչպես էիք թափանցում հանցագործի հոգու մեջ:
Հայր Բրաունը նույնպես բարձրացրեց գավաթը, և կրակի ցոլքերի ներքո գինին թափանցիկ դարձավ՝ ինչպես բոսոր-արնագույն վիտրաժը՝ տառապյալի նկարով: Ալ կրակը գամեց նրա հայացքը. նա չէր կարողանում աչքը կտրել դրանից, ասես գավաթի մեջ ծովի պես ծփում էր աշխարհիս բոլոր մարդկանց արյունը, իսկ նրա հոգին լողորդի պես խոնարհաբար սուզվում էր հրեշային դիտավորությունների խավարի մեջ, ամենից սարսափելի չարքերից ավելի խորը՝ ամենատղմոտ հատակը:
Այդ գավաթում, ինչպես ալ հայելու մեջ, նա շատ իրադարձություններ տեսավ:
Վերջին տարիների հանցագործությունները լողացին նրա առջևով կարմիր ստվերների տեսքով: Այն ամենը, ինչի մասին նրան խնդրել էին պատմել, պար էր բռնել նրա առջև: Նա կրկին տեսնում էր ամենը, ինչի մասին պատմված է այս գրքում:
Ահա ալ գինին վերածվեց գորշ կարմիր ավազների, թխաթույր մարդկանց վրա բոսոր մայրամուտի. մեկը պառկած էր, իսկ մյուսը շտապում էր նրա մոտ: Ահա՛ մայրամուտը կտոր-կտոր եղավ, և ալ լապտերներ կախվեցին այգու ծառերին ու ալ ցոլքերը սկսեցին պարել ջրհորի մեջ: Ահա լապտերների լույսը, միաձուլվելով, դարձավ մեծ, թափանցիկ սուտակ՝ ասես հրակարմիր արեգակ՝ շուրջն ամեն ինչ լուսավորող՝ բացառությամբ երկար ու հին խույրով բարձրահասակ տղամարդու ստվերին: Ահա փայլը մարեց և միայն խարտյաշ մորուքի բոցն էր պարում քամուց ճահիճների գորշ անհյուրընկալության վրա: Այդ ամենը կարելի էր տեսնել ու հասկանալ այլ կերպ, բայց այժմ՝ պատասխանելով «մարտահրավերին», նա դա հենց այդպես հիշեց, և մտքերն սկսեցին ամբողջանալ հետևությունների ու սյուժեների տեսքով:
-Այո՛,- ասաց նա՝ գավաթը դանդաղ մոտեցնելով շուրթերին,- ես այսօրվա պես հիշում եմ…

Թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելիս պարտադիր նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog


[1] Волхв-նշ. է կախարդ, վհուկ (հին սլավոնների մոտ) և փերի, բարի ոգի (լատինացիների մոտ):
[2] Ժառանգական կոչում միջնարդարյան Իսպանիայի արքունիքում:
[3] Հաջորդաբար Էդգար Ալլան Պոյի, Էմիլ Հաբորիոյի, Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվների հերոսները:
[4] Ամերիկյան շարունակական էժանագին դետեկտիվների հայտնի կերպար:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...