Անգլիական
դետեկտիվում անցած դարի սկզբներին նոր էջ և ուղղություն բացեց Գ. Կ. Չեստերթոնը, ում
դետեկտիվ պատմվածքների խուզարկուն՝ մեծագույն դետեկտիվը, կաթոլիկ հոգևորական էր, ով
իր առջև նպատակ էր դնում հայտնաբերելուց հետո ոչ թե պատժել հանցագործին, այլ դարձի
բերել նրան (առաջին ժողովածուն՝ «Հայր Բրաունի անմեղությունը», 1911թ.): Ի տարբերություն
Հոլմսի կերպարի, ով իր խարիզմատիկության չափ հեռու էր բարոյական նորմերից, Չեստերթոնն
օժտեց իր Հայր Բրաունին դեդուկտիվ մտածելակերպով, խղճով ու գթասրտությամբ: «Ես չեմ
ուսումնասիրում մարդուն դրսից: Ես փորձում եմ թափանցել նրա ներսը»,- գրում է Չեստերթոնը:
Պատմվածքը «Հայր Բրաունի
գաղտնիքը» ժողովածուից է (1927):
Ֆլամբոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի հանցագործներից մեկը, իսկ
ապա մասնավոր խուզարկու Անգլիայում, վաղուց արդեն թողել է այդ երկու մասնագիտություններն
էլ: Ասում էին, որ հանցավոր անցյալը թույլ չէր տալիս նրան խիստ վարվել հանցագործների
հետ: Ինչևէ, լքելով ռոմանտիկ փախուստների և շշմեցուցիչ արկածների ուղին՝ նա հաստատվեց,
ինչպես և հարիր էր նրան, Իսպանիայում՝ իր սեփական դղյակում: Դղյակը, չնայած որ
մեծ չէր, այնուամենայնիվ, հաստատուն էր, իսկ գորշ բլուրին
սևին էր տալիս խաղողի քառակուսաձև այգին ու կանաչում էին մարգերը:
Չնայած իր բուռն արկածներին՝ Ֆլամբոն մի հատկություն ուներ,
որը հարիր էր շատ լատինացիներին և անծանոթ, օրինակ, ամերիկացիներին. նա կարողանում էր խույս տալ ունայնությունից:
Նույն կերպ խոշոր հյուրանոցի տնօրենը երազում է ծեր հասակում փոքրիկ ֆերմա հիմնարկել,
իսկ ֆրանսիաբնակ խանութպանը կանգ է առնում այն նույն պահին, երբ կարող էր դառնալ սրիկա միլիոնատեր և գնել մինչև
վերջին կրպակը, ու մնացած օրերն անց է կացնում
տանը՝ դոմինո խաղալով:
Հանկարծակի և գրեթե անսպասելի Ֆլամբոն սիրահարվեց մի իսպանուհու,
ամուսնացավ նրա հետ, կալվածք ձեռք բերեց և ապրեց ընտանեկան կյանքով՝ փոքր-ինչ ցանկություն անգամ չհայտնաբերելով իր մեջ կրկին երկարատև թափառումների տրվելու:
Բայց մի գեղեցիկ առավոտ նրա ընտանիքը նկատեց, որ նա ուժեղ գրգռված ու անհանգստացած
է: Նա դուրս եկավ զբոսնելու տղաների հետ, բայց շուտով անցավ նրանց և բլուրով դեպի վար
իջավ՝ ընդառաջ ինչ-որ մեկին, որ հատում էր հովիտը և որը սև կետից մեծ չէր թվում:
Կետը հետզհետե մեծացավ՝ գրեթե չփոխելով ուրվագծերը, ավելի պարզ
ասած, այն նույն սև ու կլոր կետն էր մնում:
Սև փարաջան այս կողմերում արտասովոր բան չէր, բայց մոտեցողի փարաջան ինչ-որ առանձնահատուկ
կերպով առօրեական էր և միաժամանակ բարեհամբույր՝ ի տարբերություն տեղացի հոգևորականների
հագուստների՝ մատնելով նորեկի՝ բրիտանական կղզիների բնակիչ լինելը:
Ձեռքին նա բռնած ուներ կարճ, ուռած մի անձրևանոց՝ կլոր, ծանր
բռնիկով, որի տեսքից Ֆլամբոն, քիչ էր մնում, խանդաղատանքից լաց լինի, քանի որ այդ անձրևանոցը
անցած ժամանակների իրենց շատ համատեղ արկածներին է մասնակից եղել: Հոգևորականը Ֆլամբոյի անգլիացի ընկերն էր՝ Հայր
Բրաունը, որ վաղուց էր պատրաստվում գալ, բայց այդպես էլ չէր հարմարեցնում: Նրանք մշտապես
նամակագրության մեջ էին, բայց չէին տեսել իրար մի քանի տարի:
Շուտով Հայր Բրաունը շրջապատվեց ընտանիքով, որն այնքան մեծ էր, որ, թվում էր, մի ամբողջ ցեղ
է: Նրան ծանոթացրին փայտե ոսկեզօծ դյութակների[1]
հետ, որ նվիրում են երեխաներին Սուրբ ծննդյան տոներին, ծանոթացրին շան, կատվի և անասնաֆերմայի
բնակիչների հետ, ծանոթացրին հարևանի հետ, որն ինչպես և Բրաունը, տարբերվում էր այստեղի բնակիչներից և՛ շարժուձևով, և՛ հագուստով:
Հյուրի՝ փոքրիկ
դղյակում բնակվելու երրորդ օրն այնտեղ մի այցելու հայտնվեց և սկսեց իսպանական ընտանիքին խոնարհ գլուխ տալ այնպես, որին կնախանձեր
անգամ իսպանական գրանդը[2]:
Այցելուն բարձրահասակ էր, ճերմակահեր, շատ գեղեցիկ ջենտլմեն՝ կուրացուցիչ փայլով եղունգներով,
թևքածալով և թևքաճարմանդով: Բայց նրա երկար դեմքի վրա չկար անգամ հետքն այն քնքշության,
որ մեր ծաղրանկարիչները կապում են ձյունաճերմակ
թևքածալերի և մանիկյուրի հետ:
Նրա դեմքը զարմանալիորեն
կենդանի էր ու շարժուն, իսկ աչքերը նայում էին հեռուն և ուղիղ, ինչը շատ հազվադեպ է զուգադրվում սպիտակ մազերի հետ: Դա արդեն իսկ բավական էր այցելուի
ազգությունը որոշելու համար, ինչպես նաև նրա պաճուճազարդ խոսքը փչացնող որոշակի ռնգախոսությունն
ու եվրոպական տեսարժան վայրերին քաջատեղյակ լինելը: Այո՛, այցելուն ինքը Գրենդիսըն
Չեյզն էր Բոսթոնից՝ ամերիկացի ճանապարհորդ, որ հանգստանում էր ճանապարհորդություններից
հար և նման մի դղյակում, հար և նման մի բլրի վրա:
Այստեղ՝ իր կալվածքում, նա վայելում էր կյանքը և իր սիրալիր
հարևանին համարում էր այստեղի հնություններից մեկը, քանի որ Ֆլամբոյին, ինչպես արդեն
ասել ենք, հաջողվել էր հողի մեջ խորն արմատներ գցել, և թվում էր, որ նա դարեր է ապրել
իր խաղողի այգիների ու թզենիների հետ: Նա կրկին կոչվում էր իր իրական անունով՝ Դյուրկ,
քանզի «Ֆլամբոն», այսինքն՝ «ջահ», միայն
կեղծանուն էր, որով իր նմանները կռիվ են մղում հասարակության հետ:
Նա պաշտում էր կնոջն ու երեխաներին, տնից դուրս էր գալիս
միայն որսորդության համար և ամերիկացի ճանապարհորդին երևանում էր պատկառելի կենսախնդության,
բարեկեցության հանդեպ այն խելամիտ սիրո մարմնացումը, որը ընդունում են ամերիկացիները
և մեծարում են միջերկրածովային ժողովուրդները:
Քարը, գլորվելով Արևմուտքից, ուրախ էր հանգստանալ հարավի քարի մոտ, որ հասցրել էր ծածկվել
փարթամ խավով:
Միստր Չեյզը
լսել էր Բրաունի մասին և նա խոսեց նրա հետ առանձնահատուկ տոնով, որով նա խոսում էր
հայտնիներին հանդիպելու ժամանակ: Հարցազրույց վարողի բնազդը՝ զուսպ, բայց անսանձ, զարթնեց
նրա մեջ: Նա բռնեց Բրաունին, ինչպես ունելին ատամը. պետք է խոստովանել՝ բնավ առանց
ցավի և ամբողջ ճարպկությամբ՝ ինչպես
ամերիկացի
ատամնաբույժները:
Նրանք նստած
էին ծածկի տակ՝ փոքրիկ
բակում. Իսպանիայում հաճախ են տուն մտնում արտաքին կողմից սարքած կիսածածկ բակերով: Մթնում էր: Մայրամուտից
հետո սարերում անմիջապես սառչում է, և այդ պատճառով էլ այստեղ մի փոքրիկ վառարան էր
դրված, որ թարթում էր կարմիր աչքը, ասես մի թզուկ, և նկարում հարթ սալաքարերին բոսոր
նախշեր: Կրակի ոչ մի ցոլք չէր հասնում բարձր, մերկ, դեպի մուգ
կապույտ երկինքը ձգվող պատի անգամ ստորին աղյուսներին:
Մթնշաղում աղոտ կերպով ուրվագծվում էին Ֆլամբոյի լայն ուսերն
ու սուսերի պես մեծ բեղերը. Ֆլամբոն անընդհատ վեր էր կենում, քամում տակառից մուգ գինին
և լցնում այն բաժակները: Հոգևորականը, որ կռացած էր վառարանի վրա, շատ փոքր էր երևում
նրա ստվերում: Ամերիկացին ճարպկորեն առաջ կռացավ՝ արմունկով հենվելով ծնկանը. նրա նրբին,
սուր դեմքը լուսավորված էր, աչքերը առաջվա պես փայլում էին խելքից ու հետաքրքրասիրությունից:
-Համարձակվում եմ Ձեզ վստահեցնել, սը՛ր,- ասում էր նա,- որ
Ձեր մասնակցությունը երկու մորուքների սպանության հետաքննությանը գիտական հետախուզության
մեծագույն ձեռքբերումներից մեկն է:
Հայր Բրաունը ինչ-որ անհասկանալի բան քրթմնջաց, իսկ, միգուցե, հառաչեց:
-Մենք ծանոթ ենք,- շարունակեց ամերիկացին,- Դյուպենի, Լեկոկի,
Շերլոք Հոլմսի[3],
Նիք Քարտերի[4]
և այլ մտացածին խուզարկուների ձեռքբերումներին: Բայց մենք տեսնում ենք, որ Ձեր մեթոդը
շատ է տարբերվում այլ խուզարկուների մեթոդներից՝ ինչպես մտացածին, այնպես էլ իրական:
Ինչ-որ մեկն անգամ կարծիք հայտնեց, թե Դուք ուղղակի որոշակի մեթոդ չունեք:
Հայր Բրաունը լռեց, հետո թեթևակի շարժվեց (կամ էլ ուղղակի
մոտեցավ վառարանին) և ասաց.
-Ներեցե՛ք… Այո՛… Մեթոդ չունեմ… Վախենամ, որ նրանք ուղեղ
չունեն…
-Ես
նկատի ունեի զուտ գիտական մեթոդը,-
շարունակեց նրա զրուցակիցը,- Էդգար Պոն հիանալի երկխոսություններով բացատրել է Դյուպենի
մեթոդը, նրա կուռ տրամաբանության ողջ հմայքը: Բժիշկ Ուոթսընն ստիպված էր ունկնդրել
Հոլմսի՝ բավականին ստույգ բացատրությունները ամենայն մանրամասներով: Բայց Դուք, Հա՛յր Բրաուն, թվում է, չեք բացել ոչ մեկին
Ձեր գաղտնիքը: Ինձ ասել են, որ Դուք Ամերիկայում հրաժարվել եք դասախոսություն կարդալ
այդ թեմայով:
-Այո՛,- պատասխանեց
հոգևորականը՝ մռայլ նայելով վառարանին,-հրաժարվեցի:
-Ձեր հրաժարականը
բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց,- շարունակեց Չեյզը,- մեզ մոտ մեկն ասում
էր, որ Ձեր մեթոդը անհնար է բացատրել, քանի որ այն ավելին է, քան սովորական մեթոդը:
Ասում էին, որ Ձեր գաղտնիքն անհնարին է պարզել, քանի որ այն գաղտնախորհուրդ է:
-Ինչպիսի՞ն
է այն,- հարցրեց Հայր Բրաունը բավականին մռայլ:
-Դե՛, անհասկանալի
է անհաղորդների համար,- բացատրեց Չեյզը,- պետք է Ձեզ ասեմ, որ մեզ մոտ՝ Նահանգներում, կարգին
գլուխ են կոտրել Գալլուպի և Շթեյնի, ծերուկ Մերթոնի սպանությունների ու Դելմընի կրկնակի
հանցագործության վրա: Իսկ Դուք միշտ հայտնվում էիք ամենակենտրոնում և բացահայտում էիք
գաղտնիքը, բայց ոչ մեկին չէիք ասում՝ որտեղից է դա Ձեզ հայտնի:
Բնականաբար,
շատերը որոշեցին, որ Դուք, այսպես ասած, ամեն ինչ գիտեք առանց նայելու: Կարլոտա Բրաունսընը
իր մտածողության ձևերի մասին դասախոսությունը նկարազարդել է Ձեր գործունեության դրվագներով:
Իսկ Ինդիանապոլսի «Հոգետես քույրերի կազմակերպությունը» …
Հայր Բրաունը դեռ նայում էր վառարանին. վերջապես նա խոսեց
բարձր, բայց այնպես, ասես նրան ոչ ոք չէր լսում.
-Օ՜հ, ինչի՞ համար է դա:
-Դրանով ոչ մեկի չես փարատի,- բարեհոգաբար ժպտաց միստր Չեյզը,-
մեր Հոգետես քույրերը պինդ են կպչում: Ըստ իս, եթե
ուզում եք վերջ դնել դատարկախոսությանը, պետք է բացեք Ձեր գաղտնիքը:
Հայր Բրաունը աղմուկով արտաշնչեց: Նա հակեց գլուխը ձեռքերին,
ասես նրա համար դժվար էր մտածելը: Հետո բարձրացնելով գլուխը՝ կամաց ասաց.
-Լա՛վ, ես կբացեմ իմ գաղտնիքը:
Նա խավարած աչքերով աչքի անցկացրեց մթնող փոքրիկ բակը՝ վառարանի
բոսոր աչքերից մինչև հին պատը, որի վերևում ավելի պայծառ էին փայլում շլացնող հարավային
աստղերը:
-Գաղտնիքը…-սկսեց նա և լռեց, ասես չէր կարողանում շարունակել:
Հետո հավաքեց ուժերն ու ասաց,- հասկանո՞ւմ եք, այդ բոլոր մարդկանց ես եմ սպանել:
-Ի՞նչ,- խեղդված ձայնով հարցրեց Չեյզը:
-Ես ինքս եմ սպանել այդ բոլոր մարդկանց,- կարճ կրկնեց Հայր Բրաունը:-
Այդ պատճառով էլ գիտեի՝ ինչպես է ամեն ինչ եղել:
Գրենդիսըն Չեյզը ուղղեց իր ողջ հսկա հասակը՝ ասես դանդաղ պայթյունից
մի կողմ շպրտված: Հայացքը չկտրելով զրուցակցից՝ նա մի անգամ էլ հարցրեց անվստահաբար.
-Ի՞նչ:
-Ես հանգամանորեն պատրաստել եմ յուրաքանչյուր հանցագործությունը,-
շարունակեց Հայր Բրաունը,- ես համառորեն մտածում էի այն ուղղությամբ, թե ինչպես կարող
եմ ի կատար ածել այն, ինչ իրավիճակում պետք է լինի մարդը, որ գործի այն: Եվ երբ ես
հասկանում էի, որ զգում եմ նույնը, ինչ զգացել է մարդասպանը, ինձ համար պարզ էր դառնում՝
ով է նա:
Չեյզը ընդհատուն արտաշնչեց:
-Համա թե վախեցրիք ինձ,- ասաց նա,- ես մի վայրկյան հավատացի,
որ Դուք իսկապես սպանել եք նրանց բոլորին: Ես, հենց այն է, պատկերացրի մեր բոլոր լրագրերի
խորագրերը. «Սևասքեմ խուզարկուն՝մարդասպան.
Հայր Բրաունի հարյուրավոր զոհերը»:
Դե ինչ, դա լավ կերպար է... Դուք ուզում եք ասել, որ ամեն անգամ փորձում էիք վերականգնել
հոգեբանությունը...
Հայր Բրաունը
վառարանին հարվածեց իր կարճ ծխամարճով, որը հենց նոր փորձում էր լցնել: Նրա դեմքը ծամածռվեց,
իսկ այդպիսի բան նրա հետ հազվադեպ էր լինում:
-Ո՛չ, էլի
ու էլի, ո՛չ,- ասաց նա գրեթե բարկացած:-Դա ոչ մի կերպար էլ չի: Ահա՛ թե ինչ է լինում,
երբ փորձում ես խոսել լուրջ բաների մասին... Ավելի լավ է ընդհանրապես չխոսել: Բավական
է խոսք բացել ինչ-որ բարոյական ճշմարտության մասին, և ձեզ նույնժամ կասեն, որ դուք
պատկերավոր եք արտահայտվում: Մի մարդ՝ իրական, երկոտանի, ինձ մի բան ասաց. «Ես Սուրբ հոգուն
հավատում եմ միայն հոգևոր իմաստով»: Ես, իհարկե, հարցրի նրան. «Էլ ինչպե՞ս հավատալ նրան»: Իսկ նա որոշեց, թե ես նրան ասացի, որ պետք է հավատալ միայն
էվոլյուցիային կամ էթնիկական համախոհությանը
կամ էլ մի ուրիշ հիմարության: Մի անգամ էլ եմ կրկնում. ես տեսնում էի, թե ինչպես ինքս,
ինչպես իմ «ես»-ը գործում էր այդ սպանությունները:
Բնականաբար, ես իմ զոհերին ֆիզիկապես չէի սպանում, բայց հարցը դա չէ. նրանց կարող էր
սպանել և աղյուսը: Ես մտածում էի ու մտածում, թե ինչպես է մարդը այդ վիճակին հասնում,
մինչև չէի զգում, որ ինքս եմ հասել այդ վիճակին, և չի բավարարում միայն վերջին շարժառիթը:
Դա ինձ մի ընկեր է խորհուրդ տվել. լավ հոգեվարժանք է: Կարծես թե, նա այն գտել է Լիոն
13-րդի մոտ, որին ես միշտ մեծարել եմ:
-Վախենամ,-
անվստահ ասաց ամերիկացին՝ նայելով հոգևորականին ինչպես վայրի գազանին,- որ ստիպված
եք լինելու շատ բան ինձ բացատրել, մինչև ես կհասկանամ՝ ինչի մասին եք խոսում: Խուզարկության
գիտությունը...
Հայր Բրաունն անհամբեր ճտացրեց
մատներով:
-Ահա՛,- բացականչեց
նա:- Ահա թե որտեղ են մեր ճանապարհները բաժանվում: Գիտությունը մեծ բան է, եթե իսկապես
գիտություն է: Իրական գիտությունը աշխարհի մեծագայուն բաներից մեկն է: Բայց ի՞նչ իմաստ
են վերագրում այդ բառին տասից իննի դեպքում, երբ ասում են՝ խուզարկությունը գիտություն
է կամ քրեաբանությունը գիտություն է: Նրանք ուզում են ասել, որ մարդուն
հնարավոր է քննել արտաքին կողմից, ինչպես մեծ միջատի: Նրանց կարծիքով՝ դա անաչառ է,
իսկ դա ընդամենը անմարդկային է: Նրանք
մարդուն հեռվից են նայում, ինչպես բրածոյի, նրանք ուսումնասիրում են «հանցավոր գանգը», ինչպես
ռնգեղջյուրի
եղջյուրը: Երբ նման գիտնականը խոսում է «տիպի» մասին, նա նկատի ունի ոչ իրեն, այլ իր
դրացուն՝ սովորաբար չունևոր: Իհարկե, երբեմն օգտակար է կողքից նայելը, բայց դա գիտություն
չէ. վերջինիս համար, հենց այն է, պետք է մոռանալ այն քիչը, որ մենք գիտենք: Ընկերոջ
մեջ պետք է անծանոթի տեսնենք և զարմանանք քաջածանոթ առարկաներին: Կարելի է ասել, որ
մարդկանց դեմքի կենտրոնում փոքրիկ ելուստ կա, կամ էլ որ մենք ուշագնաց ենք լինում օրվա
մեջ մեկ անգամ:
Բայց այն, որ Դուք անվանեցիք իմ գաղտնիքը, ամբողջովին, ամբողջովին
այլ է: Ես մարդուն արտաքին կողմից չեմ ուսումնասիրում: Ես փորձում եմ թափանցել ներսը:
Դա շատ ավելին է, ճի՞շտ է: Ես՝ մարդու ներաշխարհում:
Ես նրա մեջ եմ, նրա ձեռքերը, նրա ոտքերն իմն են, բայց ես սպասում
եմ այնքան, մինչև չեմ սկսում մտածել նրա խոհերով, տանջվել նրա
կրքերից, այրվել նրա ատելությամբ, մինչև չեմ նայում աշխարհին նրա՝ արյունով լցված աչքերով
և չեմ գտնում, ինչպես և ինքը, ամենից կարճ և ուղիղ ճանապարհը դեպի արյան լիճը: Ես սպասում
եմ, մինչև ինքս մարդասպան չեմ դառնում:
-Օ՜,- արտաբերեց
միստր Չեյզը՝ մռայլ նայելով նրան:- Եվ դա Դուք հոգևոր վարժա՞նք եք անվանում:
-Այո՛,- պատասխանեց
Բրաունը,- հենց դա:- Նա լռեց, ապա կրկին խոսեց.- Դա այնպիսի վարժանք է, որ ավելի լավ
է, ես դրա մասին չպատմեմ: Բայց հասկանո՞ւմ եք, ես չեմ կարող Ձեզ հենց այսպես թողնել:
Հետո Դուք Ձեզ մոտ կասեք, թե ես կարողանում եմ կախարդել կամ էլ տելեպատ եմ: Ես վատ
բացատրեցի, բայց այդ ամենը զուտ ճշմարտություն է:
Մարդը երբեք
լավը չի լինի, մինչև չհասկանա՝ որքան վատն է կամ որքան լավը կարող էր լինել, մինչև
չհասկանա՝ ինչքան քիչ իրավունք ունի քմծիծաղել և պարզաբանումներ տալ «հանցագործների» մասին, ասես
նրանք ինչ-որ հեռավոր անտառի կապիկներ են, մինչև նա չդադարի այդպես նողկալիորեն ստել
ինքն իրեն, այդքան հիմարաբար դատարկախոսել «ստորին տիպերի» և «արատավոր գանգի» մասին, մինչև
իր հոգուց չքամի մինչև վերջին կաթիլը երեսպաշտական մխիթարանքի, մինչև հույս ունի հալածել
հանցագործին և բռնել իր ցանցով, ինչես միջատի:
Ֆլամբոն մոտեցավ,
լցրեց մեծ գավաթը իսպանական գինով և դրեց այն իր ընկերոջ դիմաց. նույն գավաթից դրված
էր նաև ամերիկացու դիմաց: Հետո Ֆլամբոն խոսեց՝ ողջ երեկոյի ընթացքում առաջին անգամ.
-Հայր Բրաունը,
երևում է, իր հետ ավելի շատ գաղտնիքներ բերեց: Մենք երեկ հենց դրանց մասին էինք խոսում:
Այն ժամանակահատվածում, ինչ մենք չենք հանդիպել իրար, նրան վիճակվել է հետաքրքրական
մարդկանց տեսնել:
-Այո՛, ես
լսել եմ այդ պատմությունների մասին,- ասաց Չեյզը՝ մտածկոտ բարձրացնելով գավաթը,- բայց
ես դրանք հասկանալու համար բանալի չունեմ: Միգուցե, Դուք ինձ ինչ-որ բաներ կբացատրե՞ք:
Միգուցե պատմե՞ք, թե ինչպես էիք թափանցում հանցագործի հոգու մեջ:
Հայր Բրաունը
նույնպես բարձրացրեց գավաթը, և կրակի ցոլքերի ներքո գինին թափանցիկ դարձավ՝ ինչպես
բոսոր-արնագույն վիտրաժը՝ տառապյալի նկարով: Ալ կրակը գամեց նրա հայացքը. նա չէր կարողանում
աչքը կտրել դրանից, ասես գավաթի մեջ ծովի պես ծփում էր աշխարհիս բոլոր մարդկանց արյունը,
իսկ նրա հոգին լողորդի պես խոնարհաբար սուզվում էր հրեշային դիտավորությունների խավարի
մեջ, ամենից սարսափելի չարքերից ավելի խորը՝ ամենատղմոտ հատակը:
Այդ գավաթում,
ինչպես ալ հայելու մեջ, նա շատ իրադարձություններ տեսավ:
Վերջին տարիների
հանցագործությունները
լողացին նրա առջևով կարմիր ստվերների տեսքով: Այն ամենը, ինչի մասին նրան խնդրել էին
պատմել, պար էր բռնել նրա առջև: Նա կրկին տեսնում էր ամենը, ինչի մասին պատմված է այս
գրքում:
Ահա ալ գինին
վերածվեց գորշ կարմիր ավազների, թխաթույր մարդկանց վրա բոսոր մայրամուտի. մեկը պառկած
էր, իսկ մյուսը շտապում էր նրա մոտ: Ահա՛ մայրամուտը կտոր-կտոր եղավ, և ալ լապտերներ
կախվեցին այգու ծառերին ու ալ ցոլքերը սկսեցին պարել ջրհորի մեջ: Ահա լապտերների լույսը, միաձուլվելով, դարձավ մեծ, թափանցիկ սուտակ՝
ասես հրակարմիր
արեգակ՝
շուրջն ամեն ինչ լուսավորող՝ բացառությամբ երկար ու հին խույրով բարձրահասակ տղամարդու
ստվերին: Ահա փայլը մարեց և միայն խարտյաշ մորուքի բոցն էր պարում քամուց ճահիճների
գորշ անհյուրընկալության վրա: Այդ ամենը կարելի էր տեսնել ու հասկանալ այլ կերպ, բայց
այժմ՝ պատասխանելով «մարտահրավերին», նա դա հենց
այդպես հիշեց, և մտքերն սկսեցին ամբողջանալ հետևությունների ու սյուժեների տեսքով:
-Այո՛,- ասաց նա՝ գավաթը դանդաղ մոտեցնելով շուրթերին,- ես այսօրվա
պես հիշում եմ…
Թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելիս պարտադիր նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog
Комментариев нет:
Отправить комментарий