2014-01-16

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին-Պաուլո Կոելիո

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: 
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

- Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
-
Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
-
Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
-
Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
-
Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
-
Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
-
Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

2014-01-13

Գրիգ-Պուճուր մարդը

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
- Ձե՞ր գործերն են,- հարցրի:
- Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա
  ներկերի հետքեր կային:
- Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև
  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
- Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
- Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
- Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
- Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,
  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  
Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`
  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ
  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
- Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
- Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
- Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
- Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
- Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև
  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
- Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: ” Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:
  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից
  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է
  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

2014-01-11

Խոսքի արժեքը

Արևելքի մի տիրակալ տեսավ մի մղձավանջ,ասես նրա ատամները մեկը մյուսի հետևից թափվում էին:Մեծ հուզմունքով նա իր մոտ կանչեց երազների մի մեկնիչի:Նա տիրակալին լսեց մտահոգված և ասաց.
-Տիրակալ ,ես քեզ պետք է տխուր լուր ասեմ.դու մեկը մյուսի հետևից կկորցնես քո հարազատներին:
Այս խոսքերը հարուցեցին տիրակալի զայրույթը:Նա հրամայեց անբախտին գցել բանտը,ապա բերել նոր մեկնիչի,որը նրան լսելով,ասաց.
-Ես ուրախ եմ,որ քեզ բարի լուր կարող եմ հայտնել:Դու երկար կապրես քո բոլոր հարազատներից:
Տիրակալը ուրախացավ և նրան առատ վարձատրեց:Պալատականները շատ զարմացան.
-Չէ որ դու ասացիր նույնը,ինչ որ քո խեղճ նախորդը:Ապա ինչու՞ նա պատժի արժանացավ, իսկ դու՝ վարձի,-հարցնում էին նրանք:
Հաջորդեց պատասխանը.
-Երկուսս էլ հավասարապես մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված է ոչ թե նրանից, թե ինչ ես ասում,այլ նրանից, թե ինչպես ես ասում:

Հայտնի տղամարդկանց խոսքերից


1. Истинное назначение человека — жить, а не существовать.
- Джек Лондон.

2. Не говорите о том, что у вас нет времени. Времени у вас ровно столько же, сколько его было у Микеланджело, Леонардо да Винчи, Томаса Джефферсона, Пастера, Хелен Келлер, Альберта Эйнштейна.
- Джексон Браун.

3. Гонясь за недостижимым, мы совершаем невозможное.
- Роберт Ардри.

4. Тот, кто щеголяет эрудицией или ученостью, не имеет ни того, ни другого.
- Эрнест Хемингуэй.

5. У меня есть верных шесть слуг. Я им обязан всем. Их имена: Кто? Почему? Когда? Что? Где? и Как?
- Редьярд Киплинг.

6. Лучшие годы вашей жизни – когда Вы решаете, что Ваши проблемы принадлежат Вам. Вы не вините в них мать, экологию или президента. Вы осознаете, что сами контролируете свою судьбу.
– Альберт Эллис.

7. Право на глупость — одна из гарантий свободного развития личности.
- Марк Твен.

8. Очень немного требуется, чтобы уничтожить человека: стоит лишь убедить его в том, что дело, которым он занимается, никому не нужно.
- Ф.М. Достоевский.

9. Никогда не указывайте на ошибки, если не знаете, как их исправить.
- Бернард Шоу.

10. Мысль — начало всего. И мыслями можно управлять. И поэтому, главное дело совершенствования — работать над мыслями.
- Л. Н.Толстой.

11. То, что меня не убивает, делает меня сильнее.
- Фридрих Ницше.

12. Возможно, в этом мире ты всего лишь человек, но для кого-то ты — весь мир.
- Габриэль Гарсиа Маркес.

13. Жизнь — это то, что происходит с тобой, пока ты строишь другие планы.
- Джон Леннон.

14. Цель жизни — поиск совершенства, а задача каждого из нас — максимально приблизить его проявление в самом себе.
- Ричард Дэвид Бах.

15. Великие умы обсуждают идеи; средние умы обсуждают события; мелкие умы обсуждают людей.
- Элеонор Рузвельт.

16. Есть только два способа прожить свою жизнь. Первый – так, будто никаких чудес не бывает. Второй – так, будто все на свете является чудом.
- Альберт Эйнштейн.

17. Никогда не поздно стать тем, кем тебе хочется быть.
- Джордж Элиот.

18. Если ты способен выдумать что-то, ты можешь и сделать это.
- Уолт Дисней.

19. Когда человек не знает, к какой пристани он держит путь, для него ни один ветер не будет попутным.
- Сенека


2014-01-10

Համո Սահյան-Ես հարուստ էի

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ—կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:

Համո Սահյան-Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

2014-01-08

Դերենիկ Դեմիրճյան - ՋՈՒԹԱԿ և ՍՐԻՆԳ

Ո՞վ հնարեց ջութակը…ո՞վ հնարեց սրինգը…
Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել—թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:
Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:
Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:
Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:
— Հայանթի՛,— հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը,— այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:
— Չգիտեմ,—ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:
Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:
— Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:
Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան—նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:
Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…
Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:
Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:
Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:
— Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:
— Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք,— ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:
— Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:
Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:
Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. “Նվագեմ, թող ձայները կտրեն”, — մտածեց նա իր ուժը գիտակցելով:
Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:
Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:
Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:
Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:
Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:
— Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս,— ձայն տվին ամենքը հիացած:
— Ապրե՛ս, Հայանթի՛,— ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:
— Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը, — խոսեց մինը հափշտակված:
— Հը՜մ, ճարտար նվագ էր, —ասավ բանաստեղծ Խալդունը:
— Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս,— կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:
Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:
Հերթը նրանն էր…
— Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի, — կարգադրեց ծեր բանաստեղծը:
Ու մինչ Նալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:
— Շերեփ է,— փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:
— Թիակ է, — ասավ մյուսը, — վերցնես, մարդու մեջքին թակես:
— Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի,— ծիծաղեց երրորդը:
Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:
Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:
Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:
Եվ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:
Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտին ընկավ, մարեց:
Հետո — իբրև դրան պատասխան—մի ուրիշ ձայն, ավելի ուժեղ և հնչուն, սկսեց որբ ձայնով սրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր—հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր—տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր,— ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:
Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութ… Հանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը, նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:
Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեց…կարծես նորից մտավ իր գերեզմանը:
Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:
Ահա՜ թե որն է նվագը:
Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:
— Գնանք տուն, Հայանթի:
Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:
Երբ քիչ հեռու էին, փսփսաց.
— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:
նաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:
Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:
— Ապրե՜ս, Նալ,— ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:
Տխրեց Նալը և գլուխը կախես: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:
Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.
— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:
նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:
Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…
Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել… 

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...