2025-05-10

Սթիվեն Չբոսկի «Միայնակ լինելու արտոնությունները»/ «Առանձնության առավելությունները»/ “The Perks of Being a Wallflower”

Հատված Սթիվեն Չբոսկու հանրահայտ վեպից։

 

Մի անգամ կապույտ գծերով դեղին թերթի վրա

Նա բանաստեղծություն գրեց,

Ու վերնագրեց այն «Ծնոտիկ»,

Քանզի այդպես էին կոչում շանը իր,

Եվ հենց դա է բանաստեղծության ողջ իմաստը։

Ուսուցիչը նրան հինգ նշանակեց

Ու ոսկե աստղ տվեց,

Իսկ մայրը կախեց այն խոհանոցի դռնից,

Եվ կարդաց բոլոր բարեկամների համար։

Դա այն տարին էր, երբ Հայր Թրեյսին

Բոլոր երեխաներին գազանանոց տարավ,

Եվ թույլատրեց նրանց երգել ավտոբուսում,

Ու ծնվեց նրա կրտսեր քույրիկը՝

Փոքրիկ մատիկներով ու անմազ,

Իսկ նրա մայրիկն ու հայրիկը շատ էին համբուրվում,

Իսկ հարևանությամբ ապրող աղջիկը նրան վալենտին ուղարկեց՝

Մակագրելով դրան համբույր նշանակող x-ով։
Նա ստիպված էր հարցնել հորը x-ի նշանակության մասին,

Իսկ հայրը նրան գիշերը պառկեցնում էր քնելու

Ու միշտ ուղղում էր նրա վեմրակը։

 

Մի անգամ կապույտ գծերով սպիտակ թերթի վրա

Նա բանաստեղծություն գրեց,

Որն անվանեց «Աշուն»,

Որովհետև տարվա այդ եղանակն այդպես էին կոչում,

Եվ հենց դա էր բանաստեղծության ողջ իմաստը։

Նրա ուսուցիչը նրան հինգ նշանակեց,

Ու խնդրեց նրան ավելի ընթեռնելի գրել,

Իսկ նրա մայրը չկախեց այն խոհանոցի դռնից

Նոփ-նոր ներկի պատճառով,

Եվ երեխաները պատմեցին նրան,

Որ Հայր Թրեյսին ծխախոտ էր ծխում

Ու թողնում մնացուկը նստարաններին,

Եվ երբեմն դրանցից վառված անցքեր էին մնում։

Դա այն տարին էր, երբ քույրը ակնոց դրեց՝

Հաստ ապակիներով ու սև շրջանակով,

Իսկ հարևանությամբ ապրող աղջիկը ծիծաղեց,

Երբ ինքը խնդրեց նրան միասին գնալ տեսնելու Սանտա Կլաուսին,

Եվ երեխաները պատմեցին նրան՝ ինչու են

Նրա հայրն ու մայրը համբուրվում․․․․ շատ,

Իսկ հայրը նրան չէր պառկեցնում քնելու գիշերը,

Եվ հայրը բարկանում էր,

Երբ ինքը լացում էր, որ նա իրեն պառկեցնի։

 

Մի անգամ թերթի վրա, որ պոկել էր իր նոթատետրից,

Նա բանաստեղծություն գրեց

Ու անվանեց այն «Անմեղություն․ հարց»,

Որովհետև դա հարց էր իր սիրած աղջկան,

Եվ սա էր ամբողջ իմաստը բանաստեղծության։

Ուսուցիչը նրան հինգ նվիրեց

Ու տարօրինակ սևեռուն հայացք։

Եվ մայրը երբեք այն չկախեց խոհանոցի դռնից,

Որովհետև ինքը երբեք այն ցույց չտվեց նրան։

Դա Հայր Թրեյսիի մահվան տարին էր,

Իսկ ինքը մոռացել էր՝ ինչպես է ավարտվում

Առաքելական հանգանակը։

Նա բռնեցրեց քրոջը համբուրվելիս

Հետին սանդղամուտքի վրա։

Իսկ նրա  մայրիկն ու հայրիկն այլևս չէին համբուրվում

Եվ անգամ չէին էլ զրուցում

Իսկ հարևանությամբ ապրող աղջիկը

Չափից դուրս էր  դիմաներկ քսել,

Ինչը ստիպում էր նրան փռշտալ, երբ իրենք համբուրվում էին,

Բայց նա, մեկ է, համբուրում էր աղջկան,

Որովհետև ադպես էր ընդունված։

Գիշերվա երեքին նա ինքը ծածկեց իրեն անկողնում,

Իսկ նրա հայրը բարձր խռռացնում էր։

 

Այդ պատճառով էր, որ նա

Թղթե շագանակագույն տոպրակի հակառակ երեսին

Փորձեց մի բանաստեղծություն էլ գրել

Եվ կոչեց այն «Բացարձակ դատարկություն»,

Որովհետև դա այն էր, ինչի մասին իրապես խոսվում էր,

Եվ նա ինքն իրեն հինգ նշանակեց

Եվ յուրաքանչյուր դաստակին շեղ մի գիծ դրեց,

Եվ կախեց այն լոգասենյակի դռան վրա,

Քանզի այս անգամ նա չէր կարծում,

Թե կկարողնա հասնել խոհանոցին․․․

 


Комментариев нет:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...