2022-08-10

Ռոբերտ Ռոժդեստվենսկի «Գաղտնալսված զրույց»


 ֊էլի կռվե՞լ ես բակում։

֊Ահա՛։
Մամ, ա՛յ մամ,
Բայց ես չեմ լացել։
Մեծանամ՝
Նավաստի դառնամ։
Ես արդեն լողացել եմ
Լոգարանում։
֊Տե՛ր իմ,
Աղջիկ չէ, այլ պատուհաս,
Այլևս ուժ չկա վրաս։
֊Մամ, ա՛յ մամ
Իսկ երբ կմեծանա՞մ։
֊Կմեծանա՛ս,
Կոտլետներդ կեր։
֊Մամ, մամա՛,
Երիվար կառնե՞նք։
֊Երիվա՞ր։
Ախր ո՞ր մեղքիս համար։
֊Մամա, ա՛յ մամ,
Ինձ օդաչու կընդունե՞ն։
֊Կընդունեն, ինչպես չէ,
Փախչել կարո՞ղ են։
Ա՛յ սատանա,
Դու ամեն մեկին
Կանես հոգեհան։
֊Մամ, այ մամ,
Իսկ ճի՞շտ է, որ
պատերազմ կլինի,
Ու ես չեմ հասցնի մեծանալ։


Թարգմ․՝ Ա․ Վերանյանի
Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

2022-07-05

Էլչին Սաֆարլի «Քեզ ինձ խոստացել էին» 18+

 


Եղանակը ես եմ։ Թաքնվելն ու ստելը, թե «դա ընդամենը կերպար է», զավեշտալի է։ Ես այս պատմության մեջ ներդրել եմ իմ կյանքի կոնկրետ մի ժամանակահատված, երբ ժամանակը խլել էր ինձ հենց ինձնից։  Չէի ուզում այդ մասին խոսել, խուսափում էի ցանկացած հարցից։ Կյանքի արժանավայել տիրոջ դիմակ էի դնում, հանրությունը հավատում էր․ մարդիկ հավատում են գեղեցիկ, բարեհաջող ամեն բանի։

Կորստի մասին խոսել ինքնին ցավոտ է։

Ավելի լավ է գրել դրա մասին։ Ես սկսեցի գրել ցավի մասին, ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես ազատվեցի դրանից։

2022-04-16

Էդուարդ Ասադով «Ես կարող եմ երկար սպասել»

 

Քեզ սպասել կարող եմ երկար,

Շատ ու շատ երկար, կուռ հավատարմությամբ,

Կարող եմ չքնել գիշերները բոլոր՝

Տարի կամ երկու, մի ողջ կյանք հավանաբար։

 

Թո՛ղ որ թերթիկներն օրացույցի

Շուրջպարեն այգում թափվող տերևների պես,

Իմանամ միայն, որ զուր չէ ամենը,

Որ ամենի կարիքն այս իսկապես ունես։

 

Թե լինի կարիք

Կհետևեմ քեզ ծանծաղուտներով,

Թավուտների միջով անտառի,

Սարերով,

Ավազների միջով ճանապարհախեղ՝

Կածանով ամեն,

Ուր սատանան ոտքն իր  չի կոխել հեղ։

 

Կանցնեմ ամենը ու երեսով չեմ տա,

Կհաղթահարեմ ցանկացած տագնապ,

Իմանամ միայն, որ զուր չէ ոչինչ,

Որ չես լքի կեսճանապարհին ինձ ։

 

Ես կարող եմ քեզ տալ ամեն ինչ,

Ինչ ունեմ հիմա և դեռ կունենամ,

Ու կընդունեմ քո փոխարեն աներեր

Դժնդակ բախտը՝ խոլ ու դառնահամ։

 

Երջանիկ կլինեմ՝ նվիրելու քեզ

Ամբողջ աշխարհը մեր ժամեժամ,

Զուր չէ միայն թե ամենն այս, իմանամ,

Իզուր չէ բնավ, որ սիրում եմ քեզ։


****էդուարդ Ասադով (Էդուարդ Արտաշեսի Ասադյան), հայկական ծագմամբ ռուսագիր բանաստեղծ։