Կեսգիշերն
անց
Շտապօգնությունը անհարմար
ժամին հասավ ափամերձ ժայռերին։ Շտապօգնությունը միշտ էլ անհարմար ժամի է գալիս, բայց
սա առավելապես անհարմար ժամ էր, քանի որ վաղուց արդեն կեսգիշերն անց էր, և ոչ ոք չէր
կարող պատկերացնել, որ երբևէ օրը կբացվի նորից․դրա մասին էր վկայում նաև ծովը, որ խավար
ափերի հետ էր խոսում, դա էր վերահաստատում նաև սառը, աղի քամին, որ փչում էր Խաղաղ
օվկիանոսից, նույնն էր հաստատում նաև երկինքը ծածկած մշուշը, որ մարել էր աստղերը,
ու վերջնական, չզգացվող, բայց կործանարար վճիռ
էր կայացրել։ Տարերքը պնդում էր, որ ինքը հավերժ այստեղ է մնալու, որ մարդը հազիվ թե
երկար դիմանա, որ նա շուտով կհեռանա։ Այս պայմաններում դժվար էր ժայռի վրա իրենց մեքենաներով՝
վառ լուսարձակներով ու լապտերներով, հավաքված տղամարդկանց համար զգալու պահի իրական
լինելը, քանզի նրանք հայտնվել էին թակարդում՝ գրեթե մոռացված մայրամուտի ու աներևակայելի
թվացող լուսաբացի արանքում։
Ծառից կախված թեթև բեռը՝ ծածանվելով
սառը, աղոտ քամուց, ոչ մի կերպ չէր թուլացնում այդ զգացողությունը։
Թեթև բեռը տասնինը տարեկանից
ոչ ավելի մի աղջիկ էր՝ բաց, կիսաթափանցիկ, կանաչ երեկույթային զգեստով էր․ վերարկուն
ու կոշիկները կորել էին զով գիշերվա մեջ։ Նա իր հետ պարան էր բերել ժայռեր, ծառ էր
գտել, որի ճյուղը կիսով չափ կախված էր զառիթափի
վրա, կապել էր դրանից պարանը, պարանոցի համար օղակ էր սարքել ու իրեն հանձնել էր քամու
քմահաճույքին, որն այժմ օրորում էր նրա մարմինը։ Պարանը չոր, դժգոհ ճռռոցով քսվում
էր ճյուղին, մինչև որ չեկան ոստիկաններն ու շտապօգնությունը՝ նրան երկնքից ցած բերելու
ու գետնին դնելու համար։
Կեսգիշերին մոտ մի հեռախոսազանգ
էր եկել՝ հայտնելու, թե ինչ են նրանք գտնելու ժայռոտ զառիթափին, իսկ հետո զանգողն արագ
կախել էր խոսափողն ու այլևս կապ չէր հաստատել։ Եվ ահա, մի քանի ժամ անց, ամենը, ինչ
հնարավոր էր անել, արված էր։ Ոստիկանությունն ավարտեց իր գործն ու հեռացավ, և հիմա
այստեղ էին միայն շտապօգնության աշխատակիցները, որ եկել էին աղջկա հետևից, որպեսզի
բեռնեն իրենց լռակյաց բեռն ու դիահերձարան տանեն։ Սավանով ծածկված դիակի մոտ մնացել
էին երեք տղամարդիկ՝ Կառլսոնը, որ այս գործով էր զբաղվում արդեն երեսուն տարի, Մորենոն, որ այս գործի մեջ էր տասը
տարի, և Լաթինգը, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր աշխատանքի անցել։ Երեքից հենց
Լաթինգն էր, որ կանգնած էր զառիթափի եզրին՝ նայելով բեռնաթափված ճյուղին, ձեռքին բռնած
պարանը՝ անզոր հեռացնելու հայացքը։ Կառլսոնը հետևից մոտեցավ նրան։ Լաթինգը, լսելով
նրա քայլերի ձայնը, ասաց.
-Ինչպիսի՜ տեղ է, ինչպիսի
սարսափելի տեղ է մեռնելու համար։
-Ցանկացած վայր էլ սարսափելի
է, եթե որոշես այդտեղ մեռնել,- ասաց Կառլսոնը,֊ գնա՛նք, տղա։ Լաթինգը տեղից չշարժվեց։
Նա մեկնեց ձեռքը, որ դիպչի ծառին։ Կառլսոնը փնթփնթալով շարժեց գլուխը։ Առա՛ջ անցիր։
Փորձիր հիշել այս ամենը։
-Իսկ մի՞թե հնարավոր է սա
մոռանալ,- Լաթինգը կտրուկ հետ շրջվեց ու նայեց տարեց ընկերոջ անհույզ, գորշ դեմքին,-դու
ինչ-որ առարկություննե՞ր ունես։
-֊Ոչ մի առարկություն։ Մի
ժամանակ ես էլ էի այդպիսին։ Բայց ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ավելի լավ է
մոռանալ։ Այդ դեպքում ախորժակդ ավելի է լավանում, ավելի ամուր ես քնում։ Ժամանակի ընթացքում
կսովորես մոռանալ։
-Ես չեմ ուզում մոռանալ,-
ասաց Լաթինգը,-Աստծու սիրուն, այստեղ ընդամենը մի քանի ժամ առաջ մարդ է մահացել։ Նա
արժանի է...
-֊Արժանի էր, տղա՛, անցյալ
ժամանակով, ոչ թե ներկա։ Նա ավելի լավին էր արժանի, բայց չստացավ այդ լավը։ Իսկ հիմա
պատշաճ հուղարկավորության է արժանի։ Դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել նրա համար։
Արդեն ուշ է, ու ցուրտ։ Պատմի՛ր մեզ ամեն ինչ մեքենայում, ճանապարհին։
-Այստեղ կարող էր լինել քո
աղջիկը։
-Դրանով չես ազդի ինձ վրա,
տղա՛։ Նա իմ աղջիկը չէ, ահա՛ թե ինչն է կարևոր։ Ու ոչ էլ քոնը, չնայած որ այնպես ես
ասում, որ կարելի է կարծել, թե քոնն է։ Սա տասնիննամյա մի աղջիկ է. ո՛չ անուն, ո՛չ
դրամապանակ, ոչի՛նչ։ Ես ցավում եմ, որ նա մահացել է։ Խնդրեմ, եթե դա կօգնի։
-Կօգնի, եթե դու դա պետք եղածի
պես ասես։
-Կներես, իսկ հիմա բարձրացրու
պատգարակի մյուս ծայրը։ Լաթինգը վերցրեց պատգարակի մյուս ծայրից, բայց չշարժվեց տեղից,
այլ շարունակեց նայել սավանով ծածկված դեմքին։
-Սարսափելի է լինել այսքան
երիտասարդ ու հրաժարվել կյանքից։
-Երբեմն,-ասաց Կառլսոնը
,-ես էլ եմ հոգնում։
-Իհարկե, բայց չէ որ դու...-
Լաթինգը չավարտեց խոսքը։
-Շարունակի՛ր, ասա՛ դա. չէ
որ ես ծեր եմ, ճի՞շտ է։ Եթե մարդը հիսուն, վաթսուն տարեկան է, դա նորմալ է, ոչ ոքի
նա չի հետաքրքրում, թքած ունեն բոլորը։ Իսկ եթե տասնինը տարեկան է, բոլորը աղմուկ-աղաղակ
են բարձրացնում։ Այնպես որ, տղա՛, կարող ես չգալ իմ թաղմանը, և ծաղիկներ էլ պետք չեն
աճյունիս։
-Ես նկատի չունեի ...- սկսեց Լաթինգը։
-Ոչ ոք էլ դա չի նկատի ունենում,
բայց բոլորն էլ ասում են։ Բարեբախտաբար, ես հաստակաշի եմ, ինձ դժվար է խոցելը։ Շարժվի՛ր։
Նրանք շտապօգնության մեքենային մոտեցան, որի դռները Մորենոն լայն բացում էր։
-Աստվա՜ծ իմ,-ասաց Լաթինգը,-որքա՜ն
թեթև է նա, գրեթե անկշիռ։
-Ահա՛ կյանքի անհրապույր կողմը,
նայե՛ք, անփո՛րձ երեխաներ։
-Կառլսոնը խորացավ մեքենայի
մեջ, որպեսզի պատգարակը առաջ քաշի։
-Ինձնից վիսկու հոտ է գալիս։
Դուք՝ երիտասարդներդ, կարծում եք, որ կարող եք ֆուտբոլիստների նման խմել ու պահպանել
ձեր ունեցած քաշը։ Գրողը տանի, նա անգամ իննսուն ֆունտ քաշ չունի։ Լաթինգը պարանը դրեց
շտապօգնության մեքենայի հատակին։
-Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է
սա։
-Դա հո թույն չէ,- ասաց Մորենոն,-յուրաքանչյուրն
էլ կարող է առանց պատճառի պարան գնել։ Սա կարծես ճախարակների համար նախատեսված պարան
է։ Գուցե նա լողափում է եղել, բարկացել է ընկերոջ վրա, վերցրել է սա նրա մեքենայից,
ընտրել է վայրն ու... Նրանք վերջին անգամ նայեցին զառիթափի վրա հակված ծառին, բեռնաթափված
ճյուղին, ականջ դրեցին քամուց խշշացող տերևների ձայնին, ապա Կառլսոնը դուրս եկավ, շրջանցեց
մեքենան ու նստեց Մորենոյի կողքին՝ առջևի նստարանին, իսկ Լաթինգը մտավ թափք ու փակեց
դռները։
Նրանք ընթացան մթնշաղոտ լանջով
դեպի այն ափը, որտեղ օվկիանոսը խավար ավազի վրա էր փռում իր սպիտակ, որոտացող ալիքները,
ինչպես իրար վրա դրվող խաղաքարտեր։ Միառժամանակ նրանք լուռ էին ընթանում՝ հետևելով,
թե ինչպես են առջևում ուրվականների պես թրթռում իրենց լուսարձակների գցած ստվերները։
Վերջապես Լաթինգը ասաց.
-Ես ինձ համար նոր աշխատանք
եմ փնտրում։ Մորենոն ծիծաղեց.
-Տղա՛, այ թե երկար դիմացար։
Պատրաստ էի գրազ գալ, որ դու չես դիմանա։ Բայց գիտե՞ս, թե ինչ կասեմ. դու կվերադառնաս։
Նման ուրիշ աշխատանք չես գտնի։ Մնացած բոլոր աշխատանքները ձանձրալի են։ Իհարկե, երբեմն
սիրտդ այս աշխատանքից էլ է խառնում։ Ինձ հետ էլ է պատահում։ Ես մտածում եմ. «Վե՛րջ,
թողնում եմ այս գործը»։ Եվ գրեթե հեռանում եմ։ Բայց հետո խորանում եմ։ Եվ ահա՛, ես
կրկին այստեղ եմ։
-Ուրեմն, դու կարող ես մնալ
այստեղ,-ասաց Լաթինգը,- բայց ես կուշտ եմ։ Իմ հետաքրքրասիրությունը բավարարվել է։ Վերջին
մի քանի շաբաթվա ընթացքում շատ բանի ականատես եղա, բայց սա վերջին կաթիլն էր։ Սիրտս
խառնում է սեփական սրտխառնոցից։ Կամ ավելի վատ՝ սիրտս խառնում է ձեր՝ ամեն ինչի վրա
թքած ունենալուց։
-Ո՞վ թքած ունի։
-Երկուսդ էլ։
Մորենոն արհամարհական քրթմնջաց.
-Մի զույգ ծխախոտ վառիր մեզ
համար, Կառլսո՛ն։
Կառլսոնը երկու ծխախոտ վառեց,
մեկը փոխանցեց Մորենոյին, որը ներս քաշեց ծուխը՝ թարթելով աչքերը ու վարելով մեքենան
ծովի խլացուցիչ որոտմունքի ներքո։
-Եթե մենք չենք գոռգոռում,
չենք բղավում կամ թափահարում մեր բռունցքները ...
-Ես չեմ պատրաստվում բռունցքներս
թափահարել,- ընդհատեց նրան Լաթինգը՝ նստած հետնամասում ու հակված սավանապատ դիակի վրա։-
Ես ուղղակի ուզում եմ խոսել մարդավայել, ես պարզապես ուզում եմ, որ այս ամենին դուք
փոքր- ինչ այլ կերպ նայեք, քան նայում եք մսավաճառի խանութում։ Եթե ես երբևէ ձեզ պես
անտարբեր դառնամ, ոչնչի համար չանհանգստացող, հաստակաշի ու անգութ ....
-Մենք անգութ չենք,- հանդարտ,
մտասույզ պատասխանեց Կառլսոնը,- մենք վարժված ենք։
-Վարժվա՞ծ եք, գրողը տանի,
իսկ գուցե շուտով ընդհանրապես ընդարմանա՞ք։
-Տղա՛, մի ասա մեզ, թե ինչպիսին
մենք կդառնանք, եթե անգամ չգիտես, թե ինչպիսին ենք հիմա։ Վատն է այն բժիշկը, որ իր
յուրաքանչյուր պացիենտի հետ գերեզման է թռչում։ Բոլոր բժիշկներն էլ անցել են դրա միջով,
և նրանցից ոչ մեկն էլ չի հրաժարվել ապրելու ու կյանքից հաճույք ստանալու հնարավորությունից։
Դո՛ւրս եկ գերեզմանից, տղա՛, այդտեղից ոչինչ չես տեսնի։ Թափքում երկար լռություն տիրեց,
և վերջապես Լաթինգը խոսեց՝ առաջնահերթ դիմելով ինքն իրեն.
-Հետաքրքիր է՝ որքա՞ն ժամանակ
է նա կանգնել այդ զառիթափի մոտ. մե՞կ ժամ, երկո՞ւ։ Հավանաբար զվարճալի էր ներքևի խարույկներին
նայելը՝ գիտակցելով, որ շուտով այդ ամենը կդադարի գոյություն ունենալ քեզ համար։ Ենթադրում
եմ՝ նա պարի կամ լողափի երեկույթի էր գնացել ու վիճել էր ընկերոջ հետ։ Վաղը նրա ընկերը
բաժանմունք կգա՝ նրան նույնականացնելու համար։ Չէի ուզենա նրա փոխարեն լինել։ Ի՜նչ
կզգա նա...
-Ոչինչ էլ չի զգա։ Նա անգամ
չի էլ հայտնվի,- հանգիստ ասաց Կառլսոնը՝ հանգցնելով ծխախոտը մոխրամանի մեջ։ -Հավանաբար
այդ նա է գտել աղջկան ու զանգել, իսկ հետո փախել։ Գրազ եմ գալիս,որ նա աղջկա եղունգն
էլ չարժի։ Ինչ- որ բշտիկներով ու բերանից գարշահոտող տխմարի մեկն է։ Աստված իմ, ախր
ինչո՞ւ այս աղջիկները չեն կարողանում մինչև առավոտ համբերել։
- Այո՜,-ասաց Մորենոն,- առավոտյան
ամեն ինչին ավելի սթափ ես նայում։
-Փորձիր դա բացատրել սիրահարված
աղջկան,- ասաց Լաթինգը։
-Այլ են տղաները,- շարունակեց Կառլսոնը՝ վառելով
հաջորդ ծխախոտը,- նրանք ուղղակի հարբում են, իսկ հետո ասում. «Թող գրողի ծոցը գնա ամեն
ինչ, հո ինձ վրա խաչ չե՞մ քաշելու կնոջ պատճառով»։ Որոշ ժամանակ նրանք լուռ ընթանում
էին առափնյա խավար տնակների մոտով, որոնց մեջ հազարից մեկ մի միայնակ լույս էր երևում.
ահա՛ այդքան ուշ ժամ էր։
-Գուցե,- խոսեց Լաթինգը,-
նա երեխայի էր սպասում։
-Այդպես էլ է լինում։
-Իսկ հետո նրա ընկերը փախչում
է ուրիշի հետ, իսկ լքված աղջիկը ուղղակի վերցնում է նրա պարանն ու գնում զառիթափի մոտ,-շարունակեց
Լաթինգը։- Իսկ հիմա, ասացե՛ք ինձ, սա՞է իրական սերը։
-Դա,- սկսեց Կառլսոնը՝ լարված
նայելով խավարի մեջ,- սիրո տարատեսակներից մեկն է։ Չեմ բացատրի, թե կոնկրետ որ տեսակը։
-Իրավամբ,- հայտարարեց Մորենոն՝
վարելով մեքենան։
- Այդտեղ ես լիովին համամիտ
եմ քեզ հետ, տղա՛։ Ուզում եմ ասել, որ հաճելի է իմանալ, որ այս աշխարհում ինչ- որ մեկը
ընդունակ է այդպես սիրել։
Նրանք նորից որոշ ժամանակով
խորացան մտքերի մեջ, մինչև որ մեքենան ղռղռալով ընթանում էր առափնյա համր քարաժայռերի
ու արդեն խաղաղված ծովի միջով, և նրանցից երկուսը հավանաբար մտածում էին իրենց կանանց,
հողատարածքով տների, քնած երեխաների ու այն մասին, թե քանի տարի առաջ են իրենք լողափ
եկել, բացել գարեջուրը, գրկախառնվել ժայռերի միջև, իսկ հետո պառկել ծածկոցների վրա
կիթառներով, երգեր երգել, ու նրանց թվացել է, որ սպասվող կյանքը անեզր է օվկիանոսի
նման, որ ձգվում է հորիզոնից հեռու- հեռու։ Իսկ գուցե նրանք այն ժամանակ այդ մասին
չէին էլ մտածում։ Նայելով իր ավագ ընկերների ծոծրակներին՝ Լաթինգը հույս ուներ կամ,
ավելի ճիշտ, փորձում էր հասկանալ, թե հիշո՞ւմ են նրանք արդյոք իրենց առաջին համբույրը,
ծովի համը իրենց շրթունքներին։ Վազե՞լ են նրանք գոնե մեկ անգամ ծովափի ավազին ինչպես
խենթ ցլեր՝ գոռալով անպատճառ ուրախությունից ու մարտահրավեր նետելով ողջ աշխարհին՝
փորձի՛ր սանձել մեզ։
Նրանց լսելիս Լաթինգը հասկացավ.
այո՜, այս խոսակցությունը , այս գիշերը, այս երեկոն, զառիթափը, ծառն ու պարանը օգնում
էին իրեն դիպչել նրանց սրտերին։ Այն, ինչ տեղի էր ունեցել, խոցել էր նրանց։ Եվ հիմա
նրանք, հավանաբար, մտածում են իրենց կանանց մասին, որ գտնվում են հազարավոր մութ մղոններ
հեռու այստեղից՝ տաք անկողինների մեջ, կանանց մասին, որ հանկարծ դարձան անհասանելի,
մինչդեռ նրանց ամուսինների առջև ծովից աղով սնուցված ճանապարհն է տարածվում այս խուլ
ժամին, իսկ թափքի դռան մոտ՝ մահճակալին, տարօրինակ բան է դրված և օգտագործած պարանի
մի կտոր։
-Վաղը երեկոյան նրա ընկերը
ուրիշ մեկի հետ կգնա պարելու,- ասաց Լաթինգը։
-Այդ մտքից սիրտս կտոր-կտոր
է լինում։
-Առանց վարանելու նրա մռթին
մի լավ կհասցնեի,- արձագանքեց Կառլսոնը։
Լաթինգը փոքր-ինչ կողքի տարավ
սավանը։
-Այս աղջիկները (նրանցից մի
քանիսը) այնքան գեղեցիկ կարճ սանրվածքներ ունեն։ Գանգուր, բայց կարճ։ Եվ չափազանց շատ
են դիմահարդարվում։ Չափազանց...։- Նա կիսատ թողեց ասելիքը։
-Ի՞նչ ասացիր,- հարցրեց Մորենոն։
Լաթինգը մի փոքր էլ բարձրացրեց սավանը։ Ով ոչինչ չասաց։ Հաջորդ վայրկյանին սավանի խշշոցի
ձայն լսվեց. սավանը բարձրացնում էի մեկ մի կողմից, մեկ մյուս։ Լաթինգը գունատվեց։
-Ա՜յ քեզ բան,- վերջապես մրմնջաց
նա,- օհո՜։ Մորենոն բնազդաբար դանդաղեցրեց ընթացքը։
-Ի՞նչ է, տղա՛։
-Ես հենց նոր մի բան բացահայտեցի,-
ասաց Լաթինգը՝ հազիվ շարժելով շրթունքներն ու մի ձեռքով շոշափելով իր դեմքը, որպեսզի
հասկանա, թե ինչ արտահայտություն է հիմա դրոշմված դրա վրա։
-Կուզե՞ք՝ մի հետաքրքիր բան
ասեմ ձեզ։
-Հապա՞, զարմացրու մեզ,- ասաց
Կառլսոնը։ Շտապօգնության մեքենան ավելի դանդաղեցրեց ընթացքը, և Լաթինգն ասաց.
-Նա կին չէ։ Այսինքն՝ աղջիկ
չէ։ Մի խոսքով, ուզում եմ ասել՝ նա իգական սեռի չէ։ Հասկանո՞ւմ եք։
Շտապօգնությունը արդեն գրեթե
սողալով էր շարժվում։ Բաց լուսամուտից ներս խուժեց քամին, որ փչում էր ծովի վրա հազիվհազ
ծագող արևի կողմից։ Առջևում նստած երկու տղամարդիկ շրջվեցին եւ նայեցին թափքի խորքում՝
մահճակալին պառկած դիակին։
-Իսկ հիմա ասացեք ինչ-որ մեկդ,-
արտաբերեց Լաթինգն այնպես կամացուկ, որ -նրանք հազիվ էին կարողանում որսալ բառերը,-
այդ լուրը մասամբ թեթևությո՞ւն բերեց մեզ, թե՞ ավելի ծանրացրեց մեր զգացողությունները։
Ոչ մեկը չպատասխանեց։ Իսկ
ալիքները, մեկը մյուսի հետևից գլորվելով, շարունակվում էին բախվել անտարբեր ափերին։
Թարգմանեց Ա. Վերանյանը
Խմբագրեց Ա. Սարգսյանը
Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog
Комментариев нет:
Отправить комментарий