«Գիշեր» պատմվածքը Տատյանա Տոլստայայի համանուն ժողովածուի պատմվածքներից է։ Ժողովածուի պատմվածքների մեծ մասը գրվել է դեռևս անցած դարի 80-ից 90-ական թվականներին։ Սա կարևոր ուղենիշ է այս ժողավածուն կարդացողների համար, քանի որ ընկղմվելով Տ․ Տոստայի այս «հիվանդ» աշխարհ՝ ընթերցողը կարող է տարակուսանքի մեջ հայտնվել։ Բայց ժամանակաշրջանը կարծես թե բացատրում է ամեն ինչ։ Հիվանդ էր կառավարությունը, հիվանդ էր երկիրը, հիվան էր հասարակությունը․․․ Եվ այս հիվանդ հասարակությունից ծնվում են գրողի հերոսները։
Ժողովածուն ընթերցելիս գրեթե անմիջապես
տարօրինակության զգացողություն է առաջանում ու գրեթե մինչև վերջ չի լքում ընթերցողին։
Այս ժողովածուում տարօրինակ է ամեն ինչ՝ և՛ գլխավոր հերոսները, և՛ երկրորդական կերպարները,
և՛ իրականության պատառիկները, որի մեջ թաթախված էին այդ հերոսները, և՛ անցյալի արձագանքները,
որտեղից եկել են նրանք։
«Գիշերը» պատմվածք է մտավոր թերզարգացմամբ հերոսի
մասին։
Այստեղ մենք երկու աշխարհ ենք տեսնում՝ հակադրված իրար։ Մեկը
բնակեցված է տարօրինակ մարդկանցով, մյուսը՝ սովորական մարդկանց աշխարհն է։ Առաջին աշխարհում
են ապրում Ալեքսեյ Պետրովիչն ու Մայրիկը, իսկ մյուսում՝ անհասկանալի, անգամ թշնամաբար
տրամադրված Տղամարդիկ ու Կանայք։
Պատմությունը վարվում է երեխայի տեսանկյունից, ավելի ճիշտ՝ հասուն մարդու տեսանկյունից, ով դեռ դուրս չի եկել մանկությունից։ Փոքրիկ երեխային հատուկ է իրեն ու մորը որպես տիեզերքի կենտրոն ընկալելը, մնացյալ բոլորը, ովքեր կապված չեն իրենց հարազատ տան հետ, օտար են, այդ իսկ պատճառով անդեմ հորեղբայրներ ու մորաքույրներ են։
Մայրական տարածությունը ընդունված է համարել պաշտպանված։
Պատմվածքում այն սահմանափակված է սենյակի շրջանակներով, որտեղ ապրում են երկու
հոգի՝ մայրն ու նրա արդեն հասուն, տկարամիտ որդին։ Գրոտեսկային երկիմաստությունը ցուցադրվում է
արդեն իսկ հերոսների անուններով, ովքեր ապրում են այդ սենյակում՝ Ալեքսեյ Պետրովիչ
և Մայրիկ։ Առաջինը հասուն մարդու անուն է, դա տեսակետ է դրսից, այդպես ընդունված է
կոչել մարդուն, ով որոշակի տարիքի է հասել։ Իսկ Մայրիկը անուն է մանկությունից,
այսինքն դրա մեջ դաջված է երեխայի տեսակետը։ Բայց իրադրության հակադրությունը
հասուն Ալեքսեյ Պետրովիչի՝ իրեն փոքրիկ զգալու մեջ է («Ալեքսեյ Պետրովիչն ուզում
է, որ մայրիկն իրեն գրկի»), և Մայրիկի՝
նրան հենց այդպիսին ընդունելու։ Նրա աչքերում մայրը այս աշխարհի ինքնիշխան
տիրուհին է։ Այս առումով միանգամայն հասկանալի է, թե ինչու Մայրիկի կերպարը ուռճացած
համամասնություններ է ստանում պատմության մեջ, կարծես թե նրա վրա նայում են
ներքևից, փոքրիկ տղայի աչքերով։ Մայրիկի կերպարը կառուցված է գրոտեսկի դասական
օրենքների համաձայն՝ իրադրության/կերպարի նպատակաուղղված ուռճացում ֆանտաստիկ
նկարագրությունների միջոցով՝ «․․․որոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զուգագուլպաները․․․», «․․․հրեշավոր կուրծքը
հավաքում էր տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշը․․․», «Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կեղծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։ Մայրիկ- ամրոցի «ճակատային պատը» կծածկվի սպիտակ, փայլուն լանջապանակով, խիտ կապույտ թիկնոցով ծածկելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ողջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է»։
Մայրիկը Ալեքսեյ
Պետրովիչի կյանքի հիմն է, այդ պատճառով էլ նա Մայրիկին տեսնում է հսկայական շենքի
կերպարում, հոյակապ պալատի, որտեղ ինքը չի վախենում[1]։
Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բարձր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանից դուրս նոր առավոտ է ծագել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճոճվում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափազդու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը
հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․
Մայրիկը արագ-արագ քորում է ճաղատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից իջեցնում է կապտած ոտքերը․ թող կախվեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ութսուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։
Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լքում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վերջին ծվենը[1]. գիշերային հյուրերը, հավաքելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճաղատ գլուխը։ Դեմքի նոր ծլած մազերը ծակծկեցին ձեռքի
ափը։ Հագնվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի, բնության վերահսկողությունից
դուրս մնացած փոքրիկ քար, թերություն, ավելորդություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամբ և պատահականորեն հայտնված և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։
Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է առավոտյան ծեսը՝ որոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զուգագուլպաները՝ դրանք ուռած ծնկների մոտ ամրացնելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուրծքը հավաքում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կեղծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։
Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծածկվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մուգ կապույտ թիկնոցով ծածկելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ողջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։
Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ… Ամեն ինչ ճիշտ է։
Բնակարանում արդեն բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։
Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զարդարված ճանապարհորդները ծիծաղելով զրուցում են տախտակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են առջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տախտակամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։
-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սափրվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:
Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում
ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փորձառու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լպրծուն, չարանենգ և գայթակղիչ։
Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լոգասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բամբասում են տաք սալօջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։
Մայրի՜կ , թող նրանք ինձ չվիրավորեն ։
Մի քիչ ջուր թափթփեց հատակին: Վա՜յ:
Միջանցքում արդեն ամբոխվել են․ Կանայք և Տղամարդիկ արդեն գնում են, աղմկում, ստուգում են բանալիները, դրամապանակները ։
Անփայլ ապակիներով անկյունային դուռը լայն բացված է, շեմքին կանգնել է աներես Ծովային Աղջիկը՝ փսփսում է, աչքով է անում Ալեքսեյ Պետրովիչին․ ամբողջովին կողքի թեքված՝ ծխախոտի ծուխը դուրս է փչում, ոտքը մեկնել է, ծուղակ սարքել, կարծես, ուզում է ասել.
- Չե՞ս ուզում թարկարդն ընկել, հը՞ ։
Բայց մայրիկը կփրկի, նա արդեն ներս է մտնում իր ահռելի քաշով, զնգզնգացնում է իր կարմիր անիվներով, շչում է ,- հեռու՛ իմ ճանապարհից:
- Անամոթի՛ մեկը, հեռացի՛ր, ասում եմ: Բոլորը քիչ են քո համար ․․․ հիմա էլ այս հիվանդ մարդը․․․
-Հա-հա-հա,- չի վախենում Ծովային Աղջիկը:
Արագ մտնում է սենյակ: Փրկվեց: Ու-ու-ու՜ֆ, կանայք սարսափելի են : Ի՞նչի համար են նրանք՝ պարզ չէ , բայց շատ անհանգստացնող են։ Կողքովդ անցնում են ․․․ այնպե՜ս են բուրում․․․ բա նրանց ոտքե՜րը։ Դրսում նրանցից շատ կան, և ամեն տանը, և՛ այս, և՛ այս մի, և՛ այն, և՛ ամենուր. ամեն դռան հետևում, թաքնված են, ինչ-որ բան են անում, կռանում են, փորփրում են, ափը բերանին դրած
հռհռում են. թե ինչի համար
են կանայք, գիտեն, բայց չեն ասի Ալեքսեյ Պետրովիչին։ Ահա՛, նա կնստի սեղանի մոտ և կմտածի Կանանց մասին։ Մի անգամ Մայրիկը նրան տարել էր քաղաքից դուրս՝ ծովափ. այնտեղ նրանցից շատ կային։ Այնտեղ կար այնպիսի մեկը․․․ ալիքավոր փերիի նման… շնիկի նման ․․․ դուր էր եկել Ալեքսեյ Պետրովիչին։ Նա մոտ էր գնացել և սկսել նայել ․
-Ի՞նչ ես նայում,- բղավել էր փերին , - ռադդ քաշի՛ր էստեղից, ապու՛շ ։
Մայրիկը ներս մտավ՝ եռացող կաթսան
ձեռքին: Որդին զննեց: Այնտեղ վարդագույն նրբերշիկներ էին: Ուրախացավ: Մայրիկը դասավորում է, շարժում, մաքրում: Դանակը մի կողմ է պլստում մատների արանքից և ընկնում մոմլաթե սփռոցի վրա։
-Ձեռքո՛վ, ձեռքո՛վ վերցրու նրբերշիկը ։
Ա՜խ, Մայրի՛կ, ուղղորդող ա՜ստղ, ոսկի՜։ Ամեն ինչ դու կկազմակերպես, իմաստուն ես, կքանդես բոլոր կծիկները։ Բոլոր հանգույցները, բոլոր անհասկանալի լաբիրինթոսները, անանցանելի աշխարհները կկործանես քո հզոր ձեռքերով, կավլես ավելորդությունները։ Ահա՛, ողորկ ու պինդ հարթակը… Համարձակ մի քայլ էլ արա՛: Հետո դարձյալ հողմահար ծառեր…
Ալեքսեյ Պետրովիչի գլխում իր իսկական աշխարհն էր։ Այնտեղ ամեն ինչ կարելի է։ Իսկ այս արտաքին աշխարհը վատն է, սխալ։ Եվ շատ դժվար է հիշել, թե ինչն է լավ, և ինչը՝վատ։ Նրանք այստեղ համաձայնվել են, խոսել, գրել Կանոններ՝ սարսափելի բարդ։ Եվ սովորել են. լավ հիշողություն ունեն։ Իսկ նրա համար դժվար է ապրել ուրիշի Կանոններով ։
Մայրիկը լցրեց սուրճը, սուրճը բույր ունի։ Կխմես, և այն կանցնի քո մեջ։ Ինչու՞ չի կարելի շուրթերը կլորացնել ու առաջ ձգել, աչքերդ թեքել դեպի բերանդ և ինքդ քեզնից հոտ քաշել։ Հենց մայրիկը պտտվի՜․․․
-Ալեքսե՛յ, քեզ քաղաքավարի պահի՛ր։
Նախաճաշից հետո մաքրեցին սեղանը, սոսինձ, ստվարաթուղթ, մկրատ բերեցին. Ալեքսեյ Պետրովիչը պետք է սոսնձեր տուփերը․ հարյուր հատ կպատրաստի, կտանեն դեղատուն: Գումար կստանան։ Ալեքսեյ Պետրովիչը շատ էր սիրում այդ տուփերը, դժվարությամբ էր նրանցից բաժանվում։ Նա ուզում է աննկատ թաքցնել և իր մոտ պահել գոնե մի քանի հատ, բայց Մայրիկը սուր հայացքով նայում է և խլում։
Իսկ հետո ուրիշները տանում են դրանք դեղատնից, կուլ են տալիս դրանց միջի սպիտակ գնդիկները, իսկ արկղիկները պատռում են ու դեն նետում: Շպրտում են ուղիղ աղբամանը, ի՜նչ եմ ասում, հենց իրենց բնակարանի, խոհանոցի աղբադույլում նա տեսնում է բզկտված, կեղտոտված արկղիկը՝ լի ծխախոտի մնացորդներով: Սարսափելի մռայլ ատելությունը
համակում է Ալեքսեյ Պետրովիչին. աչքերը փայլում են, թուք է դուրս գալիս նրա բերանից, մոռանում է խոսքերը, աչքերի առաջ կայծկլտում է ամեն ինչ․ նա կարող է որևէ մեկին խեղդել, ծվեն-ծվեն անել։ Ո՞վ է դա արել, ո՞վ է համարձակվել անել դա, դե՛, դու՛րս արի: Վեր է քաշում թևքերը՝ ու՞ր է։ Մայրիկը շտապում է, հանգստացնում, տանում է կատաղած Ալեքսեյ Պետրովիչին, ձեռքից վերցնում է դանակը, ջղաձգումից կծկված մատների արանքից խլում է մուրճը։ Այդ ժամանակ Կանայք և Տղամարդիկ վախեցած թաքնվում ու հանգիստ նստում են իրենց սենյակներում:
Արևը շրջվեց մյուս պատուհանին։ Ալեքսեյ Պետրովիչը ավարտեց աշխատանքը: Մայրիկը բազկաթոռին նստած քուն էր մտել, թշերով բլթբլթացնում էր, խռռացնում, սուլում՝ փշ –շ –շ –շ -շ ։ Ալեքսեյ Պետրովիչը թաքուն վերցնում է երկու տուփ, կա՜-մա՜ց, ոտ-նա-թա-թե-րի վը-րա, թը՛փ-թը՛փ-թը՛փ, գնում է դեպի իր մահճակալը , խը՜-նա՜մ-քո՜վ դնում է բարձի տակ: Գիշերը կվերցնի և հոտ կքաշի։ Ինչպե՜ս է բուրում սոսինձը՝ փափուկ, թթու, անաղմուկ, ճիշտ «ֆ» տառի նման։
Մայրիկը արթնացավ, զբոսնելու ժամանակն է։ Աստիճաններով՝ դեպի
ներքև, միայն ոչ վերելակով, Ալեքսեյ Պետրովիչին վերելակ խցկել չի կարելի, նա կքարանա, նապաստակի նման կծվծվա: Դուք ինչպե՞ս չեք հասկանում՝ քաշու՜մ են , քաշու՜մ ոտքերից, քաշում են ներքև ։
Մայրիկը սահում է առաջ, ողջագուրվում է ծանոթների հետ։ Այսօր տանում ենք արկղիկները. տհաճ է։ Ալեքսեյ Պետրովիչը դիտմամբ ոտքը կախ է գցում, չի ուզում դեղատուն
գնալ։
-Ալեքսե՜յ, լեզու՛դ ներս քաշիր։
Արևի ցոլքերը ընկել էին բարձր շենքերի վրա։ Ոսկեգույն ապակիները վառվում են տանիքների տակ: Այնտեղ ապրում են յուրահատուկ մարդիկ՝ ոչ մեզ նման. նրանք թռչում են սպիտակ աղավնիների պես ՝ ցատկոտելով պատշգամբից պատշգամբ : Հարթ, փետրածածկ կրծքավանդակով, մարդկային դեմքով․ եթե այդպիսի թռչուն նստի ձեր պատուհանին, թեքի գլուխը, ծլվլա, ու եթե նայես նրա աչքերին, կմոռանաս մարդկային լեզուն, և ինքդ կսկսես ծլվլալ, կթռչկոտես չուգունե թառի վրա բմբուլոտ ոտքերով ։
Հորիզոնում՝ երկրային ափսեի տակ, ծանր պտտվեցին հսկայական անիվները, հրեշավոր գոտու կրիչները ոլորվելով փաթաթվեցին ատամնավոր անիվներին, քաշեցին արևը դեպի վեր, իսկ լուսինը՝ ներքև։ Օրը հոգնել էր, սպիտակ թևերը կախ գցած՝ թռչում է դեպի արևմուտք՝ մեծ, ազատ հագուստով, թևը թափահարելով բաց է թողնում աստղեր, օրհնում է սառչող հողի վրայով քայլողներին. մինչ հադիպու՜մ , մինչ հադիպու՜մ, վաղը նորից կգամ ։
Անկյունում պաղպաղակ էին վաճառում: Շատ է ուզում պաղպաղակ ուտել: Տղամարդիկ և Կանայք, բայց հատկապես Կանայք, քառակուսի պատուհանից վճարելով գումարը, ստանում են սառցե խրթխրթան բաժակիկը։ Ծիծաղում են, կլոր կպչուն թղթերը կա՛մ գցում են գետնին ,կա՛մ էլ կպցնում պատերին, հետո բացելով բերանները՝ կարմիր լեզուներով լիզում են քաղցր սառցե շերտը։
-Մայրի՜կ, պաղպաղա՛կ։
-Քեզ չի կարելի. կոկորդդ սառեցրել ես:
Չի կարելի, ուրեմն չի կարելի, բայց դե շատ – շատ է ուզում։ Ահավո՜ր է, ո՜նց է ուզում: Ա՜յ թե ունենար այդպիսի փայլուն և արծաթե մետաղադրամներ, ինչպես ուրիշ Տղամարդիկ և Կանայք, կամ հացի պես բուրող դեղին թղթադրամներ, դրանք նույնպես վերցնում են այդ քառակուսի պատուհանիկում... Օ՜յ , օ՜յ , օ՜յ, ոնց է ուզում, նրանց բոլորին կարելի է, նրանց բոլորին տալիս են...
-Ալեքսե՛յ, մի՛ պտտիր գլուխդ:
Մայրիկը ավելի լավ գիտի։ Կլսեմ Մայրիկին։ Այս անանցանելի աշխարհում միայն նա գիտի ճիշտ ուղին։ Բայց եթե մայրիկը շրջվի․․․ Պուշկինսկայա հրապարակ ։
-Մայրի՛կ, Պուշկինը գրո՞ղ է:
-Գրող է:
-Ես նույնպես գրող կդառնամ:
-Անպայման կդառնաս, կուզես՝ կդառնաս:
Իսկ ինչու՞ ոչ՝ կուզի և կդառնա։ Կվերցնի թուղթն ու մատիտը և կդառնա գրող: Վերջ, որոշված է: Նա կդառնա գրող: Դա լավ է ։
Երեկոները մայրիկը նստում է ընդարձակ բազկաթոռին, ակնոցը դնում է քթին և հաստ ձայնով կարդում է ՝
Հողմը մեգով երկինքն առնում ,
Գալարում է բուքը ձյան,
Մի՛ն մանկան պես լաց է լինում,
Մի՛ն ոռնում է զերթ գազան...
Ալեքսեյ Պետրովիչին դա շատ է դուր գալիս։ Նա լայն ժպտում է՝ դեղին ատամները մերկացնելով, ուրախանում է՝ ոտքով դմդմբացնելով․
Մի՛ն մանկան պես լաց է լինում,
Մի՛ն ոռնում է զերթ գազան։
Ահա և բառերը մինչև վերջ հասնում են, և հետ են շրջվում, նորից են հասնում և նորից շրջվում ՝
Հող մըմեգ ով երկին քնառնում ,
Գալար վումէ բու քըձյան,
Մին մանկա նպես լացէ լինում,
Մին ոռնում էզարդ գազան։[2]
Շատ լավ, ահա այսպես նա ոռնում է ու՜- ու ՜- ու՜- ու՜- ու՜ ․․․
-Կամա՛ց , կամա՛ց, Ալեքսե՛յ, հանգստացի՛ր։
Երկինքը ամբողջությամբ պատված է աստղերով: Նրանք ծանոթ են Ալեքսեյ Պետրովիչին. փոքրիկ, փայլող ուլունքահատիկները ինքնուրույն կախված են սև դատարկության մեջ։
Երբ Ալեքսեյ Պետրովիչը պառկում է անկողնում և ուզում է քնել, նրա ոտքերը ինքնաբերաբար ձգվում են դեպի նե՜րքև, դեպի՜ ներքև, իսկ գլուխը դեպի վե՜ր, դեպի վե՜րև, դեպի սև գմբեթը, միշտ վերև, և ճոճվում՝ ինչպես ծառի գագաթը ամպրոպի ժամանակ, իսկ աստղերը ավազի նման հպվում են նրա գանգոսկրին։ Իսկ երկրորդ Ալեքսեյ Պետրովիչը՝ ներսինը, ամբողջովին կծկվու՜մ է, կծկվու՜մ է , սեղմվու՜մ է, անհետանում է կակաչի սերմերի մեջ, ասեղի սուր ծայրի մեջ, մանրէների, ոչնչության, և եթե նրան չկանգնեցնես, ամբողջովին կսուզվի այնտեղ։ Բայց արտաքին, հսկա Ալեքսեյ Պետրովիչը բարձրուղեշ սոճու նման ճոճվում է, աճում, շրխկացնում ճաղատը գիշերվա գմբեթին՝ չթողնելով փոքրիկին հասնել վերջնակետին: Եվ այդ երկու Ալեքսեյ Պետրովիչները նույնն են: Եվ դա հասկանալի է: Եվ դա ճիշտ է ։
Տանը Մայրիկը զգեստափոխվում է՝ վերադառնում իր առօրյա տեսքին, հագնում կարմիր խալաթը՝ դառնալով ավելի պարզ, ջերմ, հասկանալի: Ալեքսեյ Պետրովիչը ուզում է, որ մայրիկն իրեն գրկի․ ինչպիսի՜
անհեթեթություն: Մայրիկը գնում է խոհանոց։ Կարծես նա երկար բացակայեց։
Ալեքսեյ Պետրովիչը ստուգեց ՝ արդյոք տուփերը տեղում են, հոտոտեց մոմլաթը, համարձակվեց դուրս գալ միջանցք: Անկյունի դուռը, որտեղ գիշերները քրքջում են Ծովային Աղջկա հյուրերը, բաց է: Երևում է սպիտակ մահճակալը։ Որտե՞ղ է Մայրիկը։ Միգուցե՞ այնտեղ է: Ալեքսեյ Պետրովիչը զգուշորեն նայեց ճեղքից. ոչ ոք չկա։ Միգուցե մայրիկը թաքնվել է պահարանի հետևում․մտնի՞ որ։ Սենյակը դատարկ էր: Ծովային Աղջկա սեղանին բացած պահածոներ են, հաց, կծած վարունգ: Նաև... դեղին թուղթ և արծաթե շրջանակներ։ Փողե՜ր: Վերցնել փողերը, մութ աստիճաններով ներքև նետվել, փողոցի լաբիրինթոսներում փնտրել քառակուսի պատուհանիկը, այնտեղ տալիս են քաղցր սառցե բաժակը ։
Ալեքսեյ Պետրովիչը սեղանի վրայից թռցնում է փողը, հարվածում է, շուռ է տալիս ամեն ինչ, շրխկոցով փակում է դուռը, աղմկում, արագ-արագ շնչում, սայթաքում է: Փողոց։ Խավար: Ո՞ր կողմ գնալ, ա՞յն կողմ , թե՞ այս կողմ։ Ի՞նչ կա նրա ափի մեջ․փող, ուրիշի փողեր։ Փողերը շողում են մազոտ բռունցքի միջից։ Թաքցնել ձեռքը գրպանում. ո՛չ, միևնույն է փայլում են։ Ուրիշի փողեր: Նա վերցրել է ուրիշի փողերը։ Թվում է, թե անցորդները շրջվում են և իրար ականջի փսփսում․ «Նա վերցրել է ուրիշի փողերը»: Մարդիկ հրելով իրար կպել են պատուհաններին ․
- Թողե՛ք նայենք , որտե՞ղ է նա:
-Ահա նա այտեղ է, նրա մոտ փող կա ։
- Ա- ա, դու՞ ես վերցրել ։
Ալեքսեյ Պետրովիչը վազում է խավարում։ Մետաղադրամները գրպանում՝ չըխկ- չըխկ- չըխկ- չըխկ: Ամբողջ քաղաքը դուրս է թափվել փողոց։ Լայն բացվում են պատուհանների փեղկերը։ Յուրաքանչյուր պատուհանից ձեռքերը մատնացույց են անում իրեն, փայլփլում են աչքեր, դուրս են գալիս երկար կարմիր լեզուներ․
-Նա է վերցրել փողերը :
- Բա՛ց թողեք շներին:
Ահազանգում են հրշեջ մեքենաները, քանդվում է ռետինե խողովակների կծիկը․
-Որտե՞ղ է նա:
-Ահա՜ այնտեղ, նրա ետևի՜ց …
Սլանում է խելագարված Ալեքսեյ Պետրովիչը։
Բաց է թողնում մետաղադրամները, շպրտում ձեռքից, գցում, հեռու վանում, ահա՛ դրանք, ահա՛: Ոտքով, ոտքով ՝ տը- րո –րել․ ահա այսպես, վե՛րջ, չշնչել․ ձայները կտրվեցին, հանգան։
Սրբեց երեսը: Ահա, հիմա ու՞ր։ Գիշեր: Բուրում է։ Որտե՞ղ է Մայրիկը: Գիշեր ։
Բակերի մուտքերում սև շարքերով կանգնած են գայլերը. սպասում են։
-Հետ-հետ քայլելով՝ առաջ կգնամ, կխաբեմ։ Լավ է։ Խեղդվում եմ։ Կոճակները արձակեմ։ Բոլոր կոճակներն էլ արձակեմ ․․․լավ է: Բա հիմա՞ ։
Անցան Ոտքավոր Կանայք: Պտտվեցին, փնչացրին ։
-Ա՜խ, այդպե՞ս․ ի՞նչ, ին՞չ: Ես գայլ եմ: Ես ետ-ետ առաջ եմ գալիս․ ահա, վախեցա՞ք. հիմա կհասնեմ, կնետվեմ, կտեսնենք, թե այդ ինչ Ոտքեր ունեք։
Հարձակվեց։ Ճիչ։ Ա՜–ա ՜–ա ՜։ Հարված ։
-Մ՛ի խփեք:
Նորից հարված։
Տղամարդկանց վրայից ծխախոտի հոտ է փչում։ Խփում են որովայնին, բերանին․․․
-Մի՛ արա:
-Թքած, թո՛ղ նրան, տեսնում ես․․․գնացինք ։
Ալեքսեյ Պետրովիչը հենվել է ջրատար խողովակին, արյուն է թքում, նվնվում ։
Փոքրիկ է, փոքրիկ, միայնակ, մոլորվել է փողոցում: Սխալմունքով ես այս աշխարհ եկել: Գնա՛ այստեղից, այն քեզ համար չէ:
Այլանդակված դեմքը աստղերին հառելով, բարձր կաղկանձելով՝ լաց է լինում Ալեքսեյ Պետրովիչը:
Մայրի՜կ, մայրի՜կ, որտե՞ղ ես դու: Մայրի՜կ․․․ սևին է տալիս ճանապարհը, լռում են ձայները, արահետները տանում են խոր ճահիճ։ Մայրի՜կ․․․ լալիս է, մեռնում է քո երեխան՝ միակը, սիրելին, երկար սպասվածը, չարչարանքիդ գինը․․․
Մայրիկը վազում է, շնչակտուր է լինում, մեկնում է ձեռքը, բացականչում, գրկում, սեղմում է կրծքին, շոյում է, համբուրում: Մայրիկը հեկեկում է՝ գտա՜, գտա՜։
Մայրիկը Ալեքսեյ Պետրովիչի սանձերը ձգած տանում է տաքուկ որջը, փափուկ բույնը, սպիտակ թևերի տակ ։
Ուռած դեմք լվացված է։ Ալեքսեյ Պետրովիչը ասեղնագործած անձեռոցիկը ձեռքին սեղանի մոտ հեկեկում է:
-Թերխաշ ձու ուզու՞մ ես, թերխաշ , փափուկ։
Ալեքսեյ Պետրովիչը գլխով է անում ՝ այո՛, ուզում եմ։
Տկտկում է ժամացույցը։ Անդորր։ Համեղ, տաք կաթ, փափուկ ինչպես հնչում է «Ն» տառը։
Ինչ-որ բան է առկայծում գլխում: Այո՛: Ախր նա ուզում էր…
-Մայրի՛կ, թուղթ ու մատի՛տ տուր, արա՛գ։ Ես կլինեմ գրող։
-Աստվա՛ծ իմ, իմ խեղճ, ախր դու ո՞նց․․․դե՛, լաց մի՛ եղիր, հանգստացիր, կտամ. սպաս՛իր, քի՛թդ մաքրիր ։
Սպիտակ թուղթ, սուր մատիտ։ Արա՛գ, արա՛գ, քանի չեմ մոռացել։ Ինքն ամեն ինչ գիտի, ինքը հասկացել է աշխարհը, հասկացել է Կանոնները, ըմբռնել է իրադարձությունների գաղտնի կապը, ըմբռնել է միլիոնավոր կցկտուր, կտրտված երևույթներն իրար հանգուցելու օրենքները։ Կայծակը լուսավորում է Ալեքսեյ Պետրովիչի ուղեղը: Նա անհանգստանում է, փնթփնթում, վերցնում է թուղթը, արմունկով հետ է մղում բաժակները, ինքն էլ ապշած իր ուրախալի վերածնունդով՝ շտապելով, խոշոր տառերով գրում է քիչ առաջ հայտնաբերած ճշմարտությունը ։
« Գիշեր, գիշեր, գիշեր , գիշեր, գիշեր, գիշեր, գիշեր, գիշեր, գիշեր , գիշեր»։
[1]
Բնագրում
տրված է՝ ագռավը:
[2] Մեջբերել ենք Ա․Ս․Պուշկինի «Ձմեռային գիշեր» բանաստեղծության
Հովհոննես Թումանյանի թարգմանությունը։ Վերջին հատվածում բառերը ու դրանց արտասանությունները
խեղված են, քանի որ ԱԼեքսեյ Պետրովիչը հենց այդպես խեղված էլ արտասանում է։
[1] Տ․Գ․ Պրոխորովա «Տ․ Տոլստայայի ոճային գրոտեսկը(«Գիշերը» պատմվածքի
հիման վրա)»
Комментариев нет:
Отправить комментарий