2021-03-27

Սթիվեն Քինգ «Հարվիի երազը»

 

Ջանեթը հետ է շրջվում լվացարանից։ Եվ հանկարծ տեսնում է իր գրեթե երեսուն տարվա ամուսնուն, որ իրեն էր նայում՝ նստած խոհանոցի սեղանի շուրջը սպիտակ շապիկով ու լայն բոքսեր-կիսավարտիքով։ Վերջին ժամանակներս նա ավելի ու ավելի հաճախ էր տեսնում Ուոլ Սթրիթի այս կոմանդորին այդտեղ նստած՝ շաբաթօրյա իր հագուկապով։ Կռթնած ուսեր ու դատարկություն աչքերի մեջ։ Այտերին արդեն սպիտակն էր խաղում, կրծքերն ու փորը կախ էին ընկել, ծոծրակի մազերը ոզնու սանրվածք էին հիշեցնում, ինչպես «Փոքրիկ սրիկաների»[1] Ալֆալֆինը, միայն թե ծերացած ու խենթացած։ Ջանեթն ու նրա ընկերուհի Հաննան վերջին շրջանում վախեցնում էին իրար (ինչպես փոքրիկ աղջիկներ, որ քնելուց առաջ ուրվականների մասին պատմություններ են պատմում) Ալցհեյմերի[2] մասին պատմություններով, երբ ինչ-որ մեկն այլևս չի կարողանում ճանաչել իր կնոջը, չի կարողանում հիշել իր երեխաների անունները։

Բայց իրականում Ջանեթը չի հավատում, որ շաբաթօրյա այս առավոտյան ցուցադրությունները ինչ-որ առնչություն ունեն Ալցհեյմերի հիվանդության վաղ սկզբի հետ։ Ցանկացած աշխատանքային օր Հարվի Սթիվենսը առույգ տղամարդ է, որը հիսուն տարեկանի տեսք ունի (դե լավ, լավ՝ հիսունչորս), հագնում է իր երկու լավագույն կոստյումներից մեկը, որով նա դեռ կարողանում էր ձեռնտու պայմանագրեր կնքել, ապառիկ վերցնել ու մատի վրա պտտել անգամ սատանային։ Ոչ, նա կարծում էր, որ Հարվին ուղղակի փորձում է իրեն ծեր պատկերացնել։ Եվ Ջանեթն ատում էր դա։ Նա վախենում էր, որ երբ Հարվին թոշակի անցնի, այդպես կլինի յուրաքանչյուր առավոտ։ Համենայն դեպս մինչև այն պահը, երբ ինքը նրան մի բաժակ նարնջի հյութ կտա ու կհարցնի, ջղայնանալով իր անզորության վրա, թե չի ուզում նա արդյո՞ք խլոպյա կամ ուղղակի տոստ։

Ջենեթը վախենում էր, որ երբ կտրվի ինչ-որ գործից ու շրջվի, կտեսնի նրան հեռավում փայլող առավոտյան արեգակի ցոլքերի ներքո նստած։ Կտեսնի առավոտյան Հարվիին, Հարվիին՝ իր շապիկով ու կիսավարտիքով։ Կտեսնի նրա չռված ոտքերը, ինչի պատճառով տեսանելի կլինի նրա ոտքերի արանքի «ուռուցիկությունը» (որից մի ժամանակ գրգռվում էր) և նրա ահռելի ոտնաթաթերի վրայի դեղին կոշտուկները։ Կտեսնի Հարվիին՝ նստած լուռ ու հիմարաբար նայող մի կետի, օրեցօր խելքը թռցնող, փոխանակ Հարվիի, որ կենսուրախ էր ու հոգեպես առողջ։ Օ՜, Աստված իմ, նա հույս ուներ, որ սխալվում է։ Այդ բոլոր մտքերը կյանքը դարձնում էին անիմաստ ու այնքան հիմար։

Ջանեթը չէր դադարում զարմանալ, մի՞թե սա այն է, ինչի համար իրենք այդքան բազմաթիվ խոչընդոտներ են հաղթահարել, երեք աղջիկ են մեծացրել ու ամուսնացրել, հաղթահարել են միջին տարիքի անխուսափելի ճգնաժամը, աշխատել են ինչ-որ մեկի համար, և երբեմն (եկեք ճշմարտության աչքերին նայենք) իրենց համար, եթե սա այն տեղն է, որտեղ դուրս ես գալիս մթին անտառից, եթե սա ձեր կայանման տեղն է, ապա ԻՆՉՈւ ԴԵՌ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ ԱՄԵՆ ԻՆՉԸ։ Իսկ պատասխանը շատ պարզ է ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈւՔ ՉԳԻՏԵԻՔ։  Դուք ողջ կյանքում մեծամասամբ խուսափում էիք ստից, բայց սուտը, միևնույն է, մնում էր ձեր կյանքի իմաստը։

Ահա ձեր ձեռքին է ձեր աղջիկների նկարներով ալբոմը, և այդ նկարների վրա նրան շարունակում են երիտասարդ ու հետաքրքրական մնալ Տրիշան, ամենից ավագը, որ գլխին է դրել հնաոճ ցիլինդրն ու ճոճում է մետաղական ձողը Թիմի՝ կոկեր-սպանիելի[3] գլխավերևում։ Ջեննան, որ քարացել է ջրցան մեքենայի ցայտքի վրայով թռիչքի պահին, նրա՝ թմրանյութերի, ապառիկի քարտերի ու տարեց տղամարդկանց հանդեպ հակումները դեռ շա՜տ հեռու են։ Սթեֆանին, ամենից կրտսերը, որ հենց նոր է հաղթել «Միսս Կոմսուհի» մրցույթում ու կանգնած է Սեխի հանդերձանքով։ Դա իսկապես նրա ճակատամարտն էր, նրա Վաթեռլոոն[4]։ Բայց այս նկարներից շատերը (հիմնականում վերջին էջերում) պատկերում են Ջանեթին ու նրա ամուսնուն միշտ ժպտուն ու պատրաստ ցանկացած պահի միասին դիմակայել ամեն ինչի։

Հետո մի անգամ դուք սխալվեցիք՝ հրմշտուքի մեջ չնկատելով, որ աղջիկները հասունացել են, ու որ տղամարդը, ում համար դուք պայքարում էիք, նստած է չռված ոտքերով իր սպիտակ թեփուկոտ ոտքերով, որ փայլում են արևից։ Աստվա՛ծ իմ, նա կարող էր հիսունչորս տարեկանի տեսք ունենալ իր երկու լավագույն կոստյումներից մեկի մեջ։ Բայց նա նստած է այդտեղ՝ խոհանոցի սեղանի շուրջը, և յոթանասունը բոլորածի տեսք ունի։ Գրողը տանի, յոթանասունհինգ։ Նա հիմարի, տխմարի տեսք ունի։

Ջանեթը շրջվեց լվացարանից ու զգուշորեն հազաց մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ։

-Ինչպե՞ս է այսօր առավոտյան,- հարցրեց Հարվին՝ նկատի ունենալով նրա ալերգիան։ Պատասխանն այդքան էլ լավը չէր, բայց բոլոր վատ բաներն իրենց անսպասելի անակնկալներն ունեն, այդպես էլ նրա ամառային ալերգիան ուներ իր լուսավոր կողմը։ Նա այլևս պարտավոր չէր քնել նրա հետ ու պայքարել գիշերը իր բաժին ծածկոցի համար, պարտավոր չէր այլևս լսել Հարվիի՝ քնած ժամանակ պատահաբար կամացուկ արտանետած գազերի ձայնը։

Ամառվա մեծ մասը Ջանեթը քնում էր վեց, անգամ յոթ ժամ, և դա ավելի քան բավարար էր։ Երբ գալիս էր աշունը, Հարվին վերադառնում էր հյուրասենյակից ու փորձում էր նրա հետ սիրով զբաղվել, և նրա փորձերի մեծ մասը անհաջող էին լինում։ Ջանեթը գիտեր, որ Հարվին ուզում է վերադառնալ հյուրասենյակ։ Եվ չնայած որ ինքը երբեք նրան այդ մասին չէր ասում (քանի որ դա կարող էր խոցել նրա զգացմունքները, իսկ Ջանեթը դեռևս չէր ուզում նրան ցավ պատճառել), դա հենց այն էր, ինչն անհետանում էր իրենց հարաբերությունների, իրենց սիրո մեջ։  Չնայած այս ամենին՝ կինը միշտ համոզում էր իրեն, որ ինքը երջանիկ է լինելու։

Ջանեթը հառաչանք արձակեց ու դրեց ջրով լի կաթսան լվացարանի մեջ։

-Այդքան էլ վատ չէ,- պատասխանեց նա։ Եվ հետո, երբ կինն սկսեց մտածել այն (արդեն ոչ առաջին անգամ), որ կյանքն այլևս անակնկալներ չի մատուցում, որ այլևս չկան այն խորը ամուսնական զգացմունքները, ամուսինն ասաց տարօրինակ խորթ ձայնով

-Լավ է, որ երեկ  գիշեր ինձ հետ չէիր քնած, Ջաքս։ Վատ երազ տեսա երեկ։ Որքան էլ տարօրինակ չթվա, ես արթնացա սեփական ճիչից։

Ջանեթը ցնցվեց։ Ինչքա՞ն ժամանակ էր անցել այն պահից, երբ նա վերջին անգամ իրեն Ջաքս էր դիմել Ջանեթի կամ Ջենի փոխարեն։ Գաղտնի նա ատում էր, երբ ամուսինն իրեն Ջեն էր կոչում։ Այդ անունը հիշեցնում էր նրան «Լեսսի»[5] հեռուստասերիալի սենտիմենտալ, չափազանց քաղցրիկ դերասանուհուն, որը ցույց էին տալիս, երբ ինքը դեռ երեխա էր։ Այդ սերիալում փոքրիկ տղան (Տիմմին, նրա անունը Տիմմի էր) միշտ խելահեղորեն սիրահարվում էր ինչ-որ մեկին կամ նրան կծում էր օձը, կամ էլ նա թակարդն էր ընկնում ժայռի ստորոտում․․․ և ընդհանրապես, որ մի երեխան, ով ծնողներ ունի, իր կյանքը կվստահի կոլլի[6] շանը։

Նա կրկին շրջվեց դեպի ամուսինը ու մոռացավ  արդեն սառած ջրով կաթսայի մասին, որի մեջ մնացել էր դեռ վերջին ձուն։

Նա վատ երազ է տեսե՞լ։ Հարվի՞ն  է վատ երազ է տեսել։ Ջանեթը փորձեց վերհիշել, թե վերջին անգամ երբ է Հարվին հիշատակել, թե ինչպիսի երազ է տեսել, բայց չկարողացավ։ Նա դժվարությամբ հիշում էր այն օրերը, երբ նա սիրահետում էր իրեն։ Այդ ժամանակ Հարվին նմանատիպ բաներ էր ասում՝ «Ես քեզ տեսել եմ երազում», իսկ ինքը շատ երիտասարդ էր, որ դա անհավանական համարի։

-Ի՞նչ արեցի դու։

-Սեփական ճիչից արթնացա,- կրկնեց նա։- Դու լսո՞ւմ էիր, թե ինչ եմ խոսում։

-Ոչ,- պատասխանեց կինը՝ շարունակելով նրան նայել։ Տարօրինակ է, եթե նա այդպիսով փորձում է ձեռք առնել իրեն,  եթե դա ինչ-որ զարմանալի առավոտյան հումոր է։ Բայց Հարվին այնպիսի տղամարդ չէր, ով կարողանում էր կատակներ անել։ Նրա պատկերացումները հումորի մասին սահմանափակվում էին ընթրիքի շուրջ պատմած կոպիտ զինվորական անեկդոտներով։ Նա դրանցից յուրաքանչյուրը լսել էր ամենաքիչը հարյուր անգամ։

-Ես ինչ-որ բառեր էի գոռում, բայց իրականում, ես ի վիճակի չէի դրանք արտաբերելու։ Դա նման էր․․․ չգիտեմ էլ անգամ․․․ ասես ես չէի կարողանում փակել բերանս։ Ես այնպես էի գոռում, ասես ինչ-որ մեկը հարվածել էր աճուկիս։ Ու ձայնս ցածր էր։ Ոչ ինչպես իմ սովորական ձայնն է։- Նա լռեց։- Ես լսում էի ինձ ու չէի կարողանում ստիպել ինձ լռել։ Ողջ ընթցքում ես դողում էի, և ես պետք է գոնե մի ակնթարթով վառեի լույսը։ Ես փորձեցի կարիքներս հոգալ տաբատիս մեջ, բայց չկարողացա։ Վերջին մի քանի օրը ինձ թվում էր, որ ես միշտ ուզում եմ զուգարան գնալ, համենայն դեպս՝ գոնե կարճ կարիքների համար, բայց այս առավոտյան այդպես չէր։- Նա կրկին լռեց՝ շարունակելով նստած մնալ արևի շողերի ներքո։ Ջենեթը տեսնում էր արևի շողերի մեջ պարող փոշու հատիկները։ Թվում էր, թե դրանք Հարվիի շուրջը ինչ-որ փայլատակում են առաջացնում։

-Եվ ի՞նչ տեսար դու երազում,- հարցրեց կինը, և ահա թե ինչն էր տարօրինակ հնարավոր է առաջին անգամ վերջին հինգ տարում, երբ նրանք դադարեցին անկողին մտնել նախքան կեսգիշերը՝ քննարկելով, թե արդյոք իրենց մոտ թողնեն Մոտոռոլայի բաժնետոմսերը, թե վաճառեն դրանք (բաժնետոմսերի վաճառքը անասելի վշտացնում էր նրանց), առաջին անգամ Ջենեթին հետաքրքրեց, թե ինչ է ասում ամուսինը։

-Չգիտեմ էլ՝ ուզո՞ւմ եմ պատմել դա քեզ, թե՞՝ ոչ,- ասաց նա։ Նրա ձայնը անսովոր ամաչկոտ հնչեց։ Հարվին շրջվեց, վերցրեց պղպեղամանը ու սկսեց այն մի ձեռքից մյուսը գցել։

-Ասում են, որ եթե  ինչ-որ մեկին պատմում ես երազդ, այն չի իրականանում,- ասաց նա ամուսնուն, և սա №2 տարօրինակությունն էր Հարվին սկսել էր հաշվի առնել նրա կարծիքը, այնինչ տարիներ շարունակ նա այդպիսի հոգատարություն չէր ցուցաբերել։ Անգամ միկրոալիքային վառարանի վերևում հայտնված նրա ստվերը հոգատարություն էր արտահայտում։ Ջանեթը մտածեց, որ նա այնպիսի տեսք ունի, ասես նա թքած չունի իր կարծիքի վրա։ Եվ ինչո՞ւ հանկարծ։ Ինչո՞ւ այն ժամանակ, երբ ինքը մտածում էր, որ կյանքն այդքան խավար է, այն սկսեց հագեցած թվալ։ Հենց հունիսի վերջի ամառային այս առավոտյան։

Մենք Կոնեկտիկուտում ենք։  Երբ գալիս է հունիսը, մենք միշտ Կոնեկտիկուտում ենք լինում։ Շուտով մեզնից մեկը դուրս կգա լրագրի հետևից, որը երեք մասի բաժանված կլինի, ինչպես հնագույն Գալիան[7]։

-Իսկապես այդպե՞ս են ասում,- նա կշռադատում էր այդ միտքը, նրա հոնքերը վեր էին բարձրացել (Ջանեթը կրկին ստիպված էր դրանցից մի քիչ հանել, այլապես դրանք նմանվում էին վայրի թավուտների, և ամուսինը երբեք չէր նկատում դա)։ Հարվին շարունակում էր մի ձեռքից մյուսը նետել պղպեղամանը։ Ջանեթն ուզում էր ասել, որ նա դադարի անել անել դա։ Դա բարկացնում էր նրան, ինչպես նաև պատի վրայի նրա գոռացող ստվերը, ինչպես իր սրտի ուժեղ բաբախը, որի ռիթմը հանկարծ սկսեց թափ հավաքել առանց որևէ ակներև պատճառի։ Բայց նա չէր ուզում շեղել նրան այն բանից, ինչը նրա գլուխն էր մտել այդ շաբաթ օրվա առավոտյան։

Ապա ամուսինը ցած դրեց պղպեղամանը, որը չնայած որ պետք է սովորական տեսք ունենար, բայց չգիտես ինչու տարօրինակ էր։ Այն սեղանի վրա երկար ստվեր էր գցում՝ նման հսկայական շախմատային քարի։ Անգամ տոստից մնացած փշրունքները ստվերներ էին գցում սեղանին։ Եվ Ջենեթը չէր հասկանում, թե ինչու է պղպեղամանի գցած ստվերը այդքան սարսափեցնում իրեն, բայց դա էր իրականությունը։  Նա մտածեց Չեշիրյան կատվի մասին, որ ասում էր Ալիսային[8] «Մենք այստեղ բոլորս ենք խելագար»։ Եվ հանկարծ նա այլևս չուզեց լսել Հարվիի հիմար երազի մասին։ Չուզեց լսել երազի մասին, որից նա արթնացել էր սեփական ճիչի պատճառով և որից նա այնպես էր բղավում, ասես ինչ-որ մեկը հարվածել էր նրա աճուկային մասին։ Հանկարծ նա դադարեց մի այլ կյանքի մասին երազել։ Անիմաստ կյանքը լավ է։ Անիմաստ կյանք ունենալը ընտիր է։ Եթե կասկածում եք ասվածին, նայեք ֆիլմերի դերասանուհիներին։

«Չի կարելի ոչնչով մատնել ինձ»,- գրգռված մտածեց նա։ Այո, գրգռված դա նման էր այն բանին, ասես նրան գլխին էր թափվել տաք հոսանքը։ Չնայած նա կարող էր երդվել, որ այդ անիմաստությունը ավարտվել է երկու կամ երեք տարի առաջ։ Չի կարելի ոչնչով մատնել ինձ։ Չի կարելի ոչ մի կերպ մատնել ինձ շաբաթօրյա այս առավոտյան։

Նա բացեց բերանը, որ ասի ամուսնուն, որ ինքը սխալվել է, որ իրականում ասում են՝ եթե պատմես երազդ, այն անպայման կիրականանա։ Բայց շատ ուշ էր։ Նա արդեն նորից խոսում էր, ու կնոջ գլխում միտք ծագեց, որ դա անիմաստ կյանքից խուսափելու համար նրան տրված պատիժն է։ Կյանքն իրականում նման է ռիթմիկ երգի՝ խիտ աղյուսաքարի պես։ Ինչպե՞ս կարող էր ինքը այլ կերպ մտածել։

-Երազում տեսա, որ արդեն առավոտ է, ու ես իջա խոհանոց,- ասաց նա։- Շաբաթ առավոտ է, ճիշտ ինչպես հիմա։ Միայն թե երազիս մեջ դու դեռ չէիր արթնացել։

-Շաբաթ օրերը ես միշտ քեզնից վաղ եմ արթնանում,- ասաց կինը։

-Գիտեմ, բայց դա երազ էր,- ասաց նա համառությամբ, և կինը տեսավ նրա սպիտակած մազերը  ազդրի ներքին կողմում, այնտեղ, ուր մկանները նվաղ  էին ու թորշոմած։ Մի ժամանակ նա թենիս էր խաղում, բայց այդ օրերը վաղուց էին անցել։ Կինը մտածեց (չարախնդալով), որ իր ու նրա մկանները տարբերվում են իրարից, բայց ոչ լավ առումով։

Դուք սրտի կաթված կունենաք, դուք սպիտակած ամուսին կունենաք։ Դա այն է, ինչը կծնկի ձեզ։ Եվ գուցե, մարդիկ կքննարկեն՝ ձեր մահազդը տպագրեն «Թայմս»-ում, թե ոչ։ Բայց եթե ինչ-որ երկրորդական դերասանուհի մեռնի նույն օրը հիսունամյա հասակում, կամ էլ ոչ այդքան հայտնի մի բալետի պարուհի քառասուն տարեկանում, ապա ոչ մի դեպքում հույս չունենաք, որ ձեր մահազդը կհայտնվի «Թայմս»-ում։

-Բայց այն առավոտը ճիշտ այսպիսին էր,- ասաց նա։- Նկատի ունեմ, որ արևը նույն ձև փայլում էր։- Նա բարձրացրեց ձեռքը՝ «անհանգստացնելով» փոշու հատիկները, որ պտտվում էին նրա գլխի շուրջը, և Ջանեթը հանկարծ ուզեց գոռալ նրա վրա, որպեսզի նա չհամարձակվի շարժվել, չհամարձակվի խախտել այդ ներդաշնակությունը։- Ես կարող էի տեսնել քո ստվերը հատակին, և այն երբեք նման լուսավոր կամ այդքան գունատ չի եղել։-Նա լռեց, հետո ժպտաց, և կինը տեսավ, թե ինչպես են ճաքել նրա շրթունքները։-«Լուսավորը» զավեշտալի բառ է ստվերը նկարագրելու համար, ճի՞շտ եմ։ «Գունատն» էլ կլինի։

-Հարվի՛։

-Ես շրջվեցի դեպի լուսամուտը,- շարունակեց նա,- դուրս նայեց ու Ֆրիդմանի «Վոլվոյի» կողային հատվածում հարվածի տեղ տեսա։ Եվ ես, չգիտեմ որտեղից, գիտեի, որ Ֆրենկ Ֆրիդմանը հարբած էր ու տուն դառնալու ճանապարհին բախվել է ինչ-որ բանի։

Հանկարծ Ջանեթը զգաց, որ, ուր որ է, ուշագնաց կլինի։ Նա ինքը տեսել էր Ֆրիդմանի «Վոլվոյի» վրայի փոս ընկած տեղը, երբ բացել էր դուռը, որպեսզի տեսնի, թե չեն բերել արդյոք լրագիրը (չէին բերել)։ Այդ պահին նա ինքն էլ նույն բանը մտածեց։ Ինքն էլ վճռեց, որ Ֆրենկը «Դդումից» (տեղի բարերից) լավ խմած է դուրս եկել, ու ինչ-որ բանի է հարվածել կայանատեղիում։ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԷԻՆ ԻՐ ՄՏՔԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ ՀԱՐՎԻԻՆ։

Հնարավոր է, որ Հարվին կարող էր տեսնել մեքենան՝ գնալով նրա հետևից։ Հնարավոր է, որ նա ձեռք է առնում նրան ինչ-որ տարօրինակ, միայն իրեն հասկանալի պատճառով։ Իհարկե, նման բան հնարավոր է։ Հյուրասենյակում, որտեղ նա քնում էր ամառային գիշերներին, կարելի էր տեսնել փողոցը։ Միայն թե Հարվին այն տղամարդկանցից չէ, որ կարող է ինչ-որ մեկին ձեռք առնել։

Ջանեթի այտերին ու պարանոցին  քրտինքի կաթիլներ հայտնվեցին։ Նա զգում էր դա։ Նրա սիրտն ավելի արագ էր բաբախում, քան երբևէ։ Այնպիսի զգացողություն էր, ասես ինչ-որ բան է հասունանում։  Եվ ինչո՞ւ դա պետք է տեղի ունենար հիմա։ Հիմա, երբ աշխարհն այնքան հանգիստ էր, երբ ապագայի ծրագրերը այնքան անսասան էին։ Եթե ես եմ խնդրել այս մասին, խնդրում եմ՝ ներիր, մտածեց Ջանեթը․․․ կամ, հնարավոր է, նա իսկապես աղոթել է այս մասին։ Թող ամեն ինչ նախկինի պես լինի, խնդրում եմ, թող ամեն ինչ նախկինի պես լինի։

-Ես մոտեցա սառնարանին,- շարունակեց պատմել Հարվին,- ու նայեցի դրա մեջ այնտեղ ես խճողած ձվերով ու աղցանով ափսե տեսա։ Այն հիասքանչ տեսք ուներ։ Ցանկություն առաջացավ առավոտյան յոթին մի լավ նախաճաշելու։- Նա ծիծաղեց։

Ջանեթը՝ Ջաքսը, ներքև՝ լվացարանի մեջ դրած կաթսային էր նայում։ Նայում էր դրանում եղած մեն- մի հատիկ եփած ձվին։ Մյուս ձվերը նա մաքրել էր ու երկու մասի էր բաժանել։ Դրանք չորանոցի կողքին՝ բաժակի մեջ էին։ Բաժակի կողքին մայոնեզ էր դրված։ Ջանեթը պատրաստվում էր լցոնել ձվերն ու լանչի համար աղցան պատրաստել։

-Չեմ ուզում լսել մնացածը,- ասաց Ջանեթն այնպես, որ միայն ինքը կարող էր լսել։ Մի ժամանակ Ջանեթը Թատերական խմբակ էր հաճախում, իսկ հիմա անգամ չէր կարող հատել, անցնել խոհանոցը։ Նրա կրծքերը կախ էին ընկել։ Նա այնպիսին էր, ինչպես Հարվիի ոտքերը, եթե նա փորձեր թենիս խաղալ։

-Ես մտածեցի՝ իսկ մի հատ ձու չուտե՞մ,- ասաց Հարվին,- հետո ինքս ինձ ասացի՝ ոչ։ Եթե ես անեմ դա, կինս կսկսի բղավել ինձ վրա։ Հետո զանգեց հեռախոսը։ Ես նետվեցի պատասխանելու, քանի որ չէի ուզում, որ այն քեզ արթնացնի։ Եվ այստեղ վրա է հասնում իմ պատմության ամենից սարսափելի մասը։ Դու ուզո՞ւմ ես լսել այդ մասին։

«Ոչ,- մտածեց Ջենեթը՝ կանգնած լվացարանի կողքին։ Ես չեմ ուզում լսել այդ սարսափելի պատմությունը»։ Բայց միևնույն ժամանակ նա ուզում էր լսել։ Յուրաքանչյուրն էլ ներքուստ ուզում է սարսափելի բաներ լսել։ Մենք բոլորս այստեղ խելագար ենք։ Ջանեթի մայրն իրականում ասում էր, որ եթե դուք պատմեք ինչ-որ մեկին ձեր երազը, ապա այն հազիվ թե իրականանա։ Դա նշանակում էր, որ դուք հաճույքով պատմում եք ձեր մղձավանջները, իսկ լավ երազները պահում եք ձեր մեջ՝ թաքցնելով այն, ինչպես կպահեիք պոկված կաթնատամը բարձի տակ։

Նա ու Հարվին երեք աղջիկ ունեին։ Նրանից մեկը այդքան էլ հեռու չէր ապրում՝ ճանապարհով դեպի ներքև։ Ջեննան՝ անհոգ ու ամուսնալուծված, նույն անունով, ինչպես որ իր չսիրած սերիալի Բաշ զույգերից մեկը։ Այն ժամանակ Ջեննան պահանջում էր, որ բոլորն իրեն Ջեն անվանեն։

Երեք դուստրեր ունենալը նման է բազում կաթնատամներ բազում բարձերի տակ պահելուն, դա նշանակում է մեքենաներով տարօրինակ անձանց հանդեպ անհանգստություն, ովքեր առաջարկում են ուղեկցել կամ կոնֆետ են հյուրասիրում։ Երեք դուստր ունենալ նշանակում է բազում ամենատարբեր նախազգուշացումներ։ Օ՜, ինչքան մեծ հույս ուներ նա, որ իր մայրը ճիշտ էր, երբ ասում էր, որ վատ երազներ պատմելը նման է վամպիրի սիրտը փայտե բիր մտցնելուն։

-Ես վերցրի խոսափողը,-ասաց Հարվին,- Տրիշան էր։-Տրիշան նրանց ավագ դուստրն է, ով երկրպագում էր սև մոգական քարերին, մինչև որ ընկեր չգտավ իր համար։- Սկզբում նա միայն մի բառ ասաց՝ «Պապա», բայց ես արդեն գիտեի, որ զանգողը Տրիշան է։ Գիտես չէ՞՝ ինչպես է դա լինում։

Այո՛, նա գիտեր, թե ինչպես է դա լինում։ Ճիշտ այնպես, ինչպես միշտ, երբ դուք ճանաչում եք ձեր երեխաներին, համենայն դեպս մինչև որ նրանք չեն հասունանում ու փոխվում, օտարանում։

-Ես պատասխանեցի՝ «Ողջույն, Տրիշա։ Ինչո՞ւ ես այսքան վաղ զանգում։ Մայրիկդ դեռ անկողնում է»։ Սկզբում ես չլսեցի պատասխանը։ Մտածեցի, որ կապն ընդհատվել է, հետո ես լսեցի այդ շշնջացող թնկթնկոցը, ոչ թե բառեր, այլ բառերի պատառիկներ։ Ասես նա փորձում էր խոսել, բայց դա նրա մոտ դժվարությամբ էր ստացվում, որովհետև նա չէր կարողանում ուժ հավաքել, կամ որովհետև նրա համար դժվար էր շնչելը։ Դա այն պահն էր, որից ես վախեցա։

Դե ինչ, ուրեմն  նա բավականին դանդալոշ է։ Որովհետև Ջանեթը, որին մի ժամանակ Ջաքս էին ասում, Ջաքսը, որ մի ժամանակ Թատերական խմբակ էր հաճախում, որը, անկասկած, հրաշալի ֆրանսիական համբույրին էր տիրապետում, Ջաքսը, որը Gitanes[9] էր ծխում ու սեթևեթանքով կոնծում էր տեկիլան, ավելի վաղ էր վախեցել, քան Հարլին կհասցներ հիշատակել Ֆրենկ Ֆրիդմանի «Վոլվոյի» մասին։

Նա հիշեց իր ընկերուհի Հաննայի հետ հեռախոսազրույցը (մոտ մեկ շաբաթ առաջ), որը ի վերջո, ինչպես միշտ, հանգեց Ալցհեյմերի մասին պատմությունների։ Հաննան քաղաքից էր զանգում։ Ջանեթը բացեց լուսամուտը, նստեց դրա առաջ հյուրասենյակում ու  նայեց իրենց Ուեսպորտի մեկհեկտարանոց հողատարածքին , այն բոլոր հրաշալի բույսերին, որ ստիպում էին իրեն փռշտալ, և ստիպում էին իր աչքերին արցունքոտվել։ Մինչ խոսակցությունը կանցներ Ալցհեյմերի հիվանդությանը, նրանք սկզբում քննարկեցին Լյուսի Ֆրիդմանին, իսկ հետո նաև Ֆրենկին։ Եվ իրենցից ո՞վ ասաց դա ո՞վ ասաց « Եթե Ֆրենկը ոչինչ չանի իր հարբելու սովորության հետ ու այդպես ղեկին նստի, ապա հավանաբար կսպանի ինչ-որ մեկին»։

-Հետո Տրիշան ինչ-որ բան ասաց, որ հնչեց իբրև «նստվածք» կամ իբրև «նվազագույնը»[10], բայց երազում ես գիտեի, որ նա ․․․ ինչպե՞ս են դա ասում․․․ բաց էր թողնում վանկերը։ Նա բաց թողեց առաջին վանկը, և բառը, որ իրականում նա արտաբերեց, «ոստիկանությունն»[11] էր։ Ես հարցրի, թե ի՞նչ է եղել, ի՞նչ է ուզում նա ասել ոստիկանության հետ կապված։ Ես նստեցի։ Հենց այնտեղ։- Նա ցույց տվեց հեռախոսի մոտ՝ անկյունում, դրված աթոռը։- «Ոստիկանություն» բառը մի փոքր ավելի ցածր հնչեց, քան նրա՝ շշուկով ասած մյուս բառերը։ Նա ստիպում էր ինձ անհանգստանալ «ողբերգության հերոսուհի է»,- մտածեցի ես։ Բայց հետո նա արտասանեց «համար» բառը նույնքան պարզ, որքան զանգակի ձայնը։ Եվ ես գիտեի, ինչպես որ գիտեի, որ նա ուզում է ասել «ոստիկանություն» բառը, որ նա փորձում է ասել ինձ, որ իրեն զանգել են ոստիկանությունից, քանի որ նրանք չեն ունեցել մեր հեռախոսահամարը։

Ջանեթը սառած միայն գլուխն էր շարժում։ Իրենք որոշել էին երկու տարի առաջ իրենց համարը չներառել հեռախոսային գրքույկի մեջ, որովհետև լրագրողները շարունակում էին զանգել Հարվիին  «Enron» ընկերության հետ կապված սկանդալի պատճառով։ Սովորաբար նրանք զանգում էին ընթրիքի ժամանակ։ Ոչ այն պատճառով, որ Հարվին կարող էր լուծել այդ խնդիրը, այլ որովհետև նա նման էներգետիկ ընկերությունների գծով անվանի մասնագետ էր։  Մի քանի տարի առաջ, այն ժամանակ, երբ Քլինթոնը «կարևոր դեմք էր», և աշխարհը ( համենայն դեպս նրա համեստ կարծիքով) մի քիչ ավելի լավն էր, մի քիչ ավելի անվտանգ, Հարվին անգամ նախագահական հանձնաժողովի կազմում էր։

Ու չնայած Հարվիի մեջ շատ բաներ կային, որ նա չէր հավանում, նա հիանալի գիտեր մի բան Հարվին շատ ավելի ազնիվ է, քան Enron-ի բոլոր ստահակները միասին վերցրած։ Ջենեթը երբեմն ձանձրանում էր ազնվությունից, բայց նա միշտ գիտեր, որ ազնվությունն ավելի լավ է, քան կեղծիքը։

Բայց մի՞թե ոստիկությունը չի կարողա իմանալ համարն առանց հեռախոսագրքույկի։ Լավ, հնարավոր է, որ չի կարող, եթե նրանք շտապում են ինչ-որ բան պարզել, կամ ինչ-որ մեկին մի բան հայտնել։ Բացի այդ, պարտադիր չէ, որ երազները տրամաբանական լինեն, ճի՞շտ է։ Երազները մեր ենթագիտակության տարերքներն են։

Եվ հիմա, երբ այլևս չէր կարող կանգնել ոտքի վրա, Ջենեթը մոտեցավ խոհանոցի դռանն ու դուրս նայեց լուսավոր հունիսյան օրվան։ Նայեց իրենց փողոցին, որը, նրա կարծիքով, ամերիկյան երազանքի փոքրիկ տարբերակն էր։ Որքա՜ն խաղաղ էր այս առավոտը, երբ խոտերի վրա դեռ տրիլիոնավոր ցողի կաթիլներ են փայլում։ Այնուամենայնիվ նրա սիրտը թփրտում է կրծքավանդակի մեջ, քրտինքը հոսում է  նրա դեմքի վրայով, և նա ուզում է ասել ամուսնուն, որ նա պետք է կանգ առնի, նա չպետք է շարունակի պատմել այդ երազը, այդ սարսափելի երազը։ Ինքը պետք է հիշեցնի ամուսնուն, որ Ջեննան նույն փողոցի ներքևում է ապրում, Ջեննը, այն Ջենը, որ աշխատում է գյուղի Video Stop-ում և անց է կացնում իր բոլոր կիրակիները խմելով «Դդում» բարում մեկի հետ, որ շատ նման է Ֆրենկ Ֆրիդմանին, մեկի հետ, ով նրան հայր կսազեր։ Եվ այդ հանգամանքն էլ ավելի է ձգում Ջենին։

-Այդ բոլոր կիսատ-պռատ շշուկները,- ասում է Հարվին,- և նա չէր ուզում  պարզ խոսել։ Հետո ես լսեցի «ՍՊԱՆՎԱԾ Է», ու ես գիտեի, որ մեր դուստրերից մեկը մեռած է։ Ես ուղղակի գիտեի դա։ Տրիշան չէ։ Դա հաստատ է, քանի որ Տրիշայի հետ խոսում էինք հեռախոսով հնարավոր է Ջեննան կամ Ստեֆանին։ Եվ ես այնքան էի վախեցել։ Ես նստեցի այնտեղ,  և գլխումս սարսափելի մի միտք ծագեց, թե «նրանցից որ մեկին ես կընտրեի»։ Դա նման էր ինչ-որ հեռուստահաղորդման ժամանակ կատարվող անիծյալ ընտրության։ Ես սկսեցի գոռալ նրա վրա « Ասա՛ ինձ՝ ո՞ր մեկը։ Ասա՛՝ ո՞ր մեկը։ Հանուն բոլոր սրբերի, Տրիշա՛, ասա՛, թե նրանցից որ մեկը»։ Դրանից հետո միայն իրական աշխարհը սկսեց ուրվագծվել: Դա նման էր․․․-Հարվին կարճ քմծիծաղեց, և առավոտյան վառ լույսի ներքո Ջենեթը տեսավ Ֆրիդմանի «Վոլվոյի» կողային հատվածի փոս ընկած տեղի վրա կարմիր լաքան, իսկ լաքայի կենտրոնում նա  սև հետք տեսավ։ Դա կարող էր  կամ ցեխ լինել կամ էլ (անգամ) ինչ-որ մեկի մազերը։ Նա պատկերացրեց Ֆրենկ Ֆրիդմանին, որ գիշերը ժամի երկուսին կանգ է առնում մայթի մոտ՝ այնքան հարբած, որ չէր կարողանում վարել մեքենան ուղիղ ճանապարհով, էլ  ուր մնաց, թե այն նեղ դարպասներով ավտոտնակ մտցնելը։ Նա պատկերացրեց, թե ինչպես է նա սայթաքում, մի կերպ  քարշ տալիս իրեն դեպի տուն՝  գլխահակ ու դժվարությամբ շնչելով։ Viva ze bool![12]

-Այդ ժամանակ, ես արդեն հասկանում էի, որ պառկած եմ անկողնուս մեջ, բայց դեռ լսում էի այդ ցածր ձայնը, որը ընդհանրապես նման չէր իմ ձայնին։ Այն հնչում էր ինչպես  ձայն անդրաշխարհից, և անհնար էր կոնկրետ բան լսել նրա ասածներից «Ս-եղմ-իր արգ-ե-լակին»,- այսպես էր հնչում,- «ս-եղմ-իր արգ-ե-լակ-ին»։

 Ասա՛ ինձ՝ ո՞ր մեկը։ Ասա՛՝ ո՞ր մեկը, Տրիշա՛։

Հարվին լռեց ու խորասուզվեց իր մտքերի մեջ՝ վերապրելով իր երազը։ Փոքրիկ փոշեհատիկները պարում էին նրա երեսի կողքերին։ Արևը նրա շապիկն այնքան փայլուն էր դարձրել, որ անհնար էր նայել դրան ասես շապիկը լվացքի փոշու գովազդից լիներ։

-Ես պառկած էի ու քեզ էի սպասում, որ դու վազելես ու տեսնես, թե ինչ է կատարվում,- վերջապես խոսեց նա։- Ես պառկած էի ամբողջովին փշաքաղված, ու դողում էի՝ համոզելով ինքս ինձ, որ դա ընդամենը երազ էր, ինչպես դու կփորձեիր համոզել։ Բայց միևնույն ժամանակ մտածում էի, թե որքան իրական էր այդ ամենը, որքան զարմանալի ու միևնույն ժամանակ սարսափելի։

Նա կրկին դադար տվեց՝ մտածելով, թե ինչպես ասի մնացածը նա չէր էլ մտածում անգամ, որ կինն արդեն չի լսում իրեն։ Նախկին Ջաքսը օգնության էր կանչել իր ողջ բանականությանը, իր ողջամտությանը, որպեսզի ստիպի իրեն հավատալ այն բանին, որ ինքը արյուն չի տեսնում, այլ ընդամենը «Վոլվոյի» հիմնական ներկից առաջ քսված նախաներկը։ «ՆԱԽԱՆԵՐԿ» դա ուղղակի բառ չէր նրա ենթագիտակցության համար։ Նա տենդագին երազում էր, որ դա ընդամենը «ՆԱԽԱՆԵՐԿ» լիներ։

-Զարմանալի է, չէ՞, թե որքան հեռուն կարող է մեզ տանել մեր երևակայությունը,- ասաց Հարվին։- Ես այդ ամենը երազում տեսա այնպես, ինչպես բանաստեղծները տեսնում են իրենց հանճարեղ երազներից մեկը, որը հետո վեր են ածում իրենց լավագույն պոեմներից մեկին։ Յուրաքանչյուր մասունք այնպես պարզ է տպավորվել և այնպես վառ։

Նա լռեց խոհանոցն ամբողջությամբ տրվեց արևի ու պարող փոշեհատիկների տիրապետությանը կյանքը դրանից դուրս կանգ էր առել։ Ջանեթը նայում էր «Վոլվոյին», որ կայանած էր փողոցի հակառակ մայթին։ Թվում էր, թե նրա աչքերի մեջ զգացվում էր զարկերակի բաբախը՝ ՝ խիտ աղյուսաքարի պես։ Երբ զանգեց հեռախոսը, Ջանեթն ուզեց գոռալ, եթե միայն  կարողանար շնչել, նա ուզեց փակել ականջները, եթե միայն կարողանար բարձրացնել ձեռքերը։ Նա լսեց, թե ինչպես Հարվին վեր կացավ ու մոտեցավ հեռախոսին այդ ընթացքում այն զանգեց երկրորդ, ապա երրորդ անգամ։

«Սխալ են զանգել»,- մտածեց Ջանեթը։ Պետք է այդպես լինի, որովհետև եթե դուք ինչ-որ մեկին պատմում եք ձեր երազը, այն չի իրականանում։

Հարվին ասաց

-Ալո՞։





Թարգմ․՝ Ա․ Վերանյան

Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog

[1] Ֆիլմ, որը լույս է տեսել 1994 թվականին։

[2] Նեյրոդեգեներատիվ հիվանդություն, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք։

[3] Շան ցեղատեսակ։

[4] Վաթեռլոոյի ճակատամարտ՝ ճակատամարտ, որ տեղի է ունեցել Բրյուսելից 20 կմ հարավ գտնվող Վաթեռլոո բնակավայրի մոտ՝ Նապոլեոն Բոնապարտի բանակի (72.000 մարդ, 243 թնդանոթ) և անգլա-հոլանդա-պրուսական զորքերի (70.000 մարդ, 158 թնդանոթ) միջև «Հարյուր օր» ժամանակաշրջանի վերջում։

[5] Ամերիկյան հեռուստասերիալ Լեսսի անունով շան ու նրա ուղեկիցների արկածների մասին, 1954 թ․։

[6] Հաճախ՝ երկարամազ կոլլի, շան ցեղատեսակ։

[7] Տարածաշրջան Արևմտյան Եվրոպայում Երկաթե դարում, որը բնակեցված է եղել կելտական ցեղերով:

[8] Չեշիրյան կատու (անգլ.՝ Cheshire Cat), հորինված կատու, որը հանրաճանաչ է դարձել Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի շնորհիվ (1865) և հայտնի է իր յուրօրինակ չարախինդ ժպիտի համար։

[9] Ֆրանսիական ծխախոտի հայտնի ընկերություն, թարգմանաբար՝ գնչուհի։

[10] Բնագրում՝ lees, least։

[11] Բնագրում՝ police։

[12] Да здравствует бык. Կեցցե՛ ցուլը։


Комментариев нет: