Ամառային այդ երեկոյան՝ ժամը իննին, ես գյուղից գնացքով գալիս էի քաղաք: Դեռ շոգ էր, ամպերը կիսամութ էին արել, ամպրոպ էր սպասվում: Երբ կառապանը, փոշի բարձրացնելով, կառքում թռցրեց ինձ շուկայի կողմից մթնող դաշտով, մեր հետևից ինչ-որ բան բռնկվեց, ճանապարհը մեր դիմացից մի պահ ողողվեց ոսկով, ինչ-որ տեղ որոտ ճայթեց, և փոշու ու կառքի վրա խոշոր աստղիկներով սկսեց տեղալ արագ ու նոսր անձրևը, որը նույն պահին էլ դադարեց: Հետո կառքը, թեքվելով զառիթափից դեպի դաշտամիջյան ճանապարհ, դղրդաց ամբողջովին չորացած գետի վրա ձգվող քարե կամուրջին: Կամուրջի ետևից սարսափելիորեն մթին էին տվել ու մետաղական հոտ էին տարածել քաղաքային դարբնոցները: Ճանապարհին վառվում էր փոշու մեջ կորած կերոսինե լապտերը:
Վորյուբերի հյուրանոցում, որը քաղաքում լավագույնն էր, ինձ, ինչպես միշտ, տարան միջնորմի հետևի ննջասենյակով համարը: Սպիտակ, մոմլաթե վարագույրներով ծածկված փակ պատուհաններով այդ սենյակում շոգ էր, ինչպես վառարանում: Հյուրանոցի աշխատակցին հրահանգեցի ամբողջությամբ բացել լուսամուտը, ինքնաեռ բերել և արագ մոտեցա լուսամուտին. սենյակում շնչելու օդ չկար:
Լուսամուտից դուրս մութը սևացել էր․ այնտեղ, ուր մինչ այս հրդեհվում էին կայծակները՝ այժմ արդեն կապույտ, և ասես փոսի մեջ ընկած՝ ոռնում էին որոտի թնդյունները: Եվ հիշում եմ՝ մտածում էի. «Այնքան աննշան քաղաք է,որ նույնիսկ անհասկանալի է, թե ինչու է այդպես ահարկու հրդեհվում այդ հոյակապ երկնագույն լույսը, և ինչու է այդպես ահարկու թնդում ու թափահարում մռայլ ու չերևացող երկինքը»: Ես անցա միջնորմի հետևը և երբ հանում էի բաճկոնս և քանդում փողկապս, լսեցի, թե ինչպես հյուրանոցի աշխատակիցը սկուտեղի մեջ դրած ինքնաեռով սենյակ մտավ և թակեց բազմոցի դիմացի կլոր սեղանին: Ես դուրս նայեցի պատի հետևից. բացի ինքնաեռից, ամանները ողողելու տարայից, բաժակից և բուլկիներով ափսեից, սկուտեղի մեջ ևս մեկ բաժակ կար.-Իսկ այս բաժակն ինչի՞ համար է,- հարցրի ես:
Աշխատակիցը, աչքերը խաղացնելով, պատասխանեց.
-Էնտեղ Ձեզ մի երիտասարդ կին է հարցնում, Բորիս Պետրո՛վիչ:
-Ի՞նչ երիտասարդ կին:
Աշխատակիցը ուսերը վեր քաշեց ու ձևական ծիծաղեց:
-Հասկանալի է՝ ինչ կին: Շատ խնդրեց ներս թողնել, մի ռուբլի խոստացավ
թեյի համար, եթե լավ վաստակի: Տեսել էր՝ ոնց եք եկել…
-Անբարոյակա՞ն է, այսինքն:
-Պարզից էլ պարզ է: Նմանները մեզ մոտ երբեք չեն նկատվել. եկվորներն
աղջիկների համար սովորաբար Աննա Մատվեևնայի մոտ են գնում, իսկ էսօր հանկարծ ինքն իր
ոտքով է եկել: Հիասքանչ հասակ ունի ու կարծես թե գիմնազիայի ուսանողուհի է:
Ես մտածեցի ձանձրալի երեկոյի մասին, որ սպասում էր ինձ, ու ասացի.
-Հետաքրքիր է: Ներս
թո՛ղ նրան:
Աշխատակիցը զվարթացած անհետացավ:
Ես սկսեցի թեյ պատրաստել, ու հենց այդ պահին դուռը թակեցին,
և ես զարմանքով տեսա, թե ինչպես առանց պատասխանիս սպասելու՝ հին քաթանե կոշիկներով
ու մեծ ոտքերի անփույթ քայլերով ներս մտավ մի բարձրահասակ աղջիկ՝ ուսումնարանի գիմնազիայի
համազգեստով ու ծղոտե գլխարկով՝ կողքից արհեստական տերեփուկների փունջ ամրացրած:
-Անցնում էի, Ձեր սենյակի լույսի վրա եկա,- հեգնող քմծիծաղի
փորձով ասաց նա՝ մուգ աչքերը մի կողմ փախցնելով: Այս ամենը ամենևին այն չէր, ինչ սպասում
էի: Մի թեթև շփոթվեցի ու շատ ուրախ պատասխանեցի.
-Շատ հաճելի է: Հանե՛ք գլխարկն ու նստեք թեյ խմելու:
Պատուհանից դուրս արդեն ողջ հորիզոնում բացարձակ մանուշակագույն
էր, որոտը մոտիկ էր ճայթում ու նախազգուշացնում ինչ-որ բան․ սենյակը քամու բույրով
լցվեց, և ես շտապեցի փակել լուսամուտը՝ ուրախանալով, որ առիթ եղավ շփոթմունքս թաքցնելու:
Երբ ես պտտվեցի, նա արդեն նստել էր բազմոցին և արևից այրված բարալիկ ձեռքերով հետ էր
գցում անփույթ կտրած մազերը: Նրա մազերը խիտ էին, դարչնագույն, դեմքը՝ մի փոքր երկարավուն,
պեպենոտ, շուրթերը հաստ էին ու յասամանագույն, աչքերը՝ մուգ ու լուրջ: Ես ուզում էի
կատակով ներողություն խնդրել, որ առանց բաճկոնի եմ, բայց նա չոր նայեց վրաս ու հարցրեց.
-Ինչքա՞ն կարող եք վճարել:
Ես նորից պատասխանեցի գործնական անհոգությամբ.
-Դեռ կհասցնենք պայմանավորվել: Մինչ այդ՝ թեյ խմենք:
-Ո՛չ,- խոժոռվելով ասաց նա,- ես պետք է պայմանն իմանամ: Երեք
ռուբլուց պակաս չեմ վերցնում:
-Թո՛ղ լինի երեք,- նույն հիմար անհոգությամբ ասացի ես:
-Կատակու՞մ եք,- խստորեն հարցրեց նա:
-Ամենևին,- պատասխանեցի ես՝ մտածելով. «Հետը թեյ կխմեմ, երեք
ռուբլի կտամ, ու Աստված իր հետ»:
Աղջիկը շունչ քաշեց ու աչքերը փակելով՝ գլուխը դրեց բազմոցի
թիկնակին:Նայելով նրա անարյուն, յասամանագույն շուրթերին՝ ես մտածեցի, որ նա հավանաբար քաղցած է: Նրան մեկնեցի թեյի բաժակն ու բուլկու
ափսեն, նստեցի բազմոցին ու դիպա նրա ձեռքին.
-Խնդրե՛մ, կերե՛ք:
Նա բաց արեց աչքերն ու սկսեց լուռ խմել ու ուտել: Ես ակնապիշ
նայում էի նրա՝ արևից այրված ձեռքերին ու խստորեն կիտած մուգ թարթիչներին՝ մտածելով,
որ գործն ավելի անհեթեթ շրջադարձ է առնում, ու հարցրի.
-Տեղացի՞ եք:
Նա, բուլկին ծամելով, տարուբերեց գլուխը.
-Ո՛չ, հեռվից եմ…
Ու նորից լռեց: Հետո ծնկների վրայից թափ տվեց փշրունքներ ու,
առանց ինձ նայելու, հանկարծ կանգնեց.
-Գնամ հանվելու։
Դա ամենաանսպասելին էր: Ես ուզեցի ինչ- որ բան ասել, բայց նա
հրամայական ընդհատեց ինձ.
-Բանալիով փակե՛ք դուռն ու լուսամուտների վարագույրն իջեցրե՛ք,-
ու անցավ միջնորմի հետևը:
Ես անգիտակից հնազանդությամբ ու շտապողականությամբ իջեցրի վարգույրը,
որի հետևից շարունակում էին փայլփլել կայծակները, որոնք, կարծես, փորձում էին նայել սենյակի խորքը և համառորեն
գլորվում էին՝ թնդյունից ցնցվելով, պտտեցի մուտքի դռան բանալին՝ չհասկանալով, թե ինչու
եմ այս ամենն անում: Արդեն ուզում էի շինծու ծիծաղով նրա մոտ գնալ, ամեն ինչ կատակի
տալ, կամ ստել, թե գլուխս սկսեց սարսափելի ցավել, բայց նա միջնորմի հետևից բարձրարձայն
ասաց.
-Եկե՛ք…
Ու ես նորից անգիտակցաբար հնազանդվեցի, անցա միջնորմի հետևը
և նրան տեսա արդեն անկողնում. նա պառկել էր՝ ծածկոցը մինչև կզակը քաշած, ամբողջովին
մթնած աչքերի վայրի հայացքով նայում էր ինձ ու իրար էր սեղմել կափկափող ատամները: Անհասկանալի
շփոթվածությունից ու կրքից նրա ձեռքից քաշեցի ծածոցը՝ բացելով նրա՝ միայն մի կարճ վերնաշապիկով
ծածկված մարմինը: Նա մերկ ձեռքով հազիվ հասցրեց բռնել մահճակալի գլխավերևի փայտե անջատիչին ու մարել լույսը:
Հետո ես, կանգնած մթության մեջ՝ բաց պատուհանի դիմաց, անհագորեն
ծխում էի․ լսվում էր հորդառատ անձրևի աղմուկը, որ թափվում էր մեռած քաղաքի թանծր խավարում
անդադար թրթռացող պայծառ ու մանուշակագույն կայծակի և հեռվում ճայթող որոտի հետ միասին։
Խորհում էի, շնչում օրվա ընթացքում քաղաքի շիկացած բույրերին խառնված անձրևի թարմությունը: Այո՛, անհասկանալի
համադրություն էր. այդ խղճուկ գավառական տեղանքն ու այդ հորդառատ անձրևի աստվածային-ահազդու,
որոտացող ու կուրացնող վեհությունը։ Ես ավելի ու ավելի էի ապշում ու սարսափում․ ինչպես պատահեց, որ մինչև վերջ էլ ես չհասկացա, թե ում հետ ես
գործ ունեմ, ու թե ինչու նա վճռեց վաճառել իր կուսությունը երեք ռուբլիով։ Այո՛, կուսությունը։
Նա ձայնեց ինձ․
-Փակե՛ք լուսամուտը, աղմուկը շատ է, և եկե՛ք ինձ մոտ:
Մթի միջով վերադարձա միջնորմի հետևը, նստեցի անկողնուն և, գտնելով
ու համբուրելով նրա ձեռքը՝ սկսեցի խոսել.
-Ներեցե՛ք, ներեցե՛ք ինձ…
Նա անտարբեր հարցրեց.
-Դուք մտածո՞ւմ էիք, որ ես իսկական մարմնավաճառ եմ, միայն թե
շատ հիմարիկ ու խելապակաս:
Ես արագ պատասխանեցի.
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ խելապակաս: Ես միայն մտածում էի, որ Դուք դեռ
անփորձ եք, չնայած արդեն գիտեք, որ որոշ հայտնի տների օրիորդներ գիմնազիայի շրջազգեստ
են հագնում:
-Ինչու՞:
-Որ ավելի անմեղ ու հրապուրիչ թվան:
-Ո՛չ, ես այդ չգիտեի: Ես ուրիշ հագուստ չունեմ: Ես հենց այս
գարնանն եմ ավարտել ուսումնարանը: Այդ ժամանակ հանկարծակի մահացավ հայրս, մայրս շուտ
էր մահացել, ես Նովոչերկասկից եկա այստեղ, մտածում էի՝ այստեղ մեր մի բարեկանի միջոցով
աշխատանք գտնեմ, նրա մոտ բնակություն հաստատեցի, իսկ նա սկսեց ոտնձգություններ անել
իմ հանդեպ,և ես հարվածեցի նրան ու սկսեցի գիշերել քաղաքային այգու նստարաններին… Մտածում
էի՝ կմեռնեմ, երբ Ձեզ մոտ եկա: Իսկ այստեղ էլ տեսա, որ Դուք ուզում եք ինչ-որ կերպ
ազատվել ինձնից:
-Այո՛, ես հիմար վիճակում էի հայտնվել,- ասացի ես,- ես համաձայնեցի
Ձեզ ներս թողնել հենց այնպես, ձանձրույթից ելնելով, մարմնավաճառների հետ ես երբեք գործ
չեմ ունեցել: Ես մտածում էի, որ ներս կգա ինչ-որ սովորական փողոցային աղջիկ, ես նրան
թեյ կհյուրասիրեմ, մի քիչ կզրուցեմ հետը, կկատակեմ, հետո ուղղակի երկու-երեք ռուբլի
կնվիրեմ․․․
-Այո՛, իսկ դրա փոխարեն եկա ես: Եվ մինչև վերջին րոպեն փորձում
էի գլխումս պահել միայն մի բան՝ երեք ռուբլի, երեք ռուբլի: Իսկ դուրս եկավ լրիվ ուրիշ
բան: Հիմա ես ոչինչ չեմ հասկանում:
Ոչինչ չէի հասկանում նաև ես. մթություն, տեղատարափի աղմուկ լուսամուտից
դուրս, իմ կողքին՝ անկողնում, պառկած էր ինչ-որ նովոչերկասկյան գիմնազուհի, որի անգամ
անունը մինչ այդ չգիտեի.․․ իսկ հետո զգացմունքներ, որ ամեն վարկյան խորանում
էին իմ մեջ․․․ Ես դժվարությամբ վերսկսեցի խոսեցի․
-Ի՞նչ չեք հասկանում:
Նա չպատասխանեց: Ես հանկարծ միացրի լույսը: Իմ առջև փայլում
էին նրա արցունքներով լի սև աչքերը: Նա կամաց բարձրացավ և շուրթը կծելով՝ գլուխը դրեց
ուսիս: Ես գրկեցի նրա գլուխը և սկսեցի համբուրել արցունքից թրջված ու այլայլված շուրթերը,
գրկեցի նրա խոշոր մարմինը, որը ծածկված էր ուսերից ընկած կարճ վերնաշապիկով: Խելագար
խղճահարությամբ ու քնքշությամբ նայեցի նրա փոշոտ ու աղջկական թուխ ոտնաթաթերին․․․ Հետո համարը լցվեց ծածկված վարագույրների արանքից ներս թափանցած
արևով, իսկ մենք դեռ նստած էինք բազմոցին՝ կլոր սեղանի դիմաց, ու խոսում էինք (Նա քաղցած
էր, խմեց նախօրդ օրվանից մնացած սառը թեյը և կերավ բուլկին) ու անընդհատ համբուրում իրար ձեռքերը:
Նա հյուրանոցում մնաց, ես գյուղ գնացի, իսկ հաջորդ օրը միասին
«Միներալնիյե Վոդի» մեկնեցինք:
Աշունն ուզում էինք Մոսկվայում անցկացնել, բայց և՛ աշունը, և՛
ձմեռը անցկացրինք Յալթայում: Նա սկսեց ջերմել ու հազալ, մեր սենյակները սկեցին հականեխիչ
կրեոզոտ[1]
բուրել…Իսկ գարնանը ես թաղեցի նրան:
Յալթայի գերեզմանատունը մի բարձր բլրի վրա է գտնվում: Այնտեղից
հեռվում երևում է ծովը, իսկ քաղաքից՝ խաչերն ու հուշարձանները: Իսկ նրանց միջև հավանաբար
մինչև հիմա էլ սպիտակին է տալիս մարմարե խաչը ինձ համար ամենահարազատ գերեզմաններից
մեկի վրա: Եվ ես այլևս երբեք չեմ տեսնի այն. Աստված գթասրտորեն ազատեց ինձ դրանից:
1944 թ․
Թարգմ․՝ Ազատուհի Սարգսյան
Խմբ․՝ Ա․ Վերանյան
Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog
[1] Կծու հոտով յուղոտ հեղուկ,
որը
ստացվում
է
փայտի
չոր
թորումից
և
օգտագործվում
է բժշկության մեջ (և ոչ միայն):
Комментариев нет:
Отправить комментарий