2017-03-18

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը». Մասն առաջին

Մասն առաջին
Առավոտ էր, ծագող արեւը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում։ Ափից մի մղոն հեռավորության վրա ինչ֊որ ձկնորսանավ ակոսեց ջուրը, եւ Նախաճաշող Երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ՝ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվռտվելու կերակրի կտորտանքի համար։ Սկսվում էր եւս մի հոգսաշատ օր։
Հեռվում, ձկնորսանավից ու ափից անդին, միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը։ Հարյուր ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը եւ լարվեց՝ թեւերը ոլորուն կորագծի դժվարին, ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ, եւ հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչեւ որ քամին շոյում էր դեմքը, մինչեւ օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց՝ մեկԷլի մի անգամքիչ էլմի մատնաչափ եւնորիցկորագիծՆրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ եւ ընկավ։
Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։
Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում նա սովորական թռչուն չէր։
Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։
Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։
Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերեւույթից իր թեւաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ճախրանքներն ավարտվում էին ոչ թե սովորական ճողփյունով, այլ երկար ձգվող հետքով, որ իրենց ետեւից գծում էին նրա ոտքերը՝ ծովի մակերեսին շփվելով։ Սկսելով սահասավառնել ու ոտքերն իրեն քաշած վայրէջքի գալով ափում՝ նա շարունակում էր ընթացքը՝ սահքի երկար հետագիծը թողնելով ավազի մեջ։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։
Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցնում էր մայրը,— ինչո՞ւ է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչո՞ւ չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին ու ալբատրոսներին թողնելով։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։
Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։
Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։
Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։
Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։

Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։
Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եւ մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։
Հազար ոտնաչափ բարձրությունից հնարավորին չափ ուժգին թափահարելով թեւերը՝ նա նետվեց խիստ կտրում խոյաթռիչքի՝ սլանալով դեպի ծովը, եւ հասկացավ, թե ինչու ճայերն այդպիսի հզոր խոյաթռիչքներ չեն գործում։ Վեց վայրկյանի չափ նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, որից թեւերն անհետացել էին շարժման թրթռոցի մեջ։
Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։
Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում եւ, թափահարելով թեւերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թեւն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, եւ նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։
Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թեւաթափահարումը չէր ստացվում։ Նա տաս անգամ փորձեց եւ ամեն անգամ, երբ անցնում էր ժամում յոթանասուն մղոն արագությունից, վերածվում էր չկառավարվող փետրագնդի եւ գահավիժում ջրի մեջ։
Ողջ գաղտնիքն այն է, ամբողջովին թրջվելուց հետո վերջապես հասկացավ նա, որ բարձր արագությունների դեպքում հարկավոր է թեւերն անշարժ պահել՝ հասցնել ժամում հիսուն մղոնի, ապա պահել անշարժ։
Երկու հազար ոտնաչափ բարձրության վրա նա նորից փորձեց կտուցը ցած պարզած, թեւերն անշարժ տարածած նետվելով խոյաթռիչքի՝ մի րոպե անց նա արդեն գերազանցեց ժամում հիսուն մղոն արագությունը։ Դա հսկայական լարում պահանջեց, բայց նրան հաջողվեց այդ անել։ Սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ՝ տաս վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։
Բայց հաղթանակը կարճ տեւեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թեւերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ եւ, ժամում իննսուն մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան Ճայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։
Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերեւույթով։ Թեւերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված, նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու, եւ այնժամ ամեն ինչ կվերջանար։
Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։
Ձայնը մարեց, եւ Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ճայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետեւ սովորական ճայ լինել։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։
Նա հոգնած պոկվեց գիշերային ծովի մթամած ջրերից եւ ուղղվեց դեպի ափ, գոհ, որ սովորել էր ուժերը խնայող ցածր թռիչքներ գործել։
Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։
Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։
Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։
Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ
Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։
Գիշերային մթնում, հարյուր ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի միտքն հանկարծ առկայծեց։ Նրա ընկճվածությունը, նրա բոլոր վճիռները վայրկենապես չքացան։
Կարճ թեւեր, բազեի կարճ թեւեր։
Ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես ողջ պահանջվածը փոքրիկ, շատ փոքրիկ թեւն է, ողջ պահանջվածը թեւերը ծալելն է ու միայն դրանց ծայրերով թռչելը։ Կարճ թեւեր։
Նա երկու հազար ոտնաչափ բարձրացավ գիշերային ծովից եւ, անհաջողության կամ մահվան մասին վայրկյան իսկ չմտածելով, թեւերի լայն մասն ամուր ծալելով կպցրեց մարմնին, միայն թեւածայրերի սուր ու կեռ դաշույնները պարզեց քամուն ու նետվեց ուղղահայաց խոյաթռիչքի։
Քամին հրեշային շաչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Այժմ, երբ նա թռչում էր ժամում հարյուր քառասուն մղոն արագությամբ, թեւերի լարումն ավելի փոքր էր քան նախկին յոթանասունի դեպքում, ու հիմա թեւածայրերի նվազագույն լարումով նա հանգիստ դուրս եկավ խոյաթռիչքից ու լուսնի լույսի տակ գորշ արկի պես սլացավ ալիքների վրայով։
Նա փակեց աչքերը քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից ժամում հարյուր քառասուն մղոն եւ՝ առանց կառավարումը կորցնելու։ Եթե երկու հազարի փոխարեն հինգ հազար ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է՝ ինչ արագությամբ
Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։
Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։
Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ 
եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։
Հազար ոտնաչափ բարձրությունից թփթփացնելով թեւածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց, արագորեն կրճատվող տարածության մեջ, պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։
Նա չկարողացավ կանգ առնել, նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրվել նման արագության դեպքում։
Բախումը վայրկենական մահ էր։
Նա փակեց աչքերը։
Դա պատահեց առավոտյան, արեւածագից անմիջապես հետո։ Սուրալով ժամում երկու հարյուր տասներկու մղոն արագությամբ, աչքերը փակ, քամու ու փետուրների խլացուցիչ վժժոցով Ջոնաթան Լիվինգսթոնը Ճայը շեշտակի մխրճվեց Նախաճաշող Երամի մեջ։ Այս անգամ Բախտի Ճայը ժպտաց նրան, եւ ոչ ոք չզոհվեց։
Խոյաթռիչքից դուրս գալու ժամանակ, կտուցը պարզած դեպի երկինք, նա դեռեւս սլանում էր ժամում հարյուր վասթուն մղոն արագությամբ։ Երբ նա ընթացքը դանդաղեցրեց֊հասցրեց ժամում քսան մղոնի եւ վերջապես նորից տարածեց թեւերը, չորս հազար ոտնաչափ բարձրությունից նավը մի փոքրիկ կետ էր թվում ծովում։
Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։ Դա իսկական հեղաշրջում էր՝ մեծագույն, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Նա միայնակ թռչում֊գնում էր մարզումների եւ, ութ հազար ոտնաչափ բարձրությունից ծալելով թեւերն ու նետվելով խոյաթռիչքների, միանգամից ձեռնամուխ եղավ շրջադարձներ անել սովորելուն։
Նա գիտեր, որ նման ահռելի արագության դեպքում թեւածայրի մեն֊մի փետուրի աննշան շարժումով իսկ կարելի է ողորկ ու կոր աղեղ ստանալ։ Նա վաղուց գիտեր դա, բայց եւ հասկանում էր, որ նման արագության դեպքում մի ավելորդ փետուրի շարժումն իսկ հրացանի գնդակի պես կպտտեցներ իրենեւ, այնուամենայնիվ, Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձեւավոր թռիչքներ էր կատարում։
Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտընթացքն ու հակառակ պտույտնէջքը։
Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ճայը մոտեցավ ափում ծվարած Երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում։ Եվ, չնայած դրան, վայրէջքի գալով՝ ոգեւորության մեջ նա մահվան օղակ կատարեց, վայրկենական պտույտ գործելով ափ հասնելուց անմիջապես առաջ։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։
Գալիքը բժժում էր խոստումնալից ու պայծառ֊պայծառ շողշողում։
Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին Խորհրդի Ափում եւ, ակնհայտորեն, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք իրեն էին սպասում։
Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվո նշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, Նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին, նրանք տեսան Հեղաշրջումը։ Բայց ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դերի առաջ։
Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն,— ասաց Տոհմապետը,— կանգնիր կենտրոնում ցեղակիրներիդ կողմից անարգվելու համար։
Ասես տախտակով տհարվածեին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան,աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվե՛լո՞ւ համար։ Անկարելի է։ Իսկ Հեղաշրջումը նրանք չեն հասկացել։ Նրանք իրավացի չեն, իրավացի չեն։
— … իր թեթեւամիտ անպատասխանատվության համարհանդիսավորությամբ ծորում էր ձայնը,— Ճայերի Տոհմը արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար
Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից եւ աքսորվելու մենակության Հեռավոր Ժայռերը։
— … օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։
Ճայը երբեք չի հակաճառում Երամի Խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։
Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։
Երամն ասես քար էր կտրել։
Եղբայրությունը քանդված է,— միաձայն շեշտեցին ճայերը եւ միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։
Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում֊գնում էր Հեռավոր Ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։
Նա օրը նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի շրջահոսուն խոյաթռիչքների միջոցով ծովում տաս ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ եւ այլեւս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ՝ հարյուրավոր մղոններ հաղթահարելով արեւամուտից մինչեւ արեւածագ։ Նույն ինքնատիրապետմամբ նա թռչում էր թանձր ծովամշուշի միջով ու նրանից բարձրանալով հասնում շլացուցիչ պայծառ երկնքին նույն այն ժամանակ, երբ մնացած ճայերը սեղմում էին գետնին՝ չիմանալով, թե ինչ կա մշուշից ու անձրեւվից անդին։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը՝ համեղ միջատներով ճաշելու։
Մի ժամանակ հույսեր կապելով Երամի հետ՝ նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել եւ չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։

Նրանք եկան երեկոյան եւ գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում մեն֊մենակ հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թեւերի մոտ, աստղերի պես շողշողում էին եւ փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ պահելով իրենց ու Ջոնաթանի թեւածայրերի միջեւ եղած մի մատնաչափ տարածությունը։
Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, փորձություն, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա թեքեց թեւերի դիրքը եւ այնքան դանդաղեցրեց ընթացքը, որ դրանից փոքր֊ինչ ավելի դանդաղն անգամ անկման էր հավասար։ Շողարձակող երկու թռչունները նույնպես դանդաղեցրին, ապա սահուն կերպով տեղում կասեցրին ընթացքը։ Նրանք գիտեին դանդաղ թռչել։
Նա ծալեց թեւերը, ճոճվեց եւ ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին՝ վայրընթաց անթերի աստիճանաձեւ շարք կազմած։
Վերջապես նա շրջվեց եւ նույն արագությամբ ուղիղ նետվեց երկարատեւ ուղղահայաց դանդաղեցված գալարաթռիչքի։ Նրանք ժպտալով գալարվեցին իր հետ։
Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի։ Որոշ ժամանակ նա լուռ էր, հետո խոսեց։
Հիանալի է, — ասաց նա,— ո՞վ եք դուք։
Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։
Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ Մենք եկել ենք քեզ վերեւ տանելու, տանելու տուն։
Ես տուն չունեմ, ես Երամ չունեմ, ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ Լեռան գագաթը, այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի հարյուր ոտնաչափից ավելի բարձրացնել։
Կարող ես, Ջոնաթան, չէ՞ որ դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշն սկսելու։
Իր ողջ կյանքում դա ցոլցլացել էր նրա խորքերում, եւ հիմա Ջոնաթան Ճայի միտքը հանկարծ լուսավորվեց։ Նրանք ճիշտ էին։ Ինքը կարող էր էլ ավելի բարձր թռչել, եւ, բացի այդ, տուն գնալու ժամանակն էր։
Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ, արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։

Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։

Комментариев нет: