Մասն երկրորդ
Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։
Այժմ, թողնելով Երկիրը եւ երկու ադամանդափայլ ճայերի հետ թեւ֊թեւի բարձրանալով ամպերից էլ վեր, նա տեսավ, որ իր սեփական մարմինը եւս փոխվում֊դառնում է նրանց պես շողշողուն։ Դա, իհարկե, իր ոսկեգույն աչքերի առջեւ ապրած նույն երիտասարդ Ջոնաթանն էր, միայն թե փոխված արտաքին ձեւերի մեջ։
Մարմինն էլի ճայի էր, բայց հիմա արդեն նա թռչում էր շատ ավելի լավ, քան թռել էր երբեւէ։ Այդ ինչո՞ւ, մտածեց նա, կիսով չափ քիչ լարվելով՝ ես հիմա թռչում եմ կրկնակի շատ ու կրկնակի արագ, քան լավագույն օրերիս երկրի վրա։
Նրա փետուրներն այժմ շողշողում էին ադամանդի սպիտակ փայլով, իսկ թեւերը ողորկ էին, արծաթյա փայլերցած թիթեղների պես անթերի։ Նա հիացած սկսեց ուսումնասիրել դրանք, ուժը փորձել նոր թեւերին։
Ժամում երկու հարյուր հիսուն մղոն թռչելիս նա զգաց, որ մոտեցել է հորիզոնական թռիչքի իր համար առավելագույն արագությանը։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոն անցնելիս մտածեց, որ թռչում է այնքան արագ, որքան միայն կարող է ու մի քիչ հիասթափվեց։ Ուրեմն նոր մարմնի կարողությունները նույնպես սահմանափակ էին, ու թեեւ դրանք շատ ու շատ անգամ գերազանցում էին իր իսկ ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ կար եւ մեծ լարում կպահանջվեր այն հաղթահարելու համար։ Երկնքում, մտածում էր նա, սահմանները չպետք է լինեն։
Ամպերը մնացին հեռվում։ Նրա ուղեկիցները բացականչեցին․
Երջանիկ վայրէջք, Ջոնաթան,— եւ անհետացան անոսր երկնի խորքերում։
Ծովի վրայով նա թռչում էր դեպի կտրտված ափեզրը։ Ժայռերի մոտ մի քանի մարզվող ճայեր էին ուրվագծվում։ Հեռու հյուսիսում, հորիզոնին մոտ ճախրում էին եւս մի քանիսը։ Նոր պատկերներ, նոր մտքեր, նոր հարցեր․ ինչո՞ւ են ճայերն այսքան քիչ, երկինքը պիտի որ լի լիներ ճայերի երամներով։ Եվ ինչո՞ւ հանկարծ ինքն այսպե հոգնեց, չէ՞ որ ճայերը, ինչպես ընդունված է համարել, երբեք չեն հոգնում եւ չեն քնում երկնքում։
Որտե՞ղ էր նա այդ լսել։ Իր երկրային կյանքի հիշողություններն աստիճանաբար հեռանում էին։ Նա, իհարկե, Երկրում շատ բան էր սովորել, բայց մանրամասներն այժմ աղոտացել էին․ ինչ֊որ բան էր հիշում հանուն սննդի թռչելու մասին, Աքսորյալ լինելու մասին։
Ափեզրի մոտ մի խումբ ճայեր առանց բառ իսկ արտասանելու ընդառաջ եկան նրան։ Նա զգաց միայն, որ սա տուն է եւ որ ինքը ցանկալի է այստեղ։ Դա նրա համար մեծ օր էր, օր, որի արեւածագը նա վաղուց արդեն չէր հիշում։
Ափում վայրէջք կատարելու համար նա շրջվեց, մի մատնաչափ բարձրության վրա թեւերը թափահարելով՝ կանգ առավ, ապա թեթեւորեն իջավ ավազին։ Մյուս ճայերը նույնպես իջան՝ եւ առանց փետուր իսկ շարժելու։ Լուսաճերմակ թեւերը տարածած՝ նրանք համաչափորեն ճոճվեցին օդում, ապա սկսեցին իրենց փետուրների կորությունն ինչ֊որ կերպ փոփոխել այնքան, մինչեւ որ լրիվ կանգ առան։ Նույն վայրկյանին էլ նրանց թաթերը դիպան գետնին։ Դա հրաշալի ինքնակառավարում էր, բայց Ջոնաթանը շատ հոգնած էր այն կրկին փորձելու համար։ Ափ հասնելուն պես, դեռ բառ իսկ չարտասանած, նա քնեց։
Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։
Վաղուց արդեն Ջոնաթանը մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր ինքը, այն աշխարհի, ուր Երամն ապրում էր աչքերն ամուր փակած թռիչքի երջանկության դեմ՝ թեւերն օգտագործելով միայն կեր գտնելու եւ այն իրարից փախցնելու համար։ Բայց ժամանակ առ ժամանակ այդ հիշողությունները մի պահ նորից արթնանում էին։
Մի առավոտ, երբ ծալված թեւերով ակնթարթային պտույտներ գործելու պարապմունքից հետո ուսուցչի հետ հանգստանում էին ափին, նա դարձյալ հիշեց այդ ամենը։
— Իսկ ո՞ւր են մյուսները, Սալիվան,— հարցրեց նա առանց խոսքի՝ մի հրաշալի հեռազգացությամբ, որով լուռ հաղորդակցվում էին այստեղի ճայերը փոխանակ ճչալու եւ աղմկելու։
— Ինչո՞ւ մենք քիչ ենք այստեղ։ Այնտեղ, որտեղից ես եկել եմ, ապրում էին…
— …հարյուրավոր ու հազարավոր ճայեր, գիտեմ,— գլխով արեց Սալիվանը։— Ես մի պատասխան կարող եմ տալ, Ճոնաթան, դա այն է, որ դու մեն֊միակն ես միլիոնավոր թռչունների մեջ։ Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։ Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, եւ, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչեւ կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը։ Հազարավոր կյանքեր, Ջոն, տաս հազարավոր, եւ էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչեւ սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչեւ այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։ Նույն կանոնն, անշուշտ, գործում է նաեւ մեզ համար։ Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում։ Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էության նույնն է, ինչ եւ այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։
Նա տարածեց թեւերը եւ շրջվեց՝ դեմքը դարձնելով քամուն։
— Բայց դու, Ջոն,— ասաց նա,—
կարճ ժամանակում այնքան շատ բան ես սովորել, որ հազարավոր կյանքերի կարիքը չունեցար այստեղ հասնելու համար։
Մի վայրկյանում նրանք կրկին հայտնվեցին օդում մարզումներ անեու։ Համատեղ գալարաթռիչքները դժվարությամբ էին հաջողվում։ Կիսով չափ շրջված ընթանալով՝ Ջոնաթանը ստիպված էր մնածել գլխիվայր կախված՝ ուսուցչի հետ ներդաշնակորեն հակառակ շրջելով թեւի աղեղը։
Եկ դա նորից փորձենք,— էլի ու էլի կրկնում էր Սալիվանը, եկ դա նորից փորձենք։— Ապա վերջապես․— լավ է։— Եվ նրանք դարձյալ սկսեցին մահվան օղակների եռանդագին մարզումները։
Մի երեկո գիշերային թռիչքի չգնացած ճայերը մտքի մեջ սուզված կանգնած էին ավազին։ Իր ողջ քաջությունը հավաքելով Ջոնաթանը դիմեց Ավագ Ճային, որն, ասում էին, շուտով հեռանալու էր այս աշխարհիծ։
— Չիանգ,— ասաց նա փոքր֊ինչ հուզված։
Ծեր ճայը բարությամբ նայեց նրան։ — Այո, որդիս։— Տարիների հետ թուլանալու փոխարեն տոհմապետն ավելի ուժեղ էր դարձել, նա կարող էր գերազանցել Երամի ցանկացած ճային եւ գիտեր այնպիսի հմտություններ, որ մյուսները նոր էին միայն յուրացնում։
Ջիանգ, այս աշխարհը ամենեւին էլ երկինքը չէ, ճի՞շտ է։
Տոհմամետը ժպտաց՝ ողողված լուսնի լույսով։— Դու դարձյալ սովորում ես, Ջոնաթան Ճայ,— ասաց նա։
Լավ, իսկ ի՞նչ է լինելու սրանից հետո, ո՞ւր ենք մենք գնում։ Իրականում կա՞ այնպիսի մի տեղ, որ երկինք է կոչվում։
Ոչ, Ջոնաթան, այդպիսի տեղ չկա։ Երկինքը ոչ տարաթություն է եւ ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։— Նա մի պահ լուռ էր։— Դու շատ արագ թռչող ես, այնպես չէ՞։
Ես… ես հաճույք եմ զգում արագությունից,— ասաց Ջոնաթանը շփոթված, բայց եւ հպարտ, որ Տոհմապետը նկատել էր իրեն։
Երկնքին սկսում ես հասնել այն ժամանակ, Ջոնաթան, երբ հասնում ես բացարձակ արագության։ Դա ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ եւ ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը, որդիս, այնտեղ հայտնվելն է։
Չիանգը հանկարծ չքացավ եւ մի ակնթարթում հայտնվեց ջրի եզրին՝ հիսուն ոտնաչափ հեռու։ Ապա կրկին չքացավ եւ մեկ հազարերորդական վայրկյան անց կանգնեց Ջոնաթանի կողքին։
Սա միայն կատակ էր,— ասաց նա։
Ջոնաթանն ապշել էր։ Նա մոռացավ երկնքի մասին հարցնելը։
Ինչպե՞ս ես այդ անում։ Ի՞նչ ես զգում այդ պահին։ Որքա՞ն տարածություն կարող ես անցնել։
Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…
— Կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թռչել,— հարցրեց Ջոնաթան Ճայը՝ մի նոր անհայտի նվաճման մտքից դողահար։
— Իհարկե, եթե ուզում ես սովորել։
— Ուզում եմ։ Ե՞րբ կարող ենք սկսել։
— Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե համաձայն ես։
— Ես ուզում եմ սովորել քեզ նման թռչել,— ասաց Ջոնաթանը, եւ աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։— Ասաց ինձ, թե ի՞նչ եմ անելու։
Չիանգը խոսում էր դանդաղ՝ հետեւելով միշտ ջանասեր այդ պատանի ճային։— Մտքի արագությամբ թռչել՝ նշանակում է լինել ցանկացած տեղում,— ասաց նա,— դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես։
Չիանգի ասելով բանի էությունն այն էր, որ Ջոնաթանը պիտի դադարեր դիտել իրեն որպես քառասուներկու մանտաչափ տեւերի բացվածք եւ նախապես տրված հնարավորություններ ունեցող սահմանափակ կարողություններով օժտված մարմնի գերի։ Էությունն այն բանի գիտակցումն էր, որ իր իսկական ես֊ը այնպես բացարձակորեն, ինչպես անվերջ թիվը, միաժամանակ ապրում է տարածության ու ժամանակի ցանկացած կետում։
Ջոնաթանը շարունակում էր մարզվել, մարզվել համառորեն, ամեն օր, արեւածագից մինչեւ կեսգիշեր, եւ, չնայած բոլոր ջանքերին, մի փետրաչափ իսկ առաջ չէր շարժվում տեղից։
— Մոռացիր հավատի մասին,— նորից ու նորից կրկնում էր Չիանգը,— թռչել սովորելիս հավատը քեզ պետք չեկավ, դու պետք է թռիչքը հասկանաս։ Դա հենց այն է, ինչ պետք է։ Այժմ նորից փորձիր։
Մի օր, երբ Ջոնաթանը փակ աչքերով ափին կանգնած կենտրոնանում էր, մտքի հանկարծակի մի փայլատակումով հասկացավ, թե ինչ էր ասում Չիանգը․ «Իհարկե, դա ճշմարիտ է, իմ հնարավորություններն անսահման են, ես կատարյալ ճայ եմ»։ Երջանկության հզոր ալիքը ցնցեց նրան։
— Լավ է,—
ասաց Չիանգը հաղթականորեն։
Ջոնաթանը բացեց աչքերը։ Ինքն ու Տոհմապետը միայնակ կանգնած էին միանգամայն անծանոթ մի ափում՝ ծովեզրին խոնարհված ծառերով ու կրկնակի դեղին արեւներով՝ հայտնված իրենց գլխավերեւում։
— Վերջապես պատկերացրիր,— ասաց Չիանգը,— բայց կառավարումդ փոքր֊ինչ մշակման կարիք ունի։
Ջոնաթանն ապշել էր։— Այս որտե՞ղ ենք մենք։
— Կանաչ երկնքով ու արեւի տեղ կրկնակ աստղերով ինչ֊որ մոլորակի վրա,— տարօրինակ շրջապատի հանդեպ կատարչալ անտարբերությամբ, իմիջայլոց պատասխանեց Տոհմապետը։
Ջոնաթանը հիացմունքի ճիչ արձակեց, առաջին հնչյունը՝ Երկիրը թողնելուց հետո։— ՍՏԱՑՎՈՒՄ է։
— Այո, իհարկե ստացվում է, Ջոն,— ասաց Չիանգը,— միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։ Իսկ այժմ կառավարման մասին…
Արդեն մութ էր, երբ նրանք վերադարձան։ Ճայերը Ջոնաթանին հառեցին իրենց ակնածալից ոսկեգույն աչքերը․ նրանք տեսել էին անշարժ դիրքից նրա անհետանալը։
Մի քանի վայրկյան ականջ դնելով իիրեն ուղղված շնորհավորանքներին՝ նա ասաց․ — Ես այստեղ նորեկ եմ, դեռ բոլորովին սկսնակ, եւ այդ ամենը ձեզանից պիտի սովորեմ։
Զարմանում եմ, Ջոն, — նրա կողքին կանգնելով ասաց Սալիվանը։ — Տաս հազար տարում իմ տեսած բոլոր ճայերից դու ամենահամարձակն ես սովորելու մեջ։ — Երամը լռեց, Ջոնաթանը հուզվեց շփոթմունքից։
Եթե ուզում ես, կարող ենք սկսել աշխատել ժամանակի վրա, — ասաց Չիանգը,— մինչեւ կսովորես թռչել դեպի անցյալը եւ դեպի ապագան։ Այնժամ դու պատրաստ կլինես ամենադժվարը, ամենահզորն ու անենագրավիչը սկսելուն։ Դու պատրաստ կլինես սկսել վերընթաց թռչել եւ կհասկանաս, թե ինչ են բարին ու սերը։
Մոտ մի ամիս Ջոնաթանը խելահեղ արագությամբ յուրացնում էր ամեն ինչ։ Փորձը ցույց էր տվել, որ նա միշտ էլ արագ էր սովորում, իսկ այժմ հենց իրեն՝ Տոհմապետին աշակերտելով՝ այնպես էր ընդունում նոր գաղափարները, ասես փետրավոր հաշվիչ մեքենա լիներ։
Ահա եւ եկավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանդարտ զրուցում էր բոլորի հետ՝ հորդորելով, որ նրանք երբեք չթողնեն եւ սովորելն եւ մարզվելը, որ մշտապես ջանան ավելի ու ավելի խորն ըմբռնել կյանքի իսկական, աներեւույթ, անտեսանելի էությունը։ Խոսելու ընթացքում նրա փետուրները հետզհետե ավելի ու ավելի պայծառ էին շողում, իսկ վերճին պահին այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։
Ջոնաթան,— ասաց նա, եւ դրանք նրա արտասանած վերջին բառերն էին․ — աշխատիր ըմբռնել, թե ինչ է սերը։
Երբ նրանք վերստացան տեսնելու կարողությունը, Չիանգն այլեւս չկար։ Որքան օրերն անցնում էին, այնքան ավելի հաճախ էր Ջոնաթանն իրեն գտնում նորից ու նորից Երկրի մասին մտածելիս, այն Երկրի, որտեղից եկել էր։ Եթե ինքն այնտեղ գիտենար այն ամենի մեկ տասներորդ, թեկուզ մեկ հարյուրերորդ մասը միայն, ինչ իմացավ այստեղ, որքան ավելի ամաստալից կլիներ կյանքը։ Ավազին կանգնած նա հետաքրքրությամբ մտածում էր, թե գուցե այնտեղ եղել է մի ճայ, որը կարող էր խորտակել իրեն կաշկանդող սահմաններն ու դուրս գալ դրանցից, որ կարող էր թիանավից հացի փշրանքներն փախցնելուց անդին տեսնել թռիչքի իմաստը։ Հավանաբար նա նույնիսկ կարող է հասցրած լինել Աքսորյալ դառնալ իր ճշմարտությունը ԵՐմաի երեսին ասելու համար։ Եվ որքան ավելի էր Ջոնաթանը մարրզվում բարության դասերը յուրացնելու համար, այդքան ավելի էր աշխատնում ըմբռնել սիրո բնույթը, այնքան ավելի էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթան Ճայը ծնվել էր ուսուցիչ լինելու համար․ սիրո արտահայտման նրա եղանակը իր հայտնաբեած ճշմարտությունը նվիրելն էր յուրաքանչյուր ճայի որն ուզում է գտնել այն։
Սալիվանը, որն այժմ մտքի արագությամբ թռիչքների գիտակ էր եւ օգնում էր մյուսներին յուրացնել դա, հավանություն չէր տալիս դրան։
— Ջոն, դու մի անգամ արդեն Աքսորյալ ես եղել։ Ինչո՞ւ ես կարծում, որ նույն այդ ճայերից ոմանք այժմ կցանկանան լսել քեզ, այն էլ քո այս տարիքում։ Դու գիտես ասածը եւ այն ճիշտ է․ «Որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում»։ Այն ճայերը, որոնցից դու հեռացել ես, կպած են գետնին, նրանք ճչում են ու կռվում իրար հետ։ Նրանք հազարավոր մղոններ հեռու են երկնքից, իսկ դու ուզում ես այնտեղից ցույց տալ նրանց երկինքը։ Ախր նրանք իրենց սեփական թեւերի ծայրերն անգամ չեն կարողանում տեսնել, Ջոն։ Մնա այստեղ, օգնիր այստեղի նորեկներին, նրանց, որոնք բավականաափ բարձր են թռել հասկանալու համար այն, ինչ ունես նրանց ասելու։ — Նա մի պահ լռեց, ապա ասաց։— Ի՞նչ կլիներ, եթե Չիանգը վերադառնար իր նախկին աշխարհը։ Որտե՞ղ կլինեիր այսօր դու։
Վերջին փաստարկը համոզիչ էր հնչում, Սալիվանն իրավացի էր․ որքան ճայը բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Ջոնաթանը մնաց եւ պարապում էր նորեկ թռչունների հետ, որոնք բոլորն էլ շատ ընդունակ էին եւ արագ յուրացնում էին ամեն ինչ։ Բայց նախկին զգացումը նորից արթնացավ, եւ նա չէր կարողանում չմտածել, որ Երկրի վրա հավանաբար կլինեն մեկ֊երկու ճայ, որոնք նույնպես կարող էին սովորել։ Ինչքան շատ բան նա կիմանար այժմ, եթե Չիանգն իր կողքին լիներ այն օրերին, երբ ինքն Աքսորյալ էր։
— Ես պետք է վերադառնամ, Սալլի,— ի վերջո ասաց նա։— Քո աշակերտները հիանալի առաջադիմում են։ Նրանք կարոէ են օգնել քեզ նորեկներին ուսուցանելու։
Սալիվանը հոգոց հանեց, բայց չառարկեց։— Կարծում եմ կկարոտեմ քեզ, Ջոնաթան, — միայն ասաց նա։
— Ամոթ է, Սալլի,— հանդիմանեց նրան Ջոնաթանը, — այդքան խենթ մի լինիր։ Հապա ինչով ենք մենք զբաղվում ամեն օր։ Եթե մեր բարեկամությունը դեռեւս կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածությունն ու ժամանակը, ապա, վերջնականապես հաղթահարելով դրանք՝ մենք խորտակած կլինենք մեր երամակցական կապերը։ Հաղթահարելով ժամանակը՝ կունենանք Այժմ։ Չե՞ս կարծում, որ կարող ենք մեկ֊երկու անգամ հանդիպել Այստեղի եւ Այժմվա միջեւ մի ինչ֊որ կետում։
Սալիվանն ակամա ծիծաղեց։ — Դու խենթ ես, — համակրանքով ասաց նա։ — Եթե կա մեկը, որ կարող է գետնին կպած որեւէ էակի ցույծ տալ, թե ինչպես կարելի է հազարավոր մղոնների չափ հեռուն տեսնել, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայն է։ — Նա հայացքը հառեց ավազին։ — Մնաս բարով, Ջոն, բարեկամս։
— Ցտեսություն, Սալլի, մենք էլի կհանդիպենք։ — Այս ասելով Ջոնաթանը մտաբերեց ճայերի մեծ երամների պատկերը մի այլ ժամանակի մեջ եւ սովորական թեթեւությամբ զգաց, որ փետուր ու ոսկոր չէ ինքը, այլ ազատության ու թռիչքի բացարձակ գաղափարը, որ ոչնչով չի սահմանափակվում։
Ֆլեթչեր Լինդ Ճայը դեռ բոլորովին ջահել էր, բայց արդեն գիտեր, որ երբեւէ չէր եղել մի այլ թռչուն, որի հետ որեւէ Երամ այդքան անգթորեն վարված լիներ կամ այդքան անարդարացի։
«Ինձ համար միեւնույն է, թե ինչ կասեն նրանք,— զայրացած մտածեց նա եւ աչքերը մշուշվեցին, երբ թռչում էր դեպի Հեռավոր Ժայռերը։ — Թռչելը շա՜տ ավելին է, քան տեղից֊տեղ փոխադրվելու համար թեւերը թափահարելը, դե դա… դա ախր… դա մոծակն էլ կանի։ Ընդամենը մի փոքրիկ գալարաթռիչք Տոհմապետի շուրջը, հենց այնպես, կատակի համար միայն, եւ ահա ես Աքսորյալ եմ։ Նրանք կո՞ւյր են, իչն է, մի՞թե չեն տեսնում, մի՞թե չեն պատկերացնում այն փառահեղ կյանքը, որ կունենանք մենք, երբ իսկապես սովորենք թռչել։
Ինձ համար միեւնուն է, թե ինչ կմտածեն նրանք։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կլինեմ, եթե նրանք այդպես են ցանկանում։ Բայց նրանք դեռ շատ կզղջան սրա համար»։
Ձայնը եկավ հենց իր ներսից ու թեեւ այն չափազանց նուրբ էր, այնուամենայնիվ, այնքան վախեցրեց, որ նա երերաց ու կարկամեց օդում։
— Մի չարանա նրանց վրա, Ճայ Ֆլեթչեր։ Քեզ վտացելով՝ մյուս ճայերը միայն իրենց են վնասել, մի օր նրանք կհասկանան դա, մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ փորձիր հասկանալ։
Նրա աջ կողմում մի ադամանդափայլ ճայ էր թռչում, աշխարհի ամենաճերմակ ճայը։ Նա սահում էր առանց որեւէ ջանքի, փետուր իսկ չշարժելով, եւ դա այն դեպքում, երբ ինքը՝ Ֆլեթչերը թռչում էր գրեթե առավելագույն արագությամբ։
Պատանի ճայի հոգում մի պահ ամեն ինչ իրար խառնվեց։
«Այս ի՞նչ է կատարվում։ Ես խելագարվե՞լ եմ, ես մեռե՞լ եմ։ Ի՞նչ է սա»․ զարմանում էր երիտասարդ ճայը։ Ցածր ու հանգիստ, ձայնը թափանցեց նրա հոգու խորքերը՝ պատասխան պահանջելով․ — Ֆլեթչեր Լինդ Ճայ, դու ուզո՞ւմ ես թռչել։
ԱՅՈ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ։
Ֆլետթեր Լինդ Ճայ, դու արդյո՞ք այնքան շատ ես ուզում թռչել, որ կներես Երամին, կսովորես ու մի օր այնտեղ կվերադառնես եւ կաշխատես օգնել նրանց իմանալու քո սովորածը։
Չնայած հպարտությանն ու կրած վիրավորանքին, Ֆլեթչերն անկարող էր ստել այդ հիասքանչ, հմուտ արարածին։
— Այո, — մեղմորեն ասաց նա։
—Այդ դեպքում, Ֆլեթչ,
— ասաց այդ լուսացող արարածը, եւ այդ ձայնի մեջ այնքան բարություն կար, — եկ սկսենք Հորիզոնական թռիչքից։
Комментариев нет:
Отправить комментарий