2016-05-07

Միֆական տարրերը «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպում

«Հարրի Փոթթերը» բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարն է: Ամեն մի վեպը նկարագրում է գլխավոր հերոսի` երեխա-կախարդ Հարրի Փոթթերի կյանքի մեկ տարին կախարդության և մոգության դպրոց Հոգվարդսում: Հարրի Փոթթերի մասին պատմող վիպաշարը բաղկացած է յոթ գրքից, և բոլոր 7 մասերն էլ դարձել են բեսթսելերներ ու թարգմանվել տարբեր լեզուներով (առաջին գիրքը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», թարգմանվել է նաև հայերեն): Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 325 միլիոն (64 լեզուներով): Առաջին գիրքը` «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը», Ջոան Ռոուլինգը գրել է հինգ տարվա ընթացքում և տպագրել 1997 թվականին Բրիտանիայում:
            Վեպը ֆենթեզի գրականության արժեքավոր օրինակներից է: Նման ստեղծագործության մեջ կախարդանքը, հրաշքն ու առասպելը գտնվում են իրար կողք կողքի: Այդտեղ, ի տարբերություն ֆանտաստիկայի, բացատրություններ չեն տրվում յուրաքանչյուր հրաշքի համար, այլ հրաշքը գտնվում է բնական վիճակում և սովորական է ֆենթեզի երկրի համար:
«Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպում կյանքի են կոչվում բազմաթիվ բանահյուսական տարրեր,  որոնք ձուլվում են սյուժեի հիմնական ընթացքին, դառնում գործողություննների հենքը: Ջ. Ռոուլինգը կենդանություն է հաղորդում վաղուց մոռացված առասպելներին և հանդիպադրում դրանք լոնդոնցի 11 ամյա Հարրին: Իրականի և երազայինի միջև սահմանը ոչ միայն ջնջվում է, այլև մարդկության մտածողության հեքիաթային, դիցաբանական շերտերը դառնում են իրական: Երևան է գալիս ֆենթեզի ժանրին ամենից բնորոշ առանձնահատկությունը, երբ միֆական կերպարներն են դառնում ստեղծագործության գործող անձինք:

Կատու Պրոֆեսորը
Վեպի առաջին էջերում հանդիպում ենք բանահյուսական տարրերից մեկին` կերպարանափոխությանը կամ մետամորֆոզին: Պրոֆեսոր Մըքգոնագալը, կատվի կերպարանափոխ­ված, հսկում է Դարզլիներին մինչև Հագրիդը կբերի փոքրիկ Հարրիին: Դպրոցի այս ուսուցչուհին առհասարակ օժտված է այդ կախարդական շնորհով և վիպաշարի բոլոր հատվածներում պարբերաբար կերպարանափոխության է ենթարկվում. կատվի կերպարանքը դառնում է վերջինիս երկրորդ էությունը: Կատվի կերպարանափոխվելը կապված է հնագույն պատկերացումների ու աստվածությունների հետ: Այդ կենդանուն սրբացնում էին` դնելով հեթանոս աստվածների կողքին: Հին եգիպտացիները գերադասում էին մեռնել, քան սպանել կատվին: Սատկած կատուների մահը սգում էին ու նրանց թաղում էին մարդկանց համար նախատեսված ծիսակարգով. վերջիններիս հետ  թաղում էին նաև զմռսված մկներ, որպեսզի «հանգուցյալը»  անդրշիրիմյան կյանքում չձանձրանա:
            Ինչպես նշում է բանահավաք Ս. Հարությունյանը, կատուն համարվում էր ուղեկցող, պաշտպանող, Աստծո աջ ձեռքը: Քրիստոնեության ընդունումից հետո կատվի նախնական պաշտամունքը ժողովուրդը կապեց Քրիստոսի հետ` անվանելով «աստծո թաշկինակ»:

Հոգվարդսի պահապանը
Տարբեր երկրների առասպելաբանության մեջ հիշատակվում են հսկաներ, որոնք պաշտպանում են երկնքի դռները, սրբազան դարպասների բանալիները: Այդպես էլ Հագրիդն է պահպանում Հոգվարդսը` իմաստության, կախարդության ամրոցը, որը չարի և բարու հատման կետն է ու մարտադաշտը: «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպում պաշտպանական գործառույթ ունի նաև երեքգլխանի շունը, որի դիցաբանական նախատիպը հին հունական դիցաբանության Կերբերոս երեքգլխանի շունն է: Կերբերոսը հսկում է Աիդի հանդերձյալ թագավորությունը: Համաձայն հին հունական առասպելների` Օրֆեյը, նվագելով տավիղ, քնեցրել է Կերբերոսին և անցնել նրա կողքով:
Դիցաբանական այս նույն մոտիվն է կիրառում նաև Ջ. Ռոուլինգը, երբ երեքգլխանի Փափկամազիկի (վեպում շան անունը) կողքով գլխավոր հերոսներն անցնում են տավիղ նվագելով:
            Շունը բազմաթիվ առասպելներում  և զրույցներում հանդես է գալիս իբրև մահվան, վրեժխնդրության մարմնավորում: Հայկական հնագույն պատկերացումներում «շնագլխիկ պառվիկը» կարող է մահ բերել, իսկ շան լիզելը անեծք էր համարվում, որի դեպքում մահն անխուսափելի էր:

Փիլիսոփայական քարը
Երեքգլխանի շունը պահպանում էր փիլիսոփայական քարը, որը ձեռք բերելը  Վոլնդեմորթի գլխավոր նպատակն էր, քանի որ այն կարող էր վերականգնել նրա մարմինը և վերադարձնել ուժերը: Դեռևս հնագույն ժամանակներից գրեթե բոլոր մշակույթներում ձևավորվել են առասպելներ անմահության, իմաստության և հավերժի մասին: Հին Եգիպտոսում անմահության նշան էր անխը, որը անվանվում էր նաև  «կյանքի բանալի»: Այս գաղափարը, վերցնելով հնագույն մշակույթներից, ալքիմիկները ցանկանում էին ստեղծել փիլիսոփայական քարը: Այն համարվում էր կյանքի էլեկսիր, հինգերորդ տարր: Ըստ նրանց` փիլիսոփայական քարով պատրաստված ըմպելիքը խմելու դեպքում հնարավոր էր բուժել բոլոր հիվանդութ­յուն­ները, վերադարձնել երիտասարդությունը և երկարացնել կյանքի տևողությունը: Հենց այս քարի համար է տեղի ունենում պայքարը Հարրիի և Վոլնդեմորթի միջև: Անմահություն փնտրելը և այն ձեռք բերելը բոլոր ժամանակներում հուզել է մարդուն: Այս մոտիվը իր տեղն է գտել առասպել-հեքիաթներում: Օրինակ` ռուսական բանահյուսական հեքիաթներում փնտրում են կարմիր ծաղիկը (алый цветок):  Կարմիր ծաղիկի փնտրման մոտիվը առկա է նաև շումերական էպոս «Գիլգամեշում», որտեղ իր եղբայր Էնկիդուի կյանքը փրկելու համար երկի համանուն հերոսը գնում է հանդերձյալ աշխարհ՝ կյանքի ծաղիկը գտնելու: Անմահության ծաղիկի դիցաբանական այս մոտիվը իր դրսևորումն է գտել նաև հայ վիպագրության մեջ. Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում հայ ֆիդայիները փնտրում են նույն Բրաբիոն ծաղիկը:

Առասպելական կենդանիները
«Հարրի Փոթթերում» հրաշքներն իրագործվում են կախարդական փայտիկի օգնությամբ, և հետաքրքրական է, որ ոչ թե կախարդն է ընտրում իր ապագա փայտիկը, այլ փայտիկը՝ տիրոջը: Հարրիի կախարդական փայտիկը պատրաստված էր փյունիկի փետուրից: Փյունիկը առասպելական թռչուն է, որի հետ կապված են բազմաթիվ միֆական պատմություններ: Այս առասպելական թռչունը ի վիճակի է այրել ինքն իրեն և կրկին հառնել մոխրից: Այլաբանությամբ այն հավերժական վերածնունդի խորհրդանիշն է, որ նշանակում է հաղթանակ մահվան նկատմամբ: Վերածննդի հասկացությունը բնորոշվել է միֆական թռչունին միայն Հիսուս Քրիստոսից հետո: Դիցաբանական այս իրողության հիմքում, սակայն, կան ավելի խորը արմատներ: Փյունիկը, ըստ ղպտիական եկեղեցու, չի զրկվում անմահությունից, քանի որ Դրախտում, ի տարբերություն մյուս կենդանիների, չի ուտում չարի ու բարու ճանաչման խնձորը:
Այս միֆը տարբեր ազգերի գրականություններում վերածվել է արդեն դարձվածքի, և հայ իրականության մեջ արվեստի տարբեր բնագավառներում սկսվել է համեմատվել հայի ճակատագրի հետ՝ տանջված, այրված, բայց նորից հառնող ու վեր խոյացող: Հիշենք, թերևս, Վ. Տերյանի բանաստեղծական հատվածը «Երկիր Նաիրի» շարքից.
«Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր»:
Փյունիկից բացի վեպում հանդիպում ենք նաև այլ առասպելական կենդանիների: Այդպիսի կենդանիներից է, օրինակ, միաեղջյուրը կամ միեղջյուրը: Միաեղջյուրին սպանելով և արյունը խմելով Վոլնդեմորթը վերականգնում է իր ուժերը: Դիցաբանական մտածողության մեջ համարվում էր աստվածային կենդանի և իմաստության կրող: «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» վեպում անմահության կրող միաեղջյուրին պահպանում է կենտավրոսը (ձիու մարմնով և մարդու գլխով արարածը), որը առասպելներում մարմնավորում էր իմաստությունը:
Հեթանոս ժողովուրդը հավատում էր, որ աստվածները բացի կախարդական առարկաներից ստեղծում էին նաև հրեշներ, ոգիներ և այլ դիցաբանական արարածներ:  Դրանցից էր տրոլը: Գրքում պատկերվում է, թե ինչպես է տրոլը մտնում Հոգվարդս և ինչպես են Հարրի Փոթթերը, Ռոնին և Հերմիոնա Գրենջերը հաղթում նրան:
Տրոլների մասին առաջին պատմությունները հայտնաբերվել են սկանդինավյան երկրներում: Դրանք կախարդական արարածներ են` հսկայական մարմնով և բավականին փոքր գլխով: Տրոլի ոտքերը կարճ են ու կոպիտ, բայց ունեն ծառի հաստություն, իսկ ձեռքերը ոտքերից շատ ավելի երկար են: Տրոլները բավականին հիմար են, դա վկայում է նրանց փոքր գլուխը: Բայց, չնայած դրան, անասելի դաժան են և ագրեսիվ: Նրանք ուտում են ամեն ինչ, այդ թվում և մարդկանց: Կան տրոլների տարբեր տեսակներ, սակայն Հոգվարդս էր մտել լեռնային տրոլը, որը տրոլներից ամենավտանգավորն էր:

Կախարդական իրերը
Վեպում իր արտահայտությունն է գտնում հունական առասպելաբանությունից հայտնի Էրիսի հայելին: Էրիսը հունական դիցաբանության երկպառակության աստվածուհին է: Նա առաջացնում էր սով, պատերազմներ, խառնաշփոթ, անօրինություն: Չնայած սրան, Էրիսն օրհնում էր արդար աշխատանքը: Էրիսի հայելին հենց ինքը` երկպառակության հայելին է: Շատ երկրներում կարծում էին, որ հայելու մեջ տեսածը մեր դեմքը չէ, այլ պատկանում է «այն» աշխարհին: Վեպում հայելին ընդունվում էր որպես կենդանի մարդկանց և մեռյալների միջև սահման: Իսկ հայելու շրջանակի վրա գրված էր` «Ես չեմ արտացոլում ձեր դեմքը, այլ արտացոլում եմ ձեր սրտի նվիրական ցանկությունները»: Շատերն էին խելագարվում հայելու առաջ կանգնած: Սակայն այն ոչինչ չէր տալիս`ոչ գիտելիք, և ոչ էլ ճշմարտություն: Հայելին դուռ էր. դուռ դեպի ցանկությունների և երևակայության աշխարհ: Հարրին հայելու առջև կանգնած տեսնում է իրեն և իր մահացած ծնողներին, իսկ Վոլնդեմորթի հետ կռվելիս նվիրական ցանկությունների հայելին պատկերում է փիլիսոփայական քարի գտնվելու վայրը՝ Հարրիի գրպանը: Երևակայության խաբկանքին չհավատալով` գլխավոր հերոսը ձեռքը տանում է դեպի գրպանը և զարմացած հայտնաբերում, որ քարն իրոք գրպանում է: Պրոֆեսոր Դամբլդորը այդ երևույթը մեկնաբանում է փիլիսոփայական քարի և հայելու սեփական կամքի գոյության հետ. հայելին անեծք չի դառնա, այլ կօգնի նրան, ում սիրտը մաքուր է, իսկ ցանկությունները` արդար:
Առասպելական-հեքիաթային տարրեր են նաև թռչող ցախավելը, խոսող գլխարկը: Վեպի հերոսները տեղաշարժվում էին թռչունների, թռչող ձիու, ցախավելի  օգնությամբ:
Ինչպես արդեն նշվել է` ֆենթեզի ժանրին բնորոշ է հեքիաթայինը: Հեքիաթներում հանդիպում ենք կախարդական իրերի, որոնք կատարում են որևէ հրաշք կամ անտեսանելի են դարձնում կրողին: «Հարրի Փոթթեր»-ում անտեսանելի դարձնելու մոտիվն իր մեջ է կրում թիկնոցը, որը Հարրի Փոթթերին էր անցել ժառանգաբար: Սակայն ոչինչ հենց այնպես չի տրվում: Այս թիկնոցը մահվան երեք նվերներից մեկն էր, որի օգտագործման համար Հարրին պետք է վճարեր[1]:
 Մեծ է կախարդական գլխարկի գործառույթը: Գլխարկն էր որոշում, թե աշակերտները դպրոցական որ խմբին կմիանան: Գլխարկն առաջնորդվում էր երեխայի կամքը առաջնային համարելու սկզբունքով, սակայն երբեմն նա ինքն էր որոշում երեխաների փոխարեն: Գրողի համար գլխարկը դառնում է միջոց, որով չարի դեմ պայքարելու համար բռունցք դառնալու կոչ է անում: Հետագայում հանդիպում ենք խոսող գլխարկի, որ բացի իր հիմնական ֆունկցիայից, իր մեջ էր պահում հրաշագործ թուրը:
Խոսելով առասպելների, աստվածների և գերբնական արարածների մասին` մենք անընդհատ բախվում ենք չարի ու բարու գործոնին: Գրեթե բոլոր հեքիաթներում և դիցաբանական զրույցներում բարին հաղթանակում է: Լույսը հաղթում է մթին և արևը ամեն առավոտ ծագում է` այրելով դևերին: Այդպես եգիպտական առասպելաբանության մեջ պատմվում է, թե ինչպես է Ամոն Ռա աստվածը ամեն գիշեր կռվում խավարի, մահվան աստծո հետ, որպեսզի ամեն առավոտ ծագի սրբազան լույսը: Ինչպես տեսնում ենք բարին հենց ինքը լույսն է: Այս հավերժական պայքարը կյանքի համար է: Հարրին բարին էր, որ պետք է պայքարեր չարի` Վոլնդեմորթի դեմ: Ամենավերջում Վոլնդեմորթի ժամանակավոր մարմինը մոխրանում է Հարրիի  հպումից և չարը նահանջում է:
            Ջոան Ռոուլինգը կերտել է մի երևակայական աշխարհ, որը հարուստ է առասպելական տարրերով, որտեղ ոչինչ, ոչ մի կերպար ընտրված չէ պատահականորեն: Նույնիսկ հերոսների անունները կապ ունեն դիցաբանության, առասպելաբանության հետ: Ինչպես «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քար»-ը գրքում, այնպես էլ վիպաշարի մնացած գրքերում խաչվում են հնագույն մշակույթները նորագույն հասկացությունների հետ:

Օգտագործած գրականության ցանկ
  1. Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000:
  2. Мифы народов мира., М., 1980:
  3. Ролинг Дж., Гарри Поттер и философский камень, М., 2002:


Комментариев нет: