2016-02-12

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Հրանտ Մաթևոսյան. գյուղագրից մինչև մարդկային հոգեբանի պաշտոնակատար

Լոռվա ամենապարզ ժողովուրդը հայ ազգին տվեց այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհ. Թումանյանը, Ստ. Զորյանը և իհարկե Հր. Մաթևոսյանը: Եթե Թումանյանը կրակ էր, որ հար վառվեց մեր գրականության երկնակամարում, եթե Զորյանը պատմության փաստագիրն ու դատավկան դարձավ, ապա այլ դեր էր պահված Մաթևոսյանի համար: Նրան վիճակված էր դառնալ աշխատավոր գյուղացու  անվարձ հոգեբանը:
Նրա ամեն մի բառը սնվեց գյուղի աշխատասիրությունից ու մաքրությունից, նրա երկերը մեկը մյուսի հետևից շարունակեցին արձանագրել հայ գյուղի և հայ գյուղացու տաժանակիր կյանքն ու նրանց հանդեպ կյանքի անարդարությունը: Գյուղացին, որ սովոր էր իր արդար քրտինքով ու առանց տրտունջքի ապրել, ակամայից սկսում է հակադրության մեջ դնել իրեն և «քաղքենի քաղաքացիներին»: Նրա հերոսներից որոշները, չկարողանալով հակադրության եզրերի մեջ իրենց հետամանացության հետ հաշտվել, տրվեցին կյանքի «թեթև» հոսանքին: Նրանք փոխեցին իրենց բնակության վայրը, շարունակեցին դուրս գալ իրենց կաշիներից՝ հարմարվելու և խառնվելու քաղաքին ու նրա կյանքին, սակայն այդպես էլ, ինչպես մեզ ցույց է տալիս Մաթևոսյանը, չկարողացան սպանել իրենց մեջ գյուղացուն և նրա պարզսրտությունը. «Պավլեն… մի օր հաշիվները փակեց ոչխարի հետ, ընտանիքն առավ, գնաց քաղաք: Բայց նա ի՜նչ քաղաքի բան էր, իշի գլուխ էշը…» կամ «…ու կարտոլի պարկի կողքին՝ դաշնամուր»: 
Մաթևոսյանը ցավով ցույց տվեց իր ստեղծագործություններում, որ հայ գուղը, այն գյուղը, որ նա այնպես հպարտությամբ անվանում էր «հովիվների հանրապետություն»,  չկարողացավ դիմանալ քաղաքի ու քաղաքացիների ներխուժմանը, որ նա այսօր խարխուլ բերդի պես, որի հիմերը հողին հավասարվելու են պատրաստվում, տնքում է անզորությունից: Գյուղը գյուղացով է գյուղ, բայց գյուղացիների աչքը դրսում է. «Կինը Զավենի վիզն անընդհատ ծռում է դեպի քաղաք. «Պավլեն, որ էնտեղ ապրում է, մենք չե՞նք ապրի, շարժվիր, ես մի գործարանում հավաքարա՜ր կաշխատեմ»:Իշխո՛ն, Իշխո՛ն… Իշխոն էլ է աչքը գցել քաղաքին»: 
Մաթևոսյանի սիրտը հատկապես ցավում էր, իր իսկ որակումով ասած, բեռնաձի-մարդկանց համար: Գյուղը լիքն էր անդրոներով, մարիամներով, աշխեններով և իհարկե ալխոներով: Եվ որքան էլ դժվար չլիներ նրանց կյանքը, այնուամենայնիվ նրանք Մաթևոսյանի սիրուն ու հարգանքին արժանացել էին հենց իրենց բեռնաձի լինելու պատճառով: Բայց երբ մեկն ու մեկը այս բեռնաձիերից կարողանում էր ազատագրվել գյուղի կապանքներից, Մաթևոսյանը դադարում էր հարգել նրան, քանի որ նա, այդ «գյուղապուրծը», հանդգնել էր դուրս գալ իր իրական ես-ից, ներկայանալ լրիվ ուրիշ մարդու կերպարով, իսկ սուտն ու կեղծիքը առաջին մեղքն էր, որ խարազանում էր հեղինակը. «Եվ զգացի, որ ես էլ այդ ձիուն եմ խորթանում: Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղվող գավակը, ես զգացի, որ նրան ատում եմ և որ իմ մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող բեռնաձին, հովատակից արհամարհված, հովատակի սարսափը ջլերի մեջ և առջևը ծղոտ» : 
Մաթևոսյանը, սակայն, կուրորեն չէր գերագնահատում բեռնաձիու գոյությունը: Բեռնաձիերին (նաև՝ բեռնաձի-մարդկանց) նա հակադրության մեջ էր դնում գոմեշների հետ, ովքեր, ի տարերություն առաջինների, ինքազոհողությամբ չէին աշխատում, նրանց համար հաճույքը մղված էր առաջին պլան, և պատահական չէ, որ ռուս քննադատ Ալլա Մարչենկոյի հարցին, թե ում կուզենար տեսնել Մաթևոսյանը  Ծմակուտի ենթադրյալ-հավանական զինանշանին՝ Ալխո ձիու՞ն, թե՞ գոմեշին, հեղինակը պատասխանել է. «Իմ Ծմակուտում ամենաիմը իմ Ալխոն է»:
Մի առանձին տիպ է գյուղաբնակների և գրականության մեջ Աղունը: Հանրությանը այդքան ծանոթ կերպարը ամփոփում է իր մեջ հայ կնոջ ամենադրական հատկանիշները: Ոչինչ որ նրա տունը քանդվելու եզրին էր իր իսկ լեզվի պատճառով, ինչպես փորձում է պարզաբանում տալ սկեսուրը՝ Արուսը, այնուամենայնիվ հենց այդ լեզուն է դառնում Աղունի և նրա նմանների աշխարաճանաչման, անարդարության դեմ ընդվզումի ու ինքնահաստատման անխախտ միջոցը: Աղունը հայ գրականության այն կերպարն է, որի մեջ հեղինակին հաջողվել է ամբողջացնել մայրական ապրումները, խոր հոգեբանությունը և բարոյախոսությունը, որն ավելի շատ հիշեցնում է կյանքի դաս: Պատահական չէ, որ Աղունի կերպարը «Աշնան արևով» Մաթևոսյանը չի կարողանում եզրափակել: Աղունը ավելի լայն խոհերի ու մտածմունքների տեր կերպար է, և հենց դրա համար էլ հեղինակը հնարավարություն է տալիս նրան պարզել իր կենսափիլիսոփայությունը արդեն հաջորդ` «Ծառեր» վիպակում: Աղունը կյանքի դասեր է տալիս որդուն նրա երկու պապերի օրինակով. հորդորում է չլինել ինչպես իր պատրոն և նրա պապ Ավետիքը, որ բոլորը օգտագործեն, իսկ անպեք եղած ժամանակ շպրտեն մի կողմ: Սիրագորով մայրը ցանկանում է, որ որդին նմանվի իր հորը՝ մայրական պապին՝ Իշխանին, ով գիտի ճիշտ տեղում մեջքը խոնարհել հետո մեկ աստիճանով բարձրանալու համար: Ասելով այս՝ Աղունը ամենևին չի ցանկանում որդուն դարձնել անխիղճ ու անզգա, շողոքորթ ու տմարդի, ո՛չ, ուղղակի նա փորձում է հասկացնել, որ մի բան է խիղճը, և մեկ այլ՝ խեղճությունը. «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:  Աղունի ողջ այս կենսափիլիսոփայությունը հեղինակը ամփոփում է մի կարճ, բայց դիպուկ նախադասության մեջ. «Ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»: 

2002 թ-ին ընդհատվեց մեծանուն արձակագրի կյանքի թելը, սակայն նրա թողած գրական ժառանգությունը հավերժ կենդանի կպահի նրան ժողովրդի հիշողության մեջ:

*** Մեջբերումներն արված են Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը», «Նարինջ Զամբիկ», «Ծառերը» գործերից:
Հեղինակ՝ Ա. Վերանյան

2 комментария:

Աստղիկ Սողոյան комментирует...

Փոքր ծավալով, բայց մեծագույն բավանդակությամբ... Գրվածքիդ մեջ կար ամեն բան, հիմնովին բացահայտված էին Հր. Մաթևոսյան գրողի ստեղծագործության որոշ կողմերը... Մեծ մարդ, մեծ հայ, մեծ լոռեցի...

Arman Veranyan's Blog комментирует...

Շնորհակալություն #Աստղիկ_Սողոյան ջան