Միսս Սիդլին
տարրական դասանների ուսուցչուհի էր։
Փոքրամարմին
կին, ով ստիպված էր լինում կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի ինչ-որ բան գրի գրատախտակի
վերին անկյունում, ինչն էլ անում էր հենց հիմա։
Նրա թիկունքում երեխաներից ոչ մեկը չէր քրքջում ու չէր շշնջում ու թաքուն կոնֆետ չէր ուտում՝ թաքցնելով այն բռունցքի
մեջ։ Նրանք շատ լավ էին ծանոթ միսս Սիդլիի մահացու բնազդներին։ Միսս Սիդլին միշտ կարող
էր ասել, թե ով է մաստակ ծամում վերջին շարքում նստած, թե ում գրպանում պարսատիկ կա,
ով է զուգարան գնալու համար ձեռք բարձրացրել, որպեսզի այնտեղ բեյսբոլի քարտեր փոխանակի։
Նա միշտ բոլորի մասին ամեն ինչ գիտեր, ինչպես Բարձրյալը։
Նրա մազերը
սպիտակում էին, և կորսետը, որով նա փորձում էր փրկել իր թուլացող ողնաշարը, ակնհայտ
երևում էր նրա հագուստի բարակ գործվածքի տակից։ Փոքրամարմին, հիվանդոտ կին՝ ծակող հայացքով։
Այնուամենայնիվ, նրանից վախենում էին։ Նրա լեզվի մասին դպրոցում առասպելներ էին շրջում։
Երբ նա հառում էր հայացքը մեկի վրա, ով ծիծաղում էր կամ շշնջում, անգամ ամենից պինդ
ոտքերը թուլանում էին։
Այժմ գրելով բառերը, որոնց ուղղագրությունը պետք է այսօր ստուգեր, նա մտածում էր այն մասին, որ իր երկար մանկավարժական գործունեության հաջողությունը կարելի է արտահայտել այս սովորական առօրյա գործողությամբ․ նա շատ հանգիստ կարող էր շրջվել թկունքով դեպի դասարանը։
-Արձակուրդ,-
ասաց նա առաջին բառը՝ գրելով այն տեսանելի տառերով։- Էդուա՛րդ, նախադասություն կազմիր,
խնդրեմ, «արձակուրդ» բառով։
-Ես արձակուրդին
Նյու-Յորք էի մեկնել,- երգեցիկ ասաց Էդուարդը։ Հետո, ինչպես սովորեցրել էր միսս Սիդլին,
կրկնեց վանկատելով՝ ար-ձա-կուրդ։
-Շատ լավ է,
Էդուա՛րդ։- Միսս Սիդլին անցավ հաջորդ բառին։
Իհարկե, նա
ուներ իր սեփական փոքրիկ հնարքները․ հաջողությունը, հաստատապես հավատում էր նա, նույնչափ կախված
է մանրուքներից, որքան և կարևոր բաներից։ Այս սկզբունքը նա հստակորեն կյանքի էր կոչում
դասարանում, և դա նրան երբեք չէր մատնել։
-Ջե՛յն,- հանգիստ
արտասանեց նա։
Ջեյնը, որ գաղտնի
նայում էր քրեստոմատիայի մեջ եղած նկարները, բարձրացրեց մեղավորություն արտահայտող
աչքերը։
-Խնդրում եմ,
անմիջապես փակի՛ր գիրքը։- Գիրքը փակվեց․ ատելությունից գունատված աչքերով Ջեյնը նայեց միսս Սիդլիի թիկունքին։-
Դասի զանգից հետո կմնաս դասասենյակում տասնհինգ րոպեով։
Ջեյնի շրթունքները
դողացին․
-Այո՛, մի՛սս
Սիդլի։
Նրա հնարքներից
մեկը ակնոցի հմուտ կիրառումն էր։ Ողջ դասարանը արտացոլվում էր դրանց հաստ ապակիների
մեջ, և նա գաղտնի միշտ բավարարություն էր ստանում տեսնելով նրանց մեղավոր հայացքներն ու վախեցած կերպարանքները,
որոնց մանր-մունր չարաճճիությունները բացահայտել էր։ Այժմ նա նկատեց, թե ինչպես գունատված,
ակնոցի ապակիներից աղճատված Ռոբերտը, ով առաջին նստարանին էր նստած, կնճռոտեց քիթը։
Միսս Սիդլին լռեց։ Առայժմ։ Ռոբերտն ինքը կընկնի կարթը, եթե այն մի քիչ խորն իջեցնի։
-Ռոբե՛րտ,-
նա վանկատում էր,- Ռո՛բերտ, խնդրեմ, նախադասություն կազմիր «վաղը» բառով։
Ռոբերտը մտածեց
խնդրի շուրջ։ Դասարանն ուժասպառ էր եղել սեպտեմբերյան արևից։ Դռան վերևում կախված էլեկտրական
ժամացույցը հայտնում էր, որ դեռ մնացել է կես ժամ երանելի ժամը երեքից, և միակ բանը,
որ թույլ չէր տալիս երեխաներին քնով անցնել ուղղագրական տետրերի վրա, միսս Սիդլիի սարսափազդու
թիկունքն էր։
-Ես սպասում
եմ, Ռոբերտ։
-Վաղն ինչ-որ
վատ բան տեղի կունենա,-ասաց Ռոբերտը․ բառերը միանգամայն անմեղ հնչեցին, բայց միսս Սիդլին, ինչպես
կարգապահության բոլոր պահապանները, օժտված էր զարգացած յոթերորդ զգայարանով, և դա նրան
ծայրահեղ դուր չեկավ։
-Վա-ղը,- ավարտեց
Ռոբերտը։ Նա ձեռքերը կոկիկ դրեց սեղանին, և նորից կնճռոտեց քիթը։ Ու նաև հազիվ տեսանելի
ժպտաց բերանի անկյունով։ Միսս Սիդլին անբացատրելիորեն հանկարծ հասկացավ, նա վստահ էր,
որ Ռոբերտին հայտնի է ակնոցով իր հնարքի մասին։
Դե ինչ, հրաշալի
է։
Նա սկսեց լուռ
գրի առնել հաջորդ բառը․ ուղիղ մեջքը խոսում էր նրա փոխարեն։ Նա ուշադիր հետևում էր աչքի
ծայրով։ Շուտով Ռոբերտը լեզու ցույց կտա կամ էլ մատների այդ նողկալի կոմբինացիան կանի,
որը հայտնի էր նրանց բոլորին (թվում է՝ անգամ աղջիկները հիմա գիտեն այդ ժեստը ), ուղղակի
որպեսզի ստուգի, թե արդյոք նա տեսնում է այն, ինչ ինքն անում է։ Ահա այդ ժամանակ էլ
վրա կհասնի պատիժը։
Արտացոլանքն
այդքան էլ մեծ չէր, բացի այդ խամրած էր ու աղճատված։ Եվ նա ամբողջովին կենտրոնացավ
բառի վրա, որը գրի էր առնում՝ հետևելով, կարելի է ասել, աչքի ամենածայրով։
Ռոբերտը փոխվեց։
Միայն խավար
արտացոլանքը հասավ նրան, Ռոբերտի դեմքի՝ ուղղակի սարսափեցնող ակնթարթորեն կերպափոխումը․․․ մի այլ բանի։
Նա գունատված
ու կտրուկ շրջվեց ու անգամ ուշադրություն չդարձնելով մեջքի աճող ցավը։
Ռոբերտը մեղմ,
հարցական նայում էր նրան, ձեռքերը կոկիկ դրած սեղանին։ Ծոծրակին փոթորիկի առաջին նշաններն
էին երևում։ Բայց նա վախեցած տեսք չուներ։
«Ինձ թվաց ուղղակի,-
մտածեց միսս Սիդլին։- Ես ինչ-որ բան տեսա և չնայած այնտեղ ոչինչ էլ չկար, աչքիս ինչ-որ
բան երևաց։ Ուղղակի այդպես ստացվեց։ Այնուամենայնիվ․․․»։
-Ռոբե՞րտ,-
նա փորձեց արտասանել դա տիրական ձայնով, այնպես, որպեսզի իր ձայնի մեջ հնչի խոստովանելու
չարտահայտված պահանջը։ Բայց չստացվեց։
-Այո՞, միսս
Սիդլի։- Տղայի աչքերը մուգ շագանակագույն էին, գրեթե սև, ինչպես տիղմը ծանծաղ գետի
հատակին։
-Ոչինչ։
Նա շրջվեց դեպի
գրատախտակը։ Դասարանով շշնջոց անցավ։
«Հանգի՛ստ»,-հրամայեց
նա իրեն և կրկին դեմքով շրջվեց դեպի դասարանը։
-Եվս մի ձայն,
և դուք բոլորդ դասից հետո կմնաք Ջեյնի հետ։ Նա դիմում էր ողջ դասարանին, բայց նայում
էր ուղիղ Ռոբերտի վրա։ Նրա հայացքը վիրավարված անմեղություն էր արտահայտում՝ «Ո՞վ,
ե՞ս։ Միայն ոչ ես, միսս Սիդլի»։
Նա շրջվեց դեպի
գրատախտակն ու սկսեց գրել՝ արդեն չհետևելով անգամ աչքի ծայրով։ Վերջացավ վերջին կես
ժամն ու, միսս Սիդլիին թվաց, որ Ռոբերտը դուրս գալիս իր վրա տարօրինակ հայացք նետեց։
Այդ հայացքը կարծես ասում էր․ «Ես և Դուք ընդհանուր գաղտնիք ունենք, ճի՞շտ
է»։
Այդ հայացքը
դուրս չէր գալիս նրա գլխից։ Այն մնացել էր այնտեղ, ինչպես մսի փոքրիկ կտորը ատամնաշարի
մեջ․ կարծես թե փոքրիկ կտոր է, բայց զգացողությունն
այնպիսին է, ասես մի մեծ քար լինի այնտեղ։
Ժամի հինգին
նա միայնության մեջ նստեց ճաշելու (եփած ձվեր ու տոստերի հաց)՝ չդադարելով մտածել այդ
մասին։ Ինքը դպրոցական այն տարեց կանանցից չէ, ում գոռոցներով ու ողբով ճանապարհում
են թոշակի։ Այդպիսիք նրան հիշեցնում էին խաղամոլների, որոնց չես կարողանում կտրել սեղանից,
երբ նրանք պարտվում են։ Ինքը որ հաստատ չէր պարտվում։ Ինքը միշտ հաղթում էր։
Նա իջեցրեց
հայացքը իր պարզունակ ընթրիքի վրա։
Արդյոք մի՞շտ
է հաղթում։
Նրա առաջ հառնեցին
իր երրորդ դասարանի երեխաների մաքուր լվացած դեմքերը, և բոլորից ավելի պարզ՝ Ռոբերտի
դեմքը։
Նա վեր կացավ
ու վառեց մոմը։
Ավելի ուշ,
երբ նա արդեն քնում էր, նրա աչքերի առջև լողալով անցավ Ռոբերտի դեմքը, որ տհաճորեն
ժպտում էր մթության մեջ։ Դեմքն սկսեց փոփոխվել։
Բայց նախքան
միսս Սիդլին հստակ պատկերացում կկազմեր, թե ինչի էր վերածվել այդ դեմքը, խավարը կուլ
տվեց այն։
Միսս Սիդլին
անքուն գիշեր անցկացրեց ու դասարան եկավ համապատասխան տրամադրությամբ։ Նա սպասում էր,
գրեթե հույս ուներ, որ ինչ-որ մեկը կշշնջա, կքրքջա, կամ էլ կաղտոտի օդը։ Բայց դասարանը
իրեն հանգիստ էր պահում, շա՜տ հանգիստ։ Երեխաները
հնազանդորեն միսս Սիդլիին էին նայում, և թվում էր, թե նրանց աչքերը, նման կույր
մրջյունների, ճնշում են ուսուցչուհուն։
«Վե՛րջ տուր,-
խստորեն հրամայեց նա իրեն,- դու քեզ մանկավարժական քոլեջի կամակոր շրջանավարտի նման
ես պահում»։
Օրը նորից ձգվում
էր անվերջ, և երբ հնչեց վերջին զանգը, նա անասելի թեթևություն զգաց, ավելի շատ, քան
աշակերտները։ Երեխաները հավասար գծով, ըստ հասակի, շարվել էին դռան մոտ՝ ձեռք ձեռքի
բռնած։
-Գնացե՛ք,-
հրամայեց նա ու տխրությամբ լսեց նրան զվարթ աղաղակները, երբ վերջիններս դուրս էին գալիս
նախամուտքից դեպի պայծառ արևը։
«Ինչի՞ էր այն
վերածվել։ Ինչ-որ սոխուկանման բանի։ Այն փայլում էր։ Ինձ էր նայում, այո, նայում էր
ու քմծիծաղում, և դա ամենևին էլ երեխայի դեմք չէր։ Այն ծեր էր ու չար ու․․․»։
-Մի՞սս Սիդլի։
Նրա գլուխը
ցնցվեց ու, նա ակամա զկրտաց։
Միստր Հաննինգն
էր։ Նա խոսեց ներողամտություն հայցող ժպիտով․
-Չէի ուզում՝
վախեցնել Ձեզ։
-Ամեն ինչ կարգին
է,- արտասացեց միսս Սիդլին ավելի չոր, քան նախատեսել էր։ Ինչի՞ մասին էր նա մտածում։
Ի՞նչ էր նրա հետ կատարվում։
-Եկեք ստուգենք
աղջիկների զուգարանի թղթե սրբիչները, եթե Դուք դեմ չեք։
-Իհարկե՛։-
Միսս Սիդլին վեր կացավ՝ ձեռքերը դնելով գոտկատեղին։ Հաննինգը կարեկցաբար նրան նայեց։
«Աստծու սիրույն,-
մտածեց միսս Սիդլին,- ինձ ընդհանրապես ոչ ուրախ եմ զգում, ոչ էլ անգամ հետաքրքիր է
դա»։
Նա անցավ Հաննինգի
կողքով և ուղղվեց դեպի նախամուտքը՝ դեպի աղջիկների զուգարանը։ Տղաների մի խումբ, որ
տանում էր քերծված ու ամբողջովին մաշված բեյսբոլայն պարագաներ, լռեցին նրան տեսնելով
ու մեղավոր հայացքներով դուրս եկան դռնից, որտեղից հետո կրկին լսվեցին նրանց գոռոցները։
Միսս Սիդլին
խոժոռվեց՝ մտածելով այն մասին, որ իր ժամանակ երեխաները ուրիշ էին։ Այժմ նրանք քաղաքավարի
չեն, դրա համար նրանք երբեք ժամանակ չունեն, և այնպես էլ չէ, որ նրանք ավելի շատ հարգելիս
լինեն ավագներին․ այս սերունդի
մոտ մի տեսակ կեղծավորություն է առաջ եկել, որը նախկինում չի եղել։ Հասակավորների առաջ
ձևական հնազանդություն՝ համեմված ժպիտով․ նման բան նախկինում չի եղել։ Ինչ-որ լուռ ատելություն, մտածեց միսս Սիդլին ու անհանգստացավ։ Ասես թե նրանք․․․
«Թաքնվո՞ւմ
են դիմակի տակ։ Էդպիսի մի բա՞ն»։
Նա հեռու վանեց
իրենից նմանատիպ մտքներն ու զուգարան մտավ։ Դա փոքրիկ Լ-տառի ձև ունեցող տարածք էր։ Զուգարանները շարված էին երկար պատի տակ և կարճ
պատի՝ երկու կողմերով։
Ստուգելով թղթե
սրբիչների ամանը՝ նա նայեց հայելում իր արտացոլանքին ու ցնցվեց՝ ուշադիր դիտելով այն։ Նրան չէր անհանգստացնում իր տեսածը, ընդհանրապես
չէր անհանգստացնում։ Ուղղակի արտահայտություն էր առաջ եկել, որը չկար երկու օր առաջ՝ վախի, զգուշավորության։
Հանկարծակի սարսափով նա հասկացավ, որ Ռոբերտի
գունատ, ակնոցի մեջ աղճատված, հարգալից դեմքը ընկել է նրա հոգու մեջ ու մնացել այնտեղ
թարախակույտի պես։
Դուռը բացվեց,
ու նա լսեց, թե ինչպես ներս մտան երկու աղջիկներ՝ ինչ-որ բանի վրա ծիծաղելով։ Արդեն
պատրաստվում էր դուրս գալ անկյունից, երբ լսեց իր անունը։ Նա շրջվեց դեպի լվացարաններն
ու սկսեց նորից ստուգել սրբիչների ամանները։
-Իսկ նա այդ
ժամանակ․․․
Լուռ քրքիջներ։
-Միսս Սիդլին
գիտի, որ․․․
Կրկին քրքիջներ՝
կամաց ու կպչուն, ինչպես հալվող օճառը։
-Միսս Սիդլին․․․
«Վերջ, վե՛րջ
տվեք այս աղմուկին»։
Անաղմուկ շարժվելով՝
միսս Սիդլին տեսնում էր նրանց ստվերները՝ մշուշոտ ու անորոշ տարածացրիվ լույսի մեջ,
որը ներս էր թափանցում փայլատ[1]
լուսամուտներից։
Նոր միտք ծագեց
նրա ուղեղում։
«Նրանք գիտեին,
որ ես այստեղ եմ»։
Այո՛, այո՛։
Նրանք գիտեին։ Փոքրիկ քածերը գիտեին։
Նա կհանի դրանց
հոգիները։ Այնքան կցնցի, մինչև ատամները կզգնզգնան, իսկ քրքիջները կվերածվեն ողբի,
նրանց գլուխներն այնքան ժամանակ սալիկապատ պատին կխփի, մինչև կստիպի նրանց խոստովանել,
որ նրանք գիտեին։
Եվ հանկարծ
ստվերները փոխվեցին։ Թվում էր՝ դրանք ձգվեցին, հոսեցին, ինչպես հալված մոմը, տարօրինակ
կուզավոր կերպարանքներ ընդունեցին, և միսս Սիդլին ստիպված էր մեջքով հենվել ճենապակե
լվացարանին․ նրա սիրտը կատաղի
թպրտում էր։
Իսկ նրանք դեռ
ծիծաղում էին։
Ձայները փոխվեցին․ դրանք այլևս աղջկական չէին, դրանք կարծես
անսեռ դարձան, անհոգի և սարսափելի չարամիտ։ Դանդաղ, ուռճացող ձայնը, նման դիվականի,
հոսեց նրա ականջների մեջ։
Նայելով սապատավոր
ստվերներին, միսս Սիդլին հանկարծ աղեկտուր
գոռաց։ Գոռոցը ահագնացավ, ուռճացավ նրա գլխում հասնելով լիակատար խենթության աստիճանի։
Քրքիջը, նման դիվական ծիծաղի, հետևեց նրան մինչև խավարը։
Իհարկե, նա
չէր կարող ուրիշներին պատմել ճշմարտությունը։
Միսս Սիդլին
հասկացավ դա՝ անմիջապես աչքերը բացելուց հետո, երբ տեսավ միստր Հաննինգի ու միսիս Կրոսենի
անհանգստացած դեմքերը։ Միսիս Կրոսենը նրա քթի տակ էր պահում հոտառության աղը։ Հաննինգը
շրջվեց ու տուն ուղարկեց երկու փոքրիկ աղջիկներին, որոնք հետաքրքրությամբ նայում էին
միսս Սիդլիին։
Նրանք երկուսն
էլ ժպտացին, ինչը նշանակում էր՝ «այո՛, մենք գիտենք Ձեր գաղտնիքը», ու դուրս եկան։
Շատ լավ է,
ինքը կպահպանի նրանց գաղտնիքը։ Առժամանակ։ Ինքը թույլ չի տա, որ կարծեն, թե ինքը թռցրել
է խելքը կամ, որ ժամանակից շուտ ծերունական խելագարության նշաններ են ի հայտ գալիս
իր մոտ։ Ինքը կներքաշվի նրանց խաղի մեջ։ Մինչև
որ կբացահայտի նրանց չարամտությունն ու արմատախիլ կանի դա։
-Հավանաբար
ես սայթաքեցի,- հանգիստ արտասանեց նա՝ նստելով ու ուշադրություն չդարձնելով մեջքի սարսափելի
ցավին։- Մի տեղ գետինը խոնավ էր։
-Սարսափելի
է,- ասաց Հաննինգը։- Ուղղակի սարսափելի։ Ինչպե՞ս ես Դուք․․․
-Ձեր մեջքը
չի՞ ցավում, Էմիլի,- ընդհանեց Հաննինգին միսիս Կրոսենը։ Հաննինգը շնորհակալություն
հայտնող հայացքով նրան նայեց։
-Ո՛չ,- պատասխանեց
միսս Սիդլին։- Իրականում ընկնելը փոքրիկ օրթոպեդիկ հրաշք էր։ Մեջքս արդեն քանի տարի
է այսքան լավ չէր եղել։
-Կարելի է բժիշկ
կանչել,- առաջարկեց Հաննինգը։
-Կարիք չկա,-
սառը ժպտաց նա։
-Ես տաքսի կկանչեմ։
-Անհանգստանալու
կարիք չկա,- ասաց միսս Սիդլին՝ ուղղվելով դեպի դուռն ու բացելով այն։- Ես միշտ ավտոբուսով
եմ երթևեկում։
Հաննինգը հառաչեց
ու նայեց միսիս Կրոսենին։ Միսիս Կրոսենը լուռ խոժոռեց աչքերը։
Հաջորդ օրը
միսս Սիդլին Ռոբերտին թողեց դասերից հետո։ Նա ոչինչ չէր արել, ինչի համար կարժանանար
պատժի, այդ պատճառով էլ միսս Սիդլին ուղղակի կեղծ մեղադրանքի դիմեց։ Խղճի խայթ նա չզգաց
դրա համար․ չէ՞ որ նա իսկական
հրեշ է, ոչ թե փոքրիկ տղա։ Ինքը պարտավոր է ստիպել նրան՝ խոստովանել դա։
Միսս Սիդլիի
մեջքը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Նա հասկացավ, որ Ռոբերտը գիտի դա ու սպասում է, որ
դա կօգնի իրեն։ Չի՛ ստացվի։ Դա միսս Սիդլիի
ևս մեկ առավելությունն էր։ Նրա մեջքը արդեն քսան տարի ցավում է, և արդեն շատ անգամ
նա զգացել է նույն ցավը։ Դե՜, գրեթե նույնը։
Միսս Սիդլին
փակեց դուռը, որպեսզի խուսափի վկաներից։
Որոշ ժամանակ
նա կանգնած էր անշարժ՝ ուշադիր նայելով Ռոբերտին։ Նա սպասում էր, թե երբ է տղան հակելու
հայացքը։ Չեղավ նման բան։ Ռոբերտը նրան էր նայում, և հանկարծ թեթև ժպիտ երևաց նրա շրթունքների
անկյունում։
-Ինչո՞ւ ես
ծիծաղում, Ռոբերտ,- հանգիստ հարցրեց միսս Սիդլին։
-Չգիտեմ,- պատասխանեց
Ռոբերտը՝ շարունակելով ժպտալ։
-Ասա՛ ինձ,
խնդրեմ։
Ռոբերտը ոչինչ
չասաց։
Եվ շարունակեց
ժպտալ։
Բակում խաղացող
երեխաների ձայնն ասես հեռվից էր գալիս։ Իրական էր միայն պատի ժամացույցի հիպնոզացնող
թկթկոցը։
-Մենք քիչ չենք,-
հանկարծ արտաբերեց Ռոբերտն այնպիսի տոնով, ասես եղանակի տեսություն էր հայտնում։
Լռելու հերթը
միսս Սիդլիինն էր։
-Միայն այս
դպրոցում տասնմեկն ենք։
«Ամենուր չարիք
է,- մտածեց միսս Սիդլին՝ մինչև հոգու խորքը խոցվելով,- սարսափելի, աներևակայելի չարիք»։
-Ամենատարբեր
պատմություններ հորինող փոքրիկ տղաները դժոխք են ընկնում,- հստակ արտաբերեց միսս Սիդլին։-
Ես գիտեմ, որ շատ ծնողներ հիմա չեն հայտնում իրենց․․. իրենց ժառանգներին․․․ այդ հանգամանքի մասին, բայց ես վստահեցնում եմ քեզ, դա միանգամայն
ուշադրության արժանի փաստ է, Ռոբերտ։ Ամենատարբեր պատմություններ հորինող փոքրիկ տղաները
դժոխք են ընկնում։ Փոքրիկ աղջիկները, ի դեպ, նույնպես։
Ռոբերտի ժպիտը
ավելի լայնացավ․ այն նենգացավ։
-Ուզո՞ւմ եք
տեսնել, թե ինչպես եմ ես փոխվում, միսս Սիդլի։ Հետաքրքիր ցուցադրություն կազմակերպե՞մ
Ձեզ համար։
Միսս Սիդլին
մեջքի հատվածում ծակոց զգաց։
-Գնա՛,- չոր
ասաց նա։- Եվ վաղը հետդ բեր մայրիկիդ ու հայրիկիդ։ Մենք կքննարկենք այդ հարցը։- Այսպե՜ս,
կրկին պինդ հողի վրա կանգնեց։ Միսս Սիդլին ակնկալում էր, որ նրա դեմքը կծամածռվի, արցունքներ
էր ակնկալում։
Դրա փոխարեն
Ռոբերտի ժպիտը ավելի լայնացավ, այնքան, որ երևացին ատամները։
-Դա նման կլինի
«ցույց տուր-պատմիր»-ին, այո՞, միսս Սիդլի։ Ռոբերտը, այն Ռոբերտը, սիրում էր խաղալ «ցույց տուր-պատմիր» խաղը։ Նա դեռևս թաքնված
է իմ գլխում։- Ժպիտը թաքնվեց նրա բերանի անկյուններում, ինչպես ածխացած թուղթը։- Երբեմն
նա սկսում է իրեն պատերով տալ, խնդրում է, որ բաց թողնեմ իրեն։
-Գնա՛,- ընդարմացած
ասաց միսս Սիդլին։ Ժամացույցի թկթկոցը որոտի պես էր հնչում նրա ականջներում։
Ռոբերտը փոխվեց։
Նրա դեմքը հանկարծ
տարածվեց, ինչպես հալվող մոմը, աչքերը հարթվեցին ու տափակացան, ինչպես ձվի դեղնուցները,
երբ դրանք առանձնացնում են սպիտակուցից, քիթը լայնացավ ու տափակեց, բերանն անհետացավ։
Ռոբերտն սկսեց
քրքջալ։
Ինչ-որ խոռոչային
ձայն լսվեց այնտեղից, որտեղ քիթն էր, բայց քիթն ինքը դեմքի ներքին մասում էր հայտնվել,
քթանցքերը ձուլվել ու վերածվել էին սև անցքի՝ հսկայական ճչացող բերանի նման մի բան
կազմելով։
Ռոբերտը կանգնեց,
շարունակելով քրքջալ, և այդ ամենի ներքո միսս Սիդլին դեռ կարողանում էր տեսնել ինչ-որ
թշվառ մնացուկներ մյուս Ռոբերտից, իրական
փոքրիկ տղայից, որին կուլ էր տվել այս սարսափելի հրեշը, տղայից, ով սարսփահար էր, ու
խնդրում էր, որ իրեն բաց թողնեն։
Միսս Սիդլին
փախավ։
Նա գոռալով
վազում էր միջանցքով, և դպրոցում երկար մնացած քչաթիվ աշակերտներ տարակուսած նրան էին
նայում։ Հաննինգը բացեց դուռն ու դուրս նայեց հենց այն պահին, երբ միսս Սիդլին դուրս
եկավ ահռելի ապակե դռան միջով՝ վայրենաբար, ու խրտվիլակի նման թափահարելով ձեռքերը
սեպտեմբերյան պայծառ երկնքի ֆոնին։
Նա վազեց միսս
Սիդլիի հետևից՝ ցնցելով ադամախնձորը։
-Մի՛սս Սիդլի,
մի՛սս Սիդլի։
Ռոբերտը դուրս
էր եկել դասարանից ու հետաքրքրությամբ հետևում էր այդ ամենին։
Միսս Սիդլին
ոչինչ չէր տեսնում ու չէր լսում։ Նա վազելով իջավ մայթի աստիճաններով, հասավ երթևեկելի
ճանապարհին՝ առաջ անցնելով անգամ սեփական գոռոցներից։ Հուսակտուր ազդանշան լսվեց ու
ավտոբուսը շարվեց դեպի նրա կողմը։ Վարորդի դեմքը սարսափից վերածվեց սպիտակ դիմակի։
Արգելակները նվվացին ու ֆշշացին ինչպես զայրացած վիշապներ։
Միսս Սիդլին
ընկավ, և ահռելի անիվները, ծխալով, կանգ առանց
նրա փխրուն, կորսետի մեջ փաթաթված մարմնից քսան սանտիմետր հեռավորության վրա։ Դողալով
նա պառկած էր ասֆալտին ու լսում էր, թե ինչպես է իր շուրջը հավաքվում ամբոխը։
Հետ շրջվելով
նա տեսավ, թե ինչպես են երեխաները նայում իր վրա։ Նրանք փոքրիկ խմբեր էին կազմել, ինչպես
հուղարկավորության մասնակիցները՝ բաց դագաղի շուրջը։ Իսկ դագաղի եզրի մոտ կանգնել էր
Ռոբերտը, փոքրիկ ու սթափ քարոզիչը՝ պատրաստ նետելու առաջին բուռ հողը նրա դեմքին։
Հեռվից լսվեց
դողացող վարորդի փնթփնթոցը․
«Ուղեղդ թափվե՞լ
է, ինչ է․․․ մի տաս սանտիմետր
էլ․․․»։
Միսս Սիդլին
նայում էր երեխաներին։ Նրանց ստվերը ծածկել էր իրեն։ Անվրդով դեմքեր, մի քանիսն անգամ
ժպտում էին տարօրինակ կերպով, և միսս Սիդլին հասկացավ, որ ահա նորից կգոռա։
Այդ պահին Հաննինգը
ցրեց նրանց նեղ շրջանակը, հրամայեց բոլորին գնալ այդտեղից, իսկ միսս Սիդլին սկսեց լուռ
հեկեկալ։
Մի ամիս միսս
Սեդլին չհայտնվեց իր դասարանում։ Նա զգուշացրել էր Հաննինգին, որ իրեն լավ չի զգում,
և վերջինս առաջարկել էր, որ միսս Սիդլին լուրջ բժշկի մոտ գնա ու ամեն ինչ քննարկի նրա
հետ։ Միսս Սիդլին համաձայնել էր, որ դա միակ ողջամիտ քայլն է։ Նա նաև ասել էր, որ եթե
դպրոցի ղեկավարությունը իր հեռացումը պահանջի, ինքն անմիջապես դիմում կգրի, չնայած
իր համար դա շատ ցավոտ կլինի։ Հաննինգը, անհարմարություն զգալով, նկատեց, որ դրա կարիքն
այդքան էլ չի զգացվում։ Վճռվեց, որ միսս Սիդլին աշխատանքի դուրս կգա հոկտեմբերի վերջին՝ պատրաստ խաղալու այդ խաղը և
արդեն իմանալով խաղի կանոնները։
Առաջին շաբաթը
նա չէր խառնվում իրադարձությունների ընթացքին։ Թվում էր, թե ողջ դասարանը հիմա նայում
էր նրան սառը, թշնամական հայացքով։ Ռոբերտը նորողամտաբար ժպտում էր նրան առջևի նստարանից,
իսկ միսս Սիդլին չէր համարձակվում կանչել նրան գրատախտակի մոտ։
Մի անգամ խաղահրապարակում
նրա հերթապահության ժամանակ, ժպտացող Ռոբերտը մոտեցավ նրան բեյսբոլի գնդակը ձեռքին։
-Մենք հիմա
այնքան շատ ենք, որ չեք էլ կարող հավատալ,- հայտնեց նա։- Եվ ոչ ոք էլ չի հավատա։- Ռոբերտը
շշմեցրեց նրան՝ խորամանկորեն աչքով անելով։- Այն դեպքում, երբ դուք փորձեք ասել ինչ-որ
մեկին։
Ճոճանակին նստած
աղջիկը ուշադիր նայեց միսս Սիդլիին խաղահրապարակի մյուս ծայրից ու ծիծաղեց։
Միսս Սիդլին
հանգիստ ժպտաց Ռոբերտին։
-Ինչի՞ մասին
ես խոսում, Ռոբե՛րտ։
Բայց Ռոբերտը
նախկին քմծիծաղով շարունակում էր խաղալ։
Հաջորդ օրը
միսս Սիդլին պայուսակի մեջ ատրճանակ բերեց դպրոց։ Այն պատկանում էր նրա եղբորը։ Եղբայրը
այդ ատրճանակը վերցրել էր Արդենի ճակատամարտում ընկած մի գերմանացուց։ Արդեն տասը տարի
էր, ինչ Ջիմը չկար։ Ամենաքիչը հինգ տարի միսս Սինդլին չէր բացել այն արկղը, որտեղ դրված
էր ատրճանակը, բայց երբ բացեց, տեսավ, որ այն դեռևս իր տեղում է՝ ձուլված մաքուր պողպատից։ Պարկուճն ու գնդակները նույնպես տեղում էին, և նա
ջանադրաբար լիցքավորեց ատրճանակը, ինչպես Ջիմն էր սովորեցրել։
Նա զվարթորեն
ժպտաց իր դասարանին, և առաջին հերթին Ռոբերտին։
Վերջինս ժպտաց ի պատասխան, բայց միսս Սիդլին զգաց, որ այդ ժպիտի տակ ինչ-որ
խորթ ու մռայլ բան էր խտացել՝ լի կպչուն աղտեղությամբ։
Միսս Սիդլին
գաղափար չուներ, թե իրականում ինչ է գտնվում Ռոբերտի մարմնի մեջ, բայց դա նրան չէր
անհանգստացնում․ նա միայն հույս
ուներ, որ իրական փոքրիկ տղան իսկապես անհետացել է, քանի որ չէր ուզում մարդասպան դառնալ։
Նա որոշեց, որ իրական Ռոբերտը կամ մեռել է, կամ ցնորվել՝ ապրելով այդ կեղտոտ սողացող
անասունի մեջ, որը ծիծաղում էր իր վրա դասարանում ու ստիպեց իրեն գոռալով դուրս վազել
փողոց։ Այնպես որ, եթե նա դեռ կենդանի է, նման խղճուկ գոյությանը վերջ տալը գթաստրտություն
կլինի։
-Այսօր մենք
կարևոր Թեստ կունենանք,- հայտարերեց միսս Սիդլին։
Դասարանը ոչ
վախի, ոչ հավանության նշաններ ցուցադրեց։ Երեխաներն ուղղակի նայում էին նրան։ Նրանց
աչքերը ուղղակի ճնշում էին միսս Սիդլիին՝ ծանր ու չընկրկող։
-Սա յուրահատուկ
Թեստ է։ Ես հերթով կկանչեմ ձեզ մեկդ մյուսի հետևից պատճենահանման սենյակ և կհանձնարարեմ
այս Թեստը։ Հետո յուրաքանչյուրը կոնֆետ կստանա ու
մինչև դասերի ավարտը տուն գնա։ Մի՞թե լավ չէ։
Նրանք սին ժպիտներ
գծագրեցին երեսներին ու ոչինչ չասացին։
-Ռոբերտ, կլինե՞ս
առաջինը։
Ռոբերտը ոտքի
կանգնեց իր ցրված ժպիտով։ Նա լպիրշաբար կնճռոտեց քիթը ուղիղ նրա դեմքի առաջ։
-Այո՛, միսս
Սիդլի։
Միսս Սիդլին
վերցրեց պայուսակն ու նրանք միասին անցան դատարկ, արձագանքող միջանցքով, որտեղ լսվում
էր դասերի հանգստաբեր աղմուկը։ Պատճենահանման սենյակը գտնվում էր ընդունարանի հեռավոր
անկյունում, զուգարաններից հետո։ Երկու տարի առաջ այնտեղ ձայնամեկուսիչ պաստառներ քաշեցին
պատերին, քանի որ հին տպագրող մեքենան սարսափելի աղմկում էր։
Միսս Սիդլին
փակեց դուռն իր հետևից։
-Ոչ ոք քեզ
չի լսի,- հանգիստ արտաբերեց նա՝ պայուսակից հանելով ատրճանակը։- Ոչ քո, ոչ էլ սրա ձայնը։
Ռոբերտը ժպտաց
անմեղ դեմքով։
-Միևնույն է,
մենք շատ ենք։ Շատ ավելին, քան այստեղ։- Նա իր փոքրիկ ձեռքը դրեց տպող մեքենայի վրա։-
Էլի կուզե՞ք տեսնել, թե ինչպես եմ փոխվում։
Նախքան միսս
Սիդլին կհացներ բացեր բերանը, Ռոբերտի դեմքը սկսեց գլորվել բերանի շուրջն առաջ եկած
անցքի մեջ, և միսս Սիդլին կրակեց նրա վրա։ Դիպումը հարյուրտոկոսանոց էր։ Գլխին։ Նա
ընկավ թղթերով լցված դարակին ու հետո հատակին․ փոքրիկ մեռած տղա՝ աջ աչքի վերևում սև, կլոր անցքով։
Միսս Սիդլին
կանգնած էր նրա մոտ՝ ծանր շնչելով։ Դեմքը դժգույն էր։
Կռացած կերպարանքը
չէր շարժվում։
Դա մարդ էր։
Ռոբերտն էր։
Ո՛չ։
«Դու սա ուղղակի
երևակայել ես, Էմիլի, ուղղակի երևակայել»։
Ո՛չ։ Ո՛չ, ո՛չ,
ո՛չ։
Նա դասասենյակ
գնաց ու մեկը մյուսի հետևից կանչեց մյուսներին։ Նա սպանեց տասներկուսին, և կսպաներ
մյուսներին էլ, եթե միսիս Կրոսենը պատահաբար թղթի կապոցի հետևից այդ սենյակ չգար։ Միսիս
Կրոսենի աչքերը սարսափից լայնացան․ մի ձեռքն ակամա վեր բարձրացավ ու փակեց բերանը։ Նա գոռաց ու
շարունակեց գոռալ, մինչև միսս Սիդլին չմոտեցավ նրան ու չդրեց իր ձեռքը նրա ուսին։
-Սա անհրաժեշտություն
էր, Մարգրետ,- ասաց նա հեկեկացող միսիս Կրոսենին։- Սարսափելի է, բայց անհրաժեշտ։ Նրանք
բոլորը հրեշներ էին։
Միսիս Կրոսենը
նայում էր գետնին ընկած մանկական կերպարանքներին ու շարունակում էր գոռալ։ Փոքրիկ աղջիկը,
որի ձեռքից բռնել էր միսիս Սիդլին, միալար լաց էր լինում։
-Աաաաաա․․․ աաաա․․․աաաա․․
-Փոխակերպվիր,-
հրամայեց միսս Սիդլին։- Փոխակերպվիր միսս Կրոսենի համար։ Ցույց տու՛ր, թե ինչպես է
դա տեղի ունենում։
Աղջիկը, ոչինչ
չհասկանալով, շարունակում էր լացել։
-Գրողը քեզ
տանի, փոխակերպվիր,- բղավեց Սիդլին։- Կեղտոտ քած, ստոր անասուն, ստոր անմարդկային քած։
Անիծվես դու, փոխակերպի՛ր։- Նա բարձրացրեց ատրճանակը։ Աղջիկը կծկվեց վախից, և այդ պահին
միսիս Կրոսսենը կատվի նման թռավ ու միսս Սիդլիի մեջքը չկարողացավ դիմակայել։
Դատավարություն
չեղավ։
Լրագրերը դատ
էին պահանջում, վշտահար ծնողները հիստերիկորեն
անիծում էին միսս Սիդլիին, իսկ քաղաքը ցնցված էր, բայց վերջ ի վերջո ողջախոհությունը
գերակշռեց, և որոշեցին դատ չկազմակերպել։ Նահանգի օրենսդիր մարմինը խստացրեց ուսուցիչների
հանդեպ պահանջները քննությունների ժամանակ, Սամեր-սթրիթի դպրոցը փակվեց մեկ շաբաթով՝
հուղարկավորությունների համար, իսկ միսս Սիդլիին առանց աղմուկի տեղավորեցին Օգաստի հոգեբուժարանում։ Ամենատարբեր թեստերն անցկացրին
նրա վրա, տվեցին նրան ամենից ժամանակակից դեղամիջոցները, աշխատանքային թերապիայի սեանսներ
կազմակերպեցին։ Մի տարի անց խիստ հսկողության ներքո փորձնական էլեկտրական թերիապիայի
ենթարկեցին նրան։
Բադի Ջենքինսը
նստած էր փայլատ ապակուց պատի մոտ՝ ձեռքին թղթապանակ ու հետևում էր տարածքին, որը վերափոխվել
էր մանկապարտեզի։ Հեռավոր պատին կով էր նկարված, որ թռչում էր լուսնի տակ, և փոքրիկ
մկնիկ, որը վազում էր ժամացույցի շուրջբոլորը։ Միսս Սիդլին գիրքը ձեռքին նստած էր բազկաթոռին,
շրջապատված վստահող, աղմկող ու ծիծաղող երեխաների խմբով։ Նրանք ծիծաղում էին ու դիպչում
նրան թաց մատիկներով, իսկ հիվանդապահները ուշադիր հետևում էին նրա կողմից ագրեսիայի
նվազագույն իսկ դրսևորումներին։
Որոշ ժամանակ
Բադիին թվում էր, որ միսս Սիդլին նորմալ է արձագանքում։ Նա բարձր կարդում էր, շայում
էր աղջկա գլուխը, մխիթարում էր փոքրիկ տղային, երբ վերջինս սայթաքեց խաղալիք աղյուսի
վրա։ Հետո նա ինչ-որ բան նկատեց, որը, ինչպես երևում է, անհանգստացրեց միսս Սիդլիին․ նա կիտեց հոնքերը, ու երես դարձրեց երեխաներից։
-Տարե՛ք ինձ
այստեղից,- ասաց միսս Սիդլին կամաց ու անվրդով՝ կոնկրետ ինչ-որ մեկին չդիմելով։
Եվ նրանք տարան
նրան։ Բադի Ջենքինը հետևում էր, թե ինչպես են երեխաները հայացքով ճանապարհում նրան․ նրանց լայն բացված աչքերում ակներև դատարկության
ներքո ինչ-որ խորը թաքցրած բան կար։ Մեկը ժպտում էր, մյուսը խորամանկորեն մատը բերանն
էր տանում։ Երկու փոքրիկ աղջիկները, ծիծաղելով, հրում էին մեկմեկու։
Նույն գիշերն
ևեթ միսս Սիդլին կտրեց իր կոկորդը ջարդված ապակու կտորով։ Դրանից հետո Բադի Ջենքինսը
սկսեց ավելի ուշադիր հետևել երեխաներին։ Նա ուղղակի աչք չէր կտրում նրանցից։
Թարգմանությունը Արման Վերանյանի
Համացանցում մասնակի կամ ամբողջությամբ տարածելու դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ Է նշել սկզբնաղբյուրը՝ Arman Veranyan's Blog
Комментариев нет:
Отправить комментарий