2018-01-24

Հոլովակազմությունը Լոռու խոսվածքում

Լոռու խոսվածքը. ներածություն

Հայ իրականության մեջ առաջին լեզվաբանը, ով խորքային անդրադարձ է կատարել Լոռու խոսվածքին, պրոֆ. Մ. Ասատրյանն է: Պրոֆ. Ասատրյանը խոսվածքի տարածական ամբողջություն կազմելը փորձել է բացատրել պատմականորեն. նրա կարծիքով Լոռին այն քչաթիվ շրջաններից է, որ դարերի ընթացքում համեմատաբար քիչ է ենթարկվել արշավանքների և արտագաղթերի, այդ պատճառով էլ պահպանել է խոսսվածքի տերիտորյալ բնույթը: Կուզեինք այս փաստին հավելել և այն, որ Լոռին, լինելով ավանդապահ մարզերից մեկը, դժվարությամբ է հրաժարվում իր խոսվածքից: Սակայն այսօր մասսայական ուրբանիզացման հետևանքով, երբ գյուղերը գրեթե դատարկվում են, իսկ ժամանակավոր հեռացածներն էլ վերադառնում են ընդօրինակած այլ բարբառներ ու ենթաբարբառներ, Լոռու խոսվածքը, ինչպես գրեթե հայերենի բարբառների մեծ մասը, դարձել է մի խայտաբղետ լեզվական միջավայր, որտեղ միահյուսվում են Թիֆլիսի, Ղարաբաղի (սրանց հետ ընդհանրության մասին խոսում էր դեռ պրոֆ. Մ. Ասատրյանը) բարբառները և, որ ամենից ընդգծվածն է, Երևանի առօրյա-խոսակցական լեզուն՝ ժարգոնը: Այնուամենայնիվ մեր ուսումնասիրության մեջ մենք կանդրադառնանք Լոռու խոսվածքի «մաքուր» դրսևորմանը: Բայց մինչ այդ կուզեինք անդրադառնալ այն հարցին, թե ինչու բարբառագիտության շրջնակներում Լոռու լեզուն կոչվում է խոսվածք, այլ ոչ թե բարբառ կամ ենթաբարբառ:

Այս հարցին պատասխանելու համար պետք է դիմենք կրկին բարբառագիտական հայտնի աղբյուրներին: Հայ բարբառագիտությամբ զբաղվող առաջին լեզվաբաններից պրոֆ. Աճառյանը իր՝ բարբառագիտությանը նվիրված բոլոր աշխատություններում լոռու խոսվածքը մտցնում է Արարատյան բարբառի մեջ՝ չանդրադառնալով սակայն դրա ցուցաբերած առանձնահատկություններին ու տարբերություններին ընդհանուր Արարատյան բարբառից: Ավելի ուշ շատ համառոտ անդրադարձ Լոռու խոսվածքին արել է Ա. Ղարիբյանը, ով հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Լոռու խոսվածքը «պատկանելով Արարատյան բարբառին, միաժամանակ և ունի իր մեջ թույլ տարրռր Ղարաբաղի և Թիֆլիսի բարառներից»[1], եզրակացրել է, որ այն Արարատյան ենթաբարբառ է: Մ. Ասատրյանը առաջինն էր լեզվաբաններից, ով այս հարցին նվիրեց մի ծավալուն ուսումնասիրություն՝ «Լոռու խոսվածքը» խորագրով, որտեղ փորձեց ի վերջո ճշտել Լոռու խոսվածքի դերը բարբառի ու ենթաբարբառի շրջանակում: Պրոֆ. Ասատրյանը, հիմնվելով բարբառների հնչյունական, ձևաբանական և բառապաշարային ուսումնասիրության վրա, ցույց տվեց, որ մի կողմից, եթե հաշվի առնենք Լոռու խոսվածքի և Արարատյան բարբառի տարբերությունները, ապա այն կարելի է դիտարկել իբրև առանձին բարբառ: Սակայն մյուս կողմից, եթե քննության առնենք դրանց միջև եղած ընդհանրությունները, ապա Լոռու խոսվածքը պետք է համարենք ենթաբարբառ: Հետևապես՝ հույ ունենալով վերջ տալ այս անորոշությանը, նա առաջարկեց այն դիտարկել իբրև բարբառի և ենթաբարբառի միջին օղակ՝ խոսվածք[2]:
Այժմ՝ Լոռու խոսվածքի դիրքի մասին  այս հակիրճ անդրադարձից հետո կարող ենք անցնել մեր բուն նյութի ուսումնասիրությանը, այն է՝ հոլովակազմությունը Լոռու խոսվածքում, որի համար օրինակներ կքաղենք Լոռու երկու հանճարեղ գրողների՝ Հովհ. Թումանյան և Հր. Մաթևոսյանի ստեղծագործություններից:

Հոլովակազմությունը Լոռու խոսվածքում

Լոռու խոսվածքը, լինելով Արարատյան բարբառի մի մասը, վերջինիս պես պահպանում է հոլովի թվին առնչվող խնդիրները: Այստեղ էլ ձևաբանորեն չեն տարբերակվում ուղղական-հայցական և սեռական-տրական հոլովները: Ըստ այդմ ձևաբանորեն առանձնացնում ենք հինգ հոլով՝ ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական և ներգոյական: Չնայած եթե գոյականների դեպքում սեռական-տրականը չտարբերակված է, ապա դերանունների դեպքում դրանց երկուսի համար էլ կան առանձին ձևեր, ինչպես՝
·         Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ... (Հ.Մ.,Ծառերը):
·         Ինձ մի՜ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին (Հ.Թ., Ինձ մի խնդրիր)

Ուղղական հոլովը, լինելով բառի ուղիղ ձևը, հանդես է գալիս զրո վերջավորությամբ: Իհարկե, որոշյալ առման դեմքում կարող է հանդես գալ որոշիչ հոդերով: Բերենք օրինակներ՝
·         Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին... (Հ.Թ., Ա՜խ ինչ լավ են...)
·         Էն սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին: (Հ.Թ., Հայոց վիշտը)

Ուղղական հոլովի առաջնային գործառույթը, ինչպես գիտենք, ենթակայի պաշտոն զբաղեցնելն է: Սակայն Լոռու խոսվածքում ենթական կարող է դրվել ո՛չ ուղղական հոլովով (խոսքը, սակայն, կողմնակի ենթակայի մասին չէ), ինչպես՝
·         Ձենով Օհանին ուներ մի չար կին: (Հ.Թ., Սասունցի Դավիթ)

Ուղղական հոլովի մյուս կիրառությունը, որ հետաքրքրություն է ներկայացնում բարբառի տեսանկյունից, կոչականն է: Լոռու խոսվածքում կան սակավաթիվ բառեր, որոնց կոչականն ունի առանձին ձև, ինչպես՝ քույր-քիրա, հայր- հերա, մայր-մերա, աղջիկ-ախչի, մեծ եղբայր՝ ապեր-ապերո, ընկեր-հընգերո:

Սեռական-տրական հոլովը կազմվում է ի, ու, ան, վա, ոջ, ց թեքույթներով և ո, ա ներքին հերթագայությամբ: Ինչպես գրական հայերենում, այնպես էլ Լոռու խոսվածքում նշյալ թեքույթներից իր գործածությամբ առաջին տեղում է ի-ն:  Սովորաբար սեռական և տրական հոլովները իրարից առանձին դիտելու հիմք են ստանում առաջինի հոդ չստանալու կարողությունը: Սակայն Լոռու խոսվածքում երբեմն սեռականով դրված հատկացուցիչն էլ կարող է որոշյալ հոդ առնել: Այս երևույթը հազվադեպ է, և հիմնականում կիրառվում է գեղարվեստական խոսքում, այնուամենայնիվ անտեսել այն չենք կարող:
·         Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսվում է ամեն օր: (Հ.Թ., քառյակ)
·         Ինչու՞ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում: (Հ.Թ., Սասունցի Դավիթ)
·         ...Ու զարդարում,
Զըվարթ վառում
Մեր գիշերվան ճակատը մառ: (Հ.Թ., Սիրիուսի հրաժեշտը)

Սեռական և տրական հոլովների հետ կապված պետք է անդրադառնանք մի խնդրի ևս: Լոռու խոսվածքում ևս, ինչպես Արարատյան բարբառի մեծաթիվ ենթաբարբառներում և խոսվածքներում, դրսևորվում է իրի ու անձի առումը: Իրի առման դեպքում ուղիղ խնդիրը լինում է ուղղականաձև, իսկ անձի առման դեպքում՝ սեռական-տրականաձև: Սակայն երբեմն այս պայմանը չի պահպանվում, և իրի առման դեպքում ունենում ենք տրականով դրված ուղիղ խնդիր, ինչպես՝
·         Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց... (Հ. Թ., Հոգեհանգիստ)
·         Տաշած քարի է ման գալիս՝ մտնի տակը: (Հ.Մ., Օգոստոս)

Ու հոլովման պատկանող բառերի քանակը (չհաշված ի-ահանգ բառերի) գրական արևելահայերենում փոքրաթիվ է, ընդամենը հինգ բառ: Լոռու խոսվածքում այս թիվն անհամեմատ շատանում է: Նախ ու հոլովմամբ հոլովվում են այն բառերը, որոնց հոգնակին կազմվում է -նի հոգնակիակազմ վերջավորությամբ, ինչպես՝ վերևնի-վերևնու, բընալիքնի-բընալիքնու կամ բընալիքներու, ինչպես նաև հետևյալ բառերը՝ երեխա>րեխա>րեխու, փեսա> փեսու (// փեսի):
Ինչպես և գրական արևելահայերենում, Լոռու խոսվածքում էլ կան բառեր, որոնք ենթարկվում են մեկից ավելի հոլովման, ինչպես՝ ընկեր-ընկերի, օրի-օրվա, արյունի-արյան.
·         Հոգնել եմ նոր ընկեր
Ու հին ցարի արանքում: (Հ.Թ., քառյակ)
·         Կարծես երեկ հարբած ու գժություններ արած ընկերոջ մասին էր խոսում: (Հ.Մ., Արջը)
·         Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ: (Հ.Թ., քառյակ)
·         Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք... (Հ.Թ., քառյակ)
·         Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի (Հ.Թ., Թմկաբերդի առումը)
·         Նա ինձ լիզել տվեց հատակի փոշին՝ իմ արյան անալի համով խառը: (Հ.Մ., Կայարան)
·         Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ (Հ.Թ., Գելը)
·         Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները: (Հ.Մ., Հացը)
·         Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ (Հ.Թ., Գելը) 
·         Եվ մինչև հիմա ես չեմ տեսել կիսագրագետ մարդու նախանձից ավելի զզվելի բան: (Հ.Մ., Կայարան)
Բացառական հոլովը կազմվում է -ից, -ուց թեքույթներով: Սակայն -ց հոլովման պատկանող բառերի դեպքում հնարավոր է բացառականի -ց-ի անկում: Բացի այս Լոռու խոսվածքում բացառականը, ի տարբերություն գրական արևելահայերենի, կարող է ստանալ որոշիչ հոդ, որը բացառապես շեշտելու գործառույթ է կատարում խոսքի մեջ: Նախ բերենք որոշիչ հոդով գործածված բացառական հոլովի օրինակներ՝
·         Հը՞էդ ինչի՞ ուշացրիրվախու՞մ ես մարդուցըիշխան մուկը վախլուկ չի լի, իմ ջահել ժամանակըեսպատահել ա, քնած մարդու ականջը կծել եմ: (Հայ ժողովրդական հեքիաթներ):
·         Ու իր հարազատ բարձունքիցը լույս... (Հ.Թ.,Բարձրից)
·         Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան... (Հ.Թ., Լոռեցի Սաքոն)

Ինչպես արդեն նշեցինք, -ց հոլովման պատկանող բառերի դեպքում Լոռու խոսվածքում հնարավոր է բառառականի -ց-ի անկում: Սակայն պետք է հավելենք, որ երբեմն բացառականի -ից վերջավորությունն ամբողջությամբ կարող է դուրս մնալ խոսվածքում: Բերենք համապատասխան օրինակները.
·         Ի՜նչ ես թըռչում, խև-դև, սի՛րտ,
Հազար բանի ետև, սիրտ: (Հ.Թ., քառյակ)
·         -Ո՞նց թե,- Ալանը անմիջապես չկարողացավ հավատալ,- էդ ո՞նց թե, էդ արդեն մեր դռանն էլ են մեր ականջը քաշո՞ւմ: Բա մերոնցի մարդ չկա՞ր: (Վահագն Մուղնեցյան, Հեռավոր խորհուրդը)

Մեր ուսումնասիրության սկզբում խոսել ենք այն մասին, որ Լոռու խոսվածքը տարբեր բարբառների հետ ընդհանուր եզրեր ունի: Պետք է նշենք, որ այդ ընդհանուր եզրերը չեն սահմանափակվում միայն արևելյան բարբառներով: Այդ մասին են վկայում Լոռու խոսվածքում բացառականի՝ -են վերջավորությամբ կազմվող որոշ ձևեր, ինչպես՝
·         Եվ բավական է,
·         Դու վերեն դիտե... (Հ.Թ., Աղոթք)

Լոռու խոսվածքում գործիական հոլովը կազմվում է -ով թեքույթով և գրեթե ոչ մի տարբերություն չի դրսևորում գրական հայերենի հետ: Միակ տարբերությունը, որ ցուցաբերում է Լոռու խոսվածքը, բացառական հոլովի նման որոշիչ հոդ ստանալն է, ինչը անհնար է գրական հայերենում, ինչպես՝
·         Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին: (Հ.Թ., Հոգեհանգիստ)
·         Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև աշխարհքի վըրա: (Հ.Թ., Բարձրից)
·         Գլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան: (Հ.Թ., Թմկաբերդի առումը)

Հետաքրքիր է և այն, որ Լոռու խոսվածքում ներքին թեքման բառերի գործիականը կազմվում է -ով մասնիկով՝ ի տարբերություն գրական հայերենի, որտեղ նման բառերի գործիականը կազմվում է -(մ)բ-ով:
Ներգոյական հոլովը կազմվում է ում(ըմ) վերջավորությամբ: Արդի գրական հայերենում, հայտնի է, որ անձնանիշ և մյուս հատուկ անունների ներգոյական հոլովը կազմել անհնար է: Լոռու խոսվածքը այդպիսի սահմանափակում չունի. ներգոյական հոլով ունեն բացառապես բոլոր գոյականները:
Լոռու խոսվածքում ներգոյական հոլովով գոյականը, հանդես գալով տեղի պարագայի պաշտոնում, երբեմն կարող է ձևով նման լինել ուղղականին, այսինքն դրվել հայցական հոլովով, ինչպես՝
·         Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ... (Հ.Թ., Վայրէջք)
·         Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում... (Հ.Թ., Հայրենիքիս հետ)
·         Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն... (Հ.Թ., Սասունցի Դավիթ)





[1] Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Երևան, 1953, էջ 219:
[2] Տե՛ս Ասատրյան Մ., Լոռու խոսվածքը, Երևան, 1968, էջ 41:

Комментариев нет: