2016-05-22

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ "ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ" մաս 5

ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ։  Ստեղծագործական նոր որոնումների ճանապարհին Չարենցը գրում է շրջադարձային «Պոեմ հերոսականը» (1925) եւ լուրջ գեղագիտական նախադրյալներ ստեղծում «Էպիքական լուսաբաց» (1930) ժողովածուի համար: Մինչ այդ նա տպագրում է «Երեւանի ուղղիչ տնից» (1927) հուշ-ակնարկը եւ «Խմբապետ Շավարշը» (1929) պոեմը: «Երեւանի ուղղիչ տնից» երկը բանտում, որն այն ժամանակ կոչվում էր ուղղիչ տուն, Չարենցի անցկացրած օրերի պատմությունն է: Հանցագործների աշխարհ, մարդկային ճանաչողության նոր եզրեր, նոր հարաբերություններ: Չարենցը բնօրինակային հավաստիությամբ նկարագրում է իրեն հանդիպած մարդկանց կյանքը, պատկերում հանցանքի ընկալման նրանց հոգեբանությունը եւ անգամ կյանքի հատակում հայտնվածների մեջ հայտնաբերում առաքինության բարձր գծեր: «Խմբապետ Շավարշը» պոեմն իր ոճի ու պատումի բնույթով նաեւ բանալի է «Էպիքական լուսաբացում» զետեղված «Էպիքական ֆրագմենտներ» եւ «Չափածո նովելներ» բաժինների համար: «Խմբապետ Շավարշը» պոեմով ժամանակի գրական նեղ ըմռնումների մեջ Չարենցը կատարում է ստեղծագործական մեծ խիզախում: Նա վերակոչում է կենսական նյութի գեղարվեստական պատկերման պատմահոգեբանական կողմը: Այս կողմնորոշմամբ նա ստեղծեց խմբապետ Շավարշի ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ անհատական դրամատիկ նկարագիր ունեցող գրական կերպարը: Ժամանակը 1918 թ. հայ ժողովրդի պատմությունն է: Ժամանակի պատմաքաղաքական իրադարձությունների հենքին էլ ուրվագծվում է Շավարշի կերպարը: Նա մի հաղթ տղամարդ է, կյանքը պատերազմների մեջ անցկացրած մի զորական, որն ահա Խնուսից բերել է գաղթականների հերթական խումբը: Կրակներում բովված այդ խմբապետն ատում է պուդրայած երեսներով եւ պատերազմ չտեսած ռուսահայ սպաներին, ովքեր ցանկանում են իր նմաններին դարձնել ձեռքի խաղալիք: Դրոն՝ իգդիրցի նախկին խմբապետը, այդ սպաների հետ է եւ ցանկանում է դառնալ ռազմական նախարար: Եռում են փառքի ու իշխանության հասնելու մոլեգին կրքերը, եւ շատերն են զոհ գնում դրանց:
Դրոն կանչել է Շավարշին: Շավարշը կասկածանքների մեջ է՝ գնա՞լ, թե՞ չգնալ:
Շավարշի կերպարը Չարենցը ներկայացնում է առանց համահարթեցման եւ հոգեբանական վիճակների համակողմանի ընդգրկումով: Նա մի կողմից ներկայանում է խմբապետ մաուզերիստին բնորոշ կատաղի հատկանիշներով, մյուս կողմից նա նաեւ հայրենիքի զինվոր է, որ ժողովուրդ է փրկել կործանումից եւ հիմա մտահոգված է նրա ճակատագրով: Մեկ պահի մեջ, որը Շավարշի կեսգիշերային գինարբուքն է, Չարենցը խտացնում է իր հերոսի հոգեբանության հիմնական գծերը: Գեղարվեստական այս հնարանքը մի քանի տարի անց նա օգտագործեց նաեւ «Դեպի լյառը Մասիս» պոեմում:
«Խմբապետ Շավարշը» պոեմով Չարենցը քնարական ինքնարտահայտումներից մուտք գործեց վիպականության (իր առաջիկա գրքի վերնագրով՝ էպիքականության) անկաշկանդ ու բաց տարածությունները: Ամբողջ «Էպիքական լուսաբաց» ժողովածուն բանաստեղծի նոր գեղագիտության արտահայտությունն է, որի մեջ ծրագրային հրովարտակի պես առանձնանում են «Թուղթ բանաստեղծ բարեկամիս՝ NN-ին, գրված Երեւանից» եւ «Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից» ծավալուն երկերը:
Դրանցում արծարծվում է գրականության մեջ իրական մարդու հոգեբանության հարցը, եւ քննադատական խոսքեր են ուղղվում սխեմատիզմի մեջ խարխափողներին.

Եվ ի՞նչայս բորբ, այս կենդանի.
Հույզերը հորդ երգելու տեղ
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթեւ.
Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր

Չարենցը փառաբանում է կյանքի «բազմազեղուն ամբողջությունը», որը պետք է ապրել ու սիրել «զգացմունքների հորձանքով բեղուն»: Այդ տրամադրությունների պոռթկուն արտահայտությունն է «Օվկիանի երգը», որի ելակետն ու չափանիշը բնության ազատ ու հորդուն տարերքն է: Իր այս գեղագիտությունը մարմնավորելու նպատակով Չարենցն ստեղծում է ծրագրային-հրովարտակային պոեզիայի այնպիսի հրաշալի նմուշներ, ինչպիսիք են «Երգ մաքառումի», «Ես այն չեմ այլեւս», «Խոհ» բանաստեղծությունները: Բանաստեղծը հետեւողականորեն արծարծում է ժամանակը նորովի ու խոր պատկերելու հիմնահարցը: Դա նախ՝ ազգային կյանքի բախտորոշ իրադարձությունների գեղարվեստական մարմնավորումն է, ապա՝ քաղաքական կյանքի պատմությունը: Դրան հաջորդում են մանկության վերհուշն ու գործող առօրյան («Homo Sapiens», «Գանգրահեր տղան» եւ այլն):
Չարենցն օգտագործել է չափածո նովելի տեսակը: Այդպես գրված չորս երկերը փոքրիկ պատմություններ են, որոնք ունեն հերոսներ, գործողություն եւ նովելային անակնկալ կտրուկ ավարտ: Այդ գործերին բնութագրական են ժամանակային որոշակի դասավորությունը եւ կառուցվածքը: «Homo Sapiens»-ում վերակոչվում է անցյալի իրականությունը՝ իբրեւ հուշ, «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» երկի մեջ անցյալը հառնում է իբրեւ տեսիլք: «Մեծ առօրյան» երկի գործողություններն անցյալից տեղափոխվում են ներկա ժամանակի մեջ: «Գանգրահեր տղան» չափածո նովելում, իբրեւ տեսիլք, հառնում է ապագան:
«Homo Sapiens»-
ը (լատիներեն` մտածող, բանական մարդ) Չարենցի պատանեկան տարիների կյանքի պատմությունն է: Ընդհանրապես՝ Չարենցն անհատական կենսագրության գրող է, բայց անհատականի մեջ նա միշտ էլ ընդհանրացնում է ժամանակի իրական պատկերը: Այստեղ նա մտաբերում է իր պատանեկության տարիները, հոգու աչքերով տեսնում իրեն՝ սեւ շապիկ հագին, գրքերը թեւի տակ, հորը, հայրենի Կարս քաղաքը, Կարսի այգին, վերապրում իր բանաստեղծական երազանքներն ու մարդկային ձգտումները: Հետամուտ կերպավորման իրապաշտական արվեստին՝ Չարենցն ստեղծում է իր պատանեկան շատ տպավորիչ ու վիպական կերպարը: Հուշի անդրադարձով վերակենդանանում են անցյալի դիմագծերը.

Տասներեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնվեց տարեկան մի տղա:-
Վտիտ էր: Միջահասակ: Ուսերը նեղ:
Գունատ մազեր ուներ, գունատ ճակատ:
Հագին սեւ շապիկ սատինե՝
Խունացած, առնըվազը երեք ամառ հագած:
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ:
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի:

Այնուհետեւ նկարագրվում է բախումը շրջապատի հետ, գավառական քաղաքի մեռյալ անդորրը, պատանի բանաստեղծի հոգեկան պոռթկումն ու ընդվզումը, հոգեկան ու մտավոր հասունացման ընթացքր եւ նույն շրջապատն ու մարդկանց, որոնց մասին Չարենց դարձած այդ պատանին երեք տարի անց պիտի գրեր. «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»: Այդպես էր, որովհետեւ այդ միջավայրում նրան ոչ ոք չէր հասկանում: Անգամ երազած աղջիկը՝ իր դիցուհին, չի վերցնում նրա տված վարդը, չի զրուցում նրա հետ, եւ նա շրջապատի համար դառնում է օտար: Անշտապ շարադրանքով նա պատմում է այն մասին, թե հոգու ի՛նչ երազներ ու թռիչքներ ուներ ինքը, եւ թե ինչքա՛ն մռայլ ու կործանարար էր շրջապատը, որը չէր հանդուրժում ոչ մի այլախոհի: Իսկ պատանի հերոսը իր քաղաքի բարքերի ու շրջապատի մարդկանց համեմատ այլախոհ էր, որովհետեւ երազի ճամփորդ էր, խառնվածքով՝ բանաստեղծ: Ահա նա կարդում է մի գիրք, որը բաց է անում նրա ներաշխարհը: Այդ գիրքը լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշեւսկու «Homo Sapiens» վեպն է.

Նա կարդում էր անհագ, լափելով
Էջերը, գլուխները:- Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում էր հոգին, իր կրքերը:
Գլուխը վառվում էր: Սիրտը
Թրթռում էր:- Ուզում էր թռչի դո՛ւրս, դո՛ւրս:-
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ

Պատանի բանաստեղծը գրքերով իր առջեւ բացում է մի անեզր տիեզերք: Այդ մասին հետո նա պիտի գրեր. «Օ՜, գրքերի աշխարհըտիեզերք է անեզր»: Այսպես գավառական քաղաքում գրքերի հոգեկան սնունդով հասունանում է հանճարը: Պատանի հերոսը ներքին մղումով իր մեջ ուժգնացնում է բանաստեղծ լինելու երազանքը, որպեսզի դառնա բանական մարդ, դառնա գերմարդ, այդպես բարձրանա իր գորշ շրջապատից ու մոռանա նրանց, ովքեր համառորեն ջանում էին կոտրել իր բանաստեղծական երեւակայության թեւերը:

«
Գանգրահեր տղան» չափածո նովելը կապված է «Homo Sapiens»-ի հետ: Անցյալի եւ ընթացիկ կյանքի գեղարվեստական յուրացումով Չարենցը ճանապարհ էր հարթում դեպի ապագան: Ներկայի դիրքերից ժամանակային նույն հակադարձ հեռավորության վրա են երկու չափածո նովելների պատանի հերոսները` այն տարբերությամբ, որ առաջինն ապրել է անցյալում, իսկ երկրորդը պիտի ապրի գալիքում:
Այնպես, ինչպես Չարենցը փակում էր աչքերը եւ վերհիշում իր պատանությունը, այդպես էլ՝ աչքերը փակ, նա պատկերացնում էր գալիք օրվա գանգրահեր պատանուն: Գանգրահեր տղան, անշուշտ, գալիքի խորհրդանշանն է: Մարդկության տարբեր հասակներն ի մի բերող բանաստեղծը, իրեն տեսնելով անցյալի մեջ, կարող էր իրեն նաեւ պատկերացնել ապագայում՝ որպես հուշ ու հիշատակ այլոց համար:
«
Գանգրահեր տղան» չափածո նովելի նկարագրությունները ներքուստ հակադրված են «Homo Sapiens»-ի պատկերային համակարգին: Այնտեղ փողոցը հորանջում էր քնից, տները մեկ հարկանի էին ու իրար կպած, «Իսկ մեջտեղում շոսսե:- // Փոշոտ, նեղ, ինչպես գյուղական սայլուղի», հազվադեպ միայն՝ մայթերին մարդիկ էին երեւում եւ արագ անհայտանում, իսկ այստեղ՝

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երեւանից դեպի Արարատ.
Ինչքա՞ն են արդյոք տարիներ հոսել
Մինչեւ գարնային այս օրը զվարթ:
Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ ազատ,-
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել

Առնվազն երեք ամառ հագած խունացած սեւ շապիկով տղային փոխարինում է պայծառ աչքերով պատանին՝ «Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ»: Խանդավառ, տոնական տրամադրությամբ, ջինջ օրվա մեջ փայլող արեւի ջերմությամբ ու շողարձակումով Չարենցը տեսիլքի պես պատկերացնում է երազային ապագան, որի մեջ ապրում է իր ավարտված կյանքի հիշատակը: Այս գործը շարունակվող կյանքի փառաբանություն է. «Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սիրտն է թաղած,- // Կոխրտի՛ր նրան քայլերով քո լույս, // Օ՜, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, // Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…»:
Սակայն օրերը Չարենցի համար թույն ու մաղձ էին թորում, եւ նա նույնիսկ շիրիմ չունեցավ, որ գանգրահեր տղաների սերունդները գնային այցի:
Ա. Բակունցին հղած «Թղթի» մեջ մեծ արվեստի երազանքով Չարենցն այսպիսի տողեր էր գրում.

Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թեւ,-
Իսկ մենք սահում ենք դեռ զարմանալի թեթեւ,
Այն փոշեպատ, մաշված ուղիների հունով
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի,
Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք: —
Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, մե՜ծ ճանապարհ նորից:

Մեծ ճանապարհի պատգամներն իրագործեց դարձյալ ինքը՝ գրելով «Գիրք ճանապարհի» ժողովածուն:
«
Գիրք ճանապարհի»-ի պատմափիլիսոփայությունը։ Չարենցն արտակարգ ուժով եւ կենտրոնացմամբ օժտված բանաստեղծ էր: Այդ տարերքն էլ վեց ամսում ծնունդ տվեց «Գիրք ճանապարհի» ժողովածուին: Բանաստեղծի այդ վերջին մատյանն ընդգրկում է տասը պոեմ, «Տաղեր եւ խորհուրդներ», «Զանազան բանաստեղծություններ եւ թարգմանություններ» շարքերը: Հավատաքննիչների ստիպմամբ գրքից հանված «Աքիլե՞ս թե՞ Պյերո» երկի փոխարեն դարձյալ կարճ ժամանակամիջոցում գրեց «Արվեստ քերթության» եւ «Գիրք իմացության» շարքերը:
«
Գիրք ճանապարհին» բանաստեղծի ապրած կյանքի գլխավոր հանրագումարն է: Փիլիսոփայական ներքնատեսությամբ Չարենցը վերաքննում է պատմության քառուղիներով անցած ժողովրդի մաքառումների ուղին, իմաստավորում ստեղծագործ
անհատի տեղն ու դերը ժողովրդի պատմության մեջ, բացահայտում ժամանակի քաղաքական իրադարձությունների անդրադարձն ազգային ճակատագրի վրա, ի մի բերում խոհերը քերթողական արվեստի մասին եւ նախանշում ոգեղեն կեցության ուղին:
«
Պատմության քառուղիներով» պոեմում բանաստեղծը հանրագումարի է բերում հայ ժողովրդի անցած ամբողջ ճանապարհը: Ինչպես «Վահագնում», այստեղ եւս Չարենցը քննության է ենթարկում առասպելների ու լեգենդների վերածված մեր պատմությունը:
Անցյալը նրան նույնիսկ ներկայանում է որպես «անանցյալ անցյալ», որովհետեւ սերունդներին թողել է սոսկ բարոյական հաղթանակի փառքը, իսկ ոտքի տակ տրորվել ու բաժան-բաժան է եղել իրական հայրենիքը: Չարենցը, անշուշտ, ինչ-որ չափով ընկնում է ծայրահեղության մեջ, բայց դա գալիս է ցավի ահագնությունից, որովհետեւ սեփական աչքերով նա արդեն տեսել էր երկիր Նաիրիի կործանումը Վանից մինչեւ Կարս: Այս պոեմում Չարենցն ստեղծում է գայլի խորհրդանշանը, որը կարող էր հաղթանակի խորհրդանշան լինել, ինչպես հռոմեական պղնձյա գայլը, բայց հայոց աշխարհում միայն խեղճություն է բերել ու գուժել պարտություն.

Տեսնում եմ ահավասիկ.-
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերըբյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին:

«
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում» այդ հալածական գայլը «Ոռնացել է իր վիշտը անկշտումԵվ ոռնոցը նրա // Դարձել է հիմնը մեր անարձագանք — // Ու դարերով հնչել մեր պատմության վրա»: Ահավոր է այս ամենի գիտակցումը, բայց եւ՝ սթափեցնող, որովհետեւ հեղափոխությունը հայ ժողովրդին «բերեց» տարածքային վիթխարի կորուստներ, իսկ Անդրկովկասյան դաշնության կազմում (1922-1936 թթ.) հայ ժողովուրդը դարձյալ հալածանքների զոհ էր: Այս ծանր վիճակի զգացողությամբ Չարենցը հնչեցնում է տագնապի կոչնակները եւ ժողովրդին պատվիրում չտրվել անցյալի հիշատակներին, որպեսզի չկորչի ներկան.

Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,-
Կտրել ենք երկար մի ճանապարհ,
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,-
Եվ ո՞վ, եւ ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար

Այն օրերին, երբ հեղափոխական ծնծղաներով փառաբանվում էր Հայաստանի փրկությունը, եւ խլացվում ժողովրդի հիշողությունը, Չարենցը խոսում է նրա պարտությունների ու դատապարտվածության մասին, որովհետեւ տեսնում էր իշխողների կործանարար ազգադավ քաղաքականությունը: Իսկ ժողովուրդը, ըստ Չարենցի, «եղել է հանճարեղ, եղել է կառուցող»: Այսինքն՝ մեղքը ժողովրդինը չէ, այլ՝ նրա կարճատես առաջնորդներինը, որ նրան միշտ գերության են մատնել.

Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զավթիչների հանդեպ,-
Եվ դարձել է ահա ժողովուրդը ե՛ւս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ

Այսպես Չարենցը դառը զայրույթի խոսքեր է ասում մեր «անքանքար» պատմությունը կերտողներին, ովքեր ժառանգաբար հետնորդ սերունդներին են փոխանցել «մեր դարերի կորուստը» եւ կործանել մեր ազգային փառքը: Այս դառը մտորումներով էլ նա ավարտում է պոեմը. «Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ // Զարմանալի՜ թեթեւ, զարմանալի՜ անդեմ՝ // Մերկության պես տկլոր ու անանցյալ…»: Չարենցն այս տագնապների մեջ էր, որովհետեւ հերոսական սխրանքի պատրաստ ժողովուրդն ստրկացվել էր, կեղեքվել ֆիզիկապես ու բարոյապես, զինաթափվել գաղափարապես, քայքայվել հոգեպես, սնանկացել տնտեսապես. նրան չէին թողել՝


Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարե մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին անձրեւներից մխար
Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին
«Դեպի լյառը Մասիս» պոեմում շարունակվում է նույն այս մոտեցումը: Հայ ժողովրդի կողմից ռուսական կողմնորոշում ընդունելու՝ պատմության շրջադարձային պահին Չարենցը պատկերում է այդ կողմնորոշման գաղափարախոսի եւ «Վերք Հայաստանի» վեպի հեղինակի՝ Խ. Աբովյանի ողբերգական կերպարը: Մեծ լուսավորիչն ու հայրենասերը պատկերված է վերջին գիշերվա տվայտանքների մեջ: Անդարձ հեռացումից առաջ նա հայացք է նետում իր վաստակին, իր ապրած մարդկային կյանքին եւ փորձում գտնել նվիրումի իմաստը. ճի՞շտ է եղել արդյոք ինքը, թե՞ սխալ: «Գիշերը չէր քնել, քրքրել էր թղթերը»,- հոգեբանական ինքնադատաստանի այս ճանապարհով Չարենցն Աբովյանին սուզում է իր ներաշխարհը: Օրագրեր, գրքեր, ձեռագրեր, նամակներ, եւ այդ ամենը՝ որպես ապրած կյանքի վկայություն, դրվում են նրա առաջ:

Տեսիլքի պես գալիս անցնում են երիտասարդության տարիների սիրո ու ոգեւորության պահերը: Նա մտաբերում է սիրած աղջկան. «Ոսկե գիսակներով, // Աչքերով, որպես երկնակամար, // Աստվածածնի նման պսակավոր»: Իսկ նրանից մնացել է ընդամենը մի ոսկերիզ թերթիկ՝ որպես հրաժեշտի նամակ: Նույն խռովահույզ գիշերվա մեջ Աբովյանը շարունակում է թերթել տետրակները, հիշում է հորը, մորը, Երեւանի բերդը: Նրա քննախույզ հայացքն ի վերջո կանգնում է գլխավոր գործի վրա, որը հայրենասերի իր ողբն էր եւ հայրենիքի փրկության իր հույսը: Էջ առ էջ նա թերթում է «Վերք Հայաստանի»-ն, եւ հանկարծ անորոշ, բայց տագնապահարույց կասկածը խոցում է նրան: Վեպում նա արդյոք ճի՞շտ է պատկերել ժողովրդի փրկության ուղին, թե՞ ոչ: Կասկածները կեղեքում ու ջլատում են նրան, եւ կեսգիշերին հանկարծ ցայտունորեն ձեւակերպվում է այս խոհը.

Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,- եւ այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս

Այս տողերը պոեմում Չարենցը գրել է ընդգծված տառատեսակով, որպեսզի առանձնանա ամբողջից եւ ուշադրություն գրավի, որովհետեւ այստեղ Աբովյանը կասկածում է իր «ողջունած հեռվի», այսինքն՝ ռուսական կողմնորոշման ճշմարտությանը: Ռուսական կողմնորոշումը հայ ժողովրդի համար բերեց պատմաքաղաքական դրական մեծ տեղաշարժեր, բայց նաեւ՝ նոր գաղութացում, ազգային ինքնուրույնության կորստի նոր պարտադրանք: Այդ պարտադրանքի առաջին զոհերից մեկը պիտի դառնար ինքը, իսկ իրեն պիտի հաջորդեին Մ. Նալբանդյանը, Վ. Տերյանը, Ա. Բակունցը, նաեւ ինքը՝ Եղիշե Չարենցը, եւ մի ամբողջ մշակութային սերունդ: Չարենցը «Գիրք ճանապարհի»-ի տպագրությունն արգելելու, իր դեմ ծավալված հալածանքների պայմաններում արդեն իսկ խորությամբ զգում էր այն կործանարար ալիքը, որ Աբովյանից ու մյուսներից հետո պիտի հասներ նաեւ իրեն ու իր ամբողջ սերնդին:

Այս մոտեցումն էլ Չարենցի կերպարը պոեմում միաձուլում է Աբովյանի կերպարին, որովհետեւ ինքն էլ տարիներ առաջ հեղափոխական ոգեւորության մեջ ողջունել էր «ըղձյալ այգաբացը», որը հիմա իր աչքերի առջեւ դառնում էր «արյունալիճ կեսօր»՝ վերականգնելով միջնադարյան հավատաքննություններն ու հաշվեհարդարները: Աբովյանի կյանքի փորձով Չարենցն ստուգում էր ինքն իրեն, Աբովյանին վերապահված խոհերի ու ապրումների մեջ վերագտնում ի՛ր իսկ խոհերն ու ապրումները:
Չարենցի մեկնաբանությամբ՝ հոգեւոր մաքառումի կասկածները մշտապես ուղեկցել են Աբովյանին, նրան դրդել վերանայելու իր քրտնաջան որոնումների ուղին, եւ այդպես այնքան՝ մինչեւ գտնվի ճանապարհը: Կասկածանքներին, ահա, դարձյալ ընդգծված տառերով, հաջորդում են այս տողերը. «Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը // Եվ ստո՜ւմ է այս գիրքը…»: Ինքնակեղեքող տառապանքի մեջ անդարձ հեռացումից առաջ Աբովյանը, այնուամենայնիվ, փրկության հույս է որոնում, որովհետեւ հարցականի տակ էր դրվում ոչ միայն իր ճակատագիրը, այլեւ՝ ամբողջ ժողովրդի. «Բայց ո՛չ. ի՛նչ էլ լինիայնուամենայնիվ // Հո չի ստում կարկաչն այս բարբառի, // Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը…»: Ուրեմն, որպես փրկության խարիսխ, որպես ազգային ոգու պահպանման երաշխիք՝ նորից հառնում են հայոց գիրն ու հայոց բարբառը եւ ներշնչանքի այն հզոր ուժը, որը հայրենիքի սիրով բոցավառել է ամբողջ գիրքը:
Անձնական եւ անանձնական ապրումների մեջ ներփակված այս հոգեցունց դրամայից հետո, որ տեւում է ամբողջ գիշերվա ընթացքում, առավոտ ծեգին Աբովյանը դուրս է գալիս տնից եւ քայլերն ուղղում դեպիհավերժություն.

Դեմըդաշտն էր անծայր, իսկ հեռվումՄասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը եւ սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել: Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավերժ իր գոյության խորհուրդը,-
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ

Ազգային բախտի այս դրամատիկ ապրումները Չարենցը պատկերել է նաեւ «Մահվան տեսիլ» պոեմում (1933): Բնույթով խորհրդածական երկ է, որի մեջ հայացք է ուղղում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին: Ինչպես Վիրգիլիոսը Դանտեին ուղեկցեց դժոխքից դուրս գալու ճանապարհին, այդպես էլ այստեղ Չարենցի ուղեկիցը Դանտեն է: Նրանք միասին՝ «իբրեւ միեւնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ», նստում են «Մտածումի նավը» եւ նավարկում «Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալի միջով դեպի ներկան, ինչը եւ առիթ է դառնում Չարենցի համար` վերստին խորհրդածելու հայոց պատմության մասին: Այս ընթացքում նա կերտում է հայոց փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրած ազգային գործիչների կերպարները` Ալիշան, Րաֆֆի, Պատկանյան, Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան, Ռոստոմ, Ստեփանոս Նազարյան, Դուրյան, Պեշիկթաշլյան, Արծրունի, Մկրտիչ Խրիմյան, Ավետիս Ահարոնյան, Սիամանթո, ՎարուժանՊոեմն ունի Սիամանթոյի «Մահվան տեսիլքից» վերցված «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…» բնաբանը: Պոեմի վերջում հեղափոխության լուսավոր լապտերի տեսարանն է, որը պետք է փրկի աշխարհն ու հայ ժողովրդին: «Տեսիլը» նաեւ գեղարվեստական միջոց է՝ մտովի ճանապարհորդելու հայոց պատմության միջով, որն այստեղ ընդգրկում է 19-րդ դարը եւ 20-րդ դարի սկիզբը: Պոեմը
գրված է բացառիկ ուժով, Չարենցի հանճարի կատարյալ դրսեւորումներից է:
Աստիճանաբար Չարենցը հանգում է հայ ժողովրդին ուղղված իր հիմնական ասելիքին եւ քանի որ ասելիքը չէր կարող բարձրաձայնել հրապարակավ, ուստի խոսքը սերունդներին ժառանգեց «Պատգամ» բանաստեղծության երկրորդ տառերի գաղտնագրով եւ ամենքին ի լուր ավետեց. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իսկ հավաքական ուժը ներառում էր ոչ միայն ժողովուրդ եւ ղեկավար, մայր երկիր ու արտերկիր, անցյալ ու ներկա, այլեւ՝ ազգային նպատակներին ծառայող միասնական գաղափարախոսություն: «Գիրք ճանապարհի»-ն հարուստ ընդգրկումների գիրք է, որի մեջ, վերակոչելով միջնադարյան տաղերն ու խորհուրդները՝ Չարենցը երգեր է հյուսել՝ ձոնված ապագայի պարմանիներին, խիզախ ճանապարհորդներին, գրքերին, մանրանկարիչներին, բնությանը եւ ուղերձ հղել մեր հանճարեղ վարպետներին: Իր մեջ Չարենցն զգում էր հայ ժողովրդի, ամբողջ հոգեւոր-մշակութային անցյալի խտացումը: Եվ անցյալի, առավել եւս՝ գալիքի հանդեպ այս պատասխանատվությամբ «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» գործում նա գրում էր.


Մի՞թե իմ մեջ է այսօր արթնացել հանճարը ձեր սեգ,
Ե՞ս եմ շառավիղն արդյոք ձեր, ո՜վ հանճարներ մեր մեռած,
Թո՛ղ հուրհրա իմ գրքում ձեր ոգու ցոլքը լուսե,
Թո՛ղ երգերում իմ այսօր, խոսքերում իմձեր ջանքը եռա՛,-
Ո՜վ մեր մեռած վարպետներ, իմ թախանձանքը լսե՛ք,-
Ձեր անմահ կնիքը դրե՛քիմ անմար երգերի վրա

Комментариев нет: