2021-01-08

Սթիվեն ՔԻՆԳ «Տանել չեմ կարողանում երեխաներին»

 


 

Միսս Սիդլին տարրական դասանների ուսուցչուհի էր։

Փոքրամարմին կին, ով ստիպված էր լինում կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի ինչ-որ բան գրի գրատախտակի վերին անկյունում, ինչն էլ անում էր հենց հիմա։  Նրա թիկունքում երեխաներից ոչ մեկը չէր քրքջում ու չէր շշնջում ու  թաքուն կոնֆետ չէր ուտում՝ թաքցնելով այն բռունցքի մեջ։ Նրանք շատ լավ էին ծանոթ միսս Սիդլիի մահացու բնազդներին։ Միսս Սիդլին միշտ կարող էր ասել, թե ով է մաստակ ծամում վերջին շարքում նստած, թե ում գրպանում պարսատիկ կա, ով է զուգարան գնալու համար ձեռք բարձրացրել, որպեսզի այնտեղ բեյսբոլի քարտեր փոխանակի։ Նա միշտ բոլորի մասին ամեն ինչ գիտեր, ինչպես Բարձրյալը։

Նրա մազերը սպիտակում էին, և կորսետը, որով նա փորձում էր փրկել իր թուլացող ողնաշարը, ակնհայտ երևում էր նրա հագուստի բարակ գործվածքի տակից։ Փոքրամարմին, հիվանդոտ կին՝ ծակող հայացքով։ Այնուամենայնիվ, նրանից վախենում էին։ Նրա լեզվի մասին դպրոցում առասպելներ էին շրջում։ Երբ նա հառում էր հայացքը մեկի վրա, ով ծիծաղում էր կամ շշնջում, անգամ ամենից պինդ ոտքերը թուլանում էին։

Այժմ գրելով բառերը, որոնց ուղղագրությունը պետք է այսօր ստուգեր, նա մտածում էր այն մասին, որ իր երկար մանկավարժական գործունեության հաջողությունը կարելի է արտահայտել այս սովորական առօրյա գործողությամբ նա շատ հանգիստ կարող էր շրջվել թկունքով դեպի դասարանը։