2021-03-14

Իվան Բունին «Երեք ռուբլի»

Ամառային այդ երեկոյան՝ ժամը իննին, ես գյուղից գնացքով գալիս էի քաղաք: Դեռ շոգ էր, ամպերը կիսամութ էին արել, ամպրոպ էր սպասվում: Երբ կառապանը, փոշի բարձրացնելով, կառքում թռցրեց ինձ  շուկայի կողմից մթնող դաշտով, մեր հետևից ինչ-որ բան բռնկվեց, ճանապարհը մեր դիմացից մի պահ ողողվեց ոսկով, ինչ-որ տեղ որոտ ճայթեց, և փոշու ու կառքի վրա խոշոր աստղիկներով սկսեց տեղալ արագ ու նոսր անձրևը, որը նույն պահին էլ դադարեց: Հետո կառքը, թեքվելով զառիթափից դեպի դաշտամիջյան ճանապարհ, դղրդաց ամբողջովին չորացած գետի վրա ձգվող քարե կամուրջին: Կամուրջի ետևից սարսափելիորեն մթին էին տվել ու մետաղական հոտ էին տարածել քաղաքային դարբնոցները: Ճանապարհին վառվում էր փոշու մեջ կորած կերոսինե լապտերը:

Վորյուբերի հյուրանոցում, որը քաղաքում լավագույնն էր, ինձ, ինչպես միշտ, տարան միջնորմի հետևի ննջասենյակով համարը: Սպիտակ, մոմլաթե վարագույրներով ծածկված փակ պատուհաններով այդ սենյակում շոգ էր, ինչպես վառարանում: Հյուրանոցի աշխատակցին հրահանգեցի ամբողջությամբ բացել լուսամուտը, ինքնաեռ բերել և արագ մոտեցա լուսամուտին. սենյակում շնչելու օդ չկար: