2021-07-29

«Արգելված» Բրեդբըրի №3 (16+)

 

Կեսգիշերն անց

Շտապօգնությունը անհարմար ժամին հասավ ափամերձ ժայռերին։ Շտապօգնությունը միշտ էլ անհարմար ժամի է գալիս, բայց սա առավելապես անհարմար ժամ էր, քանի որ վաղուց արդեն կեսգիշերն անց էր, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երբևէ օրը կբացվի նորից․դրա մասին էր վկայում նաև ծովը, որ խավար ափերի հետ էր խոսում, դա էր վերահաստատում նաև սառը, աղի քամին, որ փչում էր Խաղաղ օվկիանոսից, նույնն էր հաստատում նաև երկինքը ծածկած մշուշը, որ մարել էր աստղերը, ու վերջնական, չզգացվող, բայց  կործանարար վճիռ էր կայացրել։ Տարերքը պնդում էր, որ ինքը հավերժ այստեղ է մնալու, որ մարդը հազիվ թե երկար դիմանա, որ նա շուտով կհեռանա։ Այս պայմաններում դժվար էր ժայռի վրա իրենց մեքենաներով՝ վառ լուսարձակներով ու լապտերներով, հավաքված տղամարդկանց համար զգալու պահի իրական լինելը, քանզի նրանք հայտնվել էին թակարդում՝ գրեթե մոռացված մայրամուտի ու աներևակայելի թվացող լուսաբացի արանքում։

Ծառից կախված թեթև բեռը՝ ծածանվելով սառը, աղոտ քամուց, ոչ մի կերպ չէր թուլացնում այդ զգացողությունը։