2018-01-24

Անուն... սոցիում և ճակատագիր

Մարդկանց մեջ չկա մեկը առանց անուն:
Հոմերոս «Ոդիսական»

Մարդիկ ծանոթություն հաստատելիս առաջին բանը, որ հայտում են իրենց մասին, անունն է: Անունն է, որ նրանց անհատականություն է դարձնում մյուս բոլորից, տարբերակում և ուրույն տեղը մատնանշում հասարակության մեջ: Հետևապես՝ անունն է, որ մարդու հայտնիության առաջին սանղակն  է դառնում հասարակական շփման ժամանակ: Անվան նշանակության ու դերի մասին շատ է խոսվել, շատ է խոսվել նաև անձնանունների ծագման, առաջացման, դրանց ստուգաբանության մասին: Իզուր չէ, որ լեզվաբանական ուսումնասիրությունների մեջ իր ուրույն տեղն ունի հենց հատկանվանագիտությամբ զբաղվով անթրոպոնիմիկա ուղղությունը: «Չկա թեկուզ ամենավայրենի  մի ցեղ, որի անդամները անձնանուն չունենան»[1],- գրում է անվանի լեզվաբան Հր. Աճառյանը: «Մարկանց անունները հասարակության մեջ կրում են բազմահատկանիշ, կարևոր և անփոխարինելի մի դեր՝ լինի դա հատուկ անուն, թե դրա ամենատարբեր ձևը (փաղաքշական, արհամարհական), լինի դա ազգանուն, հայրանուն թե անվան այլ տիպ»[2]:
Ընդունված կարծիքի համաձայն՝ անձնանունը մարդուն անհատականացնելու միջոց է: Բազում անգամ սա կրկնած լինելով՝ կարծես թե այն դարձել է մի աքսեոմ: Սակայն բավական է բացենք որևէ անվանացանկ (հեռախոսագրքույկներ, սոցիալական ցանցեր, ՔԿԱԳ-ի գրանցման մատյաններ...) և կտեսնենք, որ նույն անունով գրանցված հազարավոր մարդիկ կան: Հետևապես միայն անունը բավական չէ մարդուն անհատականացնելու համար: Դրա համար էլ տարբեր հասարակություններում ընդունված է անվան կողքին դնել նաև ազգանունը, հայրանունը (Իսպանիայում անգամ երկազգանվանությունն է ընդունված՝ հոր և մոր ազգանունով կոչվելը): Նման իրողությունները նոր չեն սոցիումի համար: Պատմականորեն ընդունված երևույթ է որևէ մեկին տարբերելու համար նրան մականուն կամ կեղծանուն տալը: Օրինակ՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ երկիրը կառավարած բոլոր Աշոտ կամ Գագիկ Բագրատունիներից որևէ մեկին առանձնացնելու համար նրանց տվել են կա՛մ թվահամար, կա՛մ մականուն, ինչպես՝ Աշոտ Ողորմած, Աշոտ Երկաթ, Գագիկ Առաջին, Գագիկ Շինարար ևն: Անունների կրկնություններին նպաստել է նաև հասարակության մեջ գործող ավանդապահությունը: Հաճախ պապից(տատից) թոռանը, երբեմն էլ հորից(մորից) զավակին անցնող անունները նույնանվանության տենդենց են ստեղծել հասարակության մեջ: Իհարկե այսպիսի անցումները պայմանավորված են մեծերի հանդեպ հարգանքով կամ էլ տոհմի մեջ հաճախակի դարձած որևէ անվան պարտադիր կրկնությամբ: Այսօր բազմաթիվ հայտնի մարդիկ, ովքեր կրում են իրենց հայտնի հայրերի կամ պապերի ազգանուն-հայրանունները որպես տարբերակիչ նշան իրենց անվանը կցում են նաև «կրտսեր» բառը, որը արդեն տարբերակիչ հատկանիշից վերածվել է մականվան, ինչպես՝ Ռոբերտ Դաունի Կրտսեր, Ջո-Սմիթ Կրտսեր, Ջոզեֆ Սմիթ Կրտսեր ևն:

Անվան ազդեցությունը ճակատագրի վրա
Անվան՝ մարդու ճակատագրի և բնավորության վրա թողած ազդեցությունը հետազոտվում է արդեն շատ վաղուց, բայց մինչ  օրս այդ ազդեցության բնույթը մինչև վերջ չի բացահայտվել: Սոցիալական տեսության համաձայն մարդու անունը իրենից ներկայացնում է որոշակի տեղեկույթի ամբողջություն, որ կուտակել է հասարակությունը իր զարգացման ընթացքում և փոխանցել սերնդեսերունդ: Յուրաքանչյուր անուն որևէ բառ է մի ցանկացած լեզվով և ունի կոնկրետ նշանակությունԲացի իր նշանակությունից, անունը օժտված է նաև իրեն կրած անվանի մարդկանց էությամբ ու ազդեցությամբ:
Շրջապատողների վերաբերմունքը անվանակրի հանդեպ պայմանավորված է այդ տեղեկույթից և իր հերթին պայմանավորում է մարդու զարգացման ընթացքում նրա բնավորության ձևավորումը: Այդ դեպքում գործ ունենք ներշնչման հետ. անվան նշանակությունը և շրջապատողների ակնկալիքները ներշնչում են երեխային, թե ինչպիսին պիտի լինի նա:
Հասարակական տեսանկյան տարատեսակներից են ձայնային և զգացմունքային տեսությունները: Համաձայն զգացմունքային տեսության՝ մարդու բնավորությունն ու նրա ճակատագիրը կախված են այն բանից, թե որքան հաճելի և մեղեդային է հնչում նրա անունը ուրիշների համար. որքան հաճելի է հնչում, այնքան  թեթև բնավորություն ունի և լավ ճակատագիր: Իսկ ձայնային տեսանկյունն ասում է, որ  հնչյունների յուրաքանչյուր կուտակում գրգռում է ուղեղի մեծ կիսագնդի կեղևի որևէ հատված, և այն տարբեր ռեակցիա է ցուցաբերում այս կամ այն անվանը:
Բացի սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից  գոյություն ունեն նաև, այսպես կոչված, միստիկ մոտեցումներ, այսինքն երբ փորձում են անվան ազդեցությունը անվանակրի ճակատագրի վրա բացատրել թվաբանությամբ, գունային գամմայով և այլն:
Այնուամենայնիվ անվան՝ ճակատագրի վրա ունեցած ազդեցությունը մեծամասամբ կախված է այն բանից, թե ինչպես է այն ընկալվում շրջապատողների կողմից: Յուրաքանչյուր հասարակություն ունի իր  ավանդույթները, պատմությունը, կրոնը և իր լեզուն: Ավելի լավ է դասավորովում այն մարդկանց ճակատագիրը, որոնց անունները համապատասխանում են այն տեղանքի ավանդույթներին, որտեղ նրանք ծնվել ու մեծացել ենԵվ ընդհակառակը, այն անունները, որոնք հատուկ չեն անվանակրի ծնննդավայրին, կարող են փչացնել մարդու բնավորությունը և ճակատագիրը:
Օտար բառը անսովոր է լեզվի և ունկի համար: Տեղեկույթը, որ կրում է տվյալ հասարակարգի համար օտար անունը, անհայտ է այդ սոցիումի մեծ մասինԱյդ անունը, ի տարբերություն հասարակությանը ծանոթ մյուս անունների, իրենից ներկայացնում է ընդամենը ինչ-որ անհասկանալի հնչյունների կույտ: Անհասկանալի անունը կրողից հաճախ խուսափում են՝ չիմանալավ՝ ինչ սպասել անվանակրից, և վերջինիս հետ միշտ զգոն են իրենց պահում. ի վերջո անունը օտարում է մարդուն հասարակությունից: Սովորաբար երեխաները, որոնց իրենց հասարակարգի չափանիշների համաձայն տվել են օտար ու խորթ անուն, մեծանում են մեկուսացված, չշփվող, անվստահ:
Բայց անվան՝ ճակատագրի վրա ունեցած ազդեցությունը չի պայմանավորվում միայն հասարակարգում դրա խորթ լինելով: Անվան ճիշտ ընտրություն կատարելու համար առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ է այն նշանակումԵրեխաներին դաստիարակելիս ծնողները հաճախ նրա հետ կապում են իրենց ակնկալիքները, ներշնչում են նրան, թե ինչպիսին պետք է լինի ինքը: Այդ դեպքում այդ ակնկալիքները չպետք է հակասեն անվան նշանակությանը ու նրա կրած տեղեկույթին:
Անհաջող կարող է լինել այն երեխայի ճակատագիրը, որին կոչել են  որևէ հարազատի կամ հայտնի մարդու անունով: Այդ դեպքում նա պարտավորվում է լինել եթե ոչ ավելի լավը, քան նա, ում անունը ինքը կրում է, ապա գոնե հետ չմնալ նրանից: Բայց քանի որ մարդը ծնվում է իր ճակատագրով, որը հաճախ կարող է հակառակ լինել ծնողների ակնկալիքներին, այդ դեպքում այդ հակասությունը կարող է բացասապես ազդել նրա ճակատագրի վրաՆույնպես և վատ նշան է համարվում երեխաներին վաղ կամ էլ  բռնի մահով մեռած մարդկանց անունով կոչելը:
Ահա Ջեկ Լոնդոնի մի պատմվածքի հակիրճ վերաշարադրում, որտեղ տեսնում ենք, թե ինչպես անունը կարող է ազդել ճակատագրի վրա:
Ջեկ Լոնդոնը իր պատմվածքներից մեկում պատմում է մի կնոջ մասին, ով ապրում էր փոքրիկ կղզյակում: Այդ կինը իր ամեն հաջորդ ծնված երեխային կոչում էր մահացած եղբոր՝ Սամուելի անունով: Երեք երեխայի կյանքը խլում է դժբախտ պատահարը: Կնոջը փորձում են համոզել, հետ են պահում նույն սխալը գործելուց, ի վերջո դատապարտում են նրան: Նա 48 տարեկան է, բայց կրկին որդի է ուզում ունենալ, և ի զարմանք և ի սարսափ կղզու բնակիչների, նա կրկին որդի է ունենում և անվանում նրան նույն անունով. այդ որդին նրա վերջին հույսն էր: Բայց և այս մեկն է մեռնում: Միայնակ, բոլորի կողմից  մերժված, կյանքի մայրամուտին անգամ կինը իր ող կամքն ու ուժը չի կորցնում. «Եթե ես մի որդի էլ ունենայի, կկոչեի նրան Սամուել»:

[1] Աճառյան Հր., Հայոց անձնանունների բառարան, հատոր Ե, Երևան, 1962, էջ 340։
[2] Նիկոնով Վ.Ա., Անունը և հասարակությունը, Մոսկվա, 1974, էջ 3: