2019-05-28

Նադեյա Յասմինսկա «Ոսկե կիսադեմը»


Սեռին[1]  ողջ հանգստյան օրերին հեռախոսը պայթեցնում էր, իսկ երբ նրանք Ալեքի հետ, ի վերջո, հանդիպեցին ծխապատ բարում, այդժամ առաջին հերթին հրամայեց.
-Հապա շրջվի՛ր:
Ալեքը քրքջաց և հայացքն ուղղեց հենասեղանին, որի վրա էժանագին խմիչքների կողքին աչքի էր զարնում մարտինիի միայնակ մի շիշ:
Ընկերը մի քանի վայրկյան քննեց նրա դեմքը, ապա հaրվածելով սեղանին՝ եզրակացրեց.
-Գրողը տանի: Ինքն է, որ կա:
-Էդ ի՞նչ նորություն է,- վրդովվեց Ալեքը,- դու պատրաստվում ես ինձ ամուսնացնե՞լ:
-Էդքան էլ չէ,- քմծիծաղեց Սեռին:- Ավելի շուտ՝ կարգին տեղավորել: Ես ինքս այդպիսի մի տաք տեղից կկառչեի, բայց ցավոք, մռութս բանի նման չէ:
-Նա ցույց տվեց շատ վաղուց ծեծկռտուքի ժամանակ կոտրած իր քիթը:
-Ուրեմն, կնիկարմատի հարց է:
Ալեքը մի ումպով դատարկեց իր բաժակը:
-Արի ու տես՝ չէ: Տղամարդ է:
-Խելքդ թռցրել ես, ի՞նչ է,- վրա տվեց տղան՝ բարձրանալով աթոռից,- գնա գրողի ծոցը, ես էդպիսի խաղեր չեմ խաղում:
-Մի վայրկյան սպասի՛ր,- ընդհատեց նրան ընկերը,- դու ամեն ինչ սխալ հասկացար: Դա մի ծերունի է՝ 90 տարեկան: Տե՛ղդ նստիր, հիմա ամեն ինչ կպատմեմ:
Սեռին ծխախոտ քաշեց, ծխի ամպ բաց թողեց դեպի առաստաղն ու սկսեց.
-Հիշո՞ւմ ես, իմ շենքում՝ մի հարկ ներքև, տուն էր տրվում վարձով: Անգամ քեզ էի առաջարկել վարձել այն: Ահա, ուրեմն. երեք շաբաթաչափ առաջ այնտեղ նոր կենվոր հաստատվեց: Չնայած, ճիշտն ասած, նա արդեն ավելի շուտ անկենդան[2]  է՝ այնպե՜ս ծեր, ամբողջովին կնճռոտված, երկար ճերմակ մորուքով: Արևելցու նման է, ամբողջովին Հոտտաբիչի[3]  կամ էլ այս, ինչպե՞ս էր անունը, Մոլլա Նասրեդինի[4]  կրկնօրինակը
-Պարոն Նասրեդին,- հազիվ լսելի փնթփնթաց Ալեքը:
-Հը՞ն,- հարցրեց Սեռին:- Ի՞նչ:
-Այդպիսի մի մանկական բանաստեղծություն կար, հիշո՞ւմ ես:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին
Ինչո՞ւ մարդկանցից մենակ
Թափառում ես խռով շարունակ[5]:
-Այ՛, ա՛յ,- գլխով արեց ընկերը,- նա նույնպես ձեռնափայտ ունի ու գլխին ՝նաև չալմա: Մի քանի անգամ պատահաբար հանդիպել եմ նրան, անգամ օգնել. դե գիտես՝ էս կամ էն հարցով՝ դուռը բացել, պահարանը նրա հարկ բարձրացնել
-Ե՞վ,- ձանձրացող տոնով հարցրեց Ալեքը:
-Եվ մի անգամ ծեր քոթուկը բերանից թռցրեց, որ ինքը նումիզատ է, այսինքն՝ մետաղադրամներ է հավաքում: Գլուխը գովեց իր յուրահատուկ հավաքածուի համար, որի նմանը ողջ աշխարհում անհնար է գտնել: Ու նաև, ուշադրություն, գանգատվեց, որ երեխաներ ու թոռներ չունի: Մեկը չկա, ում կարող է նման հարստություն թողնել, մնում է միայն թանգարանին հանձնել այն:
-Ի՞նչ է՝ որոշել ես նրա թոռը դառնալ:
Ալեքի աչքերում առաջին անգամ հետաքրքրություն հայտնվեց:
-Բանն էլ այն է՝ ո՛չ ես: Քաֆթառը անընդհատ տարօրինակ էր ինձ նայում, կարելի է ասել, գարշանքով: Իսկ հետո մի անգամ բերանից թռցրեց, որ ես «ոչ բարետես կիսադեմ» ունեմ: Ես անգամ նեղացա: Հետո միայն խելքիս հասավ. հիշո՞ւմ ես, այդպսի մի գրող կար՝ «Օ» տառով սկսվող անվամբ:
-Չեմ հիշում: Հարյուր տարի է գիրք չեմ վերցրել ձեռքս: Եթե հաշվի չառնենք «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթները, էդ էլ ցածր դասարաններում:
-Դե, կարևոր չի: Նա մի պատմվածք ուներ, որտեղ հարուստ տիկինը իր թևի տակ առավ չունևոր մի որբուկի: Ոչ ոքին կյանքում օգնած չկար, բայց սրան հանկարծ սկսեց խնամել: Հետո պարզվեց, որ տիկինը սարսափելի փողասեր էր, իսկ աղջնակի կիսադեմը արծաթագույն դոլլարի կիսադեմի կրկնօրինակն էր: Հասկանո՞ւմ ես:
-Էնքան էլ չէ,- խոստովանեց Ալեքը:
-Ինչպե՞ս թե,- բղավեց Սեռին այնպես, որ նրա հետևի նիհար մատուցող քիչ մնաց գցեր սկուտեղը:  Բայց հետո հանկարծ սթափվեց և շարունակեց արդեն ավելի հանդարտ.
-Նույն պատմությունն է: Ծեր նումիզատը սիրում է մետաղադրամները: Կիսադեմերը, ինչպես պարզվեց, կարևոր են նրա համար: Իսկ դու ուղղակի իդեալական նմուշ ես: Ընկե՛րս, նայի՛ր քեզ հայելու մեջ: Ինչպիսի՜ քիթ, ինչպիսի՜ վերհոնքային աղեղներ, թեկուզ դիմաքանդակ սարքիր: Կայսր, միայն ու միայն կայսր:
Ալեքը երրորդ բաժակը լցրեց մինչև պռունկը, ապա որոշակի մտածմունքներից հետո ճշտեց.
-Դու ուզո՞ւմ ես, որ ես էդ ծերուկին կպչեմ փողի համար: Փոխարինե՞մ նրա թոռանն ու դայակին: Բայց չէ որ ծերուկը, կարող է, չի էլ պատրաստվում մեռնել: Ի՞նչ է՝ տարիներով նրա հետևից պետք է գարշոկ քարշ տամ:
-Պարտադիր չէ:
Ընկերը ցածրացրեց ձայնը:
-Կարևորը շահես վստահությունը, իսկ հետոՄարդիկ այդ տարիքում մեռնում են հանկարծակի ու անձայն: Ոչ ոք հարայ-հրոց չի բարձրացնի: Դե, ինչպես քո մորաքրոջ դեպքում եղավ, հոգին լուսավորվի:
-Կատակելու բան չի,- խոժոռվեց Ալեքը և թիկնեց աթոռին,-  գործը պետք է արդարացնի սպասելիքները:
-Ինձ մոտ արի, ես ձեզ կթանոթացնեմ: Շատ պատահաբար կհանդիպենք աստիճանների վրա: Ինքդ կորոշես: Ի դեպ, ցածր տոկոս կվերցնեմ, և միայն փաստերից ելնելով:
Սեռին նորից ծխեց և մտածկոտ նայեց աշխարհին կեղտոտ մատնահետքերով բաժակի ապակով:
-Իսկ եթե հրաժարվես, գոնե ինձ մոտ գարեջուր կքաշենք գլուխներս:
Ալեքն այս զրույցը լուրջ չընդունեց, բայց մի քանի օր անց, այնուամենայնիվ, այցի գնաց Սեռիին. հետաքրքրասիրությունն էր համակել: Բնակարանի լուսամուտից նրանք լուռ հետևում էին կորացած, սպիտակած չալմայով ծերունուն, որը թխկացնում էր ասֆալտի վրա իր ձեռնափայտով: Բառացիորեն նույն Նասրեդինն էր՝ մանկական երգ-զվարճանքներից:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին
Ինչո՞ւ մարդկանցից մենակ
Թափառում ես խռով շարունակ:
Շարունակությունն ինքնին ծնվեց Ալեքի գլխում.
Պարո՛ն նումիզատ,
Գանձերիդ մոտ տար,
Որտե՞ղ են քո տանը,
Դրված դրամները հատ-հատ[6]:
Շուտով ծանոթությունը հաստատվեց: Նոր հարևանին պետք էր աստիճաններով բարձրացնել փորագրված կաղնուց ծանր սեղանը, և Սեռին՝ որպես օգնական, առաջարկեց իր ընկերոջը՝ «խելքը գլխին մի տղայի»: Ալեքը նկատեց, ինչպես էր ծերունին հայացքը հառել իր դեմքին, ինչպես բորբոքվեցին նրա աչքերը սպիտակ ցանցառ հոնքերի ներքո: Սեղանը տեղադրվեց հյուրասենյակում, և արդեն մի քանի րոպեից ընկերները դրա շուրջը նստած թունդ թեյ էին խմում ՝ շաքարափոշի ցանած ռահաթ-լոխումով:
«Երեք սենյակ»,- կամացուկ ծալեց մատներն Ալեքը: Առաջինը այն, որտեղ իրենք նստած են, մի կից ննջարան և ևս մի առեղծվածային դուռ միջանցքում, որի վրա երկաթե արկղիկ է կախված
-Դուք խմեք, խմեք,- սվսվացնելով ասում էր ծերունին՝ լցնելով բոլորի բաժակները:
Նա տարօրինակ առոգանությամբ էր խոսում՝ ոչ սովորական կովկասյան, այլ երկարացնելով, ասես արաբական կամ հեռավորարևելյան: Շատ բառերն ընդհանրապես անհնար էր հասկանալ:Բայց երբ խոսք էր գնում նրա հավաքածուի մասին, ծերունին սթափվում էր և արտահայտություններն այնքան պարզ ու հասկանալի էր արտաբերում, ինչպես ոսկերիչը, որը թանկարժեք մետաղ էր չափում:
-Դուք ոսկե կիսադեմ ունեք,- ասաց նա՝ նայելով ուղիղ Ալեքի աչքերին:- Դա իմ անձնական դասակարգումն է: Երբ ես նայում եմ մարդկանց, մտովի պատկերացնում եմ նրանց մետաղադրամի վրա: Ահա այս դեմքերն արժանի են ոսկե մետաղադրամի, իսկ մյուսները՝ ավելի հասարակները՝ արծաթե: Կան կիսադեմեր, որոնք կարելի է հատել միայն պղնձե մետաղադրամներին: Իսկ կան այնպիսիք էլ, որ արժանի չեն անգամ արճճի…- Ծերունին մի քիչ քամահրանքով խեթեց Սեռիին, հետո նորից հայացքը գամեց Ալեքին, և նրա հայացքը ջերմացավ:- Բայց երդվում եմ մորուքովս,  Դուք ամենաբարձր կարգի մետաղի եք արժանի:
Սեռին ոտքով թեթևակի խփեց ընկերոջը:
Այդ դեպքից հետո Ալեքը սկսեց հաճախակի այցելել սկզբից Սեռիին, իսկ հետո արդեն միանգամից նրա հարևանին՝ օգնելով ինչ-որ բան տեղափոխել, մեխել կամ սարքել: Ծերունին քնքշաբար ժպտում էր երիտասարդին, նրան «թանկագին[7]»  անվանում և թեյ խմեցնում, բայց իր հավաքածուն ցույց տալ չէր շտապում: Ասենք, Ալեքն էլ չէր շտապում: Նա համբերատար փոխում էր ծխնիները և պտուտակում մանեկները՝ իր հնարավորությանը սպասելով:
Այդ հնարավորությունն ընձեռնվեց մոտավորապես մեկ ամիս հետո: Ծեր նումիզատը, ինչպես միշտ,  հրավիրեց Ալեքին իր մոտ՝ «թեյելու»: Տղան վերցրեց իր հետ աշխատանքային ձեռնոցներն ու գործիքների արկղը, բայց այս անգամ ոչինչ անելու կարիք չեղավ: Նախամուտքում ճամպրուկ էր դրված, իսկ տանտերը հյուրին դիմավորելու էր դուրս եկել վառ գույնի, ասեղնագործ կոստյումով ու գեղեցիկ սղալած, անգամ խոպոպած մորուքով:
-Մեկնո՞ւմ եք,- փոքր-ինչ անակնկալի եկած՝ հարցրեց Ալեքը:
-Կարճ ժամանակով, թանկագի՛նս,- հանգստացրեց նրան ծերունին՝ ուղղելով չալման:- Ընդամենը մի քանի օրով: Բացառիկ մետաղադրամների աճուրդ կա, ես անձամբ պետք է տեսնեմ ու գնահատեմ դրանք:
-Ինքնե՞րդ եք գնալու,- զարմացավ երիտասարդը: Այդքան փոքրամարմին, կնճռոտված, բայց, արի ու տես՝ ուր ասես խցկվում է իր ձեռնափայտով:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին
-Իհարկե,- պատասխանեց հարևանը: Ողջ կյանքիս ընթացքում այնքա՜ն եմ ճամփորդելեթե միայն իմանայի՜ր, թանկագի՛նս: Ողջ աշխարհն եմ ոտքի տակ տվել: Իսկ քանի դեռ այստեղ չեմ լինի, հարգի՛ր ծերուկիս, մի գործ կա, կատարի՛ր: Այն սենյակում պահվում են մետաղադրամները, դրանք պետք է մաքրել փոշուց երեք օրը մեկ, որպեսզի չժանգոտեն: Ըստ գրաֆիկի՝ հաջորդ անգամը վաղն է: Պատի վրա ամեն ինչ գրված է: Այդ միայն թանգարաններում ամեն տեսակի պահպանական համակարգեր կան, բայց չէ՞ որ իմը թանգարան չէ: Ամեն ինչ հին ձևերով եմ ստիպված անել:
Նա Ալեքին մեկնեց մուգ կանաչ գույնի ապակե մի սրվակ, ապա ձեռքը խոթեց մի թերթիկ:
-Սա գաղտնաբառն է,- բացատրեց ծերունին,- դռան վրա եմ դրել ցանկացած  տիպի գողերի դեմ: Բառը պետք է հավաքել ձեր այբուբենով: Կարծում եմ՝ գլուխ կհանես:
Ալեքը շրջեց թղթի կտորը: Դրա վրա մեծ, տպագիր տառերով գրված էր «ՍԵԶԱՄ»:
«Նա, ի՞նչ է, ձե՞ռք է առնում,- ծագեց առաջին միտքը, բայց հետո տղան քմծիծաղեց,- իսկ էս քաֆթառը լավ էլ հումորի զգացում ունի»:
-Այո՛, սեզամ,- գլխով արեց նումիզատը և բացարձակապես լրջորեն նայեց իր օգնականի աչքերին:- Կամ էլ քունջութ, կամ սիմ-սիմ: Իսկ կարելի էր ընտրել այլ բառ՝ նուշ, բարբարուկ, մանանեխ, կանեփՀլածուկ, արախիս, պիստակ, գինձԳիտե՞ս՝ սիրում եմ ձիթաբույսեր: Երկրորդ կիրքս է թանկարժեք մետաղից հետո:
-Ձեր անունը պատահաբար Ալի-Բաբա չէ՞,- ծիծաղեց Ալեքը: Եվ անմիջապես էլ միտքը եկավ, որ չգիտի ծերունու անունը: Նա ներկայացել է իրենց ծանոթության ամենասկզբում, բայց տղան ականջի ծայրով էր լսել, իսկ հետո կրկին հարցնելն անհարմար էր:
-Ալի-Բաբան այդպես էլ չկարողացավ մորուսն աճեցնել,-  խորհրդավոր տոնով արտասանեց հարևանն ու ցույց տվեց ճամպրուկը:
Ալեքը վերցրեց ուղեբեռը և օգնեց ծերունուն իջնել աստիճաններով: Տաքսին արդեն կանգնած էր շքամուտքի մոտ: Ցտեսության փոքրաթիվ բառեր, որից հետո ճերմակած, փոքրամարմին տղամարդը՝ չալմայով, փակեց դուռը: Մեքենան թաքնվեց շենքի անկյունում, իսկ տղան կանգնած մնաց բակում՝ ձեռքում խաղացնելով բանալիներ ծանր տրցակը:
Նումիզատի բնակարան այժմ կարելի էր մտնել ցանկացած պահի, բայց Ալեքը եկավ, ինչպես որ պայմանավորված էր՝ հաջորդ օրը՝ երեկոյան: Միգուցե քաֆթառն իր խնդրանքի մասին պատմած լինի որևէ մեկին: Պետք է զգուշավորություն պահպանել:
Ինքն ամեն ինչ արդեն որոշել է: Բաճկոնի աստառի մեջ պայուսակ էր կարված: Բավական է թատրոն խաղալ և իրեն «թանկագինի» պես պահել: Ավելի լավ է հնարավորինս արագ հափշտակել մրցանակն ու «թռնել»: Ծերունին չգիտի իր ազգանունն ու բնակության վայրը, փաստաթղթերը երբեք չի տեսել: Արտաքինը մեկից մեկ կարելի է փոխել: Սեռին էլ բեմականացում կխաղա. «Ա՜խ, դա պատահական ծանոթ էր, ես այնքան քիչ բան գիտեմ նրա մասին: Մի՞թե գողություն: Այ քեզ բան, իսկ այնքան քաղաքավարի էր իրեն ցույց տալիս»: Նա, ի  վերջո, մեծ փորձ ունի: Իսկ հետո, երբ ամեն ինչ հանդարտվի, և քաֆթառը  ոտքերը մեկնի (սուգից կամ էլ ուղղակի տարիքից), հնարավոր կլինի քիչ-քիչ ցրել գողոնը, էնպես էլի՝ մի-մի հատով, տարբեր մարդկանց: Մի՞թե հանճարեղ պլան չէ:
Մուտքում ոչ ոք չկար: Տղան պտտեց բանալին փականի մեջ՝ մեկ, երկու, երեք: Հետո մտավ բնակարան՝ հետևից կամացուկ փակելով դուռը:
Առաջին արգելքը հաղթահարված է: Այժմ պետք է հասնել գանձարանին:
Պարո՛ն նումիզատ,
Գանձերիդ մոտ տար
Ալեքը հետ տարավ երկաթե տուփի կափարիչը և հավաքեց «ՍԵԶԱՄ» բառը:
Տառերը երևացին փոքրիկ էկրանի վրա, ապա թարթեցին ու անհետացան:
Լսվեց փականի ձայնը: Տղան հրեց դուռը, և այն բացվեց:
Լույսն ինքն իրեն վառվեց, և Ալեքը, որ մտել էր սենյակ, քարացավ զարմանքից: Դա ուղղակի հավաքածու չէր, և ոչ էլ գանձարան: Նա հայտնվել էր իսկական հրաշքների քարանձավում:
Բոլոր հնարավոր չափերի և երանգների մետաղադրամները փայլում էին պատերին՝ առանց որևէ ապակիների կամ շրջանակների՝ ուղղակի ամրացված թանկարժեք, սև սաթի նման պաստառներին: Մետաղադրամները դրված էին սեղաններին և հենարանների վրա: Անգամ հատակին՝ ոտքերի տակ, թափված էին կիսամաշ կլորներ: Ալեքը նետվեց առաջին մետաղակույտին և հափշտակեց ամբողջ բլրակը: Ո՛չ, ո՛չ: Հանգի՛ստ: Այդպես չի կարելի: Բոլոր նմուշները անհնար է վերցնել, պետք է ընտրել ամենից թանկարժեքները:
Տղան մի հայացք գցեց սենյակին:
Եզրահանգում համար մեկ. տեսանելի վայրում սիրողաբար կախված մետաղադրամները հավանաբար ավելի թանկ արժեն, քան հենց այնպես թափվածները: Եզրահանգում համար երկու. պետք է փնտրել նրանք, որոնք ավելի դեղին են ու խոշոր:
Ալեքը միացրեց գրպանի լապտերը և սկսեց զննել մոտակա պատի վրայի հավաքածուն: Երևում է՝  ծերուկն իսկապես խանգարված է կիսադեմերի վրա: Բոլոր մետաղադրամները ցուցադրված էին ավերսով[8] : Ահա ոսկե, ահա արծաթե կիսադեմերը, իսկ այնտեղ՝ հենց անկյունում, մի կերպ փակցված էին պղնձե կիսադեմերը:Իսկ այստեղ ի՞նչ է: Ուղղակի մետաղական կլորներ՝ հարթ մակերևույթով: Հավանաբար դրանց հետ գործ են ունեցել կեղծ դրամահատները: Դե ինչ, նումիզատի համար դա էլ կարող է հետաքրքրություն ներկայացնել:
Հանկարծ Ալեքը երերաց և աչքերն սկսեց հաճախ թարթել: Նրան թվաց, որ մետաղադրամներ վրայի դեմքերը շարժվեցին: Հավանաբար օդի անբավարարությունն է ազդել: Սենյակում շատ տոթ էր: Տղան քայլ արեց, որ բացի օդանցքը, և քարացավ. ոչ մի օդանցք էլ չկար այստեղ:
Չլինի՞ թե ծեր հիմարը փակել է այն, պաշտպանե՞լ է իր գանձերը արևի լույսից: Այդ դեպքում պետք է դուռն ավելի լայն բացել, թե չէ գլուխը պտտվում էր:
Պարզվեց դուռը փակ է: Երևի ինքն իրեն է փակվել: Ալեքը բարձրացրեց էլեկտրոնային փականի կափարիչը և հավաքեց «ՍԵԶԱՄ»: Բայց սպասվելիք բացվելու ձայնը չհետևեց դրան: Նա քաշեց բռնակը, հրեց դեպի իրեն, ապա հակառակ, ուսով վրան ընկավ, բայց անօգուտ:
Իսկ գո՞ւցե ընդհանրապես գաղտնաբառը «ՍԵԶԱՄ» չէ: Տղան սրտխառնոց էր զգում, նա արդեն ոչնչում վստահ չէր: Ապա հանգստացի՛ր, կենտրոնացի՛ր: Ի՞նչ էր ասում ծերուկը: Ձիթաբույսեր
Ալեքն սկսեց հավաքել բառը բառի հետևից. «քունջութ» (ո՛չ, այն չէ), «նուշ» (կրկին փակ է), «սիմսիմ» (ոչ մի ձայն): Նա սկսեց նյարդային քրքջալ՝ հավաքելով «կանեփ»  գաղտնաբառը. գո՞ւցե սա ինչ-որ կատակ է: Բայց ամեն ինչ անօգուտ էր:
Հապա, սպասի՛ր: Գաղտնաբառը գրված էր թղթի վրա: Ո՞ւր է այն: Տղան սկսեց ջղաձգորեն շրջել գրպանները՝ գետնին թափելով ճմլած երթուղային կտրոնները և մաստակի թղթերը: Փրկարար երկտողը չկար ու չկար: Բայց  մատները շոշափեցին մուգ կանաչ ապակուց սրվակը, որը նրան տվեց ծերունին:
«Ամեն ինչ լավ է,- համոզում էր ինքն իրեն Ալեքը,- ընդամենը տոթ է, հիմա ես փոքր-ինչ կնստեմ և կհասկանամ՝ ինչ անել»:
Պատերի, սեղանների և ոտքերի տակ եղած մետաղադրամները հիմա ոչ միայն շարժվում էին, դրանք ցնցվում էին: Դրանց վրա եղած դեմքերը բացել էին բերանները անձայն գոռոցի համար, կարծես ինչ-որ բան էին ուզում ասել
-Վե՛րջ տվեք,- բղավեց տղան և բռնեց գլուխը,-լռե՛ք:
Նա վերցրեց սրվակը և սկսեց իր շուրջը դատարկել դրա պարունակությունը, ասես ներսում օծված ջուր էր, որը կօգներ նրան քշել չարքերին: Բայց չարքերը չէին գնում: Ընդհակառակը, ծանր օդին ավելացավ սուր խեղդող հոտը: Ալեքի աչքերի առջև սևացավ: Ոտքերը ծալվեցին: Նա ընկա՞վ, թե՞ ոչ: Մարմինը գետնին ընկնելու հարվածին էր սպասում, բայց դա չեղավ: Տղան անօգուտ թպրտում էր, հետո նրան սկսեց սև խոռոչը քաշել, ավելի ճիշտ՝ ոսկե շրջանը՝ հարթ, դատարկ մակերևույթով, որի չափերն անընդհատ մեծանում էին, մինչև իրենով չփակեց ամբողջ պատը:
Ալեքն ընկավ մետաղադրամի վրա, սոսնձվեց նրան, ինչպես ձյութի: Նա չէր կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը, նրա վերջույթներն ասես մեռած լինեին: Դեմքի մի երեսն ասես անզգայացել էր: Հիմա նա բզեզ էր սաթի վրա, ավազահատիկ՝ սենյակում, որը հանկարծ ահռելի դարձավ:
Դուռը դանդաղ բացվեց: Տղան ուզում էր շրջել գլուխը, բայց աջ այտն անշարժ կպել էր մետաղին: Այդժամ նա ողջ ուժով թեքեց ձախ աչքը և տեսավ նումիզատին: Ծերունին նայեց պատերին, նկատեց Ալեքին և ուրախությամբ իրար հպեց ափերը: Ապա միայն իրեն հասկանալի լեզվով բռնկվեց երկար մենախոսությամբ:
«Օգնե՛ք ինձ»,- շշնջաց Ալեքը: Նա իսկապե՞ս դա արտաբերեց, թե՞ բառերը հնչեցին միայն իր գլխում: Բայց ծերունին կարծես լսեց նրան, ավելի մոտեցավ և մեկնեց ահռելի ձեռքը, որ ծածկեց ողջ աշխարհը:
-Հոյակա՜պ է,- լսվեց ծանոթ սվսվոցը: Ամեն ինչ շրջվեց, տղայի սիրտը խառնեց, և նա հասկացավ, որ ահռելի ափը իրեն վերև նետեց,- ուղղակի հոյակապ է: Ա՜յ, էստեղ կլինես
Ալեքը հատեց օդը և կրկին հայտնվեց պատին՝ իր ոսկե կլոր վանդակում: Նա մի ակնթարթ միայն տեսավ իր քարացած կիսադեմը՝ քիթը, կրկնակզակը, վերհոնքային աղեղները՝ արտացոլված ցանցառ հոնքերի տակ գտնվող սև աչքերում:
-Ոչի՛նչ, թանկագի՛նս,- ծիծաղկոտ ծոր տվեց ծերունին:-Կհարմարվես: Բոլորն էլ հարմարվում են, իսկ ի՞նչ անեն:
Աչք ածելով իր հավաքածուին՝ նա դուրս եկավ սենյակից և լույսն սկսեց դանդաղ, շատ դանդաղ մարել, մինչև որ բացարձակ մթություն տիրեց:



[1] Серый- ռուս.՝ մոխրագույն, տեքստում գործածված է որպես ազգանուն (մականուն):
[2] Туда вселился новый жилец. Хотя, по правде, он уже скорее не-жилец.-Բնագրում հեղինակը դիմել է բառախաղի:
[3] Հոտտաբիչ- տիտրերում՝}{0ТТ@БЬ)Ч,  գլխավոր հերոսը երիտասարդական արկածային համացանցային կոմեդիայի՝ հիմնված Սերգեյ Օբլոմովի «Ծերունի Հետտաբիչի մեղրի սափորը» վեպի վրա:
[4] Մոլլա Նասրեդին- արևելյան իսլամական աշխարհի, Միջերկրածովային մի քանի ազգերի և Բալկանների բանահյուսական կերպար, կարճ հումորային և երգիծական մանրավեպերի և անեկդոտների, երբեմն նաև կենցաղային հեքիաթների հերոս:
[5] Господин Насредин,
Что бродишь один
С длинной тростью-
Вечно хмур, нелюдим.
[6] Господин нумизмат,
Покажи-ка нам клад —
Где же в доме твоем
Все монетки лежат?

[7] Բնագրում հեղինակը, գործածելով золотце բառը, բառախաղ է ստեղծում:
[8] Ավերս- Մետաղադրամի գլխավոր, դիմային երեսը (լատ.՝ adversus- երեսի վրա դարձված)