2015-01-01

Մերկանդամ ճշմարտության դիմաց

1
Մի ամփոփ հայացք՝ նախքան սկսելը
   Քաղաքի ծայրամասը առանձնակի պարկեշտությամբ  աչքի չէր ընկնում: Մի տեսակ լքված ու մոռացված աշխարհից՝այս շրջանն ապրում էր իր կանոներով ու իր հայեցողությամբ: Ծայրամասային այդ շրջանը դուրս էր բոլոր օրենքներից,հենց դա էր պատճառը, որ այստեղ օրենքը հենց տեղացիներն էին:Նրանց բարդ ու երկարածավալ սահմանադրություն կամ աշխատանքային պայմանագիր պետք չէր:Կար միակ և արդեն քանի տարի է անփոփոխ իշխող միապետական մի իրավունք՝ գնորդը պարտավոր է վճարել,ու դրա դիմաց անել կամեցածը:Սա լուռ համաձայնագիր էր,որ կնքվել էր մարմնավաճառների ու նրանց հաճախորդների միջև:
   Այստեղ կյանքը եռում էր գիշերները: Ողջ ցերեկը այստեղ չէիր գտնի մի կենդանի շունչ: Կարծես այս արհեստը ինչ- որ չկնքված պայմանագրով պարտավորվել էր իր հմտությունները ի ցույց դնել միայն մութն ընկնելուն պես,կարծես այդ արհեստի հմուտ արհեստավորները վախենում էին ցերեկային լուսատուի զայրույթը շարժելուց: Ուրիշ բան էր լուսինը: Դարեր ի վեր նա շարունակ սիմվոլն էր տռփանքի, անթաքույց կրքերի, շնության, բռնության,գաղտնիքների: Քանի-քանի անգամ  մերթ այս մերթ այն հյուրանոց հիշեցնող կիսախարխուլ շինությունների գլխին կախված նա հետաքրքրասեր մանկան պես ականջ էր դրել խուլ հառաչանքների,անբռնազբոս տնքոցների, դառը ճշմարտությունների,ավերված ճակատագրերի ու ալկոհոլի բարեհաջող ներգործությամբ բացված բերանների պատմությունների :
   Այս ՛՛թաղամասի՛՛ առանձնահատկությունններից էր նաև արդեն իսկ հիշատակված կիսախարխուլ շինությունների առկայությունը,որոնք ծառայում էին իբրև հյուրանոցներ,և որոնք իսկապես շատ էին: Երբևէ ուշադիր եղել եք,որ մթերք գնելու համար ստիպված ես լինում հերթ կանգնել առանձնապես հենց որոշակի ժամերի,հաճախ առավոտյան ու երեկոյան: Նույն կերպ այստեղ էր: Հաճախ իրենց սփոփանքը այս սիրունատես անառակուհիներ մոտ փնտրողների թիվը այնքան ստվարածավալ էր լինում,որ որոշները ստիպված էին լինում հերթ պահել իրենց աչքադրած մարմնավաճառին ձեռք գցելու համար: Ընդհանրապես ,որպես հմուտ արհեստավորներ, այս թաղամասի տեր ու տիրականները ունեին իրենց մշտական հաճախորդները:Թեև այս ասելիքս ավելի ճիշտ կլիներ կառուցել հակառակ կերպով: Այս թաղամաս այցելող գրեթե յուրաքանչյուրը ուներ իր ՛՛վաղեմի ու հավատարիմ՛՛ ընտրյալը: Սա էլ աղջիկների մեջ կնքված լուռ պայմանագիր էր.երբեք որսին չփախցնել մյուսի ձեռքից,այլապես…այլապես այդ դրախտի մեջ պայմանախախտի դժոխքն անխուսափելի էր: Մուտքն այս դրախտ և ելքը նրանից բացարձակապես ազատ էր,սակայն հազարից մեկ էր պատահում,որ այստեղ որևէ նորեկ էր հայտնվեր և առավել հազվադեպ էր պատահում,որ ինչ որ մեկը կարողանում էր դուրս գալ այս ճահճից:
   Եվ որքան հարաբերական է այդ դրախտ կոչվածը… Մերկանդամ Եվան անգամ կսոսկար այս անառակությունից,այս լպիրշությունից: Ու նա,որ ընդհանրացնելով ասում է,թե ամենից քնքուշ բուրում է կինը,ուրեմն հաստատապես չի այցելել այդ թաղամաս:Թող այդպիսի քաղցր անգիտության մեջ էլ ապրի հավերժ այդպիսի մեկը: Թող նրան ծանոթ չլինեն այնպիսի կանայք, ումից արդեն առավել քան իրենց սեփական, գալիս է իրենց սիրեկանի հոտը,ումից կգրեադասեիր առնել թեկուզ ալկոհոլի հոտ,քան այն հոտը,որ դու զգում ես սթափ վիճակում նրանց մոտենալուն պես:

   Թե որքանով են արդարադատ ու ճիշտ այդ անառակուհիների պատմությունները իրենց նախկին բարձրաշխարհիկ կյանքի մասին,թերևս ոչ ոք չի կարող իմանալ, բայց ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ,թե ինչպես նրանց մեջ հայտնվեց իմ խեղճ հերոսուհին՝նա, ում ես ուղղակի կկոչեմ Լերա:
2

Ամեն ինչից,ինչ հավերժ է,
ամենակարճ ժամկետը սիրունն է:
                                                        
Յանուշ

Վիշնեվսկի


  Կարծես երկար ժամանակ էլ չէր անցել,կարծես ընդամենը դեռ երեկ էր..Նրա ձեռքերը իր ազդրերի վրա էին...Նրա աչքերը մերկացնում էին իրեն,շոյում էին, ջերմացնում,ստիպում էին մերկանալ,իսկ հետո...իսկ հետո կիրքը քրտինքի նման հորդում էր նրանց շրթունքներից,խոստովանում, բորբոքում զգացմունքները,իսկ հետո Լերան արթնանում էր ամբողջովին գրգռված ու քրտինքի մեջ կորած: Ամեն լավ բան իր ավարտն ունենում է,անգամ եթե այն երազ է...առավել ևս եթե այն երազ է: Լերան լսում է նրա ձայնը..ի՞նչ է՝ երազը դեռ շարունակվո՞ւմ է :Միթե ամեն ինչ չավարտվեց երազի հետ...Երկա՞ր է դեռ շարունակվելու այս մղձավանջը...Լերան անմիջապես շրջվում է մի կողմի վրա երկրորդ բարձը դնում գլխի վրա...Միամիտ աղջիկ,փորձում է փախչել ուրվականներից:Արժեր կանխատեսել այս ամենը,երբ անկողին էիր մտնում սատանայի հետ: Բարձից նրա վարսերի հոտն է դեռ գալիս:Լերան մեքենայորեն բացում է ափը,փորձում դրանք մտցնել վարսերի մեջ:Բայց, ո՛չ,սպասիր...չէ՞ որ սա ընդամենը բարձ է: Ու նորից հուսախաբված նա մի կողմ է նետում բարձը,մինչև գլուխը թաղվում ծածկոցի տակ: Կրծքի վրա մի այրող ցավ է զգում, քաղցր այրոց… Էլ ոնց կարելի է նկարագրել սատանայի համբույրները.. Լերան կրքից թավալգլոր է լինում..Ի՞նչ է,նա դաս չքաղե՞ց,որ նշանակություն չունի արթմնի ես սիրով զբաղվում սատանայի հետ, թե երազում.. Սատանան հոգիդ առնում է երկու դեպքում էլ...
   Փախի՛ր Լերա,փախի՜ր,քո հոգին դեռ պետք է սատանյիցդ նվեր մնացած միակ մաքրությանը` <<Սատանայի ճուտիդ>> :

3

-Չէ՛, դու միայն պատկերացրո՜ւ ,ես ամբողջ օրն աշխատեմ,իսկ նա դեռ ինձնից դժգոհ է,- փնթփնթում էր հերթական հաճախորդը,-ես փող եմ աշխատում,որ նա կարողանա ուզածի չափ վատնել,իսկ նա դեռ դժգոհ է…
 Բայց ինչպես և բոլոր աղջիկները Լերան էլ չէր լսում իր հաճախորդներին: Անհարգալից վերաբերմու՞նք կանվանեք,գրողի՜ ծոցը թող գնան հարգանքն ու <<աշխատանքային էթիկան>>: Եթե նրանք լսեին ամեն մի հաճախորդի բողոքներն առ ամեքի ու ամենայնի, ապա նրանք ոչ թե մարմնավաճառ կլինեին, այլ տրագիկոմեդիկ ժանրի փայլուն շարադրող(բայց թե որն է դրանց սահմագիծը,մի փոքր դժվարանում եմ պատասխանել,երկուսն էլ արդյունքում վաճառքով են զբաղվում.մեկը տառերի ու բառերի,մյուսը..): Լերան միայն գլխով հավանություն էր տալիս ու դրանով խուսափում ուղիղ պատասխաններից, այդպիսով նաև շոյելով իր հաճախորդների ինքնասիրությունը:
Դուք անգամ չեք էլ պաըտկերացնի ,թե մեզ` տղամարդկանցս, որքան է հաճելի,երբ կինը մեզ հետ համամիտ է:Դա մեզ թևեր է տալիս,այնքան է թև տալիս,որ անգամ չենք էլ նկատում նրանց սուտը,ինչպես օրինակ այս <<հերթականը>>:
Մինչ այս դժբախտը, միամտաբար թևեր առած ու ոգևորված,որ ինչ որ մի պոռնիկ համամիտ է իր հետ,շարունակում էր պատմել իր դժբախտությունները,Լերան նույն ժամանակ մտածում էր տղամարդկանց տիպի մասին...Նա երբեք չէր հասկանում այն տղամարդկանց,ովքեր խենթանում են իրենց կանանց համար,բայց նույն հաջողությամբ էլ դավաճանում են նրանց...Չէր հասկանում,մինչև որ Սատանայի հետ ունեցած սերը նրա մեջքում դանակներ չխրեց:Հիմա Լերան համոզված է.տղամարդը կենդանի է,նրան կերակրում ես, իսկ նա անկուշտի պես երկորդ կտոր մսի հետևից է վազում,իսկ թե դադարում ես կերակրել,կամ պակասեցնում ես ուտելիքը,նա պատրաստ է անգամ քեզ ուտել: <<Ես հավատարիմ կլինեմ քեզ, ինչպես շունն իր տիրոջը>>,-շշնջում էր Նա...Ինչպես կարող էր հավատալ,որ շունը բացառություն է կենդանիների մեջ..Կենդանին կենդանի է,իսկ բնազդը կենդանու մեջ ամեն ինչից զորեղ է...Հիմա այլևս երբեք չի հավատա ոչ ոքի, այլևս երբեք չի թողնի, որ <<փափուկ արջուկները>>, <<փոքրիկ մուկիկները>> ու <<հավատարիմ շները>> խաբեն իրեն... Հիմա նա լրիվ ուրիշ անկյունից է նայում այդ կենդանիների վրա, ու իր համար արդեն մեկ է.նա երբեք չի փորձի ընտելացնել դրանցից և ոչ մեկին:

4
Երբ թերանում ես հավատում անառակությամբ…

Ուզենք, թե չուզենք, մենք մեր ամեն քայլի համար պատասխանատու ենք...գուշակու՞մ եք՝ում: Ո՛չ, հարգելինե՜րս, մարդու խիղճ ասածը թույլերի հորինածն է, իրենց մեղկությունը թաքցնելու համար.. Իրականում մենք պատասխանատու ենք մեծն դատավորի` հասարակության առաջ: Մարդ ասածը մի ամբողջական հոտի կենդանի է…
Երկար չի անցել,ինչ Լերան տեղափոխվեց հարազատ թաղամասից: Նոր կացութաձև, նոր շրջապատ: Ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառ դառնալուց մարմնիդ հետ վաճառում ես նաև ամոթդ: Ո՛չ,ընդհակառակը,եթե ամոթ ասածը ի սկզբանե եղել է քո մեջ,ապա քննադատող հայացքների ներքո այն ավելի ու ավելի է սկսում կեղեքել քեզ:Օ՜,այո՛,Լերային ծանոթ էր այդ զգացումը:Երբ քայլում ես,իսկ անգամ մանկուց քեզ ճանաչող, քեզ հետ նույն նստարանին նստող տղան հանկարծ ձեռքը դնում է անդրավարտիքի շղթային, ու աչքերով հրավիրում սիրախաղի, երբ ամեն չբավարարված, կապիկից չտարբերվող, իր մասին մեծ կարծիք ունեցող հարևանուհի նրա մեջ  լուրջ հակառակորդ է տեսնում,երբ պատրաստ է աչքերդ էլ հանել,միայն թե չտանես իր ձեռքից իրեն  ամենևին էլ պետք չեկող տղամարդուն: Բայց այդպիսի հարևանուհիներից ո՞ր մեկը չգիտեր մյուսի գաղտնիքը: Եթե Լերան բացահայտ էր վաճառում իրեն, ապա այդ կանանցից յուրաքանչյուրը ամեն գիշեր նույնն անում էր ամեն մի հնարավոր թաքստոցում…
Այո՛,պոռնիկ լինելն անպատիվ է:Միայն թե Աստված ասել է ՝մի՛ դատիր,որ չդատվես:
 
Երբ որոշում ես մեկին ոչնչացնել,օգտագործում ես բոլոր հնարավոր  միջոցները… Ասում են՝ կռվի դաշտում բոլոր միջոցներն էլ ընդունելի են…
Կնոջ մոտ, ինչպես և ոչ մի կենդանու աշխարհիս վրա, զարգացած է ինքնապաշտպանական բնազդը: Կինը ամեն ինչից շուտ զգում է իրեն պատկանող ինչ-որ բանի հնարավոր կորուստը, ու նրա բնազդներն սկսում են գործել ինչպես երբեք: Այս առումով հոգեբանության մեջ որքան ինքս փորձել եմ խորանալ, բազմիցս համոզվել եմ, որ կնոջ մայրական բնազդ կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ իմ վերոբերյալ մտքի դրսևորումը: Ըստ իս,էգ կենդանին պաշտպանում է իր ձագին ոչ թե նրա համար, որ նա իր համար ինչ որ նշանակություն ունի, այլ զուտ, որ այն իրենն է,ու ուրիշին զիջել չի էլ ցանկանում: Ինչպես ասում են` <<շունը ոսկորը չի ուտում,բայց ուրիշին էլ չի տալիս>>:
Ու հիմա մի ամբողջ թաղամաս, զինված արյունարբու աչքերով  կանանցով, նայում էր Լերայի վրա: <<Աստվա՛ծ իմ,ուժ տուր դիմանալու փորձությանը, ու՜ժ տուր հանուն որդուս…>>:Նրա մտքերն ընդատվեցին,երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ ծանր ձեռք իջավ իր թիկունքին.
-Ի՞նչ է,լի՛րբ,չե՞ս կարողանում փողցներից քեզ համար հաճախորդ գտնել,որոշե՞լ ես լույս աշխարհ դուրս գալ, որ մեր ամուսիններին էլ քեզնով անե՞ս:
-Անամո՛թ
-Պոռնի՛կ
-Կորի՛ր աչքներիցս,թե չէ..
Չէր հասցրել հեռվից սպառնացողն իր խոսքն ավարտել,երբ ինչ- որ մեկը հարձակվեց Լերայի վրա:Դա ընդհանուր ազդանշան ծառայեց բոլորի համար, և մեկ րոպե անց Լերան պառկած էր եկեղեցուն կից հրապարակում՝ գրեթե մերկ,պատռված հագուստներով,հողի հետ շփումից ամբողջովին քարացած մազերով,ու միայն շրթունքների կիսամրմունջն էր հուսադրում, որ նա ողջ է.<<Աստվա՛ծ իմ,մի՞թե դու էլ ես երես դարձրել ինձնից,մի՞թե դու էլ դավաճանեցիր:Քո տան առաջ քո հոտի մի անդամին մորթում են, իսկ դու այդպես խաղաղ նայու՞մ ես վերևից:Մի՞թե մարմին վաճառելիս շփոթմամբ հավատս էլ եմ վաճառել… Բայց չէ որ ասում էիր, որ հավատում են հոգով… Մի՞թե հոգուս հավատը քիչ էր քեզ համար>>:
Որտեղից որտեղ սկսված անձրևը, շաղախվելով հողի հետ, փակեց նրա մերկ անդամները,իսկ աչքերն արյունակոխ կանայք ու նրանց`այդ գեղեցիկ տեսարանից գրգռված տղամարդիկ շտապեցին փակվել իրենց տներում: Հավատացած էին` չարը վտարեցին իրենց հասարակությունից:
Իսկ ու՞ր էր Աստված…
5
Բաժանումը շնչառությունով չափած

-Արի՛ փախչենք աշխարհից:Արի՛ ինձ հետ: Իմ սերը բավական է աշխարհներ սարքելու համար:
-Դու գիտես,-անմեղ աչքերը անթարթ սևեռելով՝ ասաց Լերան,-գիտե՞ս չէ,որ ինձ դա երբեք չեն ների… Աշխարհում կմնանք միայն մենք մեկս մեկիս համար: Իմ դեմ փակ կլինեն հայրական բոլոր դռները,թե տան ու թե առավել ևս սրտի:
Որքան հիմար էր ինքը,երբ այդ դռների բանալիներն իր համաձայնությամբ ձգեց անհատակ սառնության ու խորթության ծովը`պայմանով երբեք չսուզվել վերադառնալու համար: Ի սրտե հավատում էր Լերան, որ իրենց սերը ի զորու կլինի բազմաթիվ նոր դռներ բացել, նոր աշխարհներ կերտել, ու գուցե այդժամ,գաղտնի հույս էր տածում տասնութամյա աղջնակը, իր ձեռքով գոցած դռները կբացվեն կրկին ու շեմքին կանգնած ձեռքերը լայն բացած իրեն կսպասեն  հայրն ու մայրը:
Հանուն համատեղ գալիքի նա թիկունքում թողեց ընտանիք, տուն, ուսում ու իր հետ,իր սրտում բեռ արավ միայն մի բուռ կարոտ,մի մեծ գդալ սեր ու մի անհատակ, խորը թախիծ:
Հավատու՞մ էր նրան ինքը,թե ուղղակի տաք գլխով որոշումներ էր կայացնում,սիրու՞մ էր, թե ուղղակի կախարդված էր,մոլորված իսկական ուղուց: Այս հարցերի պատասխանները ինքնստինքյան  նա գտնում էր ամեն գիշեր,երբ փակում էր աչքերը, ու հանկարծ կողքի բարձին դրված տեսնում նրա գլուխը, զգում շնչառությունը: Ամեն անգամ երազը մի նոր կենդանություն էր ստանում: Մերթ Լերան զգում էր նրա օծանելիքի, մերթ վարսերին քսված անուշահոտ յուղի,երբեմն էլ ծխախոտի`տարիների հետ նրա շնչառությանը շարահյուսված բույրը:

Բայց հետզհետե բույրերն սկսեցին պակասել:Հեռավորությունը նրանց մեջ սկսեց մեծանալ: Լերան այլևս չէր կարողանում ձեռքի թեթև մեկնումով շոշափել նրա գլուխը իր կրծքի վրա,այլևս նրա վարսերի յուղահոտը նրա մեջ սիրով զբաղվելու նախկին ցանկությունը չէր առաջացնում,այլևս նրա ծխախոտային շնչառությունը չէր հասնում իր քթանցքերին,այլևս ինքը ուղղակի չէր կարող թեքվել ու համբուրել նրա երեսը,երբ վերջինս քնած է:Չէր կարող,քանի որ անկողինում,որ քիչ էր թվում երկուսի համար,հիմա կարող էին տեղավորվել առնվազն չորս հոգի,իսկ ամենացավալին այն էր,որ անդունդը մեջտեղում էր՝թաքնված ծածկոցի տակ:
 Ու օր օրի բաժանումը վերածվեց սանտիմետրերի:Լերան վախենում էր այլևս չափելուց նրա արտաշնչած օդի՝ իրեն հասնող բաժինը, բավարարվում էր եղածով, մինչև որ օդը սկսեց շնչել ուղղակի գիշերով, այլևս չէր զգացվում նրա մաշկի, շնչառության, ծխախոտի, վարսայուղի, քրտինքի բույրը:Լերան հասկացավ. սիրո քանոնի սանդղակները վերջացան:
                                                       6
Каждый сходит с ума по своему,
каждый несчастен по-своему…

 Լերայի համար դժվար էր ապրել նոր կյանքով. չէ որ հեքիաթն ավարտվել էր,կոտրվել էին բոլոր վարդագույն ապակիներն ու ակնոցները, չկար այլևս նա, ում թիկունքում կարող էր ծվարել, թաքնվել աշխարհից: Այժմ նա ամբողջովին անպաշտպան էր ու մերկ աշխարհի դեմ…
- Իսկ ինձ այս գործին դրդեց մանկությանս ընկերուհին,-զրույցը շարունակեց իրեն Կարմիր Կակաչ  կոչող մարմնավաճառը:-Չէ,իսկապես,էդպես մի՛ նայեք,չեմ ստում: Տասնութս դեռ չէր լրացել, ինքն էլ քսան կլիներ: Մի օր առաջարկեց հեշտ ձևով շատ փող աշխատել: Դե ես էլ հիմարի պես միայն փողի մեջ էի երջանկությունը տեսնում, ու այդպես ընկա էս կեղտի մեջ, ու ոնց տեսնում եք՝ արդեն տասը և ավելի տարի է, ինչ չեմ կարողանում դուրս գալ:
-Էդպիսի ընկերուհիներին պետք է կարմիր գրքի վերացող տեսակներում ընդգրկել: Դե ուզում եմ ասել՝ պետք է մենք վերացնենք դրանց նմաններին,-վրա բերեց Թիթեռնիկը, ու աղջիկների մռայլ դեմքին ծիծաղի պես ինչ- որ թույլ ստվեր սահեց:
-Դե իսկ ես,-շարունակեց Թիթեռնիկը,որ ինչպես երևում էր աղջիկներից ամենազվարթն էր,-դե ես էլ,ինչպես ասեմ, ինչպես բոլորս այստեղ,ես էլ երզում էի մեծանալ,պալատներում թագուհի դառնալ, բայց ո՞վ է ասել, որ հետնախորշերում ապագա թագուհիներ են ծնվում: Ծնողներս վաղ մահացան,-հանկարծ Թիթեռնիկի ձայնը դողաց, ու նրա ծիծաղկոտ աչքերում աղջիկներն առաջին անգամ արցունք տեսան,- չհասցրին իրենց թագուհուն անգամ կյանքի լավն ու վատը բացատրել:Դե իսկ հետոն ամենից դասականն է. ընկա  մանկատուն, փախա այնտեղից, ինչ-որ հարբեցող փողոցում ինձ բռնաբարեց, ու կարծես թե կույսությունս վերջինն էր, որ կարոող էի կորցնել էս աշխարհում,-ապա փոքր ինչ դադար տալով բարձրացրեց օղիով լի բաժակն ու շարունակեց նախկին խանդավառ տոնով,-խմենք կորցրածս կույսության կենացը:
Համատարած ծիծաղը խեղդեց սենյակի լռությունը: Որոշները իրենց պատմությունը բավականին նման գտան,որոշները ցավակցեցին, բայց անառակների մոտ ցավակցելը նույնն է, թե բաց ծովում անհույս լողացող նավի անձնակազմը հուսադրեր մեկմեկու. երկուսն էլ անիմաստ գործ է:
-Դե իսկ դու՞,նորե՛կ,-հանկարծ Լերայի համար անսպասելիորեն իրեն դիմեց Թիթեռնիկը,-մենք մեկս մյուսի պատմությունը արդեն որերորդ անգամ լսում ենք:Սա մի տեսակ մկրտության ավազան է, մեր մաքրության, մարդկության միակ անջնջելի ապացույցը: Իսկ դու՞ ինչ կպատմես,ինչպե՞ս հայտնվեցիր մեր շարքերում:
Ու բոլորը,անգամ նրանք,որ ուշադիր էլ չէին,թե նորեկն էլ իրենց հետ է,մեքենայաբար շրջվեցին նրա կողմը,ու այդքան հայացքներից Լերան զգաց,որ սկսեց դողալ ողջ անդամներով,ասես քայլում էր բանուկ փողոցով՝ մերկանդամ, ամոթը երեսին, ոտքերը քարերից ճաքճքած ու քերծված,ողջ մարմնի վրա զգալով ինչ- որ խորթ սառը քամի, գեհենահողմ, որ սպառնում էր ներթափանցել նրա մաշկի տակ,ախտահարել ոսկորները, ու Լերան ձեռքերով գրկեց ոտքերը ու որքան հնարավոր է դրանք մոտեցրեց իրեն՝ այդպիսով տաքացնելով մարմինը,բայց նպատակադրված տաքացնել հոգին: Չգիտեր ինչ ասել, ինչ խոսել նրանց հետ, դժվար էր,քանի որ նա այստեղ ընկել էր՝ իրեն բարձր դասելով նրանցից, բայց այժմ հասկանում էր, որ եթե ոչ բոլորը, ապա գոնե նրանցից մի մասը նույն դառը ճակատագրին էր արժանացել, ինչպես և ինքը: Վերջապես, Լերան հասկանում էր, որ ինքը իրավունք չունի դատել նրանց, որոնցից ինքը գրեթե ոչնչով չի տարբերվում:Բայց երբևէ խոսել նրանց հետ իր կյանքից,ո՜չ,հաստատապես դա նրա մարդասիրական կամ ընկերական առաջընթացի պլաններում չկար:Սակայն լռությունը  հարցից էլ ավելի ճնշող էր,իսկ մինչ այդ լսված պատմությունները ոչ պակաս ցավալի ու կարեկցության արժանի, քան իրենը, ու նա ակամա սկսեց խոսել.
-Ժամանակի անդունդը կտրելով ու հետ նայելով՝ հիմա վստահ կարող եմ ասել,որ դրա միակ մեղավորը ես էի,ու էլ ոչ ոք,-ապա ռունգերով անհագ ներծծելով օդը՝ շարունակեց:-Մի քանի ամիս կլներ,ինչ բոլորել էի տասնութս,ամեն ինչ շատ լավ էր ընթանում իմ կյանքում: Հայրական տաք օջախից դուրս գալով՝ դեռևս հոգով երեխա ուսումնառությունս շարունակելու համար ընկա կյանքի հորձանուտ՝ պատկերացում չունենալով կյանքի, մարդկանց մասին: Բարի էի, մարդիկ ինձ չար դարձրին, հույս ունեի, մարդիկ հույսիս դռները գոցեցին, սովորում էի, բայց մտքիս քաղցը չբավարարվեց, սիրեցի, բայց սիրուց սրտիս ափսեն թռչելու փոխարեն խեղդվեց ջրում, ու փոխանակ դիմադրողականության օգնությամբ միայն խորտակվեր,այն հաղթահարեց բոլոր ուժերը ու այնպես թրմփաց հատակին,որ հետո դեռ երկար բեկորների հետևից ընկած փորձում էի իմի հավաքել:
Ընկա կյանք՝չմոռանալով, որ ընտանիքիս միակ հույսն էի: Որպես տան մեծ հասկանում էի,որ իմ ուսումնառությունը ավելին էր նշանակում ծնողներիս համար, քան ուղղակի ուսում ստանալը: Ու այդպես, ամեն ինչ հաշված-հաշվարկած եկա նվաճելու քաղաքի ուսումնարաններն ու վճռած, որ պետք է դառնամ իմ գործում ամենալավը: Բարիությունս ու համեստությունս մի կողմ թողած՝ մեծամտության ախտին ճանապարհ բացեցի` անարգել նվաճելու իմ հոգին,:Ու ինձ թվում էր, որ բոլորից լավն էի ես,որ բոլորը պետք է երկրպագեն ինձ, ու ամենահեգնականը այն էր,որ ինքս ինձ այդպիսին տեսնելով հայելու մեջ զզվում էի ինձնից,երազում էի վերջ տալ դրան, բայց ուսերիս ու խղճիս որպես մի մեծ բեռ դրված էր ընտանիք բառը: Ու այդպես, ինքս իմ իրական ես-ի դեմ պայքարելով՝ քայլում էի՝ շուրջս հայացքով փոշիացնելով ամենքին ու ամեն խոչընդոտ: Բայց կյանքը դառը հատուցեց ինձ իմ մեծամտության համար: Մի օր ես էլ ճաշակեցի այն թույնը, որ իր քաղցրության համար սեր անունն են տվել, ես էլ ընկա այն սարդոստայնը, որ իսկզբանե ստեղծված էր ադամորդիների համար: Օր օրի մոռացա իմ կերտած սառնասիրտ, մեծամիտ օրիորդին,մոռացա աշխարհում բոլոր անթույլատրելիություննների մասին,տրվեցի նրան՝ հավատալով նրա խոսքերին : Երբ ընտանիքս իմացավ իմ չարաճճիությունների մասին կանգնեցրեց ինձ երկընտրանքի առաջ, ու ես, որ մինչ այդ չգիտեի, թե ինչ ասել է տղամարդ –կենդանի,կյանքս վստահեցի նրան: Ու թանկ վճարեց դրա համար: Գրեթե մեկ տարի ապրեցինք անկողնում. առավոտյան արթնանում էինք իրար գրկած՝ իրար մարմինների մերկությունը մեկը մյուսով ծածկելով, ողջ ցերեկը նայում էինք իրար պառկած, համբուրում էինք իրար, բողոքելով, որ օրերը արագ են թռչում, ողջ երեկոներն ու գիշերները բուռն սերը այրում էր մեր շուրթերը, նրա շուրթերի կրակը այրում էր մարմնիս ամեն մի քառակուսին,ու այդպես գրեթե մեկ տարի: Գրեթե մեկ տարի տևեց այն երջանկությունը, որ հրամցրել էր մեզ սերը: Ու մի օր էլ, ինչպես երկնքից, մեր միջև հայտնվեց մեր որդին: Հետզհետե մեր մարմինները տարալուծվեին, հեռացան իրարից, սերն էլ ինչպես թմրանյութի ազդեցություն սկսեց անհետանալ, ու մի օր էլ գիշերից հետո առավոտյան արթնացա մենակ: Դառը հեծեծանքի ժամանակ անգամ չունեցա: Իմ փոխարեն օրորոցում հեկեկում էր որդիս, մեր որդին:Աշխատանք ճարել այդպես էլ չկարողացա, քանի որ ուսումս կիսատ էի թողել:Ընտանիքիս գիրկը վերադառնալ ոչ կարող էի, ոչ էլ ցանկություն ունեի:Մասամբ նրանց էի հենց մեղադրում ինձ բաժին ընկած բախտի հացում: Բայց դա սկզբում.հետո ինչպես ամեն գիշերից հետո,երբ պարզվում է խավարը,այնպես էլ պարզվեց իմ միտքը,ու հասկացա որ մեղավորը ես էի,միմիայն ես: Իսկ միակ ուղին ապրելու ու որդուս փրկելու համար այս էր:  Ահա թե ինչպես ես հայտնվեցի ձեր կողքին,դարձա ձեզնից մեկը:

Որքան էլ ցավոտ չլիներ իր համար այս ամենը,Լերան մի կաթիլ արցունք իսկ չթափեց, այնինչ նրան շրջապատողներից ոչ մեկն էլ անտարբեր չմնաց: Բոլորը հուզված ու լացակումած աչքերով նայում էին Լերային, իսկ նա քարացած ու դեռ հիշողությունների բեռան ներքո նայում էր ոտքերին ու գուցե անիծում նրանց ,որ մի օր իր տհաս մտքի թելադրանքին ենթարկվելով իրեն գցեցին այս ճանապարհի վրա:
7
Գիշերվա թանձր, աչք փակող մթությունը  վերարկու էր դարձել նրա մերկանդամությանը: Կիսավարագուրված լուսամուտից ներս էր նայում լուսինը՝ ամոթը կորցրած,մայրական ապտակի հետքերը դեմքին պարզ դրոշմված այդ անառարկելի անամոթը: Մթությունը լուսնի լույսի հետ յուրօրինակ խաղի շնորհիվ մի տեսակ մեծ տարածության իլուզիա էր ստեղծել:Սենյակում հայտնվածին կարող էր թվալ,թե անսկիզբ ու անվերջանալի մի սենյակում է հայտնվել:Տպավորությանը ավելի սաստկություն տալիս էր հատկապես  դատարկ սենյակում հանդարտ,միալար, գիլիոտինի պես աջ ու ձախ անող ժամացույցի սլաքի խեղդող շառաչը: Դատարկությունն արձագանքում էր պալատական սրահների անլցնելիությամբ: Չքավորությունը իր անգութ հովանու տակ էր վերցրել այս սենյակը ու նրա բնակիչներին:
  Սենյակի միակ կահավորանքը ,որ այդ գերեզմանոցային դատարկությանը հակասում էր, անկյունում դրված փոքրիկի մահճակալն էր: Մահճակալում գիշերային իր անմեղ քնի մեջ պառկած էր մեղավորության պտուղը: <<Որքա՜ն զոհողությունների եմ գնացել հանուն քեզ,ու դեռ  որքանի էլ պատրաստ եմ գնալ,թե այս անտանելի վախը,չհասկացված լինելու վախը չլիներ>>,-խաղալով որդուն ծածկող լաթերի տակից դուրս եկած խոպոպների հետ ու կարծես դիմելով նրան` խոսում էր մայրը:
-Սիրեցի այս կյանքում,ու սերս չարիք դարձավ,թակարդ դարձավ անփորձ աղվեսիս համար:Մարդիկ ինձ չներեցին անփորձությունս,ես ինձ չներեցի անկեղծությանս ու սիրուս համար,բայց ես արդարացրի ինձ՝լռեցնելով ամոթիս ձայնը ու անտեսելով մարդկանց՝իմ հասցեին ուղղված կոչականների ազեցությունն ու ծանրությունը: Կյանքս կոչեցի քեզ պահելուն,ու մի րոպե անգամ չեմ զղջում:Պատրաստ եմ հազար անագամ նույնն անել,միայն թե
  Երկար ժամանակ լռությունը նորից վերագտավ իր ուժը,նորից փակվեցին խոսող բերանները,նորից ծանր համրություն իջավ դատարկ սենյակի վրա,ու միայն ժամանակի չարշունչ սլացքի ազդանշանը չէր պատրաստվում ենթարկվել լռությանը` այդ ինքն իրեն հաղթած համարող թուլամորթի ազդեցությանը:
-Միայն թե չլիներ այս վախը՝ դատապարտված լինելու քո կողմից…

8
Զանգակատունը գերեզմանոց…

 Կիրակնօրյա հաղորդությունից առաջ սովորաբար եկեղեցու զանգակատանը հնչեցնում են զանգերը,որը մի տեսակ հիշեցում է ծառայում հավատացյալ հասարակությանը,որ հաղորդությունը շուտով պետք է սկսի,ու այն մոլի հավատացյալները,որ մոռացել են Աստծո տան մասին ,հանկարծ հիշողության փայլատակում են ունենում: Բայց հաղորդությունը գրեթե սկսելու վրա էր,իսկ զանգերի ձայնը այդպես էլ չլսվեց քաղաքում: Ընդհակառակը՝ զանգերը լռում էին,իսկ հասարակությունը  քիչ-քիչ լճանում էր եկեղեցու մեզ ծանոթ հրապարակում,ու շատերը սարսափահար էին լինում այն բանից,ինչի ականատեսն էին: Զանգակատանը,զանգերի կողքին նոր զանգ էր ավելացել՝մաշկից ու արյունից ձուլված: Մի երիտասարդ կնոջ անհանդերձանք դիակ էր դա՝ կախաղան հանված զանգերի կողքին: Կնոջ դեմքը գիշերվա ցրտից, իսկ գուցե նաև մահվանից, կապտվուն երանգ էր ստացել,աչքերը դուրս էին ցցվել ակնախոռոչից,իսկ մարմինը ամողջովին կապտուկների ու քերծանքների մեջ կորած՝ցուցադրության էր դրված ողջ քաղաքին: Հավատացյալները խաչակնքվում էին, կանայք ապշած նայում էին,մայրերը փակում էին իրենց երեխաների աչքերը՝ չգիտես էլ կնոջ մերկությունը թե՞ այդ դժոխային տեսարանը չտեսնելու համար, իսկ տղամարդիկ մեռածի նկատմամբ իրենց հարգանքը ցույց տալու մի անիմաստ փորձ էին անում՝ հանելով գլխարկները: Բայց հանգուցյալները այդպես էլ չեն սովորել հազարամյակների ընթացքում տեսնել մեռնելուց հետո, թե չէ բոլորն էլ անուշուշտ մեծ բավականություն կստանային այն քծնանքից ու ցուցադրական հարգանքից, որոնց արժանանում են հետմահու:

9
Մի քաղվածք ոստիկանական արձանագրությունից
Կասկած անգամ չկա,որ ընթերցողը անմիջապես հասկացավ,թե ով էր զնգակատան կինը: Լերան էր,այո՛, երբեմնի ինքնավստահ,  բարի, սիրահավրված, մայրացած աղջնակը: Այս դեպքի առթիվ ոստիկանական արձանագրության մեջ ընդամենը նշվեց. <<Քաղաքի բնակչուհի Լերա Օ….-ը ինքնասպանություն է գործել՝կախվելով եկեղեցու զանգակատնից: Նրան ճանաչողների հավաստմամբ կինը անբարոյական էր,ոչ մի հարազատ չուներ, բայց ուներ որդի, որը, ինչպես պարզեցինք, ինքնասպանությունից առաջ կինը հանձնել է մանկատուն>>:
Այո՛,նա բոլորի մտքերում մնաց որպես անբարոյական մի կին,ու ոչ ոք չիմացավ էլ,թե իրապես ով էր նա,որտեղից էր գալիս, ու հաստատապես էլ չեն իմանա,թե ուր գնաց, չէ որ դադարել էր հավատալ անգամ՝ վաճառելով նաև հավատը մարմնի հետ:Նրա՝զանգակատանը կախվելն էլ ուրիշ բան չէր, եթե ոչ բողոք առ Աստված ու առ հավատք: