2020-12-17

Արման Վերանյան «Պարտապանը»

 

Տիկին Արուսը եզրագծին էր։

-Հա... է՜հհ։- Նրա հարևան Աշոտ հոպարն է։ Հավ-ճիվը թողած՝ եկել է ճանապարհելու երկար տարիների իր միակ ընկերոջ։- Դու էլ գնա, աղջի՛ Արուս, գնա, ազատվի էս դարդերից էլ, աշխարհից էլ։ Գնա՜, ինձ համար էլ տեղ պահի, հա՜-հա՜,- ոչ էն է հազում էր, ոչ էն է ծիծաղում Աշոտ հոպարը։

Իսկ տիկին Արուսը եզրագծին էր։ Թվում էր՝ դեռ պատրաստ չի, չի ուզում գնա։ Դեռ կյանքին կապող թելեր ուներ։ Ախր թելերս էլ մի թելեր լինեին։ Անգամ հիմա՝ տախտակ մարմինը անուժ էս մահճակալին գցած, նա շարունակում էր երազել։ Շարունակում էր մտածել, թե որտեղ է իր կյանքում սխալվել, որ մի շրջադարձին ճիշտ կողմ չի թեքվել, երբ է բարկացրել Աստծուն, որ հիմա էս օրին հասնելով՝ մի բաժակ ջուր տվողը հարևան Աշոտն է՝ խելառ բիձեն, որ որքան խելառ էր, էնքան էլ մաքուր սրտի տեր էր։ Ուզում է հիշել, թե ում ինչ վատություն է երբևէ արել, որ երբ վերևում հանդիպի Աստծուն, իսկ ինքը հավատում է, որ հանդիպելու է, չթողնի նրան բացի իր դավթարը, ինքը հատիկ-հատիկ ասի, մեղա գա, չոքերն ընկնի, խնդրի իրեն դրախտ գցի։ Չէ՜, թե Աստված մի քիչ նամուս ունենա, առանց իր խնդրելու էլ դրախտի դռները կբացի նրա առաջ։