2015-08-12

ՀԵՔԻԱԹ ՈՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ (պատմվածք)

<<Կար ժամանակ, երբ մարդիկ բարի էին, կար ժամանակ, երբ սիրալիր բարևելիս, ի պատասխան լայն բացված ժպիտ էիր ստանում: Իսկ հիմա՞>>-, մտածում էր Անթևիկը աշնանային մռայլ անձրևից մռայլված դեմքով:


***
Նա ծնվեց անսպասելիորեն: Ոչ ոք նրա կարիքը չուներ, ոչ ոք չէր սպասում նրան նոր կյանքում: Նա ծնվեց` մեռած բոլորի համար: Նրան սպասում էին միայն մանկատան սառը, փայտե վառարաններից սևացած պատերը: Իսկ նա կյանքից արևներ էր սպասում: Իսկ Անթևիկը միայն մի երազանք ուներ. նա ուզում էր, շատ էր ուզում, որ երազում այդպես քնքշորեն իրեն գրկող ձեռքերը մի օր շոշափելի դառնան: Նա ուզում էր արթնանալ մի առավոտ սեփական սենյակում, նա ուզում էր ինքը կահավորել իր սենյակը, նա անգամ գիտեր ինչպես: Մանկատանը հեռուստացույցին հատկացված կարճատև ժամանակահատվածում դիտած ֆիլմերից նա գիտեր, որ բնության մեջ ջրվեժներ կան, որ նրանք անթև են, ինչպես ինքը, բայց խիզախ, քանի որ խելահեղորեն նետվում են ցած` չմտածելով անվտանգության մասին: Անթևիկը երազում էր իր սենյակի պատին փակցնել այդ ջրվեժներից ամենախիզախի նկարը: Նա իր բախտակիցներից իմացել էր նաև, որ այնտեղ`դրսում, կարելի է սեփական սենյակներում ծաղիկ աճեցնել: Անթևիկը երազում էր ուղղակի իր սենյակը ծաղիկներով լցնելու մասին: Նա ուզում էր կյանք տալ ինչ¬-որ բանի, նա համոզված էր, որ ինքը լավ ծնող կլիներ այդ ծաղիկների համար: Իր անկողնու վերևը Անթևիկը մտադիր էր զարդարել բնության ամենազարմանահրաշ, ամենաբարի, ամենալավ մարդու լուսանկարներով, այն կնոջ, ով կդառնար նրա մայրը: Երազանքները երբեմն թևեր տալու սովորություն են ունենում: Իսկ սթափվելուց հետո պոկված թևերի տեղը ցավում է այնպես, ինչպես նոր անդամահատած ոտքն է ցավում, ասես այն դեռ իր տեղում է: 


*** 


Մանկատանը առողջների կողքին իրենց ակնառու թերություններով աչքի ընկնողները անմիջապես մականուն էին ստանում: Այդպես էլ նրան կնքեցին Անթևիկ: Իսկ ով էր նա: Ոչ ոք չգիտեր: Մառախլապատ, սարսափելի ցուրտ մի ձմռան գիշերից հետո նրան գտան մանկատան փակ դռների առաջ: Տասնմեկ տարի առաջ: Առանց անուն, առանց հագուստի` փաթաթված հին լաթերի մեջ, անփութորեն դրած սառը սալահարթակին: Բոլորի համար հանելուկ էր, թե ինչպես երեխան չէր մահացել: Իսկ իրականում պատասխանը նրանց քթի տակ էր: Երեխան, ավելի քան յուրաքանյուր էակ, կյանքի հանդեպ մի մեծ սեր է տածում ու մինչև վերջին ուժերը պատրաստ է պայքարել հանուն մի վայրկյան ավել ապրելու: Յուրաքանչյուր էակ ծնվում է Աստծո աջի դրոշմով: Որքան մարդը մեծանում է ու թաղվում մեղքերի մեջ, այնքան հովանու հետքն անհետանում է, ու մարդը խոցելի է դառնում: Մանուկները ուժեղ են իրենց անմեղությամբ: Նրանք Աստծո սիրելիներն են: 

Այսպես Անանունը դարձավ Անթևիկ: 
Լռակյաց, ոչ ոքի չխանգարող, իր ներկայությունը ոչնչով ցույց չտվող տղան ապրում էր իր աշխարհում: Աշխարհ, որտեղ ինքը ձեռքեր ուներ, աշխարհ, որտեղ իր ձեռքից բռնած այնտեղ`դրսում, քաղաքի անանցանելի ոլորաններում շրջում էին ինքն ու իր ծնողները, աշխարհ, որտեղ մռայլ անձրևները այդքան սարսափելի չէին, չէ որ այնտեղ`դրսում այս օրերին նա կարող էր ուղղակի պառկել իր անկողնում ու ամբողջ օրը հեռուստացույց դիտել, կամ համտեսել ամենաբազմազան ուտեստները, որ հատուկ նրա համար էին պատրաստված: Անթևիկը գիտեր, որ ինչքան ինքը խորանում է իր երազանքների մեջ, այնքան կտրվում է շրջապատից, գիտեր, որ գնալով ինքը խորթ է դառնում ներկայիս իր Տանը ու կորցնում բախտակիցների համակրանքը: Գիտեր, միայն թե դա նրան չէր հետաքրքրում: Չէ որ այս Տունը խղճուկ արտացոլանքն էր այն կյանքի, որ կարող էր ունենալ ինքը: Նա ապրում էր հույսերով: Նրա նախաճաշը հույսն էր, ճաշը` հավատը, իսկ ընթրիքը` ծիածանազարդված երազանքները: 
Օրվա ընթացքում նա հաճախ առանձնանում էր երեխաներից, փակվում մանկատան ձեղնահարկում ու շարունակում իր առօրյան`երազելը: Ձեղնահարկի պատերը նրան հարազատ էին, քանի որ այստեղ գալիս էին միայն երազկոտները: Այս սենյակը վտարյալների սենյակն էր: Այսպես եղել էր նրանից առաջ, այսպես լինելու էր նրանից հետո: 
ՀԵՏՈ: 
Անթևիկը սարսափում էր, նա վախենում էր ՀԵՏՈյից: Նա գիտեր, որ եթե իրեն չորդեգրեն, գալու է օրը, երբ ինքը ստիպված է լինելու լքել Տան պատերը: Պատերը: Պատեր, որտեղ նրանից առաջ եղածները թողել են իրենց գրառումները, Պատեր, որոնց վրա ինքը հնարավորություն չունի իրենից թողնելու մի հուշ: Ինքը հեռանալու է Տնից, ու նրան մոռանալու են, քանի որ երբեմն հեռացողներին հանում էին իրենց կյանիքց, բայց մնացողների մտքում նա մնում էր իր գրած մի հատիկ բառով անգամ: Իսկ ի՞նքը: Ինքն Անթևիկն էր… Ձեղնահարկը նաև թաքստոց էր: Այն կարծես աշխարհի մեջ լողացող մի շիշ էր, որտեղ երազկոտները թաքցրել էին իրենց ամենանվիրական երազանքերը ու շպրտել բաց ծով`դեպի չտեսնված աշխարհը: Ամեն մի խորշ իր մեջ թաքցնում էր մի ամբողջ կյանք` մանկան, պատանու, հուսալքվածի, վտարվածի, երազկոտի… Նա անգիր գիտեր ամեն խորշի մեջ թաքցված թղթի կտորի պարունակությունը: Մանկատան երեխաների երազանքներն ու ձգտումները միատեսակ են: Գրողներից որոշները խորամանկ էին գտնվել, գաղտնագրելով իրենց երազաները, բայց 11 տարվա ընթացքում Անթևիկը սովորել էր կարդալ նաև գաղտնագրերը: Շատ հաճախ նա նկարված էր տեսնում ծառ, ինչը նշանակում էր բնության գիրկ, մի ուրիշի վրա կարելի էր տեսնել անփութորեն սևագծած շան նմանվող ինչ որ նկար: Պարզ է, նկարող շան հավատարմություն էր երազում: Հավատարիմ ընկերներ: Հավատարիմ կյանք: Նկարողը հոգնել էր դավաճանվելուց: Իսկ ամեն ինչ սկսել էր ծնողներից: ՄԻ ուրիշ նկարում շնիկը աչքերը փակ պառկած էր գետնին, իսկ նրա կողքին թիկնապահի պես հսկում էր մի այլ շուն: ԻՆչ կար չհասկանալու: Ընտանիք, ահա երազկոտի բաղձալի ցանկությունը: Ձեղնահարկի պատերից մեկին նկարված էր մի բոսոր ծաղիկ: Աչուկներով, որոնք լցված էին թախծով ու սպասումով: Ծաղիկը Տանը գտնվող երեխաներից յուրաքանչյուրն էր, որ հավատով սպասում էր: *** Ավելի ծանր էր հեռացողներին ճանապարհելը: Երբեմն ոչ բոլորն էին իրենց մեջ ուժ գտնում անգամ ճանապարհելու: Եվ հարցը բոլորովին էլ բաժանվելու ցավը չէր, ոչ, ուղղակի անգամ ամենամոտ ընկերոջը նման պարագաներում նրանք սկսում էին նախանձել, ատել՝ անուղղակի համեմատության մեջ դնելով նրան և իրենց: Հեռացողներին ուրախությամբ ճանապարհում էին միայն դաստիարակները, քանի որ <<պրծնում էին այս անպիտաններից ևս մեկից>>: Իսկ երեխաները նայում էին հեռացողի հետևից: Նրանց նախանձից ջերմացած հայացքներից հալվում էին ապակիները:<<Ինչու՞ նա և ոչ ես>>: Բայց ո՞վ կարող էր մեղադրել նրանց ընկերոջ համար չուրախանալու մեջ: Երբեմն¬-երբեմն գնացածները վերադառնում էին: Նրանց վերադարձնում էին նոր Տերերը, ինչպես ժամկետնանց սնունդն են վերադարձնում խանութներում: Պատճառներն ամենատարբերն էին լինում, որոշները չէին հարմարվում Նորեկին, որոշները ուղղակի փոշամնում էին կայացրած որոշման համար, իսկ երբեմն էլ սեփական երեխան ունենալուց հետո Մանկատան երեխան ավելորդ էր դառնում: Վերջին ամենից ցավալին էր թերևս: Վերադարձվածը ևս մեկ անգամ դավաճանված էր զգում: Երեխայի հոգում ծնվում էր Անեծքը, մեղք գործելուց առաջ ի հայտ եկող առաջին սաղմը: Երեխան սկսում էր մեծանալ: ՈՒ էլ ի՞նչ աստծո հովանու դրոշմ:Անթևիկը երբեք չէր նախանձում գնացողներին: Նա հավատում էր, որ կգա իր ժամն էլ, իսկ եթե չգա, մեկ է, այս կյանքւոմ ամեն մեկն իր դերն ունի, և ոչ ոք ոչ մեկի դերը իրենով չի անում: Նա գիտեր, որ երբեք Թևավոր ինչ որ երեխայի փոխարեն իր պես ԱՆթև թռչունի ոչ ոք տուն չի տանի: Բայց նա շարունակում էր հավատալ ՀԵՏՈյին: Չնայած վախենում էլ էր նրանից:


***

Ու մի օր նա դադարեց հավատալ Երազանքներին, այն սպեղանիներին, որ այդքան ժամանակ բուժել էին իր սիրտը: Մի օր նա դադարեց հավատալ ձեղնահարկի զորությանը ու առհավետ իր հետևից փակեց դուռը հաստատ որոշումով՝ երբեք չվերադառնալ այդ Տանջարանը: Մի օր նա դադարեց հավատալ գթասրտությանը, բարությանը, դադարեց հավատալ ամենայն մարդկայինին: Դա եղավ անխուսափելի ՀԵՏՈյին բախվելուց առաջ: Իր Տասնութերորդ տարում, երբ այդպես էլ երազած ընտանիքը չառավ նրան իր տաք գրկի մեջ, չօրորեց նրան հեքիաթների օրորոցում, չբռնեց նրա ձեռքից, ու միասին նրանք չշրջեցին քաղաքի մարդաշատ փողոցներում, նա հասկացավ, որ ինքն էլ Խաբվել է կյանից և որոշեց լքել այն: Եվ Անթևիկը դուրս եկավ թռիչքի: Բացեց իր անտեսանելի թևերը, խորը շունչ քաշեց` վերջին անգամ հավատալով, որ ինքն էլ թռչնի պես կարող է թռչել ու քայլ արեց դեպի առաջ, և ինչպես թռչունները նա էլ թռավ միայն թե ոչ դեպի վեր, այլ վար: Եվ Տան տարածքին կից գերեզմանոցում մինչև այժմ կարելի է տեսնել երիտասարդ Անթևիկի գերեզմանը` մամռակալած, մռայլ, ինչպես աշնանային անձրևը, ու սառը, անկենդանության ասիճան սառը… Հիմա նրա գերեզմանը դարձել էր նոր ձեղնահարկ: Այժմ նրա գերեզմանի շուրջ էին հավաքվում բոլոր վտարվածներն ու երազկոտները: 
<<Երբեմն մարդ պետք է մահանա, որ կարողանա կյանքնի հույս տալ ուրիշներին>>,- ինչ որ մի երազկոտ գրել էր նրա շիրիմի վրա: