2014-03-10

Հայրեր և որդիներ.Ամենաթանկ նվերը

Հերթական լուսնյակ գիշերն էր,այն գիշերներից, որ հաճախ են պատահում ամռանը:Լուսինն այնպես վառ էր փայլում ու այնպես մոտ էր թվում,որ կարծես՝ ահա փոքր ինչ ձեռքդ երկարես ու կհասնես նրան: Շրջակայքը լուռ էր:Լսելի էր միայն մոտակա ջրափոսերից եկող գորտերի ձայները,որոնք գիշերային այդ մթությանը չարագուշակություն էին տալիս:Բայց տարվա այդ եղանակի համար այդպիսի ձայներն ամենից բնականն էին:
Ծառերը խշշում էին փչող մեղմ քամուց,կարծես՝ մեկը հպվելով մյուսին սեր էր բացատրում նրան,շշնջում ակնաջին,շոյում նրա կաուրծքը,ապա ամոթխած աղջկանից ապտակ ստանալով՝ կտրուկ հետ քաշվում:Բայց ապտակողն էլ իր հերթին հասկանում էր,որ չափազանց խիստ վարվեց սիրահարի հետ ու այս անգամ նա էր թեքվում դեպի տղան,գուրգուրում խռոված երեխայի խշխշան գանգուրները,նայում կնոջը հարիր գայթակղիչ հայացքով, ու նորից կրկնվում էր նույն ցիկլը,մինչև որ քամին չէր սաստկանում կամ ընդհանրապես թողնում հեռանում այդտեղից՝կարգավորելով նրանց սիրային գործերը:
Շրջակա մթության մեջ միայն մի լույս էր վառվում,կենտ մի լույս ամբողջ արվարձանային անդորրության մեջ:Լույսի կողմից նաև ձայն էր լսվում,ինչ- որ մելամաղձիկ, ականջ շոյող,քնքնուշ, սիրտը պարուրող երգի ձայն:Երգին զուգահեռ տղայական սուլոց էր լսվում,կարծես ոմն անտաղանդ երգիչ իր ճղղոցի նմանվող սուլոցով փորձում էր երաժշտի համբերությունը,կամ էլ ինքն էլ գորտային խորհրդավորություն էր տալիս ամենին:

Գիշերաբնակ այդ երիտասարդը Գաբրիելն էր,Մինասյանների տան վերջին ժառանգը: Ովքե՞ր էին Մինասյանները,կմտածի ընթերցողը:Իսկ ես որպես պարտաճանաչ շարադրող կշտապեմ պատասխանել նրա մտածմունքին:Մինասյանները օլիգարխների գերդաստան էր,որոնց անունը միայն սարսափի մեջ էր պահում քաղաքը: Մինասյանների <<բարի>> համբավը կարողցել էր շատ դռներ բացել ու շատ կամուրջներ այրել այս քաղաքի պատմության մեջ: Մի կողմից նրանք բարերարներ էին ողջ քաղաքի համար,մյուս կողմից նրանք ուղղակի մարդասպան, արյունռուշտ գայլերի մի ոհմակ էին,ովքեր գիշեր իջնելուն պես դուրս էին գալիս որսի: Սակայն սրանք միայն միֆեր էին մարդկանց սարսափի միջոցով իրենց հարգել տալու համար: Իրականում նրանց ձեռքով հավերժական հանգստի անցած և ոչ մեկը բարի հրեշտակապետ չէր,այլ նույն ոլորտի մի կեղտոտ ներկայացուցիչ,այսինքն՝ նմանը սպանում էր նմանին՝հակառակորդներից ձերբազատվելու լավագույն միջոցով: Միայն թե այլ էր Գաբրիել Մինասյանը: Բոլորը սիրում էին նրան,քանի որ նա բոլորի համար ոչ թե Մինասյան էր,այլ Ազատյան: Արդեն քանի տարի էր ինչ նա նախ դպրոց ապա համալսարան էր հաճախում նոր ազգանունը իր վրա կրելով: Ազգանունից հրաժարվելը նրա միտքը չէր,այլ իր հոր՝ Մինասյանների ևս մի կենդանի գիշատչի՝ Վարդան Մինասյանի:
Բոլորը Վարդան Մինասյանին հարգում էին:Ու հարգանք էր դա, թե վախի բարձր դրսևորում անհնար է ասել իսկապես:Սակայն կար մի բան, որ եթե իմանային շատերը, ապա այդ հագանքը կարող էր անշողոքորթ լինել: Այս նույն գիշատիչ Վարդանը տարիներ առաջ ամուսնացավ մի գեղեցկուհու հետ: Որոշ ժամանակ նա կտրվեց իր գործերից ու վայելում էր կյանքի պարգևած բարիքները լիուլի: Բայց կար մի բան,որից նա վախենում էր.երեխան,որը պետք է ծնվեր մի քանի ամիս անց: Նա գիտակցում էր,որ երեխայի ծնվելուց հետո ինքը կդառնա խոցելի,մյուս կողմից էլ՝ երեխայի համար չէր ուզում այն կյանքը, ինչ կյանք դարերով վարել են Մինասյանները:Դա էր պատճառը, որ Վարդան Մինասյանը կայացրեց իր կյանքում ամենից ծանր որոշումներից մեկը:Նա իրենից հեռացրեց հղի կնոջը՝ուղարկելով նրան արտասահման,ապահովելով նրան ամեն ինչով: Նա պահանջեց կնոջից,որ երեխայի ծնվելուց հետո նրան այլ ազգանուն տա,ու երբ երեխան հասուն, գիտակից դառնա,միայն այդ ժամանակ պատմի իրականությունը:
Եվ այդպես 16 տարի շարունակ Գաբրիել Մինասյան-Ազատյանը մեծացավ հորից ու իրականությունից հեռու: Սակայն նրա համար բարդ էր հասկանալը, թե ինչու մնացած իր հասկակիցները  երկու ծնող ունեն,իսկ եթե չունեն, ապա գիտեն իրենց ծնող չունենալու պատճառը,իսկ ինքը այդպես էլ չգիտի՝ ով է իր հայրը:Մայրը որքան կարողանում էր, հետաձգում էր խոսակցությունը ,սակայն մի օր Գաբրիելը տուն վերադարձավ ու այնպիսի վճռականությամբ պատասխաններ պահանջեց,որ մորը ուրիշ ելք, քան իրականության վրա լույս սփռելն էր, չէր մնում: Իրականությունը դառն էր Գաբրիելի համար: Նա չէր ժառանգել իր նախնիներից ոչ մի հատկանիշ: Էությամբ Գաբրիելը իր անվանակից նախնու՝ Հրեշտակապետի պես մաքուր էր ու դեմ ամեն տեսակ բռնությանը: Քանի որ իր հասկակիցներից և ոչ մեկը չէր կիսում իր համոզմունքները նա հետզհետե փակվեց իր մեջ ու քանի որ փոքրուց սիրել էր նկարել,որոշեց իրեն նվիրել նկարչությանը: Նա ժամերով փակվում էր իր սենյակում ներկապնակը ձեռքին, իր հասակի հայելու մեջ անընդհատ նայելով ու ժպտալով շարունակում էր բացահայտել իր տաղանդի ուժը: Դպրոցը վերջացնելու  տարում նա կորցրեց մորը:Ու առանց որևէ մեկին բացատրություն տալու գաղտնի վերադարձավ իր իրական հայրենիք:Այստեղ նա ընդունվեց համալսարան որպես Գաբրիել Ազատյան ու փորձում էր հեռվից տեղեկություններ իմանալ հոր մասին:
Սակայն հորից թաքցնել իր գոյությունը անհնար էր:Նա գիտեր ամեն ինչ ամենքի մասին,ուր մնաց՝ չիմանար հարազատ որդու մասին:Եվ ահա մոտ մեկ ամիս առաջ գիշերով նա ինքը գաղտնի եկավ որդու վարձած բնակարան՝տեսակցելու գրեթե 17 տարի իրենից հեռու պահած միակ որդուն:
Երկուսն էլ քաջատեղյակ էին միմյանց մասին ,սակայն և ոչ մեկը չէր համարձակվում խոսակցության սկիզբը իր վրա վերցնել:
-Ինչու՞ ես եկել,-հանկարծ զայրացած հարցրեց Գաբրիելը,-16 տարի ես քո մասին ոչինչ չեմ իմացել,ու դու հիմա եկել կանգնել ես առջևս կարծես ոչինչ էլ չի եղել,կարծես այդ 16 տարին մեկ- երկու օր էր, ու դու ընդամենը գործուղման էիր:
-Մի՜ խոսիր այդպես,որդի՛ս,դու դեռ շատ բաներ չգիտես:Մի՜ մեղադրիր մեկին,ով իր սրտին դեմ գնալով փրկեց քո կյանքը:
-Հա՜,հիմա էլ ասում ես՝ փրկել ես կյանքս, հա՞,-հեգնանքը իրական հույզերին դիմակ դարձրած՝ ասաց Գանրիելը:
Պատասխանելու փոխարեն հայրը գորովանքով իր գիրկն առավ որդուն,ապա լուռ,ձեռքի նշանով խնդրեց նրան նստել:
 Չնայած Գաբրիելը որոշել էր իր խստությամբ պատժել  հորը անհայր մեծանալու համար,բայց գրկախառնությունը նրան մոռացնել տվեց և՛ իր որոշումը,և՛ այն անցած 16 տարիները ու միայն վեր հանեց երկար տարիների կուտակված սերն ու թախիծը, որ պետք է դատարկվեր ինչ-որ մեկի թիկունքին: Ուրախության արցունքնե՞ր.այո՛, դրանք գոյություն ունեն,այլապես ի՞նչ էր այն, ինչ տեղի էր ունենում:
Դեռ մինչև լուսաբաց հարը մնաց որդու մոտ:Խոսակցությունը ծանր էր,բացահայտիչ: Հայրը ստիպված էր որդուն ամեն ինչ պատմել առանց կեղծիքի, մերկ: Իսկ ճշմարտությունը, այդ մերկությունը խոշտանգում էր՝անընդհատ մեխեր խրելով նրա կողերի մեջ, հաճախ հարվածելով թիկունքից: Գաբրիելը ստիպված էր ընդունել,որ ինքը հոր թույլ կողմն է,ու որ իր անձի բացահայտումը առաջին հերթին վտանգավոր է հենց իր համար: Ու նա համաձայնեց հավերժական լռություն պահպանել իր մասին,բոլորին ներկայանալ ոմն  Գաբրիել Ազատյան,ով նոր է եկել արտասահմանից՝այստեղ իր արմատների մասին տեղեկություններ հավաքելու համար:
-Պապ,այնպես դժվար է խաղալ այդ գիտակցված խաղը,մինչդեռ դեռ անգիտակից ապրել եմ այդպես ամբողջ կյանքս: Իսկ մամա՞ն:Անկեղծ ասա,դու գոնե սիրե՞լ ես նրան:
-Ես պաշտում էի քո մորը,տղաս,բայց հասկացիր,ձեր անվտանգությունը ավելի կարևոր էր,քան իմ սերը: Եթե ես եսասեր լինեի,կպահեի ձեզ իմ կողքին,բայց հարց է,մենք կհասնեի՞նք այս օրին,թե ամեն ինչ կավարտվեր շատ ավելի վաղ: Ու ես գերադասեցի այս կյանքում ինձ համար երկու ամենակարևոր մարդկանցից հեռու մնալ,իմանալով գոնե, որ նրանք ապահով են,քան թե նրանց դիակը տեսնել իմ առջև:
 ԼռությունԾանր էր անգամ շնչելը: Օդը կպչում էր նրանց ռունգերին ու կարծես ջութակի լարերի պես խզխզում էր:Բաց լուսամիտից երևում էր կիսալուսինը,իսկ ներքևում ծառերն էին ,դեպի գիշերային այդ պչրուհուն՝լուսնին,ձգվող հավերժի սիրահարները:Քանի այդպիսի լուսիններ է ճանապարհել Գաբրիելը իր սենյակում՝ փափագելով սրա մասին:Հիմա մի տեսակ հաղթանակած նայում էր լուսնին,կարծես ուզում էր ասել՝տեսա՞ր,ես այստեղ եմ,ես հասա իմ երազանքին:
-Դե ես պետք է գնամ, տղա՛ս,արդեն լուսանում է:Պետք է աննկատ հեռաամ:
-Էլի կգա՞ս,-հարցրեց Գաբրիելը:
-Իհարկե, եթե ոչ ամեն գիշեր,ապա մի քանի օրը մեկ կգամ հաստատ.ես նախապես քեզ կզգուշացնեմ:
-Եղավ,կսպասեմ ուրեմն քո զանգին:
-Դե իսկ հիմա արի մի անգամ էլ քեզ գիրկս  առնեմ,տղաս,-ու գրկեց նրան ամուր-ամուր,համբուրեց նրա ճակատը ու ոչինչ չասաց: Հայրական խորհուրդ չէր կարող տալ.ինքը չէ,որ այս հասուն պատանուն պետք է կյանք սովորեցներ: Իր տեսած կյանքը միայն արյուն է,իսկ որդունը՝գույները, կյանքի գույները՝ արտացոլված նրա նկարներում:
-Ի դեպ մոռացա քեզ հանձնել նվերդ:
-Նվե՞ր:
-Այո՛:Գիտեմ, որ նկարում ես:Ու քեզ համար մի քանի տեսակի ներկեր եմ բերել,և մի քանի տասնյակ կտավ: Դու հանգիստ ստեղծագործիր ու խոստացիր, որ հաջորդ մեր տեսությանը ցույց կտաս ինձ նկարներդ:
-Եթե ցանկություն ունես,ցույց կտամ ու շնորհակալ եմ նվերի համար:-Իսկ իրականում ուզում էր ասել.<<Դու էիր իմ կյանքի ամենամեծ նվերը,այս գիշերը, այս օրն ընդհանրապես>>:
 Ու հիմա այն չարաբաստիկ գորտերի ձայների ներքո ,սիրահար ծառերի այդ գորովագին փաղաքուշների  առկայությամբ,նա սպասում էր այդ գիշեր հորը:Ուշանում էր: Բայց դե մարդ, ով ուշացել էր 16 տարի,կարող էր ուշանալ նաև մի քանի ժամ: Դա առանձնապես խնդիր չէր:Իսկ Գաբրիելը, երաժշտության տնազն անելով, սուլոցը գլուխը գցած,նկարում էր այն կտավը, որը պետք է նվիրեր հորը: Հոր բերած ալբոմից նա ընտրեց հոր ու մոր նկարներից մեկը ու անցավ գործի:Ու ահա նա այսօր ավարտելու վրա էր կտավը:Մնում էին վերջին երկու շտրիխները,միայն թե չգիտեր՝ ինչ ընծայականով նվիրել այն հորը: Սակայն հայրը ուշանում էր,ու Գաբրիելը գործն ավարտելուն պես որոշեց ննջել՝մտածելով,որ գալուն պես կարթնացնի իրեն: Բայց Վարդանը այդպես էլ պայմանավարված այդ գիշերը չեկավ և անգամ չզանգեց: Գաբրիելը անհանգիստ էր: Երկու օր էր նորություն չուներ հորից: Ժամերով հեռուստացույցից չէր պոկվում,ինչ էր նայում,ոչինչ, ուղղակի նայում էր հեռուստացույցին,ոչինչ չլսելով:Բայց հանկարծ ականջին հասավ հոր անունը՝Վարդան Մինասյան: Ուշադրությունը տեղը բերեց և լսեց.<<Երեկ իր տանը մեռած են հայտնաբերել քաղաքային հեղինակություն Վարդան Մինասյանին: Ոստիկանությունը խուսափում է լրատվամիջոցներին մահվան բուն պատճառն ասել: Ամենայն հավանականությամբ, եթե ամեն ինչ գաղտնի է պահվում, ուրեմն նրան սպանել են:>>
<<Սպանել...>> ,-շարունակ պտտվում էր Գաբրիելի գլխում,սպանել են իր հորը, նրան ում հազիվ 16 տարուց հետո ինքը վերագտել էր,սպանել էին իր միակ հարազատին այս աշխարհում,սպանել էին, ու ինքը իրավունք չուներ նրան բացահայտ գոնե հիմա այցելելու,սպանել էին…ու աշխարհը չգիտեր նրա որդու գոյության մասին: <<Անհայտ ու անհայր ծնվեցի,նույնպես և կմեռնեմ թերևս>>,- նայելով հայելում իր արտացոլանքին՝ ասաց Գաբրիելը,ապա թիկնաթոռից վերցրեց իր բաճկոնը ու դուրս սլացավ խելագարի պես: Արդեն երեկոյանում էր, ու ինքն էլ չգիտեր ինչ էր անելու: Ուղղակի վերադառնալ իր տուն, կարծես ոչինչ չէր եղել, չէր կարող,բայց և բացահայտ գնալ հոր տուն՝ նրան հրաժեշտ տալու, նույնպես չէր կարող: Որոշեց այնուամենայնիվ վերադառնալ տուն,հանգստանալ, գուցե փոքր-ինչ նկարի, անջատվի աշխարհից,ինչպես անում է հաճախ նկարելիս ու իրեն տա նոր աշխարհներին , նկարի ու միևնույն ժամանակ թռչի, թռչի այն հոգեհարազատ երազների աշխարհը, ուր հավետ ընտանեկան ջերմություն կար պահված: 16 երկար ու ձիգ տարիներ նա այդ երազների աշխարհում տեսնում էր իր ընտանիքը՝իրեն, մորը և հորը,սակայն լոկ վերջերս կարողացավ անդեմ հորը կերպավորել,վերջապես նրա երազներում անհայտ դեմքով այդ անձն էլ կերպարանք առավ,ու թվում էր, թե ամեն ինչ գոնե այս մի աշխարհում նորմալ է, չնայած որ իրական աշխարհում վաղուց արդեն չկա այն ընտանիքը:
Գաբրիելը իր այս մտապատրանքներից ուշքի բերեց հեռախոսազանգը:Կարծես թմրանյութի ազդեցության տակ,երբ ոչինչ չես հասկանում քո արածից,նա ձեռքն առավ հեռախոսը:Խոսափողի մյուս կողմում Արտակն  էր, իր հոր ամենահավատարիմ մարդկանցից մեկը.
-Գաբրիել,-հազիվ կարողացավ արտաբերել նա ու ինքն էլ չիմացավ՝ ինչպես հաղորդի այդ լուրը:
-Գիտեմ Արտակ,գիտեմ,այսօր հեռուստատեսության գլխավոր լուրը դա էր: Չմոռանաս, որ նա պատկանում էր այս ամբողջ հասարակությանը: Տեսնու՞մ ես, ինչպիսի ճակատագրական հեգնանք է:Նա պատկանում էր ողջ հասարակությանը,բայց սեփական որդուն պատկանել չկարողացավ:
-Գաբրիել,-ընդհատելով վիրավորված պատանուն ասաց Արտակը,-ես մարդ կուղարկեմ քո հետևից հարմար ժամի,որ դու գաս այստեղ,որպեսզի քեզ ոչ ոք չտեսնի:
-Կսպասեմ,իսկ հիմա ներիր, բայց էլ չեմ ուզում խոսել,-հազիվ կարողանալով իր ձայնին սառնասրտության երանգ հաղորդել՝ ասաց Գաբրիելը ու կախեց խոսափողը:
Սակայն երբ մարդը փորձում է իր ցավը լռությամբ քողարկել,միշտ էլ ստացվում է հակառակը,ցավը սկսում է մոլեգնել,կլանելով մարդուն ամբողջությամբ, ցավը դառնում է միակ շարժիչ ուժը,նա է սկսում մտածել բանականության փոխարեն, ցավը դառնում է մարդու ուղեղը,կառավարում նրան,հասցնում ծայրահեղությունների: Ցավն էր, այո
՛, որ մոլեգնում էր այժմ նրա լռությամբ խոսող աչքերում,ցավն էր, որ մեկ րոպեում գետնին հավասարեցրեց տան ողջ կահույքը:
Ու հիմա, երբ անցած էր ցավի նոպան, Գաբրիելը,այս հոգով արվեստագետը,նստել էր կիսատ հայելու դիմաց նայում էր իր արտացոլանքին, նայում էր ու հասկանում, որ իր կյանքը այդ արտացոլանքի պես կեղծ է եղել,այն եղել է ու միաժամանակ չի եղել,տեսանելի է եղել, բայց ոչ շոշափելի.
-
Ժամանակն է վերջ տալ այս անորոշությանը,-հանկարծ վճռականությամբ լեցուն նստած տեղից բարձրացավ Գաբրիելը,գնաց դեպի կողքի սենյակը,այնտեղից վերցրեց նոր,մի մաքուր կտավ,պատրաստեց իր աշխատանքի համար անհրաժեշտ ամեն պարագա,ու նստեց կիսանինջ՝սպասելով Արտակի ասած մարդուն:


Դուռը շրխկալով փակվեց նրա հետևից:Սենյակը կիսամութ էր, երկու հատ մոմի կիսահանգ,սարսուռ ազդող լույսով լուսավորված:Սենյակի կենտրոնում դրված էր հանգուցյալը:Նա այնպես հանգիստ էր քնած,կարծես աշխարհում ոչ դարդ ուներ,ոչ մտածելու կարիք:
Գաբրիելը կամաց,գրեթե ոտնաթաթերի վրա մոտեցավ աճյունին:Տեսնողի համար այն տպավորությունը կարող էր ստեղծվել,թե նա վախենում է ,թե կարող է արթնացնել հորը մի խորը,հանգիստ, անցավ ու անհոգս քնից: Այդպես հուշիկ քայլերով նա մոտեցավ հորը:Ինչպիսի հանգստություն էր հորդում նրա դեմիքց:Ձեռքերը ժողովրդական սովորության  համաձայն խաչված էին:Ու առաջին անգամ նա հնարավորություն ունեցավ տեսնել հոր ձեռքի վրա արված դաջվածքները: Ինչ խոսք,Վարդան  Մինասյանը իր ողջ կյանքի ընթացքում աչքի չէր ընկել աստվածավախությամբ,առավել ևս աստվածապաշտությամբ,սակայն նրա աջ ձեռքի վրա,այն մասում, որտեղ որ միանում են բութն ու ցուցամատը,ուր մարդու կյանքի ընթաղքում առաջին կնճիռներն էին երևում,այդտեղ Գաբրիելը դաջված տեսավ՝ մի խաչ,իսկ խաչի կողքին ավելի մուգ ու արտահայտիչ կերպով գրված էր Գ. տառը: Տեսնելով հոր այդ դաջվածքը՝ Գաբրիելը չկարողացավ զսպել իրեն:Հասկանալի էր,թե ինչ է նշանակում այն: Արցունքի մեջ թաղված նա բարձրացրեց հոր ձեռքը համբուրեց այն ու դրեց իր ճակատին:
Իսկ երկու հատիկ մոմերը շարունակում էին աղոտ լույս տարածել շրջակայքում: Մոմերի լույսը թրթռում էր, ու պատին մերթ ընդ մերթ ուրվականաձև պատկերներ էին հայտնվում,նման այն չարքերին,որոնցով վախեցնում են փոքր երեխաներին նրանց չարություն անելու դեպքում:Գնալով խավարը մեծանում էր,իսկ պատին գծագրվող ուրվականներն ավելի սարսափելի էին դառնում: Ինքն էլ չգիտակցելով,թե ինչու է վախենում այդ ցնորական պատկերներից նա ակամայից ձեռքը նորից մոտեցրեց հորը,կարծես նրանից պաշտպանություն ակնկալելով: Բայց հանակարծ ձեռքի տակ ինչ որ սառը բան զգաց:Չէ՛, դա հոր ձեռքը չէր,ոչ էլ մարմինը:Այդ առարկան տարօրինակ կերպով սառն էր: Գաբրիելը ձեռքը տարավ դեպի հոր գոտկատեղը,այնտեղ որտեղ շաշապելի էր այդ սառնությունը:
Ատրճանակ էր,հոր ատրճանակը,որից նա երբեք չէր բաժանվում: <<Երևի,-մտածեց Գաբրիելը,-հրամայել է, որ իր հետ հողին հանձնեն ատրճանակը ևս>>:
Ապա երկար նայեց,նայեց ատրճանակին,հեգնանքի նման մի թույլ ժպիտ անցավ երեսի վրայով,ապա նա ատրճանակը տեղափոխեց դեպի իր գոտկատեղը: Չանցած մի քանի րոպե նա ձայն տվեց.
-Արտա՛կ,հրամայիր՝ թող ինձ մոտ բերեն ինձ հետ բերած մաքուր կտավն ու ներկերը ու թող լույսը ավելացնեն,այստեղ անտանելի մութ է: Եվ ասա,որ ոչ ոք չմտնի այս սենյակ:

Անցել էր արդեն 3 ժամ:Սենյակից դուրս իրարանցում էր: Բոլորն անհանգիստ էին: Դուռը ներսից կողպված էր,այդ իսկ պատճառով ոչ ոք չէր կարող ներս մտնել: Դրսի կողմից հնչող ցանկացած հարցին Գաբրիելը միայն մի պատասխան էր տալիս ՝հետո:
Իսկ ներսում, փակված այն անշնչացած դիակի ու թրթռացող մոմերի ընկերակցությամբ, ահա թե ինչ էր անում Գաբրելը: Նա վերջին անգամ օգտագործում էր իր տաղանդը՝հորը նկարելու իր վերջին հնարավորությունը: Վրձինը կարծես զզվելով սենյակի ծանր օդից,որպիսին լինում է մի սենյակում, որտեղ առատ մոմավառություն է տեղի ունենում,արագ- արագ, առանց ընդհատումների շարունակում էր գծագրել իր նկարելիք առարկայիին: Հետզհետե Վարդան Մինասյանի պատկերը ամբողջացավ կտավին: Այդ սառը դեմքին բացի հանգստությունից ոչինչ չկար,այնինչ կտավում Գաբրիելը նրա երեսին ժպիտ էր նկարել,գորովանք,սեր,հույզեր,այնպիսի զգացմուներ, որր չկարողացավ ստանալ հորից մինչև վերջ: Ինչ խոսք իրական Վարդան Մինասյանը ողջ լինելու դեպքում իր դիմագծերի տակ թաքնված այդքան հույզերի պատճառով կարող էր անգամ չճանաչել իրեն: Իսկ Գաբրիելը, ավարտելով կտավը, անհանգիստ հետուառաջ էր անում: Նրա աչքերից երևում էր,որ թեև մարմնապես այդտեղ է, այդ սենյակում,բայց հոգին շատ հեռու է այդտեղից,հազարավոր մղոններ հեռու,անգամ կասկածելի էր,թե հոգին այդ պահին արթուն էր նրա մեջ,թե բանականությունը երկճեղքված պայքար էր մղում ինքն իր դեմ: Հանկարծ ջղաձիք քայլվածքը դադարեցնելով՝՝ նա կանգնեց ուղիղ կտավի առաջ ու սկսեց խոսել նրա հետ.
-17 տարի ես առանց քեզ մեծացա՝չիմանալով քո գոյության մասին:Ամեն անգամ պառկելիս ինքս ինձ պատկերացնում էի քո դեմքը,երազում էի,որ կգա մի օր, ու ես էլ հայր կունենամ բոլորի նման: Դեռ մանկուց զգում էի քո կարիքը: Խաղահրապարակում տեսնում էի, թե ինչպես են հայրերը վազում իրենց որդիների հետևից,գրկում նրանց,օդ բարձրացնում, ու ես նախանձում էի ընկերներիս: Ավելի ուշ տեսնում էի ,թե ինչպես դասընկերներիս հայրերը նրանց դպրող են ուղեկցում: Ես մեծանում էի,ու ավելի քան երբեք քո խորհուրդների կարիքն էի զգում,բայց դու չկայիր:  Ու ես ինքս ինձ խոստացա,որ կգտնեմ քեզ,որ կվերադրաձնեմ կորցրած ժամանակը,քեզ կլինեմ արժանի որդի.ու ի՞նչ:Դու հիմա դավաճանաբար նորից լքու՞մ ես ինձ:Դու նորից հրաժարվու՞մ ես որդուցդ:Ո՞ր մեղքիս համար:Ինչու՞: ԻՆչու՞ նորից ինձ անհայր ես թողնում,երբ կյանքումս էլ ոչ ոք քեզնից կարևոր չունեմ:Հիշու՞մ ես,մեր առաջին հանդիպմանը ինձ ներկեր նվիրեցիր: Ափսոս,ես դեռ այն ժամանակ պետք է քեզ ասեի,որ կյանքումս ստացած ամենամեծ նվերը դու ես,դու,որ ինձ Աստված նվիրեց,դու ,ում կարիքն այդպես ունեի ես,դու՝իմ հայրը,ում չճանաչելով անգամ չեմ դադարել սիրել: Ու հիմա նորից մենա՞կ ես թողնում:Չէ՛,աշխարհում բոլկոր տեսակ նվերներից կարող եմ հրաժարվել,ամեն ինչ կարող եմ մոռանալ,արհամարհել,բայց հրաժարվել ամենաթանկն նվերից,չեմ կարող

Սենյակից դուրս կանգնածները մի պահ սառան լսված ձայնից: Ատրճանակի կրակոց էր: Ներս վազելով նրանք սենյակի կենտրոնում տեսան հանգուցյալի վրա ընկած Գաբրիելին: Նրա գլխից արյուն էր հոսում,իսկ աչքերին դեռ չէին չորացել արցունքի կաթիլները:

Իսկ դրսում լիալուսին էր ու բացարձակ լռություն: Լսելի էին միայն մոտակա ջրափոսերից եկող գորտերի ձայնը,որոնք գիշերային այդ մթությանը չարագուշակություն էին հաղորդում: Իսկ սենյակում շարունակում էին թրթռալ մոմերը՝ գծագրելով արյունոտ պատերին երախները բաց չարքեր: