2020-03-21

Նադեյա Յասմինսկա «Մաշված սանդալները»


Մասն առաջին
Ավտոբուսն ուժեղ թափահարվեց դարուփոսի վրա, և Ադրիանան արթնացավ: Դեռ քնաթաթախ` նա տրորեց վնասված քունքը, հետո պատուհանից դուրս նայեց: Կրկին անտառ էր:
Նրանք արդեն երկրորդ օրն էին գնում, և դա շատ հոգնեցուցիչ էր, բայց ոչ նեղ, անհարմար նստատեղերի պատճառով (Գենադիպալիչը կատակում էր, որ մարմնամարզուհիները կարող են հարմար տեղավորվել անգամ կոնֆետի տուփի մեջ): Իսկ այ բնապատկերը լուսամուտից այն կողմ տխրեցնում էր` ծառերի անեզր կանաչ կտավ, որ երբեմն ընդհատվում էր գյուղակներով:
Կողքին`միջնանցումից այն կողմ, պառկած էր Իլոնան` ոտքերը նստատեղի հենակին, գլուխը ներքև կախ գցած: Տեսնելով, որ հարևանուհին արթնացել ,  նա ցածրաձայն ասաց.
-Ես այնքան եմ հոգնել, որ ուղղակի ուզում եմ տուն գնալ: Թող կորչի էդ դղյակը:
-Երեք ժամից դու կմոռանաս այս խոսքերդ,- քմծիծաղ տվեց Ադրիանան:
-Երեք ժամից ողջ արյունս կհոսի դեպի գլուխս, և ես կամ կմեռնեմ, կամ կվերածվեմ չղջիկի: Ես, հավանաբար, կնախընտրեի չղջիկ դառնալ:Դուք աղջիկների հետ կքնեք դղյակում, իսկ ես կթռչեմ ձեզ մոտ և կսկսեմ թևերով ծեծել լուսամուտները: Պատկերացնո՞ւմ ես` ինչ ծղրտոց կլինի: Իսկ ես չարագուժորեն կխնդամ: Հետաքրքիր է, չղջիկները կարողանո՞ւմ են ծիծաղել:
-Դժվար թե:
Այդ ժամանակ սկսեցին թեյ բաժանել, և Իլոնան վարկենաբար շրջվեց` մոռանալով կերպարանափոխության մասին իր պլանները: Թեյն էժանանոց էր, խղճուկ ճմռթված փաթեթիկներով, բայց բոլորը վերակենդանացան, քանի որ դա ինչ-որ փոփոխություն բերեց:
Հետո աղջիկները որոշեցին մոտավորապես հարյուրերեսունհինգերորդ անգամ մաֆիա խաղալ, հետո՝ «դուռակ»: Անաշխույժ ու ձանձրալի անցավ. «կոզրներն» անընդհատ խառնվում էին, իսկ նենգ մաֆիոզները ամեն անգամ մոռանում էին արթնանալ, որպեսզի սարսափ տարածեն քաղաքի վրա: Դաշենկան`պեպենոտ շիկահերը, ռոմանտիկ պատմությունների սիրահարը, ցույց տվեց «Կալանավոր» կոչվող պասյանսը[1]: Այն իբրև թե մի կալանավոր է հորինել, ով տասը տարի շարունակ ապարդյուն փորձել է դասավորել այդ պասյանսը: Բայց քանի որ երիտասարդ մարմնամարզուհիների մոտ «Կալանավորը» խելոք-խելոք արդեն երկրորդ անգամից ստացվեց, նրա հանդեպ հետաքրքրությունն անմիջապես կորսվեց: Ավտոբուսում Էդիթ Պիաֆ[2] հնչեց, և Ադրիանան նորից զգաց, թե ինչպես են ծանրանում կոպերը...
-Ադրիաշկա´, արթնացի´ր, քնկո´տ սկյուռիկ,- ուղիղ նրա ականջի մոտ լսվեց մեկի ճչոցը:
Վախեցած աղջիկն այնպիսի արագությամբ վեր կացավ, որ, թվաց, հենց էն է ավտոբուսի տանիքը կկոտրի գլխով:
-Իլկա´, գժվե՞լ ես, ինչո՞ւ ես գոռում:
-Դե լավ հա՜,- ձեռքը թափ տվեց Իլոնան,- լուսամուտից դուրս նայի՛ր:
Ադրիանան շրջեց գլուխը և տեսավ Անգալդը:
Նա միշտ հիշեց իր առաջին հանդիպումը նրա հետ:
Որովհետև, չգիտես որտեղից, զգացողություն առաջացավ, որ ինքը փոքրիկ աղջիկ է, որ մոլորվել է անտառում և հանկարծ հանդիպել է հսկայի: Բարի՞, թե՞ չար: Հավանաբար, բարի: Իսկ հսկան, կանթելով ձեռքերը, առանց առանձնահատուկ հետաքրքրության, բայց, միևնույն է, սիրալիր, ասաց. «Եվ ահա, դու ինձ հյուր ես եկել: Նե´րս մտիր, քանի որ եկել ես»:
Անգալդի դղյակը գրեթե յոթ հարյուր տարեկան է: Բայց նրան ոչ մի կերպ չէին թողնում թոշակի անցնել: Սկզբում նրան տիրում էին արքաները, հետո` բարձրաստիճան քաղաքական գործիչները, իսկ հիմա այն վերածել են թանգարանի, իսկ արևմտյան աշտարակում հյուրանոց են բացել: Եվ այն գեղեցիկ էր, բայց ոչ թե արքունական պճնամոլի, այլ թոշակի անցած խստասիրտ գեներալի պես: Բաց մոխրագույն պատերը ձգվում են վեր (այո´, իսկական զինվորական կեցվածք), աշտարակներն ավարտվում էին մուգ կապույտ կոներով (տեսանելի է, որ տանիքը վաղուց էր վերանորոգվել), իսկ ամենամեծ լուսամուտներում կարելի էր տեսնել հին խամրած վիտրաժներ:
-Գժվել կարելի է,- շշնջաց հետևում նստած Կատերինան` նրանց խմբի լավագույն մարմնամարզուհին:- Չեմ կարող հավատալ, որ այն իրական է:
Ավտոբուսը շրջանցեց հին արքայական այգին և կանգ առավ կամրջակի առաջ, որ չորացած խրամատի միջով տանում էր դեպի դղյակը:
-Հասա՛նք,- հայտատարեց մարզիչ Գենադիպալիչը ( իրականում` Գենադի Պավլովիչ Սկակուն) այնպիսի տոնով, ասես առանց իր ասելու այդ մասին ոչ ոք գլխի չէր ընկնի:- Բեռնաթափեք պայուսակները, և ոչ ոք, լսո՞ւմ եք, ո´չ ոք այստեղից ոչ մի տեղ չի գնում, քանի դեռ չենք տեղավորվել:
Իրերի հետ կապված իրարանցումը տասը րոպե տևեց, և ահա՛ նրանք բոլորը շարքով ուղղվեցին ներքին բակ:
«Ես այստեղ եմ»,- մտածեց Ադրիանան: Այո´, նա այստեղ է. Անգալդը խոշորանում էր յուրաքանչյուր քայլին զուգահեռ:
Չորս օր միջնադարյան դղյակում. այսպիսին էր նրանց գեղարվեստական մարմնամարզության խմբի պարգևը միջազգային մրցումներին հաջող ելույթի համար: Ադրիանան վաղուց երազում էր լինել այստեղ և մինչև մրցումներն իրեն ասաց, որ լավագույնն է լինելու: Իհարկե, նա լավագույնը չդարձավ` ելույթի ժամանակ մի քանի հիմար սխալ թույլ տալով: Բայց նրանց խումբն, այնուամենայնիվ, հաղթեց: Պարգևատրման արարողությունից հետո Գենադիպալիչը կանչեց նրան ու ասաց. «Ադրիշա´, դու հաղթեցիր ոչ թե որ ուժեղ էիր, այլ որովհետև ուրիշներն էին թույլ»: Ադրիանան հիշում էր, որ ինքը հենց այնտեղ` նրա աշխատասենյակում լաց եղավ ու մտածեց. «Ինչպիսի՜ ստորացում: Թքած դղյակի վրա, ոչ մի տեղ էլ չեմ գնա, եթե չեմ արժանացել դրան»: Բայց հիմա, բնականաբար, աղջիկն այդպես չէր մտածում: Որովհետև հասկացավ, որ Անգալդ մեկնելը ոչնչի հետ չէր փոխի այս աշխարհում:
-Ինչո՞ւ ես հևում,- հարցրեց նրան Իլոնան: Նա աշխույժ քայլում էր կողքին` հսկայական ուսապարկը ուսերին:
-Չեմ հևում, շնչում եմ: Իսկ ես չգիտեի էլ, որ դղյակներն իրենց հատուկ բույրն ունեն:
Ընկերուհին հոտոտեց:
-Ես ոչ մի նման բան չեմ զգում: Ի՞նչ հոտ է որ:
-Դե, եթե չես զգում, ինչպե՞ս կարող եմ բացատրել: Դղյակի բույրը: Գիտե՞ս, ասում են, որ փոքր երեխաներն իրենց բույրն ունեն: Պարզվում է, դղյակները նույնպես:
Փոքր-ինչ լռելով` նա հավելեց.
-Արևից տաքացած քարի, հի՜ն քարի բույրը: Խոնավ հողի մի մասնիկը, որ տհաճ չէ, այլ հենց ինքն է, որ կա: Լուսամուտի ճաղերի մետաղի և դրանց վրայի բաղեղի բույրը: Եվ էլի ինչ-որ քաղցր բանի:
-Համա թե ասացիր,- ծիծաղեց Իլոնան,- իսկական պարֆյումեր, որ նկարագրում է թանկարժեք օծանելիքի բաղադրությունը. «Մի գիշեր հին դղյակում»: Ինչ կա որ, ես որ մի սրվակ ձեռք կբերեի:
Արևմտյան աշտարակի մոտ նրանց դիմավորեց կառավարիչը`պանի[3] Նատալյան, և ուղեկցեց նեղ, խճճված միջանցքներով դեպի սենյակները:
Հավանաբար, պանի Նատալյան երիտասարդ տարիներին բավականին լավիկն է եղել: Գեղեցիկ չէ, այլ հենց լավիկը: Նրա աչքերն անգամ վաղաժամ կնճիռների սարդոստայնում թվում էին ստեղծված ավելի երիտասարդ, թարմ դեմքի համար: Բայց ամեն մի տպավորություն փչացնում էր բերանը: Ամեն ասած արտահայտությունից հետո,  ինչպես «Բարի´ լույս» կամ « Այսօր հրաշալի՜ եղանակ է», այն դժգոհաբար սեղմվում էր: Ասես դրա տիրուհին մեծագույն հիասթափություն է ապրել երբեմնի և այլևս չի հավատում այն բանին, որ առավոտը կարող է բարի լինել, իսկ եղանակը` հրաշալի:
-Ասես արքայազնն իր սպիտակ ձիու վրա ժամանակին չի կարողացել թռչել հասնել նրա լուսամուտին,- ասաց Դաշենկան հետճաշյա զբոսանքի ժամանակ:
-Չափավորի´ր երևակայությունդ,- խորհուրդ տվեց նրան Իլոնան:
-Դե, արքայազնը փոխաբերական իմաստով էի ասում: Չնայած լավ էլ համընկնում է` դղյակ և... արքայազն: Ես ուզում էի ասել, որ պանի Նատալյային երիտասարդ տարիքում մե՜ծ սեր չի հանդիպել:
-Դաշա´, բոլորին զզվեցրիր քո անվերջանալի ռոմանտիկայով: Միգուցե, տատիկը նրան ժառանգություն չի թողել: Կամ էլ կարիերան չի հաջողվել` երազել է դառնալ նախարար, իսկ հիմա ընդամենը հյուրանոցի կառավարիչ է:
-Բայց դե ինչպիսի՜  հյուրանոցի,- հոգոց հանեց Ադրիանան` հայացքով մեղմորեն շոյելով Անգալդի պատերը:- Ես դեմ չեմ զբաղեցնել նրա պաշտոնը և ապրել այստեղ մի քանի տարի:
-Դու հիմա ես այդպես խոսում, քանի որ քո համար այստեղ ամեն ինչ նոր է: Իսկ հետո, երբ յուրաքանչյուր աստիճանի յուրաքանչյուր ճաքն իմանաս, յուրաքանչյուր կղմինդրի կտորը, յուրաքանչյուր բույնը ճեղքերի մեջ, այդ ժամանակ կսկսես ոռնալ ձանձրույթից: Ավելի լավ է ճանապարհորդել: Եկե՛ք տեսնենք` ի՞նչ կա գետակից այն կողմ:
Շրջակայքում զբոսնելուց հետո աղջիկները վերադարձան իրենց աշտարակը:Դղյակի մյուս կողմերը տեսնել այսօր չհաջողվեց: Թանգարանը չէր աշխատում: Բայց վաղվա օրը խոստանում էր հետաքրքիր լինել:
Երեկոյան ընթրիքի ժամանակ պանի Նատալյան մեծ կաթսայով հատապտուղներից և բույսերից սարքած տաք ըմպելիք բերեց:
-Իմ տատիկի բաղադրատոմսն է,- հայտարարեց նա` ինչպես միշտ սեղմելով շրթունքները,- լավ տարբերակ է այս պատերի ներսում չմրսելու համար: Գիշերներն այստեղ բավականին խոնավ է... Խմե՛ք, այլապես ես պատասխանատու չեմ ձեր առողջության համար:
Բոլորը հաճույքով խմեցին: Խմիչքը համեղ էր և գլինտվեյն[4] էր հիշեցնում, իսկ Գենադիպալիչը դրանում բուրգունդյան գինու նոտաներ որսաց:
-Ա՜յ որ խորոված վարազ էլ լիներ,- հոգոց հանեց Իլոնան,- չէ´, ես քաղցած չեմ: Անտուրաժի[5] համար:
Հետո երիտասարդ մարմնամարզուհիները սկսեցին դանդաղ ցրվել սենյակներով: Ադրիանային, Իլոնային և Կատերինային տեղավորել էին գրեթե հենց տանիքի տակ: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես էր ողջ խումբն սկզբում բարձրանում խոշոր աստիճաններով, ապա յուրաքանչյուր հարկից հետո մարդկանց թիվը պակասում էր ու պակասում, ասես հետ մնացողները կորչում էին խորհրդավոր քարայրներում: Եվ վերջապես աղջիկները մնացին երեքով:
Սենյակում ամեն ինչ ճիշտ այնպիսին էր, ինչպես և հարյուրավոր տարիներ առաջ, եթե հաշվի չառնենք կահույքը, որին միայն հին ոճավորում էր տրված: Պատերն այստեղ չէին սպիտակեցրել, դուրս ցցված քարերը չէին հարթել, փայլարե[6] լուսամուտները չէին փոխարինել սովորականներով: Եվ անգամ բարձր անկյունում եղած սարդոստայնը այնքան բնական էր թվում, որ Ադրիանան չէր կարողանում հասկանալ. կա´մ մաքրուհին էր աչքաթող արել, կա´մ դա ինտերիերի մտածված մասն է:
Անկողինը, պարզվեց, փափուկ է ու զարմանալիորեն հարմարավետ, ասես ի հակակշիռ խիստ մթնոլորտի: Եվ Ադրիանան քնեց, բավական էր միայն տպավարություններով լիքը գլուխը բարձին դներ:
Որոտացող շղթաներով ուրվականներն այդպես էլ չհայտնվեցին: Գիշերն Անգալդը նույնպես նախընտրում էր քնել:


Մասն երկրորդ
Չհասցնելով անգամ կարգին արթնանալ` առաջին բանը, որ զգաց Ադրիանան, առավոտյան դղյակի հոտն էր` ձմերուկի նրբերանգով: Որտեղի՞ց հայտնվեց ձմերուկն այստեղ: Բայց հետո նրան հասավ ջրի աղմուկը, և նա հասկացավ, որ հարևանուհիներից մեկը լոգանք է ընդունում անուշահոտ գելով:
Աղջիկը բացեց աչքերը. մոխրագույն կիսակլոր կամար, հնաձև ջահ` մոմերով: Ուրեմն, ճի՜շտ է: Ինքն ապրում է դղյակում:
Կատերինան դեռ քնած էր, նշանակում է, հին դղյակին ոչ հատուկ ձմերուկի հոտի մեղավորը Իլոնան էր: Ադրիանան վեր կացավ, շուրջը նայեց և ինքնաբերաբար ժպտաց: Որքա՜ն ծիծաղելի են նայվում իրենց վառ շապիկներն ու շորտերը, որ ցրված են այստեղ ու այնտեղ` այս միջնադարյան սենյակում: Ասես այստեղ փեյնթբոլ[7] են խաղացել` անկոփ պատերին գունավոր հետքեր թողնելով: Այո՜, նրանք բոլորը «հյուրեր էին ապագայից»: Նրանք Անգալդին չէին պատկանում:
«Օտարածին մարմիններ,- մտածեց Ադրիանան,- ինչպես փուշը, որ շուտով կհանեն մատից, և ամեն ինչ կրկին նույն կերպ կլինի»:
Բայց,չգիտես ինչու, երեկվանից նրան մի միտք էր հետապնդում, որ Անգալդն իր կյանքում ինչ-որ կարևոր դեր է խաղալու: Որ ինքը իզուր չէ սպասել նրա հետ հանդիպմանը: Բայց ո՞ւմ պատմել այդ մասին: Իլոնան ծիծաղի առարկա կդարձնի, Դաշենկան հերթական պատմությունը կհորինի նախորդ կյանքերի մասին, իսկ Կատերինան... նա ոչինչ չի ասի, նա սովոր չէ խոսել մեկ այլ մարդու մասին, բացի իրենից:
-Արդեն տասնմեկն անց երեսուն է,- հնչեց Իլոնայի խեղդված ձայնը լավ քողարկված լոգարանից:
-Ինչպե՞ս թե,- խառնվեց Ադրիանան, որ սովոր չէր իննից  ուշ արթնանալ:
-Ոչի´նչ, աշտարակը դեռ քնած է:- Ընկերուհին նրբագեղորեն ներս սահեց սենյակ` գլխին վարդագույն խավոտ սրբիչ: -Նայի´ր: Լուսամուտները նեղ են, ապակիները` մուգ, արևը սենյակ թափանցել չի կարող: Այստեղ դժվար է քնով չանցնելը: Առավոտվա ոչ մի զգացողություն:
-Պետք է արթնացնենք Կատյային:
Բայց Կատերինան չէր ուզում արթնանալ: Նա թեթևակի ֆսֆսացնում էր` քնի մեջ ինչ-որ բանի վրա երանավետ ժպտալով: Իլոնան թափահարեց նրա ուսերը, բայց վերջինս միայն ծածկոցը քաշեց մինչև ականջները և շրջվեց մյուս կողմի վրա:
-Դե ոչինչ,- ուսերը թոթվեց Իլոնան,- նախավարժանքը մի անգամ բաց թողնելով թագը չի կորցնի: Արագ լոգարան գնա, թե չէ տաք ջուրը կկորչի: Այստեղ տաքացվող կաթսա է:
Ադրիանան նստեց մահճակալին և ոտքով շոշափեց հատակը` հողաթափերի փնտրտուքով (հատակը սառն էր, բոկոտն հեռու չես գնա):  Այդ պահին նրա աչքն ընկավ Կատերինայի կոշիկներին: Ժամանակակից սանդալներ էին` կոճի մոտ մետաքսե ժապավեններով: Դրանք Կատյան երեք օր առաջ էր գնել, բայց այնպիսի տեսք ունեին, ասես դրանցով Էվերեստն էին բարձրացել: Ներբանները մաշված էին` համարյա պատռվելու աստիճանի:
-Մեյդ ին Չայնա[8],- ուրախ մեկնաբանեց Իլոնան:
-Բայց վաճառվում էին իտալականի անվան տակ,- տարակուսանքով թափահարեց գլուխն Ադրիանան:- Մի՞թե աշխարհում ոչ մեկին  չի կարելի հավատալ:
-Հավատա Գենադիպալիչին: Եթե նա ասել է, որ առանց առավոտյան նախավարժանքի հետույքդ Ջենիֆեր Լոպեսի հետույքի պես կդառնա, այդպես էլ կլինի: Արա´գ լողանալու, իսկ հետո կանցնենք գործի` մարմնին:
Տասնհինգ րոպեից աղջիկներն արդեն ներքև էին վազում ջարդոտված աստիճաններով: Այդ երգչուհիներին է թույլատրվում «ջենիֆերլոպեսյան» հինգերորդ կետ ունենալը, իսկ մարմնամարզուհիների համար այդպիսի չափսեր ունենալը վստահաբար մահ է:
Կատերինան քնած մնաց մինչև ճաշ: Նրան առանձնապես չփնտրեցին էլ. արձակուրդների «օրհնված» պահերին նա կարող էր դա իրեն թույլ տալ:
* * *
Նախաճաշից ու նախավարժանքից հետո խմբի մեծ մասը գնաց գետը` լողնալու և վոլեյբոլ խաղալու, իսկ Ադրիանան որոշեց շրջել դղյակով: Նա ուզում էր դա միայնակ անել:
Թանգարանի մուտքի մոտ նրան դիմավորեց ժպտերես կառավարչուհին` միջին տարիքի, կարճահասակ և լիքոտ մի կին, ում մոխրագույն մազերը հազիվ նշմարելի կապույտ երանգ ունեին: Նա ներս ուղեկցեց աղջկան` զուգահեռ պատմելով Անգալդի պատմությունը:
Իսկ ներսում... ներսում քարի և կիսակլոր կառույցների թագավորություն էր: Եվ առաջին ակնթարթում այդ թագավորությունը թվաց անկենդան և դատարկ: Այնտեղ ոչինչ չկար, բացի ժամանակակից նկարներից` միջնադարյան թեմայով նկարված: Բայց հետո Ադրիանան հասկացավ. այստեղ ամեն ինչ շնչում է ու ապրում: Ահա´ փոքրիկ խորը լուսամուտը: Այդտեղ մոմ էր դրված: Իսկ այս մյուս անկյունում դռնապանն էր քնած: Իսկ ա՛յ այս մեխից շա՜տ վաղուց մի տիկին պատռել է իր գեղեցիկ զգեստի փեշը և շատ է բարկացել: Զարմանալի է, որ մեխը բազում տասնյակների ընթացքում չեն հանել այնտեղից:
«Աստվա՜ծ իմ,- ինքն իրեն ժպտաց Ադրիանան,- այս ի՞նչ զարմանալի մտքեր են գլխիս մեջ: Ես, ախր, երբեք չէի կարող գլուխ գովել վառ երևակայություն ունենալու հարցում»:
Կառավարչուհին, տեսնելով, որ աղջկան ոչինչ չեն ասում թագավորների և դուքսերի անունները, որ երբևէ ապրել են այստեղ, հոգոց հանեց (ա՜խ այս երիտասարդ սերունդը) և հորդորով ասաց.
-Այն նույնիսկ Յակոբ Գրիմն է այցելել:
-Գրի՞մը,- հարցրեց Ադրիանան` կտրվելով իր մտքերից:- Դուք ասացիք Գրի՞մը:
-Այո´, հայտնի եղբայրներից ավագը: Այստեղից բանահյուսություն էր գրի առնում: ԱՆգամ չհաստատված տեսակետ կա (չնայած շատ հետազոտողներ պնդում են, որ դա այդպես է), իբրև մի հեքիաթի գործողությունները տեղի են ունեցել հենց Անգալդում:
-Ո՞ր հեքիաթի:
-Արքայի մասին, որ տասներկու դուստր ուներ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ուր են գնում ամեն գիշեր արքայադուստրերը, այն դեպքում, երբ աշտարակը ապահովաբար փակ է: Պարզվեց, որ նրանք քարայր էին իջնում կախարդված արքայազնների մոտ և պարում էին այնտեղ ողջ գիշեր, և դա պարզում է մի զինվոր:
-Այո´, ես ինչ-որ բան եմ հիշում…
-Դե՜, այդ հեքիաթն այնքան ճանաչված չէ, ինչքան «Սպիտակաձյունիկը» կամ «Բրեմենյան երաժիշտները», բայց մեր քաղաքում այն սիրված է: Ի դեպ, քաղաքն ինքը բավականին հին է, առաջին հիշատակումները վերագրվում են տասներկուերորդ դարին…
Թանգարանային հատվածի կառավարչուհին խոսում էր խանդավառությամբ` ճիշտ ընտրված տոնով: Նրան դուր էր գալիս իր աշխատանքը: Բայց Ադրիանան հանկարծ հասկացավ, որ անգամ այս կոկիկ և խնամված կինը նույնպես, որ ինչ-որ բանով հիշեցնում էր այրիացած դքսուհու, այստեղ օտար էր: Թվում էր` նա պետք է լի լիներ Անգալդի ոգով, բայց՝ ո՛չ: Նա, ինչպես և եկվոր աղջիկները` մարմնամարզուհիները, և նրանց փնթփնթան մարզիչը, չէր պատկանում դղյակին:
Իսկ ո՞վ էր պատկանում:
Պատասխանն անմիջապես ծնվեց` պանի Նատալյան:
Այո´, պանի Նատալյան. անդուր, նիհարակազմ, մշտապես սեղմած բերանով. նա այս դղյակի մի մասն էր: Անհասկանալի էր, թե ինչն է նրանց կապում: Արդյո՞ք պանին իրական կառավարչուհի էր, թե ինչ-որ գաղտնիք էր պահում... Ո՞վ իմանա: Մերօրյա ևս մի հեքիաթ…
-Իսկ ի՞նչ էր թագավորի և նրա աղջիկների մասին լեգենդի անունը:
-Ա՞յն, որ պատմեցի: Կարող եք ելքի մոտ գտնել ժողովածուն: Հեքիաթն այնտեղ կա: «Մաշված կոշիկներ»:
Ադրիանան ուշքի եկավ միայն ելքի մոտ: Արևը թաքնվել էր թանձրախիտ ամպերի հետևում. միանգամից ցրտեց:
«Մաշված կոշիկներ»:
Ա՜յ քեզ զուգադիպություն: Կատերինայի սանդալները այս առավոտյան միանգամային կարելի էր բնութագրել «մաշված» բառով: Բայց նա, հո՞, գիշերով չի իջնում քարայր` կախարդված արքայազնների մոտ:
-Հիմարությամբ մի´ զբաղվիր,- խոստորեն ասաց իրեն աղջիկը,- ի վերջո, միշտ էլ կարելի է ուղղակի հարցնել…
Բայց ընթրիքի ժամանակ Կատերինան քչախոս էր: Նա պատառաքաղով երազկոտ խաղում էր աղցանի հետ և ժպտում էր ինչ-որ բանի վրա:
-Սանդալնե՞րը: Այո´, նրանք, կարծես, այլևս պիտանի չեն,- ասաց նա անփութորեն, ինչը ընդհանրապես նրան հատուկ չէր: Դեռ մի շաբաթ առաջ Կատյան զզվեցրեց ողջ խմբին իր նվվնվոցով հինգդոլլարանոց խոտանված իրի պատճառով: Իսկ կոշիկին նա իննսուն դոլլոր էր տվել:
-Հուսամ, գիշերը տանիքով չե՞ս մագլցել,- կատակով հարցրեց Ադրիանան,- և քարայր չե՞ս իջել գոբլինների[9] մոտ:
-Ըհ՜նց, բա չէ: Այս ի՞նչ խմիչք է: Համով նման է գլինտվեյնի, հ՜մ...
«Ես ուղղակի խենթ եմ,- մտածեց Ադրիանան` թիկնելով աթոռին,- չգիտես` ինչ եմ հորինել»:
Միտք ծագեց ամեն ինչ Դաշենկային պատմել. նա այնքան էլ խելամիտ չէ, բայց երբեմն հանճարեղության փայլատակումներ է ունենում: Բայց Դաշենկան չկար ընթրիքին: Նա տեղացի թռչնագետների խմբի հետ գնացել էր երեկոյան թռչուններին դիտելու:
Դե՜ ինչ, վաղը կորոշենք: Լույսը կբացվի, բարին հետը… Այդպես էր չէ՞ ասվում հեքիաթներում: Ա՜խ, այդ հեքիաթները:
Այդ գիշեր Ադրիանան կրկին այնքան խորը քնեց, որ քիչ էր մնում նախաճաշը բաց թողներ: Իսկ արթնանալով` առաջին հերթին Կատերինայի կոշիկներին նայեց:
Մաշված սանդալներն արդեն չկային: Մահճակալի մոտ դրված էին կիսակոշիկներ, որոնք բոլորովին կարգին էին` առանց որևէ պատռվածքների և մաշված տեղերի:
«Սա, վստահաբար, ապացուցում է`որքան հիմարն ես դու,- ինքն իրեն ասաց աղջիկը.- Դաշայից էլ ավելի երևակայողն ես»:
Այդ պահին դուռը թակեցին, և գրեթե անմիջապես երևաց Դաշենկայի պեպենոտ դեմքը (անունը տուր, փա´յտը վերցրու):
-Ադրի-իշկ՜,- թնկթնկացրեց նա,-պատահաբար ավելորդ մի զույգ կեդ չե՞ս ունենա: Ես գիտեմ, որ նույն համարն ենք հագնում:
-Հներն են, ի՞նչ է եղել:
-Իմոնք ամբողջովին քրքրվել են, իսկ ես լրացուցիչ չեմ վերցրել ինձ հետ:
Նայելով Դաշայի ոտքերին` Ադրիանան քար կտրեց: Ամուր սպորտային կեդերը ամբողջովին մաշվել էին, իսկ ներբանները  ընդհանրապես «թքով» էին կպած:
Գրեթե ինքնաբերաբար հանելով կեդերի տոպրակը պահարանից` նա հանկարծ խիստ տոնով հարցրեց:
-Որտե՞ղ էիր գիշերը:
-Գիշե՞րը,- մի վայրկյան իրեն կորցրեց ընկերուհին,- գիշերը ես քնած էի... Սա... ես երեկոյան ազգային զբոսայգի եմ գնացել, իսկ այնտեղ զառիվեր լանջեր են:
-Պարզ է,- հոգոց հանեց Ադրիանան,- վերցրո´ւ:
Դաշենկան վատ էր ստում: Հորինելու գործում նա վարպետ էր, բայց հորինելն ու ստելը նույնը չեն:
Նախաճաշին ամեն ինչ, պարզվեց, ավելի հետաքրքիր էր: Կատերինան մռայլ էր ու ջղագրգիռ, իսկ Դաշենկան, ընդհակառակը, երկնքում էր: Թվում էր` առաջինը զրկվել է նրանից, ինչ բաժին է հասել երկրորդին: Ադրիանան իրեն արդեն երրորդ բաժակ թեյն էր լցրել: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ փոխադարձ կապը:
-Խելքդ գցե՞լ ես,- կողքին նստած Իլոնան վերցրեց նրանից բաժակը,- այսպես դու ողջ գիշեր չես քնի և մյուսներին էլ չես թողնի:
-Այստեղ, երևում է, ոչ մեկը քնելու հետ խնդիր չունի, աձագանքեց Ադրիանան:- Այստեղ բոլորն անգամ չափից դուրս խորն են քնում... Իլկա´, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Կատյայի ու Դաշկայի միջև:
-Ոչ մի բան, եթե չհաշվենք, որ երկուսն էլ երկու աչք ու մեկ քիթ ունեն:
-Չէ´, ես նկատի ունեի, թե ի՞նչ նմանատիպ բան է պատահել նրանց հետ այս երկու օրվա ընթացքում` այն պահից, ինչ մենք դղյակում ենք:
-Տարօրինակ ես: Այսօր մենք քաղաք ենք գնում: Շտապի´ր, թե չէ ուշ կշարժվենք և չենք հասցնի պանի Նատալյայի երեկոյան գլինտվեյնին:
Ադրիանան հանկարծակիությունից վայր գցեց բուլկին:
-Իլկա´, դու հանճար ես: Իհարկե´, գլինտվեյնը:
Միտքը խելացնոր է թվում, բայց՝ ինչո՞ւ ոչ: Երեկ Դաշենկան չկար ընթրիքին, իսկ Կատերինան առաջին գիշերը գլխացավի հաբեր էր խմել, այդ պատճառով էլ միայն ջուր էր խմում: Ինչ էլ որ լինի, Ադրիանան այսօր չի ընդունի տատիկի բաղադրատոմսով սարքած այդ դեղամիջոցը: Եթե աղջկա երևակայությունն իրոք հիվանդագին է, ապա նա վտանգում է միայն հարբուխով արթնանալ առավոտյան: Ինչպես մի մեծանուն խուզարկու է ասել. «Ստուգե՜նք մեր տեսությունը, պարոնա´յք»:

Մասն երրորդ
Գիշերը կամացուկ ղողանջեց զնագակը: Դրա արձագանքը հնչեց դղյակի հայտնի ու անհայտ սողանցնքերում, ասես ինչ-որ մեկն անվերջանալի աստիճաններից արծաթե գնդիկ գլորեց:
Դա արթնացրեց Ադրիանային: Եվ նա անմիջապես գլխի ընկավ. ինչ-որ բան այն չէ: Մինչ այդ նրան չի անհանգստացրել ո´չ քամու գվվոցը, ո´չ հողմացույցի ճռռոցը, ո´չ Իլոնան, որ առավոտյան սպասքի կրպակ մտած փղի էր նման: Իսկ հիմա՜... հազիվ լսելի զնգոցից նա արթնացավ:
Պետք է վար իջնել: Առանց պատճառի: Ուղղակի պետք է: Ադրիանան հագավ ամառային զգեստը, սանդալները և դուրս եկավ աստիճանների մոտ:
Ավելի ուշ նա փորձում էր հիշել, թե ինչու վախ չէր զգում: Բայց դա դժվար էր բացատրելը: Ինչպես տաք վերարկուով մարդը չի զգում ցուրտը, ահա՛, նա էլ փաթաթված էր վստահելիության, անվտանգության և վստահության ծածկոցով: Ո´չ մի վախ, միայն հետաքրքրասիրություն և տարօրինակ ձգողականություն: Աղջիկը գիտեր, որ ներքևում ինչ-որ կարևոր բան է:
Եվ իրականում, դղյակի ներքին բակ տանող դռան հանդիման միջանցք հայտնաբերվեց, որը նախկինում չկար: Այն ինչ-որ կերպ հայտնվեց դատարկ պատի փոխարեն: Չնայած Ադրիանային հիմա այդպիսի մանրուքները չէին հետաքրքրում: Նա անցավ միջանցքով, բացեց փայտե դռնակը և դուրս եկավ արևով ողողված ծառուղի:
Արծաթե տերևներով ծառերը խշշում էին քամուց: Դրանց ճյուղերը հյուսվում էին ճանապարհի վերևում, որը դեպի լիճ էր տանում: Այնտեղ արդեն նավակ էր սպասում:
Ադրիանան անմիջապես հասկացավ, որ նավակը հենց «սպասում էր»: Մի՞թե հենց ինքը չպետք է նստեր նավակը և ճանապարհվեր մյուս ափ: Աղջիկը ուժ տվեց թիերին, բայց երկար լողալու կարիք չեղավ: Ցամաքն այնքան շուտ հայտնվեց, ասես Ադրիանան մարտկոցով նավակով էր լողում:
Ինչ-որ մեկը ճարպկորեն բռնեց նավակի քթային մասից և դուրս քաշեց ափ:
Դա մի երիտասարդ էր` բավականին հաճելի արտաքինով, բարձր սապոգներով և երկար թիկնոց-վերարկուով: Նրա պարանոցի փոքր վանդակներով շարֆ էր փաթաթված: Նա գործնական կապեց նավակը ծառից, իսկ հետո մեկնեց ձեռքն Ադրիանային:
-Դրագոմի´ր,- ներկայացավ նա,- կարելի է ուղղակի Դրագու:
-Դու ընդհանրապես նման չես կախարդված արքայազնի,- արտաբերեց աղջիկը:- Այսինքն, ես ուզում էի ասել` անունս Ադրիանա է:
-Հավանաբար ավելի վաղ նման եմ եղել,- ժպտաց Դրագուն` հավաքելով դեմքից երկար խոպոպները:- Բայց արքայազններն ուզում են արքա դառնալ, իսկ արքաները ձգտում են կառավարել: Իսկ այստեղ մարդ չկա, որին կառավարես: Անգամ քեզ ես դժվարանում: Ի՞նչ իմաստ ունի արքայազնի նմանվել: Գնանք, Ադրիանա´, պարելու ժամանակն է:
-Ես չեմ կարողանում:
-Այստեղ կարողանալու կարիք չկա, բավական է միայն լսես: Ես ցավ եմ ապրում, երբ չեմ պարում. ահա այդպիսի ցավով ենք տառապում ես ու եղբայրներս:
-Իսկ քանի՞ եղբայր ունես:
-Չորս:
-Օ՜: Ես մտածում էի տասնմեկ:
-Ծերուկ Գրի՞մն է քեզ ասել: Նա միշտ հակում ուներ չափազանցնելու: Փա´ռք Աստծու, նրան քչերն են հավատում: Ինչպե՞ս է նա հիմա:
Ադրիանան մի պահ կանգ առավ նախքան պատասխանելը:
-Նա վաղուց է մահացել: Շա՜տ վաղուց:
Դրագուն մռայլվեց:
-Ես անընդհատ մոռանում եմ, որ մեզ մոտ ժամանակն այլ կերպ է գնում: Շա՜տ ափսոս... – Նա կանգ առավ կանաչ մարգագետնում: - Դե՛ ինչ, այստեղ կարելի է պարել: Հիմա կհարցնես, թե ուր է իմ դղյակը: Այն մեր վերևում է: Նրա ամենից գեղեցիկ հատվածը` աշտարակներով և վիտրաժներով: Իսկ այստեղ, կարելի է ասել, նկուղն է: Այո´, ես արդեն երկար տարիներ է դուրս չեմ եկել նկուղից: Իսկ դու ասում ես արքայազն...
Աղջիկը նկատեց, որ իրենք արդեն ինչ-որ ժամանակ է պարում են: Հանդարտ երաշտություն էր հնչում, բայց շուրջը ոչ ոք չկար:
-Իսկ ո՞ւր են երաժիշտները,- հարցրեց նա:
-Նրանք շատ համեստ են, այդ իսկ պատճառով անտեսանելի են:
-Այնքա՜ն զարմանալի է: Պարը չի խանգարում զրույցին, իսկ զրույցը` պարին:
-Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է զրուցել և չպարել,- պատասխանեց Դրագուն:
Նրանք պավանա և գալյարդա  էին պարում, իսկ հետո` պասսա-մեցցո, արքայական վոլտա[10]... Ադրիանան չէր էլ կարող մտածել, որ իր մարմինն այդքան շուտ կյուրացնի այդ շարժումները: Դրագուն նրան զվարճալի պատմություններ էր պատմում պալատական կյանքից, և աղջիկն ուրախ ծիծաղում էր: Նա արդեն այն Ադրիանան չէր` մարմնամարզուհին, որ ժապավենով ելույթներն ավելի էր սիրում, քան գնդակովը: Նա նույնպիսի կախարդված արքայադուստր էր, բայց... ոչ երկար:
-Ժամանակն է, որ գնաս,- հանկարծ ասաց Դրագուն:
-Ես ուզում եմ մնալ:
-Չի´ կարելի: Դու չես հասկանում: Այստեղ ամեն ինչ այնքան պարզ չէ: Եվ հետո, քո տեղն այնտեղ է: Մի´ բարկացրու քո աշխարհին, Ադրիանա´: Ես արդեն մեկ անգամ բարկացրել եմ իմին:
-Դու գոնե կուղեկցե՞ս ինձ:
-Իհարկե´: Եվ նավակ էլ կնստեցնեմ: Եվ կհրեմ այն ափից: Մյուս անգա՞մ էլ կգաս: Ո´չ, ո´չ, մի´ խոստացիր: Այնտեղ` վերևում, միշտ ինչ-որ մեկն է որոշում քո փոխարեն:
Արդեն նավակում Ադրիանան մեկնեց բռունցքված ափը Դրագուին:
-Վերցրո´ւ:- Նա բացեց ափը,-թո´ղ քեզ մոտ ինձնից հիշատակ մի բան լինի:
Դա բալի տեսքով կուլոն էր` երկու կլոր նռնաքարերով:
-Քո հասկացությամբ, սա հավանաբար, գերբ է,- բացատրեց աղջիկը:- Իմ ազգանունը... իմ տոհմանունը Վիշնևսկայա է:
-Բալը հարսնացու է նշանակում[11],- ասաց Դրագուն: Նա զգուշորեն վերցրեց թալիսմանն ու համբուրեց Ադրիանայի բացված ափը:
Ժամանակ կար վերջին հարցի համար. Ադրիանան դա զգում էր: Նա կարող էր հարցնել, թե սա ի՞նչ աշխարհ է, և հնարավորություն կա՞ այն ապակախարդելու: Կարող էր իմանալ, թե ինչ է թաքնված կյանքի մյուս կողմում, և թե որքանով է ճշմարիտ յուրաքանչյուր հեքիաթ: Բայց դրա փոխարեն նա հարցրեց.
-Իսկ ո՞ւր է քո զարդարուն բաճկոնն ու գլխարկը:
-Ա՜հ, հա´,- ծիծաղեց Դրագուն,- մի՞թե մտածում ես, որ մեզ մոտ յոթ հարյուր տարի առաջվա նորաձևությունն է:
Նավակը հեռացավ ափից, և աղջիկն սկսեց ընկղմվել հաճելի մոռացության գիրկը: Իսկ ափին դանդաղ հալվում էր կախարդված արքայազնի միայնակ ստվերը:
* * *
Ադրիանան հազիվ բացեց աչքերը: Սենյակում ոչ ոք չկար, միայն մահճակալի մոտ դրված պահարանիկին երկտող կար Իլոնայից. «Չկարողացա արթնացնել, կհանդիպենք այգում կամ էլ գետակի մոտ»:
Այդ զարմանալի՜ երազը... քարայրը... նավակը... և արքայազնը: Այդ ի՞նչ տեսիլք էր: Եվ հետո...
Աղջիկը մի վայրկյան կախվեց մահճակալից:
Մաշված սանդալներ: Սանդալները, որոնցով նա պարել էր երազում: Դրանք, ա՜խր, չեն կարող շարքից դուրս գալ միայն տեսիլքի պատճառով: Ադրիանայի ձեռքը սահեց պարանոցի վրայով. կուլոնը չկար:
«Մնում է վերջին խելահեղ քայլն անել»,- մտածեց նա:
Նա հագնվեց, ցած իջավ և թակեց պանի Նատալյայի դուռը:
-Ի՞նչ եք ուզում,- հարցրեց կառավարչուհին և ինչպես միշտ սեղմեց շրթունքները:- Ա՜, Դուք այն աղջիկն եք, որը քնած էր մնացել նախաճաշին: Ես կարող եմ խնդրել, որ Ձեզ համար թեյ պատրաստեն` բուտերբրոդներով:
-Իսկ գլխացավի դեմ դեղ չե՞ք ունենա,- հարցրեց Ադրիանան: Նա ուզում էր սենյակ մտնել:
-Հիմա կփնտրեմ: Ներս եկեք:- Պանի Նատալյան ներս թողեց նրան և սկսեց փնտրել փոքրիկ սպիտակ պայուսակում: Աղջիկը պինդ փակեց դուռը և մոտեցավ նրան:
-Խոստովանե´ք` ի՞նչ եք լցնում երեկոյան ըմպելիքի մեջ: Այդպես մի´ նայեք ինձ, ես երեկ չեմ խմել այն: Ես եղել եմ այնտեղ: Նկուղում:
Ադրիանան գրեթե համոզված էր, որ կառավարչուհին նրան անչափահաս ալկոհոլիկ կանվանի և դուրս կշպրտի, իսկ միգուցե նա կբողոքի Գենադիպալիչին: Որովհետև նման խոսքերից հետո դժվար է մարդուն նորմալ համարելը: Բայց պանի Նատալյան նստեց մահճակալի ծայրին և հաբի փոխարեն պայուսակից ծխախոտ հանեց:
-Իսկ դու համարձակ ես,- հավանություն տալու տոնով ասաց նա` ծխելով, և խելամիտ: Ա՜յ էսպես գալ ինձ մոտ և հարցնել: Ո՞ւմ հետ ես պարել դու: Լուսիանի՞:
-Նա ասաց, որ իր անունը Դրագու է:
-Դրագու... կրտսեր եղբայրներից մեկը: Նստի´ր: Միայն հաշվի առ, եթե փորձես մեկին պատմել, ես կհայտարարեմ, որ ինքս եմ տեսել, թե ինչպես կասկածելի տղաներից մեկը քեզ «խոտ» է վաճառել:
-Ես չեմ ուզում ոչ ոքի պատմել: Նրանք, ով եղել են այնտեղ, այսպես թե այնպես ամեն ինչ գիտեն, իսկ նրանք, ով չեն եղել, երբեք չեն հասկանա:
-Դա էլ է ճիշտ: Ես այնտեղ եղել եմ քսանվեց տարի առաջ: Քսանվեց տարի և երեք ամիս առաջ: Ես մտածում էի, որ յուրահատուկ եմ, բայց հետո հասկացա, որ դա տեղի է ունենում տասնյոթից ցածր բոլոր աղջիկների հետ, ով գիշերում է  Անգալդի դղյակում: Եվ նաև հեքիաթագիրների հետ, քանի որ նրանց հոգին ինչ-որ կերպ տարբերվում է մյուսներից:
Դու ուզո՞ւմ ես իմանալ` ինչպես է դա տեղի ունենում: Ես քեզ համար գիտնական չեմ, որպեսզի նման պատասխաններ տամ: Մեզ չէ՞ որ չի զարմացնում էլեկտրամագնիսական ճառագայթման գոյությունը: Այդ դեպքում ինչո՞ւ դղյակի նկուղում եղած իրականությունը ինչ-որ ավելի տարօրինակ է թվում: Ես ամեն ինչ հրաշալի հիշում եմ: Ես պարում էի Լուսիանի հետ, երբեմն մենք քայլում էինք այգով և ծաղիկ քաղում: Քանի՜ զույգ կոշիկ ես այն ժամանակ շարքից հանեցի. մայրս քիչ էր մնում գլուխս թռցներ:
Այնտեղ դու նրանց աշխարհի մի մասն ես դառնում: Ոչնչի վրա չես զարմանում, չես վախենում, ավել հարցեր չես տալիս: Բայց ես այնքան երկար էի այնտեղ լինում, որ վերջապես հարցրի: Հարցրի, թե ինչու է Լուսիանը այնտեղ և կարո՞ղ է արդյոք վերադառնալ դղյակ:
Նա ինձ պատասխանեց, որ դա դժվար է բացատրել և հավանաբար ինձ համար ամենից հասկանալին նմանատիպ պատասխանը կլինի. նրանց բոլորի վրա հմայություն կա: Այդպես էլ ասաց. «Քեզ համար հեշտ կլինի դա հմայություն կոչել»: Երբ աղջիկները հայտնվում են նրանց մոտ, և տղաները խոսում են նրանց հետ մի լեզվով, որ մենք պար ենք անվանում, հմայությունը պակասում է: Այդպիսի մի գիշեր ազատության տանող մի աստիճան է: Ես այնպես էի ուզում ինձ հետ դուրս բերել Լուսիանին: Բայց ուշացա:
-Ինչո՞ւ:
-Տը´կ-տը´կ, աղջի´կ ջան:- Պանի Նատալյան դեպի առաստաղ ուղղեց ծխի քուլան:- Ժամացույցը, որ անընդհատ տկտկացնում է: Լրացավ իմ տասնութ տարին, և դռնակը, որ տանում էր դեպի մարգագետին, փակվեց ինձ համար: Ընդմի´շտ:
-Իսկ ըմպելի՞քը: Ինչո՞ւ եք Դուք դա անում:
-Այդ ըմպելիքի բաղադրատոմսը հիշատակվում է դեռ ծերուկ Գրիմի հեքիաթում: Իհարկե, ընդարձակ տարբերակում, որի մասին քչերը գիտեն: Իր էությամբ այն քնաբեր է: Այն այնպիսի խորը քնի մեջ է ընկղմում, որ աղջիկները չեն զգում ստորերկրյա աշխարհի կանչը: Իսկ թե ինչու եմ ես դա անում... Ինչպ՞ես քեզ ասեմ... Սկզբում մտածում էի, որ փորձում եմ հեռու պահել երիտասարդ աղջիկներին հիասթափություններից: «Արքայազնները», ինչպես նրանց կոչել է Յակոբ Գրիմը, հավանաբար մի սիրտ չէ միայն, որ կոտրել են: Ես, ահա´. ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ... Բայց հետո ձանձրացա ինքս ինձ ստելուց: Ես խանդում էի: Տեսնում ես, աղջի´կս, ինչպես ծեր կինը` մռայլադեմ և անժպիտ, խանդում է երիտասարդ աղջիկներին և հեքիաթային արքայազններին: Բայց ես ոչինչ չեմ կարողանում անել: Չեմ ուզում, որ նրա հետ ինչ-որ մեկը պարի: Չեմ ուզում, որ հանկարծ նա հայտնվի այստեղ և տեսնի ինձ այսպիսին: Չէ՞  որ նա չի փոխվել... Բայց դժվար թե Լուսիանը ինձ հիշելիս լինի: Ժամանակ է անցել, այնքա՜ն դեմքեր են փոխվել...
-Երեկոյան ես գնում եմ,- հանկարծ ասաց Ադրիանան:
-Գիտեմ,- գլխով արեց պանի Նատալյան և նետեց ծխախոտի մնացորդը քարե հատակին:- Ի՞նչ կարող եմ ասել: Փորձի´ր մոռանալ, թե կարող ես:

Վերջաբանի փոխարեն
Արձակուրդներն ավարտվեցին: Առջևում նոր ելույթների հեռանկարներն էին և, հնարավոր է, նոր դղյակների: Բայց ինչ-որ մեկի համար ԱՆգալդը միակն էր: Եվ այդ երեք աղջիկները հիմա լուռ էին` ճակատով հենված սառը ապակուն:
Ադրիանան մտածում էր այն մասին, որ անգամ եթե ինքը դրամ հավաքի, որպեսզի կրկին այստեղ գա, մեկ է, ինքն արդեն տասնութ տարեկան կլինի: Տը´կ-տը´կ: Դրագուի, թե՞ նրա եղբայրներից մեկի հետ: Չնայած ի՞նչ նշանակություն ուներ հիմա դա:
«Ահա այսպես էլ մեծանում ես,- հանկարծ հասկացավ նա,- ոչ թե այն ժամանակ, երբ լրանում է քո որոշակի տարիքը, այլ այն ժամանակ, երբ ինչ-որ տեղ` ներքուստ, ի հայտ է գալիս փոքրիկ տխրությունը, և դու գիտես, որ այն քո հետ կլինի ընդմիշտ: Կամ էլ մինչև մահ, կամ էլ ծերունական մարազմի տարիքը: Իսկ քանի դեռ չկա այդ փոքրիկ տխրությունը, դու դեռևս երեխա ես...»:
Իլոնան ուրախ չաչանակում էր` փորձելով ցույց տալ նրան նոր նկարները, բայց Ադրիանան ուղղակի ուզում էր նայել լուսամուտից, հետևել, թե ինչպես է փոքրանում Անգալդը:
«Հաջողությո՜ւն, բարի´ հսկա»:
«Հաջողությո՜ւն: Եվ ներիր ամեն դեպքում»:
«Իսկ ես չեմ ափսոսում: Ինձ դուր է գալիս այն, ինչ կա: Այժմ ես էլ քո մի մասնիկն եմ, լսո՞ւմ ես: Ինչպես պանի Նատալյան: Ինչպես մեզնից ոմանք: Եվ ես չեմ ուզում մոռանալ»:
«Այդ դեպքում վերադարձիր: Ես կսպա...»:
Անգալդը, վերածվելով մոխրագույն կետի, ամբողջովին կորավ ծառերի հետևում: Առջևում նորից օրեր տևող ճանապարհն էր, իսկ հետո` մի ամբողջ կյանք, և յուրաքանյուրն ինքը կորոշի` ինչպես ապրի:
Առաջին իսկ կանգառում Ադրիանային մոտեցավ վարորդը` փոքրամարմին ծերունի`եղջյուրե ակնոցների տակից նայող խորամանկ հայացքով:
-Օրիո´րդ... Դուք եք Վիշնևսկայան, այնպե՞ս չէ: Չէի ուզում մոտենալ Ձեր մարզչի ներկայությամբ, մտածեցի` կարող է խիստ լինել: Ձեր երկրպագուն խնդրել է Ձեզ բան փոխանցել:
-Երկրպագո՞ւ: Ի՞նչ երկրպագու,- զարմացավ Ադրիանան:
-Դե՜, մի սևահեր երիտասարդ` թիկնոց-վերարկուով: Ինձ հարցուփորձ էր անում, թե ո՞ւր եք Դուք գնում: Իսկ հետո խնդրեց փոխանցել, որ կսպասի Ձեզ Ձեր քաղաքում: Եթե կցանկանաք: Մեկ էլ, ահա´, սա:
Վարորդը աղջկան ինչ-որ փաթեթ մեկնեց:
-Ես ավտոբուս եմ մտնում,- դողացող ձայնով ասաց Ադրիանան:
Այնտեղ` իր նստատեղին, երկուտակ ծալված` նա կամացուկ բացեց մանր վանդականերով շարֆը: Ներսում արծաթե կուլոն էր` երկու մուգ կարմիր նռնաքարերով:



[1] Պասյանս- խաղաթղթերով բախտ բացելը՝ գուշակելը:
[2] Էդիթ Պիաֆ- ֆր.՝ Édith Piaf, իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, Ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի։
[3] Պանի- 1. Լեհական (նաև մինչհեղափոխական շրջանի ուկրաինական ու բելոռուսական) ազնվական: 2. Հարգական հորջորջում ազնվականի, պարոն(աղջիկ պարոն):
[4] Գլինտվեյն- խաղողի գինու, շաքարավազի, մեխակի, դարչինի համապատասխան խառնուրդով եռացրած քամած խմիչք:
[5] Անտուրաժ- թատրոնում` բեմական միջավայր իր բոլոր պարագաներով, այստեղ` միջավայրին համահունչ:
[6] Փայլար- ռուս.` Слюда
[7] Փեյնթբոլ- թիմային խաղ է, որի ժամանակ թիմերը պայքարում են տարածքում տեղակայված դրոշը գրավելու համար, զենքերը լիցքավորված են գունավոր հեղուկով լցված գնդակներով:
[8] Made in China- թարգմ.`  արտադրված է Չինաստանում:
[9] Գոբլիններ- ֆր.՝ gobelin, համաձայն արևմտաեվրոպական դիցաբանության գերբնական մարդանման արարածներ են, որոնք ապրում են քարանձավներում և տանել չեն կարողանում արևի լույսը։
[10] Պավանա-իսպ.՝ Pavana, հնագույն իսպանական պարահանդեսային պար։ Գալյարդա-իտալ.` gagliarda, հնագույն իտալական պար` տարածված ողջ Եվրոպայում: Պասսա-մեցցո- Պավանայի տարատեսակ: Վոլտա- Վերածննդի դարաշրջանի իտալական զուգապար:
[11] Հին սլավոնական հավատամքներում ծաղկած բալենին խորհրդանշում է աղջկա, հարսնացուի: