2019-05-28

Նադեյա Յասմինսկա «Ոսկե կիսադեմը»


Սեռին[1]  ողջ հանգստյան օրերին հեռախոսը պայթեցնում էր, իսկ երբ նրանք Ալեքի հետ, ի վերջո, հանդիպեցին ծխապատ բարում, այդժամ առաջին հերթին հրամայեց.
-Հապա շրջվի՛ր:
Ալեքը քրքջաց և հայացքն ուղղեց հենասեղանին, որի վրա էժանագին խմիչքների կողքին աչքի էր զարնում մարտինիի միայնակ մի շիշ:
Ընկերը մի քանի վայրկյան քննեց նրա դեմքը, ապա հaրվածելով սեղանին՝ եզրակացրեց.
-Գրողը տանի: Ինքն է, որ կա:
-Էդ ի՞նչ նորություն է,- վրդովվեց Ալեքը,- դու պատրաստվում ես ինձ ամուսնացնե՞լ:
-Էդքան էլ չէ,- քմծիծաղեց Սեռին:- Ավելի շուտ՝ կարգին տեղավորել: Ես ինքս այդպիսի մի տաք տեղից կկառչեի, բայց ցավոք, մռութս բանի նման չէ:
-Նա ցույց տվեց շատ վաղուց ծեծկռտուքի ժամանակ կոտրած իր քիթը:
-Ուրեմն, կնիկարմատի հարց է:
Ալեքը մի ումպով դատարկեց իր բաժակը:
-Արի ու տես՝ չէ: Տղամարդ է:
-Խելքդ թռցրել ես, ի՞նչ է,- վրա տվեց տղան՝ բարձրանալով աթոռից,- գնա գրողի ծոցը, ես էդպիսի խաղեր չեմ խաղում:
-Մի վայրկյան սպասի՛ր,- ընդհատեց նրան ընկերը,- դու ամեն ինչ սխալ հասկացար: Դա մի ծերունի է՝ 90 տարեկան: Տե՛ղդ նստիր, հիմա ամեն ինչ կպատմեմ:
Սեռին ծխախոտ քաշեց, ծխի ամպ բաց թողեց դեպի առաստաղն ու սկսեց.
-Հիշո՞ւմ ես, իմ շենքում՝ մի հարկ ներքև, տուն էր տրվում վարձով: Անգամ քեզ էի առաջարկել վարձել այն: Ահա, ուրեմն. երեք շաբաթաչափ առաջ այնտեղ նոր կենվոր հաստատվեց: Չնայած, ճիշտն ասած, նա արդեն ավելի շուտ անկենդան[2]  է՝ այնպե՜ս ծեր, ամբողջովին կնճռոտված, երկար ճերմակ մորուքով: Արևելցու նման է, ամբողջովին Հոտտաբիչի[3]  կամ էլ այս, ինչպե՞ս էր անունը, Մոլլա Նասրեդինի[4]  կրկնօրինակը…
-Պարոն Նասրեդին,- հազիվ լսելի փնթփնթաց Ալեքը:
-Հը՞ն,- հարցրեց Սեռին:- Ի՞նչ:
-Այդպիսի մի մանկական բանաստեղծություն կար, հիշո՞ւմ ես:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին
Ինչո՞ւ մարդկանցից մենակ
Թափառում ես խռով շարունակ[5]:
-Այ՛, ա՛յ,- գլխով արեց ընկերը,- նա նույնպես ձեռնափայտ ունի ու գլխին ՝նաև չալմա: Մի քանի անգամ պատահաբար հանդիպել եմ նրան, անգամ օգնել. դե գիտես՝ էս կամ էն հարցով՝ դուռը բացել, պահարանը նրա հարկ բարձրացնել…
-Ե՞վ,- ձանձրացող տոնով հարցրեց Ալեքը:
-Եվ մի անգամ ծեր քոթուկը բերանից թռցրեց, որ ինքը նումիզատ է, այսինքն՝ մետաղադրամներ է հավաքում: Գլուխը գովեց իր յուրահատուկ հավաքածուի համար, որի նմանը ողջ աշխարհում անհնար է գտնել: Ու նաև, ուշադրություն, գանգատվեց, որ երեխաներ ու թոռներ չունի: Մեկը չկա, ում կարող է նման հարստություն թողնել, մնում է միայն թանգարանին հանձնել այն:
-Ի՞նչ է՝ որոշել ես նրա թոռը դառնալ:
Ալեքի աչքերում առաջին անգամ հետաքրքրություն հայտնվեց:
-Բանն էլ այն է՝ ո՛չ ես: Քաֆթառը անընդհատ տարօրինակ էր ինձ նայում, կարելի է ասել, գարշանքով: Իսկ հետո մի անգամ բերանից թռցրեց, որ ես «ոչ բարետես կիսադեմ» ունեմ: Ես անգամ նեղացա: Հետո միայն խելքիս հասավ. հիշո՞ւմ ես, այդպսի մի գրող կար՝ «Օ» տառով սկսվող անվամբ:
-Չեմ հիշում: Հարյուր տարի է գիրք չեմ վերցրել ձեռքս: Եթե հաշվի չառնենք «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթները, էդ էլ ցածր դասարաններում:
-Դե, կարևոր չի: Նա մի պատմվածք ուներ, որտեղ հարուստ տիկինը իր թևի տակ առավ չունևոր մի որբուկի: Ոչ ոքին կյանքում օգնած չկար, բայց սրան հանկարծ սկսեց խնամել: Հետո պարզվեց, որ տիկինը սարսափելի փողասեր էր, իսկ աղջնակի կիսադեմը արծաթագույն դոլլարի կիսադեմի կրկնօրինակն էր: Հասկանո՞ւմ ես:
-Էնքան էլ չէ,- խոստովանեց Ալեքը:
-Ինչպե՞ս թե,- բղավեց Սեռին այնպես, որ նրա հետևի նիհար մատուցող քիչ մնաց գցեր սկուտեղը:  Բայց հետո հանկարծ սթափվեց և շարունակեց արդեն ավելի հանդարտ.
-Նույն պատմությունն է: Ծեր նումիզատը սիրում է մետաղադրամները: Կիսադեմերը, ինչպես պարզվեց, կարևոր են նրա համար: Իսկ դու ուղղակի իդեալական նմուշ ես: Ընկե՛րս, նայի՛ր քեզ հայելու մեջ: Ինչպիսի՜ քիթ, ինչպիսի՜ վերհոնքային աղեղներ, թեկուզ դիմաքանդակ սարքիր: Կայսր, միայն ու միայն կայսր:
Ալեքը երրորդ բաժակը լցրեց մինչև պռունկը, ապա որոշակի մտածմունքներից հետո ճշտեց.
-Դու ուզո՞ւմ ես, որ ես էդ ծերուկին կպչեմ փողի համար: Փոխարինե՞մ նրա թոռանն ու դայակին: Բայց չէ որ ծերուկը, կարող է, չի էլ պատրաստվում մեռնել: Ի՞նչ է՝ տարիներով նրա հետևից պետք է գարշոկ քարշ տամ:
-Պարտադիր չէ:
Ընկերը ցածրացրեց ձայնը:
-Կարևորը շահես վստահությունը, իսկ հետո… Մարդիկ այդ տարիքում մեռնում են հանկարծակի ու անձայն: Ոչ ոք հարայ-հրոց չի բարձրացնի: Դե, ինչպես քո մորաքրոջ դեպքում եղավ, հոգին լուսավորվի:
-Կատակելու բան չի,- խոժոռվեց Ալեքը և թիկնեց աթոռին,-  գործը պետք է արդարացնի սպասելիքները:
-Ինձ մոտ արի, ես ձեզ կթանոթացնեմ: Շատ պատահաբար կհանդիպենք աստիճանների վրա: Ինքդ կորոշես: Ի դեպ, ցածր տոկոս կվերցնեմ, և միայն փաստերից ելնելով:
Սեռին նորից ծխեց և մտածկոտ նայեց աշխարհին կեղտոտ մատնահետքերով բաժակի ապակով:
-Իսկ եթե հրաժարվես, գոնե ինձ մոտ գարեջուր կքաշենք գլուխներս:
Ալեքն այս զրույցը լուրջ չընդունեց, բայց մի քանի օր անց, այնուամենայնիվ, այցի գնաց Սեռիին. հետաքրքրասիրությունն էր համակել: Բնակարանի լուսամուտից նրանք լուռ հետևում էին կորացած, սպիտակած չալմայով ծերունուն, որը թխկացնում էր ասֆալտի վրա իր ձեռնափայտով: Բառացիորեն նույն Նասրեդինն էր՝ մանկական երգ-զվարճանքներից:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին
Ինչո՞ւ մարդկանցից մենակ
Թափառում ես խռով շարունակ:
Շարունակությունն ինքնին ծնվեց Ալեքի գլխում.
Պարո՛ն նումիզատ,
Գանձերիդ մոտ տար,
Որտե՞ղ են քո տանը,
Դրված դրամները հատ-հատ[6]:
Շուտով ծանոթությունը հաստատվեց: Նոր հարևանին պետք էր աստիճաններով բարձրացնել փորագրված կաղնուց ծանր սեղանը, և Սեռին՝ որպես օգնական, առաջարկեց իր ընկերոջը՝ «խելքը գլխին մի տղայի»: Ալեքը նկատեց, ինչպես էր ծերունին հայացքը հառել իր դեմքին, ինչպես բորբոքվեցին նրա աչքերը սպիտակ ցանցառ հոնքերի ներքո: Սեղանը տեղադրվեց հյուրասենյակում, և արդեն մի քանի րոպեից ընկերները դրա շուրջը նստած թունդ թեյ էին խմում ՝ շաքարափոշի ցանած ռահաթ-լոխումով:
«Երեք սենյակ»,- կամացուկ ծալեց մատներն Ալեքը: Առաջինը այն, որտեղ իրենք նստած են, մի կից ննջարան և ևս մի առեղծվածային դուռ միջանցքում, որի վրա երկաթե արկղիկ է կախված…
-Դուք խմեք, խմեք,- սվսվացնելով ասում էր ծերունին՝ լցնելով բոլորի բաժակները:
Նա տարօրինակ առոգանությամբ էր խոսում՝ ոչ սովորական կովկասյան, այլ երկարացնելով, ասես արաբական կամ հեռավորարևելյան: Շատ բառերն ընդհանրապես անհնար էր հասկանալ:Բայց երբ խոսք էր գնում նրա հավաքածուի մասին, ծերունին սթափվում էր և արտահայտություններն այնքան պարզ ու հասկանալի էր արտաբերում, ինչպես ոսկերիչը, որը թանկարժեք մետաղ էր չափում:
-Դուք ոսկե կիսադեմ ունեք,- ասաց նա՝ նայելով ուղիղ Ալեքի աչքերին:- Դա իմ անձնական դասակարգումն է: Երբ ես նայում եմ մարդկանց, մտովի պատկերացնում եմ նրանց մետաղադրամի վրա: Ահա այս դեմքերն արժանի են ոսկե մետաղադրամի, իսկ մյուսները՝ ավելի հասարակները՝ արծաթե: Կան կիսադեմեր, որոնք կարելի է հատել միայն պղնձե մետաղադրամներին: Իսկ կան այնպիսիք էլ, որ արժանի չեն անգամ արճճի…- Ծերունին մի քիչ քամահրանքով խեթեց Սեռիին, հետո նորից հայացքը գամեց Ալեքին, և նրա հայացքը ջերմացավ:- Բայց երդվում եմ մորուքովս,  Դուք ամենաբարձր կարգի մետաղի եք արժանի:
Սեռին ոտքով թեթևակի խփեց ընկերոջը:
Այդ դեպքից հետո Ալեքը սկսեց հաճախակի այցելել սկզբից Սեռիին, իսկ հետո արդեն միանգամից նրա հարևանին՝ օգնելով ինչ-որ բան տեղափոխել, մեխել կամ սարքել: Ծերունին քնքշաբար ժպտում էր երիտասարդին, նրան «թանկագին[7]»  անվանում և թեյ խմեցնում, բայց իր հավաքածուն ցույց տալ չէր շտապում: Ասենք, Ալեքն էլ չէր շտապում: Նա համբերատար փոխում էր ծխնիները և պտուտակում մանեկները՝ իր հնարավորությանը սպասելով:
Այդ հնարավորությունն ընձեռնվեց մոտավորապես մեկ ամիս հետո: Ծեր նումիզատը, ինչպես միշտ,  հրավիրեց Ալեքին իր մոտ՝ «թեյելու»: Տղան վերցրեց իր հետ աշխատանքային ձեռնոցներն ու գործիքների արկղը, բայց այս անգամ ոչինչ անելու կարիք չեղավ: Նախամուտքում ճամպրուկ էր դրված, իսկ տանտերը հյուրին դիմավորելու էր դուրս եկել վառ գույնի, ասեղնագործ կոստյումով ու գեղեցիկ սղալած, անգամ խոպոպած մորուքով:
-Մեկնո՞ւմ եք,- փոքր-ինչ անակնկալի եկած՝ հարցրեց Ալեքը:
-Կարճ ժամանակով, թանկագի՛նս,- հանգստացրեց նրան ծերունին՝ ուղղելով չալման:- Ընդամենը մի քանի օրով: Բացառիկ մետաղադրամների աճուրդ կա, ես անձամբ պետք է տեսնեմ ու գնահատեմ դրանք:
-Ինքնե՞րդ եք գնալու,- զարմացավ երիտասարդը: Այդքան փոքրամարմին, կնճռոտված, բայց, արի ու տես՝ ուր ասես խցկվում է իր ձեռնափայտով:
Պարո՛ն Նասրեդին,
Հենված քո ցուպին…
-Իհարկե,- պատասխանեց հարևանը: Ողջ կյանքիս ընթացքում այնքա՜ն եմ ճամփորդել… եթե միայն իմանայի՜ր, թանկագի՛նս: Ողջ աշխարհն եմ ոտքի տակ տվել: Իսկ քանի դեռ այստեղ չեմ լինի, հարգի՛ր ծերուկիս, մի գործ կա, կատարի՛ր: Այն սենյակում պահվում են մետաղադրամները, դրանք պետք է մաքրել փոշուց երեք օրը մեկ, որպեսզի չժանգոտեն: Ըստ գրաֆիկի՝ հաջորդ անգամը վաղն է: Պատի վրա ամեն ինչ գրված է: Այդ միայն թանգարաններում ամեն տեսակի պահպանական համակարգեր կան, բայց չէ՞ որ իմը թանգարան չէ: Ամեն ինչ հին ձևերով եմ ստիպված անել:
Նա Ալեքին մեկնեց մուգ կանաչ գույնի ապակե մի սրվակ, ապա ձեռքը խոթեց մի թերթիկ:
-Սա գաղտնաբառն է,- բացատրեց ծերունին,- դռան վրա եմ դրել ցանկացած  տիպի գողերի դեմ: Բառը պետք է հավաքել ձեր այբուբենով: Կարծում եմ՝ գլուխ կհանես:
Ալեքը շրջեց թղթի կտորը: Դրա վրա մեծ, տպագիր տառերով գրված էր «ՍԵԶԱՄ»:
«Նա, ի՞նչ է, ձե՞ռք է առնում,- ծագեց առաջին միտքը, բայց հետո տղան քմծիծաղեց,- իսկ էս քաֆթառը լավ էլ հումորի զգացում ունի»:
-Այո՛, սեզամ,- գլխով արեց նումիզատը և բացարձակապես լրջորեն նայեց իր օգնականի աչքերին:- Կամ էլ քունջութ, կամ սիմ-սիմ: Իսկ կարելի էր ընտրել այլ բառ՝ նուշ, բարբարուկ, մանանեխ, կանեփ… Հլածուկ, արախիս, պիստակ, գինձ… Գիտե՞ս՝ սիրում եմ ձիթաբույսեր: Երկրորդ կիրքս է թանկարժեք մետաղից հետո:
-Ձեր անունը պատահաբար Ալի-Բաբա չէ՞,- ծիծաղեց Ալեքը: Եվ անմիջապես էլ միտքը եկավ, որ չգիտի ծերունու անունը: Նա ներկայացել է իրենց ծանոթության ամենասկզբում, բայց տղան ականջի ծայրով էր լսել, իսկ հետո կրկին հարցնելն անհարմար էր:
-Ալի-Բաբան այդպես էլ չկարողացավ մորուսն աճեցնել,-  խորհրդավոր տոնով արտասանեց հարևանն ու ցույց տվեց ճամպրուկը:
Ալեքը վերցրեց ուղեբեռը և օգնեց ծերունուն իջնել աստիճաններով: Տաքսին արդեն կանգնած էր շքամուտքի մոտ: Ցտեսության փոքրաթիվ բառեր, որից հետո ճերմակած, փոքրամարմին տղամարդը՝ չալմայով, փակեց դուռը: Մեքենան թաքնվեց շենքի անկյունում, իսկ տղան կանգնած մնաց բակում՝ ձեռքում խաղացնելով բանալիներ ծանր տրցակը:
Նումիզատի բնակարան այժմ կարելի էր մտնել ցանկացած պահի, բայց Ալեքը եկավ, ինչպես որ պայմանավորված էր՝ հաջորդ օրը՝ երեկոյան: Միգուցե քաֆթառն իր խնդրանքի մասին պատմած լինի որևէ մեկին: Պետք է զգուշավորություն պահպանել:
Ինքն ամեն ինչ արդեն որոշել է: Բաճկոնի աստառի մեջ պայուսակ էր կարված: Բավական է թատրոն խաղալ և իրեն «թանկագինի» պես պահել: Ավելի լավ է հնարավորինս արագ հափշտակել մրցանակն ու «թռնել»: Ծերունին չգիտի իր ազգանունն ու բնակության վայրը, փաստաթղթերը երբեք չի տեսել: Արտաքինը մեկից մեկ կարելի է փոխել: Սեռին էլ բեմականացում կխաղա. «Ա՜խ, դա պատահական ծանոթ էր, ես այնքան քիչ բան գիտեմ նրա մասին: Մի՞թե գողություն: Այ քեզ բան, իսկ այնքան քաղաքավարի էր իրեն ցույց տալիս»: Նա, ի  վերջո, մեծ փորձ ունի: Իսկ հետո, երբ ամեն ինչ հանդարտվի, և քաֆթառը  ոտքերը մեկնի (սուգից կամ էլ ուղղակի տարիքից), հնարավոր կլինի քիչ-քիչ ցրել գողոնը, էնպես էլի՝ մի-մի հատով, տարբեր մարդկանց: Մի՞թե հանճարեղ պլան չէ:
Մուտքում ոչ ոք չկար: Տղան պտտեց բանալին փականի մեջ՝ մեկ, երկու, երեք: Հետո մտավ բնակարան՝ հետևից կամացուկ փակելով դուռը:
Առաջին արգելքը հաղթահարված է: Այժմ պետք է հասնել գանձարանին:
Պարո՛ն նումիզատ,
Գանձերիդ մոտ տար…
Ալեքը հետ տարավ երկաթե տուփի կափարիչը և հավաքեց «ՍԵԶԱՄ» բառը:
Տառերը երևացին փոքրիկ էկրանի վրա, ապա թարթեցին ու անհետացան:
Լսվեց փականի ձայնը: Տղան հրեց դուռը, և այն բացվեց:
Լույսն ինքն իրեն վառվեց, և Ալեքը, որ մտել էր սենյակ, քարացավ զարմանքից: Դա ուղղակի հավաքածու չէր, և ոչ էլ գանձարան: Նա հայտնվել էր իսկական հրաշքների քարանձավում:
Բոլոր հնարավոր չափերի և երանգների մետաղադրամները փայլում էին պատերին՝ առանց որևէ ապակիների կամ շրջանակների՝ ուղղակի ամրացված թանկարժեք, սև սաթի նման պաստառներին: Մետաղադրամները դրված էին սեղաններին և հենարանների վրա: Անգամ հատակին՝ ոտքերի տակ, թափված էին կիսամաշ կլորներ: Ալեքը նետվեց առաջին մետաղակույտին և հափշտակեց ամբողջ բլրակը: Ո՛չ, ո՛չ: Հանգի՛ստ: Այդպես չի կարելի: Բոլոր նմուշները անհնար է վերցնել, պետք է ընտրել ամենից թանկարժեքները:
Տղան մի հայացք գցեց սենյակին:
Եզրահանգում համար մեկ. տեսանելի վայրում սիրողաբար կախված մետաղադրամները հավանաբար ավելի թանկ արժեն, քան հենց այնպես թափվածները: Եզրահանգում համար երկու. պետք է փնտրել նրանք, որոնք ավելի դեղին են ու խոշոր:
Ալեքը միացրեց գրպանի լապտերը և սկսեց զննել մոտակա պատի վրայի հավաքածուն: Երևում է՝  ծերուկն իսկապես խանգարված է կիսադեմերի վրա: Բոլոր մետաղադրամները ցուցադրված էին ավերսով[8] : Ահա ոսկե, ահա արծաթե կիսադեմերը, իսկ այնտեղ՝ հենց անկյունում, մի կերպ փակցված էին պղնձե կիսադեմերը:Իսկ այստեղ ի՞նչ է: Ուղղակի մետաղական կլորներ՝ հարթ մակերևույթով: Հավանաբար դրանց հետ գործ են ունեցել կեղծ դրամահատները: Դե ինչ, նումիզատի համար դա էլ կարող է հետաքրքրություն ներկայացնել:
Հանկարծ Ալեքը երերաց և աչքերն սկսեց հաճախ թարթել: Նրան թվաց, որ մետաղադրամներ վրայի դեմքերը շարժվեցին: Հավանաբար օդի անբավարարությունն է ազդել: Սենյակում շատ տոթ էր: Տղան քայլ արեց, որ բացի օդանցքը, և քարացավ. ոչ մի օդանցք էլ չկար այստեղ:
Չլինի՞ թե ծեր հիմարը փակել է այն, պաշտպանե՞լ է իր գանձերը արևի լույսից: Այդ դեպքում պետք է դուռն ավելի լայն բացել, թե չէ գլուխը պտտվում էր:
Պարզվեց դուռը փակ է: Երևի ինքն իրեն է փակվել: Ալեքը բարձրացրեց էլեկտրոնային փականի կափարիչը և հավաքեց «ՍԵԶԱՄ»: Բայց սպասվելիք բացվելու ձայնը չհետևեց դրան: Նա քաշեց բռնակը, հրեց դեպի իրեն, ապա հակառակ, ուսով վրան ընկավ, բայց անօգուտ:
Իսկ գո՞ւցե ընդհանրապես գաղտնաբառը «ՍԵԶԱՄ» չէ: Տղան սրտխառնոց էր զգում, նա արդեն ոչնչում վստահ չէր: Ապա հանգստացի՛ր, կենտրոնացի՛ր: Ի՞նչ էր ասում ծերուկը: Ձիթաբույսեր…
Ալեքն սկսեց հավաքել բառը բառի հետևից. «քունջութ» (ո՛չ, այն չէ), «նուշ» (կրկին փակ է), «սիմսիմ» (ոչ մի ձայն): Նա սկսեց նյարդային քրքջալ՝ հավաքելով «կանեփ»  գաղտնաբառը. գո՞ւցե սա ինչ-որ կատակ է: Բայց ամեն ինչ անօգուտ էր:
Հապա, սպասի՛ր: Գաղտնաբառը գրված էր թղթի վրա: Ո՞ւր է այն: Տղան սկսեց ջղաձգորեն շրջել գրպանները՝ գետնին թափելով ճմլած երթուղային կտրոնները և մաստակի թղթերը: Փրկարար երկտողը չկար ու չկար: Բայց  մատները շոշափեցին մուգ կանաչ ապակուց սրվակը, որը նրան տվեց ծերունին:
«Ամեն ինչ լավ է,- համոզում էր ինքն իրեն Ալեքը,- ընդամենը տոթ է, հիմա ես փոքր-ինչ կնստեմ և կհասկանամ՝ ինչ անել»:
Պատերի, սեղանների և ոտքերի տակ եղած մետաղադրամները հիմա ոչ միայն շարժվում էին, դրանք ցնցվում էին: Դրանց վրա եղած դեմքերը բացել էին բերանները անձայն գոռոցի համար, կարծես ինչ-որ բան էին ուզում ասել…
-Վե՛րջ տվեք,- բղավեց տղան և բռնեց գլուխը,-լռե՛ք:
Նա վերցրեց սրվակը և սկսեց իր շուրջը դատարկել դրա պարունակությունը, ասես ներսում օծված ջուր էր, որը կօգներ նրան քշել չարքերին: Բայց չարքերը չէին գնում: Ընդհակառակը, ծանր օդին ավելացավ սուր խեղդող հոտը: Ալեքի աչքերի առջև սևացավ: Ոտքերը ծալվեցին: Նա ընկա՞վ, թե՞ ոչ: Մարմինը գետնին ընկնելու հարվածին էր սպասում, բայց դա չեղավ: Տղան անօգուտ թպրտում էր, հետո նրան սկսեց սև խոռոչը քաշել, ավելի ճիշտ՝ ոսկե շրջանը՝ հարթ, դատարկ մակերևույթով, որի չափերն անընդհատ մեծանում էին, մինչև իրենով չփակեց ամբողջ պատը:
Ալեքն ընկավ մետաղադրամի վրա, սոսնձվեց նրան, ինչպես ձյութի: Նա չէր կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը, նրա վերջույթներն ասես մեռած լինեին: Դեմքի մի երեսն ասես անզգայացել էր: Հիմա նա բզեզ էր սաթի վրա, ավազահատիկ՝ սենյակում, որը հանկարծ ահռելի դարձավ:
Դուռը դանդաղ բացվեց: Տղան ուզում էր շրջել գլուխը, բայց աջ այտն անշարժ կպել էր մետաղին: Այդժամ նա ողջ ուժով թեքեց ձախ աչքը և տեսավ նումիզատին: Ծերունին նայեց պատերին, նկատեց Ալեքին և ուրախությամբ իրար հպեց ափերը: Ապա միայն իրեն հասկանալի լեզվով բռնկվեց երկար մենախոսությամբ:
«Օգնե՛ք ինձ»,- շշնջաց Ալեքը: Նա իսկապե՞ս դա արտաբերեց, թե՞ բառերը հնչեցին միայն իր գլխում: Բայց ծերունին կարծես լսեց նրան, ավելի մոտեցավ և մեկնեց ահռելի ձեռքը, որ ծածկեց ողջ աշխարհը:
-Հոյակա՜պ է,- լսվեց ծանոթ սվսվոցը: Ամեն ինչ շրջվեց, տղայի սիրտը խառնեց, և նա հասկացավ, որ ահռելի ափը իրեն վերև նետեց,- ուղղակի հոյակապ է: Ա՜յ, էստեղ կլինես…
Ալեքը հատեց օդը և կրկին հայտնվեց պատին՝ իր ոսկե կլոր վանդակում: Նա մի ակնթարթ միայն տեսավ իր քարացած կիսադեմը՝ քիթը, կրկնակզակը, վերհոնքային աղեղները՝ արտացոլված ցանցառ հոնքերի տակ գտնվող սև աչքերում:
-Ոչի՛նչ, թանկագի՛նս,- ծիծաղկոտ ծոր տվեց ծերունին:-Կհարմարվես: Բոլորն էլ հարմարվում են, իսկ ի՞նչ անեն:
Աչք ածելով իր հավաքածուին՝ նա դուրս եկավ սենյակից և լույսն սկսեց դանդաղ, շատ դանդաղ մարել, մինչև որ բացարձակ մթություն տիրեց:



[1] Серый- ռուս.՝ մոխրագույն, տեքստում գործածված է որպես ազգանուն (մականուն):
[2] Туда вселился новый жилец. Хотя, по правде, он уже скорее не-жилец.-Բնագրում հեղինակը դիմել է բառախաղի:
[3] Հոտտաբիչ- տիտրերում՝}{0ТТ@БЬ)Ч,  գլխավոր հերոսը երիտասարդական արկածային համացանցային կոմեդիայի՝ հիմնված Սերգեյ Օբլոմովի «Ծերունի Հետտաբիչի մեղրի սափորը» վեպի վրա:
[4] Մոլլա Նասրեդին- արևելյան իսլամական աշխարհի, Միջերկրածովային մի քանի ազգերի և Բալկանների բանահյուսական կերպար, կարճ հումորային և երգիծական մանրավեպերի և անեկդոտների, երբեմն նաև կենցաղային հեքիաթների հերոս:
[5] Господин Насредин,
Что бродишь один
С длинной тростью-
Вечно хмур, нелюдим.
[6] Господин нумизмат,
Покажи-ка нам клад —
Где же в доме твоем
Все монетки лежат?

[7] Բնագրում հեղինակը, գործածելով золотце բառը, բառախաղ է ստեղծում:
[8] Ավերս- Մետաղադրամի գլխավոր, դիմային երեսը (լատ.՝ adversus- երեսի վրա դարձված)

2019-01-06

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ (պոեմ)

Գնացին տղերքը ու կորան հեռվում…

Ապրիլ էր կրկին,
Ծառերի հագին
Կանաչն էր նազում:

Արևն էր նորից
Ամպի գիրգ ծոցից
Գլուխը հանում:
Սեր էր ճառագում
Մայր քար ու հողից,
Սեր էր դուրս հորդում
Ամեն մի ակնից:

Ապրիլ էր կրկին,
Ու հայի հոգին
Զարթնել էր քնից,
Ձմռան մրափից:

Ապրիլ վերստին,
Ապրելո՛ւ ապրիլ,
Բայց մեր սահմանին,
Թուրքն էր չոքելու:
Ու նենք դավությամբ,
Քսու հլությամբ
Մեր թշնամին էր
Նորից ելնելու:

Նա ելնելու էր,
Որ բոսոր հագնի,
Որ դահիճ դառնա,
Կյանքեր խորտկի:
Նա ելնելու էր,
Որ մեր տղերքի արդար արյունով
Ինքնագովությունը իր
Նա կրկին շոյի,
Որ կրկին, նորից
Հանդում արածող
Հոտը չմայի,
Ու նորեն, նորից
Հայ սուրբ մայրերից
Դառն արցունք քամի:

Ապրիլ էր, գարուն,
Բայց հայոց այգում
Միրգն էր չորացել կրակի լեզվից,
Հասկն էր մոխրացել…
Թշնամու արկից:
Եվ հայն էր մորթվել
Կենդանու նման,
Եվ հայն էր խաչվել
Հանց նոր Քրիստոս:

Ու ռումբի դիմաց
Կյանքը մազ-թելից՝
Հայ Քաջազուններ
Կախվել էին հույսից
Ե՛վ ուժից բազկի,
Ե՛վ վախից մահու,
Կորովից սրտի
Ու կայծից հոգու:

Եվ Քաջազուններ՝
Սուրը խաչ արած,
Եվ քաջորդիներ՝
Բազկը նետ դարձրած,
Կռվում էին հանուն
Վաղվա գալիքի,
Կռվում էին, որ հայը
Արցախ չկորցնի:

Գարուն էր, ապրիլ.
Հայ մայրն ուզում էր,
Որ որդին ապրի,
Հայ հայրն սպասում էր
Որդու փառավոր
Ու ողջ տունդարձին:

Բայց… չեկավ որդին:
Ու խաբար բերին,
Թե արյունը տաք
Խառնել է հողին,
Ու ներծծվել է
Մայր հողի գրկում:
Ու խաբար բերին,
Թե որդին արի,
Թուրք մի ասկյարի
Ձեռքով է ընկել:
Որ մի արյունռուշտ
Թուրք Մուհամեդի
Զենք հանել գիտի:

Ու խաբար բերին,
Որ հայ Քաջորդին,
Աստծուն իր սրտում
Ու զենքը ձեռքին, կռիվ է տվել
Արցախ աշխարհում:

Եկան, ասացին,
Որ արյամբ Քաջի
Մայր հողի մի թիզ
Թուրքին չի հասնի:
Բարբարոսը թուրք
Փոռ-փոշման եղած,
Հայոց սուրբ հողի
Սահմանն է թողած
Իր որջը փախել:

Բայց հայ վշտահար
Մայրերը խոնարհ,
Հպարտության հետ
Կսկիծ խառնելով,
Բողոք արեցին
Համայնին աշխարհ,
Պահանջեցին, որ
Ոսոխը նզով
Քաջերի մահվամբ
Պատժվի մահով:

Պահանջեցին, որ
Ռուս ու Եվրոպա
Աչքերը այդ նոր
Ոճրի դեմ բանա,
Եվ մարդկության դեմ
Գործած բռնության
Քայլեր ձեռնարկի
Վրիժառության:
Ու պահանջեցին,
Որ արյուն- արցունքի
Ամեն մի կաթիլ
Հանձնվի դատի:

Բայց խուլ էր աշխարհը,
Ու խուլ էին մարդիկ,
Համր աշխարհի դեմ
Ծառացան մարտիկք,
Որ անօրենը
Այդ նոր գարունը
Մահիճ չդարձնի,
Որ անօրենի
Կեռ յաթաղանը
Լուսին չդաջի
Հայ մանկանց վրա:
Որ թուրքն ապիրատ
Իր գործը կիսատ
Չվերսկսի
Նոր ուժո՜վ, թափո՜վ,
Նոր մի ճարակով
Չբոցավառի
Ապրիլը գունեղ,
Ապրիլն ապրելու:

Ապրիլ էր կրկին,
Ու մեր սահմանին
Ոսոխն էր նորից

Փռվել մեր բազկից:

2019-01-02

Նադեյա Յասմինսկա «Հետևի՛ր ինձ»


Սև կատուն ձուլվում էր մութի հետ: Նրա մորթին անտեսանելի թիկնոցի դեր էր տանում արևը մայր մտնելուց հետո: Նա կամաց էր քայլում՝ անընդհատ կանգ առնելով և ականջ դնելով: Ինչ-որ ձայներ լսվեցին, և կատվի ականջն անմիջապես թեքվեց լույս վառվող լուսամուտներով տան ուղղությամբ:  Բայց դրանք ընդամենը մարդկային անփույթ քայլեր էին:
-Իսկ ես ասում էի,- լսվեց փայտե պատի հետևից,- ասում էի, ա՛խր, որ մի մեռնող էլ է լինելու: Ոչ ոք ինձ չի լսում, բայց չէ որ ես ամեն ինչ գիտեմ:
Ձայնը կանացի էր՝ բարձր և ականջ ծակող: Կատուն դժգոհությամբ դադարեց լսել, բայց ծանոթ բառը գրավեց նրա ուշադրությունը, և նա մոտեցավ լուսամուտին: Այդ պահին տան խորքերից լսվեց քնատ մի «ը՛հնց», որը հաստատապես տղամարդու էր պատկանում:
-Իհարկե, ցավում եմ դժբախտի համար,- շարունակեց կինը,- գրեթե չհասցրեց ապրել այս աշխարհում: Ես, իհարկե, միանգամից հասկացա, որ նա մի ոտքով այն աշխարհում է: Ծնղներին խորհուրդներ էի տալիս, իսկ նրանք դռնից դուրս արեցին: Իսկ հիմա աղջկա անհանգիստ հոգին նրանց խղճի վրա կմնա…
-Հը՜մ,- արտասանեց տղամարդը, ինչպես թույլ ակնարկված բողոք:
-Ի՞նչ ես «հըմ» անում,- կանացի ձայնի մեջ ճղճղան նոտաներ հնչեցին:-Ինձ հետ համաձայն ես, չէ՞:
-Ը՛հնց,- շտապողաբար հետևեց պատասխանը:
-Նրանք ասածս լուրջ չընդունեցին: Ոչ ոք չի ընդունում: Իսկ այս աշխարհի մասին շատերից շատ բան գիտեմ: Անգամ տատս մի անգամ ինձ ասաց, որ ես երրորդ աչք ունեմ կամ դրա պես մի բան, կարծես թե… Ֆե՜դյա…
Լուսամուտում մթին մի կազմվածք հայտնվեց, և կատուն հասկացավ, որ նայում է ապուշ կտրած. կախեց ականջներն ու լապտերի լույսի տակ անցավ:
-Ֆեդյա՛, այնտեղ՝ մեր բակում, կատու կա:
-Է՜, հետո ի՞նչ,- ծուլորեն հարցրեց տղամարդը:
-Սև կատու՝ բբի մեջ սպիտակ կետով: Ես նրան կես տարի առաջ եմ տեսել, երբ Միխալիչին էինք հուղարկավորում: Իսկ հիմա, ահա՛, նոր հուղարկավորության է ներկայացել: Անմաքուր ուժ է, նոր զոհի է փնտրում իր համար: Ֆեդյա՛, վռնդի՛ր դրան:
Տղամարդը հոգոց հանեց և կողքի դրեց հենց նոր բացած գարեջրի շիշը: Վերարկուն ներքնաշորի վրայից հագնելով՝ նա բակ ելավ և տեսավ, թե ինչպես է կատուն ուժգնորեն ճանկռում հաղարջի թուփը՝ ապացուցելով, որ ինքը կատու է:
-Ֆեդյա՛,- տունը ցնցվեց հիստերիկ բղավոցից:- Դե, ի՞նչ ես այդտեղ կանգնել: Մա՞հս ես ուզում:
Չուզենալով՝ տղամարդը գետնից վերցրեց քարը և շպրտեց կենդանու վրա: Կատուն ետ ցատկեց և նախատինքով նայեց մարդու վրա: Եվ այդ հայացքը ինչ-որ անհասկանալի պատճառով բարկացրեց արբած Ֆեդյային: Նա նետվեց դեպի ծածկապատշգամբի հետևի փայտե տնակը, վզից դուրս քաշելով դուրս բերեց հսկայական քնկոտ շանը՝ ջրի երկու կաթիլի պես նման տիրոջը և քանդեց վզկապը:
-Պոլկա՛ն, բռնի՛ր դրան, քը՛ս:
Շունը անհասկանալիորեն վնգստաց, և տերը ոտքով հարածեց նրան՝ ցույց տալով ուղղությունը: Այդժամ Պոլկանը վերջապես տեսավ իր նպատակակետը: Որովայնից դուրս եկող գռմռոցով շունն ընկավ կատվի հետևից: Վերջինս թռավ ցանկապատի վրայով, իսկ շունը դուրս թռավ բաց դռնակից:
Սարահարթը լցվեց մլավոցով և հաչոցով: Այդ ձայներին գումարվեցին այլ շների ոռնոցներն ու մարդկանց դժգոհ գոռոցները:
Կատուն սլանում էր փոքրիկ փողոցով՝ թռչելով ջրափոսերի վրայով իսկ Պոլկանն ընկել էր նրա հետևից: Երկուսն էլ վազքի ընթացքից թեքվեցին դեպի փողոցի անկյունը, և այդտեղ ճանապարհն ընդհատվեց: Փակուղի էր…անելք մի պատ: Կատուն փափուկ  թաթերով հրեց իրեն աղյուսներից և օդում պտույտ գործելով՝ կպավ գետնին: Իսկ հետո հանգիստ նստեց՝ սպասողաբար: Մոտ վազած շունը, որը պետք է փափկամազիկին պատառ-պատառ աներ, հանկարծ շեշտակի կանգ առավ և նույնպես նստեց:
Այդպես նրան նստել ու նայում էին մեկմեկու, ինչպես անտեսանելի թատրոնի երկու փոքրիկ դերասաններ: Հետո կատուն կարծես թե գլխով արեց շանը, և Պոլկանը, իրեն թափ տալով, դանդաղ վերադարձավ տուն:
Իսկ կատուն, աչքերը կկոցելով, սկսեց հոտոտել օդը և ցցեց ականջները: Կողքից կարող էր թվալ, որ նա մուկ բռնելու է պատրաստվում, բայց այդ կենդանուն մկներն ընդհանրապես չէին հետաքրքրում: Նա ականջ էր դնում, շոշափում մթությունը բեղիկներով և ի վերջո՝ որսաց հարկ եղած ձայնը՝ բարակ, ինչպես սարդոստայնը, մանկական լացը:
Կատուն սև կայծակի պես վազեց այգիների միջով և շուտով հայտնվեց հին փայտե խորդանոցում: Այնտեղ՝ ամենահեռավոր անկյունում՝ լիքը անպետք իրերի հետևում, նստած էր մի աղջիկ և լաց էր լինում՝ ծնկները ձեռքերով գրկած:
-Բա՛րև,- ասաց նրան կատուն:
Երեխան բարձրացրեց գլուխը և վախեցած նայեց նրան:
-Մի՛ վախեցիր, ես եկել եմ քեզ օգնելու:
-Կատուները չեն կարողանում խոսել,- անվստահությամբ ծոր տվեց աղջիկը, բայց դադարեց հեկեկալ:- Նրանք միայն «միաո՜ւ» անել գիտեն:
-Տիեզերքում շատ աշխարհներ կան,- հակաճառեց կատուն,- և մենք՝ ես ու դու, հենց այնպիսի աշխարհում ենք, որտեղ բոլորն իրար հասկանում են:
-Դա հեքիաթի պես մի բա՞ն է:
-Ամենալավ հեքիաթը, որ դու երբևէ լսել ես:
-Իսկ ո՞ւր է իմ մայրիկը: Ինչո՞ւ է նա ձևացնում, թե չի տեսնում ինձ: Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս խաղը…
-Մայրիկը կգա,- խոստացավ կատուն,- երբ գա ժամանակը, ես կբերեմ նրան: Իսկ հիմա դու պետք է գաս իմ հետևից: Ապա, ի՛նձ նայիր:
Նա մոտեցավ աղջկան, շոյեց նրան փափուկ պոչիկով և հոտոտեց դեմքը: Իսկ աղջիկը կախարդվածի պես նայում էր նրա աչքերին, ավելի ճիշտ՝ արծաթագույն աջ աչքին, որը հեռվից կարելի էր սպիտակ կետի տեղ ընդունել: Բբի ներսում թաքնված էր այն, ինչից երեխան զարմանքից բացեց բերանը, իսկ հետո ժպտաց:
-Ամեն ինչ այդպես էլ կլինի՞,- հիացմունքով հարցրեց նա:
-Հենց այդպես,- հաստատեց կատուն:
-Այդ դեպքում ես պատրաստ եմ: Գնա՛նք:
Աղջիկը սև կենդանու հետևից դուրս եկավ խորդանոցից: Նա բոկոտն քայլում էր թաց գետնի վրայով՝ ընդհանրապես ցուրտ չզգալով: Միայն երբեմն-երբեմն նա մի փոքր տխրությամբ հետհայացք էր գցում տների վրա, որտեղ դեռևս լույս էր վառվում: Բայց եթե այդ ժամանակ ինչ-որ մեկը լուսամուտից դուրս նայեր, կտեսներ միայն փողոցով թափառող կատվին:
Երբ նրանք առաջին խաչմերուկին հասան, կատվի բբերը նեղացան, ասես նա լույս տեսավ: Իսկ երեխան, իր հերթին, ուրախությամբ ձայնեց, ինչ-որ մեկին «լեզու» ցույց տվեց, իսկ հետ մեկնելով ձեռքը՝ քայլ արեց և կորավ մթության մեջ:
Կատուն գոցեց կոպերը և մլավեց: Մի ակնթարթ հետո նրա բիբերը լայնացան: Նա դեռ երկար նստած մնաց ուղիների խաչման կետում: Քարի հարվածից ճանկռված թաթը լիզելով՝ նա մտածում էր այն մասին, որ Տերը կարող էր իրենց՝ Ուղեկցորդներին, անխոցելի մարմին տալ: Բայց վատն այն է, որ Տերը մարդկանց մասին բարձր կարծիք ունի: Իսկ այ մարդիկ դժվար թե երբևէ դա հասկանան, ուզում է երրորդ, ուզում է՝ չորրորդ աչքով:
Հետո նրա ականջները ցցվեցին, և նա ներս քաշեց քթանցքերով քամու թեթև հոսքը: Կատուն պոկվեց տեղից ու շտապեց դեպի անտառ, որից այն կողմ քաղաքն էր սկսվում:



Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելու կամ դրանից մեջբերումներ անելու դեպքում նշե՛լ սկզբնաղբյուրը:

Նադեյա Յասմինսկա (Надея Ясминска) «Վհուկի հայելին» ("Ведьмино зеркальце")


Անիսյա Ստեպանիխան, կրծքին սեղմելով փոքրիկ  քաթանե պարկը, հպարտ ու հանդիսավոր քայլում էր դեպի գյուղի ծայրամասում գտնվող տունը։ Վերջապես ինքը կարողացավ վճռել։ Վերջապես ինքը ցույց կտա նրան։ Նրան՝ այդ նույն երկար, սև հյուսքով աղջնակին, որը նրանց գլխին թափվեց, ինչպես ձյունը եղևնու ճյուղերից։ Պրասկովայի կրտսեր թոռնուհին էր․ ո՞վ կարող էր դրան հավատալ։ Հանգուցյալ Պրասկովան՝ հենց նույն գյուղի վերջին տան տիրուհին, ամբողջովին աստծու գառ էր, ինչպես արտաքինից, այնպես էլ բնավորությամբ։ Եվ եթե նա թոռներ ունենար (երեխաները չէ որ ցրվել էին քաղաքներով մեկ, ո՜վ է նրանց այնտեղ ճանաչում), ապա նրանք կլինեին նույնքան լուսավոր և կարմրաթուշ, ոչ նման այս թխադեմ վհուկին։ Վհո՛ւկ։ Անիսյան ծուռ քմծիծաղեց՝ արագացնելով քայլերը։ Գյուղի բոլոր կանայք անմիջապես հասկացան, թե ինչ պտուղ է այդ Վարվառան։ Դեմքը սպիտակ, հոնքերը՝ բարակ, ձեռքերը՝ խնամված։ Դա դեռ ոչինչ, բայց հյո՜ւսքը, հյո՜ւսքը․․․ Միշտ փայլում է, ասես մեղրամոմ քսած լինի, մազը մազի վրա, և դրանք բուրում են ինչ-որ քաղցր, գրավող, բայց օտար բույրով։ Այդ բույրը ոչնչի նման չէ, ասես սատանան ինքը գիշերները սանրում է նրա վարսերը։ Իսկ տղամարդիկ անընդհատ պտտվում են բոլորքը։ Հրե՛ն, հիմար քավթառ Վասիլին միանգամից մոռացավ իր ցավող մեջքի մասին և Վարվառայի համար մի ամբողջ ցախանոց փայտ կոտորեց։ Այրի Մակարիխայի որդին օրերս աղջկան սայլով մինչև շուկա տարավ, ասես նա իր սպիտակ ոտիկներով տեղ չէր հասնի։ Անիսյայի ամուսինն էլ է սկսել աջ ու ձախ աչք շոռել՝ նայած Պրասկովայի թոռնուհին որ կողմից է հայտնվում։ Հենց դա էլ վերջին կաթիլը դարձավ։ Կախա՛րդ։ Դե՛ փրկվիր, անիծյա՛լ, քո հախից գալու ձևն էլ կգտնվի։
Անիսյան ավելի ամուր սեղմեց պարկը իր մեծ, հողմակոծ ափի մեջ։ Այնտեղ գնդածաղիկ, եղինջ և լացող խոտեր կային՝ խոտերով հմայություններ անող տեղացի Զինայիդայի կողմից կախարդված մի կույտ։ Պառավ Զինան գլուխ էր հանում էդպիսի բաներից։ Դ՛իր,ասաց,վհուկի տան մուտքի մոտ՝ մի ճեղքի մեջ, սատանի կնիկը և՛ իր ուժը կկորցնի, ամբողջովին կթողնի, և՛ կփոշմանի։ Չար բնույթը դուրս կգա նրանից։ Ահա Ստեպանիխան էլ գնում էր ատելի հարևանուհու մոտ՝ իբրև թե աղ խնդրելու։ Կամացուկ կմտնի, կթաքցնի պարկը, աղ կխնդրի և կվերադառնա, ասես ոչինչ էլ չի եղել։ Իսկ Վարվառան թո՛ղ ստանա իր հասանելիքը, թո՛ղ նրա հյուսքն արմատից պոկվի։
Հենց մուտքի մոտ Անիսյայի սիրտը տագնապով բաբախեց։ Երբեք մինչև այս նրան չէր վիճակվել կախարդի կացարան մտնել։ Ի՞նչ կտեսնի նա այնտեղ՝ առաստաղից կախված չորացած գորտեր, թե՞ կաթսա՝ լիքը հավի կտրած տոտիկներով։ Ո՛չ, ո՛չ, պետք չէ վախի մատնվել։ Ամուսնյակի ուղեղը կարգի բերելու ժամանակն է, բացի այդ գյուղի կեսը շնորհապարտ կլինի։ Կինն արագ խաչակնքնվեց՝ սուրբ-սո՛ւրբ, աղոթ շշնջաց և ներս մտավ։
Տեսածը նրան չշշմեցրեց, ավելի շուտ հիասթափեցրեց։ Տունը սովորական տան նման էր՝ նույնքան մաքուր, ինչքան Պրասկովայի ժամանակ էր, ոչ մի դոդոշ կամ սատկած մկներ չկային։ Բայց Ստեպանիխան, այնուամենայնիվ, թաքցրեց հմայված պարկը հատակի շարժվող տախտակի տակ։ Հետո քաղաքավարության համար ձայն տվեց․
-Վարվառա՛, տա՞նն ես, ես եմ, քո հարևանուհի Անիսյան։ Ուզում էի աղ խնդրել․․․
Ոչ ոք չպատասխանեց։ Այդ պահին Ստեպանիխան ճիշտ կլիներ գնար՝ կատարված պարտքի զգացումով, բայց նրան հաղթեց սովորական կանացի հետաքրքրասիրությունը։ Գուցե նման կահավորանքը աչք խաբելու համար է միայն, որպեսզի մարդիկ հենց մուտքից ոչինչ չպարզեն։ Իսկ ամենայն կախարդականը, սարսափելին, ամենատարբեր խոտերը, անգամ գորտերը ավելի հեռվում՝ ննջասենյակում են թաքցրած։
Անիսյան կամացուկ ուղղվեց դեպի հաջորդ դուռը։ Եվ կրկին նրա հայացքի առաջ բացվեց սովորական մի սենյակ՝ առանց ավելորդությունների, միայն թե չափերով ավելի փոքր։ Միայն վարագույրներն էին ինչ-ինչ պատճառով կիպ փակված։ Կինը տեղում մի ոտքից մյուսին հենվեց և արդեն ուզում էր հեռանալ, բայց այդ պահին անկյունում ևս մի մուտք տեսավ՝ թաքնված լաթակտորներից կարված ծածկոցի տակ։
Դուռը, պարզվեց, կիսաբաց էր, բարակ ճեղք էր թողնված։ Եվ այդ ճեղքից Անիսյան տեսավ Վարվառային։ Աղջնակը՝ հասարակ մազերով և միայն գիշերազգեստ հագած, նստած էր կիսամութում՝ մեջքով դեպի Անիսյան, և իրեն էր նայում տարօրինակ քառակուսի, հենակով հայելու մեջ․․․ Եվ ինչ-որ բան էր ցածրաձայն քրթմնջում նրան։ Բառերն անհնար էր հասկանալ, բայց Ստեպանիխան հաստատ տեսավ, թե ինչպես էին արտացոլանքի շրթունքները շարժվում։
-Թուղթուգիր է անում,- քարացավ Անիսյան,- էդպես էլ գիտեի։ Միայն թե՝ ո՞ւմ վրա։
Նա թեթևակի հակվեց առաջ և այդ պահին հատակը դավաճանաբար ճռռաց։
-Ո՞վ կա այստեղ,- հարցրեց Վարվարան և շրջվեց։ Ստեպանիխան համարյա բացել էր բերանը՝ ներողություն խնդրելու և աղի մասին նախապես պատրաստածն ասելու համար, բայց հանկարծ քարացավ սարսափից։
Աղջիկը դեպի Անիսյան շրջվեց, բայց նրա արտացոլանքը առաջվանը մնաց։ Երկու միանման դեմքեր սևեռուն նայում էին Անիսյային՝ նույն կանաչ աչքերը, նույն թուխ մաշկը՝ շրջանակված սև-կապտավուն մազերով։ Միայն թե իսկական Վարվառան թվում էր զարմացած, այն դեպքում, երբ հայելու միջի Վարվառայի շրթունքներին ծիծաղկոտ ժպիտ էր խաղում։
Ստեպանիխայի կոկորդից խռռոց դուրս թռավ, և նա, չռելով աչքերը և խաչակնքվելով, դուրս թռավ։ Ի՜նչ կախարդ, իսկական չարք։ Իսկական անմաքուր ուժ։ Փախչե՛լ, միայն թե փախչել, փրկի՛ր ու պահպանի՛ր․․․
Վարվառան հազիվ հասցրեց աթոռից վեր կենալ, երբ մուտքի դուռը շրխկոցով փակվեց։ Նա թեթևակի մի կողմ քաշեց վարագույրը և տեսավ հարևանուհուն, որը, ձայնը գլուխը գցած և ձեռքերը թափահարելով, անշնորհք կերպով վազում էր կածանով։ Աղջիկը հոգոց հանեց, լուսամուտները վարագուրեց և նորից նստեց։
-Ի՞նչ է, տեղացիներից մե՞կն էր,- հետաքրքրասիրությամբ հարցրեց նրա արտացոլանքը։
-Այո՛,-պատասխանեց Վարվառան,- այնուամենայնիվ բռնեցրին, գրողը տանի։ Այստեղ անձնական տարածություն ասած բանը գոյություն չունի, բոլորը բոլորի համար ափի պես պարզված են․․․
-Եվ ի՞նչ ես անելու,- արտացոլանքի ձայնի մեջ անհանգստություն նշմարվեց։-Գո՞ւցե ժամանակից շուտ վերադառնաս, հը՞ն։
-Մի՛ վախեցիր, Լերա՛։ Նա, միևնույն է, ոչինչ չի հասկանա, բոլորի մոտ կշեփորահարի, թե ես վհուկ եմ։ Իսկ դա ինձ մի բան էլ ձեռնտու է։ Ավելի շատ նյութ կլինի աշխատանքի համար։ Բացի այդ, ինչ իմաստ ունի հիմա տեղափոխվելը։ Պետք է դիմում գրել, հետո բացատրագիր․․․ իսկ արդեն գրեթե ժամանակ չի մնացել․․․
-Դե՛, ինքդ որոշիր։ Միայն թե հենց ինչ-որ բան այնպես չլինի, ես քո Մաքս Միխալիչին էլ ոտքի կհանեմ, ողջ համալսարանն էլ։ Չեմ հավանում ձեր այդ փորձարարական ստաժավորումները, բայց դու գրեթե գիտությունների թեկնածու ես, այնպես որ չեմ փորձի խելք սովորեցնել գիտնականին։
-Եթե այդ ինչ-որ բանը պատահի, անմիջապես կկապվեմ քեզ հետ,- ժպտաց Վարվարան։
-Իսկ ես առանց այդ էլ կիմանամ,- պատասխանեց Լերան,- չէ՞ որ մենք՝ երկվորյակներս, իրար ոչ միայն հեռավորության վրա ենք զգում, այլ նաև ժամանակի միջով։ Դե՛, մինչ նոր տեսություն, Վարյանդյա՛, և հանկարծ մտքովդ չանցնի այդտեղ տեղացի մի սիրունի վրա խփնվել, նա շատ հնարավոր է պարզվի, որ քո նախանախապապն է։
-Չեմ համարձակվի։ Կտրվեմ Մաքս Միխալիչի մասին երազանքներին։ Ցտեսությո՛ւն։
Վարվառան անջատեց համակարգիչը և միացրեց էկրանը սքողող հայելային մակերեսը։ Հետո շրջեց սենյակներով, նայեց անկյունները և դարակները, նայեց բոլոր ճեղքերը ու գտավ քաթանե պարկը։ Աղջիկն զգուշությամբ հանեց այն ունելիով, տեղավորեց թափանցիկ պլաստմասե փաթեթի մեջ, ապա դրեց այն վառարանի խորքում թաքցրած սեյֆ-դիպլոմատի մեջ։ Այնտեղ արդեն ոչ քչաթիվ «նվերներ» էին պահվում հոգատար հարևաններից՝ կոկիկ խմբավորված ըստ կարգերի՝ «Բնական թուղթուգրեր(բմբուլների կապոց, ձվեր, խոտեր և այլն)», «Արհեստական, տնտեսական  թուղթուգրեր (ցիգանական ասեղներ, թելեր, մեղրամոմ)», «Թղթային թուղթուգրեր (մանրադրամներ գերեզմաններից)» և այլն։
Նոր պարկի պարունակությունը իր պատվավոր տեղն զբաղեցրեց բնականների շարքում։
Հիմա կարելի էր կցվել գործի, բայց դրանից առաջ Վարվառան վառարանի վրա ջուր տաքացրեց և կարգին լվաց գլուխը․ այդպես նա ավելի լավ էր մտածում։ Եվ թեկուզ Մաքսիմ Միխաիլովիչը՝ նրա գիտական ղեկավարը, պնդում էր, որ պետք է որքան հանրավոր է ջանադրաբար մերվել շրջապատի հետ և լվալ մազերը դեղնուցով ու մոխրով, աղջիկը, միևնույն է, կարողացավ իր հետ թաքուն վերցնել իր սիրելի շամպունը։ Դրանից հետո Վարվառան մահճակալի տակից հանեց խունացած թղթերի մի կապոց (ստիպված էր ատենախոսությունը ձեռքով գրել, որպեսզի խնայի համակարգչի լիցքը), գնդիկավոր գրիչ՝ սագի փետուրի նմանվող, և սկսեց արագ տողագրել «XIX դարի վերջին և XX դարի սկզբի տեղի գյուղական բնակչության տիպիկ վախերը և սնահավատությունները» խորագրի ներքո։
Սեղանի անկյունում վառվում էր հաստ «լուսատտիկը», և միայն Վարվարան գիտեր, որ իրականում դա  խրոնոպորտացիայի[1] լուսանկարչական ապարատի վարկյանացույցով արհեստական կրակ է, սարք, որը հին դարերում ռոմանտիկներն անվանում էին ժամանակի մեքենա։ Մեղրամոմի կաթիլների հետ միահյուսվելով՝ իրազեկ մարդը կարող էր տեսնել հետհաշվարկը։
Աղջկա աչքերն արդեն վաղուց ծուռ էին նայում։ Իհարկե, այստեղ հետաքրքիր էր, բայց այս բոլոր տաշտերը, ջրհորերը, մկները՝ պատի հետևում, և իհարկե փոսի տեսք ունեցող թափթփված պետքարանը…
Ստաժավորման ավարտին չորս օր էր մնացել։



Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելու կամ դրանից մեջբերումներ անելու դեպքում նշե՛լ սկզբնաղբյուրը:



[1] Խրոնոպորտացիա- ճանապարհորդություն ժամանակի միջով։

Նադեյա Յասմինսկա «Մոգի սրճարանը»


Եթե դու հազվադեպ ես օգտագործում թևերդ, դժվար է լինում դրանք բացելը:
-Նադեյա Յասմինսկա





Պատմվածքը կարող եք կարդալ ԱՅՍՏԵ՛Ղ:

  Պատմվածքը համացանցում տարածելու դեպքում պարտադիր նշել սկզբնաղբյուրը (Arman Veranyan's Blog)

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...