2019-01-02

Նադեյա Յասմինսկա (Надея Ясминска) «Վհուկի հայելին» ("Ведьмино зеркальце")


Անիսյա Ստեպանիխան, կրծքին սեղմելով փոքրիկ  քաթանե պարկը, հպարտ ու հանդիսավոր քայլում էր դեպի գյուղի ծայրամասում գտնվող տունը։ Վերջապես ինքը կարողացավ վճռել։ Վերջապես ինքը ցույց կտա նրան։ Նրան՝ այդ նույն երկար, սև հյուսքով աղջնակին, որը նրանց գլխին թափվեց, ինչպես ձյունը եղևնու ճյուղերից։ Պրասկովայի կրտսեր թոռնուհին էր․ ո՞վ կարող էր դրան հավատալ։ Հանգուցյալ Պրասկովան՝ հենց նույն գյուղի վերջին տան տիրուհին, ամբողջովին աստծու գառ էր, ինչպես արտաքինից, այնպես էլ բնավորությամբ։ Եվ եթե նա թոռներ ունենար (երեխաները չէ որ ցրվել էին քաղաքներով մեկ, ո՜վ է նրանց այնտեղ ճանաչում), ապա նրանք կլինեին նույնքան լուսավոր և կարմրաթուշ, ոչ նման այս թխադեմ վհուկին։ Վհո՛ւկ։ Անիսյան ծուռ քմծիծաղեց՝ արագացնելով քայլերը։ Գյուղի բոլոր կանայք անմիջապես հասկացան, թե ինչ պտուղ է այդ Վարվառան։ Դեմքը սպիտակ, հոնքերը՝ բարակ, ձեռքերը՝ խնամված։ Դա դեռ ոչինչ, բայց հյո՜ւսքը, հյո՜ւսքը․․․ Միշտ փայլում է, ասես մեղրամոմ քսած լինի, մազը մազի վրա, և դրանք բուրում են ինչ-որ քաղցր, գրավող, բայց օտար բույրով։ Այդ բույրը ոչնչի նման չէ, ասես սատանան ինքը գիշերները սանրում է նրա վարսերը։ Իսկ տղամարդիկ անընդհատ պտտվում են բոլորքը։ Հրե՛ն, հիմար քավթառ Վասիլին միանգամից մոռացավ իր ցավող մեջքի մասին և Վարվառայի համար մի ամբողջ ցախանոց փայտ կոտորեց։ Այրի Մակարիխայի որդին օրերս աղջկան սայլով մինչև շուկա տարավ, ասես նա իր սպիտակ ոտիկներով տեղ չէր հասնի։ Անիսյայի ամուսինն էլ է սկսել աջ ու ձախ աչք շոռել՝ նայած Պրասկովայի թոռնուհին որ կողմից է հայտնվում։ Հենց դա էլ վերջին կաթիլը դարձավ։ Կախա՛րդ։ Դե՛ փրկվիր, անիծյա՛լ, քո հախից գալու ձևն էլ կգտնվի։
Անիսյան ավելի ամուր սեղմեց պարկը իր մեծ, հողմակոծ ափի մեջ։ Այնտեղ գնդածաղիկ, եղինջ և լացող խոտեր կային՝ խոտերով հմայություններ անող տեղացի Զինայիդայի կողմից կախարդված մի կույտ։ Պառավ Զինան գլուխ էր հանում էդպիսի բաներից։ Դ՛իր,ասաց,վհուկի տան մուտքի մոտ՝ մի ճեղքի մեջ, սատանի կնիկը և՛ իր ուժը կկորցնի, ամբողջովին կթողնի, և՛ կփոշմանի։ Չար բնույթը դուրս կգա նրանից։ Ահա Ստեպանիխան էլ գնում էր ատելի հարևանուհու մոտ՝ իբրև թե աղ խնդրելու։ Կամացուկ կմտնի, կթաքցնի պարկը, աղ կխնդրի և կվերադառնա, ասես ոչինչ էլ չի եղել։ Իսկ Վարվառան թո՛ղ ստանա իր հասանելիքը, թո՛ղ նրա հյուսքն արմատից պոկվի։
Հենց մուտքի մոտ Անիսյայի սիրտը տագնապով բաբախեց։ Երբեք մինչև այս նրան չէր վիճակվել կախարդի կացարան մտնել։ Ի՞նչ կտեսնի նա այնտեղ՝ առաստաղից կախված չորացած գորտեր, թե՞ կաթսա՝ լիքը հավի կտրած տոտիկներով։ Ո՛չ, ո՛չ, պետք չէ վախի մատնվել։ Ամուսնյակի ուղեղը կարգի բերելու ժամանակն է, բացի այդ գյուղի կեսը շնորհապարտ կլինի։ Կինն արագ խաչակնքնվեց՝ սուրբ-սո՛ւրբ, աղոթ շշնջաց և ներս մտավ։
Տեսածը նրան չշշմեցրեց, ավելի շուտ հիասթափեցրեց։ Տունը սովորական տան նման էր՝ նույնքան մաքուր, ինչքան Պրասկովայի ժամանակ էր, ոչ մի դոդոշ կամ սատկած մկներ չկային։ Բայց Ստեպանիխան, այնուամենայնիվ, թաքցրեց հմայված պարկը հատակի շարժվող տախտակի տակ։ Հետո քաղաքավարության համար ձայն տվեց․
-Վարվառա՛, տա՞նն ես, ես եմ, քո հարևանուհի Անիսյան։ Ուզում էի աղ խնդրել․․․
Ոչ ոք չպատասխանեց։ Այդ պահին Ստեպանիխան ճիշտ կլիներ գնար՝ կատարված պարտքի զգացումով, բայց նրան հաղթեց սովորական կանացի հետաքրքրասիրությունը։ Գուցե նման կահավորանքը աչք խաբելու համար է միայն, որպեսզի մարդիկ հենց մուտքից ոչինչ չպարզեն։ Իսկ ամենայն կախարդականը, սարսափելին, ամենատարբեր խոտերը, անգամ գորտերը ավելի հեռվում՝ ննջասենյակում են թաքցրած։
Անիսյան կամացուկ ուղղվեց դեպի հաջորդ դուռը։ Եվ կրկին նրա հայացքի առաջ բացվեց սովորական մի սենյակ՝ առանց ավելորդությունների, միայն թե չափերով ավելի փոքր։ Միայն վարագույրներն էին ինչ-ինչ պատճառով կիպ փակված։ Կինը տեղում մի ոտքից մյուսին հենվեց և արդեն ուզում էր հեռանալ, բայց այդ պահին անկյունում ևս մի մուտք տեսավ՝ թաքնված լաթակտորներից կարված ծածկոցի տակ։
Դուռը, պարզվեց, կիսաբաց էր, բարակ ճեղք էր թողնված։ Եվ այդ ճեղքից Անիսյան տեսավ Վարվառային։ Աղջնակը՝ հասարակ մազերով և միայն գիշերազգեստ հագած, նստած էր կիսամութում՝ մեջքով դեպի Անիսյան, և իրեն էր նայում տարօրինակ քառակուսի, հենակով հայելու մեջ․․․ Եվ ինչ-որ բան էր ցածրաձայն քրթմնջում նրան։ Բառերն անհնար էր հասկանալ, բայց Ստեպանիխան հաստատ տեսավ, թե ինչպես էին արտացոլանքի շրթունքները շարժվում։
-Թուղթուգիր է անում,- քարացավ Անիսյան,- էդպես էլ գիտեի։ Միայն թե՝ ո՞ւմ վրա։
Նա թեթևակի հակվեց առաջ և այդ պահին հատակը դավաճանաբար ճռռաց։
-Ո՞վ կա այստեղ,- հարցրեց Վարվարան և շրջվեց։ Ստեպանիխան համարյա բացել էր բերանը՝ ներողություն խնդրելու և աղի մասին նախապես պատրաստածն ասելու համար, բայց հանկարծ քարացավ սարսափից։
Աղջիկը դեպի Անիսյան շրջվեց, բայց նրա արտացոլանքը առաջվանը մնաց։ Երկու միանման դեմքեր սևեռուն նայում էին Անիսյային՝ նույն կանաչ աչքերը, նույն թուխ մաշկը՝ շրջանակված սև-կապտավուն մազերով։ Միայն թե իսկական Վարվառան թվում էր զարմացած, այն դեպքում, երբ հայելու միջի Վարվառայի շրթունքներին ծիծաղկոտ ժպիտ էր խաղում։
Ստեպանիխայի կոկորդից խռռոց դուրս թռավ, և նա, չռելով աչքերը և խաչակնքվելով, դուրս թռավ։ Ի՜նչ կախարդ, իսկական չարք։ Իսկական անմաքուր ուժ։ Փախչե՛լ, միայն թե փախչել, փրկի՛ր ու պահպանի՛ր․․․
Վարվառան հազիվ հասցրեց աթոռից վեր կենալ, երբ մուտքի դուռը շրխկոցով փակվեց։ Նա թեթևակի մի կողմ քաշեց վարագույրը և տեսավ հարևանուհուն, որը, ձայնը գլուխը գցած և ձեռքերը թափահարելով, անշնորհք կերպով վազում էր կածանով։ Աղջիկը հոգոց հանեց, լուսամուտները վարագուրեց և նորից նստեց։
-Ի՞նչ է, տեղացիներից մե՞կն էր,- հետաքրքրասիրությամբ հարցրեց նրա արտացոլանքը։
-Այո՛,-պատասխանեց Վարվառան,- այնուամենայնիվ բռնեցրին, գրողը տանի։ Այստեղ անձնական տարածություն ասած բանը գոյություն չունի, բոլորը բոլորի համար ափի պես պարզված են․․․
-Եվ ի՞նչ ես անելու,- արտացոլանքի ձայնի մեջ անհանգստություն նշմարվեց։-Գո՞ւցե ժամանակից շուտ վերադառնաս, հը՞ն։
-Մի՛ վախեցիր, Լերա՛։ Նա, միևնույն է, ոչինչ չի հասկանա, բոլորի մոտ կշեփորահարի, թե ես վհուկ եմ։ Իսկ դա ինձ մի բան էլ ձեռնտու է։ Ավելի շատ նյութ կլինի աշխատանքի համար։ Բացի այդ, ինչ իմաստ ունի հիմա տեղափոխվելը։ Պետք է դիմում գրել, հետո բացատրագիր․․․ իսկ արդեն գրեթե ժամանակ չի մնացել․․․
-Դե՛, ինքդ որոշիր։ Միայն թե հենց ինչ-որ բան այնպես չլինի, ես քո Մաքս Միխալիչին էլ ոտքի կհանեմ, ողջ համալսարանն էլ։ Չեմ հավանում ձեր այդ փորձարարական ստաժավորումները, բայց դու գրեթե գիտությունների թեկնածու ես, այնպես որ չեմ փորձի խելք սովորեցնել գիտնականին։
-Եթե այդ ինչ-որ բանը պատահի, անմիջապես կկապվեմ քեզ հետ,- ժպտաց Վարվարան։
-Իսկ ես առանց այդ էլ կիմանամ,- պատասխանեց Լերան,- չէ՞ որ մենք՝ երկվորյակներս, իրար ոչ միայն հեռավորության վրա ենք զգում, այլ նաև ժամանակի միջով։ Դե՛, մինչ նոր տեսություն, Վարյանդյա՛, և հանկարծ մտքովդ չանցնի այդտեղ տեղացի մի սիրունի վրա խփնվել, նա շատ հնարավոր է պարզվի, որ քո նախանախապապն է։
-Չեմ համարձակվի։ Կտրվեմ Մաքս Միխալիչի մասին երազանքներին։ Ցտեսությո՛ւն։
Վարվառան անջատեց համակարգիչը և միացրեց էկրանը սքողող հայելային մակերեսը։ Հետո շրջեց սենյակներով, նայեց անկյունները և դարակները, նայեց բոլոր ճեղքերը ու գտավ քաթանե պարկը։ Աղջիկն զգուշությամբ հանեց այն ունելիով, տեղավորեց թափանցիկ պլաստմասե փաթեթի մեջ, ապա դրեց այն վառարանի խորքում թաքցրած սեյֆ-դիպլոմատի մեջ։ Այնտեղ արդեն ոչ քչաթիվ «նվերներ» էին պահվում հոգատար հարևաններից՝ կոկիկ խմբավորված ըստ կարգերի՝ «Բնական թուղթուգրեր(բմբուլների կապոց, ձվեր, խոտեր և այլն)», «Արհեստական, տնտեսական  թուղթուգրեր (ցիգանական ասեղներ, թելեր, մեղրամոմ)», «Թղթային թուղթուգրեր (մանրադրամներ գերեզմաններից)» և այլն։
Նոր պարկի պարունակությունը իր պատվավոր տեղն զբաղեցրեց բնականների շարքում։
Հիմա կարելի էր կցվել գործի, բայց դրանից առաջ Վարվառան վառարանի վրա ջուր տաքացրեց և կարգին լվաց գլուխը․ այդպես նա ավելի լավ էր մտածում։ Եվ թեկուզ Մաքսիմ Միխաիլովիչը՝ նրա գիտական ղեկավարը, պնդում էր, որ պետք է որքան հանրավոր է ջանադրաբար մերվել շրջապատի հետ և լվալ մազերը դեղնուցով ու մոխրով, աղջիկը, միևնույն է, կարողացավ իր հետ թաքուն վերցնել իր սիրելի շամպունը։ Դրանից հետո Վարվառան մահճակալի տակից հանեց խունացած թղթերի մի կապոց (ստիպված էր ատենախոսությունը ձեռքով գրել, որպեսզի խնայի համակարգչի լիցքը), գնդիկավոր գրիչ՝ սագի փետուրի նմանվող, և սկսեց արագ տողագրել «XIX դարի վերջին և XX դարի սկզբի տեղի գյուղական բնակչության տիպիկ վախերը և սնահավատությունները» խորագրի ներքո։
Սեղանի անկյունում վառվում էր հաստ «լուսատտիկը», և միայն Վարվարան գիտեր, որ իրականում դա  խրոնոպորտացիայի[1] լուսանկարչական ապարատի վարկյանացույցով արհեստական կրակ է, սարք, որը հին դարերում ռոմանտիկներն անվանում էին ժամանակի մեքենա։ Մեղրամոմի կաթիլների հետ միահյուսվելով՝ իրազեկ մարդը կարող էր տեսնել հետհաշվարկը։
Աղջկա աչքերն արդեն վաղուց ծուռ էին նայում։ Իհարկե, այստեղ հետաքրքիր էր, բայց այս բոլոր տաշտերը, ջրհորերը, մկները՝ պատի հետևում, և իհարկե փոսի տեսք ունեցող թափթփված պետքարանը…
Ստաժավորման ավարտին չորս օր էր մնացել։



Ռուսերենից թարգմանեց Արման Վերանյանը
Պատմվածքը համացանցում տարածելու կամ դրանից մեջբերումներ անելու դեպքում նշե՛լ սկզբնաղբյուրը:



[1] Խրոնոպորտացիա- ճանապարհորդություն ժամանակի միջով։

Նադեյա Յասմինսկա «Մոգի սրճարանը»


Եթե դու հազվադեպ ես օգտագործում թևերդ, դժվար է լինում դրանք բացելը:
-Նադեյա Յասմինսկա





Պատմվածքը կարող եք կարդալ ԱՅՍՏԵ՛Ղ:

  Պատմվածքը համացանցում տարածելու դեպքում պարտադիր նշել սկզբնաղբյուրը (Arman Veranyan's Blog)

2018-12-30

Զարթոնք

Ուշաթափվում էր անձրևը գետնին
Ու հեծծում էր նա ու կուրծքն էր ծեծում,
Գետինը խոնավ իր գիրկն էր բացում
Անձրևի ճկուն, հմուտ նազանքին:

Գետինն էին պագում փոթորկահալած ուռենիները
Եվ փոսաջրում սանրում էին փարթամ վարսերը իրենց,
Սարսուռ էր բռնում ջրափոսերի հայելու վրա,
Եվ փշաքաղվում էին մայթեզրին կարած փշալարերը:

Եվ մոլեգնում էր երկինքը տկար և փոթորկվում է
Խելահան եղած սապատավորի նման
Իր մեջքն էր ուռցնում, բաշն էր թափ տալիս
Զարթոնքն ավետում կենարար գարնան:

Գարուն, անձրևող ու փարթամ գարուն,
Մի ողջ հողագունդ ձեռքը վեր պարզած
Ու համակ, համառ սպասում դարձած
Աչքն էր իր պահում քո նազով գալուն:

Դու եկար հիմա ու բողբոջներով հղի ծառերը
Երկունքի բերկրանք շուտափույթ կապրեն
Եվ ձմռան սառույց-կտրող ժանիքից
Իրենց զգեստը կրկին կազատեն:

Ու կանաչ հագած նորահարսի պես
Նրանք կգեղեն քո զով-հով շնչից,
Նրանց սուտակե սաղարթը հիմա երկինք կձգվի
Ու այգաբացին կկախվի կրկին արփու շողերից:

Դու կյանք բերեցիր ու վետվետումներ արտերում ծաղկանց
Երփներանգ արբունք ու ծիլարձակման կանարար «հանցանք»
Ու բերեցիր դու ուշաթափություն մարգարիտներին երկնքից հորդող
Դու ուժ բերեցիր, դու բերրիացրիր ձմռանից հետո հողերին հառնող:

Միայնակ՝ բնության հետ


Ձգված էր հեռվում մի թուխ ծիածան,
Մոռ էր ամբողջը ու մուժ մթնշաղ:
Սարից գահավեժ գետերը անցան,
Ու կենդանիներ մատղաշ ու մատաղ:

Ձգված երկնքում ամպի քարավան,
Եվ ուխտեր ամպե և անհոգ գազան,
Լողում են անթև աղավնիները մով անապատով:

Օդե պարանին ճնճղուկներ մի բուռ
Չուն են փորձարկում իրենց անսարսուռ,
Ու քարավանում ամպերի այդ լուրթ
Գահավիժում աստղերը կապույտ:

Եվ հանդերձավոր ծառի կատարին
Մանուկ քամին էր խաղում չարաճճի,
Ու պագշոտ շուրթով դիպչում էր հողին
Ցրվում էր, հյուծվում առանց արճճի:

Ու սևազգեստ հողի բիրտ գրկում
Իր քունն էր առնում ամռան շեկ տապը,
Եվ լալահառաչ ամպերի տակ գիրգ
Վերջալույսը բոց տարածվում էր պիրկ:

Արարչագործություն


Երկնքի ծոցից էսօր
Նորից քրտինք է կաթում,
Կենարար քրտինք,
Որ խառնվում է աշխատավորի
Քափ ու քրտինքին:

Խեղճ ռանչպարն էսօր
Իր եզը լծած
Հորովելն է լուռ, մտածկոտ, թախծոտ
Նորից կրկնում:

Ու ամեն բառից տանջանք է ծորում:
Ամեն բառի հետ նորից կոկոնում
Ու աչքն է բացում կրակոտ հունձքը,
Ու ամեն բառից երկինքն է էլի
Խոլ փշաքաղվում,
Որ քրտինք տեղա,
Կենարար քրտինք,
Որ արարելու համար է կոչված:

Ու աշունքացած դաշտերում, ահա՛,
Բերքն է խլվլում,
Ամեն մի թփից ու ամեն պտղղից
Շնորհ է բուրում:

Ու մարգարտացած բերքի մառանից
Աշխատավոր պապը թոռանն է մեկնում
Արարչագործի արգելած մեղքը,
Որ հենց ինքն է նաև արարում…

Կռո՛ւնկ, ասա՛, ուսկե՞ կուգաս


Կռո՛ւնկ, ասա՛, ուսկե՞ կուգաս,
Երկրէն մի՞թե խաբար չէրած,
Միթե մանչ ու մերիկ գերի,
Հպատակ են դեռ օտարի:

Գթա՛, կռունկ, համր լացով
Մի կոտորե սիրտս խռով,
Մի՞թե Երկրէն մենակ գույժեր
Ու ավետիս դուն չես բերեր:

Խոսա՛, կռունկ, ինչո՞ւ ատեն,
Երբ հայության պետք էր մեկեն
Ե՛վ բարեկամ, և՛ լավ հոգի,
Հիասթափվինք կրկին մարդէն:

Կռունկ, չվիր, Երկիր նորեն
Ու աչքերիդ մեջ ամբարէ
Մեր ապագան, մեր հույսը ծով,
Ոգին տոկուն, հոգին խռով:

Չվիր, կռո՛ւնկ, Երկիր նորեն
Թո՛ղ աչքերդ լույսը տանեն:

Առանց աստառի

Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես.
Մի՛ ծրարեք ինձ

Եվ մի՛ սոսնձեք... (Պ.Սևակ)

Բովանդակ աշխարհի դեմ
Ահա՛, բաց եմ ես,
Եվ բաց են դռները
Հոգուս կարճատես:

Օտարին բարիք
Ու բերք եմ տալիս,
Ոգի բաժանում
Ու հույս շաղ տալիս:
Անցնող-դարձողին
Բարևում պատշաճ,
Իսկ նրանք տգետ,
Նրանք քմահաճ:

Իսկ նրանք տրտունջք
Ու պահանջ անում,
Իսկ նրանք մորմոք
Ու մաղձ են մխում:
Բովանդակ աշխարհի դեմ
Ես եմ, բաց եմ, տե՛ս,
Բայց գոց են աչքերը 
Մարդկանց դժնատես:

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...