2016-03-20

Վահան Թեքեյան- Քու հիշատակդ այս գիշեր

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե․
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,
Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,
Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես
Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,
Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,
Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչաթ զիս հարուստ,
Այնչափ բարի, երջանիկ․․․ որ գթությամբ մը անհուն

Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն․․․

2016-03-18

Հրաչյա Սարուխան. երկրի ու բանաստեղծի միասնության աքսիոմը

Հայտնի բան է, որ հայ իրականության մեջ բազմիցս անդրադարձել են բանաստեղծին՝ բանաստեղծական շնորհով օժտող քողարկված զորության ակունքները փնտրելու գործոնին: Հայ գրականության մեջ՝ միջին դարերում հատկապես, արծարծվում էր երկու տեսակետ. առաջինի կրողները հավատում էին, որ մարդուն այդ շնորհքը տալիս է երկրի ու երկնքի տերը՝ Աստված, երկրորդ տեսակետի կողմանկիցները պնդում էին, որ մարդը իր տաղանդը ստանում է սեփական չարչարանքների գնով, կարծես թե յուրատեսակ Գողգոթայի ճանապարհով, ճանապարհ, որի վերջում մարդու մահն էր թաքնված, և միևնույն ժամանակ՝ բանաստեղծի ծնունը:
  Հրաչյա Սարուխանը, որպես ժամանակակից հայ գրականության ռահվիրաներից մեկը, բացառապես այլ տեսակետ է հայտնում վեճի առարկա հարցի շուրջ: Նա բանաստեղծի ծնունդը կապում է ո՛չ Աստծո, ո՛չ սեփական անձի, ո՛չ էլ ժամանակի ու նրա ներկայացրած պահանջների հետ,ինչպես դա անում էր Սևակը (Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած): Այս բանաստեղծը, որ խորն արմատներով ու հազար անտեսանելի ու տեսանելի թելերով կապված է իր բնօրրանին, իր ծննդավայրին, իր հողին ու ջրին, մարդուն «բանաստեղծ դարձնող» կոչում էր հենց հայրենինքը՝
Քոնն եմ և արդ. օրհնությամբ
Ինձ պոետ կարգիր,
Բարեբանի՛ր քնարն իմ,
Շնորհազարդի՛ր:
  Այն ջերմ սերը, որ տածում է հեղինակը առ իր հայրենիքը, առ Հայք երկիրը, կենարար երակի պես անցնում է բանաստեղծության ամեն մի օրգանով, շնչավորում այն, դարձնում հասանելի, դարձնում այն հարազատ ընթերցողին, դարձնում նրան ավելի մտահոգ երկրի ապագայի հանդեպ: Եվ նրա հայերնասիրական քնարը դաստիարակում է ապագայի հերոսների, ապագայի նվիրյալների՝ ճանապարհ բացելով ապագա հույսին:
Թող Մասիներն ահազանգեն
Զույգ  զանգերով զրնգուն,
Թո՛ղ սասանվի Ագռավաքարն,
Ու Մհերը ելնի դուրս՝
Միաբանի՛ յուր ծռերին
Հավատամքով սասնագույն,
Որպես հանուր քաջալերանք,
Որպես համակ խրախույս:

  Հեղինակը սիրտը մղկտում է Հայրենիքին հասցված նզովքենրի, նրա «հտպիտ» զավակների, ազգամիտ խոսքը հոխորտանքով փոխարինած «տեսական որդոց» համար: Սարուխանը ուզում է տեսենել իր հայրենինքի ծովասույզ արեգակների վերակենդանացումը ամեն օր, աստվածային լույսի փարումը իր Հայքի մի պատառ հողին, եվ բանաստեղծն ուխտում է անել ամենայն հնարավորը՝ հայրենիքի որդիների դարձի, նրա վերածնման համար, իսկ...
Նպատակիդ հանդիման
Եթե նահանջեմ,
Թող պատիժդ ատրագույն
Ցմահ ինձ տանջե:
  Ամփոփելով՝ կուզեմ վերջին մեջբերումը կատարել նրա գործերից, որտեղ երևում է բանաստեղծի անհուն սերը, նրա խանդավառությունը, նրա անսկիզբ ու անծայր նվիրումը իր Հայքին.
Ահա քանի դար ճաշակում եմ քեզ,
Բայց Սովյալի պես

Քաղցած եմ էլի...

2016-03-17

Հրաչյա Սարուխան- Յոթ մահացու մեղք

1.
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
-Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում
Ողորմություն տա՛լ պատառը վերջին:

2.
Ո՜վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…
-Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն
Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն:

3.
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…
-Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում
Անառակ որդուն ներե՛լ ի սրտե:

4.
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես…
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես:

5.
Շատ ենք բարբառում ուրացման մասին:-
Օ՜, ո՜նց ենք սիրում լվից ուղտ շինել…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին
Պետրոսի նման… գոնե լա՜ց լինել:
6.
Հուդայի դատն ենք անընդհատ վարում:-
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…
-Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում
Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ:
7.
Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
-Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ
Նրա դառնահամ գավաթը կիսե՛լ:

2016-03-11

Աղասի Այվազյան-Եկեղեցի

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։
Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։
Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։
Եվ այդպես ամեն կիրակի։
Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում...
Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից...
Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր...
Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում...
Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա...
Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց...
Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը...

2016-02-21

James Bond. հերոս, որ եկավ հեղաշրջելու լրտեսական գրականության ապագան

Ծանոթացե՛ք, նկարում աշխարհում ամենահայտնի սուպերլրտես Ջեյմս Բոնդի «հայրն է»՝ Յան Լանկատսեր Ֆլեմինգը (1908-1964): Տարբեր տեղեր իր ուժերը փորձելուց, և դրանցից որոշներում անհաջողության մատնվելով, ի վերջո, 1931 թ-ին Յան Ֆլեմինգը դառնում է լրատվական «Ռեյտեր» ընկերության լրագրող: 1933-ին նրան ուղարկում են Մոսկվա՝ լուսաբանելու անգլիացի վեց մասնագետների դատը, որոնք մեղադրվում էին լրտեսության մեջ: Չնայած հաջողված առաքելությանը՝ Ֆլեմինգը դրանից հետո թողնում է լրագրողական գործունեությունը: Սակայն 1939թ-ին նա նորից ընկնում է նույն ցանցի մեջ: Արդեն օգտագործելով իր ունեցած կապերը արտաքին գործերի նախարարությունում՝  նա նորից է գալիս Մոսկվա՝ այս անգամ որպես «Թայմս» ամսագրի լրագրող: 1939թ-ին ծառայության է անցնում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերում և ծառայում է այնտեղ մինչև մահ: Նման բուռն կյանքով ապրած նախկին լրագրողի, ամենահայտնի գրողներից մեկի և ռազմածովային ուժերի ներկայացուցչի մահը վրա է հասնում ամենասովորական պայմաններում: Նա մեռնում է 1964 թվակաինի օգոտոսի 12ին սրտային անբավարարության նոպայից գոլֆ խաղալիս: 
Իսկ այժմ անդրադառնանք նրա գրական զավակին՝ Ջեյմս Բոնդին:
Ջեյմս Բոնդը, ով հանրությանը հայտնի է նաև Agent 007 անունով, Յան Ֆլեմինգի մտացածին հերոսն է, ով ծառայում է բրիտանական հետախուզական-լրտեսական հորինված գործակալությունում ՝ MI6-ում: Գրքերին ավելի մեծ ճանաչում բերեց դրանց էկրանավորումը: Բոնդի տարբերակիչ որակներն են՝ արկածախնդրությունը, վճռականությունը, հակամարտությունները ուժով լուծելու հակումը, միևնույն ժամանակ նա ունի playboy-ին հատուկ բոլոր հատկանիշները՝ կիրք կանանց հանդեպ, թուլություն խաղերի և ոգելիչ խմիչքների հանդեպ:
Ֆլեմինգտ Բոնդին հորինեց նացիզմի դեմ պայքարի տարիներին: Բոնդը Բրիտանական հետախուզության  թագավորական նավատորմի պետի անձնական օգնականն էր: Առաջին գրքի՝ «Խաղատուն «Ռոյալ»»-ի հրատարակությունից հետո Ֆլեմինգը «Sunday times»-ի իր գործընկերոջը պատմել է, որ վեպը գրելու հետաքրքրություն նրա մեջ առաջ է բերել պատերազմի ընթացքում հետախուզական  ըներության արխիվում նրա կարդացած նյութը Սիդնեյ Ռեյլիի արկածների մասին:
Բացի Ռեյլին, Բոնդի համար նախատիպ են ծառայել նաև մի շարք ուրիշ իրական անձինք, ինչպես ՝ Ռոբերտ Բրյուս Լոկհարտ, Պոլ Դյուքս, Ջորջ Հիլ, Բուլդոգ Դրամոնդ և ուրիշներ: 
Շատ գրականագետներ կարծում են, որ Բոնդը հենց հեղինակի ռոմանտիզացված կերպարն է: Ե՛վ Ֆլեմինգը, և՛ Բոնդը հաճախել են նույն դպրոցները, նախընտրում եմ նույն ուտելիքը (ձվածեղ և սուրճ), ունեն նույնական սովորություններ, նրանց դուր են գալիս նույն տիպի կանայք, և, ի վերջո,  երկուսն էլ իրենց ծառայության մեջ հասել են մինչև հրամանատարի կոչմանը:
Հերոսի անվան ընտրության հարցին անդրադառնալով՝ Ֆլեմինգը «Ռիդերզ Դայջեսթ» հրատարակչությանը նշել  է, որ փնտրել է պարզ և չեզոք մի անուն. «անանուն բութ գործիք կառավարության ձեռքին, չեզոք գործիչ՝ շրջապատված էկզոտիկ տեսարաններով»:  
Հետաքրքիր պատմություն է կապում իրական Ջեյմս Բոնդ անվանակրին, ով այդ ժամանակ Անգլիայում ապրող հայտնի թռչնաբան էր, և Ֆլեմինգին: Թռչունների գիտակ Բոնդը մի օր, այլևս չդիմանալով այն հանգամանքին, որ իրեն անընդհատ համեմատում են գրականության հերոսի հետ,  այցելում է Ֆլեմինգին: Որպես փախհատուցում Ֆլեմինգը նվիրում է նրան Ջեյմս Բոնդի մասին իր նոր գիրքը՝ կատարելով հետևյալ մակագրությունը. «To the real James Bond from the thief of his identity (Իրական Ջեյմս Բոնդին՝ նրա ինքնությունը գողացողից)»:
Իսկ արդեն Բոնդի թվահամարը՝ 007-ը, Ֆլենինգը խոստովանել է, որ վերցրել է անգլիացի լրտես Ջոն Դիից, ով իր գաղտնի նյութերը ստորագրում էր հատուկ գլիֆով, ինչն  իրենից ներկայացնում էր երկու օղակ և անկյունաձև փակագիծ, որ հիշեցնում էր 7 թիվը: 
ԲՈՆԴԻ անձնական իրերը: Ատրճանակ- Յան Ֆլեմինգը խոստովանել է մի անգամ, որ ինքը ոչինչ չի հասկանում զենքի ասպարեզում: Նա իր հերսի ձեռքում դնում է 6,35 մմ-անոց Բերետ 418, մինչև որ զենքի մասնագետ Geoffrey Boothroyd-ը նրան նամակ չի ուղարկում՝ սեփական դիտարկումով, դիտողությամբ և խորհրդով: Դրանից հետո բոնդի զենքը փոխվում է 7,65 մմ-անոց Walther PPK-ի: Իր շնորհակալությունը հայտնելու համար Ֆլեմինգը գրքում հանդես եկող զինագետ Q-ին կոչում է մայոր Boothroyd:
 Բոնդը հայտնի է նաև իր մոդայիկ կոստյումների հանդեպ ունեցած թուլությամբ: Նրա աքսեսուրաների մաս է կազմում նաև ժամացույցը: Ֆիլմի նկարահանման ժամանակ որոշվում է, որ այն պետք է լինի Rolex-ի արտադրության, սակայն երբ չեն կարողանում համաձայնության գալ ընկերության հետ նկարահանման ընթացքում նրանցից ժամացույց փոխ առնելու հարցում, ռեժիսյոր Ալբերտ Բրոկոլին հանում է իր ձեռքի Rolex-ը և տալիս դերասանին: Սակայն ժամացույցի մոդելները գրքում նշված չեն, և նկարահանող ընկերությունները ազատ են եղել իրենց ընտրության հարցերում:
Բոնդի կերպարի անբաժանելի մասն է կազմում նաև «օղիով մարտինի» կոկտեյլը. «Сухой мартини…в глубоком бокале. Три доли джина Gordon, одна водки, половина Kina Lillet. Взболтай это хорошо пока всё ледяное, затем длинную тонкую корочку лимона. Понятно?» (Յ. Ֆլեինգ «Խաղատուն «Ռոյալ»», Kina Lillet- դառը վերմուտ, որն այլևս չի արտադրվում):

Բոնդիանայի շարքի գրքերը, հեղինակ՝ Յան Ֆլեմինգ
1953-Խաղատուն Ռոյալ
1954-Ապրիր և թույլ տուր մեռնել
1955- Լուսնային մրցարշավորդը
1956-Ադամանդները հավերժ են
1957-Ռուսաստանից, սիրով…
1958-Բժիշկ Նո
1959-Գոլդֆինգերը
1960-Միայն ձեր աչքերի համար (պատմվածների հավաքածու)
1961-Ասուպների կայծակ
1962-Լրտեսն, ով ինձ սիրում էր
1963-Նորին մեծություն թագուհու գաղտնի ծառայությունը
1964-Ապրում ես ընդամենը երկու անգամ
1965-Ոսկե ատրճանակով մարդը
1966-Ութոտնուկ և կայծեր աչքերից (պատմվածքների հավաքածու), 1967 թվականի հրատարակության մեջ վերնագիրից մնացել էր միայն «Ութոտնուկը»,  սակայն 1990 թ-ի հրատարակության ժամանակ գիրքը վերստացավ իր նախկին անվանումը:

Երբ մահացավ Բոնդի հայրը՝ Ֆլեմինգը, նրա կինը իրավունք տվեց շարունակել այլ գրողներին Գործակալ 007-ի մասին պատմող սագան: Gildrose Productions Ltd-ընկերությունը՝ վերանվանված Ian Fleming Publications, ով զբաղվում էր Բոնդիանայի գրքերի հրատարակմամբ, առաջարկում է Ջեյմս Լիզորին դառնալ Բոնդի մասին պատմող հաջորդ գրքի հեղինակը, սակայն վերջինս հրաժարվում է: Բոնդիանան շարունակելու առաջարկն ընդունում է Քինգսլի Էմիսը, ով Ռոբերտ Մարկեմ կեղծանվան տակ գրում է «Գնդապետ Սուն» գիրքը: Ընդհանրապես հրատարակչատունը որոշել էր Ֆլեմինգի մահից հետո թողարկված բոլոր գրքերի հեղինակներին հրատարակել Ռոբերտ Մարկեմ կեղծանվամբ: Բոնդիանայի աշխարհը իրենց գրքերով հետագայում համալրեցին նաև այնպիսի գրողներ, ինչպես, օրինակ, Ջոն Պիրսոնը, Քրիստոֆեր Վուդը, Ջոն Գարները, Ռեյմոնդ Բենսոնը, Սեբաստիան Ֆոլքսը, Ջեֆրի Դիվերը և Ուիլյամ Բոյդը: 
Daniel Craig-այս պահի դրությամբ
վերջին դերասանը, ով խաղացել է
Ջեյմս Բոնդի դերը
2008թ.-ին Ֆլեմինգի ծննդյան 100ամյակի կապակցությամբ Սեբաստիան Ֆոլքսը գրեց իր «Սատանան չի սիրում սպասել» գիրքը: 2010 թվականին Ջեֆրի Դիվերը հրատարակեց իր «Քարթ-բլանշ» գիրքը, որը նույնպես կազմում էր Բոնդիանայի շարունակությունը, և որի գրելnւ և հրատարակելու ծախսերը իր վրա էր վերցրել Simon & Schuster հրատարակչատունը:  Այս պահի դրությամբ Գործակալ 007-ի մասին գրված վերջին գրքի հեղինակը Ուիլյամ Բոյդն է, որի գիրքը՝ «Սոլո», հրատարակվեց 2013 թ-ին Անգլիայում Jonathan Cape հրատարակչության հովանավորությամբ: 

Ֆլեմինգի, ինչպես նաև Բոնդիանան շարունակող մյուս գրողների, գրքերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Բոնդի մասին պատմող ֆիլմերի և այդ ֆիլմերում MI6-ի գործակալի դերը խաղացող դերասանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել այստեղից: 

Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...