2016-02-20

Հովհաննես Թումանյան. հայ ժողովրդի կենսագիրը (147 տ. )

 Հովհաննես Թումանյան. հայ  ժողովրդի ազնիվ կենսագիրը
(1869-1923)
 Թվում է՝ Թումանյան հեղինակի մեջ որևէ հանլելուկ, ուսումնասիրման որևէ նոր նյութ չի մնացել: Թվում է, թե ամեն ինչ ասել են այս Լոռեցի հանճարի մասին, ասել են, այն էլ ինձնից հազար գլուխ ավելի լավ: Թումանյանը մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրված այն փոքրաթիվ գրողներից է, ով դեռ մանկուց արմատավորվում է ցանկացած հայի մեջ: Ինձ թվում է՝ կարիք չկա պատմելու բոլորիս քաջ ծանոթ այն պատմությունը, երբ Իսահակյանին շփոթում են Թումանյանի հետ: Սա և սրա պես շատ դեպքեր ապացույց են, որ Թումանյանը, ի տարբերություն մեր շատ ու շատ գրողների, դեռևս կնդանության օրոք մեծ ճանաչում էր ձեռք բերել և վայելում էր  ժողովրդական սերը:
Թումանյան հանճարը վաղուց արդեն դադարել է դիտարկվել որոշակի ժամանակահատվածի մեջ: Թումանյանը դուրս է տարածության ու ժամանակի կաշկանդող կապերից. Նա կար երեկ, կա այսօր, և դեռ լինելու է այնքան, որքան ապրելու է նրա մտահոգության առարկա ժողովուրդը:
Դիտարկել Թումանյանին միայն մի որոշակի շրջափուլի մեջ, կնշանակի վիրավորել նրա անձը: Առանց նշույլ իսկ չափազանցության: Ինչպես կարող ենք կաշկանդել նման գիգանտ մտածողին, երբ նրա երկերը համազգայինի քողով ներկայացնում են համամարդկայինը, երբ նա՝ իր գեղարվեստական մտքի ու պարզ հոգու ներդաշնակությամբ կերտել է անմեռ հերոսներ: Որքան որ անմեռ են նրա հերոսները, նույնքան և անմեռ է Թումանյան հանճարի հիշատակը մեր մեջ:
Թումանյանը ավելի, քան ուրիշ մեկը, արդարև արժանացել է  «ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանն ու պարտավորությանը: Նա,ավելի, քան ուրիշը արժանի է կրելու հայ ժողովրդի կենսագիր տիտղոսը, և դիպուկ է նկատել Սևակը, որ
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում - նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...    
(Պ. Սևակ, Անլռելի Զանգակատուն)  

Թումանյանը Թիֆլիսում Սայաթ Նովայի ծննդյան տոնակատարությունների մասին խոսելիս գրում է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր կարծում են, թե Սայաթ-Նովան մոդայիկ է դարձել, և որ կգա ժամանակը, և նրա անունն էլ կխամրի հայ գրականության երկնակամարում: Թումանյանը հակադարձում է նրանց, ասելով. «Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի. Նրան մին լսողը երկրորդ անգամ լսեսլիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա»: Ի՞նչ իմանար այս հմուտ հանճարը, որ իր մահից 147 տարի հետո էլ նրա համերկրացի մեկը,  նայելով ուղիղ ճշմարտության աչքերին, պիտի նույնը ասի հենց իր մասին:
Ընդհանրապես հայտնի բան է, որ չափածո ժանրերը ամենաինտիմն են, սակայն շատ հաճախ բանաստեղծական ձևը, կառույցը, պարփակվածությունը հնարավորություն չեն տալիս խոսել որևէ թեմայի շուրջ նույնքան ազատ, գունեղ ու համակողմանի, ինչպես դա հնարավոր է անել արձակի միջոցով: Այս պարագայում ես չեմ ուզում անդրադառնալ Թումանյանի գեղարվեստական արձակին: Ես ուզում եմ քննության առնել Թումանյանի մարդ տեսակը, նրա մտահոգությունների շրջանակը՝ ելնելով նրա իսկ  հոդվածներից: Ի դեպ դրանցից որոշներում արծարծվող թեմաները այնքան արդիական են, որ շարունակում են պահպանել իրենց կարի անհրաժեշտ լուծում գտնելու պահանջը ցայսօր:
Դատողությություններ անելով մարդու կեղծիք սիրող բնավորության մասին՝ իր «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը ցավով արձանագրում է, որ «…Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՛րքան դերասաններ ունի...»: Նա ամբողջ սրտով ընդդիմանում է այդ կեղծապաշտ մարդկանց գոյության դեմ, քանի որ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»: Կյանքի այդ ստակուռ նվաստներին նա նա խարազանում է «ցածեր և կեղծավորներ» դիմորոշմամբ; Սակայն ցավը նա համարում է ոչ միայն այդպիսիների գոյությունը, այլ նաև այն, որ այդպիսնիները սնվում և իրենց դերը շարունակում են խաղալ ժողովրդի անունից: Նրան համար ստեղծված է մի անպատժելիության միջավայր, քանի որ «ձայն մեծամասնության է ճշմարտություն»: Նա իր հոդվածը սկսում է մի նախադասությամբ, որը կարծես թե գրված է ոչ թե դարուկես առաջվա իրականության մասին, այլ այն իրականության, որում մենք ենք ապրում: Թումանյանը գրում է. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»:
Ընդամենը 54 տարի ապրած ամենայն հայոց բանստեղծը իր հոգուն ծանրացած Մեծ ցավի մասին խոսում է համանուն հոդվածում: Նա, որ հասցրել էր ծառայել իր ազգին, իր  ժողովրդին հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, նա որ իր կյանքը հրապարակ էր դարձրել, իրեն էլ «խալխի նոքար» (ինչպես կասեր Ս. Նովան), ցավում էր, շատ էր ցավում, որ այդ նույն ժողովուրդը չէր գնահատում, չէր ճանաչում ինքն իրեն: Ժողովրդի ցավով ապրող բանաստեղծը մեծագույն ցավ էր համարում, ոչ թե այն, որ օտարերկրացիները մեզ չեն ճանաչում, այլ այն, որ «Մենք էլ մեզ չենք ճանաչում»: «Երկիր ունենք — չենք ճանաչում, պատմություն ունենք — չենք ճանաչում, ժողովուրդ ունենք — չենք ճանաչում, գրականություն ունենք — չենք ճանաչում, լեզու ունենք— չենք իմանում»,- սրտակեղեք փաստագրում է հեղինակը: Նրան զայրացնում է այն հանգամանքը, որ մեր մեջ բույն է դրել օտարամոլությունը, և այն, որ պատմությունը մեզ դաս չի տվել. «պատմություն ունենք-տգետ ենք»:  Հեղինակի արդիականություն կուզեք ասել, թե մարգարեություն, միևնույն է, փաստը մնում է փաստ, այն ցավը, որ կեղեքում էր մեծն բանաստեղծին, այսօր նոր ուժգնությամբ ու նոր հորձանքով կանգնել է ժողովրդիս կոկորդին, ու սպառնում է մարսողական խանգարում առաջ բերել, եթե նա չհանձնվի: Եվ ուզում եմ հավատալ, որ Սևակը չի սխալվել, ասելով, թե «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը կծնի մի նոր Թումանյան, ով կշարունակի իր անվանադիր նախնու պայքարն ու պատգամը:
 Հետաքրքիր ու հետաքրքրաշարժ է նրա «Ձևն ու հոգին» հոդվածը, որտեղ ընդհանուր առմամբ խոսում է հայ թատերգության ու թատրոնի կանխատեսելի մահվան մասին: Սակայն մինչ բուն նյութին անցնելը Թումանյանը հետաքրքիր դատողություններ է անում ձևի և բովանդակության վերաբերյալ, և ցավով ընդունում այն փաստը, որ հաճախ մարդը ապավինում է ձևին՝ մոռանալով հոգու կարևորության մասին. «Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը — ձևը և ներքին իմաստը —հոգին:  Ապրողը,  գեղեցիկը,  կատարյալը  դրանց  ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը,  դժբախտաբար,  շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքինիմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններովլոկ ձևեր են պաշտում»:
Ավարտելով այս փոքրիկ քննություն-վերլուծությունը՝ ուզում եմ անդրադառնալ Թումանյանի «Նորերի համար» հոդվածին: Այն թեման, որ արծարծվում է այստեղ, ավելի քան շնչակտուր-արդիական է: Այսօր, որքան էլ ցավալի չլինի դա, հայ գրականության երիտսարդ ներկայացուցիչները կամ անտեսված են, կամ տաղանդները մերժված են ու առաջ են մղված այնպիսի դատարկագլուխներ, որոնք հայաբառ անգամ գրել չգիտեն, ուր մնաց՝ հայերեն ու հայեցի: Վերոնշյալ հոդվածում Թումանյանը ևս ցավում է այն տաղանդների համար, ովքեր անտարբերության կամ ծաղրի զոհ են դառնում. «Հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա»: Թումանյանը գիտակցում էր, ի տարբերություն ծաղրող կրիտիկոսների, որ սերնդափոխությունը բնական-կենսաբանական երևույթ է; Եվ որ ավագ սերունդը ոչ թե պետք է խեղդի նոր ծլող սերմերը, այլ խնամի դրանք, և ուղղորդի ճշմարտության շառավիղներով: Հները կան այո՛, բայց ՆՈՐԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ:

Հեղինակ՝ Արման Վերանյան

2016-02-15

Ի.Ա. Բրոդսկի "Նատյուրմորտ" // И.А. Бродский "Натюрморт"

“Натюрморт, стих 9”

Verra la morte e avra i tuoi  occhi.
C. Pavese
Մահը կգա, ու նա քո աչքերը կունենա:
Չ. Պավեզե


Ինչ-որ բան: Դարչնագույն իրեր,
Որոնց ուրվագիծն է մթնոտ,
Մթնշաղ: Չկա այլևս ոչինչ,
Նատյուրմորտ…

Մահը կգա, կգտնի
Մարմին, որի հանգիստը լոկ
Այցետոմսն է մահի,
Ճիշտ է թե որ,
Կնոջ գալուստ կցուցի:

Աբսուրդ է դա, անհեթեթ,
Գանգ թե կմախք, գերանդի…
«Մահը կգա, ու նա
Քո աչքերը կունենա»:

Թարգմանությունը՝ Արման Վերանյանի

Ս. Եսենին "Մինչ նոր տեսություն, ընկեր իմ..."// С. Есенин "До свиданья, друг мой, до свиданья…"

“До свиданья, друг мой, до свиданья…”


Մինչ նոր տեսություն ընկեր իմ, մինչ նոր տեսություն
Իմ անգին, հավետ կմնաս դու իմ հոգու մեջ
Նախասահմանված բաժանումները միշտ էլ
Նոր հանդիպումներ են խոստանում:

Անձեռք ու անխոս մինչ նոր տեսություն
Չտխրես ու հոնքերդ չկիտես,
Նոր չէ, արդեն քանի դար մահը այս կյանքում
Բայց և ապրելը՝ նորույթ չէ նույնպես:

Թարգմանությունը՝ Արման Վերանյանի

Ս. Եսենին "Օրը հանգավ..." // С. Есенин "День ушел..."

“День ушел, убавилась черта…”

Օրը հանգավ, մոտ է արդեն եզրագիծը,
Ու ես նորից գնալու եմ պատրաստվում:
Ճերմակ ափիս թեթևակի,խուլ հարածքը
Տարիների գաղտնիքալի ջուրն է ճողփում

Ցուրտ փրփուրների դեզերը կուտակ
Կապույտ հորձանքով բախտս են ծեծում,
Նոր մի խորշոմ է դնում շրթնիս տակ՝
Կնիքը համր լռության դարբնում:

Ու ամեն նոր օր ես խորթ եմ դառնում
Թե ինձ, թե ում որ կյանքը դա կամեց,
Ինչ որ դաշտի մեջ, ուղիղ սահմանում
Ստվերս իմ ձեռքով ինձնից ծվատվեց:

Ցոփ-մերկանդամ էր, երբ գնում էր նա՝
Տանելով իր հետ ուսերս տկար,
Ու հեռվում է նա,շատ հեռվում հիմա
Փարվում է ուրիշի ուսին քնքշաբար:

Գուցե թե հիմա փարվելով նրան,
Մտիցը հավետ հանել է նա ինձ,
Ու խորտակվելով տեսիլքում մթան
Շտկել է ծալքերը, խորշոմքը շրթան: 

Բայց ապրում է նա անցյալի ձայներով,
Հանց արձագանք, շրջում լեռներում,
Ու նկարն եմ ես՝ լոկ սև ստվերով,
Կապույտ շուրթերով այժմ համբուրում: 

Թարգմանությունը՝ Արման Վերանյանի

2016-02-13

Ակսել Բակունց. բնության գովերգակը այս մահկանացու աշխարհում

<<Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ>>,- այսպես է ձևակերպել բնության հետ գրողի և ընդհանրապես մարդու կապը հայ իրականության մեջ բնությանը այդքան ներդաշնակ գրող Բակունցը։  Պատահական չէ, որ բնությունը նրա դիպուկ գրչի տակ հոգի է առնում, շատ անգամ խոսում հերոսների փոխարեն, ծիծաղում գարնանային արևի պես և լաց է լինում մառախուղի միջից։
Բակունցի բնության և մարդու փոխհարաբերության, ներդաշնակության մասին գրած ստեղծագործությունները մեծամասամբ  ամփոփված են նրա <<Մթնաձոր>> (1927թ.) ժողովածուում, որտեղ յուրաքանչյուր պատմվածք, հանձնվելով թղթին, նոր կենդանություն ու կյանք է ստացել։ Անմահացել են մարդը ու աշխարհը Բակունցի տաղանդի շնորհիվ, և տասնամյակներ շարունակ նրա գրվածքները պահպանում են իրենց արդիականության շունչը։ Այս միշտ արդիական լինելու գաղտնիքներից մեկն էլ թերևս հենց բնությունն է, որ հավերժ է ինչպես մարդկությունը և անկեղծ ու մաքուր՝ ինչպես մանուկը։
Աշխարհը բակունցյան պատմվածքներում ձուլվում է բնությանը, նրա ներքին օրինաչափություններին, առնում է բնության նախաստեղծ դեմքը և տալիս այն մարդուն՝ որպես բնության բացարձակ հաղթանակ և որպես գերակայություն մարդկային հոգիներին։ Բնությունը թևավորվում է Բակունցի տողերում, դառնում մարդկային սրտի անմեկնելի գաղտնիքների բանալի։ Ի վերջո, կարող ենք վստահությամբ ասել, որ մարդն ու բնությունը ապրող ու շնչող մեկ ամբողջական կենսագոյություն են։
Ահա Մթնաձոր կոչվող անտառը։ Այստեղ կենդանություն են առնում առասպելներն ու մարդածին մտապատրանքները։ Եղել են արդյոք նրանք, թե՝ ոչ, չենք կարող ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել, միայն մի բան է պարզ, որ <<․․․ մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի, թվում է, թե այդ մի մոռացված  անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում>> (<<Մթնաձոր>>)։ Ուշադրություն դարձնելով` մենք հասկանում ենք, որ Բակունցի համար բնությունը նախաստեղծ էր և առաջնային անգամ մարդուց։  Չկար մարդը, երբ Մթնաձորն ուներ իր <<կանոնադրությունը>>, իր նիստուկացը, չկար մարդը, երբ անտառի միակ տիրակալները վայրի գազաններն էին․ <<Գիշեր է դառնում և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները>>(<<Մթնաձոր>>)։  Դա գյուղաշխարհի այն անկյունն է, որտեղ «մարդը ձուլված է բնության մեջ, բնությունը՝ մարդու, ժամանակի նվազագույն միավորը դարն է, և կարծես թե մարդու ապրելակերպի ու մտածողության վրա որոշակի նկատվելիս լինի քսենոֆոնյան ժամանակների դրոշմը։ Եվ եթե Մթնաձորի անտառներից հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր ժամի առաջ, այնքան էլ չէին զարմանա։ Ալևոր մարդիկ կհավատացնեին, որ փիղը մեծ արջ է, և գյուղը կհավատար»։
Բնության ու մարդկային ճակատագրի մի հոյակապ զուգահեռում է անցկացվում Բակունցի <<Ալպիական մանուշակ>> պատմվածքում։ Պատմվածքը սկավում է Լեռնային Հայաստանի բնաշխարհը ներկայացնող մի գեղեցիկ նախաբանով, որն ավարտվում է բոլորին քաջ հայտնի մի նախադասությամբ․<<Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան>>։ Այո՛, պարապ մարդուն կարող է աշխարհը կատարյալ դրախտ թվալ, սակայն այլ էր իրականությունը։ Մարդը այս կողմերում պարապ չէր կարող լինել, և մարդուց էլ նախաստեղծ բնությունը մոռացվել էր մահականացուների կողմից, քանի որ  դրված էր ապրուստի խնդիրը։ Ամեն անգամ ալպիական մանուշակի ծաղկումը չէր նշանակում այլ ինչ, եթե ոչ, որ ժամանակն է  «այծ ու ոչխարը քշել բերդի լանջերը, պարկը պանրով լցնել ու ձմեռը կրծել կորեկ հաց ու այծի պանիր»։  Գյուղացիներից բացի պատմվածքում կան ևս երկու գործող անձինք՝ հնագետը և նկարիչը։ Նրանք երկուսն էլ այլ կերպ էին ընկալում աշխարհը և իրենց շրջապատող չքնաղ բնությունը։ Եթե հնագետի համար աշխարհը ընդարձակ թանգարան էր,  ուր ոչինչ չէր շնչում կենդանության տարերքով, և չկային բզեզն ու մանուշակը, որպես այդ շնչավոր բնության վառ ապացույցներ, ապա այլ էր նկարչի դիրքորոշումն ու աշխարհընկալումը․ «Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը>>։ Նկարիչն է այն հոգին, որ այդպես սերտորեն զգում է մարդու ու բնության կապը, այն կերպարը, ում համար բնության ու մարդու այդ կապը անքակտելի է և վեր ամենայն նյությականից ու շահից։ Պատմվածքն ավարտվում է տխուր մի բնապատկերով, ուր կրկին տեսնում ենք մանուշակի մեջ քնած բզեզի այլաբանությունը․ <<Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա, և մակաղած ոչխարների, բերդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։ Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ, և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…»։
Փաստորեն՝ պատմվածքն սկսում և ավարտվում է բնության պատկերով, որով, կարծես թե, հեղինակը փորձել է մատնանշել կյանքի <<սկզբի ու վերջի>> հավերժական դիլեման և միևնույն ժամանակ դրա դրամատիզմը։
Ինչպես շատ ճիշտ նկատել է գրականագետ Ս․ Աթաբեկյանը <<բառը նաև ․․․ լռություն է>>։ Եվ հենց այս լռությունն է խոսում բակունցյան բնության շուրթերով, խոսում է՝ հաճախ ավելի խորը հետք թողնելով մարդյակին հոգիներում, քան կարող էր դա անել բառը, խոսում է ծառերի ու թռչունների, միրհավների ու վարազների, անձրևների ու չարքերի լեզվով, ինչն ավելի ազդեցիկ ու միֆական է դարձնում նրա գոյությունն ու էությունը, ցույց տալիս մարդու հանդեպ ունեցած նրա անկշիռ գերակայությունը և միևնույն ժամանակ մարդու էության հետ ունեցած բազմաթիվ աղերսները՝ սկսած ազատության անբաժանելի ձգտումից մինչև մարդկային հոգու կուսական վայրիությունը։
Հետաքրքիր է բակունցյալ լեզուն կերպարակերտման ժամանակ։ Հարազատ մնալով բնության և մարդու հոգեհարազատ լինելու համոզմունքին՝ նա շատ հաճախ համեմատում է իր հերոսներին մեծ բնության փոքր <<բնիկների>> հետ և հակառակը։ Այսպես, օրինակ․ <<Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը>>, <<․․․Մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու>> (<<Մթնաձոր>>), <<Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր>> (<<Օրանջիա>>), «Կնոջ վերին շրթունքն աննկատ դողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արևագույն մեխակի թերթեր» (<<Ալպիական մանուշակ>>), «Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին», <<Միրհավի մարմինը՛ տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ» (<<Միրհավ>>)։
Հենց նմանատիպ համադրությունների և համեմատությունների միջոցով էլ Բոկունցը ստեղծել է մարդ-բնություն կապի ներդաշնակության միայն իրեն բնորոշ աշխարհը: Այդ կապը ցայտուն կերպով արտահայտված է  ինչպես վերոնշյալ պատմվածքներում, այնպես էլ <<Այու սարի լանջին» պատմվածքի մեջ, հանձին Պետու և բնության փոխներդաշնակության: Լավագույն օրինակ Է նաև Լառ Մարգարը, որը «լագ-լագի» էր  և նման ու նմանատիպ շատ ու շատ օրինակներ:
Վերջացնենք․․․

Եվ սակայն ինչ կարող ենք ասել հավերժական այս գրողի և նրա աստեղծած նույնքան հավերժական կերպարների ու բնության մասին։ Նրա պատմվածքները մինչև ուղն ու ծուծը հագեցած են այդ բնությամբ, որը Բակունցի համար ուղղակի դեկորացիա չէ, ոչ էլ իրականությունից խույս տալու ու թաքնվելու ապաստարան։ Բակունցյան բնությունը շնչավորված է, կենդանի, մտնում է պատմվածքի սյուժետային հենքի մեջ, հաճախ սիմվոլիկ նշանակությամբ ձեռք բերում գաղափարական-գեղարվեստական բարձր հնչեղություն, դառնում պատկեր-կերպար։


Սթիվեն Քինգ «Զգացողություն, որ կարելի է արտահայտել միայն ֆրանսերենով»

    «Ֆլո՛յդ, այդ ի՞նչ է այնտեղ։ Օ՜, գրողը տանի»։ Տղամարդու ձայնը, որ արտասանեց այս բառերը, ծանոթ թվաց, բայց այդ բառերը երկխոսությունից են ...